Ինչպե՞ս է պետք կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում

Լիանա Հայթին «Education Week» շաբաթաթերթ, 8 նոյեմբերի, 2016

Քննարկման ենթակա չէ, որ ընթերցելու բնույթը փոխվել է վերջին տասնամյակում՝ էլեկտրոնային շարժական սարքերի, էլեկտրոնային մուլտիմեդիա կայքերի, թվայնացված գրքերի, ինտերակտիվ գծապատկերների և սոցցանցերի զարգացումներով: Բայց արդյո՞ք տարրական դպրոցներում էլ է փոխվել կարդալ սովորեցնելու ձևը: Ի՞նչ պետք է ուսուցիչներն անեն, որպեսզի սովորողներին նախապատրաստեն ժամանակակից իրական ընթերցանությանը:

Մինչև հիմա ընդհանուր համաձայնություն չկա այն հարցում, թե ինչպես գրագիտության ուսուցանման մեջ պետք է ներառել թվային սարքերով աշխատելու կարողությունները: Գործող ուսուցիչները քիչ ուղենիշներ ունեն, և նրանցից շատերն իրենց դասերը պարզապես հարմարեցնում են նոր իրողությանը իրենց հայեցողությամբ: Գրագիտության ուսուցանման շատ փորձագետներ էլ գոնե մեկ բանում ընդհանուր համաձայնության են եկել. բոլոր սովորողները՝ նույնիսկ ամենակրտսերները, պետք է միաժամանակ սովորեն և′ տպագիր, և′ թվային տեքստերով:

«Հենց այնպես ինչպես մենք կրտսեր տարիքի երեխաներին սովորեցնում ենք գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսք հասկանալը, կարող ենք խոսել նախադպրոցական և մանկապարտեզային տարիքի երեխաների հետ. սա այն տեքստն է, որի էջերը շրջում ենք, իսկ այս տեքստի տարբեր էջերին կտտացնում ենք»,- ասել է Ֆորդհեմ համալսարանի անգլերենի ուսուցման և ժամանակակից գրագիտության դոցենտ Քրիսթեն Հոլին: Շատերի կողմից է ընդունված, որ վաղ հասակում սովորողներին իրական ու ժամանակակից ձևով կարդալ սովորեցնելու եղանակը միաժամանակ տպագիր և թվային տեքստեր տալն է:

«Սա այն ձևն է, որով մարդիկ ժամանակակից աշխարհում կարդում, գրում, հաղորդակցվում և սովորում են, և ուրեմն երեխաներն էլ պետք է սկսեն նույն կերպ սովորել ամենասկզբից», ասել է Կոլորադոյի համալսարանի գրագիտության ուսուցանման դոցենտ Բրիջիտ Դալտոնը, «չի կարելի սպասել, մինչև նրանք լավ յուրացնեն կարդալու մի ձևը և հետո անցնեն մյուսին: Դա համաժամանակյա զարգացում է»: Բայց, ինչպես փորձագետներն են ասում, դժբախտաբար այդ ձևով ուսուցանման անցումը շատ վայրերում դանդաղ է իրականացվում: «Կարդալ» բառը տարրական դասարաններում դեռ հաճախ վերաբերում է միայն տպագրին:

Ըստ Կրթության զարգացման ազգային գնահատման 2015 թվականի հարցման տվյալների՝ օրական միայն 10-ից մեկ 4-րդ դասարանցին է համակարգիչ օգտագործում, որպեսզի ընթերցանության համար նախատեսված կայքեր մտնի: Չորրորդ դասարանցիների մոտավորապես 30%-ը երբեք, կամ գրեթե երբեք էլեկտրոնային տեքստեր կարդալու համար համակարգիչ չի օգտագործում դպրոցում…

Հավելում տպագրային ունակություններին

Տպագիր տեքստ կարդալու հիմնարար ունակություններ յուրացնելու արդեն իսկ դժվար աշխատանքին թվայնացված տեքստեր ավելացնելը կրտսեր դպրոցի սովորողներին կարող է ճնշող թվալ:

Նույնիսկ թվայնացված դարում ծնված սովորողները կարիք ունեն մի խումբ նոր ունակությունների ձեռքբերման, ինչը ներառում է նոր սարքեր ու առցանց գործիքներ աշխատացնելուն, ուշադրության կենտրոնացմանը, անվտանգությանն ու անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելուն:

«Դժվար է մեզ համար: Լինելով ուսուցիչներ՝ ինքներս ենք նոր միայն գիտակցում, թե որքան է փոխվել մեր ընթերցելն ու գրելը առօրյա կյանքում»,- խոստովանել է երրորդ դասարանի ուսուցիչ Ֆրենկի Սիբերսոնը Դուբլինից (Օհայո նահանգ), որ նաև անգլերենի ուսոուցիչների ազգային խորհրդի փոխնախագահն է:

Շատերն են այն կարծիքին, որ տեխնիկական ունակություններ սովորեցնելու ամենալավ ձևերից մեկը մոդելավորման միջոցով է լինում: Ուսուցիչները կարող են իրենք գործածել տեխնոլոգիան և միաժամանակ էլ բարձրաձայն ասել, թե ինչ են անում: Չիկագոյի առաջին դասարանի ուսուցիչ Քրիստին Զիմկեն էլ այսպես է արտահայտվել. «Այս շաբաթ կարող ենք տպագիր գիրք կարդալ, իսկ հաջորդ շաբաթ կարող եմ անցնել իմ ընտրած «Kindle»-ին (էլեկտրոնային գրքերի հավաքածու): Ես ուզում եմ, որ իմ աշակերտները տեսնեն, թե ինչպես եմ  էլեկտրոնային գրքի էջը առաջ և հետ շրջում: Կարիք չկա, որ յուրաքանչյուր սովորող՝ հատկապես ամենակրտսերները, ունենան սեփական համակարգիչ դասարանում: Մեկ համակարգիչը իր պրոյեկտորով ամեն ինչ փոխում է և´ ուսուցիչների, և´ սովորողների համար»:

«Կրտսեր սովորողների համար բոլորովին էլ դժվար չէ տպագիր բառերից ու տեքստից հայացքներն ուղղել էկրանին: Դա իրենց աշխարհընկալման բնական ձևի ընդլայնում է: Դա այն է, ինչին առերեսվում են իրենց կենցաղում»,- ասել է Կարեն Պելեքիսը՝ առաջին դասարանի ուսուցիչը Սքարսդեյլից:

Ոչ գծային տեքստեր

Թղթե տպագիր և էլեկտրոնային առցանց ընթերցումների ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ընթերցելուց բացի տալիս է նաև որոշում կայացնելու հնարավորություն:  Քեթրին Հեյլը՝ տեխնոլոգիայի դասավանդողը Արլինգտոն քաղաքից, հայտնել է հետևյալ կարծիքը. «Տպագիր ընթերցանությունը վերջ ունեցող մեկուսի ընթերցանություն է, իսկ թվային ընթերցանությունը ավելի շատ նման է արկածներ որոնելուն: Դու կարող ես կտտացնել մի այլ բանի վրա ու նորից շարունակել ընթերցելը»: Այլ կերպ ասած` ընթերցանությունը գծային բնույթով տպագրից անցում է կատարում դեպի ոչ գծային առցանցը: Փորձագետներն ասում են, որ ուսուցիչները պետք է ուղղակիորեն օգտվեն այդ տարբերությունից՝ ցույց տալով սովորողներին, որ երբեմն մի որևէ հոդվածի կեսին հասնելով ճիշտը դադար առնելն է և մի հղումին կտտացնելը կամ էլ՝ մի տեսաֆիլմ դիտելը, եթե դա օգնելու է տեքստի բովանդակությունն ավելի լավ հասկանալուն: Թերներն ասել է. «Մենք պետք է կրտսեր սովորողներին սովորեցնենք, որ թվայնացված տեքստերը հղումներով են և համացանցի տարբեր կայքերում են, և ընթերցողը մի տեղից մյուս տեղն է գնում թռիչքաձև, այլ ոչ թե միայն ձախից աջ»:

Միևնույն ժամանակ սովորողները պետք է գիտակցեն, որ առցանց ընթերցանության և տպագիր ընթերցանության ֆորմատները տարբեր են, բայց նպատակը նույնն է մնում… Այդուհանդերձ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երբ 3-ից 6 տարեկան երեխաներն իրենց ծնողների հետ էլեկտրոնային գրքեր են կարդում, ավելի քիչ բովանդակային մանրամասներ են հիշում, քան երբ աշխատում են տպագիր գրքերով…Առցանց ընթերցման ընթացքում կրտսեր սովորողները կարիք ունեն, որպեսզի իրենց սովորեցնեն, թե ինչպես է կարելի չշեղել ուշադրությունը ընթերցանության բուն նյութից. ե՞րբ անտեսել հղումները, հարակից ներդիրները և չթռչել մի այլ տիրույթ…

Առցանց տեքստերի որոնում

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ հենց այնպես, ինչպես սովորողները գրադարանում տպագիր գրքեր ընտրել են սովորում, նույն կերպ էլ պետք է սովորեն առցանց տեքստեր որոնելուն, բայց, իհարկե, առցանց որոնումը լի է անվտանգության և անձնական տվյալների գաղտնիության խնդիրներով, և այս պատճառով կրտսեր սովորողները որոնումը պետք է կատարեն ավելի սահմանափակ տիրույթում: Փելեկիսն, օրինակ, խուսափում է իր առաջին դասարանցիներին որոնում առաջադրելուց և միանգամից տալիս է նրանց պահանջվող տեքստի հղումը… Այդ ձևով նա իր սովորողներին հեռու է պահում հնարավոր անպատշաճ տեքստերից…

Իսկական ընթերցանությունը ընդդեմ խաղերի

Անհաշիվ քանակության առցանց խաղեր կան, որոնք օգնում են սովորողներին վարժանքների միջոցով բարելավել իրենց կարդալու կարողությունները և դասավանդողներն էլ տարիներ շարունակ օգտագործում են դրանք, բայց թվային ընթերցանության փորձագետները զգուշացնում են, որ էական տարբերություն կա ընթերցանական խաղեր (հնչյունական բնույթի, բառապաշարային) օգտագործելու և իսկական առցանց ընթերցանության միջև:       

Խաղերի վերաբերյալ Զիմկեն հետևյալ միտքն է ասել. «Երբ ինձ հարցնում են, թե որն է երկրորդ դասարանի համար ամենալավ բառային խաղը, որը հիմնված է ամենաշատ օգտագործվող բառերի վրա, պատասխանում եմ, որ չգիտեմ, ես չեմ օգտագործում խաղային տեխնոլոգիան: Ես բոլորովին դեմ չեմ խաղերին, բայց երբ խոսքը վերաբերում է ամենասկզբին, նրան, թե ինչից սկսենք, այն կարծիքին եմ, որ մենք այնքան շատ բան կարող ենք անել մեր ամենօրյա աշխատանքը մոդելավորելով և տեխնոլոգիան նպատակային իսկական ձևով օգտագործելով»…

Դասարանային խոչընդոտներ

… Շատ ուսուցիչներ բողոքում են, որ իրենք դասարանում չունեն համակարգիչներ և ինտերնետ կապ, որպեսզի սկսեն առցանց ընթերցում իրականացնեն: Թերներն այն կարծիքին է, որ դա ուսուցիչների ամենափոքր խնդիրն է: «Ավելի մեծ խնդիր է այն, որ ուսուցիչները երկընտրանքի մեջ են ընկնում և չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ տարվող կրթական քաղաքականությունը անհրաժեշտաբար չի զարգացնում թվային առցանց ընթերցանությունը: Համացանցը լցված է միօրինականացված թեստերով, որոնք չեն պահանջում իսկական ընթերցանական կարողություններ, ինչպիսին է համացանցում որոնողական մեխանիզմների գործածումը: Եվ շատ դեպքերում, քանի որ իսկական առցանց ընթերցման կարողությունը չի գնահատվում, ուսուցիչներն առաջնայնություն չեն տալիս դրա ձևավորմանը»:

Չեստերֆիլդի մանկավարժական նորարարության համակարգող Բասսը իր բլոգում գրել է. «Մեծ հաշվով ժամանակին մեզ չեն պատրաստել որպես ուսուցիչներ, որ աշխատելու էին թվայնացված տիրույթում սովորողների հետ: Մենք հետ ենք ընկնում և ապավինում այն ամենին, ինչին մեզ են սովորեցրել, իսկ դա հենց խոչընդոտ է»: Որոշ ուսուցիչներ էլ այլ կերպ են մտածում, որ հետ են պահում իրենց առցանց ընթերցանությունից: Զիմկեն իր բլոգում նշել է. «Կան ուսուցիչներ, որ սպասում են, մինչև անցնեն այլ աշխատանքի, կամ էլ ասում են, որ կգնան այլ դպրոց, որտեղ տեխնոլոգիային այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Որոշ մանկավարժներ էլ գիտակցորեն կապված են այն մտքին, որ սիրահարված են տպագիր գրքերին՝ ասելով …Ինչ-որ մի ձգող կախարդական բան կա գիրքը ձեռքում պահելու և թերթերը շրջելու մեջ», բայց Հալեն գրել է. «Ընթերցելն այլևս տպագիր տեքստ ընթերցել չէ: Ընթերցելը աշխարհի ընթերցումն է դարձել»:

Աղբյուրը՝

How Should Reading Be Taught in a Digital Era?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով