Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
Գլուխ 6
Մարդու համար իր կոչումը փնտրելը կարող է դառնալ բարդ խնդիր տարբեր պատճառներով, որոնց մի մասը մենք արդեն քննարկել ենք: Երբեմն արգելքները կարող են լինել ներքին, ինչպիսին է վստահության պակասը կամ վախը ձախողումից: Հաճախ մարդու համար իսկական արգելք է դառնում շրջապատող աշխարհն իր գնահատականներով, սպասելիքներով և պատկերացումներով: Երբեմն խոչընդոտի աղբյուրը շրջապատող մշակութային միջավայրն է ընդհանրապես:
Մտածում եմ, որ կոչումը փնտրելու խոչընդոտները կարելի է նկարագրել որպես երեք կենտրոնացված «ճնշման շրջաններ»՝ անձնական, սոցիալական և մշակութային:
Անհատական է
Իմանալով, թե ինչպես է դասավորվել Չակ Քլոուզի կյանքը՝ մենք զարմանքով պարզել ենք, որ դպրոցական ուսուցիչները և համադասարանցիները նրան համարում էին հետամնաց: Երեխաներն այդպես էին կարծում, քանի որ Չակն թույլ ֆիզիկական առողջություն ուներ, ինչը նրան խանգարում էր, որ զբաղվեր սպորտով և անգամ խաղար պարզ շարժուն խաղեր: Ուսուցիչները հավանաբար այդպես էին մտածում, քանի որ նա վատ էր գրում գրավորները. ծույլ էր երևում և հազվադեպ էր քննությունները հանձնում առաջին անգամից:
Ավելի ուշ պարզվեց, որ տղան դիսլեկսիա ունի, այսինքն՝ ընթերցածի և ինֆորմացիայի ընկալման խանգարում, բայց նրա մանկության ժամանակ նման ախտորոշում դեռ գոյություն չուներ: Շատերին թվում էր, որ Չակ Քլոուզը մտադիր չէ կյանքում հասնելու ինչ-որ բանի, և շրջապատողները կարծում էին, որ նա քիչ բանի կհասնի:
Ի լրումն ուսման դժվարություններին և ֆիզիկական հիվանդություններին՝ Չակը ստիպված էր վերապրել ողբերգական իրավիճակների այնպիսի քանակ, որը չի կարող պատկերացնել անգամ մանկական ամենաբուռն երևակայությունը: Հայրը սիստեմատիկ կերպով ընտանիքը վռնդում էր տանից, հետո մահացավ, երբ Չակը տասնմեկ տարեկան էր: Գրեթե նույն ժամանակահատվածում մայրը, որ դաշնակահար էր և նվագում էր դասական երաժշտություն, քաղցկեղով հիվանդացավ, և հսկայական գումարներով բժշկական հաշիվները ստիպեցին Քլոուզ ընտանիքին վաճառել տունը: Անգամ տատիկը ծանր հիվանդացել էր:
Քլոուզին այս ամբողջ մղձավանջից հանեց գեղանկարչության հանդեպ ջերմ սերը: «Մտածում եմ, որ գեղանկարչության հանդեպ իմ ընդունակությունը ինձ առանձնացրեց մնացած ամեն ինչից,- ասել է նա մի հարցազրույցի ժամանակ,- դա այն բնագավառն էր, որտեղ ինձ իրազեկ էի զգում, այն զբաղմունքը, որն ինձ օգնեց դժվար պահերին»: Որպեսզի հաղթահարի պարտադրված սահմանափակումները, Չակն անգամ մտածում էր գեղանկարչությունն օգտագործելու նորարարական մեթոդներ: Տղան, իր իսկ արտահայտությամբ «զբաղեցնում էր ամբոխին», այսինքն՝ կազմակերպում էր տիկնիկային ներկայացումներ և աճպարարություն ներկայացնում, որ ուրիշ երեխաները ցանկանան իր հետ ժամանակ անցկացնել: Դպրոցական պարապմունքներին զուգահեռ Չակը պատրաստում էր մասնագիտացած գեղարվեստական նախագծեր, որ ցույց տա ուսուցիչներին, որ ինքը ծույլ չէ:
Վերջ ի վերջո գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունը և բնածին տաղանդը թույլ տվեցին նրան դառնալ ամերիկյան մշակույթի առավել հաջողված ներկայացուցիչներից մեկը: Չնայած որ շատ ուսուցիչներ ժխտում էին անգամ քոլեջ ընդունվելու նրա ընդունակությունը, Չակ Քլոուզը ավարտեց Վաշինգտոնի համալսարանը և Իեյլում ստացավ գեղարվեստական արվեստի մագիստրոսի կոչում:
Արդյունքում նա դարձավ ամերիկյան հայտնի նկարիչներից մեկը: Նրա հեղինակային ոճը ենթադրում է ցանցային համակարգի օգտագործում՝ նախագծված իր կողմից լայնաֆորմատ իրատեսական լուսանկարներ ստեղծելու համար, որոնք արտահայտիչ կերպարների և տեքստուրայի շնորհիվ միանգամայն կենդանի էին թվում: Այս մեթոդը գրավեց ԶԼՄ-ների լայն ուշադրությունը. մեկ անգամ չէ, որ Չակի աշխատանքները ցուցադրվել աշխարհի խոշորագույն թանգարաններում: Շնորհիվ իսկական կրքի և իր գործին նվիրվածության` Չակ Քլոուզը հաղթահարեց հսկայական դժվարություններ, որ գտնի իր կոչումը և իր ընտրած մասնագիտության մեջ հասնի վարպետության գագաթնակետին: Բայց սա պատմության սկիզբն է ընդամենը:
Մի անգամ 1988թ. Նյու Յորքում Չակը պրեզենտացիա էր վարում և հանկարծ ինչ-որ ֆիզիկական անհարմարություն զգաց: Նա ինքնուրույն հասավ հիվանդանոց, բայց մի քանի ժամ անց ամբողջովին կաթվածահար եղավ, դարձավ ողնաշարային զարկերակի խցանման (տրոմբի) զոհը: Իր սերնդի առավել վառ ու ինքնատիպ նկարիչներից մեկն այժմ չէր կարող անգամ վրձինը վերցնել ձեռքը: Բժիշկների ջանքերն ապարդյուն եղան: Թվում էր, թե նրա հետ պատահած ողբերգությունը, առանց դրա էլ խնդիրներով լիքը նրա կյանքում, վերջնականապես կմարի նկարչի հավակնությունները և վերջակետ կդնի նրա կարիերային:
Բայց մի գեղեցիկ օր Քլոուզը հասկացավ, որ կարող է վրձինն ատամներով բռնել և բավականին լավ այն կառավարել՝ ստեղծելով մանրիկ պատկերներ: «Դա ինձ միանգամից ոգևորեց,- պատմում էր նա:- Փորձում էի հասկանալ, թե ինչ պատկերներ կարող եմ ստեղծել իմ սահմանափակ շարժումներով: Ես փորձում էի պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենան այդ պատկերները: Բայց պարանոցի անգամ փոքր շարժումները բավական էին, որ գիտակցեմ՝ հնարավոր է, որ ես այնքան էլ անօգնական չեմ: Հնարավոր է՝ կկարողանամ ինչ-որ բան ինքնուրույն ստեղծել»:
Եվ կարողացավ: Չակ Քլոուզը գեղանկարչության մեջ հորինեց բոլորովին նոր ձև: Ավելի ուշ, երբ փոքր-ինչ վերականգնվեց ուսի շարժունակությունը, նա սկսեց օգտագործել վառ գույներ, որ ստեղծի ոչ մեծ պատկերներ, որոնք իրար հետ համադրություն ստեղծելով՝ ձևավորեն մեծ ֆորմատի խճանկարային պատկեր: Նոր գործերը Չակին բերեցին ավելի մեծ հռչակ և նպաստեցին նրա փառքի և ճանաչման աճին:
Իր կյանքի ընթացքում Չակ Քլոուզը ընկճվելու և նկարիչ դառնալու մտքից հրաժարվելու բազում պատճառներ ուներ: Բայց նա գերադասեց բոլոր ջանքերը գործի դնել նպատակին հասնելու և իր տարերքում մնալու՝ անկախ այն բանից, թե ինչ նոր արգելքներ կհայտնվեն իր ճանապարհին: Նա ոչ մի բարդության թույլ չտվեց խանգարել իրագործելու իր իրական առաքելությունը:
Չակ Քլոուզը միակը չէ, որ կարողացել է հաղթահարել դեպի իր սիրելի գործը տանող ճանապարհին ընկած ֆիզիկական խոչընդոտները: Հետո ես կպատմեմ այլ մարդկանց մասին, ում նույնպես հաջողվել է: Գիրքը պատրաստելիս լսել եմ առնական և նպատակասլաց պայքարի զարմանալի պատմությունների շարք խնդիրներով մարդկանց մասին, որոնց խնդիրները ոչ միայն մարմնական բնույթի էին, չնայած ֆիզիկական հիվանդությունները իրենք իրենցով կարող են լինել ծանր ու տանջալից:
Այս մարդիկ ստիպված են դիմակայել ոչ միայն այն խնդիրներին, որ ծագել են իրենց հիվանդությունների հանդեպ իրենց վերաբերմունքից, նաև իրենց ինքնագնահատականի վրա շրջապատողների կողմից խղճահարության սպանող ազդեցությանը: Որպեսզի հաղթահարեն այս ֆիզիկական և հոգեբանական արգելքները, ամենատարբեր հիվանդություններով մարդիկ պետք է մոբիլիզացնեն իրենք իրենց՝ հավատալու անսպառ պաշարները: Նրանք ուղղակի պարտավոր են վճռական տրամադրվելու, որ զբաղվեն նրանով, ինչով կարող են զբաղվել մյուս առողջ մարդիկ:
CandoCo-ն բրիտանական պրոֆեսիոնալ պարային ստուդիա է, որտեղ զբաղվում են ինչպես առողջ պարողները, այնպես էլ հաշմանդամները: Երկար տարիների ընթացքում այս ստուդիայի սաները եղել են վերջույթները հատած, կաթվածահար ոտքերով, հաշմանդամի սայլակներով, այլ ծանր հիվանդություններով մարդիկ: 1982թ. հիմնադրված CandoCo կազմակերպության նպատակը դարձան ծանր հիվանդություններով մարդկանց ոգևորելը և աջակցելը՝ «հասնելու ամենահամարձակ ձգտումների, համաձայն կազմակերպության համոզմունքի, որ պարը հասանելի է յուրաքանչյուրին»:
CandoCo-ն ձգտում էր պարի վերաբերյալ հասկացությունը ամբողջությամբ վերցրած ընդլայնել իր ստուդիայի սաների ուսուցման ծրագրերի և ներկայացումների միջոցով: Կազմակերպության ղեկավարությունն ասում է, որ CandoCo-ն միշտ իր առջև դրել է բարձր նպատակներ՝ «շարժումների որակի մեջ, պարն ամբողջությամբ վերցրած որպես արվեստի ձև ներկայացնելու՝ կատարողների հանդեպ պահանջներում»: «Մենք կենտրոնանում ենք պարի, ոչ թե հաշմադամության, պրոֆեսիոնալիզմի, այլ ոչ թե թերապիայի վրա»,-վստահեցնում են նրանք: CandoCo-ն բազում «ինտեգրված» կազմակերպություններից մեկն է, որ զբաղվում է պարով, թատերական ներկայացումով և երաժշտությամբ: Նրա ձեռքբերումները հաստատված են պրոֆեսիոնալ քննադատների կողմից տրված բազմաթիվ միջազգային մրցանակներով և ամբողջ աշխարհում պարի ասպարեզում փառատոներով:
«Որպեսզի իսկապես գնահատես CandoCo պարի կազմակերպությանը,- նշել է մի թղթակից,- անհրաժեշտ է հրաժարվել պարող մարմնի բոլոր ավանդական պատկերացումներից: Ինչո՞ւ խոսել ոտքերի ձգված թաթերի արագ և հստակ շարժումներից, երբ ոտքերը չունեն նշանակություն: CandoCo-ի պարողները ամբողջությամբ հերքում են մեր պատկերացումները կատարյալ և ֆիզիկապես լիարժեք մարմնի մասին: Հանդիսատեսի առջև ելույթ են ունենում մարմնի տարբեր մասեր չունեցող մարդիկ, որոնք պակաս տաղանդավոր չեն, քան առանց ֆիզիկական արատների իրենց գործընկերները: Նրանք, որ սպասում էին, թե CandoCo-ի պարողները, ծանրության օրենքները ոտնահարելով, հենակներով և հաշմանդամի սայլակներով հնարքներ կիրականացնեն, դաժանաբար հիասթափվեցին: Դրա փոխարեն նրանց ներկայացումները իրենցից ներկայացնում էին տեսողական և հոգեբանական առճակատում, որը ոչ այնքան հարված էր պարի մասին ավանդական պատկերացումներին, որքան երկար մտորում, որը տաքացնում է սիրտը և շոյում ուղեղը»:
Անկախ այն բանից, հաշմանդամ եք, թե ոչ, շրջապատողների` ձեր նկատմաբ վերաբերմունքի հարցերը տարերքի որոնման փնտրտուքներում ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն: Հզոր ուժ է ինչպիսին կաս, այնպիսին լինելու համառ որոշումը: Անգամ ունենալով ֆիզիկական գերազանց ձև, բայց չունենալով նման ցանկություն՝ մարդն ընկնում է անշահավետ իրավիճակի մեջ: Իմ փորձից ելնելով՝ մարդկանց մեծամասնությունը ստիպված է ընդհարվել ներքին արգելքներին, որոնք իր հանդեպ անվստահությունից և վախից նույնքան հաճախ են լինում, որքան հանգամանքների և հնարավորությունների հետ կապված արտաքին արգելքները:
Տագնապի մասշտաբն ակնհայտ է, եթե նայես ծաղկող միջազգային շուկային` գրքերի և ինքնօգնության կուրսերի, որոնցից շատերը նվիրված են այդ հարցերին: Իմ կարծիքով Սյուզան Ջեֆերսի հայտնի գիրքը՝ «Վախեցի′ր, բայց գործի′ր: Ինչպես վախը թշնամուց վերածել դաշնակցի», կարելի է համարել այս թեմայով գրված լավագույն գիրքը: Գիրքը թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով, նրա վաճառքի ծավալը կազմել է միլիոնավոր օրինակներ: Այս գրքում Ջեֆերսը բուռն և խոսուն պատմում է կպչուն վախերից, որոնք խանգարում են մարդկանց լիարժեք ապրելուն և աշխարհի ծաղկման մեջ իրենց ներդրումն ունենալուն: Դրանցից գլխավորները անհաջողության մատնվելու, բավականին լավը չլինելու, հույսերը չարդարացնելու, աջակցություն չստանալու, աղքատ և անհայտ մնալու վախերն են:
Վախը հնարավոր է ամենատարածված արգելքն է կոչումը փնտրելու ճանապարհին: Հարց տվեք, թե որքան հաճախ է այն դեր խաղացել ձեր սեփական կյանքում և հետ պահել այն բանից, ինչը կրքոտ ցանկացել եք փորձել: Դոկտոր Ջեֆերսը առաջարկում է օգտվել փորձված մեթոդներից, որոնք թույլ են տալիս վախից անցնել բավարարման և ամենաարդյունավետ մեթոդներից մեկը արտացոլված է գրքի վերնագրում:
Սոցիալական տեսակետ. ձեր իսկ բարօրության համար
Աջակցություն չստանալու և հույսերը չարդարացնելու վախը հաճախ ամենամոտ մարդկանց հետ փոխհարաբերությունների անբաժան մասն է: Մեր ծնողները, եղբայրները և քույրերը, ամուսիններն ու երեխաները սովորաբար հստակ հայացք ունեն, թե մենք ինչ պետք է կամ ինչ չպետք է անենք մեր կյանքում: Այդ հայացքները, անշուշտ, կարող են ճիշտ լինել: Եվ մոտ մարդիկ կարող են դրական դեր խաղալ մեր կյանքում՝ խորհուրդներ տալով, որոնք կխթանեն մեր իսկական տաղանդի զարգացումը: Սակայն նրանք կարող են և չարաչար սխալվել:
Մարդիկ շատ պատճառներ ունեն կտրելու շրջապատողների թևերը: Օրինակ՝ դուք ուղի եք ընտրում, որը չի համընկնում նրանց հետաքրքրություններին, կամ լրացուցիչ բարդություններ են ստեղծվում նրանց կյանքում: Ինչպիսին էլ լինեն այդ պատճառները, մարդը, ով ձեզ խանգարում է զբաղվել սիրած գործով կամ կոչման փնտրտուքին, կարող է դառնալ խորը հիասթափության պատճառ:
Հնարավոր է, որ շրջապատողները գիտակցաբար ձեզ չեն կապում ինչ-որ կենցաղային պայմանների հետ: Դուք ուղղակի կարող եք մոլորվել սոցիալական դերերի և սպասումների ինքնապահովման սարդոստայնում, որ ստեղծում է գաղտնի արգելքներ ձեր հավակնությունների համար: Շատ մարդիկ չեն գտնում իրենց կոչումը, քանի որ համապատասխան աջակցություն չեն ստանում կամ չունեն բավարար ինքնավստահություն, որ դուրս գան իրենց շրջապատողների հետ փոխահարաբերությունների շրջանակից:
Երբեմն, իհարկե, ձեր մոտիկները անկեղծորեն կարծում են, որ դուք անիմաստ ծախսում եք ձեր ժամանակը և տաղանդը՝ զբաղվելով ինչ-որ բանով, որ նրանց հավանությանը չի արժանանում: Հենց այդպես է եղել Պաուլո Կոելիոյի հետ: Ուշադրություն դարձրեք, ծնողները ուղղակի չեն արգելել նրան, նրանք որդուն սիստեմատիկ կերպով տեղավորել են հոգեբանական կլինիկայում և թույլ տվել ենթարկել նրան էլեկտրաշոկային թերապիայի, որովհետև սիրում էին նրան: Հաջորդ անգամ, երբ դուք ձեզ մեղավոր զգաք, որ ձեր երեխաներին կշտամբում եք, հնարավոր է, ձեզ մի փոքր սփոփի այն փաստը, որ դուք այնպիսի մեթոդներով չեք առաջնորդվում, ինչպես Կոելիոյի ծնողները:
Պատճառը, որի համար Կոելիոյի ծնողները նրան տեղավորել են հոգեբուժական կլինիկայում, ակնհայտ էր. դեռահասության տարիքում Կոելիոն կրքոտորեն ցանկանում էր գրող դառնալ, իսկ Պեդրո և Լիժիա Կոելիոները ենթադրում էին, որ այդպես նա կխորտակի իր կյանքը: Նրանք կարծում էին, որ կարելի է դրանով մի փոքր զբաղվել ազատ ժամանակ, եթե այդքան անհրաժեշտ է դա անել, բայց իրենց որդու ապագան տեսնում էին միայն իրավաբանության մեջ:
Սակայն Կոելիոն շարունակում էր գրել: Այդ ժամանակ ծնողները մտածեցին, որ իրենց այլ ելք չի մնում, և որոշեցին նրան տեղավորել հոգեկան հիվանդների հաստատությունում, որ ստիպեն հրաժարվել այդ կործանիչ մտքից: «Նրանք ուզում էին օգնել ինձ,- ասում է Կոելիոն:- Նրանք ունեին երազանքներ: Ես ուզում էի զբաղվել մե´կ այս, մե´կ այլ բանով, բայց ծնողներս իմ կյանքի հետ կապված այլ ծրագրեր ունեին: Եվ ահա մի անգամ եկավ այն պահը, որ այլևս չկարողացան ինձ ղեկավարել և ընկան հուսահատության գիրկը»:
Ծնողները երեք անգամ Կոելիոյին տեղավորել են հոգեբուժական կլինիկայում: Նրանք գիտեին, որ իրենց որդին շատ խելացի է, հավատում էին, որ ունի մեծ կարիերա, և անում էին այն, ինչ իրենց կարծիքով կօգներ նրան վերադառնալ ճշմարիտ ուղուն: Բայց կյանքին միջամտելու անգամ այսպիսի արտակարգ միջոցը չխանգարեց Կոելիոյին գտնելու իր կոչումը: Չնայած ընտանիքի ակտիվ դիմադրությանը՝ նա շարունակում էր զբաղվել գրական գործունեությամբ:
Ծնողներն իրավացի էին՝ ենթադրելով, որ որդուն փայլուն ապագա է սպասվում, բայց այդ ապագան ոչ մի կապ չուներ իրավաբանի մասնագիտության հետ: Կոելիոյի վեպը` «Ալքիմիկոսը», ճանաչվեց որպես միջազգային բեսթսելեր. ամբողջ աշխարհում վաճառվել է այդ գրքի ավելի քան քառասուն միլիոն օրինակ: Այսօր Կոելիոյի վեպերը թարգմանված են աշխարհի ավելի քան վաթսուն լեզուներով: Նա դարձավ պորտուգալերենով գրող ամենաճանաչվածն ու «վաճառվողը» պատմության մեջ: Նրա ստեղծական հետաքրքրությունները, բացի գրականությունից, առնչվում են հեռուստատեսությանը, մամուլին և անգամ հայտնի երաժշտության ոլորտին. Կոելիոն հեղինակել է մի քանի ռոք երգերի տեքստեր, որոնք Բրազիլիայում դարձել են հիթեր:
Լիովին հնարավոր է, որ Պաուլո Կոելիոն կարող էր դառնալ հրաշալի իրավաբան: Սակայն նրա երազանքը գրականությունն էր: Ծնողներն արեցին հնարավոր ամեն ինչ, որ նրան ուղղորդեն «ճիշտ» ճանապարհ, բայց նա համառորեն շարունակում էր գնալ դեպի իր կոչումը:
Սեփական կյանքը ընտանիքի սպասելիքներին բացարձակապես ենթարկելուն ուղղված նման դաժան ճնշման մեզնից քչերը կենթարկվեն: Սակայն շատերն են հանդիպում խոչընդոտների, որ ստեղծում են նրանց ընտանիքի անդամները կամ ընկերները: «Մի′ գնա պարի դպրոց, դու չես կարող օրվա հացը վաստակել, եթե պարով զբաղվես», կամ «Դու լավ ընդունակություններ ունես մաթեմատիկայից, պետք է հաշվապահ դառնաս», «Ես քո ուսման համար վճարում եմ, որ դու ընդունվես փիլիսոփայության ֆակուլտե՞տ» և նմանատիպ խոսքեր:
Մերձեվորները մեզ համոզում եմ հետ կանգնել մեր այս կամ այն ընտրած ճանապարհից՝ սովորաբար հավատալով նրան, որ անում են մեր իսկ բարօրության համար: Երբեմն նրանց ուղղորդում են ոչ այնքան ազնիվ պատճառներ, սակայն շատերը վստահ են, որ գիտեն` ինչպես ավելի լավ վարվեն: Եվ իսկապես, գրասենյակային միջին կարգի աշխատողն ունի ավելի կայուն եկամուտ, քան միջին կարգի ջազ երաժիշտը: Բայց համաձայնեք, դժվար է կյանքից հաճույք ստանալ, երբ ձեր ձեռքբերումները կապ չունեն այն բանի հետ, ինչը ձեզ համար կարևոր է: Եթե դուք ինչ-որ բան անում եք ձեզ համար, այն դժվար թե ձեզ բարօրություն բերի, եթե դուք բաց թողեք ձեզ կայացած անձ զգալու հնարավորությունը:
Չխիզախելու որոշումը և ավելի քիչ դիմադրություն հանդիպող ճանապարհով գնալը կարող է անդառնալի լինել, հատկապես եթե ունեք սեփական վախերը այլընտրանքային ընտրության վերաբերյալ: Որոշ մարդկանց ավելի հեշտ է թաքնվել իրենց անհանգստություններից և ստանալ ծնողների, եղբայրների, քույրերի կամ ամուսինների աջակցությունը, բայց արդյունքում գնալ օտար ճանապարհով: Սակայն ոչ բոլորի սրտով է կյանքի հետ այսպիսի դաշինքը:
Այս մարդկանցից որոշները, որոնց մասին խոսվում է այս գրքում, ստիպված էին խզել իրենց կապերը ընտանիքների հետ, համենայն դեպս որոշ ժամանակով, որ հնարավորություն ունենան կյանքում գնալու իրենց ուղիով: Իրենց որոշման համար նրանք ստիպված էին բարձր գին վճարել՝ լրիվ կամ մասնակիորեն ընդհարում հարազատների հետ, ընտանեկան լարված տոներ, ինչպես Կոելիոյի դեպքում, անգամ ուղեղի բջիջների խանգարում: Բայց վերջնական արդյունքում նրանցից յուրաքանչյուրին նման ընտրությունը օգնում է հասնելու տպավորիչ հաջողությունների և կյանքից իրական բավարարման: Ամեն մեկն է որոշում իր սեփական դժվարին քայլը՝ հարազատների կարծիքը անտեսել կամ հրաժարվել սեփական երազանքից:
20-րդ դարի վաթսունականներն էին: Արիանա Ստասինոպուլոսը ապրում էր Հունաստանում, սովորական դեռահաս էր և հանկարծ մի կրքոտ երազանքի տրվեց: Մի անգամ, ամսագիրը թերթելիս, նա տեսավ Անգլիայի Քեմբրիջի համալսարանի նկարը: Նա ընդամենը 13 տարեկան էր, բայց անմիջապես որոշեց, որ պետք է այնտեղ սովորի: Բոլորը, ում ասում էր իր երազանքի մասին, ներառյալ ընկերներն ու հայրը, ասում էին, որ ծիծաղելի երազանք է: Արիանան աղջնակ էր, Քեմբրիջում սովորելը շատ թանկ էր, Անգլիայում կապեր չուներ և, ընդհանրապես, այն աշխարհում ամենահեղինակավոր համալսարաններից մեկն էր:
Ոչ մեկը նրա ցանկությունը լուրջ չէր ընդունում: Ոչ մեկը, բացի հենց իրենից՝ Արիանայից: Եվ էլի մեկ մարդուց: Նրա մայրը որոշել էր, որ պետք է պարզել՝ կա արդյոք հույսի նշույլ Արիանայի երազանքն իրականացնելու համար: Նա ինչ-ինչ հարցումներով իմացավ, որ աղջիկը կարող է սովորելու գրանտ ստանալու խնդրանքով դիմել: Մայրն անգամ գտավ էժան ավիատոմսեր: Արիանան այդ առումով հիշում է.«Մենք կարողացանք Անգլիա գնալ և Քեմբրիջը տեսնել մեր աչքերով: Դա լավագույն օրինակ էր այն բանի, ինչը մենք այսօր անվանում ենք վիզուալիզացիա»: Երկար թռիչք էր դեպի Լոնդոն, և Քեմբրիջում լինելու ողջ ընթացքում անձրևում էր: Արիանան և իր մայրն ուղղակի զբոսնում էին համալսարանի շուրջը՝ չհանդիպելով անձնակազմից ոչ մեկին, և յուրովի պատկերացնում էին, թե ինչպիսին է այնտեղ սովորելը: Իր երազանքն ամրապնդելով նման ձևով՝ Արիանան փաստաթղթերը ներկայացրեց, հենց որ արդեն համապատասխանեց ընտրության չափանիշներին:
Հուրախություն իրեն և ի զարմանս շրջապատողների (բացառությամբ մայրիկի, որ վստահ էր աղջկա հաջողությանը) Արիանային ընդունեցին Քեմբրիջ, և նա գրանտ ստացավ: Տասնվեց տարեկանում Արիանան եկավ Անգլիա, ավելի ուշ հաջողությամբ ավարտեց Քեմբրիջը՝ դառնալով տնտեսագիտության մագիստրոս: Քսանմեկ տարեկանում նա Cambridge Union բանավեճի հայտնի ակումբի առաջին կին նախագահն էր:
Հիմա Արիանա Հաֆինգտոնը ապրում է ԱՄՆ-ում: Նա հեղինակ է մշակութային պատմության և քաղաքականության տասնմեկ գրքի, վարում է ազգային սինդիկատավորման սյունակը[1], նաև Ազգային հանրային ռադիոյի «Աջ, ձախ, կենտրոն» հայտնի քաղաքական հաղորդման վարողներից մեկն է: 2005թ. մայիսին նա հիմնադրեց Huffington Post՝ նորությունների կայքը՝ օգտատերերի բլոգներով, որը դարձավ «առավել կարդացվող և մեջբերվող մեդիաբրենդներից մեկը համացանցում»: 2006 թվին Time ամսագիրը նրան արժանի տեղ տվեց աշխարհի հարյուր առավել ազդեցիկ մարդկանց ցուցակում:
Չնայած իր տպավորիչ հաջողության Հաֆինգտոնը գիտի, որ նպատակին հասնելու ճանապարհի ամենամեծ խոչընդոտը կարող են լինել երկմտությունն ու շրջապատող մարդկանց անհամաձայնությունը: Նրա խոսքով դա հատկապես բնորոշ է կանանց: «Ես ապշած եմ, թե կանայք ինչքան հաճախ, երբ խնդրում եմ Huffington Post-ի բլոգ բացել, դժվարությամբ են հավատում, որ իրենց ասածը ինչ-որ նշանակություն կունենա: Դա վերաբերում է անգամ հայտնի գրողներին: Մտածում եմ, որ չափազանց հաճախ ենք մենք՝ կանայքս, հրաժարվում փորձ կատարելու իրավունքից, քանի որ չենք ցանկանում խիզախել և անհաջողություն կրել: Մենք այնպիսի նշանակություն ենք տալիս մեր արարքները ընդունելուն, որ շատ դժկամորեն ենք խիզախում:
Կանանց մոտ մինչ օրս իշխանություն ձեռք բերելու և ղեկավարությանն անհրաժեշտ ադեկվատ գնահատական տալու հետ կապված դժվար հարաբերություններ են: Մեր բնածին վախն ուժեղ է, մեզ թվում է, որ եթե իսկապես իշխանություն ունենանք, մեզ կհամարեն դաժան, կոպիտ և համառ: Վստահ ենք, որ այս բոլոր ենթադիրները ուղղակի հարված են հասցնում մեր կանացիությանը: Մենք դեռ աշխատում ենք հեռու վանել վախը, որը բխում է այն մտքից, թե իշխանությունն ու կանացիությունը անհամատեղելի են»:
Հաֆինգտոնի խոսքով իր մանկական երազանքներին հասնելուն իրեն օգնել են երկու առանցքային գործոն: Առաջին հերթին՝ նա մինչև վերջ չի հասկացել, թե ինչի է գնում: «Առաջին անգամ ես զգացի սեփական իշխանությունը՝ լինելով հաճելի անգիտության մեջ, որպես կողքի մարդ: Դա եղել է քոլեջում, երբ ես դարձա Cambridge Union բանավեիճի ակումբի նախագահը: Ես մեծացել եմ Հունաստանում, դրա համար էլ երբեք չեմ լսել ո′չ Cambridge Union-ի, ո′չ Oxford Union-ի մասին:
Ես չգիտեի անգլիական մշակույթում դրանց տեղը, դրա համար էլ կաշկանդված չէի նախապաշարմունքներով, որոնք բրիտանացի աղջկան գուցե թույլ չտային անգամ մտածել, որ կհասնի նման պաշտոնի: Այս իմաստով ինձ հաջողվեց, ես կարիերաս սկսեցի սովորական ընդունված միջավայրից հեռու: Բայց իմ ոչ բրիտանական ծագումի հետ կապված էին այլ խնդիրներ, օրինակ՝ ինձ վրա ծիծաղում էին իմ առոգանության համար և ստորացնում, ինչպես ցանկացածի, ով ծիծաղելի է խոսում: Բայց դրա շնորհիվ ես հասկացա, որ ավելի հեշտ է հաղթել շրջապատող մարդկանց մտածողության կարծրատիպերը, քան քոնը, ավելի հեշտ է հաղթահարել ուրիշների նախապաշարմունքները, քան վախերը, որոնք քո ներսում են»:
Արիանայի հաղթանակի երկրորդ գործոնը նրա մոր վճռական աջակցությունն էր: «Մտածում եմ, որ այն ամենը, ինչին հասել եմ կյանքում, անհնար էր առանց մայրիկիս: Մայրս ինձ տալիս էր պաշտպանվածության, ինքնավստահության զգացողություն, որ կլինի իմ կողքին, ինչ էլ որ պատահի իմ կյանքում՝ հաջողություն, թե անհաջողություն: Նա տվեց ինձ այն, ինչը հույս ունեմ փոխանցել իմ աղջիկներին՝ հավատ սեփական ուժերի հանդեպ, որ կարող եմ աստղեր իջեցնել երկնքից, և միաժամանակ այն բանի գիտակցումը, որ եթե անհաջողություն պատահի, մայրս ավելի քիչ չի սիրի ինձ: Նա ինձ օգնեց հասկանալ, որ անհնար է ողջ կյանքն ապրել առանց անհաջողության»:
Խմբային մտածողություն
Ծնողներն ու ընտանիքը մեզ վրա ունեն հսկայական ազդեցություն, որը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բայց առավել մեծ ազդեցություն, հատկապես երիտասարդ տարիքում մեզ վրա ունենում են ընկերները: Մենք մեզ համար ընտանիք չենք ընտրում, բայց ինքներս ենք ընտրում ընկերներ, ովքեր մասամբ դառնում են մեր սոցիալական ինդիկատորները և ինքնադենտիֆիկացիայի ընդլայնման միջոցը: Արդյունքում մենք կարող ենք ուժեղ ճնշում զգալ՝ պայմանավորված մեր կենսական ստանդարտները ընկերների և սոցիալ այլ խմբերի սպասումների հետ համապատասխանեցնելու անհրաժեշտության հետ:
Ջուդիթ Ռիչ Հարիսը տարիքային հոգեբան է, ով զբաղվում է ընկերների և հասակակիցների կողմից երիտասարդ մարդկանց վրա ազդեցության հարցերով: Նա պնդում է, որ մեր զարգացման վրա ազդում են երեք հիմնական գործոններ՝ անձնական խառնվածքը, մեր ծնողները և հասակակիցները: Նրա կարծիքով հասակակիցների ազդեցությունը ավելի ուժեղ է, քան ծնողներինը: «Աշխարհը, որ կառուցում են երեխաները իրենց սերնդի ներկայացուցիչների հետ,- ասում է նա,- ձևավորում է նրանց վարքը և փոխում անձնական բնավորությունը, որը տրված էր ծննդից, հետևաբար, որոշում, թե ինչ մարդիկ կդառնան, երբ մեծանան»:
Երեխաները շրջակա միջավայրում վարքի կանոնների մասին պատկերացում են կազմում՝ իրենց բացահայտելով որոշակի սոցիալական խմբում, ընդունելով նրանց հայացքները, վարքը, խոսակցության ձևերը, հագուստի և արդուզարդի ոճը: «Նրանց մեծ մասն այդ ամենն անում է ավտոմատ կերպով և հաճույքով: Երեխան ցանկանում է նման լինել իր հասակակիցներին, բայց եթե հանկարծ նրա մոտ ծագում է ինչ-որ անսովոր գաղափար՝ հասակակիցներh արագ նրան հիշեցնում են պատժի մասին, որը սպասում է բոլորին, ով նման չէ մյուսներին: Մեխը, որը ձգվում է վերև՝ առանձնանալով շարքից, անմիջապես հետ են խփում»:
Քանի որ կանոնների խախտումը խմբից վտարվելու հավաստի ճանապարհ է, մենք կարող ենք հրաժարվել մեր ամենաջերմ ցանկություններից, որ պահպանենք կապը ընկերների հետ: Դպրոցում թաքցնում ենք մեր հետաքրքրությունը ֆիզիկայի հանդեպ, որովհետև մեր շրջապատը կարծում է, որ այն անհետաքրքիր է: Մենք անցկացնում ենք ողջ օրը բասկետբոլ խաղալով, մինչ իրականում ցանկանում ենք վարպետության հասնել մայրիկի հինգ սոուսները պատրաստելու մեջ: Մենք երբեք չենք նշում մեր հիացմունքը հիփ-հոփի հանդեպ, քանի որ մեր շրջապատի մարդիկ կարծում են, որ այդ երաժշտությունը այնքան «փողոցային» է, որ այն լսելը ցածր է իրենց արժանապատվությունից: Բայց սեփական տարերքն ընկնելու համար անհրաժեշտ է դուրս պրծնել սովորական շրջանից:
Շոն Քարտերը ծնվել է Նյու Յորքում` Բրուկլինի բազմաբնակարան շենքում: Այսօր հայտնի որպես Ջեյ Զի՝ նա միլիոնավոր մարդկանց կուռքն է: Բայց որպեսզի դառնա առավել հաջողված երաժիշտներից և իր սերնդի ձեռներեցներից մեկը, երիտասարդը նախ և առաջ հաղթահարեց իր բրուկլինյան ընկերների և ծանոթների անհավանությունն ու թերահավատությունը: «Երբ ես լքեցի մեր թաղը, բոլորն ասում էին, որ ես խելագար եմ,-պատմում է նա իր վաղ հաջողություններից,- ես լավ էի աշխատում՝ ներկայացումներ անելով փողոցում, իսկ իմ շրջապատի մարդիկ ասում էին. «Այս ռեփերները նման են անբարոյականների: Նրանք միայն ձայնագրում են երգեր, գնում հյուրախաղերի՝ բաժանվելով ընտանիքներից, իսկ ինչ-որ մի սպիտակամորթ վերցնում է նրանց ողջ գումարը»: Բայց ես որոշել էի ամեն ինչ այլ կերպ անել»:
Ջեյ Զին անկեղծորեն հիանում էր երաժշտական պրոդյուսեր Ռասել Սիմոնսով՝ նրան համարելով օրինակելի: Այսօր Ջեյ Զին իր կուռքի օրինակով ղեկավարում է բազմաճյուղ (դիվերսիֆիկացված) գործուն կայսրությունը, որը ծնվել է իր հաջող երաժշտական կարիերայի շնորհիվ, բայց էականորեն դուրս է գալիս երաժշտական ոլորտի շրջանակներից՝ ներառելով ձայնագրող կազմակերպության և հագուստների գծով մշակման ուղղությունները: Այս ամենը Ջեյ Զիին թույլ տվեցին հսկայական գումար վաստակել և վերադարձնել բրուկլինյան իր շատ ընկերների հարգանքը, որոնց կարծիքը նա ստիպված էր անտեսել, որ հաջողության հասնի:
Որոշ դեպքերում մարդկանց որոշակի խմբերը՝ ընկերների, հարազատների կամ գործընկերների, կարող են ծուղակ ընկնել, որը հոգեբան Իրվին Ջենիսը անվանում է «խմբային մտածողություն»: Մտածողության այս մեթոդը «դառնում է բնորոշ այն մարդկանց համար, ովքեր մի խմբի ներսում սերտ կապված են իրար, երբ նրա անդամների ձգտումը միասնական անցնում է նրանց մոտիվացիան գործողությունների ալտերնատիվ տարբերակների ռեալ գնահատականից»: Այդ ժամանակ սկսում է գերակշռել այն համոզմունքը, որ խումբն ավելի լավ գիտի՝ ինչպես վարվել: Նա պնդում է, որ որոշումը կամ գործողությունը, որն արտացոլում է անդամների մեծամասնության կարծիքը, կարիք չունի մանրամասն մտորելու, անգամ այն դեպքերում, երբ ինտուիցիան մեզ հուշում է հակառակը:
Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը
Լուսանկարի աղբյուրը
[1] Հանրահայտ և հեղինակավոր լրագրողի կամ սյունակագրի հեղինակային սյունակը մեդիահոլդինգի կողմից հրապարակվող բոլոր պարբերականներում: