Մտածողության մի քանի հիմնական գործընթացներ
Նախքան մտածողության 5 փուլերին անցնելը՝ կարևոր է պատկերացում ունենալ մտածողության որոշ հիմնական գործընթացների մասին: Այս գործընթացները տեղի են ունենում ամեն փուլում, այդ պատճառով տեղին է ներկայացնել այստեղ:
Հիմնական գործընթացներն են՝
- ընդհանուրից մասնավորը գնալը
- նախագծումը
- ուշադրության ուղղորդումը
- ճանաչումը
- շարժումը։
Ես գիտեմ, որ այս խնդիրները կարող են դիտարկվել տարբեր կողմերից: Յուրաքանչյուր գործընթաց կարող է բաժանվել ենթակառույցների, և յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել: Ավելի մատչելի դարձնելու համար ես առանձնացրել եմ վերը նշվածները:
Ընդհանուրից դեպի մասնավորը գնալը
Պատկերացրեք՝ կարճատես մարդը առաջին անգամ կատու է տեսնում: Նախ աղոտ մի պատկեր է ինչ-որ մի կենդանու տեսքով: Կենդանու մոտենալուն զուգահեռ պատկերը սկսում է հստականալ, և մարդը ստանում է կատվի իրական պատկերը:
Պատկերացրեք երկու բազեների: Նրանցից մեկը գերազանց տեսողություն ունի, մյուսը կարճատես է: Նրանք երկուսն էլ սովորաբար սնվում են գորտերով, մկներով, մողեսներով: Լավ տեսողությամբ բազեն բարձրությունից տեսնում է գորտին, ցած է նետվում և ուտում: Քանի որ նա ունի գերազանց տեսողություն, կարող է սնվել միայն գորտերով և մոռանալ մկների և մողեսների մասին: Մինչդեռ վատ տեսողությամբ բազեն դա անել չի կարողանում: Նա պետք է ստեղծի բոլոր շարժվող իրերի ընդհնուր հասկացությունը: Տեսնելով մի փոքր բան, որ շաչժվում է՝ բազեն ցած է նետվում: Երբեմն նա գորտ է բռնում, երբեմն՝ մուկ, մողես, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ երեխայի կոշիկ:
Մարդկանց մեծ մասը առանց վարանելու կասի, որ լավ տեսողությամբ բազեն ավելի լավն է, սակայն նրանք ինչ-որ չափով սխալվում են: Եթե գորտերը վերանան, առաջին բազեն նույնպես կմեռնի, իսկ երկրորդին կհաջողվի կենդանի մնալ: Սա բացատրվում է երկրորդ բազեի հարմարվողականությամբ: Այս ճկունությունը առաջացել է ընդհանուր, անորոշ «փոքր շարժվող առարկաների» հասկացություններ կառուցելու շնորհիվ:
Էլեկտրոնիկա ուսումնասիրող սովորողներին առաջարկվել է ավարտել մի հեշտ սխեմա: Ուսանողների 97%-ը բողոքում է, որ բավականաչափ մետաղալար չունի միացումները ավարտելու համար: Միայն 3% -ին է հաջողվում ավարտել միացումը: 97% -ը պահանջում էր մետաղալար և մետաղալար չունենալու պատճառով չկարղացավ ավարտել առաջադրանքը: 3% -ը միակցիչի մասին ուներ ընդհանուր, լայն և աղոտ պատկերացում: Քանի որ մետաղալար չկար ձեռքի տակ, նրանք գտան այլ միակցիչ: Օգտագործեցին պտուտակահանը առաջադրանքը ավարտելու համար:
Մարդկային ուղեղի՝ որպես մտածողության համակարգի առավելություններից մեծ մասը առաջանում է տեղեկատվական համակարգի թերություններից: Քանի որ ուղեղը չի կարողանում արագ ստեղծել հստակ, մանրամասն պատկեր, մեր ուղեղի շտեմարանում մենք ունենք հազարավոր ընդհանուր, աղոտ պատկերներ, որոնք հետո դառնում են հասկացություններ: Այս ընդհանուր, լայն և աղոտ պատկերները շատ կարևոր են մտածության մեջ:
Դիտարկենք այս երկու խնդիրների տարբերությունները․
- Ինձ սոսինձ է պետք այս երկու փայտանյութերը կպցնելու համար։
- Ինձ ինչ-որ միջոց է անհրաժեշտ այս երկու փայտանյութերը կպցնելու համար:
Առաջինը շատ կոնկրետ է: Եթե չկա սոսինձ, ապա առաջադրանքը չի կատարվի: Նույնիսկ եթե սոսինձ լինի էլ, միգուցե դրանով հնարավոր չլինի կպցնել:
Երկրորդ խնդիրը ենթադրում է մի քանի այլընտրանք երկու փայտանյութերը կպցնելու համար, օրինակ՝ սոսինձ, մեխեր, պտուտակներ, կեռեր, պարան և այլն: Դա օգնում է հարմարվել այն դեպքում, երբ սոսինձ չկա և թույլ է տալիս հաշվի առնել այլ հնարավորություններ:
Լավ մտածողները կարողանում են անցում կատարել մասնավորից ընդհանուրին, հատուկից վերացականին և հակառակը:
Երբ մենք խնդրի լուծում ենք փնտրում, հաճախ պետք է սկսենք ամենավերացական հասկացություններից:
- Մենք ինչ-որ ձևով պետք է ամրացնենք սա պատին։
Հետո սկսում ենք վերացականից անցում կատարել հատուկին: Վերջում մենք կարողանում ենք կոնկրետ գործել: Բայց վերացական աղոտ պատկերները մեզ թույլ են տալիս ավելի լայն ծավալով փնտրել, ավելի ճկուն լինել և գնահատել իրավիճակը:
Կոնկրետից ընդհանուրին գնալու կարողությունը կոչվում է վերացարկում՝ տերմին, որն ավելի շփոթեցնող է, քան օգնող:
Անցնելով մտածողության հինգ փուլերը՝ կտեսնեք հաճախակի անցումներ ընդհանուրից մասնավորին և հակառակը:
Մտածողության մեջ մեզ սովորաբար ստիպում են լինել ճշգրիտ: Միայն այս տարածքում է, որ խրախուսվում է լայն ու աղոտ մտածելը: Իհարկե, դուք պետք է ճիշտ ուղղությամբ մտածեք: Օրինակ՝ եթե պետք է ինչ-որ բան կպցնել պատին, դուք չպետք է մտածեք, թե ինչպես ձվածեղ անեք:
Նախագծում
Պատկերացրեք՝ ձեր մտքում ունեք տեսագրիչ, դուք սեղմում եք կոճակը և ձեր մտքում տեսնում շարժվող պատկերների էկրանը:
- Նախագծումը մտքում առաջ շարժվող ինչ-որ բան է․
- նախագծումը երևակայելն է․
- նախագծումը պատկերացնելն է։
Մենք կարողանում ենք տեսնել աշխարհում մեզ շրջապատող բազմաթիվ իրեր: Նախագծումը թափանցելն է մեր մտքի մեջ և տեսնելն է այդ իրերը այնտեղ: Մի մեքենա մի կողմից սպիտակ է ներկված, իսկ մյուս կողմից՝ սև: Պատկերացնենք՝ ինչ տեղի կունենա, եթե այս մեքենան պատահարի մեջ ընկնի: Մենք մեր մտքում դատարանում պատկերացնում ենք մարդկանց, որոնք իրար հակադիր բաներ են ասում: Մեկը պնդում է, որ մեքենան սպիտակ էր, մյուսը ՝ սև: Հումորը մեծ մասամբ հիմնված է երևակայության վրա: Մենք պատկերացնում ենք տեսարանը:
Նախագծումը մտածողության շատ կարևոր մասն է, որովհետև ամեն ինչ չէ, որ կարողանում ենք ստուգել իրական աշխարհում: Այդ պատճառով մենք մեր մտքում ենք տեսնում, թե ինչ է պատահելու: Հնարավոր է՝ սխալվենք և չկարողանք ստանալ հստակ պատկերներ, համենայնդեպս, կունենանք որոշ պատկերացում:
«Ինչ կպատահեր, եթե հանրային տրնսպորտը անվճար լիներ»
Ոմանք կպատկերացնեն, որ դրանից կշահեն աղքատ մարդիկ, ոմանք ՝գերբեռնված իրավիճակ, մյուսները կպատկերացնեն քաղաքի խանութների համար առավելություններ, ոմանք էլ կմտածեն, որ իրենց հարկերը կավելանան:
«Ինչ կպատահի, եթե բաժակի մեջ լողացող սառույցի կտորը հալչի: Բաժակում ջրի մակարդակը կբարձրանա, կիջնի, թե՞ նույնը կմնա»։
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ֆիզիկայի իմացություն: Մեր երևակայությունը սահմանափակվում է մեր գիտելիքավ և փորձով, սակայն մենք պետք է առավելագույնս օգտագործենք այն:
«Ի՞նչ կլինի, եթե մենք շրջանը փոխարինենք եռանկյունով»։
Նախագծողը միշտ պետք է պատկերացնի՝ ինչ է տեղի ունենալու այս կամ այն փոփոխությունից:
Էյնշտեյնի կիրառած հայտնի մտքի փորձերը հիմնվում են նախագծման վրա: Դուք ձեր մտքում կարող եք տեսնել, թե ինչ կպատահի: Դուք կարող ենք հասնել մի կետի, որ ինքներդ ձեզ կասեք՝ ես չգիտեմ, թե ինչ է պատահելու: Սա արդեն դառնում է մի կետ, որտեղից ավելի հեռուն ես մտածում, կամ փորձարկումների պատրաստություն ես տեսնում։
Որոշ դեպքերում մտածողությունն անշուշտ իրականացվում է թղթի վրա պատկերներով, մաթեմատիկական սիմվոլներով: Մենք նույնիսկ կարող ենք բառախաղ անել: Բայց մտածողության մեծ մասը տեղի է ունենում մեր մտքում՝ օգտագործելով նախագծումը:
Այն, ինչ դուք նախագծում ենք ձեր մտքում, ոչ միշտ է ճիշտ: Դուք կարող եք բաց թողնել ինչ-որ կարևոր մի բան: Հնարավոր է՝ թեմայի վերաբերյալ ունենաք անբավարար գիտելիք և փորձ: Դուք ձեր նախագծերում չպետք է լինեք ինքնահավան և դոգմատիկ: Պատրաստ եղեք ընդունելու, որ դրանք կարող են լինել սխալ և սահմանափակ:
Ուշադրության ուղղորդում
«Ժամը քանի՞սն է»։
«Քանի՞ տարեկան եք»։
«Հավանեցի՞ք ապուրը»։
«Էլի սուրճ կցանկանա՞ք»
«Ո՞րն է Միացայլ Նահանգների դոլարի և ճապոնական յենի ընթացիկ փոխարժեքը»։
«Ո՞ր աստիճանի ջերմության դեպքում է պլաստմասսան հալչում»։
Բոլոր այս հարցերը ուշադրությունը ուղղորդելու միջոցներն են: Մենք հեշտությամբ կարող ենք դուրս թողնել հարցական բառերը և փոխարենը խնդրենք մարդկանց՝ ուշադրություն դարձնեն հստակեցված հարցերի վրա:
«Ուշադրություն դարձրեք ժամանակի վրա»։
«Ասեք ժամը»։
«Ուշադրություն դարձրեք Ձեր տարիքի վրա և ասեք՝ ինչ հայտնաբերեցիք»։
«Ուշադրություն դարձրեք պլաստմասսայի հալչելու ջերմաստիճանին և ասեք , թե ինչ գիտեք»։
Մի հետազոտող վերադառնում է նոր հայտնաբերված կղզու արշավից: Նա զեկուցում է մի ծխացող հրաբուխի և մի թռչունի մասին, որ չի կարողանում թռչել: Բայց էլ ի՞նչ կար այնտեղ: Հետազոտողը ասում է, որ սրանք այն երկու բաներն են, որ գրավեցին իր ուշադրությունը: Դա այնքան էլ լավ չէ: Այսպիսով՝ հետազոտողին հետ են ուղարկում՝ տալով հստակ ցուցումներ՝ կիրառելով ուշադրությունը կենտրոնացնող մի պարզ կաղապար:
-Նայիր հյուսիս և նշիր, թե ինչ ես տեսնում: Նայիր արևելք և նշիր, թե ինչ ես տեսնում: Հետո նայիր հարավ և նշիր, թե ինչ ես տեսնում: Նայիր արևմուտք և նշիր, թե ինչ ես տեսնում: Այժմ վերադարձիր և մեզ տուր քո գրառումները:
Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք հրահանգները ապահովեցին շատ պարզ կաղապար ուշադրությունը կենտրոնացնելու համար: Մեր ուշադրությունը անցնում է երեք ուղղություններով․
- դեպի այն, ինչը գրավում է մեր հետաքրքրությունները կամ հուզական ներգրավվածությունը այդ պահին․
- փորձի և փորձառության ընթացքում սովորություն դարձած կետերին
- քիչ թե շատ պատահական շեղում մեկ թեմայից մյուսին։
Միտումնավոր մտածողության գործընթացի մեծ մասը ներառում է ուշադրության կոնկրետ ուղղություն: Սոկրատեսյան հարցադրումները հենց այդպիսին են: Ոչ մի հրաշք չկա:
Դպրոցների՝ ՃՎՀ[1] մտածողության ծրագիրը (ավելի ուշ կանդրադառնանք) ներառում է ուշադրությունը ուղղորդող մի շարք գործիքներ: Օրինակ՝ ԱՄՏ[2] գործիքը օգնում է մտածողին ուշադրություն դարձնելու այլ մարդկանց տեսակատներին: Շատերը կարողանում են դա անել մեխանիկորեն, մյուսները՝ ոչ, ուստի անհրաժեշտ է ուշադրության ուղղորդող գործիք:
Վերլուծության ընթացքը ՝ ուշադրության ուղղորդման ցուցում:
-Ուղղեք ձեր ուշադրությունը իրավիճակը կազմող բաղադրիչների վրա։
-Ուղղեք ձեր ուշադրությունը այն պատճառների վրա, որոնք ազդում են նավթի գնի վրա:
-Ուղղեք ձեր ուշադրությունը տարբեր գործոնների վրա, որոնք ընդգրկված են ոստիկանության գործունեության արդյունավետության համար:
-Ուշադրություն դարձրեք սկեյտբորդը կազմող մասերի վրա։
-Ուշադրություն դարձրեք ընթացիկ ռազմավարության գործոնների վրա։
Համեմատությունը ուշադրության ուղղորդման մեկ այլ հիմնարար ցուցում է:
-Ուշադրություն դարձրեք այս երկու առաջարկների նմանությունների վրա:
— Ուշադրություն դարձրեք այս երկու փաթեթավորումների նմանությունների և տարբերությունների վրա:
-Ուշադրություն դարձրեք դեպի ծովափ տանող ճանապարհների հարաբերական առավելությունների և թերությունների վրա:
-Համեմատեք այս երկու միկրոալիքային վառարանները: Ուշադրություն դարձրեք գնի, կարողության, արտադրողի վարկանիշի վրա:
Ուշադրության ուղղորդման համար կարող ենք օգտագործել արտաքին կաղապարներ ( ինպիսիքն են ՃՎՀ–ի գործիքները) կամ էլ ներքին ցուցումներ, ինչպիսիքն են վերլուծելը և համեմատելը:
Ուշադրության ուղղորդման մեկ այլ ձև էլ իրավիճակի ինչ-որ կողմի վրա ուշադրության կենտրոնացման պահանջն է:
—Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք դիզվառելիքի և նավթի հարկերի բարձրացման քաղաքական ազդեցության վրա:
-Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք միջոցառման անվտանգության կազմակերպման վրա:
-Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե ով է վարժեցնելու այս շանը, որ ցանկանում ենք գնել:
-Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք տեխնիկական քոլեջ գնալու առավելությունների վրա:
-Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի թերությունների վրա:
Մտածողության վեց գլխարկների հենքով (մենք կքննարկենք ավելի ուշ) ուշադրության այս կենտրոնացումը ձեռք է բերվում արտաքին կաղապարով: Օրինակ՝ «դեղին գլխարկի» օգտագործումը ենթադրում է առանձնահատուկ կենտրոնացում քննարկվող արժեքների և առավելությունների վրա: «Սև գլխարկի» օգտագործումը նշանակում է ուշադրություն դարձնել միայն վտանգի, խնդիրների և թերությունների վրա:
Թեև շատերը պնդում են, որ կարող են ինքնաբերաբար ուղղել ուշադրությունը, գործնականում դա այդպես չէ: Օրինակ՝ մի խումբ փորձառու գործադիրների խնդրել են դատել առաջարկները օբյեկտիվորեն, մի ուրիշ խմբի՝պատահականության սկզբունքով օգտագործել դեղին կամ սև գլխարկները: Նրանք, ովքեր օգտագործում էին գլխարկներ, երեք անգամ ավելի շատ գծեր հայտնաբերել, քան մյուսները։ Թեպետ մյուսները ևս պնդում են, որ իրենք էլ յուրաքանչյուր իրավիճակում ուսումնասիրում են «կողմ» և «դեմ» տեսանկյունները:
Ահա թե ինչու է երբեմն անհրաժեշտ ունենալ ուշադրության կենտրոնացման արտաքին, ֆորմալ, կանխամտածված գործիքներ: Դրանք կրող են հեշտ և ակնհայտ թվալ, սակայն շատ արդյունավետ են:
Ճանաչում և համապատասխանեցում
Մանկական խաղալիքներից ամենատարածվածներից մեկում երեխային առաջարկում են հնարավոր տարբեր ձևերի ֆիգուրները տեղավորել համապատասխան անցքերի մեջ: Շատերը համընկնում են, որոշները՝ ոչ:
Ինչ-որ մեկը հեռվից ձեզ է մոտենում: Դուք չեք նախատեսել որևէ մեկին հանդիպել: Նրա մոտենալու հետ դուք սկսում եք մտածել, որ հավանաբար ճանաչում ենք նրան: Նա մոտենում է, և դուք համոզվում եք, ճանաչողականությունը հաստատված է, և կա համապատախանություն:
Գինու փորձագետն առանց պիտակի շշից գինի է համտեսում: Որոշ ժամանակ անց նա հայտարարում է, որ այս գինին Չիլլիի Կասաբլանկա շրջանից է: Տեղի են ունենում ճանաչում և համապատասխանեցում:
Ուղեղը, հիմնվելով փորձի վրա, ձևավորում է կաղապարներ: Իրականում փորձառությունն է ուղեղի մեջ ինքնակազմակերպվում կաղապարների: Ահա թե ինչու մենք առավոտյան միանգամից հագնվում ենք․ հակառակ դեպքում մենք սկիպված կլինեինք հետազոտելու հագնվելու 398,165,800 եղանակները ընդամենը 11 կտոր հագուստի պարագայում: Առանց կաղապարների մենք չէինք կարողանա փողոցն անցնել, մեքենա վարել, գրել, կարդալ կամ ինչ-որ օգտակար բան անել աշխատավայրում: Ուղեղը կաղապարներ ստեղծող և կաղապարներ օգտագործող հիանալի համակարգ է (ինչը բացատրում է, թե ինչու է այն ստեղծականույթան համար վնասակար):
Մենք ուզում ենք տեղավորել ամեն ինչ կաղապարների մեջ:Մենք ուզում ենք օգտագործել փորձառությունից ստացված արկղիկներն ու սահմանումները, ճիշտ ինչպես Արիստոտելն էր ուզում, որ անենք: Մենք սովորաբար դա անվանում ենք ճանաչողություն, նույնականացում, դատողություն: Հիմնականում դա չափազանց օգտակար է: Բայց երբեմն էլ վտանգավոր է, երբ մենք ընտրում ենք սխալ արկղիկ կամ էլ այս արագ զարգացող աշխարհում օգտագործում ենք հին արկղիկները:
Մենք ձեռնամուխ ենք լինում ինչ-որ մի բան փնտրելու: Երջանիկ ենք լինում, երբ գտնում ենք փնտրածի համապատասխանելիություն և դրանով գործն ավարտում ենք:
Ճանաչողության գործընթացում կա մի տեսակ «կրճատում»: Սա նշանակում է, որ մենք ընտրել ենք համապատասխան կաղապար, և պետք չէ ընկնել այլ փնտրտուքների մեջ:
Ես գերադասում եմ «համապատաախանություն» բառը « դատողություն» բառից, որովհետև վերջինը ավելի լայն նշանակություն ունի: Դատողությունը կարող է նշանակել գնահատում, որը ուշադրության կենտրոնացման ընթացք է: «Համապատասխանություն» բառը ավելի մոտ է «ճանաչում» բառին:
Ինչ-որ առումով մտածողության նպատակը մտածողության բացառելն է: Որոշ մարդիկ դա հաջողել են: Մտածողության առաջարկն է ստեղծել կաղապարեր այնպես, որ կարողանանք աշխարհը տեսնել այդ կաղապարների միջոցով, որոնք հետո մեզ կասեն, թե ինչ անենք: Մտածելն այլևս պետք չի լինի: Որոշ մարդիկ սրանում հաջողել են, որովհետև համոզված են, որ իրենց ստեղծած կաղապարները բավարար են իրենց հետագա կյանքի համար: Այս մարդկանց համար չկա հեռանկար կամ առաջընթաց: Բայց նրանք կարող են ինքնագոհ ու բավարարված լինել:
Մտածողության մեջ մենք փորձում ենք ճանաչել կաղապարները, նշում ենք, երբ ճանաչողականություն ենք ունենում: Մենք պետք է նաև գիտակցենք նման ճանաչման արժեքն ու վտանգը: Կարծրատիպերի կիրառումը ճանաչողական գործընթացի մի ձև է, որը երբեմն ավելի վնասակար է, քան օգտակար:
Շարժում և այլընտրանք
Թերևս մտածողության վերը նշված հիմնական գործընթացները ձեզանից շատերին ծանոթ են, բայց հազիվ թե որևէ մեկին ծանոթ է այնպիսի մի գործընթաց, ինչպիսին է շարժումնը։ Շարժումը պարզապես նշանակում է, թե ինչպես եք առաջ շարժվում այն դիրքից, որտեղ դուք այժմ գտնվում եք: Որպես մտածողության ստեղծական մեթոդ շարժման հետ միասին օգտագործվում է սադրանքը:
Սադրանքի մեջ մենք կարող ենք ստեղծել այն, ինչ կա մեր փորձի սահմաններից դուրս և նույնիսկ հակասում է մեր փորձին: Որպես սադրանքի օրինակ կարելի է մեջբերել հետևյալը. «Մեքենաները պետք է ունենան քառակուսի անիվներ»: Դատողությունն անմիջապես կասի, որ սա անհնար է, սա կառուցվածքի տեսակետից անհամահունչ է, այն ավելի շատ վառելիք կսպառի, կտոր-կտոր կլինի, արագությունը շատ ցածր կլինի, դրա համար կպահանջվի հզոր շարժիչ, նման մեքենա վարելը ծայրահեղ անհարմար կլինի և այլն: Միանգամայն ակնհայտ է, որ մեր դատողությունը թույլ չի տա օգտագործել այս սադրանքը, քանի որ այն առաջնորդվում է անցյալի փորձով, այնինչ ստեղծականությունը միշտ կապված է ապագայի հնարավորությունների հետ: Մեզ անհրաժեշտ է մեկ այլ մտավոր գործընթաց, և սա կոչվում է «շարժում»: Ինչպե՞ս մենք առաջ գնանք սադրանքից հրվելով:
Մենք կարող ենք սկսել առաջ շարժվել՝ պատկերացնելով պտտվող քառակուսի անիվ (նախագծման գործընթաց): Երբ անիվը անկյան տակ է, կախոցը կարող է սեղմվել, իսկ մեքենան կմնա գետնից նույն հեռավորության վրա:Արդյոք այստեղից էլ ծնվում է «կասեցում» հասկացությունը, որը տատանվում է ՝ կախված անհրաժեշտությունից: Սա բերում է«ակտիվ» կամ «խելամիտ» կասեցման գաղափարի, որն այժմ դիտվում է որպես իրական հնարավորություն:
Շարժում ենք անվանում ցանկացած առաջընթաց որևէ դիրքից, գաղափարից: Շարժումը կարող է ներառել զուգորդում: Մենք գաղափարից անցնում ենք զուգարդման:
Շարժումը կարող է ներառել նաև ձգտումներ ու երևակայություններ, որտեղ գաղափարները պարզապես հաջորդում են իրար:
Այս գործընթացը ներառում է նաև այլընտրանքի սահմանում: Եթե մենք ինչ-որ բանի հասնելու մեկ ճանապարհ ունենք, մի բան, որը լիովին բավարարում է մեզ, ապա ինչո՞ւ օգտագործենք ուրիշը: Չնայած դրա համար տրամաբանական պատճառ չկա, սակայն մենք պետք է ջանք թափենք ստեղծելու զուգահեռ այլընտրանքներ: Սա ներառում է «Է՞լ ինչպես կարող եմ անել դա» շարժումը:
Այլընտրանքներ փնտրելու առավելությունները միանգամայն ակնհայտ են: Առաջին գտածը չի նշանակում լավագույնը: Այլընտրանքների շարքը թույլ է տալիս համեմատելու, գնահատելու և ամենալավ տարբերակը ընտրելու:
Շարժումը կարող է ուղղորդվել հրահանգով կամ էլ ուշադրությունը կետրոնացնելու պահանջով: Մենք կարող ենք մեր ուշադրությունը կետրոնացնել նույն դասի այլ անդամների վրա: Եվ մենք շարժվում ենք դեպի այդ անդամները:
Շարժումը շատ լայն գործընթաց է և համընկնում է այլ գործընթացների հետ:
Շարժումը նաև հիմքն է «հոսող տրամաբանույթան», որը ես նկարագրել եմ իմ «Water Logic» գրքում: Հոսող տրամաբանության մեջ դիտարկում ենք բնական հոսքը մեկ գաղափարից դեպի մյուսը: Ավելի միտումնավոր գործընթացում մենք փորձում ենք շարժում առաջացնել մեկ գաղափարից դեպի մյուսը:
«Այստեղից ու՞ր ենք գնում»։
«Ի՞նչ այլընտրանքներ կան այնտեղ»։
«Ինչպե՞ս կարող ենք հետ կանգնել այս սադրանքից»:
«Ի՞նչ կլինի հետո»:
«Ի՞նչ միտք է ծագում»։
Կարող ենք ասել, որ մտածողության ամբողջ գործընթացը փորձ է սկսելու շարժումը ցանկալի ուղղությամբ՝ դրա համար օգտագործելով տարբեր միջոցներ:
[1] Ճանաչողական հետազոտական վստահություն
[2] Այլ մարդկանց տեսակետը
Թարգմանիչ՝ Իրինա Ապոյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան