- 2012-2013-ի մեր կրթահամալիրային ռազմավարության մեջ գլխավորը բոլորին համախմբելն է ընդհանուր նպատակների շուրջ:
- Մեր կրթահամալիրում յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում սովորելու, ղեկավարելու և հաջողության հասնելու:
- Սահմանափակ նյութական միջոցներ ունենալով` մեդիայի խելամիտ ու ամբողջական օգտագործման շնորհիվ ենք կարողացել հեղինակային կրթական ծրագիրն առաջ մղել:
- Մենք ազատվում ենք հիերարխիայից և հաղորդակցություն հաստատում կրթահամալիրի բոլոր աշխատողների և սովորողների միջև:
Դավիթի հետ շատ եմ շփվում, իմ տեքստում դա կերևա. անմիջական ու անցումները` շատ: Ինչպես Դավիթը` ես սիրում եմ այն արդյունքը, որ ոչ միայն ակնհայտ է, այլև այն կարելի է շոշափել, անգամ բերան տանել: Անցնող ուսումնական տարվա մեջ մեր կրթական առօրյայում հեղինակային կրթական հայտնված-ակնհայտ ու շոշափելի ձեռքբերումներ թվարկեմ-առանձնացնեմ, որոնք կրթական նոր բովանդակություն են, ուսուցողական նոր միջավայր են, ուսուցման կազմակերպման նոր ձևեր են, մեր փորձի փոխանցման բաց համակարգի տարրեր են:
Որպես 2012-2013 ուստարվա կարևոր արդյունք` և´ բովանդակության, և´ կազմակերպման առումով, առանձնանում է երաժշտությունը: Ես հավատում եմ բարձր երաժշտության, որ հայոց համար Կոմիտասն է, մաքրագործող` դիվահալած զորությանը: Սաղմոսյան հասարակ հովիվ Դավիթը իր նվագարանի մեղեդիներով հալածում է Սավուղ թագավորին տանջող չար ոգուն և հանգստություն պատճառում նրան. սա ինձ համար ոչ միայն հուզիչ է որպես չորս հազարամյա հարազատ ու արժանահավատ պատմություն, այլև հեղինակային կրթական ծրագրում երաժշտության կարևորության չափն է որոշում:
Երաժշտության դասավանդման ամբողջականության վերականգնումը` սկսած 2 տարեկանից մինչև ավարտական 12-րդ դասարան ու քոլեջի ավարտական կուրս, ուսուցչաց երգչախմբի գործունեության կազմակերպումը` որպես դիվահալած յուրաքանչյուրիս համար, mskh.am-ում ձայնադարանի կարևորումը, «Հանրակրթական համերգ» ուսումնական նախագծի` Մերի Առաքելյանի բոլոր ջանքերին և նախաձեռնություններին իմ պաշտպանությունը, մեդիայով երաժշտական հանրակրթության տեղափոխումը ընտանիք ու սովորողի կյանք. Դավիթ Բլեյանի օրինակով ու միջոցով վաղ տարիքից երաժշտության կարևորության` բացառիկության փոխանցումը, կրթահամալիրում երաժշտության դաստիարակ-ուսուցիչների դերի կարևորումն ու անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը, լրացուցիչ երաժշտական կրթության կազմակերպման Սվետա Ճաղարյանի և Լիլիթ Առաքելյանի բոլոր նախաձեռնություններին կոնկրետ աջակցությունը` ո՞րն է չափազանցված կամ անտեղի: Այս ջանքերի պսակ և արդյունքն են «Անտիվիրուս Կոմիտասը», որ այս մայիսի 31-ին մարմարյա սրահում կհավաքի մեր բոլոր սաներին և ուսուցիչներին երրորդ անգամ, մայիսի 25-ից մեկնարկող «Կենսամշակութային արշավը», որ կդառնա մեր տոնացույցի մասը: Այստեղից և մաեստրո Հարություն Թոփիկյանի մուտքը հեղինակային մանկավարժություն` որպես 2012-2013 ուստարվա կադրային էական համալրում:
Հաստատուն, մեր ուսումնական կյանքը կարգավորող-թելադրող, ուստարվա սկզբին հրապարակված ուսումնական օրացույց-տոնացույց ունենք, որ մեր ուսումնական առօրյան ոչ միայն միասնականացնում է, այլև ռիտուալացնում և ավանդույթի ուժ հաղորդում մեր ուսումնական ջանքերին, կամրջում ընտանիք-դպրոց-բարեկամ, անցյալն ու այս օրը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքները կրթահամալիրի ութ հանրակրթական դպրոցներում (շաբաթվա բոլոր օրերին, միաժամանակ, նույն կարգի մեջ, 9.00-9.15), մեդիաուրբաթները (յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 15.15-16.00, Մարմարյա սրահում) մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինար պարապմունքները (ամեն երկուշաբթի` ժամը 15.15-16.15), կրթահամալիրի մասնաժողովի բաց քննարկումները, պարբերական առցանց քննարկումները, մանկավարժական աշխատողների ամեն ամսվա ընդհանուր ժողովները, աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային դպրոցները մեզնից յուրաքանչյուրի աշխատաժամանակն են, կայուն են, կան: 2012-2013 ուստարվա ուսումնահետազոտական ճամբարների, ուսումնահայրենագիտական ճամփորդությունների, ստեղծագործական բաց պարապմունքերի (պլեներների) ուսումնական ամենատարբեր նախագծերի քանակն ու նրանցում ընդգրկված սովորողների թիվը հաստատում են, որ մեզանում ուսումնական պարապմունքի տեսականին ցուցամոլություն չէ. փաստ է: Ես նայեցի Ավագ դպրոց-վարժարանում առցանց ուսուցման կազմակերպման հաճախականությունը, այն ևս վաղուց էկզոտիկա չէ, առօրյա է: Զանգի մասին ո˜վ է հիշում: Պահակի, հերթապահի, մուտքի փակ դռան մասին ևս մոռացել ենք… Ես արձանագրում եմ բաց, մոբիլ, կանխատեսելի հեղինակային կրթական համակարգի դինամիկ զարգացումը։
Կրթական միջավայրն ավելի ու ավելի բաց է դառնում թե´ ֆիզիկական, թե´ մեդիաաշխարհում: Դպրոցական շենքն առանց ներքին պատերի` գրավչությամբ արագացնում է խուլ պատերի անհետացումը. աղմուկը դրանից պակասում է, չի ավելանում, ուշադրության շեղման պատրվակն այլևս պաշտպաններ չունի… Մեկ-երկու ամառ, և մենք կունենանք մինչև վերջ թափանցիկ ամբողջական միջավայր` հեռուստատաղավարային (սրահային) ուսուցում, սովորողը և ուսուցիչը հրաժեշտ կտան երկրորդ վարքին (փակ տարածքի համար), կդառնան միվարքանի: Հետևեք միջին դպրոցի մոդել-հարկաբաժնի զարգացմանը: Մարկոսյան Վիկան, Ղազարյան Հայկը, Արսենյան Սոնան, Աթոյան Քրիստինեն… կարելի է և շարունակել, ֆորմալ-խմբային կրթությանը հակադրում են ներքին պահանջի պատվերի արդյունավետ կազմակերպումը` ինքնակրթության-ինքնուսուցման համակարգչային ծրագրերի և դասընթացների գրագետ գործածմամբ… Սովորողի ընտրության ազատության հարգումը 2013-2014 ուստարում կպահանջի նոր որակի ու տեսակի ուսուցիչ, ուսուցման այլ կազմակերպում… Ինքնակարգավորումը` որպես հավաքանիի զարգացման գլխավոր գործոն, վերջապես տեսանելի ենք դարձնում ինքներս մեզ համար։ Ու տես, մոռացել ենք ընդվզել:
Թե ինչ եղավ, որ կրթահամալիրի բոլոր տարածքներից անհետացան ասֆալտն ու եզրաքարը (բորդյուրը). պարտիզպանության որակի ու ծավալի այնպիսի պատվեր առաջացավ, որ ուսումնական նոր բովանդակություն է բերում` իր ուսումնական նախագծերով, շրջակա աշխարհի նկատմամբ ակտիվ ու էսթետիկ վերաբերմունքով։
Ավելի մոբիլ, ավելի բաց, ստեղծական, ավելի խիզախ ու համերաշխ, իրար զգում ենք, ուշադիր ենք և ընդառաջող-աջակցող, գործընկերության միջավայր կա` փոխօգնության, փոխլրացման առավելությունների գործածումը ևս հազվադեպ չէ… Գեղարվեստի դպրոցի 15 հոգանոց խմբին 5-օրյա Շուշվա պլեներին պատրաստվելու համար 3 օր ժամանակ կար, և, տեսեք, ստացվեց: Շաբաթներ առաջ հանրապետական կրթական էքսպոյին մասնակցելու որոշումից հետո կրթահամալիրի տաղավարի ձևավորմանն ընդամենը կես օր ժամանակ կար. և Զառա Առաքելյանն իր ընկերների հետ կարողացավ։ 5-6-րդ դասարանցիների խումբը ոչ միայն հասավ Շուշի, այլև վերադարձավ Երևան Քելբաջարով, առանց օֆ քաշելու, տրտունջի` իրենց հետ բերելով կրթահամալիրի մարզադաշտի կառուցման ավետիսը։ Էկոտուր 2013-ի 80-ի չափ հյուրերի ընդունում-տեղավորումը, նրանց համար անհատական ծրագրերի իրականացումը ոչ ոք չնկատեց, բացի մասնակիցներից` էս ոնց եք կարողանում առանց լարվելու, ձեզուձեզ… 9-րդ դասարանցի Զիմենկո Դիանան այս ուստարում երեք անգամ իր ֆոտոապարատով վերադարձավ Շուշի. ավերակները շշնջում են, հմայում են… Եկեք, արդար լինելու համար այս շարքը շարունակեք ձեր իմացած-կարևորած օրինակներով։ Ի˜նչ տպավորիչ «քոմենթաշար» կդառնա… Ես սկսեմ` «բարձունքների նվաճում» և´ սեպտեմբերյան, և´ առավել ևս մայիսյան նախագծերի համար ուշքս գնում է։
Հախուռն գործունեությունը, որ ինձ խորթ չի եղել, երբեմն անգամ վնասներ բերել ինձ էլ, կրթահամալիրին էլ, հաղթահարվե՞լ է: Աշխատանքի թափը թուլացնելու (մեզ հանգիստ թող) մասին չէ խոսքը: Հարցնում եմ. աշխատելու թափն ուղղվա՞ծ է ընդհանուրի առաջ դրված նպատակներին, արդյունավե՞տ են ծախսվել մեր միջոցները: Կարևոր է, որ կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող պատասխանի: Կան կոնկրետ-իրավական-շոշափելի ձևակերպումներ` կրթահամալիրի 2013-2016թթ Զարգացման ծրագրի հիմնադրույթները: Համեցեք` կրթահամալիրի 7 հոմանիշները, կրթահամալիրի 7 որակները, կրթահամալիրում կառուցվող 7 հրաշալիքները: Անձանձիր, անդադրում և նպատակադրվա՞ծ են եղել մեր ջանքերը, մեր նյութական ու մարդկային ներդրումները 2012-2013 ուստարում: Կա՞ բարեխիղճ հետևողականությունը` որպես ձեռքբերում: