Տղան դպրոց է գալիս ուղեկցորդի հետ։ Երեք տարի է դասավանդում եմ։ Աուտիզմի նախանշաններ ունի։ Երբեք խոսելիս աչքերիս չի նայում, հարցերիս չի պատասխանում, չի խոսում, չի հարաբերվում։ Ուսումնական պարապմունքների ընթացքում մոտենում եմ, հարցնում՝ ոնց է, ոնց են գործերը: Բայց սա մի տեսակ ծեսի է նման, որովհետև հարցերիս կամ չի պատասխանում, կամ մի կերպ պատասխանում է ուղեկցող աղջկա պնդմամբ։ Երբեմն, կողքովն անցնելիս, բռնում է ձեռքս: Առանց դեմքիս նայելու՝ ժպտում է: Ուրիշ ոչ մի շփում չունենք: Մայրն ասում է, որ տանը հաճախ է անունս տալիս: Իսկ դասարանում ոչ մի կերպ չի դիմում։ Դասարանում ուղեկցորդի հետ է աշխատում, տանը՝ ծնողների: Առանձին առաջադրանքների փաթեթից ծնողը չի ցանկանում, որ տղան օգտվի: Վստահորեն ասում է՝ ինքը կարող է: Ես դժվարանում եմ տղայի կարողությունների մասին խոսել, որովհետև տղան արդեն երրորդ տարին է՝ ինձ հետ չի աշխատում, և ես ստիպված եմ նրան հետևել հեռվից և նրա բլոգով, որը տղան, հավանաբար ընտանիքի օգնությամբ,պարտաճանաչվարում է։
Այդ օրը, սովորականի պես, անցնում եմ սովորողների մոտով, նայում՝ ինչպես են աշխատում։ Նայեցի տղային։ Տխուր, անտրամադիր թվաց ինձ։ Մոտեցա։ Հարցնում եմ՝ ինչպես ես։ Չգիտեմ ինչու, զգացողություն ունեմ, որ բան ունի ասելու։ Հանկարծ բարձրացնում է գլուխը, ուղիղ նայում աչքերիս և հստակ ձայնով ասում.
— Ո°ւր է Տաթևիկը / աղջկա անունը փոխված է/ :-Մի պահ դադար,- ինչո°ւ չի եկել:
Խոսքը՝ հստակ, հայացքը՝ համառ, գամած աչքերիս:
Տաթևիկը դասարանի արև — աղջիկներից է՝ պայծառ, աշխարհին լայն, մեծ աչքերով նայող, դեմքը՝ միշտ ժպիտի մեջ:
Հանկարծակիի եկած կանգ եմ առնում:
— Ի°նչ,- զգում եմ, որ լեզուս կապ է ընկել: Չեմ կարողանում շարունակել:
— Տաթևիկը ինչի՞ չի եկել:
Երևի կաթվածահար վիճակս երկարեց: Կարծես հեռվից լսում եմ տղայի ուղեկցողի ձայնը.
— Տիկին Մարիետ, Տաթևիկի մասին է հարցնում, իրենց դասարանի Տաթևի:
Տղան շարունակում է համառորեն աչքերիս նայել. պատասխանի է սպասում:
— Տաթևիկը — կմկմում եմ ես,- Տաթևիկը հիվանդացել է:
— Վաղը կգա°,- շարունակում է տղան. ձայնը ցածր, բայց հստակ, հայացքը՝ խոսուն, — վաղը Տաթևիկը կգա՞,- ձայնը ավելի բարձր է հնչում, ավելի զնգուն։
— Այո, իհարկե, — վստահ պատասխանում եմ ես,-վաղը կգա:
Տղան հայացքը թեքեց: Կապն ընդհատվեց: Վերջ հաղորդակցմանը։
Ինչո՞ւ հանկարծ էդ կարևոր հարցին պատասխանելու իրավունքն ինձ շնորհվեց։ Ի՞նչը տղյին մղեց հաղորդակցման։ Ի՞նչ զգացումներ ուներ տղան։ Իսկ ինչո՞ւ են ասում, որ աուտիզմի նախանշաններով մարդիկ չեն նայում աչքերիդ, իրենց աշխարհում են ապրում, քեզ հետ չեն հաղորդակցվում։ Տղան երեք տարի ինձ հետ չէր խոսել։ Փաստորեն չուներ այն կարևոր հարցը, որի պատասխանն ինձնից էր ակնկալում։ Չուներ ինձ հետ խոսելու հիմնավոր պատճառ։ Չէր խոսել, որովհետև չէր ուզել խոսել։
Իսկ դասարանում սովորողները տարբեր են, շտ՜տ տարբեր։ Այս մի տղան սիրում է շատախոսել ու հատկապես ինձ հետ․,, Օ,՜, Ձեր մազերի գույնը փոխել եք, սազում է,, կամ․ ,,Այսօր Ձեր դիմահարդարումը ընդգծված է, գեղեցկացել եք,,։ Էհ, ի՞նչ անես․․․ Մարդն էդպիսին է։ Ժպտում եմ, շնորհակալություն եմ հայտնում բարի խոսքերի համար։ Զգուշորեն ուշադրությունն առաջադրանքի վրա եմ ուղղում։ Այս մի տղան կանչում է, ականջիս՝ ,,Մենք եռյակ ենք ունենալու,,։ Ա՜յ քեզ ուրախություն․․․ Տարբեր են մարդիկ, շա՜տ տարբեր․․․ մեկը բացահայյտ է արտահայտվում, մեկը՝ շշուկով, մյուսը՝ անձայն։ Սա էսպիսին է, նա՝ էնպիսին։ Թե չէ՝ մարդը չի խոսում քեզ հետ, չի ուզում որևէ կերպ հարաբերվել, աչքերիդ չի նայում, ուրեմն․․․ Ուրեմն՝ ի՞նչ։
Ականջներիս մեջ հնչեց դասախոսիս՝ Լևոն Ներսիսյանի հնչեղ , թրթռուն ձայնը․:,,Ասում են՝ փիղը հիշողություն չունի։ Ի՞նչ գիտես, իսկ դու փիղ եղե՞լ ես,,։ Սա դեռ փղի մասին։ Բայց երբ մարդու մասի՞ն են խոսում: Երբ տեսակավորում են մարդկա՞նց, նրանց հետ հարարբերվելու ձևեր մշակում ու առաջարկո՞ւմ: Ախր, որտեղի՞ց գիտեք։ Ի՞նչ ընդհանրություններ կարող ես անել մարդկանց մասին, երբ մարդ-անհատի հետ գործ ունես։ Չէ° որ դու այդ մարդը չես, չես կարող լինել, ինքն ուրիշ է, ինչպես՝ ես, ինչպես դու: Ո՞նց ես ասում աուտիզմի նախանշաններով մարդը այ էսպես է տեսնում աշխարհը, հետևապես դու իր հետ այ էսպես պետք է վարվես: Կներեք, բայց այդ ձևակերպումները ինձ իմ մանկավարժական գործունեության մեջ չեն օգնել, կողմնորոշիչ չեն եղել: Ինձ համար հարաբերման մի կերպ կա, որը ընդհանուր է բոլորի համար՝ և՛ մարդու, և՛ կենդանու, և’ բույսի, և’ ողջ բնության՝ և դա սիրո կերպն է: Իսկ սիրո կարիք բոլորս ունենք։ Այ, սա գուցե և ընդհանուր է բոլորի համար և ոչ միայն մարդկանց։
Առցանց հարթակում գործընկերս սովորողների թիվ էր ներկայացնում՝ ունենք այսքան սովորող, որոնցից այսքանը՝ հատուկ կարիքով։ Համացանցը կարմրեց տիար Բլեյանի բարկությունից․,, Դուք ունեք այդքան սովորող, ինչո՞ւ եք առանձնացնում մի քանի սովորողի,,։ Ինչո՞ւ։ Պատասխանը չկա։ Գիտե՞ք՝ ինչ բան է կեղծ արժեքների համակարգը, որը սովորության ուժ է ստանում : Եվ ցավոք, դրանից ոչ մեկս ապահովագրված չենք: Ցավոք։