Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
6-րդ գլուխ
Սկիզբը
Նախորդ հատվածը
Կան խմբային մտածողության արդյունքի մի քանի հռչակված, իսկ երբեմն էլ տխրահռչակ հետազոտություններ, այդ թվում` Սոլոմոն Աշի՝ հարմարվողականությունն ուսումնասիրող գիտափորձերը: 1951 թվին հոգեբան Աշը ձևավորեց մի քանի խումբ՝ յուրաքանչյուրում քոլեջի 8-9 ուսանող: Խմբերին հայտարարվել էր, որ փորձի ընթացքում ուսումնասիրվելու է տեսողական ընկալումը: Յուրաքանչյուր խմբում բոլոր ուսանողները, բացի մեկից, որպես «ծուղակ» էին օգտագործված: Նրանք գիտեին փորձի էության մասին, և Սոլոմոն Աշը նրանց խնդրել էր մեծամասամբ սխալ պատասխաններ տալ: Իրական փորձարկվողը՝ միակը, ում հոգեբանը նախապես հանձնարարություն չէր տվել, յուրաքանչյուր հարցի պատասխանում էր միայն իր խմբի մասնակիցների՝ մեծամասնության պատասխանները լսելուց հետո:
Աշը ուսանողներին քարտ էր ցույց տալիս, որի վրա գիծ էր նկարված: Հետո նա հանում էր ուրիշ քարտ, որի վրա պատկերված էին տարբեր երկարության երեք գծեր, և խնդրում էր փորձի մասնակիցներին ասել, թե այդ երեք գծերից որն ունի նույն երկարությունը, ինչ որ ուներ առաջին քարտի գիծը: Պատասխանն ակնհայտ էր, սակայն «ծուղակ» ուսանողները Աշի ցուցումով սխալ պատասխան էին տալիս: Երբ գալիս էր փորձարկվողի հերթը, սկսում էր գործել խմբային մտածողության էֆեկտը: Մեծ մասամբ փորձարկվողը պատասխանում էր նույն կերպ, ինչ խմբի մյուս անդամները՝ հակառակ ճիշտ և ակնհայտ պատասխանի:
Ավելի ուշ՝ հարցման ժամանակ գրեթե բոլոր փորձարկվողները խոստովանեցին, որ գիտակցաբար են սխալ պատասխան տվել, որովհետև չեն ցանկացել աչքի ընկնել: «Մեր հանրությունում այնքան ուժեղ է հարմարվողականության հակումը,- գրել է Սոլոմոն Աշը,- որ բավականին խելացի և ողջամիտ երիտասարդ մարդիկ պատրաստակամորեն սպիտակը սև անվանեցին: Այս ամենը մտահոգիչ է, և ստիպում է հարց բարձրացնել կրթության այն մեթոդների և արժեքների մասին, որոնք կառավարում են մեր վարքը»:
Կառավարման բնագավառի մասնագետ Ջերի Հարվին բերում է այլ օրինակ, որը հայտնի է որպես «Աբիլինի պարադոքս»: Այս դեպքը պատահել է Կոուլմենում (Տեխասի նահանգ) մի շոգ օր: Ընտանիքը հաճույքով դոմինո է խաղում սրահում մինչև այն պահը, երբ աները առաջարկում է գնալ Աբիլին, որը գտնվում է հիսուներեք մղոն դեպի հյուսիս՝ այնտեղ ճաշելու համար: Կինը պատասխանում է. «Վատ չի հնչում»: Ամուսինը, չնայած այն մտքին, որ ճամփորդությունը երկար և հեղձուցիչ է լինելու, մտածում է, որ պետք է հարմարվել մյուսների կարծիքներին, և ասում է. «Ես էլ եմ մտածում, որ վատ չի հնչում: Հույս ունեմ, որ մայրդ նույնպես կցանկանա գնալ»: Զոքանչը պատասխանում է. «Իհարկե, ուզում եմ: Ես այնքան վաղուց չեմ եղել Աբիլինում»: Ճանապարհն իսկապես երկար, շոգ ու փոշոտ է լինում: Նրանք հասնում են սրճարան, բայց պարզվում է՝ ուտելիքն անհամ է: Չորս ժամ անց տանջահար ընտանիքը վերադառնում է տուն: Նրանցից մեկը ոչ անկեղծորեն ասում է. «Ճամփորդությունը հրաշալի անցավ, չէ՞»: Զոքանչը պատասխանում է, որ իրականում լավ կլիներ՝ ինքը մնար տանը, բայց որոշեց գնալ, քանի որ մյուսներն այնպես ոգևորությամբ վերաբերվեցին դրան: Ամուսինը պատասխանում է. «Ես չէի ուզում գնալ: Ես ուղղակի ուզում էի հաճույք պատճառել մյուսներին: Կինն ասում է. «Ես գնացի մենակ նրա համար, որ բոլորդ ուրախ լինեք։ Պետք է խելագար լինես, որ այս շոգ-կրակին երազես ինչ-որ տեղ գնալ»: Աները, ինչպես պարզվեց, առաջարկել էր անել այդ ճամփորդությունը, քանի որ իրեն թվացել էր, թե մյուսները ձանձրանում են:
