«Ասա ինձ, և ես կմոռանամ, սովորեցրու, և ես գուցե հիշեմ, ներգրավիր ինձ, և ես կսովորեմ»։ Բենջամին Ֆրանկլին
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հետազոտական վարժարանի մուտքն ու անցումն ավելին է, քան ակադեմիական քայլ․ այն մի ամբողջական ներգրավող, հետաքրքիր ճանապարհ է, որը նախատեսված է նոր սովորողներին, կրթության ճանապարհին և դրանից դուրս, կարևոր հմտություններով զինելու համար: Այս գործընթացն սկսվում է դինամիկ երկփուլ ճամբարային գործունեությամբ, որի ժամանակ նորեկները ոչ միայն ծանոթանում են իրենց նոր կրթական միջավայրին, ուսումնական պլաններին, ընդհանուր կարգերին, ստեղծում իրենց անհատական բլոգները, այլև զարգացնում են թիմային աշխատանք կատարելու հմտությունը, ինքնակազմակերպվում և ինքնուրույն դառնում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ընդունելության արդյունավետ կարգ, որը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերումն է։ Հայտագրված սովորողները մասնակցում են վեցօրյա Մուտք ճամբարին: Երեք օր ճամբարականներն անցկացնում են կրթահամալիրում՝ ծանոթանալով կրթահամալիրի ծրագրերին, մեդիամիջավայրին, ուսումնական լաբորատորիաներին: Մասնակցում են տարբեր դասընթացների, ստեղծում իրենց ուսումնական բլոգները, պատմում, վերլուծում և կիսվում տպավորություններով: Հաջորդ փուլը արտագնա է․ անցկացվում է Վայոց Ձորում գտնվող Արատեսի դպրական կետրոնում՝ եռօրյա ճամփորդությամբ և Սմբատաբերդի բարձունքի հաղթահարմամբ։
Տարբեր հանրակրթական դպրոցներից ճամբարականների հետ հանդիպում, զրուցում, քայլում և բացահայտում ենք: Զարմանում են կրթահամալիրի հնարավորությունների վրա, բազմիցս կարելի է լսել հետևյալ արտահայտությունը․ «Է՛ս ինչքան բան դուք ունեք», «Ես այստեղ պետք է վաղուց եկած լինեի», « Սա իմ երազանքների դպրոցն է»։ Լինում են նաև այնպիսի ճամբարականներ, ովքեր երկու օր մասնակցելուց հետո չեն հաճախում՝ ասելով․ «Ես այստեղ ինձ չեմ տեսնում», «Կրթահամալիրն իմը չէ», «Համակարգչով չեմ սիրում աշխատել» և այլն։ «Մուտք հետազոտական վարժարան» ճամբարի երևանյան փուլի բովանդակային մասում ներառված են այնպիսի բաղադրիչներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ճանաչել, բացահայտել ամեն մի ճամբարականի։
Դրանք են․
- Նախասիրությունների բացահայտման նախագիծ
- Գրականության, լեզվագործունեության նախագծեր
- Թարգմանական, բնագիտական նախագծեր
- Կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուների նախագծեր
Կրթահամալիրի լաբորատորիաները ճամբարականների առաջ հնարավորության և ընտրության մեծ զանազանություն են բացում․
- ՏՏ լաբարատորիա
- Ինժեներատեխնիկական լաբորատորիա
- Սարքաշինության լաբորատորիա
Ուսումնական կետրոնների հետ ծանոթացումը նպաստում է, որ սովորողները հետագայում հեշտ ընտրություն կատարեն․
- Գեղարվեստի ուսումնական կենտրոն/ ոսկերչություն, քանդակ, գունանկար, գծանկար/
- Խաղողի և գինու դպրոց
Քաղաքային փուլի ընթացքում ճամբարականները ծանոթանում են ուսուցման «տարբերվող» մշակույթին և կրթահամալիրի առաջարկած նորարարական մեթոդներին:
- Ուսուցման նոր մեթոդներ — սովորողներին ներկայացվում է կրթահամալիրի դասավանդման մոտեցումը, որն ընդգծում է քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և ինքնակրթությունը: Ինտերակտիվ դասերը և գործնական գործունեությունը օգնում են նրանց ծանոթանալ այն գործիքներին և տեխնիկային, որոնք նրանք կօգտագործեն իրենց ակադեմիական ճանապարհորդության ընթացքում: Այս ընթացքում ճամբարականները մասնակցում են տարբեր դասընթացների, ծանոթանում են կրթահամալիրում դասավանդվող երրորդ օտար լեզուների և դասավանդողների հետ։
- Բլոգներ — ժամանակակից աշխարհում թվային գրագիտությունն առանցքային է: Սովորողները Լիլիթ Յախինյանի օգնությամբ սովորում են, թե ինչպես ստեղծել բլոգներ, բացել բաժիններ, հրապարակել նյութեր և օրվա ամփոփումներ։
- Ուսումնական պլանների, ծրագրերի, հետազոտական աշխատանքների ներկայացում-սովորողները, ծնողները պատկերացում են կազմում կրթահամալիրի գործունեության, կարգերի մասին, որից հետո անցնում ենք հարց–պատասխանի։
Ճամբարի երկրորդ փուլը քաղաքից տեղափոխվում է դեպի Վայոց ձորի բնական գեղեցկություն՝ Արատեսի դպրական կետրոն, կամ, ինչպես ճամբարականներից մեկն է գրում, մի վայր․ «որտեղ բնության տեսարաներն այնքան գեղեցիկ էին, որ ամեն մի քայլդ ուզում էիր նկարել․ այնտեղի մաքուր օդը շնչում ու չես հագենում»։ Պետք է նշեմ, որ շատ պատասխանատու և դժվար փուլ է, քանի որ ճամբարի այս հատվածը նախատեսված է մարտահրավերներ նետելու եռօրյա ճամբարի չմասնակցած, անփորձ ճամբարականներին թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր և սոցիալապես, քանի որ նրանք բախվում են նոր միջավայրի և փորձառությունների հետ։ Նախքան մեկնելը, մասնակիցներին ներկայացվում է Արատեսի դպրական կենտրոնը, ճամփորդական նախագիծը՝ իր բոլոր բաղադրիչներով․
- հայրենագիտական-ճանաչողական
- ուսումնական
- սովորող-սովորեցնող
- մարզական
- երկրագիտական
Այս փուլի նպատակն է ճամբարականներին ճանաչել ոչ ֆորմալ միջավայրում, միասին ապրել, քայլել, բացահայտել։ Արտագնա փուլում ճամբարականները հաղթահարում են Սմբատաբերդի բարձունքը, որի ընթացքում երևում են մասնակիցների ամենատարբեր հատկանիշները։ Որպես համակարգողներ՝ ամեն անգամ փորձում ենք այնպիսի ծրագիր և նախագիծ ներկայացնել, որն ավարտելուց հետո հնարավոր կլինի ճիշտ և օբյեկտիվ բնութագրել յուրաքանչյուր ճամբարականի։ Ծրագիրը և ուսումնական նախագիծը կազմելիս շեշտը դրվում է թիմային աշխատանքի, ստեղծականության, երևակայության վրա։ Համագործակցությունն այս փուլում առանցքային է: Ճամբարականներն աշխատում են թիմային նախագծերով՝ սովորելով, թե ինչպես արդյունավետ հաղորդակցվել, հանձնարարել առաջադրանքները և վստահել միմյանց: Այս նախագծերը մոդելավորում են իրական աշխարհի սցենարներ, որտեղ համագործակցությունը կարևոր է ընդհանուր նպատակներին հասնելու համար:
Նման նախագծերից էին «Բիզնես և գովազդ»-ը, «Ներկայանում են ճամբարականները» նախագիծը, «Խաղում ենք բացահայտելով»-ը։
Ամենօրյա քննարկումների, նախագծերի իրականացման, մարզական պարապմունքների, բարձունքի հաղթահարման, խոհանոցային գործունեության, ինքնակազմակերպման և իրար հետ հաղորդակցվելու, շփվելու ընթացքի անդադար դիտարկումներից հետո սկսվում է յուրաքանչյուր ճամբարականի բնութագրման, երաշխավորելու կամ չերշախավորելու փուլը։ Այս ընթացքը աշխատատար և հետաքրքիր փուլ է։ Լինում են նաև երաշխավորում չստացած ճամբարականներ, քանի որ երևում է, որ մեր կրթական ծրագրի կրողները չեն, ներառվող չեն։
Այս տարվա Մուտքի ճամբարում շատ լավ աշխատեց սովորող-սովորեցնող նախագիծը։ Ճամբարի ընթացքում ներգրաված սեբաստացի սովորողները հանդես եկան աշխատարաններով՝ Նախասիրությունների բացահայտում ՝ Դավիթ Մուրադյան, ՏՏ լաբորատորիա՝ Մկրտիչ Պապիկյան և Գրիշա Ենոքյան, Աստղագիտությունը՝ որպես ընտրությամբ դասընթաց ՝ Դավիթ Միրաքյան։
Այս երկփուլ ճամբարի միջոցով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանը երաշխավորում է, որ իր սովորողներն Ավագ դպրոց ընդունվեն ոչ միայն ակադեմիական պատրաստվածությամբ, այլ արագ փոփոխվող աշխարհում զարգանալու, առաջ գնալու, ինչպես նաև, դիմակայելու համար անհրաժեշտ կյանքի հմտություններով: Դասարանում ուսուցման մեթոդների և բնության մեջ իրական խնդիրների լուծման մեթոդների համադրությունը սովորողներին դարձնում է հարմարվող, ինքնավստահ և համագործակցող, ինչը կարևոր է ապագա հաջողության համար:
Նշեմ նաև, որ Մուտքի ճամբարականների համար արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը անցկացնել Արագածի հարավային գագաթին։
Ստորև ներկայացնում եմ Մուտք ճամբարի գործունեությունը մեկ հղումով և տարբեր տարիների ճամբարականների գրառումների ընտրանին։
«Ես ինքս ինձ ուրիշ կողմից ճանաչեցի։ Շատ վախենում եմ շներից, բայց Ռեքսի և Չալոյի հետ ընկերացա։ Անհամբեր սպասում եմ մյուս արշավին»։ Իռեն Խանզրադյան
«Մանկուց երազում էի ընկերներիս հետ հավաքվել կրակի շուրջ և երաժշտություն լսել, ճանապարհին խոսել ու ծիծաղել։ Ես շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա զգալ դա հիմա՝ իմ պատանեկության տարիներին»: Կատարինե Համբարձումյան
« Մյուս օրն իմ ծնունդն էր, երեխեքը ժամը 12-ին տորթով եկան ծնունդս շնորհավորելու, և այդ գիշերը ես կհիշեմ մինչև կյանքիս վերջ» Վարդան Այդինյան
«Ճանապարհորդությունն օգնում է ճանաչել աշխարհը, այն ընկալել յուրովի ու ընդլայնում երևակայությունը։ Այս անգամ ուղղությունը դեպի Արատես գյուղն էր, որտեղ մեկնեցինք Մուտք ճամբարի մասնակիցներով»։ Արի Ագոփ