Կրթությունը պիտի ծառայի անհատին։ Կրթության հիմքում անհատն է՝ սովորող-շահառուն, և ուսուցիչը՝ կազմակերպիչ-խորհրդատուն։ Մարդկային գործոնը ու դրա կարևորումը առաջնային են․ դրանց մասին պետք է խոսել և ընդգծելով առանձացնել։ 21-րդ դարում կրթության կազմակերպումն ու դրա բովանդակությունը հենց պետք է ուղղվեն անհատին ու նրա կրթական պահանջմունքներին։

Կրթության անհատականացումը կարևոր խնդիր է, որը ծառացած է կրթական համակարգի առջև՝ մինչև վերջ անհատականացում՝ անհատ-սովորողի հետաքրքրությունների, նախասիրությունների դրսևորմամբ՝ բերելով դրանք առարկայական, միջառարկայական բովանդակային տիրույթ, հստակ յուրացվող հմտությունների դաշտ՝ լուծելով կոնկրետ խնդիրներ։ Այն, որ անհատի իրական կրթությունը ինքնակրթությունն է, անվիճելի է, իսկ ինքնակրթության խթանիչ ուժը միանշանակ սովորողի նախասիրություններն են:

Անդեմ, չգիտես ում ուղղված կրթության և՛ բովանդակությունը, և՛ կազմակերպումն անհամեմատ հեշտ են, որովհետև դրանք տեղավորվում են կրթական անդեմ մի շաբլոնի մեջ ու մատուցվում բոլորին՝ անտեսելով մարդկային գործոնը։ Էս դեպքում և՛ մատուցվող նյութը, և՛ դրա յուրացումն ու փորձի՝ հմտության վերածումը, դառնում են ընդհանուր, վերացական և անորսալի։ Բոլորին առաջարկվող նույն ծավալը, նույն մոտեցումներն ու պարտադրվող կարծրատիպերը զրկում են սովորողին՝ որպես անհատ ձևավորվելու, սեփական կարծիք ունենալու և սեփական հետազոտական կարողությունները ձեռք բերելու հմտությունների կազմավորումից։

Պարզ է, որ անհատին մատուցվող կրթական ծառայությունը բովանդակային և կազմակերպական առումով բարդ է։ Դրա լիարժեք և արդյունավետ կազմակերպման համար խմբում պետք է լինի 15 սովորողից ոչ ավելի, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի աշխատել յուրաքանչյուր սովորողի հետ, անհատապես ուղղորդել, դիտարկումներ անել։ Բովանդակային մասով ևս ուսուցչից հսկայական ժամանակ կպահանջվի պատրաստվելու համար։ Սա լրիվ այլ աշխատանք է՝ այլ ծավալով։ Պարզ է, որ մերօրյա իրականությունը նման աշխատանքի համար պայմաններ չի ստեղծում՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական իմաստներով։

Այս հարցադրումը կա նոր չափորոշիչներում, երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքի հիմքում է, բայց կազմակերպման, ուսուցչին օժանդակելու, նման գործունեության վերհանման մասին չի խոսվում։

Ընդհանուրին ուղղված կրթությունն իր կազմակերպմամբ պարզ է, տեղավորվում է մեկ մոդելի մեջ․ այս աշխատանքը 80 տոկոսով ավելացնում է ուսուցչի ծանրաբեռնվածությունը, բայց նմանօրինակ աշխատանքի արդյունքն էլ կոնկրետ է՝ մարդու անհատական զարգացումն ապահովող։

Սակայն բոլորս ենք հասկանում, որ ճանապարհը սա է։ Մերօրյա սովորողն անհատական մոտեցման ու իր հետ անհատականացված աշխատանքի պահանջ է դնում՝ շեշտադրելով իր նախասիրությունները, կրթական այլ պահանջմունքներ։

Ես փորձում եմ ուսումնական աշխատանքում կարևորել անհատական նախագծերը։ Ընդհանուր նախագծերում, աշխատարաններում հաշվի եմ առնում անհատի ցանկությունները՝ քննարկելով դասարանի հետ՝ սովորողին տալով ընտրելու հնարավորություն (նախագծերում նման բաղադրիչ եմ ներառում), հնարավորություն տալիս կոնկրետ նախագծի շրջանակում առաջարկ անելու և այդ առաջարկի շուրջ աշխատելու։ Այս երեք բաղադրիչների պահպանմամբ կարևորում եմ անհատի կրթական պատվերը։

Ուսումնական աշխատանքում ներառում ենք նաև սովորողի առաջարկած նախագծային բաղադրիչներ կամ, այսպես ասած, ինքնակրթության նախագծեր։ Այս աշխատանքը սովորողներին ոգևորում է, ինքնուրույն, պատասխանատու դարձնում։

Ներկայացնեմ իրականացված նախագծերի մի քանի նմուշ։

Նախագծի նկարագրություն, բովանդակային շեշտադրումներ

Հեղինակային կրթական ծրագրի հիմքում հենց անհատի կրթությունն է՝ անհատի հմտությունների, կարողությունների, հնարավորությունների զարգացումը:

Սովորողը կարդում է այն, ինչ իրեն հետաքրքրում է, գրում է, խոսում է այն մասին, ինչով ոգևորված է, իր սեփական մտքերը շարադրելով էլ սկսում է գրագետ գրել` ազատվելով ուրիշի կողմից թելադրված տեքստերից՝ մտքի ու խոսքի կաղապարներից, իրական կենդանի խոսքի ձևակերպմամբ ու սեփական փորձով ստանում անհրաժեշտ լեզվական հմտություններ:

Նախասիրություններով իրականացվող գործունեության լայն հնարավորություն է բացվում անհատական նախագծերով աշխատանքի ժամանակ։ Այս աշխատանքը պարտադիրին զուգահեռ է առաջարկվում սովորողներին։ Սովորողների հետ առանձին կամ փոքր խմբերով քննարկվում են անհատական, երբեմն նաև խմբային աշխատանքի ուղղությունները։ Այնուհետև սովորողները մտածելու ժամանակ են ունենում, անհրաժեշտության դեպքում՝ նորից քննարկում, նախանշում ենք աշխատանքի զարգացումը, կոնկրետ խնդիրները։ Նախագծային աշխատանքի ուղղությունները շատ տարբեր են, սովորողները կարող են անընդհատ փոխել գործունեության ուղղությունը և բովանդակությունը. աշխատել այնքան ժամանակ, ինչքան հետաքրքրված կլինեն տվյալ բնագավառով:

Ներկայացնում ենք աշխատանքային հիմնական ուղղությունները, որոնք հայոց լեզվի և գրականության ծրագրում ներառված են որպես գործունեության պարտադիր բաղադրիչներ:

Ստեղծագործական ուղղություն․ խթանում է սովորողի գրավոր խոսքի զարգացումը, երևակայությունը, պատկերավորման միջոցների կիրառումը, սեփական մտքերն ազատ արտահայտելու հմտության զարգացումը: Ստեղծագործական աշխատանքի տարբեր փուլերում սովորողներն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչի են իրենք ընդունակ, սակայն կոնկրետ աշխատանքի ժամանակ տեսնում են, որ ավելի հեշտ են գտնում ասելիքի թեման, ավելի ծավալուն են գրում, ավելի համարձակ են արտահայտվում, ավելի շատ են ձգտում փիլիսոփայական եզրահանգումների:

Թարգմանական-հետազոտական ուղղություն․ խթանում է սովորողի կոնկրետ լեզվական, հետազոտական հմտությունները, զարգացնում վերլուծական միտքը, տրամաբանությունը, տեղեկատվական դաշտում հավաստի աղբյուրներ գտնելու, փաստերը համադրելու, դրանց հիման վրա թարգմանվող նյութը ինքնուրույն ընտրելու, կարևոր շեշտադրումներն առանձնացնելու-թարգմանելու, եզրակացություն անելու կարողությունները: Հետազոտական աշխատանքներն սկզբում ծավալվում են դարի ամենատարածված թեմաների շուրջ (մեքենա, հեռախոս, համակարգիչ): Սակայն ընթացքում դրանք աննկատ փոխվում ու դառնում են իսկական գիտահանրամատչելի «դասընթացներ»: Այս ուղղության կարևոր սկզբունքն այն է, որ անպայման պիտի նշվեն բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել է սովորողը, պետք է դասարանում աշխատանքը բանավոր ներկայացվի, իսկ վերջում հնչի սովորողի եզրակացությունը` որպես աշխատանքի արդյունք:

Ընթերցանության ուղղություն․ խթանում է սովորողի ընթերցողական հմտությունները, սովորեցնում է հետևել գրադարանից օգտվելու կանոններին, գրքերի ընտրություն կատարել, նախընտրած հեղինակներ ունենալ, ճանաչել հայ և օտարազգի գրողների և նրանց ստեղծագործությունները, որոնք ո՛չ հանրակրթական, ո՛չ էլ հեղինակային ծրագրերում ընդգրկված չեն: Սկզբունքն էլի ինքնուրույն ընտրությունն է, ընթերցումը և բլոգում ստեղծագործության վերլուծությունը, որտեղ պարտադիր պիտի նշվի` արդյո՞ք խորհուրդ կտա իր ընկերներին կարդալ այն և ինչու:

Ռադիոնյութերի, տեսանյութ-հաղորդումների, կլոր սեղանների, քննարկումների վարում․ խթանում է մի շարք կարևոր հմտությունների զարգացմանը, որոնք, անկախ սովորողի ընտրած մասնագիտությունից, ձևավորում են գիտակից, պատասխանատու քաղաքացի․ դրանք են` կարողանալ նկատել ու  իրենց կյանքից խնդիրներ առանձնացնել, որոնք լուծման կարիք ունեն, դրանց լուծումը դարձնել նպատակ, դրան միտված հարցեր առանձնացնել, գտնել մարդկանց, մասնագետների, որոնք կարող են օգնել այդ խնդրի լուծման հարցում, դիմել նրանց, հարցեր տալ, հարկ եղած դեպքում` պահանջել պատասխաններ, խնդրի լուծման բազմակողմանի մոտեցումներ ցուցաբերել, լսել խնդրին առնչվող բոլոր կողմերին, հետևություն անել,  իրենց հետաքրքրող թեմաներով զրույցներ կազմակերպել մեծահասակների, մասնագետների կամ հասակակիցների հետ: Նախագծային այս ուղղությունը ենթադրում է նաև պոեզիայի, գրաբարյան պատառիկների, արևմտահայ գրականությունից կտորների ընթերցանություն և ներկայացում տեսապոեզիայի, ռադիոընթերցման ձևաչափով:

Նախագծի խնդիրները՝

  • որոնողական հմտություններ փոխանցել
  • հղում անել համապատասխան հեղինակների, մասնագետների
  • օգնել կողմնորոշվել՝ ինչ է ուզում սովորողը
  • ի հայտ բերել սովորողի նախասիրությունները
  • սովորեցնել հարցին բազմակողմանի մոտենալ
  • ժամանակն արդյունավետ օգտագործել
  • իր արած աշխատանքն ինքնուրույն գնահատել։

Սովորողների արձագանքներն այս նախագծերի մասին դրական են․ ոգևորված են աշխատում։ Որպես զարգացում՝ առաջանում է նախագծի շարունակությունը, կազմակերպվում են տարբեր հանդիպումներ, որոնք հենց սովորողներն են համակարգում։ Նման աշխատանքն էլ հիմք է դառնում, որ սովորողները կողմնորոշվեն ընտրությամբ գործունեությանը առաջնահերթություն տալու հարցում, հետազոտական աշխատանքի թեմա որոշելիս։

By admin