Ավերակները մեր շուրջ են ու մեր մեջ այնքան, որ սովորել ենք դրանց։ 2012-2013 թթ կրթահամալիրի նյութական միջավայրի բարելավման ծրագրով խնդիր դրեցինք կրթական օբյեկտների ողջ ծավալով ազատվել ավերակներից։ Ահա ինչու կենտրոնացանք Հիմնական դպրոցի, Արհեստագործական դպրոցի չօգտագործվող, բարձիթողի, որպես ավերակ «գործող», «չուսումնական» ներքին տարածքներն ուսումնական դարձնելու խնդրի վրա, ինչպես նաև մյուս կրթական օբյեգկտներում որպես պահեստային օգտագործվող կամ վատ օգտագործվող կամ ոչ ուսումնական նպատակներով օգտագործվող տարածքներն ուսումնական միջավայր վերադարձնելու խնդրի վրա։
Հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան ստեղծագործական հավաքի օրերին մենք կարող ենք գնահատել մեր ջանքերը և որոշակիացնել ամառային երեք ամիսների ընթացքում այս ուղղությամբ արվելիք աշխատանքները։ Սովորողների թվի աճը, տարեցտարի աճող ուսուցման բազմազանություն-բազմաձևություն-բազմագործունեությունը պահանջել ու պահանջում են ավելի ու ավելի խնամքով վերաբերվել ուսումնական ներքին տարածքներին` դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման հանրային գործածման տարածքներ։ 2013-2014 ուստարում մենք կոնկրետ կզբաղվենք արդեն կրթական օբյեկտների տանիքների, դրանց ձեղնահարկային հատվածների օգտագործման կամ հարթ տանիքները որպես բաց ուսումնական տարածքներ օգտագործելու խնդրով։ Եվ, իհարկե, նկուղների, որոնք այսօր կա՛մ անփույթ օգտագործվող «պահեստներ» են, կա՛մ մոռացված փակ տարածքներ։ Ուսումնական նախագծերի զարգացումը, մեր գործողություններում և նախաձեռնություններում խիզախության և երևակայության աճը պահանջում են կամ կպահանջեն ավելի հարգանքով վերաբերվել տանիքներին և նկուղներին։ Խնդրեմ` խիզախեք, երևակայեք, առաջարկեք, մենք դրանք գրանցենք 2013-2014-ի ծրագրում։
Կրթական օբյեկտների բակերի հետևողական ասֆալտազերծումը, հողի վերջնական ազատագրումը մի կողմից մեր հավաքանիի խիզախության ցուցանիշն է կամ արդյունքը, մյուս կողմից դա պիտի բերեր և բերել է անխնամ հողատարածքային կուտակումների` արտաքին ավերակների։ Այսպես պիտի լիներ, որովհետև պետական միջոցներ համառորեն չեն հատկացվում կրթահամալիրին բարեկարգման-կանաչապատման, մարզահամալիրի կառուցման աշխատանքների համար, իսկ «Դպրոցական բակը` կրթական պարտեզ» ուսումնական նախագծով կատարվող մեր աշխատանքները չունեն պահանջվող թափն ու ծավալը։ Իմ հետևողական քննարդատներին և հոռետեսներին ես առաջարկում եմ կարճատև զբոմսանք կատարել Գեղարվեստի դպրոցի բակով և Հիմնական դպրոցի բակով։ Որքան էլ կատարվածը հեռու է իմ պատկերացումներից, բայց կարող է ձեզ «Դպրոցական բակը` կրթական պարտեզ» ուսումնական նախագիծ բերել։ Մի բան պարզ է` ետդարձի բոլոր ճանապարհները փակ են։ Պարզ է նաև, որ նոր թափը, նոր հավեսը միայն նոր մեկնարկի հնարավորություն կտան։ Խիզախելու, նախաձեռնելու, հողի հետ կապը հաստատելու լայն դաշտ կա, որտեղ ես ուզում եմ առանձնացնել երկու հանգրվան` առաջինը իհարկե, մեր Էկոտուր 2013-ի մեկնարկն է` ապրիլի 26-ը, երկրորդը` հունիսի մեկը` երեխաների պաշտպանության օրով սկսվող «Ուսումնական ամառ» նախագծի, ուսումնական ճամբարների մեկնարկը։