Նրանք բոլորը շշմած նստել էին, որովհետև արել էին մի բան, ինչը նրանցից ոչ մեկն էլ չէր ուզում անել: Յուրաքանչյուրը կնախընտրեր մնալ հարմարավետ տանը, բայց ոչ մեկը չէր խոստովանել, չնայած հնարավորություն կար վայելելու հրաշալի օրը:
Սա խմբային մտածողության հետևանքի մեղմ, բայց վառ պատկեր է: Խմբի յուրաքանչյուր անդամ համաձայնել է անել այն, ինչը չէր ուզում, քանի որ ենթադրում էր, որ մյուսները դա շատ են ուզում անել: Արդյունքում նրանք բոլորը դժգոհ էին:
Եթե մենք թույլ տանք խմբային մտածողությանն ազդելու մեր ապագա որոշումների վրա, կարող ենք հանգել ոչ պակաս տխուր և շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցող արդյունքի: Համաձայնությունը խմբի մտքի հետ, թե ֆիզիկան անհետաքրքիր է, թե բասկետբոլ խաղալը ավելի լավ է, քան խոհարար լինելը, որ հիփ-հոփը ձեր արժանապատվությունից ցածր է, կործանարար է ոչ միայն առանձին մարդու, այլ նաև ամբողջ խմբի համար: Կարող է պատահել, որ խմբի մյուս անդամները, ինչպես ընտանիքը, որի մասին պատմվեց Աբիլինի պարադոքսում, նույնպես գաղտնի դեմ են մեծամասնության անունից արտահայտած կարծիքին, բայց վախենում են մենակ առարկել ամբողջ կոլեկտիվին: Ակնհայտ է, որ խմբային մտածողությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ խմբի համար:
Իր կոչման փնտրտուքներում գլխավոր արգելքը մարդու առջև հաճախ ծագում է դպրոցում: Այն մասամբ կապված է առարկաների հիերարխիկությամբ, ինչը տանում է նրան, որ շատ սովորողներ այդպես էլ երբեք չեն ճանաչում իրենց ճշմարիտ հետաքրքրություններն ու տաղանդները: Սակայն կրթական մշակույթի ներսում տարբեր սոցիալական խմբեր ձևավորում են տարբեր ենթամշակույթներ: Որոշ խմբերում իշխում է այն միտքը, որ սովորելն այնքան էլ հետաքրքիր չէ: Այստեղ գործում են այն կարծրատիպերը, ըստ որոնց՝ եթե զբաղվում եք գիտությամբ, ցնդած եք, եթե զբաղվում եք գեղանկարչությամբ կամ պարով, ուրեմն՝ թուլակամ եք: Ուրիշ խմբերում, ընդհակառակը, այս զբաղմունքները համարվում են ծայրահեղ կարևոր:
Այդպիսի խմբերը ուժեղ են նրանով, որ հաստատում են իրենց անդամների ընդհանուր շահերը: Խմբային մտածողության վտանգն այն է, որ նույն հանրության անդամների անհատական մտքերը խեղդում է: Խումբը մտածում է ներդաշնակ և գործում միասին, ինչով շատ նմանվում է ձկների վտառի վարքին:
Մի մրջյունը չի կարող փչացնել զբոսախնջույքը
Հավանաբար ձեզ բախտ է վիճակվել տեսնել ձկների հսկայական վտառներ, որոնք լողում են միասնական օրգանիզմի պես՝ հետևելով ներքին խիստ կառուցվածքին, բայց հանկարծ այդպես էլ սինխրոն՝ ձուկը ձկան հետևից, կարող են փոխել շարժման ուղղությունը: Հնարավոր է՝ տեսած լինեք երկնքով թռչող միջատների պարսը, որը անսպասելի իջնում է ներքև և պտտվում, որպես ամպ՝ ղեկավարվելով անտեսանելի դիրիժորի փայտիկով: Այս տպավորիչ տեսիլքը երևում է որպես ղեկավարվող և ինտելեկտուալ վարք: Սակայն ամեն մի առանձնյակ, լինի ծովատառեխ, թե մժեղ, իր ազատ կամքով չի գործում, ինչպես թվում է մարդկային տեսանկյունից: Մենք հաստատ չգիտենք, թե ինչ են նրանք մտածում, երբ հետևում են խմբին, բայց գիտենք, որ այդ անելով՝ նրանք գործում են որպես միասնական գոյություն: Այսօր հետազոտողները ավելի լավ են հասկանում այս երևույթի մեխանիզմը:
Ամենայն հավանականությամբ, ձուկը կտրուկ փոխում է շարժման ուղղությունը, կողմնորոշվում մյուս ձկների շարժումով՝ գտնվելով անմիջական ընկալման դաշտում: Այն, ինչը կողքից թվում է խորեոգրաֆիայի գլուխգործոց, իրականում հավանաբար ավելին չէ, քան «հետևիր առաջնորդին» սկզբունքի մարմնացումը: Այս մտքի պատկերման համար այսօր գոյություն ունեն համակարգչային ծրագրեր, որոնք շատ ճշգրիտ վերարտադրում են խմբերի և ոհմակների վարքի արդյունքները:
Նույն սկզբունքը, ամենայն հավանականությամբ, ղեկավարում է մրջյունի՝ բնության առավել հին և հաջողված արարածներից մեկի վարքը: Եթե դուք երբևէ տեսել եք ձեր խոհանոցի հատակին աննպատակ սողացող մրջյուն՝ ինչ-որ ուտելիքի փնտրտուքով, դժվար թե դուք կասկածել եք, որ բարձր զարգացած ինտելեկտ եք տեսնում գործողություններում: Բայց և այնպես, մրջյունների սյունաշարի գործունեությունը թիմային արդյունավետության և կազմակերպված հաջողության հրաշք է: Մրջյունների կյանքը հենվում է, այսպես կոչված, խմբի ինտելեկտի վրա, որի բնույթը ներկա պահին ուշադիր ուսումնասիրվում է: Չնայած դեռ մինչև վերջ պարզ չէ, թե ինչպես է մրջյուններին հաջողվում հասնել այսպիսի բարձր մակարդակի թիմային համագործակցության, հետազոտողները գիտեն, որ այդ միջատները հասնում են նպատակին՝ կատարելով իրենց շատ կոնկրետ դերը զինվորական ճշգրտությամբ:
Այսպես, օրինակ՝ ուտելիքի փնտրտուքով մի մրջյուն ուղի է հարթում՝ իր հետևից թողնելով իր ֆերոմոնների շարքը: Մյուս մրջյունը գնում է նրա հետևից՝ թողնելով իր հերթին սեփական «լորձունքը»: Նման ձևով միջատների մեծ խումբ ճանապարհ է գտնում դեպի ուտելիքի աղբյուրը, և միասին այն հասցնում են համայնքին: Ամեն մի մրջյուն աշխատում է ընդհանուր նպատակին հասնելու համար, ընդ որում նրանցից ոչ մեկը առաջնորդ չէ: Դատելով ամեն ինչից՝ մրջյունների շարքում լիովին բացակայում է հիերարխիան: Անգամ թագուհին, ակնհայտ է, կատարում է միակ ֆունկցիան՝ ձվադրումը: Ձկների, մրջյունների, մոծակների և այլ կենդանի արարածների մեծամասնության համակարգված խմբային վարքի այսպիսի մեխանիզմները պայմանավորված են ամենից առաջ պաշտպանվելու և անվտանգության, սերնդի շարունակության և գոյատևման, սննդի հայթայթման և մեկ ուրիշին կեր դառնալուց փրկվելու անհրաժեշտությամբ:
Սա շատ նման է մարդկանց վարքին: Մենք խմբավորվում ենք նույն կարևոր և առաջնային պատճառներով: Մարդկային խմբի դրական առանձնահատկությունն այն է, որ կարող է ծառայել որպես աջակցման հզոր աղբյուր: Բացասականն էլ ակհնայտ է՝ խմբերում խրախուսվում են միատեսակ մտածողությունն ու վարքը: Կոչումը մարդուն թույլ է տալիս ինքն իրեն բացահայտելու, բայց նա չի կարող դա անել, եթե հարմարվողականության գերին է դարձել: Երամում հնարավոր չէ լինել այնպիսին, ինչպիսին կաս:
Մշակույթ՝ կանոններ և լողազգեստ
Մեր ընտանիքի կամ ընկերների կողմից որոշակի սոցիալական ճնշմանը զուգահեռ կան նաև ընդհանուր առմամբ հենց մշակույթի մեջ ներդրված ճնշման այլ՝ ոչ ակնհայտ ձևեր: Ես մշակույթը ընկալում և սահմանում եմ որպես տարբեր սոցիալական խմբերին բնորոոշ արժեքների համակարգ և վարքի ձև: Մշակույթը թույլատրելիի համակարգ է: Այն սահմանում է, թե որ վարքը և տարբեր բաների նկատմամբ վերաբերմունքն են ողջամիտ տարբեր համայնքներում, իսկ որոնք` ոչ, ինչն է խրախուսվում, ինչը՝ մերժվում: Եթե դուք չեք ընդունում ձեր խմբի մշակութային դիրքորոշումը , դուք ուղղակի կարող եք սարսափելի երևալ ձեզ շրջապատողների աչքին:
Երբեք չեմ մոռանա այն մարդուն, որ իրեն չափազանց հանդուգն էր պահում Կալիֆոռնիայում՝ Մալիբուի ծովափին: Նա դանդաղ և ինքնավստահ մտավ հանգստացողների ամբոխի մեջ՝ անակնկալ ճչան մի երևույթ, որը ծովափը՝ լի իրար անծանոթ մարդկանցով, վերածեց սերտորեն համախմբված եղբայրության: Մոտավորապես քառասուն տարեկան էր: Կարծում եմ՝ ղեկավար աշխատող էր, և կարող եմ պատկերացնել, որ որոշակի իրադրությունում կարևոր «թռչուն» է համարվել: Բայց այստեղ ամեն ինչ այլ էր: Մարմնակրթության և վազքուղիների թագավորությունում նա ուղղակի գունատ, փռչոտ տերն էր թորթոշնած մարմնի, ով ակնհայտորեն իր օրերն անց էր կացրել գրասեղանի, իսկ գիշերները՝ գարեջրի սեղանի շուրջ: Այս ամենը դեռ ներելի է, բայց ոչ ընձառյուծի նկարով նեյլոնե լողավարտիքը:
Այս լողավարտիքը թթվածնային դիմակի պես գրկում էր նրա աճուկները: Էլաստիկ գործվածքի շերտը գրկում էր իրանը և բարակ քուղի վերածվելով՝ ձիգ սեղմվում նրա մերկ զիստերի միջև: Նա հպարտորեն անցնում էր զարմացած հանրության կողքով` ակնհայտորեն հաճույք զգալով, որ շուրջը բոլորը շրջվում և նայում են իրեն: Այն տպավորությունն ստացա, որ նա իրեն ֆիզիկապես հրապուրիչ և սեքսուալ գրավչության էտալոն է համարում՝ շրջապատողների ծիծաղն ընդունելով որպես հանրության հիացմունքի ջերմ ճառագայթ: Բայց դա մեծամասնության կարծիքի հակառակն էր. «Գոնե էպիլիացիա աներ», — ասաց կողքիս տղամարդը:
Ինչո՞ւ էր բոլորի վրա դա թողնում հիպնոսացնող, կախարդող ազդեցություն: Բանը միայն այն չէր, որ այդ մարդը վստահ էր իր գրավչության մեջ: Պատճառն այլ էր. նա չափազանց ակնհայտորեն չէր ներառվում շրջապատող միջավայրին: Նման հագուստն ու վարքը կարող էին նորմալ համարվել Ֆրանսիայի հարավում, բայց Մալիբուում, մի շարք պատճառներով, սա բոլորովին ողջամիտ չէր: Կալիֆոռնիայի ծովափերին տղամարդկանց համար կա վարքի չգրված կոդեքս՝ սիրամարգի արտաքին տեսքի և կանխամտածված համեստության զվարճալի խառնուրդ: Յուղով օծված մարմինն ու մկանների խաղը հրաշալի են, բայց ոչ մի դեպքում՝մերկացրած հետույքը: Ամբողջ Ամերիկան է իրենից ներկայացնում սանձարձակության և մաքրակրոնության պայթունավտանգ խառնուրդ:
Ի դեպ, դրանից կարճ ժամանակ հետո կնոջս հետ եղանք Բարսելոնայում: Ամեն օր՝ ամբողջ ամառվա ընթացքում՝ ընդմիջման ժամին քաղաքի կենտրոնի ծովախորշին զուգահեռ ծովափեր էին դուրս գալիս երիտասարդ կանանց և տղամարդկանց խմբերը, որոնք, առանց ամաչելու շրջապատողներից, արևահարվում էին, լավագույն դեպքում, լողավարտիքներով: Իսպանիայում դա լիովին ողջամիտ է: Տարօրինակ կլիներ այնտեղ ծովափին տեսնել մեկին մինչև ծնկները հասնող կարճ տաբատով և շապիկով: Այս մշակույթը նորմալ է համարում ծովափին մերկ մարմինների փաստացի ներկայությունը:
Հանրային բոլոր մշակույթների համար բնորոշ է այն, ինչը ես անվանում եմ «վարակիչ վարք»: Դրա լավագույն օրինակներից մեկը լեզուն է, ավելի ճիշտ՝ դրա առոգանությունն ու բարբառները: Դրանք հրաշալի կերպով ցույց են տալիս ընդօրինակման և կոնֆորմիզմի մղումը: Տարօրինակ կլիներ, եթե Հյուսիս-Շոտլանդիայում կամ Մոնտանայի Բեդլենդս շրջանում ծնված ու մեծացած մարդը, չխոսեր անգլերենի տեղի բարբառով՝ իր բնորոշ առոգանությամբ: Մենք, բնականաբար, կզարմանայինք, եթե այլ տեղի բնակիչ երեխան հանկարծ խոսեր ֆրանսերեն կամ եբրայերեն: Մենք նմանապես կապշեինք, եթե այդ երեխան, խոսելով տեղի լեզվով, օգտագործեր դրա՝ այդ վայրին օտար, լրիվ ուրիշ բարբառով կամ առոգանությամբ: Երեխայի բնական մոտիվացիային են վերաբերում կրկնօրինակումն ու նմանակումը: Երեխաները մեծանում և ներծծում են ոչ միայն ձայները, որ լսում են, այլ նաև զգացումները, որ արտահայտում են, այն մշակույթը, որն իրենք փոխհաղորդում են: Լեզուները մշակութային գեների հաղորդիչներն են: Լեզվի, նրա առոգանության և արտասանության յուրացման չափով մենք հասկանում ենք այդ լեզուն կրողների մտածողության, զգացումների ու հարաբերությունների կառուցվածքը:
Մշակույթը, որում մեծացել ենք, ազդում է ոչ միայն մեր արժեքների և աշխարհընկալման վրա: Այն ձևավորում է մեր մարմինը և կարող է անգամ փոխել մեր ուղեղի կառուցվածքը: Եվ դրա գլխավոր օրինակը նորից լեզուն է: Երբ մենք սովորում ենք խոսել, մեր բերանը և խոսքի օրգանները հարմարվում են մեր լեզվում օգտագործվող հնչյուններին: Եթե մեծանալու ընթացքում դուք խոսել եք միայն մեկ կամ երկու լեզվով, հետագայում ձեզ համար կարող է ֆիզիկապես դժվար լինել այլ լեզուներում օգտագործվող և այլ մշակույթների համար բնական, կոկորդային ֆրանսերեն կամ շչական իսպաներեն հնչյունները արտաբերելը կամ էլ որոշ ասիական լեզուների երանգային հնչյունները: Երբեմն նոր լեզու սովորելու համար պետք է նորից մարզել մարմինը, որպեսզի վերարտադրենք և հասկանանք նոր հնչյունները: Սակայն մշակույթների ազդեցությունը կարող է տարածվել ավելի հեռու՝ ուղեղի կառուցվածքի վրա:
Վերջին մի քանի տարիների ընթացքում գիտնականները հետաքրքիր հետազոտությունների շարք են անցկացրել՝ նվիրված Արևմուտքի և Արևելյան Ասիայի ժողովուրդների տեսողական ընկալման տարբերություններին: Դրանց արդյունքները ակնհայտ ցույց են տալիս, որ մշակույթները, որոնց մեջ մեծանում ենք, ազդում են հիմնարար գործընթացների վրա, որոնք օգնում են ընկալելու և մեկնաբանելու մեզ շրջապատող աշխարհը: Նման ուսումնասիրություններից մեկի ժամանակ Արևելյան Ասիայի և Արևմուտքի մշակույթներին պատկանող մարդկանց խնդրեցին նայել մի քանի նկարների և նկարագրել տեսածը: Այդ ընթացքում բացահայտվեցին մի քանի էական տարբերություններ:
Արևմտյան մշակույթի մարդիկ հատուկ ուշադրություն դարձրին պատկերի առաջնային պլանին և նրան, ինչը համարում էին նրա գլխավոր թեման: Ասիացիները ավելի շատ կենտրոնանում էին ընդհանուր պատկերի վրա՝ ներառյալ նրա տարբեր տարրերի միջև փոխկապվածությունը: Օրինակ՝ մի նկարում ջունգլիներում վագրի մասնակցությամբ տեսարան էր: Սովորաբար արևմուտքի դիտորդները այն հարցին, թե ինչ են տեսնում, պատասխանում են՝ վագր: Նման պատասխանը կարող է բավականին ողջամիտ թվալ այս գրքի արևմուտքցի ընթերցողներին: Սակայն ասիացի դիտորդները ավելի հաճախ ասում էին՝ ջունգլի է, որտեղ վագր կա կամ վագր է՝ ջունգլիում: Համաձայնեք, տարբերությունն էական է և պայմանավորված է արևմուտքի և ասիական աշխարհընկալման մշակութային նշանակալի տարբերություններով: Որպես օրենք, ասիական արվեստը բավականին քիչ է ուշադրություն հատկացնում դիմանկարչությանը և անհատական մոտեցման շեշտադրումներին, որն այնքան բնորոշ է արևմուտքի արվեստին: Ասիական արվեստը հենվում է կոլեկտիվ տեսակետի վրա ի տարբերություն արևմուտքի անհատականացմանը: Արևմուտքի փիլիսոփայության մեջ հին հույների ժամանակներից ընդգծվել է քննադատական մտածողության, տրամաբանական վերլուծության, ըստ կարգերի գաղափարների և առարկաների զարգացման կարևորությունը: Չինական փիլիսոփայության մեջ տրամաբանությունը և դեդուկտիվ վերլուծությունը երկրորդական են, հիմնական ուշադրությունը հատկացվում է ամբողջական երևույթների ուսումնասիրմանը և փոխկապակցումներին: Ընկալման նման տարբերությունները կարող են հանգեցնել մտապահումի և դատողության մեխանիզմներում տարբերությունների: Համենայնդեպս, հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ այս պրոցեսները ժամանակի ընթացքում կարող են առաջ բերել ուղեղի կառուցվածքային որոշակի փոփոխությունների:
Իլինոյսի և Սինգապուրի գիտնականները հետազոտել են երիտասարդ և տարեց կամավորների ուղեղի ակտիվությունը տարբեր թեմաների և ֆոների պատկերների դիտման ընթացքում: Օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (FMRI)` նրանք կենտրոնացել են ուղեղի քունքածոծրակային հատվածի վրա, որը մշակում է շրջապատող աշխարհի առարկաների մասին տեսողական ինֆորմացիան: Բոլոր երիտասարդ մասնակիցների մոտ դիտվել է ուղեղի նմանատիպ ակտիվություն: Բայց արևմտյան և ասիական մշակույթին պատկանող տարեց կամավորների նյարդային ազդակները նշանակալիորեն տարբերվում են: Արևմուտքի մարդկանց քունքածոծրակային հատվածը ակտիվ էր մնում, այն դեպքում, որ «արևմուտքցիների» մոտ ուղեղի այդ հատվածի արձագանքի հաճախականությունը նվազագույնն էր:
Սինգապուրի` ճանաչողական նեյրոբիոլոգիական լաբորատորիայի պրոֆեսոր և նկարագրված հետազոտության համահեղինակ դոկտոր Մայքլ Չին եկել է այն եզրակացության, որ «…ուղեղի՝ ֆոնի և առարկաների մասին տեղեկության մշակման գործընթացին ներգրավված մասերը տարեց մարդկանց երկու՝ տարբեր աշխարհագրական և որպես հետևանք՝ տարբեր մշակութային ծագում ունեցող խմբերի մոտ տարբեր կերպ են մասնակցում»: Իլինոյսի համալսարանի ավագ գիտաշխատող և հոգեբանանության պրոֆեսոր դոկտոր Դենիզա Պարկը, զբաղվելով նշված նախագծով, այդ տարբերությունը բացատրում է նրանով, որ արևմտաասիական մշակույթները «…առավել փոխկապակցված են, իսկ նրանց պատկանող մարդիկ ավելի շատ ժամանակ են հատկացնում՝ հետևելով շրջակա միջավայրին և այլ մարդկանց: Իրենց եսակենտրոն էությամբ Արևմուտքի մշակույթներն ավելի անկախ են և կենտրոնացած առանձին անհատականությունների և կենտրոնական օբյեկտների վրա»: Դոկտոր Պարկը համոզված է՝ այս հետազոտությունները ապացուցում են, որ մշակույթը կարող է ազդել ուղեղի վրա: Այդպե՞ս է իրականում: Եթե այո, ապա մինչև ի՞նչ աստիճանի: Այս հարցերն այսօր ավելի շատ գիտնականների ուշադրությունն են գրավում: Բայց արդեն ակնհայտ է, որ մեր մշակութային միջավայրը ազդեցություն է ունենում նրա վրա, թե ինչ ենք մենք տեսնում մեր շրջապատում, ոչ թե միայն նրա վրա, թե ինչ ենք մտածում տեսածի մասին: Մշակույթը անտեսանելի միջոցներով ազդում է բոլորիս վրա:
Լողալ հոսանքին հակառակ
Սոցիալ-մշակութային մարդաբան Քլոթեր Ռապելը համարում է, որ յուրաքանչյուր մշակութային միջավայր ունի իր չգրված «գոյատևման ուղեցույցը», որը մեզ սովորեցնում է հաջողության հասնել: Այս օրենքներն ու պայմանականությունները հասկանալի են մեզնից շատերին (իհարկե, բացի այն լողավարտիքով տղամարդուց): Նա, ով տեղաշարժվում է մի սոցիալ-մշակութային տարածությունից մյուսը, կարող է այդ «գոյատևաման ուղեցույցի» օգնությամբ գլուխ հանել իր համար նոր պայմաններում: Այն ստեղծվել է որոշակի մշակույթ կրող մարդկանց կողմից, ովքեր սերնդեսերունդ համառորեն հարմարվել են կոնկրետ միջավայրին: Ամեն նման ուղեցույց ոչ միայն տվյալ մշակույթի մարդկանց օգնում է հաջողության հասնելու, այլ նաև ունի մի շարք սահմանափակումներ: Այս սահմանափակումները կարող են խանգարել գտնելու սեփական կոչումը, եթե մեր հակումները հակասող դուրս գան մշակութային դիրքորոշումներին:
Սոցիալական մեծ երևույթները հայտնվում են այն ժամանակ, երբ խորտակվում են արգելքները: Ռոք երաժշտությունը, պանկը, հիփ-հոփը և այլ նշանակալի նորարարություններ սոցիալական մշակույթի մեջ սովորաբար զարգանում են երիտասարդ մարդկանց շնորհիվ, ովքեր արտահայտվելու ձևի այլընտրանք են փնտրում: Պատանեկան ըմբոստությունը հաճախ իր արտահայտությունն է գտնում այլ ձևով խոսելու և հագնվելու մեջ: Բայց վարքի կամ բառապաշարի յուրահատուկ ձևը սովորաբար դառնում է նույնպիսի հարմարվողական ու անհերքելի ևերևույթ իրենց ներքին ենթամշակույթում, քանի որ հակամարտության մեջ է գերիշխող մշակույթի հետ, որից երիտասարդները ջանում են առանձնանալ: Շատ դժվար է հիպիների մեջ տեղ գտնել, եթե քո հագին Արմանի կոստյում է:
Բոլոր մշակույթներն ու ենթամշակույթներն ունեն իրենց սահմանափակումների համակարգը, ինչը խանգարում է առանձին մարդկանց գտնելու իրենց տարերքը, եթե նրանց հակումները հակամարտության մեջ են մտնում գերիշխող իրավիճակի հետ: Որոշ մարդիկ, ծնված լինելով մի մշակույթի մեջ, վերջնական արդյունքում նախընտրում են ուրիշը, քանի որ իրենց սրտամոտ է կյանքի ոճի և աշխարհընկալման նրա մեթոդը: Նրանք դառնում են «միջմշակութային» մարդիկ`Ֆրանսիացին կարող է անգլոֆիլ դառնալ, իսկ ամերիկացին՝ ֆրանկոֆիլ: Ինչպես կրոնը փոխած մարդիկ, այնպես էլ մշակութային «նորելուկները» կարող են դառնալ կրքոտ հետևորդները ավելի շուտ նոր ձեռք բերված մշակույթի, քան նրա, որում ծնվել են:
Նրանց համար, ովքեր ուզում են ոչ մեծ խանութ ղեկավարել և ճանաչել ամեն հաճախորդի՝ անուն առ անուն, քաղաքական մշակույթը լավագույն ընտրությունը չէ: Ամերիկայի կենտրոնական նահանգների մշակույթը դժվար թե իդեալական է նրանց համար, ովքեր ուզում են խիստ քաղաքական երգիծաբանի կարիերա ստեղծել: Հենց դրա համար էլ Բոբ Դիլանը ստիպված եղավ գնալՀիբինգից, իսկ Արիաննա Ստասինոպուլոսը լքեց Հունաստանը: Սեփական տարերքը գտնելու ճանապարհին երբեմն անհրաժեշտ է դուրս պրծնել հայրենի մշակույթից, որ հասնես քո նպատակին:
Զահա Հադիդը՝ աշխարհում առաջին կինը, ով ստացել է Պրիտցկերովսկի մրցանակ[1] ճարտարապետությունից, մեծացել է Բաղդադում անցյալ դարի 50-ական թթ: Իրաքն այն ժամանակ այլ էր՝ ավելի աշխարհիկ և բաց արևմուտքի գաղափարների համար: Այդ ժամանակ շատ կին իրաքցիներ փայլուն կարիերա էին անում՝ զբաղվելով այդ մասնագիտությամբ իրենց հայրենի երկրում: Սակայն Զահան ուզում էր ճարտարապետ դառնալ, բայց չէր տեսնում իր հայրենի երկրում այդ մասնագիտությամբ զբաղվող կանանց:
Շարժվելով իր երազանքը իրականացնելու ջերմ ցանկությամբ` Զահան սկզբում եկավ Լոնդոն, հետո՝ ԱՄՆ: Այնտեղ նա սովորել է իր ժամանակի մեծագույն ճարտարապետների հետ, մշակել հեղափոխական ոճ ճարտարապետության մեջ և դժվար մեկնարկից հետո (նրա աշխատանքը բավական շատ բեկումնային փոփոխություններ էր նախատեսում, որին հաճախորդները սկզբում համաձայնում էին ոչ հաճույքով), կառուցել է մի քանի նշանավոր շինություններ աշխարհում:
Նրա աշխատանքների շարքում է Ցինցինատիիում (Օհայոյի նահանգ) Ռոզենտալի՝ ժամանակակից արվեստի կենտրոնը, որը «Նյու Յորք թայմսը» անվանել է «Ամերիկայում «սառը պատերազմի» ժամանակից ի վեր ամենակարևոր նոր շենքը»: Իր մշակույթից հեռանալը և հայտնվելը այն միջավայրում, ուր ողջունում են նորարարությունները, հնարավորություն տվեցին Զահե Հադիդին հասնելու լավագույն արդյունքների: Մնալով Իրաքում՝ նա, հնարավոր է, լավ կարիերա կաներ կամ կաներ, քանի դեռ քաղաքական դրույթները կանանց նկատմամբ չէին փոխվել: Բայց նա չէր գտնի իր կոչումը ճարտարապետության մեջ, քանի որ իր հայրենի երկրի մշակույթը կանանց ուղղակի նման հնարավորություն չէր տալիս:
Ձկների վտառի, միջատների պարսի և մարդկանց ամբոխի «վարակիչ վարքն» առաջանում է ֆիզիկական սերտությունից: Մարդկության պատմության նշանակալի փուլի ընթացքում մշակութային առանձնահատկությունները ձևավորվել են նաև ֆիզիկապես իրար ամենամոտ գտնվող մարդկանց միջև, անմիջական շփման ազդեցության տակ` ոչ այնքան մեծ գյուղերի ներսում, տեղական համայնքներում: Մարդկանց մասշտաբային տեղափոխումները մի ժամանակ սահմանափակվում էին ռազմական ներխուժումներով և առևտրով, և դրանք այլ համայնքներում մշակութային գաղափարների, օտար լեզուների և կյանքի նոր ապրելակերպի տարածման գլխավոր ուղիներն էին:
Վերջին երկու հարյուրամյակներում կուտակված մշակութային հիմքը գլոբալ հաղորդակցության զարգացման հետ ենթարկվել է անդառնալի փոփոխությունների: Այսօր «վարակիչ վարքի» զանգվածային տարածումը կատարվում է համացանցի միջոցով: Ամբողջ աշխարհում վիրտուալ կյանքով ապրում են միլիոնավոր մարդիկ և դա կարող է ազդեցություն ունենալ նրանց մտածողության և այն բանի վրա, թե ինչպես են ընկալում նոր վիրտուալ սարքավորումները և սոցիալական դերը:
Մեզնից շատերն այսօր նման են մշակութային առանձնահատկությունների շերտերով ծածկված մատրյոշկաների: Վերջերս, օրինակ, կարդացի մի հետաքրքիր բան. պարզվում է՝ այսօր բրիտանացի լինել, «նշանակում է՝ գերմանական մեքենայով տուն գնալիս կանգնել, որպեսզի գնես բելգիական գարեջուր, թուրքական քեբաբ կամ հնդկական ռեստորանից ինչ-որ սնունդ, հետո էլ երեկոն անցկացնել տանը` շվեդական կահույքի վրա՝ ամերիկյան հաղորդումներ նայելով ճապոնական հեռուստացույցով»: Իսկ ո՞ր գիծն է հենց «բրիտանական» համարվում. ամենային օտարի նկատմամբ անվստահությունը։
Ժամանակակից մշակույթների բարդությունը և շարժունակությունը կարող են հեշտացնել մեզ շրջապատող մթնոլորտի փոփոխությունների ընթացքը, պարզեցնել խմբային մտածողության ճնշումից և կարծրատիպերի ազդեցությունից ազատվելու մեխանիզմը: Դրանք նաև կարող են շփոթմունքի և անվստահության խոր զգացում առաջացնել: «Թույլ մի տվեք, որ ձեր ճանապարհին ինչ-որ բան կանգնի» գաղափարը, որ ես ուզում եմ ձեզ հասցնել, հեշտ կիրառելի չէ: Մեր ընտանիքները, ընկերները, մշակույթը և տեղը, որ զբաղեցնում ենք հասկարակության մեջ, կարևոր են կյանքից բավարարվածության զգացում ունենալու համար, և մենք մեզ շրջապատող մարդկանց հանդեպ ունենք որոշակի պարտականություններ: Իրական գաղափարն այն է, որ ձեր տարերքի որոնումներում ավելի շուտ կբախվեք ձեր շրջապատի մի կամ մի քանի՝ անձնական, սոցիալական կամ մշակութային աստիճանների դիմադրությանը։
Երբեմն, ինչպես գլխի է ընկել է Չակ Քլոուզը, կոչում ձեռք բերելու համար անհրաժեշտ է անընդհատ ստեղծագործական լուծումներ որոնել մինչև իսկական պայցառացումը։ Երբեմն, ինչպես մեզ սովորեցնում է Պաուլո Կոելիոյի օրինակը, անհրաժեշտ է կայուն հակազդեցության պայմաններում պահպանել սեփական հայացքները: Իսկ երբեմն էլ, ինչպես ցույց է տալիս Զահա Հադիդի կյանքը, հարկավոր է լքել ծանոթ միջավայրը ձեր զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր գտնելու համար:
Վերջին հաշվով խնդիրն այն է, թե ինչ գին եք պատրաստ վճարելու: Սեփական կոչումը գտնելուց բավարարվածությունը հսկայական է, սակայն այդ բավարարվածությանը հասնելու ճանապարհը կարող է անցնել դաժան դիմադրության հաղթահարումով:
Շարունակությունը
Թարգմանությունը ռուսերենից
Նկարի աղբյուրը
Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան
[1] Մրցանակ, որ շնորհվում է ամեն տարի ճարտարապետության բնագավառում: Համարվում է Նոբելյան մրցանակին նմանակը: Հիմնադրվել է 1979 թվին Hyatt հյուրանոցային ցանցի սեփականատեր Պրիտցկեր ընտանիքի կողմից: Զահա Հադիդի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը եղել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում: (Ծան.՝ բնագրի խմբագրի)