Հուլիո Կորտասար
Հիմա ի՞նչ. ընդունենք, որ գնում էիր՝ վերջին պահին խոստանալով Սենը նետվել կամ նման մի բան…. Սովորական հիմարություն, որ հենց միայն խոր գիշերին կարող էր հնչել ճմրթված սավանի վրա, բամբակյա լեզվով, ես էլ դրանք հազիվ եմ լսում՝ հակառակ փափուկ հպումներով իմ ուշադրությունը գրավելու քո փորձերի, քանի որ վաղուց արդեն խուլ եմ իմ փակ աչքերից անդին, քնից անդին սահող, ինձ մի ցածր տեղ տանող քո այդ տեսակ խոսքերի դեմ։ Ի դեպ, շատ էլ լավ եղավ։ Իմ ինչ գործն է՝ գնացել ջո՞ւրն ես նետվել, արդյոք, թե՞ դեռ քայլում ես ափով՝ ջրին նայելով։ Համ էլ՝ բան չկա. չէ՞ որ դու դեռ այստեղ ես, ու քնի մեջ ընդհատ շնչառությունդ է լսվում։ Եվ դու չես գնացել՝ գնալով գիշերվա կեսին, երբ քունն ինձ իրենով դեռ չէր արել, որովհետև հիշում եմ, որ դու մտադիր էիր Սենը նետվել, կամ որ վախենում էիր։ Բայց հետո զղջացել ես, և ահա շատ մոտ ես ինձ ու թեթև ճոճվում ես քնի մեջ այնպես, ասես երազ ես տեսնում, թե այնուամենայնիվ, գնացել ես, վերջապես հասել ես գետափին և ջուրն ես նետվել։
Եվ այսպես՝ ամեն անգամ, որ հետո քնես հիմար արցունքներից ուռած աչքերով ու քնես մինչև առավոտյան տասնմեկը, այն ժամը, երբ առավոտյան թերթերն են տարածում նրանց մասին հաղորդագրություններով, որ իսկապես ջուրն են նետվել։ Որքա՛ն ծիծաղելի ես։ Քո պաթետիկ վճռականությունը, գնալիս դուռը շրխկացնելու անհրաժեշտության պես թատերական ժեստերը հարց են առաջացնում՝ դու իսկապե՞ս հավատում ես քո սպառնալիքներին, դրության դրամատիզմով բերնեբերան լցված քո էժանագին շանտաժին, որ արցունքի, մակդիրների շարքի ու նախատինքի շաղախ է։ Դու ուրիշ տղամարդու ես արժանի, այնպիսի մեկին, որ անպատասխան չթողնի քո բառերը, ում հետ դուք քիչ-քիչ կվերածվեք իդեալական զույգի՝ դանդաղ նեխող տղամարդու և կնոջ, որ քայքայվում են՝ իրար աչքերի մեջ նայելով, որ մի չնչին հետաձգման հավաստում գտնեն ու նորից ապրեն, ու նորից մխրճվեն չմշակած հողակոշտի ու կաթսայի տակի ճշմարտության հաստատման մեջ։
Եվ այսպես՝ գերադասում եմ լռել. մի գլանակ եմ վառում ու լսում քո բողոքները (համաձայն եմ, միայն թե ինչո՞վ, ախր, կարող եմ օգնել) կամ, որ շատ ավելի նախընտրելի է, քնում եմ՝ քո սովորական անեծքների օրորի տակ փակելով աչքերս և քնի առաջին մակընթացությունը մի պահ համատեղելով քո՝ գիշերանոցով թևերի ծիծաղելի թափահարման հետ այն ջահի լույսի տակ, որ մեզ նվիրել են մեր հարսանիքի օրը, և վերջապես, ինչպես երևում է, քնում եմ՝ հետս տանելով (քեզ դա համարյա սիրով եմ խոստովանում) քո ժեստերի ու նախատինքի, զայրույթից կապտած շուրթերն աղավաղող փքուն ձայնի գնալով ավելի նվազող պետքական մասը։ Իմ երազները դրանից ավելի հարուստ են դառնում, ոչ ոք, հավատա, դրանց մեջ չի մտնի։ Եթե այդպես է, ի՞նչն է քեզ պահում այս անկողնում, որը դու պատրաստ ես փոխելու ուրիշ՝ ավելի լայն ու հորդահոս մեկով։
Դու քնած ես ու քնի մեջ թեթև շարժում ես ոտքդ՝ սավանին նորանոր ձևեր տալով։ Երևում է՝ մի բան քեզ զայրացրել է, կամ, ավելի շուտ, վշտացրել։ Եվ քո շուրթերը՝ հագեցած ատելությամբ, հոգնածությամբ ու դառնությամբ, քիչ է մնում խանգարեն քամու պես սրընթաց շնչառությանդ։ Ու թե դառնացած չլինեի քո մշտունայն սպառնալիքներից, առաջվա պես քեզ չքնաղ կհամարեի։ Դիցուք, քնի մեջ դու նորից գրեթե ցանկալի դառնայիր՝ անվադողերով ու աքաղաղի ստրկացնող շեփորականչով աղմկող այս տագնապալից առավոտից մեզ վերադարձնելով այնքան հեռու, կորսված մեր մտերմությանն ու նախկին զգացմունքներին։ Արժե՞ արդյոք նորից ու նորից նույն հարցը տալ՝ իսկապե՞ս գնացիր, և այդ դո՞ւ էիր, որ դուռը շրխկացրիր հենց այն պահին, երբ ես ընկղմվեցի անգիտակցականության մեջ, դրա համար էլ, երևի, չեմ ուզում քեզ դիպչել, թող որ նույնիսկ չկասկածելով, որ դու այստեղ ես, որ ոչ մի տեղ էլ չես գնացել, քամին էր՝ դուռը շրխկացրեց, ինձ թվաց, թե դու գնացիր, բայց դու այդ ժամանակ, առանց իմանալու, որ քնած եմ, վախեցնում էիր ինձ սպառնալիքներով։
Եվ այնուամենայնիվ, ես դիպչում եմ քեզ միայն նրա համար, որ շատ հաճելի է կանաչավուն ցայգի աղջամուղջում դիպչել ցնցվող ու հետ քաշվող ուսին։ Իմ մատները կրկնում են վզիդ անթերի գիծը, ինձ շոյում է քո գիշերային, գրգռիչ քաղցր շնչառությունը, և ահա արդեն անգիտակցաբար դեպի ինձ եմ ձգում քո՝ սավանով հազիվ ծածկված մարմինը, թեպետ ձևականորեն հակառակվելով՝ դու կծկվում ես՝ փորձելով ազատվել։ Երկուսս էլ շատ լավ գիտենք այդ խաղը, որ դրան լուրջ վերաբերվենք. այնպես է կարգը, որ դու շրջվես, ինչ-որ բան կցկտուր մռթմռթաս՝ ընդդիմանալով քո ամբողջ ծուլությամբ ու նվաճված մարմնով։ Միևնույն է, այդ պահին մենք անտարրալուծելի ենք, եթե սպիտակ ու սև թելերը սերտորեն ներհյուսվում են, ինչպես սարդերը կժի մեջ։ Սավանը ընդմիջվում է սպիտակ ծալքերով, ճեղքում է օդն ու լուծվում աղջամուղջի մեջ, հետո արշալույսը պարուրում է մեզ՝ արդեն մերկ, միասնական կպչուն, օրորող լույսով, թեպետ դու դեռ հակառակվում ես, ձեռքերդ ես պարզում, սեղմվում ես, ու հանկարծ՝ ազդրերի խելագար պոռթկում, և նորից փակվում է դժոխային աքցանը՝ պատրաստ պլոկելու ինձ ինձնից։
Հաճելի է քեզ տիրանալը (ինչպես առաջ էր՝ անշտապ, ծիսական անապակությամբ), զգույշ ծալելը քո եղեգնագույն ձեռքերը՝ տեղավորվելով դողդոջուն մարմնի, լայն բացված աչքերի երանության մեջ, մինչև դու վերջապես խաղաղվում ես սահուն, շերտավոր ռիթմով, պղպջակներով հատակից դեպի ինձ բարձրանալով, ես քնքշորեն մատներս սահեցնում եմ բարձի վրա շաղ եկած քո մազերի մեջ, զարմանքով տեսնում եմ` ինչպես կանաչ կիսախավարում դեպի քեզ է հոսում իմ ձեռքը, և ես արդեն գիտեմ, որ քեզ հենց նոր են հանել ջրից, դե, իհարկե, չափազանց ուշ, ու դու հիմա պառկած ես քարե ափին՝ շրջապատված կոշիկներով ու ճիչերով, պառկած ես դեմքով դեպի վեր, մերկ, ու քո մազերը թաց են, ու աչքերդ՝ չռված։
Թարգմանություն ռուսերենից
Աղբյուրը՝ ուսումնական բլոգ