Կրթահամալիրի տնօրենի բլոգի օրագրից
1994-1996 թթ, չե՜ք մոռացել, ստեղծվեցին-հրապարակվեցին, իմ նախարարությամբ հանրայնացվեցին երկու տասնյակի չափ, ուրիշ անուն ման չգամ, դասագրքեր կամ «Բլեյանական» անունը ստացած մանկավարժական գրքեր, որ մտան ամեն մի գյուղ-քաղաք-դպրոց-դասարան: Քսան տարի է անցել, անցնում է, ահա, կանցնի… Առիթներ եղել են, մեղադրել ենք՝ ինչո՞ւ նոր գրքեր չեն գրում մեր դասական դարձած ծույլերը՝ Գևորգը Հակոբյան, Սուսանն ու Մարիետը, Աիդան… որ նայում ես, այդքան էլ ծույլ չեն իրականում՝ առավոտից իրիկուն ժրաջան բանում են, խմբագրում, թարգմանում, կարդում, դասավանդում, մանկավարժության մեջ են ու բեղուն են հաստատ, բայց դասագիրք, ուղեցույց չի գրվում… Այն էլ, ինչ Աիդայի ձեռքից թռչում է, իմ հանդիմանությանն է հանդիպում… Համ, համ, համ, համ… քանի՜, ախպեր, գնամ ու գամ… Փորձեր եղան այս ընթացքում՝ Դալուզի (Նաիրա Դալուզյան), կարծեմ, … էլ չեմ ասում՝ մեր Անահիտ Արնաուդյանի ու Գայանե Բեդիրյանիկողմից… Մենք կիրթ օտարվեցինք, հանդուրժող լռեցինք… Չխրախուսվեցին, սպառվեցին 20 տարեկան դարձած, ֆիզիկապես մաշված, թարմությունը կորցրած, լեզուս չի բռնում, թե մի վատ բան ասեմ, գրքերը… Թվայնացվեցին-պատճենվեցին, հեղինակային իրավունքները պահվեցին. մանկավարժության մեջ հեղինակություն են եղել ու մնում են սան-գործընկերների, դասվարների, մայրենիի ու թվաբանության վառ-գրավիչ երիտասարդ ուսուցիչների խմբի համար: Այսպես ընդհանրապես քիչ է լինում, եզակի է. իմ քսան տարեկան ուրախությունը փոխանցեմ…
Ինձ համար այն ժամանակ էլ, հիմա էլ, հեշտ է. հեղինակ չեմ, հեղինակային խմբի ծառայությունների կազմակերպման տնօրեն եմ: Հիմա էլ այդ դիրքից եմ հանդես գալիս: Ասի՝ մի գնահատեմ վիճակը քսան տարի անց: Նախ մեր՝ 1994-1996-ի մի կարճ շրջան պետականի այլընտրանք դարձած դասագրքերը, որ վաղուց պետական են, և իբր իրար հետ մրցում են տարբեր անուն-ազգանուններով, ի՞նչ վիճակում են: Վերցրի 2014-15 ուստարում 1-ին դասարան գնացած 6 տարեկան սովորողներին անվճար տրված գրքերը՝ «Այբբենարան», մաթեմատիկայի 1-ին, 2-րդ մասերը, մայրենիի 2-րդ մասը… Հեղինակներին ճանաչում եմ, հետները կռիվ չունեմ, հատկապես հայտնի են այսքան տարի նույնանուն գրքերի այլ հեղինակների դեմ հաջողությամբ պսակված պայքարով… Ի՞նչ է փոխվել. կներեք, բան չի փոխվել, հինգ րոպեից ավելի անելիք չեմ տեսնում… Նույն մանկավարժությունն է՝ ինձ համար այդպես էլ անկազմակերպ մի շարադրանք… ոնց էլ որոշում են հերթականությունը… Նկարչական առումով էլ վանող են. քսան տարում սա է մեր հրատարակչական-մանկավարժական ձեռքբերումը՝ մեդիայի այս պայմաններում… Այսպիսով, մենք դասագիրք չստեղծեցինք-չհրապարակեցինք-չտպագրեցինք, այլոց (պետական) արածն էլ իսկի չենք հավանում, որ մեր հեղինակային մանկավարժությունն ընտրած սովորողի ձեռքը, ձեռքներս չի գնում, լեզուներս չի բռնում՝ ուղղորդենք… Խանդ չէ, հաստատ, անկարողություն էլ չէ… Այ, սրա մասին է, որ ուզում եմ պատմել. մի կողմից՝ չեմ էլ սկսել պատմությունը, մյուս կողմից՝ կարծես, սովորեցի…
Այ, այսպիսի տպագրական անշարժություն հաստատեց մեզանում մեր հավատարմությունը մանկավարժությանը, հատկապես, վերջին տասը տարում բուռն զարգացավ-նորացավ-ամբողջացավ մեր հեղինակած մանկավարժությունը, նախագծային ուսուցման ստուգատեսային-ճամբարային-օրացուցային մեդիակերպը ստացավ՝ միշտ վանելով մեկ դասագրքի, մեկ հեղինակության պարտադրանքի ստեղծումը՝ տպագիր թե էլեկտրոնային ձևով՝ մեկ է, շարունակ մնալով որպես ուղեցույց-աջակցություն, յուրաքանչյուր սկսնակ թե փորձառու ուսուցչի վերապահելով և՛ դասընթացի ծրագրի, և՛ ուսումնական նյութերի ստեղծման (ընտրության) իրավունքը… Այն, ինչ արել ենք, արվել է, հասկացանք, քսան տարի առաջ էր, դուք հիմա ձերը ստեղծեք, ձեր որոշումները կայացրեք…
Թվում է՝ ուսումնական ամենօրյա պարապմունքների ժողովածու ստեղծում է մեր դասվարներից, մայրենիի-մաթեմատիկայի-հասարակագիտության-օտար լեզվի ուսուցիչներից յուրաքանչյուրը… Մայիսյան հավաքին կարելի է ներկայացնել յուրաքանչյուր դասավանդողի ուսումնական պարապմունքների, ուղեցույցների անհատական ժողովածուն: Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականությունը», Ջ. Փոյայի «Ինչպես լուծել խնդիր»-ը, Օշականի ընթերցարանը մեր հեղինակած (հավատարմության երդումի պես ստացած) մանկավարժական սկզբունքների ազդեցությունը մնում են հիմքում. ո՛չ ուզում ենք, ո՛չ էլ մանկավարժությանը հավատարմորեն ծառայելու պարագայում հնարավոր է հաղթահարել: Տեսաք, չեղավ: Ինչ ասեմ, ուրախ եմ. առանց այսպիսի հավատարմության այսօրվա կրթահամալիրը՝ իր այսօրվա խնդիրներով, կյանքով, չէր լինի, ոչինչ էլ չէր լինի, ավերակ կլիներ՝ հոյակապ, բայց ավերակ: Մեր ունեցածը կենդանի, ապրող, առաջացած ավերակները մաքրած, նորի-նորոգվածի-նորացվողի ամբողջական պատկերով կառույց է՝ տեսանելի, գրավիչ համայնապատկերով՝ հասարակական անգամ այսպիսի կյանքի պայմաններում… Մայիսյան հավաքը, սիրելիներս, որ 10-րդն է, պարտադրում է այսպիսի մի պատրաստություն՝ քսան տարվա մեր չարածի (կեցցե՛ք), ու յուրաքանչյուրիս անհատական արածի ժողովումով:
Յուրա Գանջալյանը ճշգրիտ է, անկեղծ՝ իր այս հրապարակման մեջ… Այո, միայն միջազգային-մեկ չափում կարող է լինել այսօր մեր հեղինակած մանկավարժության համար. այս չափումով-պահանջով այսօր պիտի հանդես գա յուրաքանչյուր սեբաստացի, ինչպես Հռիփսիմե Առաքելյանն է իր երրորդ դասարանով ջանում Երևանում ու Թբիլիսիում, ինչպես Մարթա Ասատրյանն է իր դեռահաս պատանեկան-ակումբային նոր միաձուլմամբ հանրակրթական-բնապահպանական ճակատի առաջին գծերը նվաճում… ամենուր՝ Հայաստանով մեկ, հիմա էլ՝ Վրաստանում: Իհարկե: Մեզ ինքնավստահության պակասը, ագահության` խիզախության չհասնելը կարող են խանգարել ու… բարեխղճությունը՝ քո ու քո ընկերների 25 և ավելի տարիների ստեղծական աշխատանքի ներկայացման համար…
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան