Կերպարվեստի որևէ ճուղ յուրացնելու ամենակարևոր գործոնը «Գծանկարչություն» առարկայի խորքային իմացությունն է: Գեղարվեստի ավագ դպրոցում այդ առարկայի դասավանդման նպատակն է նախագծային/գործնական աշխատանքների միջոցով սովորողների փորձառությունը համալրել կերպարվեստում կարևոր համարվող այնպիսի հիմնարար գիտելիքներով, ինչպիսիք են հեռանկարը, հարթության վրա ծավալի գծակոնստրուկտիվ կառուցումը, ըստ առարկայի կառուցվածքի՝ նրա ծավալի վրա լուսաստվերի բաշխվածության օրենքները, համաժամանակյա գործնական աշխատանքների միջոցով զարգացնել կատարողական վարպետության և տեսողական վերլուծության որակներ, կիրառել գրաֆիկական տարբեր նյութեր և տեխնիկական միջոցներ:
Նախագծային աշխատանքներն իրականացնելու հիմնական հարթակ է գծանկարի արվեստանոցը, որը լուսավոր է և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով (նկարակալներ, տախտակներ, աթոռներ), գիպսե զանազան երկրաչափական մարմիններով, օռնամենտներով և արձաններով, նատյուրմորտների համար անհրաժեշտ տարատեսակ կենցաղային և այլ առարկաներով ու տարբեր տոնայնության դրապիրովկաներով, ինչպես նաև ինտերնետին միացած համակարգչով, մասնագիտական գրքերով, տեսանյութերով և ֆիլմերով:
Ըստ անհրաժշտության՝ կիրառվում են արվեստանոցի ղեկավարի պատրաստած կամ մասնագիտական գրքերից ու համացանցից վերցրած դիդակտիկ նյութեր, որոնք օժանդակ նշանակություն ունեն հղացքները նախագծային տեսքի բերելու համար: Սովորողները դասերին հաճախում են գծանկարչության համար անհրաժեշտ նյութերով ու գործիքներով (թուղթ, մատիտներ, ռետին, կոճգամներ և այլն), ինչպես նաև իրենց հետ ունենում են նկարչական թղթապանակներ՝ աշխատանքների և ճեպանկարի թղթերի համար:
Նախագծային աշխատանքներն իրականացվում են հաշվի առնելով սովորողների պատրաստվածության մակարդակների տարբերությունը, ֆիզիկական և առողջական խնդիրները, պահպանելով նախապատրաստական պարզ գործունեությունից դեպի բարդ ու խորացված ուսուցման անցնելու փուլերը:
Գծանկարի արվեստանոց են հաճախում տարբեր պատրաստվածություն, գիտելիքների մակարդակ ու նախասիրություն ունեցող սովորողներ, որոնց հետ աշխատանքը պահանջում է թե՛ անհատական և թե՛ ընդհանուր մոտեցում: Ընդհանուր մոտեցման հիմքում ընկած են գծանկարչությանը վերաբերող հիմնարար գիտելիքները, գծանկարչության համար անհրաժեշտ կամ առաջնային նյութերով (գրաֆիտային մատիտներ, ածուխ, սեպիա, ռետին և այլն) աշխատելու կարողությունը, որոնք փորձարկվում են ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքներ կատարելու ժամանակ:
Տեսական և տեխնիկական բաժինների որոշ թեմաներ փորձարկվում են առանձին վարժություններում:
Բնօրինակից նկարելու համար բավարար չէ առարկայի մասին ունեցած ընդհանուր տպավորությունը: Անհրաժեշտ են նկարչական գրագիտության կանոնների և օրենքների իմացություն ու դրանց գործնական կիրառում: Բազմապլան առաջադրանքները տարածական խնդիրներ լուծելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում: Տարատեսակ առաջադրանքներ կատարելիս սովորողները, բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից, հմտանում են նաև գծանկարչական հնարքներում, տիրապետում տարբեր նյութերով աշխատելու եղանակներին: Սովորողներն այցելում են ցուցահանդեսներ և թանգարաններ՝ որպես ուսումնահետազոտական և կրթական նշանակության միջավայրեր:
Սովորողներին ներկայացվում են հետեւյալ պահանջները`
- Նվազագույն պահանջներ
Գծանկարչության համար առաջնային նշանակություն ունեցող նյութերի և գործիքների զանազանում և կիրառում, առարկայի ծավալի կառուցման սկզբունքների յուրացում, տոնի միջոցով տարածական և պլանային խնդիրների լուծում:
- Միջին պահանջներ, որ ներառում են նաև նվազագույնը
Տեսողական վերլուծության և կատարողական հնարքների միջոցով տարատեսակ առարկաների նյութականության եւ ֆակտուրայի ստացում, նկարչական տեխնիկական մեթոդներից անցում դեպի նուրբ նկարչական խնդիրների լուծման:
- Առավելագույն պահանջներ
Հիմնվելով նախորդ երկու պահանջների վրա՝ պլաստիկ անատոմիայի իմացություն գիպսից և բնորդից գլուխներ նկարելու համար:
Գծանկարի արվեստանոցում ձեռք բերված գիտելիքները հիմնարար նշանակություն ունեն նկարչության միջոցով որևէ գաղափար արտահայտելու համար: Առավել պատրաստ սովորողների հետ երբեմն իրականացվում են անհատական նախագծեր, սակայն համակարգված և ընդհանուր աշխատանք ենթադրող նախագծերում հնարավորություն է ստեղծվում արծարծվող նյութը կրթահամալիրում, մասնավորապես գեղարվեստի դպրոցում, դարձնել համընդհանուր ուսումնասիրության և ստեղծագործական ոգևորության առարկա:
Առաջադիմող սովորողները մասնակցում են ինչպես ներկրթական, այնպես էլ հանրապետական կամ միջազգային զանազան ցուցահանդեսների և նախագծերի: Կատարված աշխատանքներն առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելու նպատակով թվայնացվում և տեղադրվում են համացանցում գտնվող անհատական թղթապանակների մեջ:
Գծանկարի արվեստանոցի ղեկավար՝ Գագիկ Չարչյան