Նախաբանը

Խաղեր և փորձեր

Օգոստոսի 9,1960

 Նստած եմ ընկերուհուս պատշգամբում: Կողքիս Լիզան է ՝ տասնվեցամսական խելացի ու համարձակ մի երեխա: Նա շատ տարօրինակ պսևդոլեզու է հորինել և ամբողջ ժամանակ օգտվում է դրանից: Որոշ հնչյուններ նորից ու նորից կրկնում է , կարծես թե դրանց տակ ինչ-որ բան նկատի ունենա: Նա սիրում է տարբեր իրերի ձեռք տալ և երկար զբաղվել դրանցով, զարմանալիորեն խելամիտ է. կարողանում է պտուտակներն ու այլ մանր առարկաներ հագցնել դրանց համար նախորոշված անցքերում: Գուցե փոքրիկ երեխաները այդքան էլ անճարակ չեն, որքան մենք ենք պատկերացնում:

 Լիզայի սիրած խաղերից մեկը իմ գրպանից գնդիկավոր գրիչը հանելը, ապա դրա կափարիչը հագցնելն ու հանելն է: Դրա համար պահանջվում են որոշակի հմտություններ: Նա երբեք չի հոգնում այդ խաղից. գրիչը գրպանումս տեսնելով՝ անմիջապես ինձ հասկացնում է, թե ինչ է իրեն պետք: Նրանից ազատվելը անհնար է: Նա համառն է, և եթե ձևացնում եմ, որ չեմ հասկանում, թե ինչ է ուզում, իսկ դա ճիշտ չէ, նա տեսարան է սարքում: Եթե գիտեմ, որ գրիչն ինձ պետք է գալու, ապա ճարպիկ հնարք է, գրպանում մեկ ուրիշն էլ եմ ունենում:

 Վերջերս նա դաշնամուր էր նվագում՝ երկու ձեռքերով ինչպես պատահի հարվածելով ստեղներին. նրան դուր եկավ, որ ստիպում է մեխանիզմին գործել ՝ ստեղծելով այդպիսի հետաքրքիր աղմուկ: Որպեսզի պարզեմ, թե կկրկնի արածս, սկսեցի ցուցամատով ստեղների վրայով այս ու այն կողմ անել: Նայելուց հետո ինքն էլ նույն բանն արեց:

Օգոստոսի 11,1960

 Երեկ ես շարժական էլեկտրական գրամեքենա էի պատշգամբ բերել: Ավագ երեխաները տնտղեցին այն և օգտվեցին դրանից: Լիզան պաղպաղակով էր զբաղված, և մեքենան նրան դեռ չէր հետաքրքրում: Երբ պաղպաղակը կերավ, մոտեցավ տեսնելու, թե մյուսներն ինչով են զբաղված և շուտով նշանների ու ձայների միջոցով պահանջեց, որ իրեն բարձրացնեն ու հնարավորություն տան փորձելու: Ես նրան նստեցրի ծնկներիս՝ մեքենայի առաջ: Ես մի մատով սեղմում էի ստեղները, նա էլ սկսեց նույնը անել. նրան ակնհայտորեն դուր էր գալիս այն, ինչ տեղի էր ունենում. ինչ-որ բան վեր էր թռչում և կտրուկ չրխկում՝ գործողության և շարժման տպավորություն թողնելով, ինչ-որ խորհրդավոր բան էր կատարվում մեքենայի մեջ, որը ինքն էր կյանքի կոչում:

 Երբեմն նա միանգամից մի քանի ստեղն էր սեղմում, և տառերը լռվում էին: Այդ ժամանակ ես անջատում էի մեքենան և տառերն ազատում: Նկատելով՝ թե ինչպես մի քանի անգամ պտտեցրեցի «Միացնել-Անջատել» սկավառակը, նա ինքն էլ փորձեց դա անել, բայց, պարզվեց՝ նրա մատիկները այդքան ուժեղ չէին: Այդ ժամանակ նա վերցրեց իմ աջ ձեռքը և ստիպեց սկավառակը պտտել: Շուտով դա խաղի վերածվեց: Ես անջատում էի մեքենան, Լիզան փորձում էր միացնել, իսկ երբ չէր կարողանում, վերցնում էր ձեռքս և միացնում այն իմ օգնությամբ: Նրան դուր էր գալիս նաև թմբուկի վերադառնալու լծակը: Ամեն անգամ, երբ ես օգտվում էի դրանից, նա բռնում էր լծակը ու նորից քաշում: Միայն երբեմն նա կատաղում էր ու սկսում խփել ու հարվածել ստեղներին: Մի անգամ Լիզան ինձ հասկացրեց, թե ուզում է, որ մեքենան հատակին դնեմ: Ես այդպես էլ արեցի, բայց հետո փոշմանեցի. Լիզան ուզեց բարձրանալ մեքենայի վրա, անգամ մտնել մեջը, որ տեսնի, թե այնտեղ ինչ է կատարվում: Մի փոքր վեճից ու քաշքշոցից հետո ես մեքենան կրկին սեղանին դրեցի: Այս ամենը տևեց մի քառասուն րոպե: Հնարավոր է, որ մանուկների ուշադրության տևողությունը այնքան էլ փոքր չէ, ինչքան մենք ենք կարծում:

Այսօր, երբ Լիզային խնամում էր մեծ եղբայրը, նա ավելի աղմկոտ էր և հաճախ էր ափերով հարվածում ստեղներին: Ամեն անգամ մենք անջատում էինք մեքենան և զգուշորեն իրարից հեռացնում տառերը: Քանի որ դրա համար ժամանակ էր հարկավոր, ես կարծում էի, թե Լիզան կհասկանա, որ ստեղներին հարվածելը խելամիտ չէ: Բայց նրան նույնքան հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես ենք տառերը առանձնացնում: Քանի որ դա հաճախ էր տեղի ունենում, ես առաջարկեցի Լիզայի եղբորը հաջորդ անգամ մեքենան անջատելուց հետո սպասել՝ տեսնելու համար, թե նա ինչ կանի: Այդպես էլ արեցինք: Լիզան մի քանի ստեղնի սեղմեց, բայց ոչինչ տեղի չունեցավ: Նկատելով, որ մեքենան չի գվվում ինչպես միշտ, Լիզան ձգվեց ու ինքնուրույն առանձնացրեց տառերը:

Այստեղ մի բան էլ տեղի ունեցավ, որի մասին մոռացել էի ժամանակին ասել: Ասացի գրամեքենան անջատելու մասին, երբ տառերը իրար էին կցվում: Բայց որպեսզի հասնեմ անջատիչին, անհրաժեշտ էր, որ ես գրամեքենայի մոտ գտնվեի: Բայց Լիզային դուր չէր գալիս, որ աշխատանքի ժամանակ ես կախվում էի նրա վրա, ինձ էլ դուր չէր գալիս, ես ուզում էի, որ նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի գրամեքենային: Խնդիրը լուծեցի՝ վերցնելով առանձին անջատիչով երկարացման լար: Կարող էի կանգնել Լիզայի ետևում՝ նրա տեսադաշտից դուրս, և անմիջապես անջատել գրամեքենան, երբ տառերը լռվում էին: Հետո մոտենում էի, առանձնացնում տառերը և նորից միացնում գրամեքենան:

Բայց սա Լիզային երկար չկարողացավ խաբել: Երբ տառերը խառնվում էին, և գրամեքենան անջատվում էր, սկզբում նա դա կարող էր խորհրդավոր հանընկնում համարել, բայց շուտով հասկացավ, որ ես պետք է որ ինչ-որ կապ ունենամ գրամեքենայի անջատվելու հետ: Ամեն անգամ, երբ գրամեքենան կանգնում էր, իսկ իմ անջատիչը շատ անձայն էր գործում, Լիզան շրջվում էր ու տարակուսած նայում ինձ: Ես շարունակում էի ձևացնել, թե գրամեքենայի անջատվելու հետ կապ չունեմ. երկարացման լարը ցույց չէի տվել: Ես մտածում էի, որ այն վերջիվերջո ցույց կտամ նրան, չնայած դա էլ ռիսկ էր. Լիզան կտրուկ ու համառ երեխա է և կարող է զայրանալ, որ ես անջատում ու միացնում եմ գրամեքենան: Իսկ ես ինչքա՜ն լավ գիտեմ, որ երեխաները տանել չեն կարողանում, եթե նրանց պահանջվածից ավելին ես օգնում:

 Ինձ համար հիմա ծիծաղելի է հիշել, թե ես որքան էի ցնցվել, երբ իմացա, թե որքան խելացի, համբերատար, հմուտ ու ստեղծական են լինում փոքրիկ երեխաները, ինչքան շատ բան են կարողանում անել այն ամենից, ինչ, ինչպես հավաստում են մասնագետները, նրանք չեն կարող անել: Որ երեխաները խելացի են, նորություն չէ. երբեմն թվում է, թե երկրում եղած բոլոր հոգեբանների ուղիղ կեսը հակված է դեպի օրորոցները, և «բացահայտում է» այն, ինչ վաղուց հայտնի է սիրող ու դիտարկող մայրիկներին: Բայց 1960 թվականին լայն հասարակությանը դա դեռ հայտնի չէր:

  Հուլիսի 24,1961

Այսօր առավոտյան Լիզան կռացել էր փուչիկը բարձրացնելու համար, բայց դռնից քամի չփեց և փուչիկը գլորեց հատակով: Նա նայում էր փուչիկին: Երբ այն կանգ առավ, Լիզան մոտեցավ ու փչեց, որ ստիպի փուչիկին գլորվելը շարունակել: Դա ինձ զարմացրեց: Կարո՞ղ են արդյոք այսքան փոքրիկ երեխաները առարկաներ շարժելու քամու ունակությունը կապել փչելով իրերը շարժել կարողանալու իրենց ընդունակությամ հետ: Ակնհայտորեն կարող են:

 Սա ինձ համար լավագույն օրինակ է թվում այն վերացական մտածողության, որը, ինչպես կարծում են շատերը, իբր մինչև ինը-տասը տարեկան երեխաները չեն կարող ունենալ: Համարյա բոլոր երեխաներին դուր է գալիս, երբ դուք փչում եք նրանց ձեռքերին կամ մատներին՝ գլուխը շարժելով մի կողմից մյուսը: Նրանք ժպտում են և որոշ ժամանակ անց սկսում են ուսումնասիրել, թե որտեղից է սկիզբ առնում այդ խորհրդավոր հոսքը. նրանք փորձում են իրենց մատը խցկել ձեր բերանը: Նրանց հետաքրքիր է, երբ այդ նույն էֆեկտը ստեղծում եք հովհարի օգնությամբ, կամ մի կտոր ստվարաթղթով:

Հետո Լիզան սկսեց քայլել փուչիկի շուրջբոլորը՝ երգելով սեփական շուրջպարի երգը: Կատարմանը զուգընթաց նա փոխում էր երգը, մինչև որ ստացվեց բոլորովին ուրիշ մի երգ: Նրա ասածից, երգածից ու արածից շատ բան իրականացվում է այսկերպ. սկսում է մի բանից, աստիճանաբար փոխակերպվում մի ուրիշ բանի: Երաժիշտը դա կանվաներ թեմա վարիացիաներով: Շատ երեխաներ, որոնց ես գիտեմ, պաշտում են անվերջանալի պատմություններ պատմելը և անվերջանալի երգեր երգելը: Երբեմն երգում են այն մասին, թե իրենք ինչ են արել կամ ինչ կուզենան անել: Մի մայրիկ պատմում էր ինձ, որ իր չորս տարեկան որդին իր սենյակում երգ էր հորինում դպրոցում գտնվող յոթ տարեկան քրոջ մասին. «Ես կուզեի՝ որ քույր ունենայի, որը դպրոց չգնար, և ինչասեի՝ աներ…»: Հաճախ երգերն անիմաստ են՝ բառեր ու անիմաստ վանկեր. բայց երբեմն իմաստն ու անիմաստություններն իրար են խառնված: Շատ երեխաների դուր է գալիս խաղալ մեծահասակների հետ, երբ ամեն մեկը հերթով ինչ-որ բան է ավելացնում երգին: Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Երևակայության աշխատանք է պահանջվում և’ բառերը, և’ երաժշտությունը միանգամից հորինելու համար, և սովորաբար ստացվում է մանկական թոթովանքի պես մի բան: Դրանք լավ խաղեր են, և մենք պետք է խրախուսենք դրանք, մասնակցենք դրանց ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:

Դպրոց գնացող երեխաները շատ են երգում, իհարկե. բայց նրանք շարունակ նույն երգերն են երգում, որ սովորեցնում է ուսուցիչը, և նպատակն այստեղ այն է, որ նրանք «ճիշտ» երգեն, այլ ոչ թե ինչ-որ նոր երգ հորինեն: Որոշ երեխաների դա դուր է գալիս, որոշների համար էլ վերածվում է ինչ-որ միօրինակության ու ձանձրույթի, որով և զբաղվում են դպրոցում՝ պարտադիր զվարճանք, ինչպես դա կարելի է անվանել ցածր դասարաններում: Այդ երեխաներից շատերը դադարում են երգելուց, և շատ ափսոս: Կարլ Օրֆֆի և այս մեթոդից օգտվող ուրիշների աշխատություններում, նշվում է , որ երեխաները երաժշտապես կարողանում են շատ արագ զարգանալ, եթե նրանց իմպրովիզացիաներ անելու, սեփական երգերը, ռիթմերը և մեղեդիները հորինելու հնարավորություն է տրվում: Այդ ժամանակվանից համոզվել եմ, որ իմպրովիզացիան ցանկացած երաժշտական հորինվածքի կենտրոնական մասն է և պետք է լինի ամենագլխավորը երաժշտության դասավանդման մեջ. ես դա մասամբ հասկացա, որովհետև ինքս էլ սովորել եմ թավջութակ նվագել (ինչի մասին գրել եմ «Երբեք ուշ չէ» գրքում) և մասամբ էլ շնորհիվ այն քիչ գիտելիքի, որ ունեմ երաժշտության պատմության վերաբերյալ:

 Թավջութակ նվագելիս ես ժամանակի մեծ մասն անցկացնում եմ իմպրովիզացիաներ անելու վրա և եթե երաժշտություն դասավանդեի երեխաներին կամ մեծահասակներին, կստիպեի նրանց նույնն անելու, կա’մ լսողությամբ փորձեն կատարել հայտնի մեղեդիներ, կա’մ մեղեդիներ հորինեն ու փորձեն կատարել, կա’մ էլ պարզապես առանց որևէ ծրագրի խմբավորել լարերն ու ստեղներն ու լսեն:

 Այլ խոսքով՝ իմպրովիզացիայի շնորհիվ գիտակցական վերահսկողությունը կարելի է տարբեր կերպ օգտագործել: Մի կողմից կարելի է ջանալ նվագել մեր գլխում հնչող սեփական կամ ուրիշի հորինած մեղեդիները: Մյուս կողմից էլ մենք կարող ենք լսել, թե մեր ձեռքերն իրենք իրենց ինչ են նվագում: Եվ միայն այն ժամանակ, երբ մեր ձեռքերն ու մատները կնվագեն նվազագույն գիտակցական վերահսկողության տակ, մենք կսկսենք իսկական իմպրովիզացիաներ անել և ամբողջովին կտիրապետենք գործիքին: Երեխաներն այդպես էլ անում են, երբ երգում են իրենց սքանչելի անվերջ երգերը: Նրանք սկզբում չեն լսում մեղեդին իրենց գլխում, հետո փորձում վերարտադրել: Նրանք պարզապես երգում են, ինչ կստացվի, կստացվի: Մենք պետք է խրախուսենք նրանց և ավելի շատ զբաղվեք հենց դրանով:

 Հունիսի 25,1961

 Հյուրասենյակից եկող ճիչերը ազդարարեցին Լիզայի և մասնավոր սեփականության միջև ծագած հերթական ընդհարման մասին: Նա հետաքրքրվում է այն ամենով, ինչ աչքին զարնում է, նա ուզում է նայել, շոշափել, քանդել, եթե կարող է: Բնական է, նա չի տարբերակում արժեքավոր, փխրուն կամ վտանգավոր իրերը: Տեսնելով, թե ինչպես եմ գրամեքենայի խրոցը հագցնում վարդակին, ինքն էլ ցանկացավ դա անել և վճռականորեն մերժեց բոլոր բառերն այն մասին, որ իրեն չի կարելի գործ ունենալ վարդակների հետ: Մի ուրիշ անգամ նա հաջողացրել էր բացել գազօջախի բոլոր վառիչները, բայց, բարեբախտաբար, հեռու էր եղել կրակից, երբ դրանք կպել էին : Դուրը չէր եկել, երբ իրեն արգելել էին գազօջախին մոտենալ: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու իրեն չի կարելի ձեռք տալ այն ամենին, ինչին մյուսները ձեռք են տալիս: Եթե իր է վերցնում, երբեք չի մտածում տեղը դնելու մասին, եթե անգամ հիշում է, թե որտեղ էր դրված:

Սա խնդիր է, և այդ խնդրի պարզ ու հեշտ լուծումը չկա: Ամեն օր մենք ասում ենք. «Ոչ, ոչ, ձեռք մի տուր, դա շատ տաք է, դա շատ սուր է, դա փշուր-փշուր կլինի, դա իմն է, դա ինձ հարկավոր է»: Բնական է, ամեն անգամ նա շրջապատող աշխարհը հետազոտելու իր իրավունքների և ձգտումների նկատմամբ ոտնձգություն է զգում: Բոլորը դրան ձեռք են տալիս, իսկ ինչո՞ւ ինձ չի կարելի: Հեշտ է հասկանալ, որ այսպիսի վերաբերմունքը կարող է կոտրել երեխայի հետաքրքրասիրությունը. նա կորոշի, որ աշխարհն այնքան էլ հետաքրքիր չէ, այլ լի է թաքուն վտանգներով ու գաղտնի փոսերով:

Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը՝ Լիզային տալով իր սեփական խաղալիքները և համոզելով հանգիստ թողնել մնացած իրերը:  Դա այնքան էլ լավ չի գործում: Նախ և առաջ՝ խաղալիքները բավարար չափով հետաքրքիր չեն: Մյուս կողմից էլ նա չի հիշում, եթե անգամ ուզենա էլ, չի հիշի, թե ինչին կարող է ձեռք տալ, ինչին՝ ոչ: Առավել ևս, այն փաստը, որ մեծահասակները տանը օգտվում են ամենատարբեր իրերից, հենց դա նրանց այդքան հետաքրքիր է դարձնում: Ինչպես բոլոր երեխաները, Լիզան էլ ուզում է նմանվել մեծերին և անել այն, ինչ նրանք են անում: Երբ ամաններն են լվանում, նա ուզում է մասնակցել դրան: Երբ ուտելիք են պատրաստում, նա էլ է ուզում պատրաստել. լիմոնադ են պատրաստում, նա ուզում է օգնել: Այնքան էլ հեշտ չէ նրան մի ուրիշ գործի դնելը:

Չի կարելի չեզրակացնել, որ դպրոցական կրթության մեջ ինչ-որ շատ սխալ բան կա, եթե շարունակ անհանգստանալու ենք «մոտիվացիայի» մասին: Երեխան աշխարհում ամենից շատ ուզում է ճանաչել աշխարհը, ազատորեն տեղաշարժվել այնտեղ, անել այն, ինչ անում են մեծերը: Ինչո՞ւ չենք կարող ավելի լավ օգտագործել ընկալման ու ճանաչողության այդ ձգտումը: Մենք երեխաներին կարող ենք ցույց տալ ինչ-որ հմտությունների տիրապետող շատ մարդկանց, չնայած հետո դժվար կլինի, երբ այդ հմտությունները, ինչպես օրինակ՝ թվաբանության «տարրական» շատ հմտություններ, կիրառություն չեն գտնի կյանքում: Ո՞վ է իրական կյանքում մի կոտորակը մյուսի վրա բաժանելով զբաղվում:

Իսկ տանը այդ ժամանակ ձգտում ենք երեխաներից հեռու պահել արժեքավոր ու վտանգավոր առարկաները: Եվ միաժամանակ ձեռքի տակ պահում ենք շատ էժան ու դիմացկուն առարկաներ, որ երեխան դրանցով խաղա, և սարսափելի չլինի, եթե դրանք կոտրվեն: Տանը գուցե վատ չի լինի երեխային տնային կենցաղի մի քանի առարկաներ նվիրել՝ ձվի հարիչ, թավա, լուսամփոփ: Երեխայի կրթության համար հետո տասնյակ հազարավոր դոլլարներ ծախսող ընտանիքի համար իմաստ չունի վհատվելն ու երեխային վհատեցնելը, եթե նա քսանհինգ ցենտ արժողության ինչ-որ բան է կոտրել: Ես հաճախ եմ տեսել, թե խանութում կամ սուպերմարկետում, որտեղ շատ քիչ կարելի է ինչ-որ բան կոտրել, և որտեղ ինչ-որ բան հազիվ թե մի դոլլարից ավելին լինի, ինչպես են մարդիկ վրդովվում, որովհետև երեխան ձեռք է տալիս տարբեր իրերի: Իսկ ինչո՞ւ ոչ: Այդպես երեխաները ճանաչում են շրջապատը: Եթե նրանք իրերը տեղը չեն դնում, ապա դա դժվար չէ տեղափոխելը:

Հավանաբար սխալ է մտածել, որ փոքր երեխաները ամեն ինչ, ինչին դիպչում են, կոտրում են և այդ պատճառով էլ չպետք է ուրիշի իրերին ձեռք տան: Դա կործանում է նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը: Ավելին՝ դրա պատճառով նրանք չափից ավելի սեփականատիրաբար են վերաբերվում իրենց անձնական իրերին: Ես կարծում եմ, որ դրա փոխարեն մենք պետք է նրանց սովորեցնենք, որ սեփականությանը հարգանքով վերաբերվելը չի նշանակում ուրիշի իրերին երբևէ ձեռք չտալ, պարզապես պետք է իրերի հետ զգույշ վարվել, օգտագործել ըստ պահանջի և դնել տեղը: Երեխաներն ընդունակ են փայլուն կերպով յուրացնել դա. նրանք այդպես անընդունակ չեն, ինչպես մենք ենք կարծում: Եվ առարկաներից ճիշտ օգտվելը երեխաները կարող են սովորել դրանք օգտագործելով: Կրթության մեջ Մարիա Մոնթեսորիի արժեքավոր ծառայություններից մեկն այն է, որ նա ցույց է տվել, որ փոքր երեխաներին հեշտ է սովորեցնել ոչ միայն բուռն կերպով, այլև զգուշորեն և խնամքով գործել:

 Հուլիսի 30, 1961

Փոքր երեխաները պաշտում են խաղալը և ցանկացած բան կարող են խաղի վերածել: Այսօր առավոտյան Լիզան ավագ քրոջ՝ Նելլի հետ անկողնում էր: Սկզբում Նելլը անջատում էր մահճակալի լույսը, իսկ Լիզան միացնում էր այն՝ ասելով. «Մի’ անջատիր»: Ավագ քույրը շատ դանդաղորեն ձեռքը մոտեցնում էր անջատիչին: Ամեն անգամ՝ նրա ձեռքի շարժումի հետ, Լիզան ասում էր. «Մի’ անջատիր»: Դա կարող էր շատ երկար շարունակվել: Վերջիվերջո լույսը պիտի անջատվեր: Եթե Լիզան միացներ, խաղը նորից պիտի սկսվեր:

 Շատ խաղեր կարծես պատահաբար են սկսվում: Մի անգամ վերցրի ամսագիրը, դրեցի սեղանին և ուրիշ ինչ-որ բանով զբաղվեցի: Լիզան մոտեցավ, վերցրեց ամսագիրը, դրեց հատակին և իմաստալից նայեց ինձ:

Վերադարձա, ու այն նորից սեղանին դրեցի: Նա կրկին վերցրեց այն սեղանից: Ու գնաց խաղը, որը բավականին երկար ձգվեց:

Այս խաղերը պետք է խաղալ ուրախությամբ, չարաճճիությամբ, ոգևորությամբ, ինչպես բոլոր լավ խաղերը՝ ներառյալ աշխարհաճանաչողությունը, որը մենք կրթություն ենք կոչում:

 Վախենամ, որ «կրթություն» բառի տակ մարդկանց մեծամասնությունը ինչ-որ ուրիշ բան է հասկանում: Նրանք կարծում են, թե դա նշանակում է երեխաներին ուղարկել դպրոց, որտեղ նրանց ստիպում են ինչ-որ բան սովորել, որը նրանք այնքան էլ չեն ուզում սովորել, ահաբեկել, որ նրանց համար վատ կլինի, եթե նրանք դա չանեն: Պարզ է, որ մարդկանց մեծամասնությանը այսպիսի խաղը դուր չի գալիս, և նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում այն դադարեցնում են:

Բայց անգամ առավել նեղ իմաստով խաղերը, որոնք խաղում էի Լիզայի հետ, ուսուցողական են: Դրանք երեխային ավելի լիարժեք հասկացողություն են տալիս պատճառի և հետևանքի օրենքի մասին, այն, որ մեկից բխում է մյուսը: Դրանք նաև օգնում են երեխային զգալու, որ ինքը կարող է ինչ-որ կերպ ազդել իրեն շրջապատող աշխարհի վրա: Հավանաբար ի՜ նչ սքանչելի պիտի լինի երեխայի համար, խաղալով մեծահասակների հետ, իրեն ամենակարող զգալը, ինչ էլ որ ինքը անի և որքան ուզում է՝ երկար տևի:

Երբ Չիկագոյում հյուրընկալվում էի բարեկամներիս տանը, մի առավոտ ինձ թողեցին, որ հսկեմ երկու երեխաների՝ երեք ու կես տարեկան Էլիսին և Պատրիկին՝ երկուսից մի քիչ ավելի: Նրանք սովոր էին խաղալու իրենց ոչ բանուկ փողոցի մայթին, դրա համար էլ ասացի, որ կարող են այդտեղ խաղալ, բայց ոչ մի ուրիշ տեղ չփախչել: Բայց շուտով նրանք անհետացան տեսադաշտիցս, և ես ստիպված էի նրանց գտնել ու քարշ տալ տուն՝ հակառակ իրենց ընդվզումների ու թնկթնկոցների: Նրանք կատաղած էին: Ասում էին, որ ես վատն եմ, որ իրենք մայրիկին կասեն: Ես ասացի, որ այդպես էլ անեն: Պատրիկը հայտարարեց, որ մայրիկը ինձ կշրխկացնի, և ցույց տվեց ինչպես՝ ա’յ այսպես: Ես ձևացրի, թե լաց եմ լինում: Սա բացարձակապես շահող խաղ է փոքրիկ երեխաների հետ. նրանք բոլորը սա պաշտում են: Շուտով մեր միջև խաղը թեժացավ: Նրանք «շրխկացնում էին» ինձ՝ թփթփացնում մեջքիս, իսկ ես ձևացնում էի, թե լաց եմ լինում: Երբ ես դադարեցնում էի լացս, Պատրիկն ասում էր. «Ես քեզ էլի շրխկացնում եմ», և ես ստիպված նորից լաց էի լինում: Ես շարունակ կրկնում էի. «Ես լավ տղա եմ», իսկ նա շատ վճռականորեն հայտարարում էր. «Դու վատն ես»: Այսպես մենք մի որոշ ժամանակ շարունակեցինք, մինչև նրանք այլ զբաղմունք գտան: Հետո այս խաղը մենք ցույց տվեցինք ծնողներին:

 Օգոստոսի 1,1961

 Վերջերս Լիզան սկսել է կատաղություն խաղալ: Նա ատամներն է ցույց տալիս, մռնչում, հարձակվում վրաս: Ես ձևացնում եմ, թե վախենում եմ, թաքնվում աթոռի ետևում: Սա կարող է մի որոշ ժամանակ շարունակվել: Թվում է, որ այս և իր մյուս խաղերի ժամանակ նա զգում է, որ իր մեջ ինչ-որ «ես» կա, որն աճում է, պահանջում ընդունել իրեն, այս կամ այլ կերպ դրսևորում է իրեն: Ցանկացած խաղ, որն այդ «ես»-ը ավելի ուժեղ է դարձնում, լավ խաղ է: Ուրիշ ժամանակ նա բավականին լավ գիտի, թե որքան թույլ է այդ «ես»-ը:

 Երբեմն նա վերցնում է փայտը ու հարվածում աթոռի նստատեղին՝ շրթունքներով թխկացնող ձայն արտահայտելով: Հարվածելով աթոռին՝ նա թարթում է աչքերը, իբր թե իր հարվածի ուժը իրեն մի քիչ վախեցրել է: Դա ինձ հիշեցնում է այն իննամյա տղային, ով, սկսելով ֆուտբոլ խաղալ, դեռ իր հանդեպ վստահություն ձեռք չի բերել ու ամեն անգամ թխկացնող ձայն է արձակում, երբ հարվածում է գնդակին: Հարկ է նկատել, որ նա ուժեղ ու մեծ չէր, և ինչպես հարկն է, չէր կարողանում հարվածել գնդակին, այլապես նա այդ ձայների կարիքը չէր ունենա՝ ուժեղ հարված նմանակելով:

Չնայած իր ողջ վայրագությանը, գոռոզությանն ու համառ անկախությանը՝ Լիզան հոգու խորքում բարի է ու սիրալիր: Նրա սիրած խաղերից մեկը «չես կարող» խաղն է: Երբեմն այն սկսվում է, երբ ես դռան ետևում եմ, իսկ Լիզան՝ սենյակում: Նա ասում է. «Չես կարող մտնել»: Ես սկսում եմ քաշել բռնակից: Լիզան ամբողջ ուժով քաշում է մյուս կողմից: Իբր թե հոգնելով՝ բաց եմ թողնում, և դուռը շրխկում է: Նա հաղթականորեն նայում է վրաս և նորից ասում. «Չես կարող մտնել»: . Սա կարող է հինգ-վեց անգամ կրկնվել: Բայց հետո նա միշտ ինձ թույլ է տալիս մտնել՝ շատ սիրալիր ասելով. «Մտի’ր, Ջոն»:

Մի առավոտ, լսելով, թե նա ինչպես է խոսում քրոջ հետ, սենյակ մտա: Կոկետորեն ինձ նայելով՝ ասաց. «Գնա’»: Ես հարցրի. «Ինչո՞ւ», և նա պատասխանեց. «Որովհետև»: «Որովհետև ի՞նչ»: «Պետք է»: «Բայց ես չեմ ուզում», — ասացի: «Դու պիտի», — համառորեն պատասխանեց նա: Կրկին հայտարարեցի, որ չեմ ուզում: Հետո տարօրինակ բան կատարվեց: «Դու չես կարող», — պատասխանեց նա: Նա անցում արեց պատասխանների այն մոդելին, որից սովորաբար օգտվում է ուրիշ իրավիճակում: Մոտավորապես նույն պահին ես դուրս եկա սենյակից: Մի ակնթարթից վերադարձա, և խաղը նորից սկսվեց: Այս անգամ՝ խաղը մի քանի անգամ կրկնելուց հետո, նա ասաց. «Մի’ գնա»: Երեխաները դեմ չեն թույլ տաու մեզ՝ մեծահասակներիս, հաղթել խաղում, եթե մենք իրենց հնարավորություն ենք տալիս մի քանի միավոր շահելու: Բայց մեծերի մեջ այնքան շատ են այնպիսիները, ովքեր ֆուտբոլային մարզիչների նման երբեք չեն բավարարվում սովորական հաղթանակով. նրանց հարկավոր է՝ ինչքան կարելի է ավելի շատ առաջ անցնել միավորներով:

  Օգոստոսի 2, 1961

 Մի անգամ գնացինք Կարլսբարդյան քարանձավներ՝ մի անսովոր ու գեղեցիկ վայր: Այնտեղ հասնելու համար հարկավոր է մեքենայով մի քանի ժամ գնալ: Ճանապարհին խաղում էինք: Երբ Լիզան ինձ էր նայում, սկսում էի ծափահարել ռադիոյից հնչող երաժշտության տակտին համապատասխան: Նա էլ սկսեց նույնը անել: Հետո սկսեցի ծափահարել ափով բռունցքին: Մի քիչ նայելով՝ նա երկու ձեռքերը բռունցք արեց, մի քիչ ծափահարեց, նորից նայեց, տեսավ, որ սխալ է անում և շուտով արեց այնպես, ինչպես ես: Սրանից սկիզբ առավ խաղերի մի ամբողջ շարք: Ես ձեռքով խփում էի գլխիս. նույնը և նա: Ես ձեռքիս ափով խփում էի փորիս, նա նույնպես: Ես խաղը բարդացրի: Մի ձեռքով խփում էի գլխիս, մյուսով՝ փորիս. կամ խփում էի գլխիս, իսկ մյուս ձեռքով բռնում խփող ձեռքիս արմունկը և այսպես շարունակ: Չափազանց հետաքրքիր էր տեսնել, թե նա ինչպես էր կրկնօրինակում ինձ: Ամեն անգամ նա սկսում էր գործել շատ արագ: Հետո համեմատում իմ արածի հետ: . Փոխում էր իր արարքները և նորից համեմատում, մինչև մենք երկուսս էլ նույն բանը անեինք: Դրանով հանդերձ՝ երկու պահ ինձ ապշեցրեց: Առաջին՝ նա չէր համարում, որ պետք է նախ ամեն ինչ ճիշտ ընկալի, նոր սկսի գործել: Նա ձգտում էր անհապաղ սկսել ինչ-որ բան անել, իսկ հետո մտածել, թե ինչպես կարգավորի իր գործողությունները: Երկրորդ՝ նա չէր բավարարվում ոչ ճիշտ նմանակմամբ և շարունակում էր համեմատել, մինչև համոզված էր լինում, որ ճիշտ է անում և այսպես շարունակ:

Տարիքով մեծ երեխան այս խաղը այլ կերպ կարող է խաղալ՝ հենց սկզբից ճիշտ նմանակելով: Նա մտովի ամեն ինչ կհաղթահարեր, մինչև իրականում կաներ: Կամ էլ իմ արարքները կփոխակերպեր բառերի և դրան համաձայն կսկսեր գործել: Բայց շատ փոքր երեխաները՝ համենայն դեպս՝ այս երեխան, այդպես չի գործում, նրանք չեն կարողանում երևակայության մեջ կատարել գործողությունը և մտովի շտկել այն: Նրանք նմանակում, համեմատում և շտկում են որոշակի կոնկրետ ֆիզիկական մակարդակի վրա և շարունակում են այն մինչև հաղթական ավարտը:

Որոշակի իմաստով, իսկ իրականում՝ բոլոր իմաստներով, Լիզան զարմանալիորեն տարբերվում է այն անհաջողակ տասը տարեկան երեխաներից, որոնց տեսել եմ դպրոցում: Նա ուզում է ամեն ինչ ճիշտ անել և այնքան կխաղա, մինչև ճիշտ անի. նրանք պարզապես խուսափում են աշխատանքից: Փոքր երեխաների մեջ ըստ երևույթին կա մի բան, որ կոչվում է որակի բնազդ: Մենք հակված ենք չնկատելու դա, որովհետև նրանք անհմուտ են և նրանց ընտրած նյութը կոպիտ է: Բայց նայեք, թե ի՜նչ ջանասիրությամբ է փոքրիկ երեխան հարթեցնում ավազե կաղապարը կամ ձևավորում հողե թխվածքաբլիթը: Նրանք, որքան հնարավոր է, լավ են ուզում դա անել, ոչ թե ուրիշին, այլ իրենց հաճույք պատճառելու համար:

  Օգոստոսի 3, 1961

 Հետևելով Լիզային՝ հաճախ եմ հիշում Բիլլ Հալլի պատմածը առաջին դասարանցու մասին, ով լաց եղավ՝ իմանալով, որ «once» բառը (որը կարդացվում է «ուանս») գրվում է «O-N-C-E»: Ինձ մտահոգում է այն փաստը, որ նման պարադոքսներն ու անհեթեթությունները վեց տարեկան երեխաներին ավելի շատ են անհանգստացնում, քան այս երեխային: Նա ամբողջ օրը լսում է բաներ, որոնք անիմաստ են, բայց դրանք նրան, ըստ երևույթին, չեն հուզում: Նա անորոշության մեջ ապրում է և տեղափոխվում է թեթևորեն ու բնականորեն, ինչպես ձուկը ջրում: Ե՞րբ և ինչո՞ւ են երեխաները սկսում որոշակիության ձգտել:

 Երեխաներն, ըստ երևույթին, վախերով չեն ծնվում: Այո’, կան որոշակի բաներ, որոնցից նրանք բնազդորեն վախենում են՝ բարձր ձայները, սատարելու բացակայությունը, բայց դրա փոխարեն շատ երեխաների դուր է գալիս, երբ իրենց օդ են նետում, կամ պտտում իրենց շուրջը: Շատ հնարավոր է, որ վախերի մեծ մասը երեխաներն ընդօրինակում են մեծերից:

 Լիզան, օրինակ, միջատներից երբեք չի վախեցել: Երբ նա սողացող կամ թռչող ինչ-որ բան էր տեսնում, ձգտում էր վերցնել ու նայել այն: Մի անգամ Լիզայի ավագ քրոջ տասներկուամյա ընկերուհին հյուր էր եկել: Լիզան նրանց հետ սենյակում էր, երբ հյուրը պատին սարդ տեսավ: Նա հիստերիկ ճչաց և ճղճղաց այնքան ժամանակ, մինչև նրան սենյակից հեռացրին ու սարդը սնտկնցրին: Այդ օրվանից Լիզան սկսեց վախենալ բոլոր միջատներից՝ մոծակներից, թրթուրներից ու նաև որդերից: Նա յուրացրեց դասը: Նա չի ճչում, միայն մի կողմ է քաշվում ու չի ուզում դրանց հետ գործ ունենալ: Աշխարհի հանդեպ նրա հետաքրքրության ու վստահության մի մասը անհետացավ: Ով կարող է ասել, թե երբ այն կրկին կվերականգնվի:

 Վախերի մեծ մասը, որ ընդօրինակում են երեխաները, ավելի նուրբ բնութի է: Նրանք հավաքում են դրանք քիչ-քիչ, փոքր չափաբաժիններով: Մի անգամ Լիզան խաղում էր էլեկտարական գրամեքենայով: Նա կարողանում է միացնել ու անջատել այն և վերադարձնել գրամենքենայի թմբուկը: Երբ նա տպում էր, պատահաբար երկու ձեռքերով կպավ ստեղներին: Մի քանի լծակներ տառերի հետ վեր թռան ու լռվեցին: Նա խոնարհվեց, որ դրանք անջատի իրարից: Ես վախեցա, որ այդ ընթացքում նա կարող է սեղմել ստեղները, այդ դեպքում մի ուրիշ տառ վեր կթռչի ու կհարվածի նրա մատիկներին : Ես վախենում էի նաև, որ արձակելով լծակները՝ նա կարող է դրանցից մի քանիսը ծռել: Այնպես որ ես նորից նրան ցույց տվի ինչպես անջատել մեքենան ու զգուշորեն հեռացնել լծակները:

Հիմա մենք մեքենաներ ունենք՝ տպող գնդիկով: Այս դեպքում լծակների լռվելու վտանգ չկա, չնայած երեխան կարող է վնասել գնդիկը, եթե ուժեղ ձգի, կամ մատին հարված ստանա, եթե մատը մտցնի գնդիկի տակ ու սեղմի ստեղնը: Այս գրամեքենաները թանկ են, բայց մի քանի ընտանիք կարող են միավորվել՝ այն գնելու համար: Այսպես կոչված «երիցուկներով» գրամեքենաները ավելի լավն են, բայց նրանք ավելի թանկ են: Այդ իմաստով ամենալավը համակարգիչներն են, որոնց վրա կարելի է խմբագրել գրածը, բայց դրանք ամենաթանկն են, չնայած դրանց, ինչպես և ողջ էլեկտրոնիկայի, գներ իջնում են: Ամեն դեպքում, ավելի լավ է փող հավաքել կամ ընկերովի փող դնել մի քանի լավ ապրանքների համար, քան գումար ծախսել մի արկղ անպետք խաղալիքների վրա:

Լիզան հետաքրքիր հետազոտություն անցկացրեց: Գրամեքենայի երկու կողմերում թմբուկը բարձրացնող ստեղներ կան (մեծատառերը գրելու համար), և միայն մի կողմում՝ դրանց փակող բանալի: Նա նկատել էր, որ թմբուկը բարձրացնող ստեղները սեղմելուց հետո բարձրանում են, իսկ փակող բանալու հետ սեղմելու դեպքում՝ ոչ: Հարց է առաջանում, ինչպե՞ս դրանք դուրս քաշել: Ձգելը իմաստ չունի: Բացատի ստեղնը նրան ոչինչ չտվեց, իսկ հաշվեմեքենան զարմացրեց նրանով, որ այդ դեպքում ամբողջ թմբուկը ձախ թռավ, այնպես որ զնգաց սահմանափակող զանգը:

 Այս ամբողջ ժամանակ ես կանգնած էի նրանից տասը ֆունտ հեռավորության վրա: Ուզում էի տեսնել, թե նա ինչ է անում և նաև պատրաստ էի անջատել գրամեքենան, եթե նա կրկին հարվածի երկու ձեռքերով, կամ իրեն կամ էլ մեքենային վնասող վտանգավոր բան անի: Ես չէի անհանգստանում, ավելի շուտ հետևում էի, բայց նա հավանաբար իմ հետևելու մեջ ինչ-որ աստիճանի անհանգստություն էլ զգաց, որովհետև մի այնպիսի բան արեց, որ մինչ այդ երբեք չէր արել. աչքերն ինձ վրա այնպիսի հայացքով բարձրացրեց, որ ասում էր. «Ես ամեն ինչ ճի՞շտ եմ անում»:

 Երեխաները, հատկապես փոքրերը, շատ զգայուն են զգացմունքների հանդեպ: Նրանք ոչ միայն որսում են այն ամենը, ինչ մենք զգում ենք, նրանք չափազանցնում են դրանք անհավատալի չափերով: Լիզան սկսում է լաց լինել, երբ իր փոքր եղբայրներից կամ քույրերից մեկը կռվում է կամ քաշքշում: Եթե անգամ նրանք ծիծաղելու համար խոսքակռիվ են տալիս, նա փորձում է նրանց բաժանել կամ պահանջում է, որ դադարեցնեն: Ես հաճախ եմ ուրիշ ընտանիքներում տեսել, թե ինչպես են երեխաները երկար ժամանակ դժբախտ լինում, եթե ծնողները կռվում են՝ չնայած փորձում են դա թաքցնել: Անգամ պարտադիր չէ, որ ծնողները լինեն: Մի անգամ ես բարեկամներիցս մեկի տանն էի, ում երեխաներին շատ սիրում եմ: Մոր հետ մենք սկսեցինք քաղաքականությունից վիճել: Չնայած վեճը թեժ էր, այն ոչ բարեկամական չէր. մենք սովորաբար իրար հետ միշտ գտնվում ենք բարիկադի նույն կողմում: Բայց անգամ դա երեխաների համար չափից ավելին էր: Նրանք շրջապատել էին մեզ՝ ասես առաջարկելով խոսել մի ուրիշ բանի մասին, և որպեսզի ամեն ինչ նորից խաղաղ ու լավ լինի:

Ուղղակի սուտ է, կամ ոչ միշտ է ճիշտ, որ փոքրիկները ապրումներ չունեն, որ նրանք չեն զգում այն, ինչ զգում են մյուսները: Անշուշտ, նրանք հաճախ իրար հանդեպ շատ դաժան են, բայց եթե նրանց կողքին նեղացած կամ դժբախտ երեխա կա, նրանք էլ դառնում են շատ դժբախտ: Եզակի երեխա է ընդունակ երկարատև ու կանխամտածված դաժանության, որն այդքան հաճախակի է պատահում մեծերի մոտ:

Հաճախ նրանց դաժանությունը փորձարարական կարող է լինել: Մի անգամ տեսա, թե ինչպես երկու երկամյա երեխաներ խաղում էին հատակին: Նրանք մեքենաներ ու բեռնատարներ էին քշում ու հաճելի ժամանակ անցկացնում: Նրանցից մեկը վերցրեց բավականին ծանր բեռնատարը, որով խաղում էր, ու մտածկոտ նայեց մյուսին: Իմ մեջ մի զգացում առաջացավ, որ ինչ-որ վատ բան է լինելու, բայց ես ոչինչ չասացի, որովհետև տղայի հայրը, ում տանը ես հյուր էի, նույնպես նայում էր և նույնպես ոչինչ չասաց: Հասկանալի է, որ մի քանի վայրկյան անց այդ տղան բեռնատարով հարվածեց մյուսի գլխին : Մյուսը ապշահար բարձրացրեց գլուխը, ու լացը պայթեց: Առաջինը հարցական նայեց նրան ու ավելի տխրեց: (Չնայած հայրը ոչինչ չարեց, որ նախատի կամ պատժի նրան): Թվում էր, թե արցունքներն ու լացը չափից ավելին էին, քան նա սպասում էր իր արարքից: Ինքը լաց չեղավ, բայց ակնհայտորեն վախեցել էր ու ճնշվել:

Իմ ամենավաղ հիշողություններից մեկը, չնայած կարող է, դա ինձ պարզապես պատմել են, այն է, երբ խաղալիս եմ եղել զբոսայգում ինձ տարեկից ընկերոջ հետ՝ երեք-չորս տարեկան, և նա խաղալիք բահով հարվածել է գլխիս: Մենք հանգիստ խաղում էինք. ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո ես այդպես էլ չհասկացա, թե ինչու նա ինձ հարվածեց: Գուցե դա էլ անհաղթահարելի ձգտում էր՝ տեսնելու, թե ինչ կլինի:

Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան

Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով