«Պատմության դասավանդման արդի խնդիրները» կլոր սեղանի նյութերից

Նախաբանի փոխարեն

Գիտա-հրապարակախոսական, մանկավարժա-մտազեղումային բնույթի սույն հոդված-ակնարկը փոքրիկ վերլուծական է այն մասին, թե որքանով է համապատասխանում հիմնական կրթության վերջին բաղադրիչներից մեկը՝ ավարտական քննությունը պետական-առարկայական չափորոշչում (այսուհետ՝ չափորոշիչ) մատնանշված խնդիրներին ու առկա նպատակներին: Դիտարկումը կանենք «Հայոց պատմություն» առարկայի մասով: Ընտրությունը պատահական չէ, քանզի արմատավորվող և նորաբորբ շովինիզմի պարագայում հետաքրքրությունն այս առարկայի նկատմամբ բավականին ավելացել է, և այն ձեռք է բերել հատուկ կարգավիճակ: Ինքնին հասկանալի է, որ պատմությունը կարող է ծառայել և՛որպես գործիք, և՛ որպես միջոց: Սակայն այս գիտության թյուրըմբռնումը կամ ոչ հասարակագիտական նպատակներով օգտագործումը կարող է հանգեցնել բավականին տխուր հետևանքների, ինչպիսին, ասենք, երկրորդ համաշխարհային պատերազմն էր: Սակայն անդրադարձում մենք չենք դնում այդպիսի խնդիր: Մեր մոտեցումն այլ է. հստակ պարզել, թե ավարտական քննությունը և դրա բովանդակությունը որքան են համապատասխանում չափորոշչային նպատակներին և խնդիրներին:

Ընդհանուր առմամբ, պետական հանրակրթական չափորոշիչը փաստում է, թե ինչին պետք է նպատակաուղղված լինեն հասարակագիտական առարկաները՝ 1) ազգային և համաշխարհային հիմնախնդիրների, մարդկության և սեփական ազգի պատմության և զարգացման վերաբերյալ համակարգված գիտելիքների տիրապետող, 2) պետական մտածողություն և գործելակերպ ունեցող և դրանց հասնելու ցանկություն և կամք դրսևորող, 3) հայրենասեր և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, 4) անձնական, խմբային, ազգային և պետական շահերի ներդաշնակության անհրաժեշտությունը գիտակցող, 5) իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները գնահատելու և պաշտպանելու պատրաստ, 6) ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին ու նորմերին հետևելու անհրաժեշտությունը գիտակցող, 7) ազգամիջյան և միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և բարիդրացիության անհրաժեշտությունը կարևորող, 8) «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» ելակետային սկզբունքը կարևորող և դրան հետևող, 9) ազգային ու համամարդկային արժեքներ կրող մարդու ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորմանը:

Հոդվածում կօգտագործվեն Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» չափորոշիչը, հայոց պատմության դասագրքերը և ԳԹԿ կողմից հրատարակված ավարտական քննությունների թեստերի նմուշները:

Բուն իմաստ

Չանդրադառնանք չափորոշիչի «Հայեցակարգ» բաժնի որոշ լիրիկական զեղումների, քանզի դրանք իրենց մեջ չեն պարունակում ո՛չ մասնագիտական, ո՛չ գիտական, ո՛չ առավել ևս մանկավարժական մոտեցումներ. փոխարենը ռոմանտիկի պաթետով շղարշված բառակույտեր են, որոնք անգամ ձևախեղում են համընդհանուր ճշմարտությունների  տեսքը: Դրանց փոքրիկ անդրադարձ եղել է նախորդ հոդվածում: Գանք միանգամից նպատակին  և դրանից բխող խնդիրներին.

Նպատակն ըստ չափորոշչի. «Հայոց պատմություն հանրակրթական առարկայի գլխավոր նպատակը պատմական գիտելիքներով զինված, ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող, ազգային նկարագիր ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է»:

Մի քիչ շատ չէ՞ մեկ նախադասության մեջ երեք անգամ ազգային եզրույթի կիրառումը: Ի դեպ, փաստենք՝ երեքն էլ անտեղի: Չծանրանանք: Ընդունեք, որ այս մասով այն իդեալական է, և ավարտական քննության միջոցով ստուգում ենք, թե այս բաղադրիչներն ինչպես են արտահայտվում «պետակլանային լեզվով ասած՝ մատաղ սերնդի բնորոշիչում»: Ստուգման գործիք՝ ավարտական քննություն: Բացում ենք ամենապատահական էջը և կարդում ենք ամենապատահական երեք հարցերը. «Ե՞րբ է կառավարել Սարդուր Բ-ն», «Ո՞րը Մեծ Հայքի նահանգ չէ», «Տրվածներից որի՞ ստեղծման տարեթիվն է 1917 թվականը»: Հիմա հարց հեղինակներին. «Ասացե՛ք, խնդրեմ, այս երեք հարցերից, ո՞րն է արտացոլում սովորողի ազգային ինքնագիտակցությամբ օժտված լինելը, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվելը, ազգային նկարագիր ունենալը և քաղաքացի լինելը»: ՕզաԿոմ-ի ստեղծման թիվն ի՞նչ կապ ունի վերը նշված նպատակների հետ:

Կատաստրոֆիկ կենսափորձի սյուրռեալիստական մոտեցում. պատմությունը սիրում  է եթե-ներ, առավել ևս՝ բայց-եր: Եթե Հայ առաքելական եկեղեցին արգելած չլիներ թատրոնը և դրանից  բխող բազմաթիվ մշակութային իրողություններ, և եթե Արտավազդ Երկրորդ արքան ապրելիս լիներ մեր օրերում, ապա մեկ ողբերգություն կձոներ այս երևույթին նվիրված, որի բեմադրման վայրը կլիներ ոչ թե Արտաշատի թատրոնը, այլ Կրթության ազգային ինստիտուտը:

Շարունակենք։

«Խնդիրներ» բաժնից առանձնացրի բառակույտի նմանվող ամենաբարդ միտքը, որը նվաստս փորձեց ընկալել երրորդ փորձից.

Միտք պատմական (եթե ձևակերպենք Դերենիկ Դեմիրճյանի ոճով, ապա կստացվի «Ակունք իմաստության»).

—         ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ, ինչը կնպաստի պատմության ժառանգականության ընկալմանը և պատմական փորձի յուրացմանը ու հաջորդ սերունդների դրանց փոխանցմանը:

Մի´ փորձեք վերծանել մտքի Պորփյուրի* այս աննախադեպ զեղումը: Փորձենք սրա արտացոլումը ևս գտնել ամփոփիչ ստուգման մեջ և պարզել, թե որքանով է սովորողը կապում պատմության ժառանգականության ընկալումը, պատմական փորձի յուրացումը և դա փոխանցում սերունդներին: Նորից պատահական էջ. «Նշված տարեթվերից ո՞րն է ընդգրկված յոթերորդ դարի մեջ», «Նշվածերից ո՞րն է «ագարակ» տերմինի ճիշտ բացատրությունը», «Լրացրե՛ք բաց թողնված տեղանունը»: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Բաց թողնենք «Բովանդակություն» բաժինը, քանզի մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու համար տարիներ անգամ չեն հերիքի: Գանք «Ուսումնական գործունեության տեսակներ» բաժնին և փորձենք նորից կապել այն դասագրքի և ավարտական քննության հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեստերի նմուշները միօրինակ են, ուստի ավելորդ ենք համարում այլևս դրանցից կոնկրետ մեջբերումներ անել: Անդրադառնանք այս բաժնի այն բաղադրիչներին, որոնք բացառապես արտացոլված չեն գիտելիքների, կարողությունների և հմտությունների գոնե ավարտական ստուգման գործընթացում.

  • Ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
  • Ինքնավերլուծություն
  • Զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների վերլուծություն
  • Արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում
  • Հիմնախնդիրների հետազոտում և այլն:

Շարքը կարելի է շարունակել անվերջ: Ընդհանրապես ուշադրություն դարձված չէ  կամ առկա չէ «իմանա» և «կարողանա» բաղադրիչների տրամաբանական կապակցվածությանը: Հասկանալի է, որ սովորողը պետք է իմանա, բայց թե «ինչպես է կարողանում» հարցի պատասխանը ավարտական քննությունների այս մոդելը չի կարողանում տալ: Առավել ևս, եթե վերլուծենք չափորոշիչում առկա կարողանաների շարքը, հեղինակները կհայտնվեն Խորենացու «Ողբ հայրենասերի» գլխավոր հերոսների շարքում:

Արժեքային համակարգ բաժնին անդրադառնալու կարիք անգամ չկա: Արժեքային համակարգը բավականին ինտիմ (անձնական) և յուրօրինակ դրույթների շարք է, որը յուրաքանչյուր ոք սահմանում է ինքն իր անձի համար: Փորձել տարածական մոդել ստեղծել և այն տարածել մի ամբողջ սերնդի վրա, մեղմ ասած, անշնորհակալ գործ է:

Այսպիսով, ընդհանրացնելով ասելիքը՝ փաստենք, որ պետական ավարտական քննությունները, հիմնական կրթության ասպարեզում «Հայոց պատմություն» առարկայի մասով որևէ աղերս չունեն թեկուզ և վատ գրված պետական չափորոշիչի առաջադրած նպատակների և խնդիրների հետ: Չեն արտացոլում սովորողների հետազոտական, ստեղծական, վերլուծական հմտությունները: Պարունակում են բազմաթիվ իրավական և մանկավարժական խախտումներ: Միտված չեն որևէ կերպ խթանելու սովորողի հետաքրքրությունը դեպի «Պատմություն» առարկան: Իսկ եթե անգամ ընդհանրական առումով նայենք շրջանավարտին ներկայացվող պահանջներին, ապա կտեսնենք, որ ավարտական քննության այս ձևաչափը որևէ աղերս չունի այն իրողությունների և մոտեցումների հետ, որոնք սահամանում են այդ պահանջները:

Հ. Գ.։ Մենք չենք ասում՝ պետք չէ իմանալ: Մենք ասում ենք. «Իմանալով հանդերձ՝ պետք է կիրառել, ուսումնասիրել, վերլուծել»:

Օգտագործված աղբյուրներ.

  • Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր, 6-9-րդ դասարաններ, Եր., 2012:
  • Մելիքյան Ս., Հայոց պատմություն, 9-րդ դասարանի ավարտական քննության թեստեր նմուշների ժողովածու, Եր., 2014:
  • Հայոց պատություն, դասագիրք 9-րդ դասարանի, Եր., 2008:

Ծանոթություն

* Պորփյուր Փյունիկեցի — իսկական անունը Մալխո: Հին Հունաստանի փիլիսոփա և տրամաբան: Նորպլատոնականության ներկայացուցիչ:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով