Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում [1] ամերիկացի տեսաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքագետ Սամյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների՞ բախում» աշխատությունը: Հանթիգթոնը ոչ միայն աշխատել է գիտության ոլորտում և բարձր պաշտոններ զբաղեցրել ամերիկյան տարբեր կառույցներում, նաև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և մինչ կյանքի վերջն աշխատել Հարվարդի համալսարանում: Աշխատության մեջ նա առաջինն է փորձում անդրադառնալ 20-րդ դարի երկրորդ կեսի աշխարհի քաղաքակրթական տեսքին` էթնոմշակութային տարանջատման համատեքստում: Նա ընթերցողին է ներկայացնում ոչ միայն մարդաբանական, քաղաքակրթական, էթնոմշակութային և քաղաքական վերլուծություններ, այլ նաև փորձում է տեսնել դրանց շարունակությունը, առաջարկել ելքեր, որոնք հիմնականում հարցադրումների տեսքով են: Աշխատության մեջ նա առանձին հատված է նվիրում Հայաստանին, Արցախյան հիմնախնդրին, Կովկասյան տարածաշրջանին, ժամանակակից Թուրքիայի կայացմանը և հայ-թուրքական հարաբերություններին: Հանթինգթոնի այս աշխատությունը կիրառելի է հասարակագիտական ոլորտի բոլոր դասընթացներում, ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակներում:
Վահրամ Թոքմաջյան
Մաս առաջին. Քաղաքակրթությունների աշխարհը
Գլուխ 1. Համաշխարհային քաղաքականության նոր դարը
Բազմաբևեռ, բազմամշակութային աշխարհ
«Սառը պատերազմից» հետո առաջին անգամ պատմության մեջ, քաղաքականությունը դարձավ և´ բազմաբևեռ, և´ բազմամշակութային: Մարդկության գոյության մեծագույն մասի ընթացքում քաղաքակրթությունները հարաբերվում էին միմյանց հետ ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես չէին հարաբերվում: Այնուհետ, մոտ 1500 թվականից սկսած, գլոբալ քաղաքականությունը ձեռք բերեց երկու հիմնական ուղղություն: Շուրջ 400 տարվա ընթացքում, Արևմուտքի ազգային [2] պետությունները` Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և մյուսները Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում իրենցից ներկայացնում էին բազմաբևեռ միջազգային համակարգ: Նրանք համագործակցում և մրցակցում էին միմյանց հետ: Միևնույն ժամանակ, արևմտյան ազգերն ընդլայնվում էին, նվաճում, գաղութացնում և, անկասկած, իրենց ազդեցությունը թողնում մնացած բոլոր մշակւյթների վրա:
«Սառը պատերազմի» ժամանակաշրջանում, համաշխարհային քաղաքականությունը դարձավ երկբևեռ, իսկ աշխարհը բաժանվեց երեք մասի: Առավել զարգացող և հզոր երկրները, ԱՄՆ առաջնորդությամբ, ներքաշված էին գաղափարական, տնտեսական, երբեմն նաև ռազմական լայնամասշտաբ պայքարի մեջ` կոմունիստական երկրների խմբի դեմ, որոնց կազմակերպում և ղեկավարում էր Խորհրդային Միությունը: Այդ բախումը, մեծ մասամբ արտահայտվում էր երկու ճամբարների սահմաններից դուրս` երրորդ աշխարհում, որը կազմված էր հիմնականում աղքատ, քաղաքական առումով անկայուն երկրներից, որոնք նոր էին ձեռք բերել անկախություն և հայտարարել իրենց քաղաքական չեզոքության մասին:
1980-ական թվականների վերջերին կոմունիստական աշխարհը փլուզվեց և «սառը պատերազմի» ժամանակահատվածի միջազգային համակարգը դարձավ պատմություն: Հետսառըպատերազմյան աշխարհում մարդկանց միջև էական տարբերությունները գաղափարական, քաղաքական կամ տնտեսական չեն: Տարբերությունները մշակութային են: Ժողովուրդները և ազգերը փորձում են գտնել պատասխանն ամենապարզ հարցի, որի հետ կարող է առնչվել մարդը` «Ո՞վ ենք մենք»: Եվ նրանք պատասխանում են ավանդութային կերպով` օգտվելով հասկացություններից, որոնք կարևոր են նրանց համար: Մարդիկ որոշում են իրենց ինքնությունը, օգտագործելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ծագումը, կրոնը, լեզուն, պատմությունը, արժեքները, սովորույթները և հասարակական կառույցները: Նրանք նույնականացնում են իրենց մշակութային խմբերով` ցեղերի, էթնիկ խմբերի, կրոնական համայնքների, ազգերի և ամենալայն աստիճանում` քաղաքակրթությունների տեսքով: Չկողմնորոշվելով ինքնության հարցում` մարդիկ չեն կարող օգտագործել քաղաքականությունը անձնական հետաքրքրությունների համար: Թե իրականում ով ենք մենք, հասկանում ենք միայն այն բանից հետո, երբ մեզ հայտնի է դառնում, թե ով չենք, ու միայն դրանից հետո ենք մենք պարզում, թե ում դեմ ենք:
Համաշխարհային քաղաքականության դաշտում հիմնական խաղացողները մնում են ազգային պետությունները: Նրանց պահվածքը դրսևորվում է առ հզորություն և բարգավաճում ձգտումով, բայց կողմնորոշվում է նաև մշակութային նախասիրություններով, ընդհանրություններով և տարբերություններով, ինչպես անցյալում: Այս փուլում, վերոնշյալ պետական երեք խմբավորումներին գալիս են փոխարինելու յոթ կամ ութ համաշխարհային քաղաքակրթությունները:
Ոչարևմտյան հասարակությունները, հատկապես Հարավային Ասիայում, բարձրացնում են իրենց տնտեսական բարեկեցության աստիճանը և հիմք են ստեղծում ռազմական հզորությունը և քաղաքական ազդեցությունը բարձրացնելու համար: Հզորության մակարդակի և վստահության աստիճանի բարձրացման հետ մեկտեղ ոչարևմտյան երկրներն ավելի շատ են ընդգծում իրենց սեփական արժեքները և մերժում այն արժեքները, որոնք կապվում են Արևմուտքի հետ:
«21-րդ դարի միջազգային համակարգը,- նկատում է Հենրի Քիսսինջերը,- ծայրահեղ դեպքում կազմված կլինի 6 գերհզորներից`ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան, հնարավոր է` նաև Հնդկաստան, ինչպես նաև բազմաթիվ մանր ու միջին պետություններից»:
Քիսսինջերի վեց գերհզորները պատկանում են հինգ տարբեր քաղաքակրթությունների, բացի դրանից կան նաև կարևոր իսլամական երկրներ, որոնց աշխարհագրական դիրքը, հոծ բնակչությունը և նավթային պաշարները նրանց դարձնում են համաշխարհային քաղաքականության ազդեցիկ գործոններ: Այս նոր աշխարհում տեղային քաղաքականությունը համարվում է էթնիկ կամ ռասայական աստիճանի, իսկ գլոբալ քաղաքականությունը քաղաքակրթությունների քաղաքականությունն է: Գերտերությունների մրցակցությունը վերածվել է քաղաքակրթությունների բախման:
Այս նոր աշխարհում, առավել լայնածավալ, կարևոր և վտանգավոր բախումները չեն լինի սոցիալական շերտերի, հարուստների և աղքատների միջև, այլ կլինեն մշակութային տարբեր դիմագիծ ունեցող ժողովուրդների միջև: Քաղաքակրթությունների ներսում կպատահեն միջցեղային պատերազմներ և էթնիկ կոնֆլիկտներ [3]:
Սոմալիում տեղի ունեցող արյունոտ կլանային բախումները ծավալվելու վտանգ չեն պարունակում: Ռուանդայում տեղի ունեցող ցեղային արյունոտ բախումները հետևանք ունեն Ուգանդայի, Զաիրի և Բուրունդիի համար, ոչ ավելին: Քաղաքակրթական արյունոտ բախումները Բոսնիայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում կամ Քաշմիրում կարող են վերածվել մեծ պատերազմների: Հարավսլավական կոնֆլիկտում Ռուսաստանը ցուցաբերեց դիվանագիտական օգնություն սերբերին, իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և Լիբիան բոսնիացիներին զենքով և ֆինանսապես օգնեցին ոչ թե քաղաքական, գաղափարական կամ տնտեսական հետաքրքրությունների պատճառով, այլ մշակութային ազգակցության հիմքով: Ինչպես նկատում է Վացլավ Հավելը. «Մշակութային բախումներն ամրապնդվում են և այսօր դարձել են առավել վտանգավոր, քան երբևէ պատմության մեջ»:
«Սառը պատերազմին» հաջորդող աշխարհում քաղաքակրթությունը միաժամանակ համարվում է և´ միավորող, և´ տարաձայնություններ առաջացնող ուժ: Մարդիկ, որ բաժանված են գաղափարաբանությամբ, բայց միասնական են մշակույթով, միավորվում են այնպես, ինչպես դա արեցին երկու Գերմանիաները, պետք է անեն երկու Կորեաները[4] և մի քանի Չինաստանները: Հասարակությունները, որոնք միավորված են գաղափարաբանությամբ, բայց պատմական հանգամանքների բերումով տարանջատված են մշակութապես, ժամանակի ընթացքում փլուզվում են, ինչպես դա եղավ ԽՍՀՄ-ում, Հարավսլավիայում, Բոսնիայում, կամ մտնում են լարվածության վիճակ, ինչպես Ուկրաինայի, Նիգերիայի, Սուդանի, Հնդկաստանի, Շրի-Լանկայի և բազմաթիվ այլ երկրների դեպքում է: Երկրները, որոնք նման են մշակութային առումով, համագործակցում են տնտեսապես և քաղաքականապես: Միջազգային այն կազմակերպությունները, որոնք հիմնված են մշակութային ընդհանրություններ ունեցող պետությունների վրա, ինչպես ԵՄ-ն է, շատ ավելի հաջողակ են, քան այն կառույցները, որոնք փորձում են ձեռք բերել վերմշակութային հայեցակարգ: 45 տարի շարունակ «երկաթյա վարագույրը» Եվրոպայի բաժանարար կենտրոնական գիծն էր: Այժմ այդ գիծը մի քանի հարյուր կիլոմետր տեղափովել է դեպի արևելք: Այժմ այն բաժանում է արևմտյան քրիստոնյա ժողովուրդներին մուսուլմաններից և ուղղափառներից:
Փիլիսոփայական աշխարհայացքը, հիմնարար արժեքները, սոցիալական հարաբերությունները, սովորույթները, կյանքի նկատմամբ ընդհանուր հայացքներն էականորեն տարբերվում են քաղաքակրթական շրջանակներում: Աշխարհի տարբեր հատվածներում կրոնի վերածնունդը խորացնում է այդ մշակութային տարբերությունները: Քաղաքակրթությունները կարող են փոխակերպվել, և դրանց ազդեցությունների բնույթը քաղաքական և տնտեսական զարգացումների վրա, պատմական ժամանակաշրջանից կախված` կարող է լինել տարբեր: Սակայն, ամեն դեպքում ակնհայտ է, որ քաղաքակրթությունների տնտեսական և քաղաքական զարգացվածության տարբեր աստիճաններն իրենց հիմքում ունեն մշակութային տարբերությունները: Արևելաասիական տնտեսական հաջողությունները հիմնավորված են ինչպես այդ շրջանի քաղաքակրթությունով, այնպես էլ այն դժվարություններով, որոնց հանդիպել են այդ երկրները` կայուն ժողովրդավարական համակարգեր կառուցելու ճանապարհին: Իսլամական աշխարհի մեծ մասում, ժողովրդավարության հաստատման փորձերի տապալման հիմքում այն պատճառներն են, որոնք թաքնված են իսլամական քաղաքակրթությունում: Արևելյան Եվրոպայի հետկոմունիստական հասարակությունների և նախկին ԽՍՀՄ հասարակությունների մի մասի զարգացումը պայմանավորված է քաղաքակրթական նույնականացմամբ: Արևմտյան քրիստոնեական արմատներ ունեցող երկրները հաջողության են հասնում տնտեսական և ժողովրդավարացման ուղղություններում: Տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարները ուղղափառ երկրներում մշուշոտ են, իսկ իսլամական երկրներում ուրախանալու հիմքեր չեն տալիս:
Արևմուտքը կա և դեռ երկար ժամանակ կմնա հզորագույն քաղաքակրթություն: Բայց ամեն դեպքում, նրա հզորությունը մյուս քաղաքակրթությունների հետ համեմատած, սկսում է նվազել: Այն ժամանակ, երբ Արևմուտքը փորձում է վերահաստատել և պաշտպանել իր հետաքրքրությունները, ոչարևմտյան հասարակությունները կանգնած են ընտրության առջև: Դրանցից մի քանիսը փորձում են նմանվել, միանալ կամ ձուլվել Արևմուտքին: Մյուսները` կոնֆուցիական և իսլամական հասարակությունները ձգտում են զարգացնել իրենց տնտեսական և ռազմական հզորությունը, որպեսզի դիմակայեն Արևմուտքին, ստեղծելով արժանի հակակշիռ: Այսպիսով, հետսառըպատերազմյան աշխարհում, քաղաքականության գլխավոր առանցքը արևմտյան հզորության և քաղաքականության փոխհարաբերություններն են ոչարևմտյան քաղաքակրթությունների հետ:
Հետսառըպատերազմյան աշխարհում, ընդհանուր առմամբ, գոյություն ունեն յոթ կամ ութ գլխավոր քաղաքակրթություններ: Պետությունների միջև հարաբերությունների բնույթը, հետաքրքրությունների ընդհանրությունները կամ հակակրանքը պայմանավորված են մշակութային արմատների տարբերությամբ: Աշխարհի կարևորագույն պետությունները պատկանում են էականորեն տարբեր քաղաքակրթությունների: Լայնածավալ պատերազմների հավանականության վտանգ են պարունակում այն տեղային կոնֆլիկտները, որ ընթանում են տարբեր քաղաքակրթությունների պատկանող խմբերի և պետությունների միջև: Համաշխարհային քաղաքականությունը դարձել է բազմաբևեռ և բազմամշակութային:
Շարունակությունը` Միասնական աշխարհ
Փոխադրություն ռուսերենից
[1] Հանթինգտոնի տեսությանը Դպիրն անդրադարձել է նաև 76-րդ համարում` Արտակ Զարգարյան «Հանթինգտոնի նորմատիվ տեսությունը»:
2-4 ծանոթությունները` թարգմանչի:
[2] Հեղինակի ընկալումներում ազգայինն էապես տարբերվում է հայկական կամ հետխորհրդային տարածքի ազգայինի պատկերացումներից:
[3] Այս ամենին մենք արդեն ականատես ենք:
[4] Հեղինակի կանխատեսումներն այս հարցում քաղաքական մասով դեռ իրատեսական չեն:
Թարգմանիչ` Վահրամ Թոքմաջյան