«Ցանկացած գիտելիք մնում է անկենդան, եթե չի զարգացնում սովորողի նախաձեռնողականությունը և ինքնուրույնությունը»:
Ն.Ա.Ումով
Գրքի թարգմանությունը հիմնավորվում էնրանով, որ սա տարբերվում է դպրոցական սովորական խնդիրների ժողովածուներից, որտեղ խնդիրները խմբավորված են ըստ ֆիզիկայի բաժինների: Այստեղ խմբավորված են ըստ իրավիճակների, որոնց պայմաններում հենց առաջարկված է լուծել դրանք, և մի շարք խնդիրների լուծման համար պահանջվում է ֆիզիկայի տարբեր բաժինների իմացություն: Գրքի հիմնական նպատակը ոչ կարծրացած մտածողության, հմտությունների ձեռքբերման, ինքնուրույն աշխատանքի դաստիարակությունն է: Ֆիզիկայի պատմությունը ցույց է տալիս, որ փորձերի հաջողությունը որոշվում է չափման անսպասելի մեթոդների մշակմամբ: Գրքում բերված են հարյուրից ավելի խնդիրներ, որոնցում առաջարկվում է պարզունակ սարքերով չափել այնպիսի մեծություններ, որոնց համար, թվում է, թե այդ սարքերն այնքան էլ հարմար չեն: Մարդը իր գործունեության ցանկացած բնագավառում, լինի գիտության մեջ, թե տեխնիկայում, արտադրությունում, թե գյուղատնտեսությունում, տիեզերագնացության մեջ, թե բժշկության, անհրաժեշտություն է ունենում չափելու այս կամ այն մեծությունը` օդի ջերմաստիճանը, սարի բարձրությունը, մարմնի ծավալը կամ հնէաբանական բրածոների տարիքը և այլն:
Նման խնդիրների խմբավորման և լուծման մեթոդները համապատասխանում են նախագծային մեթոդին: Նպատակը էլեկտրոնային խնդրագրքի ստեղծումն է։
Տնային պայմաններում լուծվող խնդիրներ
- Ձեզ առաջարկվում է գտնել շաքարի խտությունը: Ինչպե՞ս դա անել՝ օգտվելով միայն կենցաղային չափագլանից, եթե փորձը պետք է կատարել շաքարավազով:
- Ունեք 100 գրամանեց կշռաքար, եռանիստ խարտոց և սանդղակով քանոն: Ինչպե՞ս կարող ենք դրանց օգնությամբ որոշել մի քանի մարմինների զանգվածները (մոտավոր արժեքները), եթե դրանք այնքան էլ չեն տարբերվում կշռաքարի զանգվածից:
- Ինչպե՞ս գտնել քանոնի զանգվածը պղնձե դրամի օգնությամբ:
- Տանը ունեցած կշեռքի սանդղակը աստիճանավորված է մինչև 500գ: Նրա օգնությամբ ինչպե՞ս կշռել գիրքը, որի զանգվածը մոտավորապես 1կգ է: Տրամադրված է նաև թելի կծիկ:
- Ունեք ամբողջությամբ ջրով լցված լոգարան, լայն բերանով փոքրիկ անոթ, մի քանի մետաղե դրամներ, կաթոցիկ, գունավոր կավիճներ (կամ փափուկ մատիտներ): Միմիայն դրանց օգնությամբ ինչպե՞ս գտնել մեկ ջրի կաթիլի զանգվածը:
- Ինչպե՞ս որոշել քարի խտությունը կշեռքի, կշռաքարերի հավաքածուի և ջրով լցված անոթի օգնությամբ, եթե նրա ծավալը հնարավոր չէ չափել ուղղակիորեն:
- Ինչպե՞ս տարբերել՝ երկու անոթներից որի մեջ է լցված կերոսին, իսկ որի մեջ` ջրախառը կերոսին: Ձեզ տրամադրված է զսպանակ (կամ ռետինե շերտ):
- Ինչպե՞ս կարելի է գտնել կաթսայի տարողությունը (այսինքն՝ ներսի ծավալը)՝ օգտվելով կշեռքից և կշռաքարերի հավաքածուից:
- Գլանաձև բաժակը մինչև եզրը լցված է հեղուկով: Բաժակի այդ պարունակությունը ինչպե՞ս բաժանել երկու հավասար մասի՝ տրամադրության տակ ունենալով ևս մեկ անոթ, որը ունի այլ ձև և մի քիչ փոքր ծավալ:
- Երկու ընկերներ հանգստանում էին պատշգամբում և մտածում էին, թե ինչպես որոշեն՝ որ լուցկու տուփի մեջ է մնացել ավելի քիչ լուցկի (առանց լուցկու տուփը բացելու): Դուք ի՞նչ մեթոդ կառաջարկեք:
- Ինչպե՞ս որոշել հարթ փայտի ծանրության կենտրոնի դիրքը՝ չօգտագործելով որևէ գործիք:
- Ինչպե՞ս որոշել ֆուտբոլի գնդակի տրամագիծը կոշտ (օրինակ` սովորական փայտե) քանոնի օգնությամբ:
- Ինչպե՞ս գտնել փոքր գնդիկի տրամագիծը գլանաչափի օգնությամբ:
- Անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ որոշել համեմատաբար բարակ մետաղալարի տրամագիծը: Այդ նպատակի համար կարող եք օգտագործել միայն դպրոցական վանդակավոր տետր և մատիտ: Ինչպե՞ս դա անել:
- Ունենք ուղղանկյուն հատույթով անոթ, որը մասամբ լցված է ջրով, և որում լողում է ընկղմված մարմին: Ինչպե՞ս որոշել այդ մարմնի զանգվածը միայն մեկ քանոնի օգնությամբ:
- Ունենալով պողպատե շյուղ և ջրով լցված չափագլան՝ ինչպե՞ս գտնել խցանի խտությունը:
- Ունենալով միայն քանոն՝ ինչպե՞ս որոշել փայտի խտությունը, որից պատրաստված է փայտիկ, և այն լողում է նեղ գլանաձև անոթում:
- Ապակե խցանը ներսում ունի խոռոչ: Հնարավո՞ր է կշեռքի, կշռաքարերի հավաքածուի և ջրով լցված անոթի օգնությամբ որոշել այդ խոռոչի ծավալը՝ առանց այն կոտրելու: Եթե հնարավոր է, ապա ինչպե՞ս:
- Ունենք երկաթե թիթեղ, որը ամրացված է հատակին, թեթև փայիկ (ձող) և քանոն: Օգտվելով միայն թվարկված գործիքներից՝ մշակեք մեթոդ փայտի հետ մետաղի շփման գործակցի որոշման համար:
- Գտնվելով սենյակում, որը լուսավորված է էլեկտրական լամպով, պետք է իմանալ՝ երկու միասին հավաքված միանման ոսպնյակներից ո՞րը ունի մեծ օպտիկական ուժ: Այս նպատակի համար ոչ մի մասնագիտական սարք պետք չէ: Ցո՛ւյց տվեք այս խնդրի լուծումը։
- Ունենք երկու ոսպնյակներ՝ նույն տրամագծերով: Նրանցից մեկը հավաքող ոսպնյակ է, իսկ մյուսը` ցրող: Չօգտվելով որևէ գործիքից՝ ինչպե՞ս կարելի է որոշել՝ դրանցից որն է օժտված մեծ օպտիկական ուժով:
- Պատուհան չունեցող երկար միջանցքում կախված է էլեկտրական լամպ: Այն կարելի է վառել և հանգցնել մուտքի դռան մոտ (միջանցքի սկզբում) տեղադրված անջատիչով: Միջանցքից դուրս եկողի համար դա հարմար չէ, քանի որ նա ստիպված է անցնել մթության միջով: Ընդ որում՝ մուտքից մտնողը և լամպը վառողն էլ դժգոհ են, քանի որ միջանցքից անցնելու ողջ ընթացքում լամպը անտեղի վառվում է: Իսկ հնարավոր չէ՞ արդյոք մտածել այնպիսի սխեմա, որով հնարավոր լինի լամպը անջատել և միացնել միջանցքի տարբեր ծայրերից:
- Ձեզ տրված է պահածոյի դատարկ տուփ և վայրկենաչափ: Օգտվելով ձեր ունեցածից՝ առաջարկվում է չափել տան բարձրությունը: Կկարողանա՞ք կատարել այս առաջադրանքը: Պատմե՛ք՝ ինչպես չափեցիք։
- Ինչպե՞ս որոշել ծորակից հոսող ջրի արագությունը՝ ունենալով գլանաձև տարա, վայրկենաչափ և ձողակարկին:
- Ոչ լրիվ բացված ջրի ծորակից բարակ շիթով ջուր է հոսում: Մեկ քանոնի օգնությամբ ինչպե՞ս կարելի է որոշել հոսող ջրի արագությունը, ինչպես նաև նրա ծավալային ծախսը (միավոր ժամանակում ծորակից հոսող ջրի ծավալը):
- Առաջարկվում է որոշել ազատ անկման արագացումը՝ հետևելով ոչ լրիվ փակված ծորակից հոսող ջրի շիթին: Այս առաջադրանքի լուծման համար տրամադրված է քանոն, հայտնի ծավալով տարա և ժամացույց:
- Ենթադրենք՝ դուք պետք է ջրով լցնեք հայտնի ծավալով մեծ բաքը: Դա պետք է անեք մատակարարման գլանաձև գլխիկ ունեցող ճկուն ճկափողով: Դուք ցանկանում եք իմանալ, թե այդ ձանձրալի գործը ինչքան ժամանակ կտևի: Դա հնարավոր չէ՞ արդյոք որոշել՝ օգտագործելով միայն քանոն:
- Ունեք հայտնի զանգվածով կշռաքար, թեթև քուղ (լար), երկու մեխ, մուրճ, պլաստիրինի կտոր, մաթեմատիկական աղուսյակ և անկյունաչափ: Օգտվելով ձեր ուեցածից՝ ինչպե՞ս կարող եք որոշել մի քանի առարկաների զանգվածները:
- Ինչպե՞ս կարող եք որոշել ֆուտբոլի գնդակում ճնշումը զգայուն կշեռքի և քանոնի օգնությամբ:
- Ջրով լցված գլանաձև անոթի և քանոնի օգնությամբ ինչպե՞ս որոշել ճնշումը վառվող էլեկտրական լամպի ներսում:
- Փորձեք լուծել նախորդ խնդիրը,եթե ձեզ թույլատրվում է օգտագործել ջրով լցված կաթսա, կշեռք՝ իր կշռաքարերի հավաքածուով :
- Ունեք ապակե նեղ խեղովակ` մի ծայրը զոդված (խողովակը պարունակում է օդ), շրջապատող մթնոլորտից առաձնացված սնդիկի սյուն և միլիմետրական քանոն: Այս բոլորի օգնությամբ որոշե՛ք մթնոլորտային ճնշումը:
- Ինչպե՞ս որոշել գոլորշու տեսակարար ջերմությունը՝ օգտվելով տնային սառնարանից, անհայտ ծավալով կաթսայից, ժամացույցից և հավասարաչափ տաք գազային ջեռոցից: Համարել, որ ջրի տեսակարար ջերմունակությունը հայտնի է:
- Հարկավոր է իմանալ քաղաքային ցանցից սնվող հեռուստացույցի (կամ այլ էլեկտրական սարքավորումների) հզորությունը սեղանի լուսամփոփի, թելերով կոճի, երկաթե կտորի և էլեկտրահաշվիչի օգնությամբ: Ինչպե՞ս լուծել այս առաջադրանքը:
- Ինչպե՞ս գտնել աշխատանքային ռեժիմում գտնվող արդուկի դիմադրությունը (նրա հզորության մասին տեղեկությունը բացակայում է) էլեկտրական հաշվիչի և ռադիոընդունիչի օգնությամբ: Առանձին դեպքերում դիտարկել ռադիոընդունիչ, որը սնվում է մարտկոցից և քաղաքային ցանցից:
- Պատուհանից այն կողմ ձյուն է, իսկ սենյակում տաք է: Ջերմաստիճանը չենք կարող չափել, քանի որ ջերմաչափ չունենք: Բայց դրա փոխարեն ունենք գալվանական էլեմենտ, շատ ճշգրիտ չափող վոլտմետր , ամպերմետր, ցանկացած քանակությամբ պղնձե լար և ֆիզիկական տեղեկատու: Հնարավո՞ր է արդյոք այս բոլորի օգնությամբ որոշել սենյակում օդի ջերմաստիճանը:
- Ինչպե՞ս լուծել նախորդ խնդիրը, եթե չունենք ֆիզիկական տեղեկատու, բայց թույլ է տրվում օգտվել էլեկտրական սալիկից և ջրով կաթսայից:
- Ձեր տրամադրության տակ ունեք պայտաձև մագնիս , որի վրա նշված բևեռները ջնջված են: Իհարկե, գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ՝ իմանալու համար, թե այդ բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, և որը՝ հարավայինը: Բայց ձեզ առաջարկվում է այս խնդիրը լուծել …. հեռուստացույցի օգնությամբ: Ինչպե՞ս պետք է դուք վարվեք:
- Կարո՞ղ եք որոշել բևեռների նշանները մեկուսացված մետաղալարի կծիկի, երկաթե ձողի (ավելի լավ կլինի, եթե այն ճկած լինի աղեղնաձև) և հեռուստացույցի օգնությամբ:
- Ինչպե՞ս իմանալ՝ մագնիսացա՞ծ է արդյոք պողպատե լարը, եթե ձեր տրամադրության տակ ունեք պղնձե մետաղալարի կտոր և թելերով կոճ:
- Երբ հայրը լամպի լույսի տակ գրանցում էր էլեկտրահաշվիչի ցուցմունքը, նրան մոտեցավ աղջիկը և զբոսնելու համար թույլտվություն խնդրեց: Հայրը համաձայնեց, բայց խնդրեց, որ վերադառնա ուղիղ մեկ ժամ հետո: Ինչպե՞ս նա կարող է զբոսանքի տևողությանը հետևել՝ առանց օգտվելու ժամացույցից:
- 22-րդ խնդիրը հաճախակի հրատարակվում է տարբեր ժողովածուներում, այդ պատճառով շատ հայտնի է: Ահա այդ բնույթի մի խնդիր, միայն մի քիչ ավելի բարդ: Մտածե՛ք մի սխեմա, որը թույլ է տալիս միացնել և անջատել էլեկտրական լամպը կամ որևէ այլ սարք, որը աշխատում է էլեկտրացանցով, ցանկացած թվով տարբեր կետերից:
- Եթե մահուդապատ խորանարդիկը դնենք նվագարկչի սկավառակի վրա՝ պտտման առանցքին մոտ, ապա, որպես կանոն, այն սկավառակից դուրս կշպրտվի: Ինչպե՞ս որոշել շփման գործակիցը փայտի և մահուդի հետ միայն մեկ քանոնի օգնությամբ:
- Մշակեք մի մեթոդ (եղանակ), որով հնարավոր լինի որոշել սենյակի ծավալը՝ օգտագործելով բավարար երկարությամբ և բարակ թել, ժամացույց և կշռաքար:
- Երաժշտության ուսուցման ժամանակ, բալետի արվեստում, մարզիկների մարզման և մի քանի այլ նպատակների համար օգտագործում են ժամանակացույց (մետրոնոմ) սարքը, որը պարբերաբար առաջացնում է ընդհատ հարվածներ: Ժամանակացույցի երկու հարվածների միջև ժամանակի միջակայքի տևողութունը կարգավորվում է բեռի տեղափոխմամբ` հատուկ տատանվող սանդղակով: Ժամանակացուցի սանդղակը ինչպե՞ս աստիճանավորել վայրկյաններով` թելի, պողպատե գնդիկի և չափերիզի օգնությամբ:
- Ժամանակացույցի բեռիկը`իր չաստիճանավորված սանդղակով (նայի՛ր նախորդ խնդիրը), պետք է տեղակայել այնպիսի դիրքում, որպեսզի երկու հարվածների միջև ժամանակամիջոցը (տևողությունը) լինի հավասար մեկ վայրկյանի: Այդ նպատակի համար թույլատրվում է օգտվել սանդուղքի երկարությունից, քարից և չափերիզից:
- Ունենք փայտե ուղղանկյուն զուգահեռանիստ, որի մի կողը նկատելիորեն գերազանցում է մյուս երկուսին: Ունենալով միայն մեկ քանոն՝ ինչպե՞ս կարող ենք որոշել սենյակի հատակի մակերևութի հետ չորսուի շփման գործակիցը:
- Ժամանակակից սրճաղացները աշխատում են փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչներով: Ինչպե՞ս կարող ենք որոշել շարժիչի ռոտորի պտտման ուղղությունը՝առանց քանդելու այն:
- Երկու սնամեջ գնդեր, ունենալով նույն զանգվածը և ծավալը, ներկված են միագույն, և նրանց խազխզելը ցանկալի չէ: Գնդերից մեկը պատրաստված է ալյումինից, իսկ մյուսը` պղնձից: Ինչպե՞ս կարող ենք ամենապարզ ձևով իմանալ՝ գնդերից որն է ալյումինից պատրաստված, որը` պղնձից:
- Ինչպե՞ս որոշել մի քանի մարմինների զանգվածները՝ օգտվելով բաժանումներ ունեցող համասեռ քանոնից և ոչ շատ հաստ պղնձե մետաղալարի կտորից: Թույլատրվում է օգտվել նաև ֆիզիկական տեղեկատուից:
- Ինչպե՞ս գնահատել գոգավոր գնդաձև հայելու շառավիղը (կամ գոգավոր ոսպնյակի կորի շառավիղը) վայրկենաչափի և հայտնի շառավիղ ունեցող պողպատե գնդիկի օգնությամբ:
- Երկու գնդաձև միանման ապակե անոթներ լցված են տարբեր հեղուկներով: Ինչպե՞ս որոշել՝ որ անոթում է լույսի արագությունը ավելի մեծ՝ այդ նպատակի համար ձեռքի տակ ունենալով միայն էլեկտրական լամպ և թղթի թերթ:
- Ներկված մոմլաթե թաղանթը կարելի է օգտագործել որպես հասարակ մոնոքրոմատոր` սարքավորում, որի միջոցով հնարավոր է ամբողջական սպեկտորից առանձնացնել լուսային ալիքների բավականին նեղ ինտերվալ: Ինչպե՞ս կարելի է լուսամփոփի, նվագարկչի ձայնասկավառակj, քանոնի և փոքր անցքով ստվարաթղթի միջոցով որոշել այդ ինտերվալի ալիքի միջին երկարությունը: Լավ կլինի, որ ձեր փորձին մասնակցի ձեր ընկերը, որը ձեռքին ունենա մատիտ:
Զբոսանքի ժամանակ
- Մեծահասակն ու երեխան պետք է անցնեին առվակը։ Մեկը պետք է ձախ ափից անցներ դեպի աջ ափ, իսկ երկրորդը` հակառակ ուղղությամբ: Երկու ափին էլ կան տախտակի կտորներ, բայց նրանցից յուրաքանչյուրը կարճ է առվակի լայնությունից: Մեծահասակը և երեխան ինչպե՞ս (ի ՞նչ մեթոդով) կարող են մի ափից հասնել մյուսին:
- Ինչպե՞ս կարելի է վայրկենաչափի օգնությամբ որոտի ժամանակ գնահատել կայծակի երկարությունը:
- Սյան վրա կախված զանգից պարբերաբար մեկ վայրկյան ինտերվալով տարածվում են հարվածները: Հնարավո՞ր է արդյոք, հետևելով զանգի հարվածներին և լսելով նրա ձայնը, որոշել օդում ձայնի տարածման արագությունը:
- Ինչպե՞ս կարելի է միայն քանոնի օգնությամբ, երբ օրը արևոտ է, գտնել ծառի բարձրությունը՝ առանց մտնելու ստվերի մեջ:
- Շատ քաղաքների փողոցների խաչմերուկներում տեղադրված են էլեկտրական սարքավորումներ, որոնք մեխանիկորեն հաշվում և լուսային ցուցատախտակի վրա ցույց են տալիս այն արագությունը, որով եթե մեքենայի վարորդները շարժվեն, ապա մինչև հաջորդ լուսացույցը կհանդիպեն կանաչ լույսին: Սովորաբար ցուցատախտակի ցուցմունքները փոխվում են հետևյալ հաջորդականությամբ. սկզբում՝ 45, հետո՝ 50, 55 և վերջապես` 60կմ/ժ, որից հետո ցուցատախտակի լույսը մարում է, քանի որ ոչ մեծ քանակությամբ փողոցներում է, որ արագությունը թույլատրվում է 60կմ/ժ բարձր: Կանգնելով խաչմերուկում և հետևելով ցուցատախտակի ցուցմունքներին՝ ինչպե՞ս կարելի է որոշել հաջորդ լուսացույցի հեռավորությունը՝ ունենալով միայն մեկ ժամացույց:
- Երկու տղաներ սահադաշտում ուզում էին համեմատել իրենց զանգվածները` թե որինն է մեծ և քանի անգամ: Ինչպե՞ս նրանք իրականացնեն իրենց ցանկությունը՝ օգտվելով միայն մեկ չափերիզից:
- Երեկոյան դուք կանգնած եք գետակի ափին, որի դիմացի ափին տնկված է լապտերով սյուն: Ինչպե՞ս գնահատել մինչև սյունը եղած հետավորությունը, ինչպես նաև նրա բարձրությունը, եթե այս խնդրի լուծման համար առաջարկվում է օգտվել չափերիզից և փայտյա ձողաքանոնից:
- Ինչպե՞ս որոշել խաղալիք ատրճանակի փամփուշտի սկզբնական արագությունը՝ օգտվելով միայն չափերիզից:
- Ինչպե՞ս լուծել նախորդ խնդիրը, եթե փորձարարին չափերիզի փոխարեն առաջարկել են օգտվել միայն վայրկենաչափից:
- Նույն գնդակը նետում են աղջիկը և տղան: Ինչպե՞ս կարելի է չափերիզի օգնությամբ գտնել՝ քանի անգամ մեծ արագություն է հաղորդում տղան նետված գնդակին աղջկա համեմատությամբ:
- Դուք քայլերի միջոցով ցանկանում եք որոշել գետի լայնությունը: Ինչպե՞ս կարելի է որոշել, իհարկե մոտավորապես, օգտվելով գետափից պոկած խոտից:
- Մագնիսական միջօրեականի ուղղությունը որոշելու համար առաջարկվում է օգտվել ջրով լցված բաժակից, մի փոքր անուշադրի սպիրտից` NH4 CL, մկրատից, ցինկե լարերի կոճից, ոչ մեծ ցինկե թիթեղից և խցանից: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը՝ օգտվելով թվարկված առարկաներից:
- Պատկերացրեք, որ աշտարակի (կամ որևէ այլ շենքի) բարձրությունը որոշելու համար ձեզ տրամադրվել է մեծ ափսեով սնդիկ, փոխադրիչ, ոչ մեծ բեռ և թել: Կարո՞ղ եք այս խնդիրը լուծել, եթե ճշգրիտ գիտեք ձեր աչքից մինչև գետին եղած հեռավորությունը:
- Ինչպե՞ս որոշել սարի բարձրությունը ջեռուցչի՝ ջրով լցված կաթսայի և ճշգրիտ թերմոմետրի օգնությամբ:
- Անհրաժեշտ է չափել այն լույսի աղբյուրի ուժը, որին մոտենալ չի կարելի: Այդ նպատակի համար ձեր տրամադրության տակ է լուսավորություն որոշող սարքը (լյուքսաչափ) և չափերիզ: Նկարագրե՛ք փորձը, որը թույլ է տալիս լուծել այս խնդիրը:
- Պատկերացնենք՝ դուք գտնվում եք պտտվող հարթակի վրա (օրինակ «ուրախ անիվի» նման, որոնցից շատ կան զբոսայգիներում): Հարթակը բոլոր կողմերից փակ է, այնպես որ շրջապատի առարկաները չեն երևում: Դուք ցանկանում եք իմանալ հարթակի պտտման ուղղությունը: Ինպե՞ս դա անել ոչ մեծ գնդիկով:
- Մարդը կանգնած է երկաթուղային հարթակի մոտ, կողքով անցնում է երկար ազդանշանով էլեկտրագնացքը: Եթե մարդը օժտված է բավականին լավ երաժշտական լսողությամբ, նա կարող է բավականին ճշգրիտ որոշել էլեկտրագնացքի արագությունը՝ չօգտվելով ոչ մի հատուկ գործիքից, նրան անհրաժեշտ է ընդամենը իմանալ օդում ձայնի տարածման արագությունը տվյալ ջերմաստիճանում: Փորձեք բացատրել, թե նա ինչպես դա կարող է իրագործել:
Լճի վրա
- Չօգտվելով ոչ մի սարքավորումից ՝ցույց տվեք, որ օճառի լուծույթի մակերևույթի լարվածության գործակիցը փոքր է մաքուր ջրի մակերևույթի լարվածության գործակցից:
- Երկու ընկերներ անքամի խաղաղ եղանակին ուղևորվեցին դեպի լիճ՝ նավարկելու արտաքին տեսքով և չափսերով միանման նավակներով: Զբոսանքի ժամանակ նրանք ցանկացան արագության մրցույթ կազմակերպել: Որպեսզի մրցույթը լիներ բացարձակ ազնիվ, տղաները որոշեցին իրենց ունեցած բեռը բաշխել այնպես, որ նավակների զանգվածները լինեն հավասար: Նրանք ինչպե՞ս իրագործեն իրենց մտածածը՝օգտվելով միայն իրենց մոտ եղած պարանից:
- Մարդը, գտնվելով նավակի մեջ, ցանկանում էր որոշել նրա զանգվածը:Կարո՞ղ է դա անել, եթե իրեն հայտնի է իր զանգվածը և պետք է օգտվի միայն երկար պարանից:
- Զբոսաշրջիկները լճի այն ափից, որտեղ տեղակայված էր նրանց բազան, տեղափոխվեցին մյուս ափը: Նայելով ժամացույցին՝ որոշեցին կազմակերպել կարճ հանգիստ: Եղանակը այնքան խաղաղ էր, որ երբ անջատում էին իրենց ռադիոընդունիչները, պարզ կարողանում էին լսել բազայի ռադիոհանգույցից հաղորդվող վերջին լուրերը: Զբոսաշրջիկներից մեկը հայտարարեց, որ մինչև բազան եղած հեռավորությունը 3կմ է: Ինչպե՞ս նա որոշեց այդ հեռավորությունը:
- Ջրասուզակին անհրաժեշտ էր որոշել լճի խորությունը: Ցավոք, նա բացի բաժանմունքով չափագլանից ուրիշ ոչ մի գործիք չուներ: Ջրասուզակը կարողացավ իր խնդիրը լուծել: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես լուծեց: Կարելի՞ է այս խնդիրը լուծել, եթե գլանաձև չափագլանը փոխարինվի կոնաձևի:
- Ձկնորսը, խանութից գնելով կապրոնե կարթաթել, մոռացել էր պարզել, թե ինչքան բեռ դա կարող է պահել: Բայց մի քիչ մտածելուց հետո նա կարողացավ որոշել այդ մեծությունը 1կգ զանգված ունեցող կշռաքարի և անկյունաչափի միջոցով, որը պատահական հայտնվել էր նրա մոտ: Փորձե ՛ք կռահել, թե ինչպես ձկնորսը լուծեց այդ խնդիրը:
- Ձկնորսը կարո՞ղ է որոշել կարթաթելի ամրությունը (նայեք նախորդ խնդիրը)՝ օգտվելով 1կգ զանգված ունեցող կշռաքարից և չափերիզից:
- Ձկնորսը որոշել էր գտնել կարթաթելի նյութի ամրությունը (այսինքն՝ խզման ուժի հարաբերությունը լայնական հատույթի մակերեսից. այն անվանում են նաև խզման դիմադրություն): Այդ նպատակի համար պետք է օգտագործեր հայտնի երկարությամբ և տրամագծով կարթաթելի կտոր, կշռաքար և վայրկենաչափ: Ինչպե՞ս պետք է փորձը դնել, որպեսզի հնարավոր լինի որոշել ձկնորսին հետաքրքրող մեծությունը:
- Հանդարտ լճի մեջ նետվել է քարը: Ինչպե՞ս որոշել նետման հեռավությունը (իհարկե, մոտավորապես) չափաքանոնի և վայրկենաչափի միջոցով:
Ճանապարհորդության ժամանակ
- Քամու բացակայության դեպքում ինչպե՞ս որոշել անձրևի կաթիլների արագությունը շարժվող գնացքի պատուհանի վրա նրանց թողած հետքերով: Խնդրի լուծման համար թույլատրվում է օգտվել միայն ժամացույցից և կարկինից:
- Մասշտաբային քանոնի օգնությամբ ինչպե՞ս կարելի է որոշել անձրևի կաթիլների անկման արագությունը նրանց թողած այն հետքով, որոնք գծագրվում են ընթացող ավտոմեքենայի կողային ապակիների վրա քամու բացակայության դեպքում:
- Կայարանից դուրս եկած գնացքը որոշ ժամանակ շարժվում է հավասարաչափ: Ինչպե՞ս որոշել նրա արագացումը՝ այդ ընթացքում օգտվելով թելից, 100գ-ոց կշռաքարից և մասշտաբային քանոնից:
- Ինչպե՞ս լուծել նախորդ խնդիրը, եթե մասշտաբային քանոնը փոխարինված է ուժաչափով:
- Ինչպե՞ս լուծել 82-րդ խնդիրը, եթե մասշտաբային քանոնի փոխարեն փորձարարական առումով առաջարկել են օգտվել կարկինից:
- Մերձքաղաքային գնացքի վագոնի մեջ տեղակայված է անիվների պտույտները հաշվող ճշգրիտ հաշվիչ, ինչպես նաև թերմոմետր, որը չափում է ներսի օդի ճնշումը: Դրանց օգնությամբ ինչպե՞ս որոշել այն մետաղի ծավալի ընդարձակման ջերմաստիճանային գործակիցը, որից պատրաստված են գնացքի վագոնների անիվները:
- Վարորդը, վաղ առավոտյան դուրս գալով քաղաքից, հասավ դատարկ մայրուղի, որոշեց առաջին կանգառը անել ուղիղ մեկ ժամ հետո: Ինչպե՞ս նա իրականացնի իր ցանկությունը՝ առանց օգտվելու ժամացույցից: Ավտոմեքենայում ռադիոընդունիչ չկա:
- Պատկերացրե՛ք, որ դուք ավտոմեքենայով շարժվում եք մայրուղու հարթ տեղամասով: Ինչպե՞ս մոտավորապես որոշել ավտոմեքենայի շարժման դիմադրության գործակիցը՝ օգտվելով միայն վահանակի վրա եղած գործիքներից:
- Ինչպե՞ս որոշել հորիզոնի նկատմամաբ մայրուղու թեքման անկյունը՝ ունենալով փայտյա չորսու և ուժաչափ:
- Ինչպե՞ս որոշել ավտոմեքենայի մարտկոցի բևեռների նշանները ՝ օգտվելով վարորդական հավաքածուում եղած ստուգիչ լամպից, հաղորդալարի փոքր կտորից և կողմնացույցից:
- Ինչպե՞ս լուծել նախորդ խնդիրը, եթե ձեր տրամադրության տակ ունեք ընդամենը երկու հաղորդալար և ջրով բաժակ:
- Ինչպե՞ս լուծել 89-րդ խնդիրը՝ օգտվելով միայն երկու պղնձե հաղորդալարերից և … հում կարտոֆիլից:
- Ավտովարորդին խնդրեցին որոշել այն անկյունը, որը առաջանում է հորիզոնի և մայրուղու միջև: Այդ նպատակի համար տրամադրեցին օղակ և վայրկենաչափ: Ինչպե՞ս պետք վարվի ավտովարորդը:
Դպրոցական լաբորատորիայում
- Ունենք երկու ճոճոնակ: Նրանցից մեկի տատանման պարբերությունը հայտնի է: Ինչպե՞ս կարելի է ամենահեշտ ձևով որոշել մյուսի պարբերությունը:
- Մի քանի տեսակի ծծողական թղթերից պետք է ընտրել այն, որում ծակոտկենները քիչ են: Ինչպե՞ս դա անել՝ չօգտագործելով ոչ մի գործիք:
- Ունենք ալյումինե գնդիկ: Կշեռքի և գլանաչափի միջոցով ինչպե՞ս որոշել՝ գնդիկը հո՞ծ է, թե ներսում խոռոչ ունի:
- Նկարում պատկերված է քիչ հայտնի սարք, որը հայտնագործված է ամերիկացի ֆիզիկոս Արթուր Կոմպտոնի կողմից: Ապակե խողովակին տրված է օղակի ձև՝ մոտավորապես 1մ տրամագծով, այն լցված է ջրով, որում կախված են փոքրիկ մասնիկներ: Խողովակին ձեռք չեն տալիս այնքան ժամանակ, մինչև նրա մեջ ջուրը հանդարտվում է: Այնուհետև 180 աստիճանով կտրուկ շրջում են և մանրադիտակի օգնությամբ հետևում են մասնիկներին, որպեսզի որոշեն՝ հեղուկը շարժվում է արդյոք օղակի առանցքի երկարությամբ և, եթե շարժվում է, ապա ի՞նչ ուղղությամբ: Այս սարքի միջոցով ինչպե՞ս կարելի է որոշել լույսի ուղղությունը:
- Սեղանի դարակում դրված էին երկու միանման չորսուներ: Դրանցից մեկը պատրաստված է փափուկ մետաղից և մագնիսական հատկությամբ օժտված չէ (ավելի ճիշտ՝ մագնիսացված չէ), իսկ երկրորդը պողպատ է և մագնիսացված: Օգտվելով այս երկու չորսուներից՝ ինչպե՞ս տարբերել մագնիսը հասարակ երկաթից:
- Երկու միանման ապակյա գնդաձև փորձանոթներից մեկի մեջ լցված է ջուր, իսկ մյուսում` սպիրտ: Փորձանոթները ամուր փակված են, և չի թույլատրվում բացել: Սեղանի լուսամփոփի օգնությամբ ինչպե՞ս կարելի է որոշել՝ նրանցից որո՞ւմ է լցված ջուր, իսկ որում` սպիրտ:
- Ձեզ առաջարկել են կշռաքարի օգնությամբ որոշել ինչ -որ մարմնի զանգված: Թույլատրվում է այդ նպատակի համար օգտագործել երկու ճախարակ, անկյունաչափ, թեթև լար (քուղ), մաթեմատիկական աղյուսակ, ևս մի մարմին, որի զանգվածը հայտնի չէ: Ինչպե՞ս դուք պետք է վարվեք: Ի՞նչ պայմաններում կարելի է այս խնդիրը լուծել:
- Ինչպե՞ս լուծել նախորդ խնդիրը, եթե ունենք մեկ ճախարակ, երկրորդ մարմինը չկա: Նրանց փոխարեն ունեք մեխ և մուրճ:
- Նկարում պատկերված սարքավորումներով սխեմայի, վայրկենաչափի և կշռաքարի օգնությամբ հարկավոր է որոշել mx մարմնի զանգվածը: Ինչպե՞ս դա կարելի է անել ամենապարզ ձևով:
- Երկաթյա փակ միջուկի վրա հագցված է երկու կոճ: Ինչպե՞ս կորոշեք յուրաքանչյուրի կոճի փաթույթների թիվը, եթե ձեր տրամադրության տակ ունեք փոփոխական հոսանքի աղբյուր, մեկուսացված հաղորդալարերի կոճ և շատ զգայուն բազմասանդղակային վոլտմետր:
- Ինչպե՞ս կարելի է իմանալ այն պղնձե հաղորդալարի զանգվածը և երկարությունը, որից պատրաստված է էլեկտրամագնիսական կոճի փաթույթը, եթե ցանկություն չունեք կոճը քանդելու: Կարելի՞ է այս խնդիրը լուծել՝ օգտվելով էլեկտրական հոսանքի աղբյուրից, վոլտմետրից, ամպերմետրից և միկրոմետրից:
- Ինչպե՞ս որոշել համասեռ ապակյա մազախողովակի խոռոչի տրամագիծը սովորական բժշկական ջերմաչափից՝ օգտագործելով քանոն (բավականին կոպիտ, որպեսզի նրանով հնարավոր լինի անմիջապես չափել տրամագիծը), ռետինե տանձիկ, ճշգրիտ կշեռք կշռաքարերով և սնդիկի կաթիլ:
- Փորձագետը հրացանի գնդակի արագությունը որոշելու համար օգտվում է հայտնի պտտման հաճախությամբ էլեկտրոշարժիչից, երկու ստվարաթղթե սկավառակից, սոսնձից և կարկինից: Այս առարկաների հավաքածուից ինչպե՞ս պետք է նա օգտվի:
Թարգմանված է ռուսերենից, В.Н.Ланге «Экпериментальные физические задачи на смекалку» գրքից, Москва “Наука” Главная редакция физико-математической литературы.1985г.
Թարգմանիչ` Գայանե Մխիթարյան