Ինքնավստահությունն անգլերեն սովորելու և այն զարգացնելու ամենակարևոր պայմանն է, ինչը պետք է խթանի ուսուցիչը: Սովորողների համար շատ ավելի հեշտ է զարգացնել անգլերենի հաղորդակցական կարողությունները, երբ նրանց տրվում են խոսելու և արտահայտվելու ավելի շատ հնարավորություններ: Իմ կարծիքով, Ավագ դպրոցում դասավանդելիս դժվար է պատկերացնել բովանդակության և լեզվական հմտությունների ավելի ներդաշնակ ինտեգրում, քան բանավեճի մեթոդը: Բանավեճի նախապատրաստական և իրականացման ընթացքի կենտրոնում սովորողներն են, իսկ ուսուցիչը ստանձնում է ուղղորդող-խորհրդատուի դերը։
Չնայած կան անգլերենի իմացությունը բարելավելու բազմաթիվ ռազմավարություններ՝ բանավեճն ինձ և իմ սովորողների համար դարձել է ամենաարդյունավետ և ամենասիրելի գործիքներից մեկը։ Սովորողներիս ութսուն տոկոսը բանավեճը համարում է սիրելի, զվարճալի և հետաքրքիր մեթոդ՝ ասելով․
-Ես կարծում եմ, որ բանավեճն ամենալավն է, որովհետև կարողանում եմ համագործակցել դասընկերներիս հետ, և այն ինձ ավելի ինքնավստահ է դարձնում։
-Չնայած բանավեճի նախապատրաստական աշխատանքը բավականին դժվար է, բայց ես պրպտում եմ համացանցը և դրանից հաճույք ստանում։
-Բանավիճելիս ես տեսնում եմ իմ սխալներն ու թերությունները և հետո աշխատում դրանց վրա․․․
Այսպիսով, ցանկանում եմ խոսել «Բանավեճը՝ որպես ուսուցման մեթոդ» նախագծի մասին, որը համարում եմ հեղինակային կրթական ծրագրի ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։
Ինչու՞ բանավեճ
Բանավեճը՝ որպես ուսուցման մեթոդ օգտագործելը նման է մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնելուն:
Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները:
Բանավեճը նպաստում է սովորողների ուսմանը հետևյալ ձևերով.
- Խթանում է սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը
Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք սովորում են բացահայտել սխալները և ավելի հստակ գիտակցել այն տարրերը, որոնք արդարացնում կամ «թուլացնում են» իրենց սեփական տեսակետները:
- Ձևավորում է սովորողների՝ ինքնուրույն թեմա ընտրելու հմտությունը
Բանավեճի թեմաները սովորաբար ընտրում են սովորողները, բայց պետք չէ մոռանալ, որ կան սովորողներ, ովքեր կարող են մտածել, որ որոշ թեմաներ ընդհանրապես պետք չէ քննարկել: Սա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր ունեն քաղաքական և կրոնական հստակ համոզմունքներ:
Երբեմն թեման առաջարկվում է որևէ նախագիծ իրականացնելիս, օրինակ՝ All parents should be required to attend parenting classes before having a child, որը վերածվեց բանավեճի՝ Teenagers նախագծի ավարտից հետո։
Կամ՝ «Գենդերային անհավասարություն – Gender Inequality»-ը, որն անցկացվեց «Ազգային կարծրատիպեր- National Stereotypes» նախագծի շրջանակում։
Թեմաները պետք է համապատասխան լինեն սովորողներին, և նրանք, իհարկե, ասելիք ունեն, որոնց շուրջ կարելի է բանավիճել, քննարկել երկու կամ ավելի կողմերով, ինչպես նաև թեմաները պետք է լինեն բավականաչափ պարզ՝ բանավիճելու համար, բայց բավականին բարդ՝ բազմաթիվ փաստարկներ կառուցելու համար:
- Ձևավորում է թիմով աշխատելու հմտություններ
Թիմում միասին աշխատելն արժեքավոր հմտություն է, որն օգտագործվում է ողջ կյանքի ընթացքում: Թիմային աշխատանքը նպաստում է խոսակցական, հետազոտական, թիմի ձևավորման, թիմով խնդիրներ լուծելու և խմբակային կառավարման հմտությունների զարգացմանը:
Սովորողները, թիմեր կազմելուց հետո, սկսում են վիճելի հարցերի շուրջ հետազոտություններ կատարել՝ մասնակից դարձնելով թիմի բոլոր անդամներին: Նրանք ծանոթանում են բանավեճի հայեցակարգի և կանոնների հետ․ ինչպե՞ս արդյունավետ աշխատել թիմում, ին՞չ են նրանք ձեռք բերում բանավիճելիս: Սովորողները գիտակցում են, որ երբ նրանք համագործակցում են իրենց թիմի և այլ թիմերի հետ, նրանք ոչ միայն համագործակցում են հաղթելու համար, այլ նաև համագործակցում են սովորելու համար:
- Ձևավորում և զարգացնում է հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
Բանավեճի նախապատրաստական աշխատանքի միջոցով սովորողները համացանցից գտնում են նոր տեղեկատվություն, հետազոտում այն, քննարկում թիմակիցների հետ, լսում ընկերներին և հայտնում իրենց կարծիքը՝ կիրառելով ձեռք բերած նոր գիտելիքները:
- Ունենալ անձնական դիրքորոշում և կարողանալ այն հիմնավորել
Բանավեճի մեթոդը պահանջում է, որ սովորողները պատասխանատվություն կրեն իրենց հետազոտական աշխատանքների համար և սովորեցնեն միմյանց։ Զարգացնելով իրենց բանավիճելու կարողությունը և կարողանալով հիմնավորել անձնական դիրքորոշումը՝ նրանք դառնում են ավելի ինքնավստահ։
- Ուրիշի կարծիքը հարգելու հմտություն
Սովորողները գիտակցում են, որ եթե իրենք ավելին գիտեն, քան իրենց որևէ թիմակից, կամ որևէ մեկը սխալներ է թույլ տալիս թե՛ նախապատրաստական աշխատանքի ժամանակ, թե՛ բանավեճի ժամանակ, ապա իրենք պետք է լինեն հանդուրժող և աշխատեն միասին՝ բարելավելու և թույլ չտալու, որ նույն սխալը կրկնվի: Սովորողները սովորում են հարգել բոլոր հնչած մեկնաբանությունները և հարցադրումները:
- Բանավեճը ստեղծում է անգլերեն հաղորդակցվելու և նոր բառապաշարի ընդլայնման հնարավորություն
Անկասկած բանավեճը բարելավում է բանավոր հաղորդակցման հմտությունները, քանի որ սովորողները մտածում են ոչ միայն այն մասին, թե ինչ է ասվելու, այլ նաև ինչպես է այն ասվելու: Նաև զարգանում է ունկնդրելու հմտությունը՝ արդյունավետ հակադարձումներ անելու համար։ Բացի հաղորդակցման հմտությունների կատարելագործումից, սովորելիս ձեռք է բերվում միասին բանավիճելու, տեղեկատվությունը երկար մտապահելու, ճանաչողական զարգացումը խթանելու կարողություն։
Այստեղ բերված են մի քանի օրինակներ մեր աշխատանքներից։ Դրանք ներառում են և՛ նախապատրաստական աշխատանքներ, և՛ ընթացք, և՛ արդյունքներ։
- Քննարկում ենք․ Գենդերային անհավասարություն – Gender Inequality»
- All parents should be required to attend parenting classes before having a child
- «Բանավեճը որպես ուսուցման մեթոդ» “Personal Boundaries” – Winter Camp
- Discussion Topic – The Keys to a Successful Marriage – արդյունքը
- Male and female roles in society
- Should Exams Be Abolished From Schools? – արդյունք
- “Parents always treat their children fairly: yes or no?”
- A project-based open lesson;
Բանավեճի նախապատրաստական աշխատանք
Շատ եմ կարևորում բանավեճի նախապատրաստական աշխատանքները և հաջողությունն ապահովելու համար ձեռնարկում եմ հետևյալ քայլերը․
- Սովորողներին տալիս եմ հստակ հրահանգներ, ակնկալիքներ և գնահատման չափանիշներ:
- Մոտիվացնում եմ սովորողներին՝ հաղորդելով նրանց, թե ինչպես բանավեճը կօգնի նրանց թե՛ դասընթացում, թե՛ հմտություններ ձեռք բերելուն, որոնք նրանք կկիրառեն հետագայում՝ մասնագիտական ոլորտներում հաջողության հասնելու համար։
- Խրախուսում եմ սովորողներին կատարելու լրացուցիչ հետազոտական աշխատանքներ՝ հետևելով ընթացքին:
Սովորողներին տրամադրում եմ աղբյուրներ, կայքեր, ուղղորդող հարցեր, (ոչ պարտադիր), որոնց շուրջ կարելի է ծավալել զրույց, բառապաշար և արտահայտություններ՝ բանավեճում օգտագործելու համար:
Բանավեճի կառուցվածքը
Բանավեճը ուսուցման աներևակայելի ճկուն մեթոդ է և կարող է հարմարեցվել ուսումնական դասընթացի ձևաչափին, սովորողների ներգրավածության մակարդակին, դասավանդողի աշխատանքին կամ դասընթացի ժամանակահատվածին: Բանավեճի ողջ ընթացքում՝ խնդիրներ ուսումնասիրելիս, հետազոտական աշխատանքներ կատարելիս, հակառակ թիմին լսելիս և ուսուցչի հետ քննարկելիս, շեշտադրվում են բոլոր չորս հմտությունները (լսել, խոսել, կարդալ և գրել), այսինքն՝ անգլերենի իմացության չորս հիմնական բաղադրիչներն էլ ուշադրության կենտրոնում են։
Այսպիսով, բանավեճի նախապատրաստական աշխատանքներն սկսելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում բանավեճի կառուցվածքին։
- Սովորողները բաժանվում են երկու թիմի
- Մի թիմին տալիս ենք դրական դեր (պաշտպանում է թեմայի «կողմ» տեսակետը), իսկ մյուսը՝ բացասական (պաշտպանում է թեմայի «դեմ» տեսակետը): Չմոռանանք, որ մենք՝ ես և սովորողներս, աշխատում ենք միասին՝ լսելով միմյանց, երբեմն համաձայնության չգալով, երբեմն կատակելով, ծիծաղելով, բայց երբեք չմոռանալով հարգանքը միմյանց նկատմամբ։
- Բոլոր թիմերին տալիս ենք առնվազն երկու շաբաթ՝ պատրաստվելու իրենց քննարկման թեմային:
- Իմ խմբերում երկու թիմերն էլ միմյանց հետ են քննարկում, թե ինչ դեր (դրական, բացասական) ունենա նրանցից յուրաքանչյուրը:
- Մինչ բանավեճի սկսելը՝ երկու թիմերին էլ տրվում է հինգ րոպե՝ բանավեճին պատրաստվելու համար: Նրանք կարող են որոշ հացեր գրառել կամ նշումներ կատարել և օգտագործել դրանք բանավեճի ընթացքում, բայց չեն կարող բառարան օգտագործել։
- Բանավեճը վարում են երկու թիմերից ընտրված բանախոսները, ովքեր թեմայի վերաբերյալ ներկայացնում են իրենց և իրենց թիմի ասելիքն ու կարծիքները: Այստեղ աշխատում ենք, որ բոլոր սովորողները հերթով բանախոս-վարողի դերում հանդես գան, այսինքն՝ յուրաքանչյուր բանավեճի համար նոր վարողներ են հանդես գալիս (կողմ/դեմ)։ Նրանց խոսքը տևում է յոթ րոպե։
- Երկու թիմի բոլոր անդամներն էլ պետք է մասնակցեն հարցերին ու քննարկումներին՝ իրար լսելով և հարգելով միմյանց կարծիքները։ Նրանցից յուրաքանչյուրի խոսքը պետք է լինի ոչ ավելի, քան երեք րոպե։
- Յուրաքանչյուր քննարկում ունենում է սկիզբ, ընթացք և ավարտ:
- Մեր բանավեճերին միշտ մասնակցել են այլ խմբերի սովորողներ, գործընկերներ, հրավիրյալներ, ովքեր մեծ ոգևորությամբ խնդրում են նորից ու նորից նախաձեռնել բանավեճեր։
- Անմիջապես բանավեճից հետո մենք մեր խմբով քննարկում ենք անցկացրած բանավեճը, վեր ենք հանում և՛ ուժեղ, և՛ թերի կողմերը, խրախուսում բոլոր սովորողներին՝ առանց հաշվի առնելու, թե ով ինչ չափով է մասնակցություն ունեցել՝ նրբանկատորեն խոսելով նաև թերությունների մասին։ Երբեմն կոլեգաներս էլ են մասնակցել այս քննարկում-գնահատմանը։ Այստեղ ուզում եմ մեջ բերել Յուրա Գանջալյանի կածիքը բանավեճերից մեկին մասնակցելուց հետո․ «Սիլվա Հարությունյանի բանավիճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ այս կամ այն մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր»:
Այսպիսով, բանավեճերը թույլ են տալիս խթանել սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը։ Սովորողները ձեռք են բերում հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ, անձնական դիրքորոշում ունենալու և այն հիմնավորելու, ուրիշի կարծիքը հարգելու հմտություն, անգլերենով հաղորդակցվելու, լեզվական հմտությունների, բանավոր խոսքի, քննարկումների, նոր բառապաշարի կարողությունների զարգացման հմտություններ:
Արդյունքում սովորողները կարողանում են հետևել իրենց վարքագծին, մտածել իրենց գործելակերպի, բանավիճելու եղանակի կատարելագործման, առավել արդյունավետ մեթոդների, կանոնների ու սկզբունքների յուրացման մասին։