Կրթության նպատակների մեջ ամենաանըմբռնելին արժեքների դաստիարակման շուրջ զրույցներն են։ Ո՞վ է որոշելու՝ ինչ արժեք ներարկի սերնդին։ Մի՞թե արժեքները միանշանակ են։ Էլ չեմ ասում՝ ինչպես ներարկես։ Աշխարհը հարափոփոխ է, արժեքները՝ համապատասխանաբար։ Բայց մենք, միևնույն է, խոսում ենք արժեքներ դաստիարակելու մասին։

Խնդիրն անկասկած ուշադրության արժանի է։ Ուրիշ ե՞րբ, եթե ոչ դպրոցական տարիներին պիտի մարդու մեջ ձևավորվեն ու ամրանան արժեքները։ Եվ մի՞թե երեխան ուրիշ մի տեղ այդքան տևական ու հիմնավոր ապրում է, որքան դպրոցում։ Իսկ արժեքները ձևավորվում են ոչ թե ներարկումով, այլ միջավայրում. որպես «հասարակության բարոյական հարաբերությունների դրսևորման մի ձև»1 մարդն ուղղակի ընդունում է այն արժեքները, որոնք թելադրում է այդ հասարակությունը՝ միջավայրը։

Ուրեմն՝ ուզի, թե չուզի, դպրոցն իր արժեքները ներարկելու է։ Այստեղից՝ փորձենք հետևել դպրոցի դավանած արժեքներին։

Դպրոցն իր գոյության իրավունքն ստանում է պետությունից (նաև մասնավոր դպրոցը)։ Պետությունը սահմանում է դպրոցի գործելու ոճը՝ սահմանում է չափորոշիչներ, պարտադրում է ուսումնական պլան, հաստատում է ծրագրեր ու դասագրքեր։ Որքանով են դրանք հատկապես այն, ինչ անհրաժեշտ են, որքանով են ուղղված որևէ նպատակի, և ինչ արդյունք ենք ակնկալում` երբեմն դժվար է հասանալ։ Բայց դրանք պարտադիր են, և դրանց ուսուցումը ենթակա է ստուգման։ Ապացույցը՝ պարբերական ստուգումները դպրոցներում, ուսումնական յուրաքանչյուր աստիճանի ավարտին սահմանված քննությունը, միասնական քննությունը և այդպիսի այլ բաներ, որ լարման մեջ են պահում դպրոցական հաստատությունը՝ իր համայնքով։

Իր գոյությունն ապահովելու, իսկ հաջողելու դեպքում գովեստների արժանանալու համար դպրոցի պատասխանատու կազմն իր առջև դնում է հենց այդ խնդիրները լուծելու նպատակ։ Լավագույն դեպքում դպրոցի համար արժեք են դառնում վերադասի աչքը մտնելը, նրանից գովեստի արժանանալը, ոմանց համար՝ նաև նյութական խրախուսանքը, որ նախորդ թվարկածիս հետևանքն է։ Նախարարությունից ու նրա հովանու տակ գործող գերատեսչություններից կրած ճնշումները դպրոցի տնօրենությունը անդրադարձնում է մանկավարժական կազմի, վերջիններս էլ՝ սովորողների վրա։

Ուրեմն՝ ի՞նչ արժեք է տեսնում երեխան.

  • պետք է սիրաշահել նրանց, ովքեր քեզ գնահատական են տալիս.
  • ամեն գնով պետք է արժանանալ լավ գնահատականի.
  • մերժել նրանց, որ չեն արժանանում այդ գնահատականին, և անհանդուրժող լինել նրանց նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ արժեքը դառնում է եսասիրությունը, ուրիշին՝ գնահատողին, սիրաշահելու համար նրա թելադրած գործելակերպը, այդպես չվարվողների նկատմամբ անհանդուրժողականությունը։ Իսկ հիմնական արժեքների քարոզը՝ հայրենիք, ազգ, մշակույթ, ազատություններ և այլն, մնում է հենց քարոզի մակարդակում։

Այս իրավիճակը դպրոցի պաշտոնականացման հետևանքն է, պետության՝ դպրոցը ստորադասելու, դպրոցի՝ սովորողին ստորադասելու հետևանքը, այդ ստորադասման գլխավոր գործիքի՝ գնահատման հետևանքը, աճող, աշխարհը ճանաչելու կոչված մարդու գլխին դատավոր լինելու հետևանքն է։ Ինչ գնահատում ես, դա էլ քո արժեքն է։ Դպրոցի արժեքը լսող, կրկնող, խոնարհ, կատարող մարդ արտադրելու կարողությունն է։ Սա, անկասկած, վերանայելու անհրաժեշտություն ունի։

Արժեքների վերափոխությունը, ինչպես «Մարդն ըմբոստացած» էսսեում գրում է ֆրանսիացի անվանի գրող ու փիլիսոփա Ալբեր Կամյուն, «…նշանակում է միայն դատավորի արժեքը փոխարինել ստեղծագործողի արժեքով, այն է` առկայի հանդեպ հարգանքով ու սիրով»: Եթե դպրոցը ապրելու ու զարգանալու համար է, թերևս հարկավոր է, որ նրա գլխավոր արժեքը հենց սերը լինի՝ ինչպես իրեն վստահած երեխայի, այնպես էլ միմյանց ու աշխարհի նկատմամբ, ինչը ենթադրում է նաև հարգանք յուրաքանչյուրի ունեցած հնարավորությունների ու ընտրության նկատմաբ։

Արժեք պիտի լինեն մարդու ինքնուրույնությունը, կողմնորոշվելու հմտությունը։ Իսկ դրան հնարավոր է հասնել ազատ ընտրության, այդ ընտրությունը վերանայելու հնարավորության, սխալվելու իրավունքի և սխալից դաս քաղելու կամ չքաղելու որոշման միջոցով։ Դա կեցություն է, բնական հարաբերություններ, ընթացք, որը գնահատում՝ դատավճիռ (գնահատանիշ) չի հանդուրժում։

Եթե ինձ հարցնեին՝ որն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ այսքան տարվա գլխավոր ձեռքբերումը, կասեի՝ հենց վերաբերմունքը մարդու նկատմամբ, հենց սերը, հանդուրժողականությունը որպես գլխավոր արժեք ունենալը։

Քո հավատամքը համապատասխան է քո մտքին,
Քո միտքը համապատասխան է քո խոսքին,
Քո խոսքը համապատասխան է քո գործողությանը,
Քո գործողությունը համապատասխան է քո սովորությանը,
Քո սովորությունները համապատասխան են քո արժեքներին,
Քո արժեքները համապատասխան են քո ճակատագրին։
Գանդի

Ժամանակակից աշխարհն ստեղծել է տեղեկույթի հսկայական ամբար. հարկ չկա հիշողությունը ծանրաբեռնելու։ Շատ գործողություններ, որ մասնագիտություն էին համարվում, այսօր զիջում ենք մեքենաներին։ Զգացվում է միտումը՝ մարդուն մեխանիկական աշխատանքից ազատելու։ Մարդուն մնում է միտքը. նա պարզապես ստիպված է ստեղծագործ լինելու։ Ի՞նչ ստեղծի։ Ինչի՞ն հավատա, ինչի՞ն ծառայի ու ինչը բազմացնի։ Սրանք հասկանալու համար հետազոտող, հայտնաբերող, հասկացող, դատող միտք է պետք։ Արժևորո՞ւմ ենք արդյոք հենց այս հատկանիշները։

Արժեք դաստիարակելու համար, ըստ իս, հարկավոր է թողնել, որ մարդ հասկանա ինքն իրեն։ Դրան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նպաստում է կրթական բաց և փոփոխուն միջավայրը։ Սովորողի հետազոտության առարկան դառնում է աշխարհը՝ ճամփորդությունների և բաց տարածություններում պարապմունքների միջոցով։ Իսկ ներհայեցողության առիթ են դառնում քննարկումները զանազան թեմաներով՝ գրականությունից մինչև հանրային հրատապ հարցերի շուրջ եղածները։ Ստեղծագործ դասավանդողն ինքն է որոշում՝ որ պահին ինչը դարձնի ընդհանուր հետազոտության ու քննարկման առարկա՝ հետևելով նաև սովորողի նախաձեռնությանն ու արժևորելով նրա ընտրությունը։ Հենց ազատ ընտրության հնարավորության ու սիրո միջավայրում մեծացած մարդն է, որ չի հաշտվում իրեն պարտադրած կամ իր համար անհասկանալի արժեքների հետ։ Այս առթիվ, անդրադառնալով Ալբեր Կամյուի վերը նշված գործին, համաձայնենք. «Եթե մարդը չի ուզում կորչել իրեն խեղդող թնջուկների մեջ, ապա դրանք պիտի կտրի մի հարվածով և ստեղծի սեփական արժեքները»: 


1Ի.Ս.Կոն. Բարոյագիտական բառարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով