Սովորեցրեք ձեր սեփականը
Սկիզբը
Նախորդ հատվածը
Մուտք դեպի աշխարհ
Նույնիսկ ենթադրյալ «ազատ» կամ «այլընտրանքային» դպրոցներում շատ մարդիկ դեռևս անում են այն, ինչ պայմանական դպրոցները միշտ արել են: Նրանք երեխաներին հեռու են պահում աշխարհի մեծ հարստությունից ու բազմազանությունից և դրա փոխարեն տալիս նրանց դպրոցական առարկաներ, ուսումնական ծրագիր: Դա կարող են խառնել հավի ոսկորներով, հաշվողական ձողիկներով և բոլոր տեսակի այլ իրերով:
Բայց փաստը մնում է փաստ, որ փոխանակ թույլ տալու երեխաներին շփում ունենալու ավելի շատ մարդկանց, տեղերի, գործիքների և փորձառությունների հետ, դպրոցներն աշխարհը փոքր մասերի են բաժանում և տալիս երեխաներին՝ համաձայն ինչ-որ փորձագետի տեսության, թե նրանք ինչի կարիք ունեն կամ որքան կարող են սովորել: Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը. շատ ժամանակ և տարածք`իրենց փորձի մասին մտածելու, երևակայություն և խաղ՝ դրանք իմաստավորելու համար, և խորհուրդներ, ճանապարհային քարտեզներ, ուղեցույցներ, որպեսզի ավելի հեշտացնենք իրենց ցանկացած վայրը գնալը (ոչ թե այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պետք է գնան), և գտնեն այն, ինչ ուզում են գտնել: Այս ամենն անելու ձևերը գտնելու հեշտ չէ:
Ժամանակակից աշխարհը վտանգավոր է, շփոթեցնող, երեխաների համար չէ, ընդհանրապես բարի ու ողջունող չէ: Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք: Սակայն սա շատ տարբեր է մի գեղեցիկ, փոքրիկ ուսումնական ծրագիր կազմելուց:
Ահա, թե ինչպես է Վաշինգտոնից մի ընտանիք բացահայտում քաղաքն իր երեխաների համար. «Մենք երեք հոգուց բաղկացած ընտանիք ենք՝ մայրիկ, հայրիկ և դուստր Սյուզան, որն այս մայիսին կդառնա ութ տարեկան. տնային կրթության ենք անցել արդեն երկու տարի։ Երբ հասկացանք, որ մեր գեղեցիկ դստեր կյանքը, ազատությունը և ստեղծականությունը սիստեմատիկորեն խանգարվում էին պարտեզի դաստիարակների կողմից, Սյուզանը որոշեց, որ մյուս տարի ինքն ուզում է մնալ տանը: «Կրթության փոխարեն»-ի վերջին գլուխը մեզ ուժ տվեց. հատկապես վերջին պարբերությունը:
Մեզ համար դպրոցներն օտար երկրներ են, որ դժվար է հասկանալ: Մեր կյանքն ազատ է, և մեր գործն ու ուսուցումն ուղղված են այն նպատակներին, որոնք մեր կարիքներն են արտացոլում, որ թե հասարակության նպատակները: Վարում ենք մեր ուրույն կյանքը, ուժ ունենք կառավարելու մեր սեփական գործերը: Սյուզանը հոգ է տանում իր մասին և պատասխանատվություն կրում իր համար, կանգնած է իր երկու պինդ ոտքի վրա, խոսում է պարզ, մտածում է պարզ և պատասխանում է միայն իր խղճին: Նա երջանիկ է, խոսուն, հետաքրքիր և հետաքրքրված և կարող է իր կյանքի համար ընտրել այն, ինչ ուզում է:
Մենք ապրում ենք Վաշինգտոնում, Կապիտոլիումի բլրի վրա, Սմիթսոնյան ինստիտուտի թանգարաններից երկու մղոն հեռու: Սյուզանն ու իր մայրիկը համարյա ամեն օր այնտեղ են գնում ոտքով, դիտարկելով, խաղալով, հանդիպելով մարդկանց, գնալով կինո, լսելով երաժշտություն և նստելով կարուսել: Նրանք բնական ֆիլմերի մի ֆանտաստիկ բազմազանություն են տեսնում: Նրանք գիտեն արվեստի և պատմության թանգարանները՝ ցուցահանդես առ ցուցահանդես: Սյուզանը կարող է տանել ձեզ տիեզերքի պատմության միջով, բնության պատմության միջով մինչև Մարսի վրա վերջին վայրէջքը: Նրանք նախաճաշում են շատրվանների մոտ, տեսնում վերջին քանդակները, իրենց սիրելի վայրերը նկարում, սքանչանում գարնանային և աշնանային գեղեցիկ օրերով: Նրանք մնջախաղի շոուներ են այցելում, ձայնագրում ջազային համերգներ, երկհարկանի ավտոբուսով գնում դեպի իրենց սիրելի «հետազոտական պատկերասրահը», որտեղ բեմադրություններ են արվում, որոնց կարելի է մասնակցել:
Ուսուցումը շատ էժան է, մենք բոլորս հաճույք ենք ստանում և շատ բան սովորում:
Սյուզանն ապրում է սքանչելի առատության աշխարհում, նրա ռեսուրսներն անսահմանափակ են: Նա չի սոցիալականացվել դպրոցի կողմից, որ կարծի, թե կրթությունը հազվադեպ գիտելիքի մատակարարում է, որն իրականցվում է սոված ու կառավարվող երեխաների համար: Նա լռակյաց «հավերժ ձախողակ» չի խաղում:
… Մեր տունն ու շրջակայքը նման են թարմ մրգերով լի մի այգու, որ ցանկացած մեկը կարող է մեկնել ձեռքն ու հավաքել: Նա սիրում է նկարել, գունավորել, կտրել ու փակցնել: Նա համեմատում է իր գործերը թանգարանի գործերի հետ: Մենք մեր մեկնաբանություններն ու գաղափարներն ասում ենք երբ նա հարցնում է: Մենք աստղագիտության ու արշավների հոբբի ունենք: Նրա հայրը մանկաբույժ է, որը սիրում է նրա հետ աշխատել էլեկտրոնային սարքեր պատարստելիս: Նա գերազանց զոդման տեխնիկա ունի և մեր տանը շատ միացումներ է զոդել, ինչպես նաև էլեկտրական համակարգիչ ծրագրավորել, որը հիմա օգտագործվում է հոր գրասենյակում»։
Միայն «կրթված» և միջին խավի ընտանիքները չէ, որ կարող են քաղաքն իբրև ռեսուրս օգտագործել: Իր «Ձևացնելով» գրքի «Նոր պարապները» գլխում (Բոստոն, Փոքրիկ, Բրաուն) Ռոլանդ Բեթսը գրում է. «Այսօրվա պարապները (Նյու Յորք սիթիի) ամենասխալ հասկացված երեխաներն են: Նրանք նույնպես հավանաբար ամենակրթվածն են, լավատեղյակ, որ ո՛չ դպրոցները, ո՛չ էլ փողոցները ոչինչ չունեն իրենց առաջարկելու: Նրանք այդ երկու աշխարհից էլ վախենում են: Նրանք զգում են պաշտոնների ապարդյունությունը, որոնք հասու են նույնիսկ ավագ դպրոցն ավարտածներին: … Նրանցից շատերը կրթված, զագյուն երեխաներ են՝ շատ ավելի հաջողակ ընթերցանության կամ մաթեմատիկայի արվեստներում, քան նրանց հասակակիցները, որոնք կա՛մ դպրոց են հաճախում, կա՛մ թաքնվում դրանցից դուրս: Այս պարապները հազվադեպ են համակերպվում օրենքի հետ: Նրանց ապրանքանիշն իրենց մենությունն է:
Ռանդոլֆ Թրեյսին նրանցից մեկն է: Նա հիմա (1978) տասնվեց տարեկան է, բայց չորրորդ դասարանի վերջին օրից հետո դպրոց չի գնացել: Նա աղքատ է ու սևամորթ: Հանգիստ ու խոնարհ երեխա է, և մոր առջև ազնվությամբ ընդունում է, որ տարիներ ի վեր դպրոց չի գնում: Նա միշտ լավ աշակերտ է եղել, սակայն թեև կարողանում էր կարդալ իր դասարանից մի քանի մակարդակ բարձր, չէր հանդուրժում իր դպրոցը բնութագրող շարունակական աղմուկն ու խառնաշփոթը: Դա է պատճառը, որ Ռանդոլֆը երբեք չի լինում մյուս երեխաների կամ մեծահասակների հետ: Անցյալ չորս տարիների լավագույն մասը նա անցկացրել է Մետրոպոլիտանի արվեստի թանգարանում: Թեև եղել է քաղաքի բոլոր թանգարանների մշտական այցելուն, նա նախընտրում է Մեթը և համեստորեն պնդում է, որ լավ ծանոթ է թանգարանի ցուցադրված հավաքածուի յուրաքանչյուր կտորի հետ: Նա հիշում է, որ մի օր այնտեղ էր եղել մի դասարանի հետ, որի հետ ինքը մեծացել էր դպրոցից, որը պետք է հաճախեր, դասարան, որ կարող էր իր սեփականը լինել: Նա անշարժ թաքնվել էր մինոյան սկահակի ետևում քսան րոպե, մինչև վտանգն անցներ: Ռանդոլֆն ինքը նկարում է, բայց շատ ավելի մեծ հաճույք է ստանում թանգարաններում արվեստ տեսնելուց և ուսումնասիրելուց:
Դենի Հարթմանը մեկ այլ թերուս է: Նրա կյանքը սահմանափակվում է հանրային գրադարանից վերցված ծաղրանկարներ և արվեստի գրքերից ֆիգուրներ գտնելով ու նկարելով: Նա կատարելապես կարողանում է նմանակել Լեոնարդոյի և Միքելանջելոյի նկարները և Ռեմբրանդտի խճանկարներից ամենաբարդերը: Նա դժվարությամբ մնաց դպրոցում մինչև իր ութերորդ դասարանի գարունը, երբ նկարչության ուսուցիչը բացահայտեց նրան ու քաջալերեց դիմել երաժշտության ու արվեստի ավագ դպրոց: …Ուսուցչի ներկայությամբ երեք տարի նա հաճախում էր անգլերենի և մաթեմատիկայի ամենօրյա դասերին, և ուսուցիչը թույլ էր տալիս, որ մարմնակրթության, գնագիտության, մուտքագրման և հասարակագիտության դասերից բացակայելիս նա աշխատի իր սենյակում: Իր տաղանդի համար նա գովասանքի էր արժանանում իր դասընկերների կողմից, իսկ նկարչության ուսուցչի աչքում մի «պարզ հանճար էր»: Նրա աշխատանքն արտառոց էր: Պորտֆոլիոն, որ Սուրբ ծննդյանը նա հավաքել էր, շլացուցիչ էր:
Սակայն Երաժշտության և արվեստի ավագ դպրոցը չընդունեց Դենիին: Ընթերցանության և մաթեմատիկայի ստանդարտիզացված թեսթերի նրա արդյունքները համոզիչ չէին, և նրա դասարանական միջին կուտակային միավորը աղավաղվել էր դասերից շատ բացակայության և դրան հաջորդող ձախողումների պատճառով… Երաժշտության և արվեստի ավագ դպրոց ընդունվելու մերժում ստանալու օրը վերջինն էր, որ Դենին երբևէ անցկացրեց դպրոցում»…
Ինչ ի նկատի ունի պարոն Բեթսը, երբ ասում է, որ Դենի տվյալներն աղավաղվել են դասից բացակայելուց և դրան հաջորդած ձախողումներից, շատ հավանական է, որ Դենիի դպրոցը, ինչպես դպրոցների մեծ մասը, նրան տվել է դասերից բացակայությունների համար անբավարար գնահատականներ, անկախ նրանից՝ գիտեր այդ նյութը, թե ոչ, կարող էր կատարել աշխատանքը, թե ոչ: Եթե դա այսպես է, նշանակում է, որ նրան դասերից բացակայելու համար պատժելու համար դպրոցը կեղծել է ակադեմիական աշխատանքի արդյունքը. վրդովվեցուցիչ երևույթ, և կարծում եմ, եթե դատարանում ստուգվեր, հավանաբար ոչ օրինական փորձ կդիտարկվեր այն, որ ողջ երկրով մեկ հատուկ է դպրոցներին:
Պարոն Բեթսի նկարագարած պարապներից մեկը բազմահատոր և փորձագետ ընթերցող է, մյուսը՝ Կենտրոնական պարկի աշխարհագրության, ֆլորայի և ֆաունայի փորձագետ, մյուսը կինոնկարների և հեռուստատեսային շուների փորձագետ, մյուսը՝ Նյու Յորք սիթիի հսկայական տրանսպորտային համակարգի փորձագետ: Նրանք բոլորը հասկացել են, թե ինչպես քաղաքից սովորեն այն, ինչ ուզում են: Ոչ ոք որևէ օգնություն կամ քաջալերում չէր ստացել որևէ մեծահասակից, կամ իրենց գիտելիքներից որևէ մաս օգտագործելու կամ մաս ստանալու որևէ ձև: Հսկա դպրոցներ վարելուց և բանտերից նրանց համար, որ չեն ուզում հաճախել այնտեղ, որքան ավելի հեշտ և որքան ավելի էժան կլիներ իջնելու և այս երեխաների և շատ նրանց նմանների հետաքրքրություններն ու տաղանդները քաջալերելու ճանապարհներ գտնելը:
Քանի դեռ ուսուցումն ընթանում է, նրանք պարզորոշ կարիքը չունեն մեծ օգնության. ամենալավ օգնությունը, որ հանրությունը կարող է տալ նրանց, պարզապես պետք է դադարել վերաբերվել նրանց իբրև հանցագործների, որ նրանք կարողանան իրենց հետազոտությունն անել համարձակ ու ազատ՝ գաղտագողի անելու փոխարեն: Նրանք կարիք ունեն և, հավանաբար, կաջակցեին ճանապարհներ գտնել՝ օգնելու իրենց սովորածը գործածելուն, որը, ի վերջո, դպրոցը պիտի ենթադրաբար աներ:
Մինչդեռ փորձը շատ պարզորոշ ցույց է տալիս, որ իր մեծությամբ ու ողջ խստությամբ՝ ժամանակակից քաղաքը հարուստ է ռեսուրսներով, և որ երեխաների ձեռքից անպայման չէ, որ մեծահասակները բռնեն ամեն վայրկյան, որպեսզի նրանք օգուտ քաղեն:
Ջուդի Մքքոհիլն Անգլիայից գրում է մի փոքրիկ բալիկի՝ իր աշխարհի ռեսուրսներն օգտագործելու շատ ակտիվ տարբերակի մասին. «Անցյալ շաբաթ ինչ-որ բան անելու համար, քանի որ Դ-ն երկրից դուրս էր, ես ասացի տղաներին.
— Եկեք գնանք նկարչական ցուցահանդես:
Ս-ն և Ք-ն մտածեցին, որ դա հրաշալի գաղափար է և սկսցին քննարկել, թե ինչ կարգի նկարչություն են այնտեղ անելու և ինչ նկարներ (իրենց սեփական) պիտի տանից բերեն: Հանկարծակիի եկած՝ ես փորձեցի բացատրել նրանց, թե ինչի մասին է նկարչական ցուցահանդեսը, և նրանք իսկապես տարակուսում էին, որ փորձում եմ ասել իրենց, որ իրենք պարզապես գնալու են այնտեղ՝ ուրիշի նկարներին նայելու: Տարակուսած, բայց ոչ մտափոխված՝ Ս-ն հավաքեց իր իրերը՝ ներկերի երկու հավաքածու, մի վրձին, մի քանի թուղթ և ջրով լի մի անոթ, որն ինձ փոխանցեց, որ բռնեմ, և Ք-ն սպասեցրեց բոլորիս, որ ավարտերր զինվորական տանկի՝ գունավոր մարկեր-գրիչով արված նկարը:
Երբ հասանք այնտեղ, քայլեցինք մայթով, արհեստանոց-խանութի մոտով, որը բացում էր ցուցահանդեսը՝ հարգալից քննելով գործերն ու անցնելով բազմաթիվ հասակն առած և իմաստուն նկարիչների կողքով, որոնք նստած էին շարժական աթոռների վրա. ողջ ժամանակ Ս-ն կրնկակոխ ստիպում էր ինձ հասկանալ, թե ինչպես ինքը կարող է մասնակցել շոուին, իսկ ես խույս տալով Ս-ից առաջ էի ընկնում: Վերջապես ինձ ողջունեց մի ծեր մարդ, որն աշխատում էր խանութում, որը մի անգամ պատմել էր ինձ մի երկար պատմություն, թե ինչպիսի դժվարություններով է մի գիշեր, երբ պատերազմի ժամանակ Լոնդոնը ռմբակոծվում էր, ինքը հասել տուն՝ Քոբհամ: Ես Ս-ին ծանոթացրի նրա հետ և խնդրեցի բացատրել, թե ինչ նկարչական ցուցահանդես է: Նա սկսեց բացատրել, բայց հետո ինքն ու դուստրը, որը նույնպես աշխատում էր խանութում, տեսան, որ Ս-ն պատրաստ է որոշակի գործ անելու, և մի երկու հաճախորդի հետ դրա վրա մի լավ ծիծաղելուց հետո «ստվարաթաղթի» մի երկու մեծ ու գեղեցիկ կտոր տվեց, որ նկարի: Նա նստեց մոտակա փոքրիկ գրասենյակային շենքի աստիճաններին ու նկարեց, մինչ մենք նորից քայլեցինք ցուցահանդեսով, խանութի ցուցափեղկերով՝ պաղպաղակի կոներ ուտելով:
Երբ ավարտեց, դա մի գեղեցիկ սև շան պատկեր էր՝ վեր ցցված մորթիով, որը քամոտ օրով վազում էր բլուրն ի վեր՝ փառահեղ արևը երկնքում: Թվում է՝ այն արտացոլում էր նրա կախարդական տրամադրությունը: Նա նկարը խանութ տարավ, որտեղ տղամարդն ասաց, որ կդնի այն վաճառքի հիսուն պենսով (և խառնված բացատրեց, թե ինչպես են նկարիչները ցուցահանդեսին վարձավճարով վճարում), և մենք գնացինք տուն: Մի երկու օր անց, դեռևս փորձից տպավորված, Ս-ն այդ մասին պատմեց իմ մի ընկերուհուն: Նա անհապաղ գնաց նկարը գնելու, և այն վաճառվեց: Երբ ես առաջարկեցի Ս-ին գնալ և տեսնել՝ արդյոք իր նկարը վաճառվել է, նա պատասխանեց, որ դա արդեն արել է հաջորդ օրը (որը, իհարկե, կիրակի էր), և խանութը փակ էր:
Ահա և ամբողջը:
Նա չափազանց զբաղված էր մեկ ուրիշ բան անելով, որպեսզի անդրադառնար սրան:
«Տանը կրթողների» 1980թ-ի ապրիլյան համարի տեղեկագրի շապիկի պատմությունից. «Այս երեխաները (տանը կրթող ընտանիքից) կազմել են մի բացառիկ աշակերտական մարմին, քանի որ բոլորն էլ ծնվել են դպրոցում: Նրանք իրենց տեղերը գտնում են համաձայն կարողությունների, ոչ թե ըստ դասարանների: Պարզապես ներկայիս ընկերության մասը լինելու համար նրանք ենթարկվում են իրենց անհամապատասխան շատ ու շատ աշխատանքների: Մեր սեփական օրինակով. ունենք մի երեխա, որը բոլոր տրանսպորտային միջոցներն է խնամում, մյուսը, որը սեղանին կաթ, ձու և միս է ապահովում, մեկը, որը ցուցադրում է գեղեցիկ արվեստի գործեր, և մեկ ուրիշը, որը սիրում է այգեգործություն:
Կատրինան առավոտյան ու կեսօրին շատ ժամեր անցկացնում է ֆերմայի աշխատանքը կատարելով, բայց նա իր սեփական աշխատանքի շահառուն է, անում է սննդի, խոտի և մյուս գնումների գրանցումները, այնպես որ երբ կենդանիները վաճառվում են, մենք կարողանում ենք հաշվել նրա եկամուտը, և թե ինչ աշխատուժ ու գումար է ծախսվել այդ շահույթը ձեռք բերելու համար: Ինքս բացարձակ չեմ հետաքրքրվում ոչ մի տեսակի ֆերմայի գործով և գիտեմ էլ, որ Կատրինայի այս առաջընթացը մի կարողություն է, որը վեր է իմ տվածից:
Որքա՞ն գարի կուտի խոզը մեկ շաբաթում, մի ամսում, մինչև գա շուկայի ժամանակը: Ո՞ր կենդանիներն ունեն ամենաարագ շրջանառությունը: Ի՞նչ տիպի աշխատանքային ժամեր են անհրաժեշտ ֆերման աշխատացնելու համար: Ես չէի կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, իսկ Կատրինան կարող է, և տասնմեկ տարեկան աղջնակի համար սա իսկական կարողություն եմ համարում: Նա մյուս երեխաների պես շաբաթական երկու հարյուր էջի ընթերցանության և օրական մեկ գրավոր էջի հանձնարարություն ունի: Նա, ընդհանուր առմամբ, դիմում է թղթին, որն առնչվում է իր ներկայիս նախագծերի հետ:
Հազվադեպ է լինում, որ իմ երեխաներից չստանամ այնպիսի վարպետություն, որը կստանայի որևէ մեծահասակից: Հիմա ներքնահարկում սենյակ ենք առանձնացնում, և բոլոր միջնապատերը կառուցելու են երեխաները:
Զարմանալի փաստ է, որ յոթ տարեկան Ջոնի բոլոր գործիքներն իրենն են, ներառյալ էլեկտրասղոցն ու հորատիչը: Նա գեղեցիկ մանրանկարներով գերան է պատրաստում, ունի խցեր և միջնապատեր անցկացնելուն կմասնակցի տախտակները չափելով և կտրելով: Նա նաև պատրաստվում է իր սենյակը սալիկապատելու: Քևինը վերանորոգել է իմ ողջ տեխնիկան մանկապարտեզային տարիքից ի վեր:
Վերջերս վարպետ վարձեցի, որ գա և տեղադրի իմ վառարանի շարժիչը։ Այն փչացել էր, և պիտի փոխարինվեր: Այդ վարպետը մի քանի տարի այստեղ չէր եղել, և նրա առաջին հարցն էր.
— Ինչո՞ւ Քևինը չի կարող տեղադրել այն:
Երբ նա հայտնաբերեց խնդիրը, հասկացավ, որ ներկայիս շարժիչը հնարավոր չէ նորոգել, և գնաց՝ նորը ձեռք բերելու: Այնուամենայնիվ, մենք պահեցինք վառված շարժիչը, քանի որ վարպետը կարծում էր, որ նրա մասերը Քևինը կարող է օգտագործել:
Իմ սպասք լվացող մեքենան երեխաներն են նորոգել, իմ բաղնիքը երեխաներն են սալիկապատել, իմ զուգարանները երեխաներն են սալիկապատել: Նրանց դուր է գալիս իրենց կարողությունները զարգացնելը, այն գումար է խնայում, և մենք կարող ենք այդ կուտակված խնայողություններն օգտագործել հաճելի գործերի վրա: Երեխայի կողմից կատարված ևս մեկ հրաշք լույսի անջատիչն է, որը կառավարում է հյուրասենյակի և միջանցքի լույսերը: Մի անջատիչը միացնում է հյուրասենյակի լույսերը, երբ ցրված լույսերն անջատվում են, և հետո գիշերը միացնում է միջանցքի լույսը, երբ հյուրասենյակի լույսերն այլևս պետք չեն: Մի էլեկտրիկ նկատեց տարօրինակ միացումն ու ասաց, որ չի կարող այդպես լինել, բայց այն արդեն երկար ժամանակ աշխատում է:
Մենք երբեմն շրջայցեր ենք անում մեր տնով մեկ, և մարդիկ երբեք չեն դադարում հիանալուց այն բաներով, որ մեր երեխաները գիտեն անել: Քևինը պատրաստել է իր սեփական շարժիչային եռանիվ ամենագնաց մեքենան, ինչպես նաև օգնում է հորը պատրաստել միտեղանի ինքնաթիռ: Նա մշակել է մեկ արտոնագիր և աշխատում է մյուսի վրա: Մարդիկ հաճախ են ինձ հարցնում, թե ինչպես եմ ես թույլ տալիս, որ երեխաներն անեն բաներ, որոնք սովորաբար մեծահասակներն են անում և մասնագետները: Դե, ես ուշադիր նայում եմ երեխաներին և երբեք չեմ սպասում, որ որևիցե մեկն անի մի բան, որն իր խելքի բանը չէ: Ես մշտապես փորձեր եմ անում՝ գտնելով բնական կարողություններ և թույլ տալով, որ նրանք փորձեն թռչել անվնաս, մատչելի ձևերով:
Եթե մի երեխա որոշակի բնագավառում մի կարողություն է ցուցաբերում, ինչպիսին, ասենք, խողովակներ անցկացնելն է, ես փորձում եմ նրանց հետ միասին դա անել: Հաջորդը լինում են ծորակները կամ զուգարանակոնքի տեղադրումը: Հաջորդը կարող է լինել ցնցուղի տեղադրումը, և վերջապես երեխան պատրաստ է անցկացնելու բաղնիքի խողովակները: Ես առանց վախենալու թույլ կտամ, որ իմ տասներեք տարեկանն անցկացնի իմ ողջ տան խողովակները:
Ի վերջո, նա հաստատուն հոսանքի էլեկտրականության լարանցումներ էր արել, երբ ընդամենը ութ տարեկան էր: Մեր դուստր Քեթին հիմա վերափոխում է իր սեփական տունը (նա տասնինը տարեկան է) և ինքնուրույն անցկացրել է խողովակները, սվաղել է պատերը, փակցրել է պաստառները և արել ատաղձագործությունը: Ի դեպ, ահա թե ինչպես նա օգնեց վճարելու իր քոլեջի կրթության վարձը: Ատաղձագործ էր աշխատում տղամարդկանց խանութում»: Փող գործածելն իրական աշխարհի ամենաօգտակար հմտություններից մեկն է, ինչը շատ երեխաների համար ծամածռության է վերածվում:
Մանիթոբայից Լուիզ Անդրիեշինը մեզ գրում է իր երեխաների և փողի մասին. «Հեյդին և Մայքլը նոր են իրենց համար պոնիներ գնել իրենց սեփական գումարով: Ձեզ հաճելի կլինի իմանալը, որ Հեյդին (տասը տարեկան) իր համար չեք է գրել: Չգիտեմ, թե ինչպիսին են բանկային այլ պրակտիկաները, բայց մեր կրեդիտային միության մեջ յուրաքանչյուր երեխա կարող է լիարժեք հաշիվ ունենալ (և պետք է ընկերությունում բաժնետեր լինի, որպեսզի հաշիվ ունենա): Ապրելով քաղաքից դուրս՝ մենք բավականին հաճախ ենք խանութից փոստով պատվերներ անում, և Հեյդիի չեքերը երբեք կասկածի տակ չեն առնվում: Բայց հավանաբար դրանք ստացող մարդիկ չգիտեն նրա տարիքը: Չեմ կարծում, թե երբևէ կպատկերացնեին, թե չեք են ընդունում տասը տարեկանից: Եթե իմանային, կարծում եմ՝ կմերժեին ընդունել կամ կպահանջեին ստորագրությամբ հաստատել: Քանի որ Հեյդին ունի ամբողջական անձնական հաշիվ, ոչ թե «վստահված», մենք, իբրև իր ծնողներ, չենք կարող տնօրինել նրա գումարը: Մենք հայտնաբերելէինք «նեղ ճանապարհը»։ Մենք գնացինք կրեդիտների միություն նրա հաշվից որոշ գումար հանելու, և մեզ թույլ չտվեցին: Նրանք հանեցին նրա ֆայլի քարտը և ցույց տվեցին մեզ նրա ստորագրությունը, որի համաձայն միայն ինքը կարող էր տնօրինել այդ հաշվի գումարը: Նա ստորագրել էր դա, երբ հինգ տարեկան էր: Ես լավ հիշում եմ, թե ինչպես «թույլ տվեցի» նրան ստորագրել՝ բարեհաճորեն մտածելով, թե որքան «գեղեցիկ» փորձառություն է դա իր համար: Ես գլխի չէի ընկել, որ լիակատար ֆինանսական անկախություն եմ ապահովում նրա համար»:
Փողի արժեքի զգացողությունը կարող է շատ վաղ լինել. երևի կարող եմ ձեզ ներկայացնել Մ-ի՝ իբրև սպառողի «տարիքի հասնելու» մասին:
Մ-ն վերջերս դարձավ երեք տարեկան: Նա ծննդյան բացիկի մեջ մի դոլարանոց ստացավ, որն ուղարկել էր իր ընկերներից մեկը (իննսուներկու տարեկան): Անցյալ տարի, երբ նա ուղարկել էր դոլարը, ես հանեցի այն, նույնիսկ առանց ցույց տալու, և Մ-ի համար փուչիկներ գնեցի դրանով: Այս տարի նա բացեց իր ողջ փոստը և անմիջապես ճանաչեց, որ դա փող է, և որ իր նվերն է: Նա շատ գոհ էր և դրեց այն իր դրամապանակը, որը մինչ այժմ միայն «մեծացած» խաղալու համար էր, և որում միայն մի քիչ մանր էր պահվում: Նա քննարկեց դոլարը, և թե ինքը ինչ կարող է գնել դրանով իր ցանկացածներից: Հաջորդ օրը, երբ նա ստացավ մի հինգ դոլարանոց հաշիվ մեկ այլ բացիկով, մենք նորից իրարանցում ունեցանք: Մենք քննարկեցինք արժեքի՝ մեկի և հինգի տարբերությունը մեր մատների վրա, և ես մտածեցի. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում»: Հաջորդ օրը, երբ նա ստացավ տասը դոլարանոց չեքով բացիկ, ես մտածեցի. «Օհ, ոչ, այս ուսումնական փորձառությունը վերահսկողությունից դուրս է գալիս»: Հույս ունեի, որ նա չի գիտակցի, թե դա ինչ չեք է, և ես կկարողանամ ծածուկ պահել, բայց նա չափազանց ճարպիկ էր: Այսպիսով, մենք բացատրեցինք, թե ինչ չեք էր դա, և բաժանեցինք այն երկու հինգերի: Մ-ն նախապես ուսումնասիրել էր մեկանոցն ու հինգանոցը և մատնանշեց, որ նրանց վրա տարբեր մարդիկ էին, ու հարցրեց նրանց անունները (նրան շատ հետաքրքրումէ ցանկացած բան, որ «անուն» ունի): Հետո Մ-ն հարցրեց ինձ, թե ինչ կարող է գնել իր բոլոր «փողերով»:
Առաջարկեցի, որ նայի խաղալիքների կատալոգներում։ Նա շատ հրապուրվեց մի շինարարական հավաքածուով (Թինքերթոյ), և ես ասացի, որ ինքը կարող է ընտրել մեկը, հենց որ հաջորդ անգամ քաղաք գնանք:
Հենց որ հաջորդ անգամ հայրիկը գնաց քաղաք, և Մ-ն վերցրեց իր դրամապանակն ու գնաց իր համար խաղալիք գնելու: Երբ նա գտավ իր «շինարարական հավաքածուն» և մոտեցավ վաճառասեղանին՝ վճարելու համար (իր առաջին գնումը), հայրիկն ասաց, որ նա կնոջը մի Լինքոլն տա՝ ակնկալելով, որ ետ կստանա երկու Վաշինգտոն:
Անե՜ծք: Վաճառողը նրան Ջեֆերսոն տվեց: Մ-ն ուրախ-ուրախ վերցրեց այն: Հավանաբար, մենք պետք է դա այդպես էլ թողնեինք, բայց տանը հայրիկը փոխեց այն երկու Վաշինգտոնների հետ: Նորից վերահսկում: Մի երկու օր Թինքերթոյի հավաքածուով խաղալուց հետո նա հիասթափվեց՝ ասելով, որ չի կարողանում տներ կառուցել դրանցով:
Նա ստուգեց կատալոգը և կանգ առավ Լինքոլն լոգերի հավաքածուի վրա: Գնումների մյուս արշավը դեպի քաղաք արժեցավ մեկ Լինքոլն և երեք Վաշինգտոն: Մենք ցույց տվեցինք, որ նա շատ գումար է ծախսել, և իր մոտ այդքան չի մնացել: Ես զգում եմ, որ նա փողի շատ հավասարակշռված զգացողություն ունի, դրա արժեքի լավ զգացում, այնպես որ չեմ անհանգստանում, որ նա կամ կդիզի մնացածը կամ կմսխի անխոհեմ:
Դրամի հետ այս ողջ հոգսերի հետ Մ-ն չկորցրեց այն փաստի ըմբռնումը, որ գումարն ուղարկված էր իբրև նվեր՝ իրեն սիրող մարդկանց կողմից: Մենք Մ-ին իր նվերների ու մեծ ժպիտի հետ լուսանկարեցինք՝ շնորհակալական երկտողներով ուղարկելու»:
Խոսքն ու լեզուն իրական կյանքում
Դպրոցում և իրական կյանքում կամ կյանքից սովորելու տարբերության ամենակարևոր մասը հավանաբար խոսքն է ու լեզուն: Իվան Իլլիչը գրել է այս մասին «Խոսակցական լեզվի արժեքներն ու կրթությունը» «Քոլեջի ուսուցչական գրանցումներ»-ում, 1979թ-ի աշնանը: (Սրա լույս տեսնելու ժամանակ Իլլիչը պիտի որ տպագրված գիրք ունենար՝ խոսակցական լեզվի արժեքները թեմայով): Մենք գիտենք, որ շատ մշակույթներում խոսքը հետևել է ամենօրյա կյանքի երկխոսություններից՝ լսելով օրորոցայինները, բամբասանքը, պատմությունները և երազները: Նույնիսկ այսօր մարդկանց մեծամասնությունն աղքատ երկրներում սովորում է իր բոլոր լեզվական հմտություններն առանց վճարովի դասընթացների, առանց որևէ փորձի՝ իրենց խոսել սովորեցնելու: Իլլիչը մատնանշում է, որ աշխարհով մեկ շատ աղքատներ ոչ արդյունաբերական երկրներում խոսում են ավելի, քան մեկ լեզվով. մի ոսկերիչ, որին նա ճանաչում է Տիմբուկտուից, խոսում է վեց լեզվով, և բոլորն էլ ամբողջությամբ. իսկ անգամ պարտադիր կրթությամբ մի քանի սերունդ ունեցող ազգերում կամ պետություններում մարդկանց մեծ մասը խոսում է միայն մեկ լեզվով: Քանի որ այս ենթադրյալ առաջադեմ ազգերի մարդիկ այլևս իրենց լեզուները չեն սովորում իրենց հետ խոսող մարդկանցից՝ հասկանալով, թե նրանք ինչ են ասում, ամենօրյա կյանքի ենթատեքստով, այլ սովորում են մասնագետներից, որոնք արհեստավարժ են և վճարվում են՝ ասելու այն, ինչ ուրիշներն են պատրաստել իրենց համար»:
Շատ է խոսվում այն մասին, թե որքան անհասկանալի են խոսում այսօրվա պատանիները: Կասկածում եմ, որ գլխավոր պատճառն այն է, որ նրանց լսած խոսքի մեծ մասը՝ հեռուստատեսությամբ կամ դպրոցում, ոչ թե իրական խոսք է, այլ պահածոյացված, նախապես նախապատրաստված խոսք, հաճախ՝ ոչ խոսակցի կողմից: Նրանք չեն լսում շատ իրական ձայներ: Սակայն իրական ձայներ լսելն է, որ ստիպում է մեզ ցանկանալ խոսել:
Մի հիշողություն: Երբ քույրս ու ես մոտ չորս կամ հինգ տարեկան էինք կամ գուցե նույնիսկ ավելի փոքր, այցելեցինք մեր տատիկին ու պապիկին: Երկրորդ հարկում ճաղաշարքով մի սանդղահարթակ կար, որի արանքից մենք կարող էինք աստիճանների ներքևում տեսնել սենյակը, որտեղ մեծահասակները նստում էին ճաշից հետո՝ զրուցելու: Անկողին մտնելուց և բարի գիշեր ասելուց հետո, երբ մեծահասակները ետ էին գնում՝ ներքև, մենք սահում էինք անկողնուց, ճաղաշարքով կռացած ներքև իջնում և լսում մեծահասակների ձայները: Մենք չէինք կարողանում մի քանի բառից ավելի որսալ և ցանկացած դեպքում չէինք կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում: Սակայն այդ ձայները դյութիչ էին:
Սովորաբար, որոշ ժամանակ անց մենք ետ էինք թռչում անկողին: Բայց մի գիշեր մենք քնեցինք այնտեղ՝ ճաղաշարքի մոտ, որտեղ մեծահասակները գտան մեզ, երբ գնում էին քնելու: Ես չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, մեզ կշտամբեցին կամ պատժեցին և խստորեն զգուշացրին նորից դուրս չգալ անկողնուց, թե ոչինչ չասացին: Հետո ես շատ ընտանիքներում տեսել եմ, թե ինչ դժվար է երեխաներին անկողնում պահել, երբ մեծահասակների մի խումբ աշխույժ խոսակցություն է ունենում ոչ այնքան հեռու: Երեխաները հարյուրավոր պատճառներ կգտնեն՝ գալու և ստուգելու, թե մեծահասակներն ինչ են ասում: Ոմանք կասեն, թե այս ամենն այսպես է արտոնյալ ընտանիքների դեպքում, որոնք ունեն հետաքրքիր այցելուներ: Իսկ ի՞նչ կարելի է ասել ընտանիքների մեծ մասի՝ միջին ընտանիքների մասին: Պատասխանն այն է, որ նախ և առաջ, բոլոր մարդիկ հետաքրքիր են: Ինչպես Սթադզ Թերքելը և Ռոբերտ Գոլզն են ցույց տվել իրենց (շատ տարբեր) գրքերում, յուրաքանչյուրը հետաքրքիր պատմություն ունի պատմելու:
Քանի դեռ իրական մարդիկ խոսում են, ոչ հեռուստատեսությամբ, երեխաները ցանկանալու են լսել նրանց ձայները և տեսնել նրանց դեմքերը և պիտի շատ բան սովորեն նրանցից:
Շարունակությունը
Թարգմանությունը՝ Սուսաննա Հովհաննիսյանի