Ի՞նչ են գրում թուրք մանկավարժները։

Թուրքիայում վերջին տարիներին ընթացող բուռն քննարկումներում ընդհանուր առմամբ նկատվում է արևմտյան ազդեցությունը՝ կապված սովորողի տնային աշխատանք անել-չանելու հետ: «Hürriyet» թերթի թղթակից Շեբնեմ Արաթն անդրադարձել է այս հարցին և  կատարել մի շարք հղումներ՝ արևմտյան և թուրք մասնագետներից: 

Սովորողների մեծամասնությունը չի սիրում  կատարել տնային աշխատանք և դրա փոխարեն ցանկանում է հանգստանալ տանը, ժամանակ հատկացնել իրեն և իր նախասիրություններին: Ըստ որոշ մանկավարժների, տնային աշխատանքի կատարումը բարձրացնում է սովորողների առաջադիմությունը և պատասխանատվության զգացումը: Սակայն վերջին շրջանում քիչ չեն այն մասնագետները, որ պնդում են, թե տնային աշխատանքն անհրաժեշտ չէ: Թուրք հեղինակը կարևորում է, որ մասնավորապես ԱՄՆ-ում ծնողների և մանկավարժների ճնշող զանգվածը պնդում է, որ չպետք է հանձնարարել տնային աշխատանք, քանի որ վերջինիս ծանրաբեռնվածությունից երեխաները բողոքում են, թե չեն կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել իրենց նախասիրություններին, սպորտին և, իհարկե, նաև ընտանիքներին: Նա մեջբերում է, որ «The Case Against Homework» գրքի հեղինակ Սառա Բենեթը պաշտպանում է այն տեսակետը, որ տնային աշխատանքը որևիցե կապ չունի  նախակրթարանում ակադեմիական առաջադիմության հետ: Իսկ «The Homework Myth» (Տնային աշխատանքի առասպելը) գրքի հեղինակ Ալֆի Քոհնը նշում է, որ չափազանց շատ տնային աշխատանքը կարող է հոգեբանորեն բացասական  ազդեցություն ունենալ: Քոհնը նույնպես գտնում է, որ տնային հանձնարարություններն ակադեմիական ձեռքբերումների մաս չեն կազմում և նույնիսկ,  որոշ դեպքերում չափազանց շատ հանձնարարությունները հակառակ ազդեցություն կարող են ունենալ սովորողների վրա:

2004թ. ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի 2900 սովորողի հետ կատարած աշխատանքի արդյունքների համաձայն, 1981թ-ից ի վեր սովորողների՝ տնային աշխատանքների վրա ծախսվող ժամանակն ավելացել է 51%-ով: «Ինչքան փոքրանում է տարիքն, այնքան ծանրաբեռնվածությունը մեծանում է» ուսումնասիրության մեջ նշվում է, եթե նախկինում 6-7 տարեկան երեխաները տնային աշխատանքների համար միջինը ծախսում էին  52 րոպե, ապա  1997թ-ին աճել է, կազմելով 128 րոպե:

Տնային աշխատանքը երեխաներին գերի է դարձնում

Գազի համալսարանի Գազի կրթության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Զիյա Սելչուկը  հայտնում է, որ Թուրքիայում նախակրթական հաստատություններում  սովորողներին չափից շատ են հանձնարարություններ տրվում, իսկ փոխադրվելով միջին դպրոց, հանձնարարություններից շեղվում են: Զիյա Սելչուկը կարծում է, որ լավ չի հասկացվում տնային աշխատանքների նպատակը և սովորողներին հանձնարարելու իմաստը: Պրոֆեսորը նշում է. «Չպետք է ձանձրացնել երեխաներին հանձնարարություններով, այլ պետք է գտնել մեխանիզմներ, նոր միջոցներ գիտելիքներն ավելացնելու համար: Երբ որ ընտանիքը և երեխան տնային աշխատանքների պատճառով գերի են դառնում, ահա այս դեպքում նշանակում է՝ խնդիր կա: Արտասահմանում երեխաներին տրվում են 3-5 րոպեանոց, մեկ էջի չափով հանձնարարություններ, սակայն Թուրքիայում տնային աշխատանքները վերածվում են «զուլումի»: Բացի այդ, փոխադրվելով հաջորդ դասարան, հանձնարարությունների ծավալը մեծանում է: Ավելի շատ կենտրոնանում ենք քննությունների վրա, իսկ արտասահմանում, ինչքան փոխադրվում են հաջորդ  դասարան, այնքան  բարձրանում է աշխատանքների որակը»:

Շեբնեմ Արաթը  նշում է, որ կատարված հետազոտությունները  ցույց են տալիս, որ ինչքան շատանում է հանձնարարությունների վրա ծախսվող ժամանակը, այնքան նվազում են երեխաների ուսումնական ձեռքբերումները: Ճապոնիայի, Դանիայի, Չեխիայի նման երկրները նվազեցնում են հանձնարարությունները, իսկ Հունաստանը, Թաիլանդը և Իրանը տնային աշխատանքների ծանրաբեռնմանը կողմ դիրքորոշում են արտահայտում: 

Աղբյուրը
Թարգմանիչ՝ Էլեն Քոքչյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով