-23-

Իսկ այդ հաճույքը շատ մոտ է: Այն վերադարձնելը հեշտ է: Պետք է միայն թույլ չտալ, որ տարիներն անցնեն: Բավական է պարզապես սպասել երեկոյին, ինչպես առաջ, մտնել նրա սենյակ, նստել մահճակալի մոտ և վերսկսել  միասնական ընթերցումը:

Ընթերցել:

Բարձրաձայն:

Անվճար:

Նրա սիրելի պատմությունները:

Այն, ինչ տեղի է ունենում այդ պահին, արժանի է նկարագրության: Սկզբում նա իր ականջներին չի հավատում: Վառվածը ջրից էլ է վախենում, այս դեպքում՝ հեքիաթից։ Վերմակը քաշած մինչև կզակը՝ նա լուռ, զգոն սպասում է «թակարդ» հարցին.

– Դե ինչ, ի՞նչ կարդացի: Ամեն ինչ հասկանալի՞ էր:

Բայց ահա, մենք նրան նման  հարցեր չենք տալիս: Ոչ էլ որևէ այլ հարց: Պարզապես կարդում ենք: Անվճար: Քիչ-քիչ նա թուլանում է: (Մենք էլ)։  Նա աստիճանաբար վերագտնում է այն երազկոտ կենտրոնացումը, որը բնորոշ էր նրա «երեկոյան» դեմքին: Եվ վերջապես ճանաչում է մեզ՝ մեր նոր ձայնով:

Միգուցե հենց առաջին իսկ րոպեներին նա  շոկի մեջ քնի՝ զգալով այնպիսի՜ թեթևություն… Հաջորդ երեկոյան մենք նորից հանդիպում ենք։ Եվ կարդում ենք նույն հեքիաթը: Այո՛, ամենայն հավանականությամբ, նա կխնդրի նորից կարդալ նույնը՝ ցանկանալով համոզվել, որ նախորդ օրը երազ չէր: Եվ նույն տեղերում կտա նույն հարցերը՝ պարզապես հաճույքի համար լսելու մեզանից նույն պատասխանները:

Կրկնությունը խաղաղեցնում է: Դա մտերմության ապացույցն է, նրա իսկ շունչը:

Նրան հարկավոր է վերագտնել այդ շունչը.

— Եվս մեկ անգամ։

«Մեկ անգամ ևս, մեկ անգամ ևս…» ըստ էության նշանակում է հետևյալը. «Որքա՜ն պետք է մենք սիրենք իրար, որ բավարարվենք այս նույն պատմությամբ՝ անվերջ կրկնվող»: Վերընթերցելը ոչ թե կրկնելն է,  այլ ամեն անգամ անվերջ սիրո նոր ապացույցը:

Այսպիսով, մենք կրկինք կարդում ենք։

Նրա օրը մնացել է ետևում։ Այժմ մենք այստեղ ենք․ վերջապես մի այլ  տեղում ենք միասին։ Նա վերստին գտել է Երրորդության առեղծվածը՝ նա, գիրքը և մենք (ցանկացած հերթականությամբ, որովհետև ամբողջ երջանկությունը հենց այն է, որ անկարելի է դասավորել այս միաձուլման տարրերը): Եվ այսպես, եթե  նա չզգա  տեքստից հոգնելու «ամենաբարձր հաճույքը»,  չի պահանջի անցնել մեկ այլին: Քանի՞ երեկո ենք մենք այդպես  վատնել` երևակայության դռները նորից բացելու համար։  Մի քանի անգամ ու վերջ, դժվար թե ավելի: Լավ, ասենք, թե մի քանի անգամ ավելի։ Իսկապես, արժեր նման ջանք գործադրել։ Նա կրկին բաց է բոլոր պատմությունների համար: Միևնույն ժամանակ, դպրոցում շարունակվում է ուսուցումը։ Եթե նա դեռևս առաջընթաց չունի իր դպրոցական ընթերցումներում, չհուսահատվենք, ժամանակը մեր օգտին է աշխատում ՝ սկսած այն պահից, երբ դադարեցինք փորձել այն հաղթահարել։ Առաջընթացը, այն հայտնի «առաջընթացը», կդրսևորվի բոլորովին այլ  դաշտում շատ անսպասելի մի  պահ։

Մի երեկո, երբ ընթերցելիս մի տող բաց կթողնենք, հանկարծ կլսենք.

– Դու մի  հատված թռար։

– Ի՞նչ:

– Դու մի մասը բաց թողեցիր:

– Ո՛չ, դու սխալվում ես…

– Տո՛ւր ինձ:

Նա կվերցնի գիրքը մեր ձեռքից և հաղթական մատով ցույց կտա բաց թողնված տողը։ Այն կկարդա բարձրաձայն:

Սա առաջին նշանն է, որին կհաջորդեն մյուսները։ Նա կսկսի միջամտել մեր ընթերցանությանը:

– Ինչպե՞ս է դա գրվում։

– Ի՞նչը։

– Նախապատմական-ը։

– Ն.Խ.Պ Ա .Տ…

– Տո՛ւր տեսնեմ։

Եկե՛ք ինքներս մեզ չխաբենք. նրա՝ հանկարծակի հետաքրքրասիրության պատճառը մասամբ, իհարկե, նորաթուխ ալքիմիկոս դառնալու կիրքն է, իսկ ավելի  շատ՝ միասին նստելու, ժամերը երկարացնելու ցանկությունը։

(Երկարացնենք, երկարացնենք…)

Մեկ ուրիշ երեկո նա կհայտարարի.

– Քեզ հետ եմ կարդում։

Գլուխը՝ մեր ուսին կփորձի մի պահ հետևել մեր ընթերցած տողերին։ Կամ կասի․

– Սկսում եմ ես։

Եվ առաջ՝ դեպի առաջին պարբերությունը։

Ծանր է ընթանում ընթերցանությունը, համաձա՛յն եմ, շուտ է հոգնում, ճիշտ է… Բայց ոչինչ, խաղաղությունը վերականգնվել է. նա կարդում է առանց վախի։ Եվ կարդալու է օր օրի ավելի լավ, ավելի պատրաստակամ։

– Այսօր երեկոյան ես եմ կարդում։ Իհարկե, դարձյալ նույն պարբերությունը (կրկնության առավելությունն է այստեղ), ապա՝ մեկ ուրիշը՝ նրա «նախընտրած հատվածը» և այսպես՝ ամբողջական տեքստեր։ Տեքստեր, որոնք նա գրեթե անգիր գիտի, որոնք ավելի շատ ճանաչում է, քան կարդում, սակայն, այնուամենայնիվ ընթերցում է՝ հենց  ճանաչելու պահը վերստին վայելելու համար։ Եվ ահա արդեն հեռու չէ այն օրը, երբ ցերեկը նրան կտեսնենք Մարսել Էմեի «Թառած կատվի հեքիաթները» ծնկներին դրած, Դելֆինայի ու Մարինետտայի ուղեկցությամբ ֆերմայի բնակիչների հետ ծանոթանալիս։ Մի քանի ամիս առաջ նա հիացած էր, որ ճանաչում է «մամա» բառը, իսկ այսօր մի ամբողջ պատմություն է ծնվում բառերի անձրևից։ Նա դարձել է իր ընթերցանության հերոսները՝ նա, ում հեղինակն ի սկզբանե վստահել էր գնալ ու ազատել տեքստի կապանքներում խճճված կերպարներին, որպեսզի նրանք իրենց հերթին նրան ազատեն օրվա փորձանքներից։ Ահա, կատարվեց։ Հաղթանակն ամբողջական է։ Եվ եթե ցանկանում ենք նրան վերջին հաճույքը պատճառել, բավական է, որ նրա ընթերցանության ընթացքում քուն մտնենք։

-24

«Երեկոյան խորասուզված հետաքրքիր պատմության մեջ՝ փոքրիկ տղային չես կարող բացատրել, որ նա պետք է թողնի ամենահետաքրքիր պահը ու գնա քնելու»։

Ահա թե ինչ է ասել Կաֆկան՝ փոքրիկ Ֆրանցը, որի հայրն առավել գերադասում  էր, որ նա  գիշերները կարդալու փոխարեն հաշվեր։

II

Պետք է կարդալ

(Դոգմա)

-25-

Մնում է «մեծի» հարցը՝ նա, ով այնտեղ վերևում է՝ իր սենյակում։ Եվ , այո՛, նրան էլ պետք է հաշտեցնել «գրքերի» հետ։ Նա իսկապես դրա կարիքն ունի։ Տունը դատարկ է, ծնողները՝ արդեն քնած, հեռուստացույցը՝ անջատված։ Նա կրկին մենակ է… Մենակ՝ էջ 48-ի հետ դեմ առ դեմ։ Իսկ վաղը պետք է հանձնի այդ անիծյալ ընթերցանության ամփոփման թերթիկը…

Վաղը…

Արագ մտքում հաշվում է՝

446 — 48 = 398։

Մնում է երեք հարյուր իննսունութ էջ՝ մեկ գիշերվա մեջ հաղթահարելու համար։

Նա քաջաբար անցնում է գործի։ Էջն էջի հետևից է գալիս։ «Գրքի»  բառերը առանց խանդավառության պարում են ականջակալների մեջ։ Բառերը շատ դժվարությամբ են առաջ գնում։ Մեկ առ մեկ ընկնում են, ինչպես սպառված նժույգներ, որոնց կյանքից զրկում են։ Նույնիսկ հարվածային գործիքների սոլոն չի կարող նրանց կրկին կենդանացնել։ (Ի դեպ, իսկապես հրաշալի հարվածահար է այդ Քենդալը)։

Նա շարունակում է կարդալ՝ չնայելով բառերի դիակներին։ Բառերը կորցրել են իմաստը, նրանցում ոչինչ չի մնացել։ Թո՛ղ խաղաղ հանգչեն նրանց տառերը։ Այս զանգվածային ջարդը նրան չի սարսափեցնում։ Նա ընթերցում է, ինչպես  մարտիկը առաջ է շարժվում։ Նրան մղում է պարտքը։ Էջ 62, էջ 63։ Նա շարունակում է կարդալ։ Իսկ ի՞նչ է կարդում։ Էմմա Բովարիի պատմությունը։ Մի աղջկա պատմություն, ով չափազանց շատ էր կադացել։

«Նա կարդացել էր «Պոլ և Վիրջինիա»-ն և երազել բամբուկե տնակի, սևամորթ Դոմինգոյի, Ֆիդել շան մասին, բայց առավելապես՝ բարի եղբոր քնքուշ ընկերության մասին, ով կարմիր մրգեր կքաղեր զանգակատնից էլ բարձր ծառերից ու կբերեր նրա համար կամ բոբիկ ոտքերով կվազեր ավազի վրայով նրա կողմը՝ ձեռքին՝ թռչնի բույն»։

Ավելի լավ է զանգել Թիերիին կամ, ասենք, Ստեֆանիին, թող  վաղը առավոտյան  իրեն տան  ընթերցանության ամփոփման թերթիկը։ Ինքն էլ արագ-արագ կարտագրի մինչև դասի սկսելը։ Ոչ ոք ոչինչ չի նկատի։ Ի վերջո, նրանք էլ իրեն են պարտք։

«Երբ աղջիկը դարձավ տասներեք տարեկան, հայրը անձամբ տարավ նրան քաղաք՝ մենաստան հանձնելու։ Նրանք իջևանեցին Սեն-Ժերվե թաղամասի մի պանդոկում։ Ընթրիքը նրանց մատուցվեց օրիորդ դը Լա Վալիերի կյանքի դրվագները պատկերող նկարազարդ ափսեներով։ Լեգենդար բացատրությունները, որոնք ընդհատվում էին դանակների քերծվածքների պատճառով, փառաբանում էին կրոնը, սրտի նրբությունը և արքունական շքեղությունները»։

«Ընթրիքի ժամանակ նրանց մատուցեցին  նկարազարդ ափսեներ…»։  Այս ձևակերպումը նրա դեմքին հեգնական ժպիտ է առաջացնում։

– Այսինքն՝ դատա՞րկ ափսեներ են տվել, որ կշտանան, թե՞ ստիպել են էդ Լա Վալիերի պատմությունն ուտել։

Նա իրեն հանճարեղ է զգում։ 

Կարծում է, որ հեգնում  է այն, ինչն  իր հետ բնավ կապ չունի։ Բայց ո՛չ։ Իր հեգնանքն ուղիղ նշանակետին  է դիպել։ Բանն այն է, որ իրենց դժբախտությունները համաչափ են՝ Էմման կարող է իր ափսեն պատկերացնել որպես գիրք, իսկ նա՝ գիրքը  որպես ափսե։

Իսկ այդ պահին լիցեյում (ինչպես շեղագրերով կասեին նրանց պատանեկության բելգիական կոմիքսներում), ծնողները.

– Գիտեք, իմ որդին… աղջիկս… գրքերը…

Բանասեր ուսուցիչն արդեն հասկացել է․ նշված աշակերտը «չի սիրում կարդալ»։

– Բայց ամենաուշագրավն այն է, որ փոքր ժամանակ… Նա շատ էր կարդում… Ուղղակի կուլ էր տալիս գրքերը, չէ՞, սիրելի՛ս, կարելի է ասել՝ ընթերցում էր դրանք կլանելով։

Սիրելին գլխով է անում․ կուլ էր տալիս։

– Պետք է նշենք, որ մենք արգելել ենք նրան հեռուստացույց դիտել։

(Տիպիկ դեպք․ հեռուստացույցի ամբողջական  արգելք։ Խնդիրը լուծել՝ առանց  նախադրյալի պատճառը հասկանալու՝ էլի մի հրաշալի մանկավարժական հնարք)։

– Իրավացի եք, ուսումնական տարվա ընթացքում՝ ոչ մի հեռուստացույց, դա մեր անսասան սկզբունքն է։

Հեռուստացույց՝ ոչ, բայց դաշնամուր՝ ժամը հինգից վեց, կիթառ՝ վեցից յոթ, պար՝ չորեքշաբթի օրերին, ձյուդո, թենիս, սուսերամարտ՝ շաբաթ օրերին, դահուկներ՝ հենց առաջին ձյան փաթիլներն ընկնելուն պես, նավավարություն՝ արևոտ օրերին, կավագործություն՝ անձրևոտ օրերին, ուղևորություն Անգլիա, ռիթմիկ մարմնամարզություն․․․

Ոչ մի չնչին  հնարավորություն անգամ՝ թեկուզ մեկ քառորդ ժամ մնալու միայնակ, ինքն իր հետ։

Վերջ երազանքներին։

Ոչ մի ձանձրույթ։

Ձանձրույթ հրաշալի…

Ձանձրույթ երկարատև…

Որը հնարավոր է դարձնում ամեն տեսակ ստեղծագործություն։

-Մենք անում ենք ամեն ինչ, որ նա երբեք չձանձրանա։

(Խեղճը…)

— Մենք փորձում ենք… Ոնց ասեմ… Փորձում ենք ապահովել նրա համակողմանի զարգացումը…

— Ամենակարևորը՝ արդյունավետ, սիրելի՛ս, ես կասեի՝ արդյունավետ զարգացում։

— Հակառակ դեպքում՝ չէինք հայտնվի այստեղ…

— Մաթեմատիկայից, բարեբախտաբար, նրա գնահատականները վատը չեն…

— Բայց ահա գրականությունը…

Օ՜, այդ խղճուկ, տխուր ու պաթետիկ ջանքը, որով  հարկադրում ենք մեր հպարտությանը՝ ինչպես Կալեի քաղաքացիները, պարտության բանալիները ձեռքներիս, գնալ տեսնել  լեզվի և գրականության ուսուցչին։ Իսկ ուսուցիչը լսում է, ասում է «այո-այո» ու, գուցե, երազում է, որ մի անգամ գոնե իր երկար ուսուցչական կյանքում կարողանա իրեն մի փոքրիկ պատրանք թույլ տալ… Բայց՝ ոչ։

— Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ նա նույն դասարանում մնա գրականությունից վատ առաջադիմության պատճառով։

-27-

Ահա այսպես էլ ապրում ենք՝ նա՝ ընթերցության թերթիկի զեղծարար, մենք՝ կանգնած նրա վատ առաջադիմության  ուրվականի առաջ, իսկ մայրենիի ուսուցիչը՝ իր ոտնահարված առարկայի։ Եվ  թող կեցցե՛ գիրքը։

-28-

Շատ արագ ցանկացած ուսուցիչ դառնում է «ծեր» ուսուցիչ։ Ոչ թե որովհետև այս մասնագիտությունն ավելի է մաշեցնում, քան մյուսները․․ Ո՛չ… Դա նրանից է, որ նա լսում է իրենց երեխաների մասին պատմող այդքան ծնողների, ովքեր այդ ընթացքում նաև հենց իրենք իրենց մասին  են պատմում, լսում  է այդքան  կյանքի պատմություններ, ամուսնալուծություններ, ընտանեկան պատմություններ՝ մանկական հիվանդություններ, անկառավարելի դեռահասներ, սիրելի դուստրեր, որոնց հետ կապը վերանում  է… Այնքան շատ սգացած ձախողումներ, հպարտությամբ պատմած հաջողություններ, կարծիքներ ամեն թեմայով ու հատկապես՝ ընթերցանության անհրաժեշտության մասին․ այս հարցում բոլորը միաձայն են։

Դոգմա:

Կան մարդիկ, ովքեր երբեք չեն կարդացել  և համարում են, որ դա ամոթ է։ Մյուսներն ուղղակի ժամանակ չունեն կարդալու և այդ պատճառով ամբողջ հոգով  ափսոսում են։ Կան մարդիկ, ովքեր վեպեր չեն կարդում, բայց կարդում են օգտակար գրքեր, էսսեներ, գիտական աշխատանքներ, կենսագրություններ կամ պատմական գրքեր։ Կան նաև մարդիկ, ովքեր կարդում են, ինչ պատահի, և մարդիկ, ովքեր կարդալիս կլանում են, և  աչքերը սկսում են փայլել։ Կան մարդիկ, ովքեր կարդում են միայն դասականներ, պարո՛ն, «քանզի չկա ավելի լավ գրաքննադատ, քան ժամանակը»։ Կան մարդիկ, ովքեր իրենց ողջ չափահաս կյանքում  միայն «վերընթերցում» են։ Եվ կան նրանք, ովքեր կարդացել են վերջին այսինչի  և վերջին այնինչի գիրքը,  քանզի պետք է, պարո՛ն, տեղեկացված լինել…

Բայց բոլորը, բոլորը, առանց բացառության՝ ընթերցանության անհրաժեշտության անունից։

Դոգմա։

Նույնիսկ նա, ով այսօր այլևս չի կարդում, ինչպես ինքն է հավաստիացնում, միայն նրա համար, որ մի ժամանակ չափազանց շատ է կարդացել։ Պարզապես հիմա ուսումը ավարտված է, և կյանքը՝ «հաջողված», ինչ խոսք, բացառապես իր շնորհիվ (նա այն տեսակ մարդկանցից է, ովքեր «ոչ ոքի ոչինչ պարտք չեն»), բայց նա սիրով է ընդունում, որ այդ գրքերը, որոնց կարիքը հիմա չունի, ժամանակին իրեն շատ են օգնել… «Ավելի ճիշտ՝ անփոխարինելի են եղել, այո՛, ան-փո-խա-րի-նե-լի»։

– Պետք է, որ այս մանչը  վերջապես մտցնի դա իր գլուխը։

Դոգմա։

-29-

Եվ այսպես, «մանչի» գլխում դա վաղուց նստած է։ Նա մի ակնթարթ անգամ չի կասկածում այդ դոգմային։ Առնվազն այդպես է երևում նրա շարադրությունից.

Թեմա․ Ի՞նչ եք մտածում Գյուստավ Ֆլոբերի այս հորդորի մասին՝ ուղղված Լուիզ Կոլեին՝ «Կարդացե’ք, որպեսզի ապրեք»։

Երեխան համաձայն է Ֆլոբերի հետ։ Երեխան, իր ընկերները, ընկերուհիները, բոլորը համաձայն են։ «Ֆլոբերը ճիշտ էր»։ Երեսունհինգ շարադրության լիակատար համաձայնություն. պետք է կարդալ, պետք է կարդալ, որ ապրես։ Ավելին, հենց այդ  ընթերցանության  այս անբեկանելի անհրաժեշտությունն է, որ մեզ տարբերում է գազաններից, բարբարոսներից, տգետ ու կոպիտ մարդկանցից, հիստերիկ  մոլեռանդերից, հաղթական բռնապետերից, ագահ նյութապաշտներից։

Պե՛տք է կարդալ։ Պե՛տք է կարդալ։

— Որպեսզի սովորենք։

— Որպեսզի հաջողությամբ ավարտենք մեր ուսումը։

— Որպեսզի տեղեկություն ստանանք։

— Որպեսզի իմանանք՝ որտեղից ենք եկել։

— Որպեսզի իմանանք, թե ով ենք մենք։

— Որպեսզի ավելի լավ ճանաչենք  մյուսներին։

— Որպեսզի հասկանանք՝ ուր ենք գնում։

— Որպեսզի պահպանենք հիշողությունն անցյալի մասին։

— Որպեսզի լուսավորենք մեր  ներկան։

— Որպեսզի անցյալ սերունդների փորձը փոխանցենք։

— Որպեսզի չկրկնենք  մեր նախնիների հիմարությունները։

— Որպեսզի ժամանակ շահենք։

— Որպեսզի փախչենք իրականությունից։

— Որպեսզի փնտրենք կյանքի իմաստը։

— Որպեսզի հասկանանք մեր քաղաքակրթության հիմքերը։

— Որպեսզի բավարարենք մեր  հետաքրքրասիրությունը։

— Որպեսզի զվարճանանք։

— Որպեսզի զարգացնենք մեր մշակույթը։

— Որպեսզի հաղորդակցվենք։

– Որպեսզի մարզենք մեր քննադատական միտքը։

Իսկ ուսուցիչը շարունակում է նշումներ կատարել գրառումների դաշտում՝ «ճիշտ է, ճիշտ է, լավ է, լավ է, շատ լավ  է, ճիշտ է, հետաքրքիր միտք  է, իսկապես, շատ ճիշտ է» և հազիվ է իրեն զսպում, որ չգոչի. «Էլի, էլի», մինչդեռ հենց ինքը այդ նույն առավոտ լիցեյի միջանցքում տեսել էր, թե ինչպես է  «մանչը» թափով արտագրում Ստեֆանիի ընթերցանության թերթիկից, նա, ով իր փորձով գիտի, որ այս օրինակելի շարադրություններում հանդիպող մեջբերումների մեծ մասը վերցված է համապատասխան մեջբերումների բառարանից, նա, ով մի հայացքով հասկանում է, որ «բերեք օրինակներ ձեր անձնական փորձից» բաժնի օրինակը վերաբերում է ոչ թե անձնական, այլ ինչ-որ ուրիշի ընթերցողական փորձին, նա, ում ականջներում դեռ զրնգում են գոռգոռոցները, երբ հերթական վեպը հանձնարարեց կարդալ․

— Ի՞նչ։ Չորս հարյուր էջ երկու շաբաթո՞ւմ։ Չենք հասցնի, պարո՛ն, ոչ մի դեպքում չենք հասցնի։

— Մաթեմատիկայից ստուգողական ունենք։

— Իսկ էկոլոգիայից զեկույց ունենք այս շաբաթ։

Եվ եթե նույնիսկ նա հիանալի գիտի, թե ինչ դեր ունի հեռուստատեսությունը Մաթյոյի, Լեյլայի, Բրիջթի, Քամալի կամ Սեդրիկի պատանեկության կյանքում, ուսուցիչը դարձյալ հաստատում է, հաստատում է իր գրչի ամբողջ կարմիր թանաքով այն պնդումները, որ անում են Սեդրիկը, Քամալը, Բրիջիթը, Լեյլան կամ Մաթյոն, թե հեռուստատեսությունը («շարադրության մեջ՝ առանց կրճատումների») գրքի Թիվ Մեկ Թշնամին է, իսկ եթե լավ մտածենք, նաև կինոն, քանզի երկուսն էլ ենթադրում են ընկալման պասիվ վիճակ, մինչդեռ ընթերցանությունը պահանջում է գիտակցված գործողություն։ (Շ.լավ )

Այստեղ, այնուամենայնիվ, ուսուցիչը դնում է իր գրիչը, առաստաղին է նայում, ինչպես երազանքների մեջ ընկղմված աշակերտ, և հարց է տալիս ինքն իրեն . օ՛, միայն ինքն իրեն, իսկ մի՞թե որոշ ֆիլմեր, այնուամենայնիվ, չեն թողնել իր հիշողության մեջ այնպիսի հետք, ինչպես սիրելի գրքերը։ 

Քանի՞ անգամ է նա «վերընթերցել» «Որսորդի գիշերը», «Ամարկորդը», «Մանհեթթենը», «Տեսարանով սենյակը», «Բաբետի խնջույքը», «Ֆանին ու Ալեքսանդրը»։ Այդ պատկերները  նրան խորհրդավոր նշանների կրողներ էին թվում։ 

Իհարկե, ինքը մասնագետ չէ, ոչինչ չի հասկանում կինեմատոգրաֆիայից, ծանոթ չէ կինոսերների  բառապաշարին, սա ընդամենը աչքերի կարծիքն է, բայց աչքերը ասում են նրան, որ կան պատկերներ, որոնց իմաստն անսպառ է, որոնք ամեն անգամ վերապրում ես նույն հուզմունքով։ Ավելին, կան նույնիսկ հեռուստատեսային պատկերներ, այո՛, այո՛՝ բարի ծեր Բաշլարի դեմքը «Ընթերցում բոլորի համար» հաղորդման ժամանակ… Յանկելևիչը «Ապոստրոֆներում»… Պապենի գոլը՝ Բեռլուսկոնիի Միլանի դեմ խաղում…

Բայց ժամերն անցնում են։ Ուսուցիչը վերադառնում է տետրերը ստուգելուն։ (Ո՞վ կկարողանա չափել այն մենությունը, որ զգում է ուսուցիչը տետրեր ստուգելիս)։ Եվս մի քանի շարադրություն, և բառերը սկսում են պարել նրա աչքերի առաջ։ Բոլոր փաստարկներն նույնն են, նորից ու նորից։  Բարկությունը սկսում է ներսից խեղդել նրան։Ասես անգիր արած աղոթք են ասում իր աշակերտները. «Պետք է կարդալ, պետք է կարդալ»։ Դաստիարակության անվերջանալի լիտանիան. «Պետք է կարդալ», այն դեպքում, երբ նրանց յուրաքանչյուր նախադասությունը վկայում է՝ նրանք երբեք ոչինչ չեն կարդում։

-30-

– Սիրելի՛ս, բայց  ինչո՞ւ ես այսքան բորբոքվում։ Չէ՞  որ աշակերտներդ գրում են հենց այն, ինչ դու ես ակնկալում։ Դու հո չէիր սպասում շարադրությունների մի կապոց, ուր փառաբանում են գրքերի այրումը, չէ՞։

-Ես սպասում եմ, որ նրանք անջատեն իրենց նվագարկիչները և իսկապես սկսեն կարդալ։

 Ոչ մի նման բան։ Դու նրանցից սպասում ես «լավ» պատումներ այն վեպերի մասին, որոնք հենց դու ես նրանց պարտադրել։ Սպասում ես, որ նրանք «ճիշտ մեկնաբանեն» քո ընտրած բանաստեղծությունները։ Որ քննության ժամանակ «խորությամբ  վերլուծեն» այն տեքստերը, որ քո ցուցակում են տեղ գտել։ Որ խելամտորեն «մեկնաբանեն» կամ «ամփոփեն» այն, ինչ քննողը կդնի նրանց առաջ հենց այդ առավոտ…

 Ուշադրություն դարձրո՝ ո՛չ քննողը, ո՛չ դու, ո՛չ  ծնողներն առանձնապես չեն ուզում, որ երեխաները կարդան։ Թեև հարկ է նշել՝  չէին էլ ուզում, որ չկարդան։ Բոլորը միայն մի բան են ուզում, որ երեխաներն առաջադիմեն դպրոցում, գնահատական  ու վերջ։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, նրանք շատ  այլ հոգսեր  ունեին։ Ի դեպ, Ֆլոբերը նույնպես ուրիշ հոգսեր ուներ։ Եթե նա Լուիզային ուղարկում էր գրքերի մոտ, դա հենց նրա համար էր, որ Լուիզան իրեն հանգիստ թողնի, որ չխանգարի  «Բովարին» գրելիս, ու մի օր էլ իր մեջքի ետևում երեխայով չհայտնվի։ Ահա ողջ ճշմարտությունը։ Եվ դու դա հիանալի գիտես։ «Կարդացե՛ք, որ ապրե՛ք» Ֆլոբերի գրչի տակ, երբ նա գրում էր Լուիզային, իրականում նշանակում էր. «Կարդա՛, որ  ինձ ապրելու հնարավորություն տաս»։ Դու գոնե սա բացատրել ես աշակերտներիդ։ Ո՞չ։ Իսկ ինչո՞ւ։

Նա ժպտում է։ Ձեռքը դնում է նրա ձեռքին․

— Հաշտվի՛ր, սիրելի՛ս։ Գրքի պաշտամունքը ծագում է բանավոր ավանդույթից։ Իսկ դու դրա գերագույն քահանան ես։

Ֆրանսերենից թարգմանեց Կարինե Թևոսյանը
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան
Աղբյուրը՝ այստեղ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով