Ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման առաջադրանք:
Ուսուցիչների համար մասնագիտական զարգացման ձեռնարկում (Ա. Արնաուդյան և այլք, Երևան, 2004) նկարագրված մեթոդները կարելի է շատ հեշտ, հետաքրքիր և արդյունավետ կիրառել «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրում, երբ սովորողներից յուրաքանչյուրն ունի անհատական նեթբուք կամ նոթբուք, դասարանում կան անլար ինտերնետ կապ, էլ. գրատախտակ և հետաքրքիր գործունեություն ծավալելու մեծ ցանկություն:
Փորձեմ ներկայացնել նոթբուքով աշխատող դասարանում կազմակերպված այդպիսի մեկ ուսումնական պարապմունքի օրինակ: Պարապմունքի թեման դդումն է (Հանրակրթական Դիջիթեքին հաջորդող «Ղափամայի ծես» ուսումնական նախագիծ)։
Դասն սկսում ենք «Մտքերի տարափ» կամ «Մտագրոհ» մեթոդով:
Մտքերի տարափը կամ մտագրոհը (brainstorming) խմբային աշխատանքի պարզագույն, բայց շատ արդյունավետ մեթոդներից է: Դրա գլխավոր գործառույթը մտքերի հավաքագրումն է:
Այս մեթոդը «Մտքերի տարափ» են անվանում, քանի որ հաճախ խրախուսվում է պարզապես ուսումնասիրվող նյութի հետ այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելն ու գաղափարներ արտահայտելը: Խմբի անդամների առջև կոնկրետ խնդիր է դրվում. նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է սեփական տեսակետները` առանց որևէ մեկնաբանության կամ գնահատական տալու: Բոլոր մտքերն ու գաղափարները գրանցվում են մաքուր թղթի կամ գրատախտակի վրա: Մտքերի տարափի արդյունքում գրառված գաղափարների վերլուծությունն այս փուլի խնդիրը չէ, դրա համար դեռ կգա ժամանակը, սակայն դա կարվի հետագայում:
Մեր դեպքում սովորողներին տրվում է շատ կարճ որոշակի ժամանակ, որի ընթացքում իրենք անհատական նեթբուքներից կայքի ուսումնական պարապմունքի էջի կարծիքների բաժնում կամ ուսուցչի skydrive-ի` բոլորին հասանելի էջում գրում են դդմի մասին տեղեկություն հայտնող բառերը (ուշադրություն գրավելու կամ տարբերվելու համար կարող են գրել յուրաքանչյուրը մի գույնով, ընդգծված կամ ներկված): Վերջում կարելի է միասին կարդալ և կրկնվող բառերը ջնջել: Էջը պահպանվում է դասի հաջորդ փուլում կիրառելու համար:
Հաջորդ աշխատանքը կատարում ենք փոխներգործուն գրառումների համակարգ (ՓՀԳ) մեթոդով:
Փոխներգործուն գրառումների համակարգ (ՓՀԳ) մեթոդը արդյունավետ է կարդալու միջոցով նյութի ընկալման ընթացքը վերահսկելու համար: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել 2-րդ դասարանից սկսած: Այն հատկապես արդյունավետ է տեղեկտվական բնույթի նյութերի հետ աշխատելու համար:
Ընթերցելով նյութը` սովորողները նշումներ են կատարում` օգտվելով ՓԳՀ-ի հետևյալ նշաններից.
V = հաստատում եմ իմ իմացածը, գիտեմ
+ = նոր տեղեկություն է, չգիտեմ
— = իմ իմացածին հակասում է
? = անհասկանալի է
! = հետաքրքիր է, կարելի է քննարկել
Այս նշանների օգտագործումը ընթերցանության ընթացքում նպաստում է ակտիվ, քննադատական ուսուցմանը` նորը, հակասականը և անհասկանալին ընդգծելու առումով:
Նեթբուք-նոթբուքով աշխատող դասարաններում մեթոդը կիրառելիս մենք ավելի տեսանելի ենք դարձնում աշխատանքը` նշանների փոխարեն օգտագործելով հատվածները տարբեր գույներով ներկելու հնարավորությունը:
Ուսուցիչը բոլոր սովորողների էլ. հասցեներին ուղարկում է նախօրոք ընտրված նյութը` տեղեկություններ դդմի մասին: Եթե դասարանում գործում է ներքին ցանց, կարելի է նյութը փոխանցել ներքին ցանցի միջոցով: Սովորողները կարդում են, աշխատում են ՓՀԳ մեթոդով և ըստ պայմանավորվածության` նշումներ են անում: Օրինակ` ինչը գիտեն, ներկում են կարմիր, ինչը չգիտեն` կանաչ: Ավելացրինք նաև` ինչն ինձ զարմացրեց կամ ամեահետաքրքիրն է: Դա էլ ներկեցին դեղին: Աշխատելու ընթացքում սովորողները կարող են օգտվել նաև MS word ծրագրի «review» գործիքաշարից և իրենց հարցադրումները, առարկությունները, մտքերը գրել հենց նույն ֆայլում: Սովորողն ունենում է իր գրառում-ընդգծումներով ֆայլը` որը նրան կհիշեցնի իր մտքերի ընթացքի և հետևությունների մասին: Այս դեպքում սովորողը կարող է քննարկման փուլում ավելի մանրամասն ներկայացնել իր աշխատանքը, քննարկումների արդյունքում նաև փոփոխությունները գրանցել, լրացումներ անել նույն էջում: Էլեկտրոնային ընթերցանության ժամանակ նույնատիպ գործողություն կարող ենք անել և´ word-ից ստացված pdf-ում, և նկար pdf-ում։
Այս հանգամանքը փոխում է ընթերցողի կարգավիճակը։ Ոչ մեկը նրան չի ասի ասի` մի կեղտոտիր, մի գծմծիր, մի փչացրու, որովհետև միշտ կարող է ունենալ նախնական տարբերակը, save as-ով ստանալ իրարից տարբերվող էջեր։
Հետո արդեն ցանկալի է, որ սովորողը ոչ թե կարդա, այլ բանավոր ներկայացնի իր աշխատանքը: Այս ձևով ներկայացնելը նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը, վերարտադրելու կարողությանը, տեքստի յուրացմանը: Ինչպես նաև սովորողների մոտ զարգացնում է իր արած գրառումներից օգտվելով` աշխատանքն ամբողջական ներկայացնելու կարողություն:
Մենք համեմատում ենք մտագրոհի ընթացքում արած գրառումները տեքստից վերցրած տեղեկության հետ: Եթե իրար հակասող փաստեր ենք տեսնում, սովորողները տեղում կարող են այլ աղբյուրներից գտնել լրացուցիչ տեղեկություններ:
Այս աշխատանքը կարելի է անել նաև տնային ընթերցանության ժամանակ։ Սովորողները կարող են ՓՆՀ մեթոդով ընթերցանության արդյունք-ֆայլն ուղարկել ուսուցչին, որ նա տեսնի` ինչպես է կարդացել, ինչ է մտածել սովորողը։ Սովորողները կարող են նաև իրենց գրառումներն անել (հարցադրումներ, առաջարկներ, անհամաձայնություն, նոր տեղեկություններ) նաև դպրոցի կայքի կամ ուսուցչի բլոգի` ուսումնական պարապմունքի էջում:
Այս մեթոդներով էլ աշխատելուց հետո, երբ համոզվում ենք, որ սովորողները յուրացրել են նյութը, անցնում ենք ստեղծագործական աշխատանքին: Սովորողները հնգատող գրելու հանձնարարություն են ստանում:
Ի՞նչ (գոյական) — մեկ բառ
Ինչպիսի՞ (ածական) — երկու բառ (ռուսերենի պատճենում)
Ի՞նչ է անում (բայ ) — երեք բառ
Վերաբերմունք
Հոմանիշ բառ
Այս աշխատանքը հնարավորություն է տալիս թեման ամփոփելու շատ հակիրճ, դիպուկ և հետաքրքիր ձևով: Սովորողը մեկ անգամ ևս անդրադարձ է անում իր իմացածին, նոր ձեռք բերած տեղեկություններին, սկսում է դրանց համապատասխան հնգյակ գրել: Արդյունքում ստեղծվում են շատ հետաքրքիր հնգյակներ: Սովորողները հենց դասարանում իրենց գրած հնգյակները տեղադրում են կայքի էջում` կարծիքների բաժնում: Կարդում են իրենց ընկերների գրած հնգյակները, համեմատում են, փորձում են գտնել սխալները` ինչը նույնպես շատ կարևոր աշխատանք է: Կարելի է նաև աշխատել խմբերով և նյութը ներկայացնել շնորհանդեսի տեսքով: