Հավասարակշռված հարմոնիկներ
Հարաբերությունների դաշտի տարբեր կողմերի չափավոր միջակայքում տատանվելով` այնուամենայնիվ ավելի շատ կենտոնին՝ երեխային են մոտ: Իրենք իրենց վստահելով՝ հասկանում են, որ Երեխային լավ չգիտեն, չեն դադարում ուսումնասիրել նրան, ճկունորեն հարմարվում են:
Եթե անգամ լավատես էլ չեն, համենայնդեպս հումորից էլ զուրկ չեն, նաև՝ իրենց նկատմամբ: Համատեղում են ոգևորությունն ու թերահավատությունը, բարությունն ու եսասիրությունը, անձնուրաց են ճգնաժամային իրավիճակներում, աշխատասեր են և միաժամանակ մի քիչ ալարկոտ…
Չի կարելի պնդել, որ ցանկացած հատկանիշ հակահատկանիշ ունի` ոսկե միջինի նման մի բան: Ո´չ, կարող են կտրուկ ի հայտ գալ չհավասարակշռված գծեր, ասենք` արագ բռնկվելը կամ միշտ ինչ–որ բանից անհանգիստ լինելը, պարկեշտ եսասիրությունը կամ հիմարությունը, նույնիսկ` հարբեցողությունը կամ հոգեկան հիվանդությունը` ինչ ուզես: Բայց դրան գումարած` կան նաև երեք անփոփոխ հատկություններ` ինքնաքննադատությունը (առանց ինքնախարազանման), ինքնակատարելագործման ձգտումը (առանց համառության) և կյանքին շնորհակալ լինելու կարողությունը:
Այս դեպքում երեխայի բախտը բերել է, հատկապես` երբ երկու ծնողներն էլ այդպիսին են: Իսկ եթե տատիկն ու պապիկն էլ են այդպիսին, դա ուղղակի հրաշք է:
Համերաշխ ընտանիքներում Ամբողջական Հարմոնիկ ծնողը երկու կեսից է ստացվում կամ գոնե մայրիկից ու տատիկից: Կարևորն այն է, որ մեկը զանգակ լինի, մյուսը` բամբակ, որ «մեկի ձայնը համընկնի մյուսի լռությանը», թող որ ոչ ամբողջական համապատասխանությամբ: Հենց այդպիսի` քիչ թե շատ կայացած ծնողի ստեղծման համար էլ անհրաժեշտ է ընտանիքը:
Անհավասարակշիռ նյարդայիններ
Բառացիորեն մի ակնթարթում Նյարդայինը կարող է մի վիճակից մի այլ վիճակի անցնել, երկրորդին, երրորդին, և այսպես շարունակ: Օրինակ` այսպիսի հետևողականություն` մեղքի զգացողություն Երեխայի հանդեպ և անսահման հոգատարություն, խնամակալություն և հսկողություն-ճնշում-անհանգստություն, չափից ավելի պահանջկոտություն-մեղադրանքներ, պատիժներ (անշնորհակալ է, հոգատար չէ) և դարձյալ մեղքի զգացողություն ու անհանգստություն (խեղճ երեխա, հոգին հանում են), ամենաթողություն և դարձյալ մեղադրանքներ ու պատիժ (կապերը բաց ենք թողել, գլխներիս է նստել), դարձյալ մեղքի զգացողություն…
Սովորական երևույթ է, որին երեխան, սովորաբար, վարժվում է և իր նյարդայնացող Ծնողի այդ վիճակը համեմատաբար նորմալ է համարում: Իհարկե՝ ոչ առանց որոշ վերապահումների:
Շեղված կոպիտներ
Հնարավոր դիրքորոշումներից միայն մեկին ձգտող, անկյուններից մեկում նստող:
Այս տիպի ծնողները նյարդայիններից (որոնց կարելի է նաև շարժուն շեղվածներ անվանել) տարբերվում են ներքին պասիվությամբ, հենց այդ նույն համառությամբ և թույլ ինքնագիտակցությամբ:
Հաճախ սրանք ամուսնալուծ կամ միայնակ են: Եթե երկու Շեղված ծնողները երեխայի հետ ապրում են մի կտուրի տակ, ապա իրար դրականորեն լրացնելու փոխարեն աշխատում է բացասականը` մեկը շեղված է մի ուղղությամբ, մյուսը` մի այլ: Կամ էլ` երկուսն էլ շեղված են մի ուղղությամբ, երեխան` բոլորովին այլ:
Բացի Մեղավորների և Մեղավոր-անհանգիստների մեծ ընտանիքից («Ես արդեն իսկ մեղավոր եմ, որ ծնող եմ»), որոնք հեշտությամբ Գերխնամակալ են դառնում և Չափազանզ հսկող («Մենք դաս ենք անում»), Վունդերկինդ ստեղծողների ենթատեսակի հետ այստեղ հայտնվում են Դրդող-ցավակցողները, որոնք առանց գիտակցելու երեխային անդաստիարակ են դարձնում, Դասավորող-խթանողներ, որոնք նույն Չափազանց խնամակալներն են` արդեն մեծ տարիք ունեցողների կողմնորոշմամբ:
Մեղադրողների բանակը («Դու արդեն մեղավոր ես, որ երեխա ես»)` հնարավոր բոլոր դրսևորումներով, տեմբրով և ժանրով՝ Գոռգոռացողներ, Փնթփնթացողներ, Սղոցողներ, Քչփորողներ, Քարոզողներ: Քիչ չեն նաև Անտարբեր (անմասնակից) պայծառատեսները («Ես չկամ, դու էլ չկաս»), և մյուս խումբը` Զրահապատ-Եսասերները: Սրանք անխառն հազվադեպ են հանդիպում, հաճախ` մեղադրողների համադրությամբ:
Սարսափելի է Հսկող-ճնշող ծնողը: Ծնողի այս տեսակը համատեղում է չափազանց խնամակալությունը մշտական մեղադրանքների հետ: Սա հակադրվող երեխայի համար կամ շիզոֆրենիայի կամ ոչ անկեղծության (կեղծության) նախադրյալ է, իսկ ենթարկվող երեխայի համար` նաև կամքի կաթվածի պատճառ: Սարսափելի են Հեռացող մայրը (Խուսափող) և Զրահապատ (Պաշտպանվող) հայրը:
Էլ չենք խոսում հարբեցողների և խուլիգանների, ծնող-կկուների, սեփական ժառանգներին թալանողների և շահագործողների մասին…
Այս բոլոր և չթվարկված շատ դեպքերում հավանական է. որ նույնիսկ ներդաշնակ, բնությամբ ուժեղ Երեխան Շեղված կամ լավագույն դեպքում՝ Նյարդային-անհավասարակշիռ մեծանա: Առաջանում են բնավորության թերություններ, անձի խեղաթյուրումներ, հիվանդագին կախվածություններ, տարբեր տարօրինակություններ։
Սե լյա վի՞ (Կյա՞նքն է այդպիսին)
Խաղերն ավարտված են, սկսվում է քննարկումը: Մեր համընդհանուր լարվածության (նյարդայնության) պատճառները քննարկվեցին երկար և կրքոտ: Իմ առաջարկած «կյանքն է այդպիսին» տարածված վարկածը իմ ընդդիմախոսները կտրուկ մերժեցին, այդ թվում նաև Դ.Ս-ն, պնդելով՝ «այդպիսին ենք մե՛նք»:
— Իսկ ինչո՞ւ ենք մենք այդպիսին,- չեմ հանձնվում ես,- որովհետև այդպիսին է կյանքը:
— Մեր կյանքն այսպիսին է, որովհետև դո՛ւք եք այդպիսին,- չի համաձայնում Նատաշան:
— Ո՞վ է այդ «դուք»-ը…
— Իսկ դո՞ւք…
— Մի´ անցեք անհատներին, թե չէ կբնութագրեմ,- վախեցրեց Սև Քննադատը:
Ելքն այս շրջանից չէր երևում, մինչև խոսք չխնդրեց Հիշողության տեղակալ Կրոինդ Խուսկիվաձեն` դոցենտ, հնէաբան:
— Ըստ իմ անձնական դիտարկումների,- ասաց նա,- ծնողները կա´մ ջերմ են լինում, կա´մ սառը, և վերջ, սա է` երկու ծայրահեղություն:
Շատ հազվադեպ է հանդիպում հավասարակշռված տաքուսառը միջինը, այն արդյունավետ տեսակը, որը ես հարգում եմ, բայց անկեղծ ասած` չեմ սիրում:
Թվում է` ամեն ինչ պարզ է: Ջերմ ծնողը չափանիշ է, սառը` շեղում. դրա ապացույցը նաև այն է, որ մենք` տաք ծնողներս, շատ ավելի շատ ենք` ճնշող մեծամասնություն: Այնուամենայնիվ, ես կուզեի ներկայացնել իմ պատկերացումները հենց մեր ոչ նորմալ լինելու մասին:
Երևի բանն այն է, որ մեր ծնողական բնազդը այդքան ջերմ է և տրված է այդպիսի շռայլությամբ, որովհետև Բնությունը, որ անտեղյակ է հակաբեղմանվորիչ միջոցներից, մեզ պարտադրում է այդ բնազդը դրսևորել ոչ թե մեկ-երկու անգամ, այլ` բազում անգամներ:
Կնոջ ձվարանում 500-600 ձվաբջիջ կա, դրանցից յուրաքանչյուրը բեղմնավորվելու հնարավորություն ունի: Տղամարդու սերմնարանում միլիոնավոր սպերմոտոզոիդներ կան: Նորմալ կինը շատ անգամ պիտի հղիանա և երեխա ծնի, նորմալ տղամարդը շատ անգամ պիտի երեխա ստեղծի և դաստիարակի:
Նորմալ բնական ընտանիքը բազմազավակ, երեխաների մի քանի՝ վաղ, միջին, ուշ ծնված, սերունդով ընտանիքն է… Այդպես է ստեղծված մարդու օրգանիզմը, հոգեբանությունն` իր բնազդներով: Իրականում մենք բոլորս պետք է բազմազավակ հայր-իշխաններ և հերոսուհի մայրեր դառնայինք:
Բայց չէ՞ որ նախկին հազարավոր սերունդներ հենց այդպիսին են եղել: Տարին տարվա վրա` մի երեխա, հետո` էլի մեկը, էլի մի երեխա, մեկն էլ… և այդպես շարունակ:
Մեծերը խնամում են փոքրերին, սրանք էլ` ավելի փոքրերին: Ընդհանուր դժվար աշխատանք, ընդհանուր պայքար գոյատևման համար: Բարձր մահացություն… ծնողների կողմից ոչ մի դեմոկրատիա, ոչ մի զգացմունքայնություն:
Հատուկ ուշադրություն` միայն ամենափոքրերի, ծծկերների նկատմամբ: Ամեն երեխա, իր տարիքի համեմատ, իր իրավունքներն ունի, բայց ավելի շատ պարտականություններ ունի…
Ընդհանուր առմամբ այսպիսին է բնական ընտանիքի ուրվագիծը: Սա մեր պատմությունն է, մեր ակունքները: Մինչև հիմա էլ Երկրի բնակչության մի մեծ խումբ այդպես էլ ապրում է: Իմ տատի մայրը 18 երեխա է ունեցել և ոչ մի պարգև էլ չի ստացել: Եթե հիմա նայենք մեր շուրջը, կպարզվի, որ ջերմորեն սիրող ծնողները իրականում այնքան էլ շատ չեն, ավելի ճիշտ` չկան: Հենց այդպես: Հենց այդպես:
Եվ ինչ է ստացվում այսօր մեզ մոտ… Եվ ինչ ենք անում այսօր մենք…
Նորմալ, ներեցեք, սովորական քաղաքակիրթ քաղաքային ընտանիքը մեկ-երկու երեխա ունի: Պատկերացնո՞ւմ եք` երեք երեխա ունենալն արդեն քիչ է մնում բազմազավակություն համարվի: Վայրենիների հաշվով` «մեկ-երկու-երեք` շա~տ է»:
Բայց չէ՞ որ երեք-չորս երեխան միլիոնավոր տարիների էվոլուցիայի հաշվով չի ապահովում ցեղի շարունակությունը:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ խղճահարությամբ և սարսափով կնայեին մեր նախնիները ժամանակակից քաղաքային զույգին, որը մտածում է` ունենա՞ երկրորդ երեխան, թե՞ ոչ:
Եկեք հասկանանք այս անսպասելի փոփոխությունը, մեր բնական հոգեբանության այս լուրջ աղավաղումը: Չասենք` լավ է, թե վատ: Բազմազավակությունն իր բացահայտ թերություններն ունի, քիչ երեխա ունենալն էլ` իր առավելությունները: Ոչ ամեն բնական է լավ, բայց ամեն լավ` բնական է:
Տարածված իրողություն է` շատ երեխաների մեջ բաժանվող բնական ջերմությամբ ծնողական մեծ սերը փոխվել է մեկ-երկու երեխայի նեղուղղված անբնական-մեծածավալ սիրո:
Այն, ինչ հազարավոր տարիներ բաժանվել է յոթից տասներկու երեխաների միջև, հիմա մեկն է ստանում, լավագույն դեպքում` երկուսը: Ամբողջ սերը, ամբողջ ուշադրությունը: Նշենք` ոչ միայն ողջ սերն ու ուշադրությունը: Չէ՞ որ բաժանվում են նաև անհանգստությունը, տիրակալությունը, ագրեսիան…
Մեկ-երկու երեխա դաստիարակելով` մենք չենք հասցնում խորքային ուսումնասիրել Ծնողի դերը և ամբողջ կյանքում անփորձ ենք մնում: ուսումնասիրվողի Երբ Երեխան մեծանում է, մեր «չիրացված» բնազդը սիպում է մեզ նրան վերաբերվել ինչպես նույն փոքր երեխայի: Եթե երեխան հակադրվում է, այդ բնազդը նահանջում է: Տատիկ-պապիկ դառնալով` մենք ազատություն ենք տալիս մեր չիրականացած բնազդներին` արդեն թոռների նկատմամբ. դա էլ է վտանգավոր. վերջապես որոշում ենք մեզ համար ապրել, բայց արդեն ուշ է լինում…
Եթե երեխան հակադրվում է դրան, բնազդը նահանջում է խորքերը: Տատիկ-պապիկ դառնալով` մենք կա´մ ազատություն ենք տալիս մեր չիրականացած բնազդներին` արդեն թոռների նկատմամբ, որը ևս վտանգավոր է, կա´մ խելքի ենք գալիս և վերջապես որոշում մեզ համար ապրել, բայց արդեն ուշ է լինում…
— Դե, ուրեմն վերջապես ի՞նչ եք առաջարկում,- սառը ընդհատեց Սև քննադատը:- Բեղմնավորվե՞ք և բազմացե՞ք: Ամենաքիչը չորս փսլնքո՞տ:
— Իսկ ինչո՞ւ ոչ:
— Իսկ փողի պակա՞սը: Իսկ բնակտարա՞ծքը: Վերադարձ քարաձավնե՞ր (Ծափեր): Թե՞ դոցենտի աշխատավարձը ամեն ինչին բավականացնում է:
— Մի մանրացեք, հարգելի´ս,- Կրոնիդը անմիջապես աշխուժացավ,- իսկ աշխատավարձի մասին հիշեցնելիս սկսեց ծխել:
Նորմալ համերաշխ ընտանիքում նույնիսկ ամենասուղ միջոցների դեպքում կարելի է ամեն ինչ հաշվարկել, համաձայնեցնել, միայն թե ցանկություն լինի:
— Թարգմանեմ` կեցցե՛ ձեր չսիրած չափավորությունը և տաքուսառնությունը, կեցցե՛ բանականությունը, կորչեն պոռթկումները, խելառությունները…Նշանակում է` սերն էլ կորչի, հա՞:
— Հիմարություն, ավելորդ լարում:- Կրոինդը լրջորեն պայթեց,- դեմոկրատիայի չարաշահում: Եզրակացություն՝ չսահմանափակեք երեխային ձեր սիրով: Թույլ տուր քեզ սիրել նաև ուրիշ երեխաների, սիրել ողջ աշխարհը, և, գրողը տանի, մի´ վախեցիր, որ երեխայիդ համար ինչ-որ բան կպակասի: Հակառակը` կավելանա: Ամբողջ աշխարհը կավելանա:
— Օ˜, հենց ողջ աշխարհը սիրելն ավելի հեշտ է, քան մեն-միակ անհատին: Ի՞նչ կասեք, եթե ես խնդրեմ ինձ Ձեր որդին դարձնել:
Լուսանկարը` www.jerusalem-korczak-home.com-ից
Թարգմանիչ՝ Աիդա Պետրոսյան