Լինում է այնպես, որ մեր սաները առանց մեզ էլ՝ ինքնուրույն ձեռք են բերում կարողություններ, հմտություններ, որոնք ուսուցանելու մասին մենք գուցե չենք էլ մտածել: Սովորողը գործունեության ընթացքում կիրառում է իր տիրապետած գործիքները, դրանց հնարավորությունները, ինչ-որ պահի ինչ-որ կարողության պակաս է ունենում, որը լրացնում է ինքնուրույն պրպտելով կամ մեկի օգնությամբ:
Ինքնագնահատումն անընդհատ է: Առաջին հայացքից սա պարզ գործընթաց է թվում: Պարզ է կիրառման ձևով: Իրականում ինքնագնահատումը ցանկացած գործունեության ուղեկցող զուգահեռ աշխատանք է: Ինչ-որ բան անելուց առաջ մարդը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն գնահատում է իր հնարավորությունները, սովորաբար իր ուժերից վեր գործ չի ձեռնարկում: Եթե ձեռնարկում է, ուրեմն հույսը ուրիշի աջակցության վրա է դնում կամ իր ինքնազարգացման: Սովորողն էլ ուսումնական աշխատանք սկսելիս նախապես գիտի իր կարողությունները, դրանք նկատի ունենալով է սկսում իր գործը, կատարում է առաջադրանքը, նախատեսում իր անելիքը:
Ինքնագնահատումը նախորդում է գնահատմանը և ուղղորդում դա: Անկախ նրանից` դասավանդողը կամ այլ մեկը երբ և ինչ գործիքով է գնահատում սովորողին, վերջինս, ինչպես վերևում է նշվում, անընդհատ է դրանով զբաղված: Ոչ ոք ավելի լավ չգիտի նրա հնարավորություններն ու կարիքները:
Ստացվում է գնահատման, այս դեպքում՝ ինքնագնահատման ամբողջական սխեմա, որը մենք մինչև հիմա չենք կարևորել, չենք դիտարկել, ուսումնասիրել:
Սովորողը, որն անընդհատ զբաղված է ստեղծական աշխատանքով, «ստիպված» է զարգացնել իր կարողությունները, հմտանալ և, որ շատ կարևոր է, նորերը ձեռք բերել: Նշանակում է, սովորողի իքնագնահատումը, աշխատանքի պլանավորումը դասավանդողից առաջ է ընկնում:
Մենք մինչև հիմա անտեսել ենք ինքնագնահատումը կամ քիչ ենք կարևորել, մեր փորձից, անհրաժեշտությունից, նաև՝ սովորողի գործունեությունից ելնելով, կազմել ենք չափորոշիչների ցանկ, հարցաթերթիկներ, ստուգման միջոցներ, որոնցում առայժմ քիչ բաժին ունի ինքնաստուգումն ու ինքնագնահատումը:
Այսպես թե այնպես, սովորողներն անընդհատ են գնահատում ընկերներին, իրենց, իսկ մենք դա ոչ միայն չենք դիտել որպես ուսումնական աշխատանք, այլև սովորողն էլ հաճախ պատշաճ տեղյակ չի լինում գնահատման գործիքից, որով իրեն գնահատում ենք, արդյունքներից, որ ստացվում են, դրանց ամփոփումից: Այնինչ գնահատումը ՝
- հետադարձ հայացք է անցածին
- ներկա վիճակի արձանագրում և հետազոտում է
- հետագա ուսուցման, գործունեության նախագծում է։
Ինքնագնահատումը զարգացման խթան է: Գործունեության ընթացքում սովորողը ոչ միայն կիրառում-զարգացնում է իր ունեցած հմտություններն ու կարողությունները, այլև նախատեսում և իրականացնում է այլ գործողություններ, որոնք նոր հմտութուններ և կարողություններ կձևավորեն:
Ինքնագնահատումը նպաստում է այլոց գնահատմանը, խմբային-համագործակցային աշխատանքին: Պարզելով իր կարիքները՝ սովորողը որոշում է, թե ինչը կարող է ինքնուրույն անել, որ հարցում ով կարող է օգնել, աջակցել իրեն: Համագործակցության ընթացքում բոլորն են շահում. նոր խնդիրներ կամ կարիքներ են առաջանում, որոնք խմբով են լուծվում, իրար ուսուցանելով, միասին փնտրելով, քննարկելով:
Ինքնագնահատումը ակտիվ ուսումնական աշխատանք է: Մենք պասիվ գնահատում ենք իրականացնում, սովորողը պարզապես դիտարկվող է, սուբյեկտ, որին չենք հարցնում, թե ինքն ինչի կարիք ունի, ինչը չի բավարարում իրեն լիարժեք գործունեության, կոնկրետ
խնդիրեր լուծելու համար: Դա ուսումնական ծավալուն նախագիծ է, որը հետևողականորեն պիտի իրականացվի:
Սովորողը ընկերների, դասավանդողի հետ որոշում է թեմայի կամ նյութի, գործունեության կոնկրետ տեսակի չափման հստակ գործիքները: Ոչ թե մտքում, մոտավորապես է գնահատում, այլ ուսումնական աշխատանք է կատարում: Սովորողը մշակում է գործիքը, ավելի լուրջ , հետևողական ու համակարգված է աշխատում:
Այս դեպքում պասիվ, մտքում կատարած գնահատանքը դառնում է ակտիվ գնահատում, գործիքն էլ, նպատակային: Ոչ ոք չի ասում, որ ամեն ինչ մասնագիտական մակարդակով կլինի կամ պիտի լինի: Խնդիրն իրականում ավելի էական է: Ընթացքում անընդահատ գնահատելով իրեն և ընկերներին՝ սովորողը ձեռք կբերի կարևորն անկարևորից, գլխավորը երկրոդականից տարբերելու հմտություն, աստիճանաբար կկատարելագործվեն, կհստականան գնահատման գործիքները:
Ինքնագնահատումը խմբային, սոցիալականացնող աշխատանք է : Սովորողն ինքը մշտապես դիտարկում է իրեն, շրջապատողներին, նրանց հետ նույն միջավայրում է, նույն խնդիրներն է լուծում, նրանցից հետ ու առաջ է ընկնում, աջակցում-սովորեցնում է նրանց, իրեն են աջակցում-սովորեցնում: Սեփական ինքնագնահատումը իմաստ կունենա, եթե այն քննարկվի դասավանդողի, ընկերների հետ, ճշտվի, թե ով ում կարող է օգնել, ինչպես կարելի է լրացնել անհրաժեշտ հմտությունների բացը: Բացի գնահատման գործիք լինելուց՝ ինքնագնահատումը զարգացնում կամ ձևավորում է սովորողի մի շարք անձնային որակներ և ուսումնական կարողություններ՝
- որևէ երևույթի, իրողության նկատմամբ ընդհանուր հայացք ձևավորելու կարողություն
- իրերին, մարդկանց, ինքն իրեն կողքից նայելու, գնահատելու, անկողմնակալ վերաբերմունք ձևավորելու կարողություն
- խնդիր դնելու կարողություն
- խնդրի տարբեր լուծումներ փնտրելու և տարբեր միջոցներով լուծելու հմտություն, իրերն ու երևույթները տարբեր տեսանկյուններից դիտարկելու կարողություն
- օբյեկտիվ ինքնագնահատում։
Բարձրանում է սովորողի ինքնագնահատականը, սովորողն ավելի ինքնուրույն և ինքնավստահ է դառնում:
Փոքր՝ 4-5 հոգանոց խմբերով սովորողները գնահատում են իրենց ընկերներին նույն գործիքով և իրականացնում են նույն գործողությունները: Այս դեպքում նա արդյունքները խմբավորելու, համեմատելու հնարավորություն է ունենում, գործողությունների պլանավորումն ավելի հստակ ու գործնական է լինում, քայլերը՝ ավելի բազմազան:
Որևէ աշխատանք կատարելուց, նախագիծ իրականացնելուց, նյութ ստեղծելուց հետո սովորողները կազմում են գնահատման գործիքը, մշակում են, կիրառում են, լրամշակում: Նշում են
- թեման
- գործունեության ինչ տեսակներ են իրականացվել ընթացքում, օգտագործված հմտությունները/ կարողությունները
- դրանցից որոնց է ինքը հմտորեն տիրապետում
- որն է ինչ-որ մեկի օգնությամբ կատարել
- որն է ամբողջովին ինչ-որ մեկը կատարել
- արդյունքում ինքը ինչով կարող է օգտակար լինել ուրիշներին
- ինչ հմտություն կամ կարողություն չի ունեցել, որ կուզեր ունենալ և գործածել
- ինչի մասին ինչ է իմացել
- ինչը չի հաջողվել:
Իրերը, մարդկանց, երևույթները բազմակողմանի, օբյեկտիվ, քննդատաբար, տարբեր տեսանկյուններից դիտարկելու, գնահատելու կարողությունը անհատին դարձնում է պատասխանատու, նպատակային, ինքնուրույն: