Ուզում եմ ներկայացնել կրտսեր դպրոցում անգլերենի կարճաժամկետ ուսումնական նախագծերի մտահղացման և իրականացման իմ փորձը: Նախագծերը կարճաժամկետ են, որովհետև կրտսեր դպրոցի սովորողները չափազանց հետաքրքրասեր են և ոգևորվում են նորություններով:
Գրեթե անհնար է միևնույն թեմայով նրանց հետաքրքրությունը պահել մի քանի շաբաթ կամ ամիս: Դրա կարիքն էլ չկա, քանի որ պետք է կատարել առարկայական ծրագրի պահանջները և նախագծերն էլ մտահղացվում են այդ ծրագրի պահանջներից ելնելով: Նախագծերի մտահղացման և իրականացման իմ գործունեության ամենակարևոր սկզբունքը սա է` տարբեր ուսումնական գործունեության ձևերով իրականացվող յուրաքանչյուր ուսումնական նախագիծ պետք է, նախ և առաջ, նպաստի սովորողի խոսքային կարողությունների զարգացմանը: Օրինակ, ծրագրով նախատեսված է, որ 5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա պատասխանել իր դպրոցին, դասարանին, ուսուցիչներին վերաբերող պարզ հարցերին: Ծրագրային այս պահանջից էլ ծնվում է նախագծի մտահղացումը:
Նախագիծ 1. անհրաժեշտ ժամանակը` երկու շաբաթ
5-րդ դասարանցիները ներկայացնում են Դպրոց-պարտեզը անգլերեն: Նախագծի նպատակը դպրոցական թեմայով սովորողների խոսքային կարողությունների զարգացումն է: Նախագծի իրականացման վերջնագիծը համարվում է թվային միջոցներով ստեղծված տեսադասը, որը դրվում է դպրոց-պարտեզի ենթակայքում:
Նախագծի իրականացման ընթացքը
Սկզբում կազմում եմ մեր Դպրոց-պարտեզի մասին անգլերեն մի տեքստ, որի բառապաշարը, լեզվական կառուցվածքները համապատասխանում են 5-րդ դասարանի առարկայական ծրագրի լեզվական նյութին: Տեքստը կազմելուց հետո առաջին անգամ ես եմ այն բարձրաձայն ասում դասարանում: Սովորողները կրկնում են իմ արտաբերած յուրաքանչյուր նախադասություն և հարկ եղած դեպքում թարգմանում այն հայերեն: Երբ համոզվում եմ, որ բոլոր սովորողները կարողանում են ասել այդ նախադասությունները, առաջարկում եմ նրանց հնարավորին չափ փոխարինել նախադասություններում գործածված բառերն այլ` արդեն ծանոթ բառերով: Տեքստի լեզվական նյութի ամրապնդման աշխատանքի հաջորդ էտապը տեքստի հիման վրա երկխոսությունների կազմումն է: Դպրոցական թեմայով երկխոսություններ կազմելու և վարելու կարողությունը ամրապնդելուց հետո կարելի է անցնել նախագծի վերջնագծին`տեսադասի ստեղծմանը: Դրա համար ինձ անհրաժեշտ է թվային ֆոտոխցիկ, թվային ձայնագրիչ և համակարգիչ: Դասերից հետո, սովորողների հետ բազմաթիվ լուսանկարներ ենք անում տեքստի բովանդակությանը համապատասխան, որից հետո սկսվում են ձայնագրման աշխատանքները: Սովորողը նայում է նկարին և մեկնաբանում այն, և հենց այդ ժամանակ ձայնագրվում է նրա խոսքը: Աշխատանքի հաջորդ էտապը երաժշտության և սովորողների ձայնագրությունների կցումն է արված լուսանկարներին: Ահա ստացված արդյունքը։
Նախագիծ 2. նախագիծն իրականացվում է երկու շաբաթա ընթացքում
Տարվա եղանակները
5-րդ դասարանի ծրագրով նախատեսված է նաև «Ես և շրջակա միջավայրը» թեմայի շրջանակներում սովորողների մոտ ձևավորել տարվա եղանակների մասին անգլերեն խոսելու կարողությունը: Ծրագրի կատարմանը նպատակաուղղված այս կարճաժամկետ նախագծի իրականացման վերջնագիծը համարվում է թվային տեսախցիկով նկարահանված տեսաֆիլմը, որում երեխաները խոսելով և երգելով ներկայացնում են տարվա չորս եղանակները:
Նախագծի իրականացման ընթացքը
Նախապատրաստական աշխատանքն իր մեջ ներառում է տարվա չորս եղանակների մասին կարճ, երեխաների համար մատչելի լեզվով և ծրագրին համապատասխան քերականական կառուցվածքներով տեքստի կազմումը և եղանակային տարբեր դրսևորումներին համապատասխան լուսանկարներ:
Տեքստը կազմելուց հետո սկսվում է տեքստի հետ աշխատանքը: Մեծ էկրանի վրա ցույց եմ տալիս առաջին նկարը և սկսում եմ այն նկարագրել. «It is winter. It is cold. It snows in winter. The nature is asleep in winter. The winter months are: December, January and February. We play snowballs, skate and ski in winter». Տեքստի նախադասությունները երեխաները բազմաթիվ անգամ կրկնում են: Երբ համոզվում եմ, որ ձմռան նկարագրությունը բոլոր սովորողները կարողանում են ասել, անցնում եմ հաջորդ եղանակի նկարագրությանը: Երբ չորս եղանակների նկարագրությունները ամրապնդված են, կարելի է արդեն անցնել տարվա եղանակների համեմատություններին: Դա կարելի է անել սխալ հարցադրումներով: Օրինակ, «Is it warm in winter? Is it cold in summer? Does it often rain in summer?» Տեքստերի հետ հաջորդ աշխատանքը մի փոքր ստեղծագործական մոտեցում է պահանջում: Սովորողները դասի ընթացքում զույգերով տարբեր երկխոսություններ են կազմում տարվա եղանակների մասին: Այս աշխատանքից հետո երեխաները լրիվ պատրաստ են ուսումնական տեսաֆիլմի նկարահանմանը: Ահա ստացված արդյունքը։
Ուսումնական ճամփորդությունները նույնպես աշխատում եմ հնարավորին չափ օգտագործել անցած բառապաշարը, լեզվական կառուցվածքները ամրապնդելու համար` օգտագործելով ճամփորդության ընթացքում ակամայից ստեղծվող իրավիճակները: Օրինակ, երբ սովորողների խմբի հետ մեկնում էի Գառնի, ճանապարհին սկսեցի անգլերեն խոսել նրանց հետ: Ես հարցնում էի նրանց, թե ինչ են անում իրենք այդ պահին, ինչ են տեսնում: Նրանց համար իրոք որ «ուրախ անգլերեն» էր: Նրանք այդ պահին ոչ թե դաս էին պատասխանում, այլ իրավիճակից ելնելով խոսում էին անգլերեն:
Հեղինակ՝ Աննա Գանջալյան