Արձակուրդային մի դրվագ կամ ուսումնական ճամփորդության հաշվետվություն

Աշխարհում կան տարածքներ, որոնք ի սկզբանե ինձ չեն ձգում, առանձնապես ցանկություն չունեմ այնտեղ լինելու, օրինակ՝ Եգիպտոս, Ամերիկա, Ստամբուլ, Լոնդոն: Բանն այն է, որ չեմ էլ կարող բացատրել՝ ինչու է այդպես: Եվ հակառակը՝ տարածքներ էլ կան, որոնք հանգիստ չեն տալիս, հեռվից դյութում և կանչում են ինձ, ասենք՝ Կապադովկիան, Հունաստանը, Իռլանդիան: Իրականություն դարձավ ևս մեկ ցանկություն՝ եղա Կապադովկիայում: Հիացա ու սիրեցի: Հիմա՝ գալուց հետո, փորձում եմ հասկանալ՝ ինչն է ինձ այդքա՜ն ձգում:

Պատմական տեղեկություններ

Հնագույն հայկական աղբյուրներում Կապադովկիան հիշատակվում է որպես Գամիրք։ Տեղանքը Գամեր-Գոմեր անվամբ հիշատակվում է նաև Աստվածաշնչում: Կապադովկիայի մասին հիշատակություն կա նաև Պետրոս առաքյալի թղթում. «Ես՝ Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի առաքյալս, գրում եմ ժամանակավոր բնակիչներին, որ ցրված են Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բութանիայում, նրանց, ովքեր ընտրված են Հոր՝ Աստծու կանխագիտության համաձայն, ոգու միջոցով սրբացված լինելով, որպեսզի հնազանդ լինեն և Հիսուս Քրիստոսի արյունով ցողված։ Թող Աստծու անզուգական բարությունը և խաղաղությունը առատությամբ ձեզ հետ լինեն»։

5.jpg

Ըստ Մովսես Խորենացու, Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց  թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում, կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում), ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա, այժմ՝ Կայսերի։ Կապադովկիայից էր նաև Գրիգոր Լուսավորիչը, որը ծնունդով պարթև էր:

Կեսարիա

11Կեսարիայում ապրել է 20 հազար հայ: Գործել են Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Սարգիս և կաթոլիկ Ս. Խաչ եկեղեցիները, Հայկական, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, ժաոանգավորաց վարժարանները, որբանոց, նախակրթարաններ, մանկապարտեզներ և այլն։ 1908-ին Կեսարիայում լույս է տեսել «Տիգրիս», «Նոր սերունդ», «Հայեկ» և այլ թերթեր։ Գործել են հայկական թատերախմբեր։ Կեսարիայի շրջակայքում էին գտնվում հայկական հռչակավոր Թոմարգայի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Նյուսացի, Ս. Կարապետ, Ս. Դանիել, Ս. Սարգիս վանքերը։ 

Այսօր Կայսերի քաղաքում կա հայկական մեկ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Եկեղեցու կառուցման տարեթիվը 1191 թվականն է համարվում, սակայն որոշ պնդումների համաձայն, եկեղեցին ունի ավելի հին պատմություն. այնտեղ 4-րդ դարի սկզբում ձեռնադրվել է Գրիգոր Պարթևը՝ դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայ առաջին հայրապետը:

Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերջին վերանորոգումը սկսվել է 2008-ին և ավարտվել 2009-ի աշնանը: Այդ ընթացքում իրականացվել է եկեղեցու տանիքի և ճակատային հատվածի վերականգնման աշխատանքներ: Եկեղեցին այսօր չի գործում. քաղաքում հայեր չկան: Միակ հայ, բայց ոչ հայախոս ընտանիքը, որը եկել է Ստամբուլից, ապրում է եկեղեցուն կից Գյումուշյան վարժարանի կառույցներից մեկում: Եկեղեցու խնամքը հանձնվել է Կարապետ Իստեֆանյանին: Նա ծնվել է Ստամբուլում, որպես կամավորական եկել է Կեսարիա՝ եկեղեցուն հոգ տանելու: Եկեղեցին ընդարձակ բակ ունի: Կան ծիրանի և բալի ծառեր: Ծիրանենին գոնե ինձ անծանոթ տեսակի էր՝ խոշոր և շքեղ պտուղներով: Հա, կորիզներն էլ հետս բերել եմ:

Կապադովկիա

Կապադովկիան մի քիչ նման է հայկական Խնձորեսկին, վրացական Վարձիային, իրանական Քենդովանին, բայց և էականորեն տարբերվում է թվարկածս տեղանքներից: Հազարամյակներ առաջ տեղի ունեցած ուժգին ժայթքումները տարածքը ծածկել են երկու տեսակ ապարներով՝ կարծր բազալտով ու փափուկ տուֆով։ Գետերը, անձրևները և քամիները քայքայել են փափուկ տուֆը, ինչի հետևանքով խոր կիրճեր են առաջացել։ Ժամանակի ընթացքում քարափներից մի քանիսը, որ նայում էին դեպի կիրճերը, սկսել են քայքայվել, ինչի հետևանքով գոյացել են անհամար կոնաձև քարասյուներ. այդպիսի քանդակներ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա։ Տեղաբնակները այդ կոների փափուկ մասերում սենյակներ են փորել: Այդ սենյակները ամռանը հով են եղել, իսկ ձմռանը՝ տաք։

6.jpg

Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Այստեղ հատվում են քաղաքակրթություններն ու  մշակույթները: Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։ Այս ճանապարհորդները նոր կրոնական գաղափարներ են բերել իրենց հետ։

Այս քաղաքը ժամանակին ներկայացրել է լաբիրինթոս հիշեցնող մի հսկա շինություն, որտեղ բնակվել է միաժամանակ մոտ հազար մարդ, ունեցել են մեկ ընդհանուր խոհանոց, մեկ շատ խոշոր՝ մոտ քսան մետր դեպի գետնի տակ ձգվող օդափոխիչ համակարգ և բազմաթիվ սենյակներ:

Սակայն ամենատպավորիչը, թերևս, Գյորեմի բացօթյա թանգարանն է՝ բազմաթիվ ժայռափոր եկեղեցիների և մատուռների «հավաքածու»: Ինչպես Գյորեմի բացօթյա թանգարանը, այնպես էլ գետնափոր քաղաքը ներկայումս համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մի մասը:

Կիլիկիա

e (11)

Կիլիկիայում հուզվեցի, երբ տեսա Եփրատը և, երբ Հռոմկլայում մտքումս ակամայից սկսեց թևածել Ներսես Շնորհալու «Առաւօտ լուսոյ»-ն:  Կիլիկիայում զգացի Միջերկրական ծովի զովացնող շնչառությունը, սիրիական անապատներից փչող տաք քամին՝ վերջապես հասկանալով, թե որտեղից կարող էր «խորշակ» բառը հայտնվել մեր բառապաշարում:

Կիլիկիան տպավորիչ և շքեղ աշխարհ է՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող նարինջի, մանդարինի, ձիթապտղի, կիտրոնի, արքայանարինջի, բանանի այգիներով և պիստակի, թեյի, գետնանուշի պլանտացիաներով, քամու ուժով աշխատող հողմաղացներով և արևի էներգիայի փոխարկման համակարգերով, դեռևս չբնակեցված նորակառույց քաղաքներով, հայկական բերդերով՝ Հռոմկլա, Օձաբերդ, Անարզաբա, Սսի բերդ, Կոռիկոսի բերդ, հելլենական և հունական, բյուզանդական և հռոմեական, մուսուլմանական հնագույն և ժամանակակից կոթողներով:

Պատմություն ասվածն ինձ համար առաջին հերթին դաս է ու խրատ, իսկ Կիլիկիայի դասն ինձ սովորեցնում է՝ պետք չէ հույսը դնել անառիկ համարվող բերդերի վրա, հատկապես, երբ դրանք քո հողի վրա չեն շինվում: Ծանր, շա՜տ ծանր զգացողություններ ապրեցի Ադանայի հայկական թաղամասում և Հաճընում…

Ինչ էլ լինի, հարկ է, որ անցյալը մնա անցյալում. անցյալի դերը անցյալում մնալն է, ոչ թե ժամանակի, տարածության ու հիշողության մեջ ճամփորդելը…

Լուսանկարները՝ անձնական արխիվից։
Օգտագործված աղբյուրները՝ հղումներով։
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ներսես Շնորհալու հետքերով. Հռոմկլա,  Գետը​. Եփրատ կամ Եդեմաբուխ

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով