Սիրելի՛ ընթերցող։ Մինչև նյութը կարդալը, խնդրին ծանոթանալուց հետո փորձիր ինքդ հնարավորինս առաջ գնալ։ Դրա համար կազմել եմ օգնական հարցեր։ Եթե կարողանաս այս հարցերին պատասխանել, շատ կմոտենաս խնդրի լուծմանը։
1․ Ո՞րն է եղել այս դրությունում վերջին քայլը։
2․ Զինվորը d8 դաշտում ի՞նչ խաղաքար է վերցրել նավակի փոխարկվելիս։
3․ Սև զինվոր փոխարկվե՞լ է ուրիշ խաղաքարի։
4․ Ի՞նչ գույն ունի բացակայող խաղաքարը։
5․ Սևերի ո՞ր զինվորն է փոխարկվել այլ խաղաքարի։
6․ Ո՞ր վանդակում է սև զինվորը փոխարկվել այլ խաղաքարի։
7․ Սպիտակներից ո՞ր զինվորն է փոխարկվել այլ խաղաքարի։
8․ Ի՞նչ գույնի վանդակներում են վերցվել սպիտակների խաղաքարերը։
9․ Ո՞րն էր բացակայող խաղաքարը։
Բացակայող զինվորի գաղտնիքը
Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
— Հիշո՞ւմ եք, Հոլմս, — ասացի մի անգամ,- հետվերլուծությանը ծանոթացնելիս ասացիք, որ խնդիրները փոփոխվում են ամենատարրականներից մինչև շատ բարդերը։
-Այո, լավ հիշում եմ։
-Մի դժվար խնդիր կառաջարկե՞ք։
Հոլմսը ինձ նայեց հաճելիորեն զարմացած։
-Ձեր խանդավառությունը շատ գովելի է։ Սակայն, գիտեք, նախքան վազելը պետք է քայլել սովորեք։
Բախտն այնպես դասավորվեց, որ երկար չսպասեցի՝ տեսնելու համար, թե Հոլմսը ինչպես է ցուցադրում շատ բարդ իրավիճակները վերլուծելու իր զարմանալի կարողությունը։
Դա պատահեց բոլորովին անսպասելի և ինքնաբուխ։
Երկու օր հետո առավոտյան ուշ արթնացա և Հոլմսին բռնացրի նախաճաշելիս՝ ձեռքին մի նամակ։
-Բարի լույս, Վաթսոն,- ասաց նա՝ ինձ մեկնելով նամակը,- նեղություն չե՞ք քաշի գնալու։
Ուշադիր կարդացի նամակը։
Հրավերք էր սըր Ռեջինալդից՝ մասնակցելու մի հավաքույթի, ինչը նա անվանել էր «ոչ ֆորմալ հավաքույթ», որը մի քանի օրից տեղի էր ունենալու Սարեի իր կալվածքում։
Նա ներողություն էր խնդրում, որ հրավերքը ուշ էր ուղարկել, բայց միաժամանակ նշում էր հավաքի «ոչ ֆորմալ» լինելը և ավարտում էր այսպես․ «Այսպիսով, եթե Դուք և դոկտոր վաթսոնը նեղություն քաշեք մասնակցելու, շատ ուրախ կլինենք ձեզ տեսնելու համար» բառերով։
Մենք գնացինք։
Հավաքույթը մեր սպասածից շատ ավելի մարդաշատ էր, և այդ երեկո շատ քիչ տեսնվեցինք սըր Ռեջինալդի հետ։
Սակայն հաճելի դեպք եղավ․ Հոլմսն այնպիսի հրաշալի ներկայացում տվեց, որ երբեք չեմ մոռանա։
Ես, իրոք, փափագում էի տեսնել սըր Ռեջինալդի գրադարանը, քանի որ իմացել էի, որ տանտերը ունի հազվագյուտ գրքերի անսովոր ու զարմանալի հավաքածու, իսկ ես ինչ-որ իմաստով գրքասեր եմ։
Երբ Հոլմսի հետ մտանք գրադարան, այնտեղ միայն իրարից շատ տարբերվող երկու ջենթլմեններ էին՝ սենյակի հեռավոր անկյունում՝ խորասուզված շախմատի պարտիայում։
-Կարելի՞ է ներս գալ առանց թույլտվության,-հարցրեց Հոլմսը, երբ շարժվեցինք խաղացողների ուղղությամբ։
-Այո, իհարկե,- հաճելի ձայնով ասաց ջենթլմեններից մեկը՝ ձեռքը բարձրացնելով։
Երբ մոտեցանք տախտակին, ավելի շուտ՝ շախմատի սեղանին, դիրքը հետևյալն էր, տե՛ս նկարը․

Տախտակի h4 դաշտում խաղաքարի փոխարեն շիլինգ էր դրված։
-Կարո՞ղ եմ հարցնել, -ասացի ես,- խաղաքարի փոխարեն ինչո՞ւ եք շիլինգ օգտագործում։
-Երեխաներն են, այսօր կեսօրից հետո սըր Ռեջինալդի երեխաներն էին շախմատ խաղում,- պատասխանեց նույն ջենթլմենը,- երեխաներից ամենափոքրը մի խաղաքար ձեռքին դուրս է վազել սենյակից ու այն կորցրել այս հսկա, անկանոն կառուցված շենքում։ Հասկանում եմ, որ ծառաները արդեն ժամերով փնտրում են այդ խաղաքարը, բայց մինչև հիմա չեն գտել։
-Անկասկած, կգտնեն,-ասաց Հոլմսը։- Իսկ ի՞նչ խաղաքար էր։
-Ի զարմանս ինձ՝ երկրորդ ջենթլմենը՝ երկուսից ակնհայտ տարիքովը, ասաց․
-Դուք, պատահաբար, պարոն Շերլոք Հոլմսը չե՞ք։
— Այո,-պատասխանեց ընկերս։
-Իսկ նա, կարծում եմ, Ձեր ընկեր դոկտոր Վաթսոնն է։
-Այո, — պատասխանեցի ես։
-Ինչ հաճելի է Ձեզ հանդիպելը,- ասաց ջենթլմեններից մեկը անկեղծ ոգևորությամբ,- թույլ տվեք ներկայանալ, ես Արթուր Պալմերստոնն եմ, իսկ սա իմ եղբայր Ռոբերտն է։ Գիտեք՝ երկուսս էլ ձեր մեծ երկրպագուներն ենք։
—Ինչպե՞ս իմացաք, որ Հոլմսն եմ,- հարցրեց ընկերս։
-Այստեղ գաղտնիք չկա, ընդհանրապես ոչ մի գաղտնիք չկա, -ծիծաղեց պարոն Պալմերստոնը։- Տվյալ հանգամանքներում Շերլոկ Հոլմսին ճանաչելու համար Շերլոկ Հոլմս լինելը պարտադիր չէ։
-Տվյալ հանգամանքներո՞ւմ,- հարցրեց Հոլմսը։
-Պարոն Հոլմս,-շարունակեց ջենթլմենը,- հիշո՞ւմ եք նկարիչ Ջոզեֆ Ադլերին։
Հոլմսը մի պահ հոնքերը խոժոռեց;
-Այո,- հիշեց նա,- մոտ վեց ամիս առաջ գինետանը հանդիպել եմ նրան։ Կարծեմ, պարոն Ադլերը ծաղրանկարիչ է։
—Այո, իհարկե,-պատասխանեց Պալմերստոնը։- Նա ամենալավ ծաղրանկարիչն է։ Երեկ՝ լանչի ժամանակ, Ձեր մասին էինք խոսում։ Նա վերցրեց շագանակագույն հին թղթի կտոր և Ձեր ծաղրանկարն արեց։ Բնօրինակի հետ այդպիսի նմանություն երբեք չեմ տեսել։ Հուսով եմ, պարոն Հոլմս, երբևէ այդ նկարը Ձեզ ցույց տալու բավականությունը կունենամ։ Չնայած բնորոշ առանձնահատկությունների առատությանը՝ ներքին նմանությունը, իսկապես, աներևակայելի է։ Կարծում եմ, որ Ձեզ կճանաչեի երկրագնդի ցանկացած վայրում։
—Օ՜, -ասաց Հոլմսը, պարոն Պալմերստոն, սակայն այդպես էլ չասացիք, թե շախմատի տախտակից որ խաղաքարն է պակասում։
-Եթե իսկապես Շերոկ Հոլմսն եք,- կատակեց Պալմերստոնը,- պետք է կարողանաք ասել, թե որ խաղաքարն է պակասում։
-Սա, հազիվ թե լավ թեստ է, — անվրդով և բարեհամբույր ասաց Հոլմսը։-Եթե այս դիրքից հնարավոր է տրամաբանորեն որոշել, թե որ խաղաքարն է բացակայում, կարող եմ անել։ Բայց, գիտեք ինչ, իրական պարտիաներում հարյուր դեպքից մեկում է հանդիպում այնպիսի դիրք, որը հնարավոր է ենթարկել ետվերլուծության։
-Այդ դեպքում,- պատասխանեց ավագ Պալմերստոնը,- պատրաստ եմ դնել հարյուր շիլինգ մեկի դիմաց, որ չեք գտնի, թե որ խաղաքարն է բացակայում։
Հոլմսը մի ակնթարթ մտածեց;
-Իրականում, ջենթլմեններ, -ասաց նա,-դա կլինի անազնիվ գրազ՝ այսինքն, անազնիվ ձեր նկատմամբ։ Չէ որ կարող եմ ուղղակի կռահել, թե որ խաղաքարն է բացակայում, քանի որ կարող եմ ճիշտ կռահել մեկը տասի հավանականությամբ, իսկ ինձ առաջարկում եք մեկը հարյուրին․ այդպիսի գրազը ընդունելը իմ կողմից անազնիվ կլինի։
-Ուզում էի ասել, պարոն Հոլմս,- ինքն իրեն ուղղեց Պալմերստոնը,- դնում եմ հարյուրը մեկի դիմաց, որ չեք կարող իմանալ, թե որ խաղաքարն է բացակայում։
-Իսկ ինչպե՞ս կիմանաք, որ ես դա գիտեմ;
-Ուզում էի ասել, -շարունակեց Պալմերստոնը, -որ դնում եմ հարյուրը մեկի դիմաց, որ Դուք չեք կարող մեզ ասել, թե որ խաղաքարն է բացակայում և ապացուցել, որ հենց այդ խաղաքարն է բացակայում:
Հոլմսը մի րոպե մտածեց և ասաց․
-Ես գրազի սիրահար չեմ, պարոն Պալմերստոն, բայց այս խնդիրը ինձ հետաքրքրեց։ Լավ, գրազը ընդունում եմ: Իսկ որքա՞ն ժամանակ եք տալիս մտածելու համար։
-Իսկ որքա՞ն ժամանակ է Ձեզ պետք,-հարցրեց Պալմերստոնը։
-Երեսուն րոպեն խելամի՞տ ժամանակ է։
-Հիանալի է,-պատասխանեց Պալմերստոնը,- եղբայրներով մի քիչ հոգնել ենք սեղանի մոտ նստելուց, և կես ժամանոց զբոսանքը շատ օգտակար կլինի։ Երբ վերադառնանք, պարոն Հոլմս, վստահեցնում եմ, շատ գոհ կլինեմ, որ գրազը տանեք։
Այս ասելով՝ եղբայրները դուրս եկան գրադարանից։
Հենց որ Պալմերստոն եղբայրները դուրս եկան, Հոլմսը սկսեց ուսումնասիրել դիրքը՝ ծարաված գիշատիչի տեսքով։ Խնդիրն ինձ շատ բարդ թվաց, և ես սկսեցի քայլել գրադարակների երկայնքով։ Ինչ զիլ գրադարան էր։ Ինչքան գովասանք լսել էի նրա մասին, ամենևին էլ չափազանցություն չէր։ Օրինակ՝ այստեղ կար վարդապետ Էնտոնի Կուպերի, գրաֆ Շեֆտսբերի Բնութագրիչների 1710թ․ առաջին հրատարակությունը։ Սա վաճառքից վաղուց անհետացած գիրք էր, և չափազանց հազվագյուտ էր ցանկացած հրատարակությամբ։ Հարմար տեղավորվեցի կեսժամյա հաճելի ընթերցանության համար։ Սակայն, ուղիղ տասնհինգ րոպե անց լսվեց Հոլմսի հաղթական ձայնը․
-Վաթսոն, հասկացա, ես հասկացա։ Չեմ կարող սպասել, մինչև ջենթլմենները վերադառնան։
Սակայն, այնպես ստացվեց, ու նրանք վերադարձան ոչ թե տասնհինգ, այլ հինգ րոպե հետո։
-Մի՛ անհանգստացեք, Հոլմս,-ասաց ավագ Պալմերստոնը,- դեռ տասնհինգ րոպե էլ ունեք։ Թե՞ մեր ներկայությունը կխանգարի Ձեզ։
-Ամենևին, ջենթլմեններ,- պատասխանեց Հոլմսը,-փաստորեն, արդեն լուծել եմ ձեր հեշտ խնդիրը։
-Իսկապես, բացականչեց Պալմերստոնը,- անկեղծորեն ուրախ զարմանքով։-Հիանալի է։ Փողոցում Ռոբերտի հետ քննարկում էինք դիրքը։ Հոլմս, ինչպես հիմա հասկանում ենք, երկուսս էլ խաղացել ենք ազատ և ոչ ստանդարտ, բայց, հասկանալի է, կանոնների սահմաններում։ Սակայն կարծում էինք, որ բավական լավ թաքցրել էինք մեր տարօրինակ քայլերը, և Ձեզ չէր հաջողվի դրանք հայտնաբերել։
-Միայն երկրորդական քայլերը,- ասաց Հոլմսը,- իսկ գլխավորները տեսանելի էին․ դրանք բավական են գաղտնիքը բացահայտելու համար։
Երեքով նստեցինք շախմատային սեղանի մոտ, և Հոլմսը խոսեց ուսանողներին դասախոսություն կարդացող պրոֆեսորի տեսքով։
-Դեպի լուծումը տանող առաջին բանալին,-սկսեց նա,- d7 վանդակում գտնվող նավակով շախն է։ Ինչպե՞ս կարող էին սպիտակները այդ շախը հայտարարել։ Մի րոպե շփոթության մեջ էի, մինչև հասկացա, որ սպիտակները c7 վանդակի զինվորով d8 վանդակում խաղաքար են վերցրել և զինվորը փոխարկել են նավակի։
-Այո, — քմծիծաղեց Ռոբերտ Պալմերստոնը,- դա իմ արտասովոր քայլերից մեկն էր։
-Այդ դեպքում,- շարունակեց Հոլմսը,- հարց է առաջանում, թե զինվորը d8 վանդակում ինչ խաղաքար է վերցրել։ Դա չէր կարող լինել նավակ, որը շախ հայտարարած լիներ սպիտակ արքային, քանի որ չէր կարող հայտնվել այդ վանդակում, որպեսզի շախ հայտարարեր։ Ոչ մի սպիտակ խաղաքար, նույնիսկ եթե բացակայողը սպիտակ խաղաքար է, չէր կարող լքել e8, f8, g8 վանդակներից մեկը՝ շախ բացելով սեփական արքային; Նույն պատճառներով չէր կարող լինել և թագուհի։
-Մեկ րոպե, — չմտածելով ընդհատեցի Հոլմսին,-ինչո՞ւ չէր կարող լինել b6 անկյունագծով եկած թագուհին։
-Որովհետև, — պատասխանեց նա,- խաղաքարը տանելուց առաջ սպիտակ զինվորը կանգնած էր с7 վանդակում։
Զգացի ասածս հիմարությունը և որոշեցի այլևս չընդհատել նրան։
-Հետևաբար,- շարունակեց Հոլմսը,- վերցված խաղաքարը պետք է լիներ ձի կամ փիղ։
-Մեկ րոպե,- նորից մեջ ընկա՝ բոլորովին մոռանալով որոշումս,- ինչպես կարող էր լինել սև ձի, եթե տախատակին արդեն երկու սև ձի կա։
-Ախ, Վաթսոն,-ասաց Հոլսը՝ դժգոհության երանգով,-ինչո՞ւ եք անընդհատ մոռանում, որ զիվորը կարող է փոխակերպվել ցանկացած խաղաքարի։
Ինձ նախկինից ավելի հիմար վիճակում զգալով՝ որոշեցի լռել;
-Հասկանալի է, որ պետք է ձի լիներ,- շարունակեց Հոլմսը։- Միայն այդ դեպքում դա կամ մյուս երկու ձիերից մեկը կարող էր ստացվել անցողիկ զինվորից;
Այդ ժամանակ Արթուր Պալմերստոնը թեթևակի սպիտակեց՝ անհայտ պատճառով։
— Մյուս կողմից,- շարունակեց Հոլմսը,-եթե դա փիղ լիներ, նորից պետք է ստացված լիներ անցողիկ զինվորից։
-Ինչո՞ւ- նորից չհամբերեցի ես։
-Որովհետև,-պատասխանեց Հոլմսը այս անգամ ավելի փափուկ տոնով,-սկզբնական փիղը վերցվել է իր տնային f8 վանդակում, քանի որ е7 և g7 զինվորները քայլ չեն արել։
— Հա, իսկապես,- ասացի ես։
-Այսպիսով, -շարունակեց Հոլմսը,- հիմա գիտեմ, որ պարտիայի ընթացքում սև զինվորը նույնպես փոխակերպվել է ուրիշ խաղաքարի։
-Զարմանալի է,- ասաց Արթուր Պալմերստոնը։-Ես, իսկապես, զինվորը փոխել էի ուրիշ խաղաքարով, և դա իմ անսովոր քայլերից մեկն էր։ Ռոբերտի հետ կանխատեսել էինք, որ կիմանաք սպիտակ զինվորը նավակով փոխելու մասին, բայց զարմացած եմ, որ ձև գտաք իմանալու իմ կատարած փոխարինման մասին։
-Դրանք տարրական բաներ են,-ասաց Հոլմսը,- իսկապես պարզ։ Վերլուծության հետաքրքիր մասը դեռ առջևում է։ Իսկ ներկա փուլում կարող եմ եզրակացնել, որ բացակայող խաղաքարը սպիտակ է։
-Ինչպե՞ս,- հարցրեց Ռոբերտ Պալմերստոնը։
-Այն չի կարող լինել սև նավակ կամ թագուհի, քանի որ այդ դեպքում երկու արքաները միաժամանակ կլինեին շախի տակ։
Ես հասկացա։
-Չի կարող լինել նաև սև զինվոր, քանի որ բացակայում է միայն մեկ սև զինվոր, որն էլ, արդեն գիտենք, փոխարինվել է փղով կամ ձիով։ Եվ վերջապես, այն չի կարող լինել մյուս սև ձին, կամ f8 վանդակի փիղը, կամ զինվորից ստացված մեկ ուիշ փիղ, քանի որ տախտակից միայն մեկ զինվոր է բացակայում։ Հետևաբար, անհայտ խաղաքարը պետք է սպիտակ գույն ունենա։
— Փայլուն է,-ասաց Ռոբերտ Պալմերստոնը։
-Հիմա սկսվում է վերլուծության դժվար մասը,-շարունակեց Հոլմսը;- Ի՞նչ խաղաքար է եղել։ Ակնհայտ է, որ զինվոր չէ, քանի որ բացակայող միակ զինվորը փոխարկվել է նավակի։ Հետևաբար բացակայողը կամ թագուհի է, կամ նավակ, կամ փիղ, կամ ձի, բայց հատկապես ի՞նչ։ Սկզբում փորձեցի հնարավորությունները բացառել մեկը մյուսի ետևից, բայց օգուտ չտվեց, և արդեն տխրությամբ մտածում էի, որ խնդիրը, հնարավոր է՝ անլուծելի է: Սակայն, հանկարծ մի միտք փայլատակեց։ Եթե այն աշխատեր, իսկ այն իսկապես աշխատեց, կկարողանայի միանգամից չորս տարբերակներից երեքը բացառել։
Սկզբում ինձ հարց տվեցի, թե սև զինվորներից որ մեկն է փոխակերպվել այլ խաղաքարի։ Այս հարցին պատասխանելը հեշտ էր։ Զինվորը a6 վանդակ եկել է b7 վանդակից, c5 և d6 վանդակների զինվորները տեղափոխվել են c7 և d7 վանդակներից, կնշանակի, որ c4 վանդակի զինվորը եկել է f8 վանդակից։ Հետևաբար տախտակից բացակայող սև զինվորը դուրս է եկել h7 վանդակից։ Հետո ինքս ինձ հարցրի, թե որ վանդակում է այդ զինվորը փոխակերպվել ուրիշ խաղաքարի։ Սա որոշելն էլ հեշտ էր։ Չէր կարող ուղղաձիգով գալ մինչև վերջ, քանի որ h2 վանդակի զինվորը իր տեղում է։ Հետևաբար այդ սև զինվորը գոնե մեկ խաղաքար վերցրել է։ Չէր կարող մեկ խաղաքարից ավել վերցնել, քանի որ տախտակին կա տասնմեկ սպիտակ խաղաքար՝ ներառյալ բացակայողը։ Կնշանակի՝ բացակայում են հինգ սպիտակ խաղաքարեր։ Դրանցից մեկը վերցվել է a6 վանդակում, ևս երեքը վերցվել են с4 վանդակում գտնվող զինվորի կողմից, որը դուրս էր եկել f7 վանդակից։ Արդյունքում ստացվեց հինգ վերցված խաղաքարերից չորսը․ կնշանակի, որ h7 վանդակից դուրս եկած զինվորը մեկ անգամ է վերցրել։ Հետևաբար, այդ զինվորը վերցրել է ճիշտ մեկ խաղաքար և վերցնելով այդ խաղաքարը՝ g1 դաշտում փոխակերպվել է այլ խաղաքարի։
-Գիտեք,-Հոլմսին ընդհատեց Արթուր Պալմերստոնը,- առաջանում է սարսափելի զգացողություն, որ ինչ-որ մեկի անցած քայլերը կարելի է ճշգրիտ հետևել խիստ տրամաբանության միջոցով։
-Դեհ,- ծիծաղեց Հոլմսը,- արդեն վերջը մոտ է, և հասնում է վերլուծության ամենանուրբ մասը։ Ինձ հանկարծ հետաքրքրեց հետևյալ հարցը։ Հայտնի է, որ h7 վանդակից դուրս եկած զինվորը g ուղղաձիգի վրա ինչ-որ վանդակում վերցրել է սպիտակ խաղաքար, բայց հատկապես ո՞ր վանդակում։ Առաջին հայացքից կարող էր լինել g2 վանդակում՝ g3 վանդակի զինվորի թիկունքում։ Բայց արդյո՞ք այդ ենթադրությունը ճիշտ էր։ Չէ՞ր կարող g3 վանդակի զինվորը եկած լիներ f2 վանդակից՝ ազատ թողնելով g ուղղաձիգը սևերի անցողիկ զինվորի համար։ Ենթադրենք, որ g3 վանդակի զինվորը իսկապես տեղափոխվել է f2 վանդակից։ Այդ դեպքում նա մի խաղաքար պետք է վերցնի։ Կնշանակի, որ d8 վանդակի զինվորը, որը հիմա ունի նավակի տեսք, պետք է եկած լինի g2 վանդակից՝ վերցնելով հինգ խաղաքար՝ չորսը, որպեսզի g2 վանդակից հասնի c6 վանդակը, և հինգերորդը՝ որպեսզի c7 վանդակից անցնի d8 վանդակ։ Կնշանակի, որ այդ ընթացքում վերցվել է ճիշտ վեց սև խաղաքար։ Քանի որ տախտակի վրա բացակայում է ճիշտ վեց խաղաքար, առաջին հայացքից, հնարավոր է թվում։
-Իսկ ինչո՞ւ պետք է հնարավոր չլինի,-հարցրի ես։
-Էհ, Վաթսոն,- խիստ պատասխանեց Հոլմսը,- պետք է հիշել, որ սև փիղը չի քայլել, և վերցվել է իր տնային վանդակում։
-Իհարկե, -ասացի ես։
-Այսպիսով, ջենթլմեններ, այդպիսի հնարավորությունն ունի ճիշտ մեկ հատ ավելի հարված։ Կնշանակի, որ g3 վանդակի զինվորը չի եկել f2 վանդակից։ Հետևաբար սև անցողիկ զինվորը իսկապես վերցրել է g2 վանդակում։
-Ինչո՞ւ եք այդքան կարևորություն տալիս այդ մանրուքին,- հարցրեցի ես։- Դա իսկապե՞ս կարևոր է։
-Կարևորություն ունի, — գրեթե գոռաց Հոլմսը։- Կարևորություն ունի։ Ախր, դա լուծում է ամբողջ խնդիրը,- հաղթական բացականչեց նա։
-Ինչպե՞ս,-հարցրի ես։
-Որովհետև g2 վանդակը սպիտակ է։ Կնշանակի, որ անցողիկ սև զինվորը խաղաքարը վերցրել է սպիտակ վանդակում։ Զինվորը a6 վանդակում վերցրել է սպիտակ վանդակում, և c4 վանդակի զինվորը երեք անգամ վերցրել է սպիտակ վանդակներում։ Կնշանակի բոլոր խփված սպիտակ հինգ խաղաքարերը վերցվել են սպիտակ վանդակներում։ Միակ խաղաքարը, որին հնարավոր չէ վերցնել սպիտակ վանդակում c1 վանդակի սպիտակ փիղն է։ Եթե անհայտ խաղաքարը այդ փիղը չէ, ապա պետք է լինի սպիտակ վանդակներում վերցված այդ հինգ խաղաքարերից մեկը։ Ինչը անհնար է։ Հետևաբար, ջենթլմեններ, ձեր հանելուկային խաղաքարը սպիտակ փիղն է։
Երեքով լուռ նստել էինք։ Սրանք տրամաբանական դեդուկցիայի ամենահիանալի կտորներից էին, որոնց երբևէ հանդիպել եմ։ Ինչքան էլ ինձ համար այս ամենը զարմանալի լիներ, լավ պատկերացնում էի, թե ինչպիսի ցնցում առաջացրեց այն խաղացողների մոտ, որ հենց սկզբից գիտեին, որ սպիտակ փիղն է բացակայում։ Բախտի հաճելի հեգնանքով, հենց այդ պահին հանդիսավոր կերպով սենյակ մտավ ծառայապետը՝ ձեռքին սպիտալ փիղը, որը դրեց սեղանին ասելով․ «Ջենթլմեններ, սպիտակ խաղաքարը գտնված է»։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան
—