Նախ փորձենք պարզել՝ ինչ ստուգաբանություն ունի «հարս» բառը: Հրաչյա Աճառյանը «հարս» բառի նախնական ձևը համարում է «հարց»-ը՝ «հարցում, փորձ, քննութիւն»: Ըստ Աճառյանի, «հարս»-ից փոխառյալ է նաև «հարճ»՝ «բնիկ հայ ձևը», ինչպես նաև՝ «հարզ, հարզան, ապահարզան» ձևերը: Բառը բնիկ հնդեվրոպական՝ *prk-՝ *perk- «հարցնել, խնդրել» արմատից է, որտեղից նաև հարց. հմմտ. լատիներեն procus «փեսացու, աղջիկ ուզող», գոթերեն fraihnan «հարցնել»:
Մխիթարյանները «հարս» բառը համարում են «արուս, արուսէ, արուսեակ»-ին հոմանիշ: Բանն այն է, որ Արուսյակը կամ Վեներան (Венера, Venus) արեգակնային համակարգում բացառիկ է: Այս մոլորակը շարժվում է Արեգակի շուրջը պտտվող բոլոր մոլորակների ուղղությանը հակառակ: Արեգակից և Լուսնից հետո Արուսյակը երկրային երկնքի ամենապայծառ աստղն է և իր մեծությամբ Արևից հետո երկրորդն է: Ըստ ազգագրագետ Մարիանա Տիգրանյանի, սրանով է բացատրվում հարսանեկան թագվորագովքերում արուսյակի «ներկայությունը»:
Թագվոր ի՞նչ բերենք քեզ նման,
Քո կանաչ արեւի նման:
Էն արուսեակըն որ կըծագէ,
Ծագել է արեւի նման:
Ըստ Կոմիտասի, հայկական հարսանեկան երգերի շարքը կազմված է շուրջ 100 միավորից, դրանք «…թերևս բեկորներն են հայ բնապաշտական շրջանեն մնացած՝ քրիստոնյա քողով պարուրված», քանի որ «Բոլոր երգերու մեջ գիրկընդխառն կերթա մարդկային ու բնության կյանքը։ Կերգվին ամուսնության ու բնության գարունը, որ լուսնեկի ցողով ու արևի շողով կծլի»։
Հարսանեկան զգեստ
Հայոց հարսանեկան մեկ՝ համընդհանուր տարազ չի եղել, քանի որ յուրաքանչյուր գավառի բնորոշ է եղել տվյալ տարածքին հատուկ տարազ: Ամեն դեպքում, հայոց հարսանեկան ավանդական տարազում գերակշռել է կարմիր գույնը: Հարսանեկան զգեստի կարմիր գույնը խորհրդանշում էր պտղաբերություն, երջանկության, կյանքի շարունակական և հարատև ընթացք:
Կարևոր բաղադրիչներ են եղել հատկապես հարսի գոտին և քողը: Հարսանեկան զգեստը հարսին ուղարկում էին փեսացուի բարեկամները՝ հարսանիքի առավոտյան: Հարսանեկան զգեստի զարդանախշերը խորհրդանշում էին արգասաբերություն, ու նոր կյանք, պտղաբերություն: Դրանք օժտված էին նաև չարխափան մոգական ուժով: Նորահարսին շրջապատում էին երկու կողմի աղջիկները՝ ծաղկվորները: Նրանք քավորկնոջ գլխավորությամբ հարսի մազերն էին հյուսում և հագցնում զգեստը: Զգեստի տարրերը հագցնելիս ծաղկվորները երգեր էին երգում՝
…Մտանք տուն, իջանք ուշիկ-ուշիկ,
Փեսան կնայեր լռիկ-մնջիկ,
Մշու սարեր մշուշ էր,
Աղջկա անուն Քնքուշ էր,
Հարսի քողը նախշուն էր,
Փեսի դեմքը անուշ էր…
Հարսին հագցնելուց հետո գույնզգույն, մինչև ծնկները հասնող քող էին գցում գլխին: Ոմանք հարսի դեղին մուճակների (կոշիկների) մեջ կորեկի հատիկներ էին լցնում` ի նշան արգասաբերության:
Հարսի և փեսայի զգեստները հագցնելուց առաջ դրանք օրհնվում էին քահանայի կողմից:
Հարսի գոտին ևս խորհրդանշում էր պտղաբերություն ու որդեծնություն: Այն հարսի մեջքին էր կապում քավորը՝ տվյալ տարածքին բնորոշ ծեսերով և ասելով՝ «Աստված քեզ մի ղոչ տղա տա»:
Գոտին ասեղնագործված էր լինում սքանչելի զարդանախշերով, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր իմաստն ու խորհուրդը: Այն կոչել են քյամար-կամար: Ճարմանդը հիշեցնում է գորտ, որը պտղաբերության խորհուրդն ուներ:
Հարսանյաց կամ կենաց ծառ
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տարածված էր հարսանյաց կամ կենաց ծառ ստեղծելու և զարդարելու սովորույթը: Խաչաձև փայտը զարդարում էին հասկերով, չոր պտուղներով, ծայրերին կարմիր խնձորներ կամ նուռ էին ամրացնում: Ծառի վերին մասում կապում և ամրացնում էին նախշած գաթաներ:
Կենաց ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց, ասել է թե՝ կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Տիեզերական ծառի՝ Կենաց ծառի, գաղափարը ի սկզբանե ունեցել է տիեզերքին սպառնացող քաոսը կանխելու ակնկալիք:
Ծառը ևս պտղաբերության խորհրդանիշ էր:
Տարոսը՝ բարեմաղթանք
Ազգագրագետ Գայանե Շագոյանի կարծիքով «տարոսիկը» հարսանյաց ծեսի ավանդական տարբերակում չի եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, այո՛, եղել է: Օրինակ՝ հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել: Ի դեպ, տատս պատմում էր, որ Մուշում հարսի գլխին չամիչ էին լցնում:
Այսօր բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, բայց դա չի կարող կոչվել տարոս, որովհետև այն ի սկզբանե ունեցել է քաղցր բան փոխանցելու բովանդակային իմաստ: «Տարոս» բառը, Էդուարդ Աղայանի բառարանում բացատրվում է այսպես. տարոսը քեզ՝ ձեզ՝ նրան՝ նրանց և այլն լինի, ասել է թե՝ նույն բանին դու (դուք, նա և այլն) ևս արժանանաք:
Պսակի քրիստոնեկան խորհուրդը
Պսակը՝ այր և կնոջ ամուսնությունը, մեր եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ամուսնությունը խորհուրդ է համարվում, որովհետև այր և կնոջ միավորությունը օրհնվում և կնքվում է Աստուծո անունով. «Աստուծո միացրածը մարդը թող չբաժանի» [Մատթ. ԺԹ 5-6]։ Պողոս առաքյալը այր և կնոջ ամուսնական միավորությունը նմանեցնում է Քրիստոսի՝ Իր Եկեղեցու հետ միությանը։
Ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, որովհետև նրա նպատակը որդեծնությունն է։
Այր և կին, իբրև իրենց Եկեղեցու ճշմարիտ անդամներ, պետք է մաքրակենցաղ լինեն, որպեսզի իրենց միությունն արդյունավոր լինի, տուն, ընտանիք կազմվի, և Եկեղեցին զորանա նոր ուժերով։
Ամուսնության համար եկեղեցին պահանջում է հետևյալ պայմանները.
- ֆիզիկական և մտավոր առողջություն
- չափահասության տարիք
- կանոնական հասունություն, այսինքն՝ հարսնացուն և փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն
- փոխադարձ համաձայնություն և սեր
- ազգային և կրոնական նույնություն
Իբրև առողջ սերունդ ունենալու պայման՝ ամուսնացողներն ազգականությամբ ու արյունով որքան հեռու լինեն իրարից, այնքան հարգած կլինեն Եկեղեցու կանոնները, որոնք հիմնված են առողջապահական սկզբունքների վրա։ Հին կանոններով՝ տղան յոթ պորտ, յոթ ճյուղ կամ յոթ աստիճան հեռու պիտի լինի այն աղջկանից, ում հետ ամուսնանում է։ Նախկինում նույնքան խիստ էին խնամիական և հոգևոր ազգականության (սանահայրություն կամ կնքահայրություն) աստիճանները, բայց այժմ դրանք գրեթե անուշադրության են մատնված, և ուշադրություն է դարձվում միայն ազգականական կամ արյունակցական կապի աստիճանին։
Տղայի և աղջկա՝ միևնույն դավանության և ազգության պատկանելը շատ կարևոր է ընտանեկան կյանքի խաղաղության և երջանկության համար։ Իսկ ամուսնացողների փոխադարձ հոժարությունն ու սերը անհրաժեշտ պայմաններ են՝ ամուսնության բնական և բարոյական պարտականությունները կատարելու համար։ Միայն այս պայմանը հարգելով են խափանվում բռնի ամուսնություններն ու այլ անպատեհությունները։
Եփեսացիների թղթում Պողոս առաքյալն ասում է. «Հնազանդվեցե՜ք միմյանց Քրիստոսի երկյուղով։ Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը։ Որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու, և Ինքն է Փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին այնպես էլ կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Այրե՜ր, սիրեցե՜ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար Ով սիրում է իր կնոջը, իրեն է սիրում Սրա համար այրը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ ետևից, և երկուսով պիտի լինեն մեկ մարմին։ Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ»:
Նորահարսի զգեստի քրիստոնեական խորհուրդը
Պսակի արարողության ժամանակ հարսի պայծառ, սպիտակ զգեստները խորհրդանշում են Ադամի և Եվայի լուսեղեն զգեստները: Նախքան մեղանչելը առաջին մարդիկ պատված էին սրբության լույսով և չէին տեսնում միմյանց մերկությունը: Այսպես էլ պսակվողներն են եկեղեցում, ինչպես որ մարդկության ծնողները դրախտում:
Քողը արգելում է հարսին ցանկությամբ նայելը, ինչպես Ադամը դրախտում ցանկությամբ չէր նայում Եվային: Քողը նաև ցույց է տալիս, որ այս կյանքում շատ իրողություններ ու երևույթներ պարզորոշ չենք տեսնում և ընկալում:
Հին ժամանակներում փիլիսոփայական միտքը աշխարհը և մարդկությունը համեմատում էր քարանձավում բնակվող մարդկանց հետ, ովքեր դրսի պայծառ իրողությունները տեսնում էին քարանձավի պատերին արտացոլվող ստվերների տեսքով: Նաև ըստ առաքյալի հաստատման՝ այս կյանքում ճշմարտությունները և Տիրոջ փառքը տեսնում ենք կարծես թե քողի միջով կամ ինչպես մի արտացոլանք հայելու մեջ, մինչդեռ հանդերձյալ կյանքում ամեն ինչ տեսնելու ենք դեմառդեմ (Ա Կորնթ. 13.12, Բ Կորնթ. 3.1318):
Այսպիսով՝ ամուսնության էթնիկ և քրիստոնեական խորհուրդը հայոց մեջ, ըստ էության, եղել և մնում է մեկը՝ որդեծնություն: Այն ի տարբերություն բուդդայական և հինդուիստական գաղափարախոսության, շատ ավելի զուսպ է՝ հիմքում ունենալով ոչ այնքան զգայականի, որքան հոգևորի խորհուրդ:
Եվ հարկ է, որ ամուսնությունը հիմնված լինի սիրո վրա, քանզի «Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։
Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։
Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու. եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի» (Պողոս Առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին)։
Եվ Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի:
Օգտագործված գրականություն
- Հրաչյա Աճառյան Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար
- Էդուարդ Աղայան Արդի հայերենի բացատրական բառարան
- Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)»
- Մարիանա Տիգրանյան «Երկնային լուսատուները հայոց ավանդական հարսանեկան գովքերում»
- «Հայկական ազգային տարազ» ֆեյսբուքյան էջ
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան