Ո՛չ, նրանք բոլորն էլ տարբեր են և կրում են ժամանակաշրջանին բնորոշ իրենց դիմակները՝ իրեն ռոքեր համարողը՝ կովբոյական սանրվածք ու սրածայր բարձրակրունկ կոշիկներ, բարձր նորաձևության սիրահարը՝ «Բերլինգթոն» ու «Շևինյոն», մոտոցիկլետ չունեցող բայքերը՝ պերֆեկտո բաճկոն: Մեկի մազերը երկար են, մյուսինը՝ խիստ կարճ՝ ըստ ընտանեկան նախասիրությունների…

Ահա այն  աղջիկը կորել է հոր վերնաշապիկի մեջ, որը հասնում է մինչև ջինսի պատռված ծունկը, իսկ մյուսը՝ ամբողջությամբ սև հագած՝ կարծես սիցիլիական այրի լինի («ես այլևս կապ չունեմ այս աշխարհի հետ»), այնինչ նրա բաց մազերով հարևանուհին, ընդհակառակը, ասես պատրաստվում է գեղեցկության մրցույթի՝ խնամված, շլացուցիչ սանրվածքով՝ կարծես գունեղ ամսագրի շապիկից։

Նրանք արդեն դուրս են եկել խոզուկի ու կարմրուկի տարիքից, հիմա էլ  վարակվում են նորաձևությամբ։

Իսկ ինչ բարձրահասակ են․ մեծ մասը հանգիստ կարող է ուտեստը ուսուցչի գլխի վրայով ուտել։ Իսկ տղաներն ինչքա՜ն ուժեղ են, աղջիկներն՝ արդեն գեղեցիկ  կառուցվածքով։

Ուսուցչին թվում է, թե ինքը նրանց տարիքում այդքան «ձևավորված չէր»՝ ավելի մանր էր, ավելի փխրուն… Հետպատերազմյան թուլակազմ մի էակ՝ սնված Մարշալի ծրագրի պահածո կաթով… Ինքը՝ ուսուցիչը, ապրում էր վերականգնման մի ժամանակաշրջան, ինչպես ողջ Եվրոպան։

Իսկ նրանք արդյունքի մարմնավորումն են։

Այդ առողջությունն ու նորաձևությանը լիովին համահունչ լինելը նրանց մի  այնպիսի հասուն տեսք են տալիս, որից  կարելի է նույնիսկ  վախենալ։ 

Նրանց սանրվածքը, հագուստը, նվագարկիչները, հաշվիչները, խոսելու ձևը, ինքնավստահ կեցվածքը մղում են այն մտքին, թե գուցե նրանք շատ ավելի լավ են «հարմարված» ժամանակակից աշխարհին, քան ինքը՝ ուսուցիչը։ Թե նրանք ավելի շատ բան գիտեն այդ ժամանակի մասին…

Բայց ի՞նչ գիտեն։

Ահա և ամբողջ հանելուկը։

Ոչինչ այնքան խորհրդավոր չէ, որքան հասունության պատրանքը։

Եվ եթե մեր ուսուցիչը «թրծված» չլիներ կյանքի հորձանուտում, հեշտությամբ կարող էր իրեն «դուրս մղված» զգալ՝ ներկայից,  ժամանակից հետ ընկած։ Բայց նա արդեն քսան տարվա դասավանդման փորձ ունի․ տեսել է երեխաներ, պատանիներ՝ գուցե երեք-չորս հազար, գուցե ավելի շատ… Տեսել է բոլոր հնարավոր նորաձևություններն ու դրանց անցողիկությունը… Եվ նույնիսկ՝ վերադարձը։

Մի բան կա միայն, որ չի փոխվում՝ անձնական քարտերի պարունակությունը՝ «Ավերման» էսթետիկան՝ իր ողջ ցուցադրականությամբ․ ես ծույլ եմ, ես հիմար եմ, ես անպիտան եմ, ամեն ինչ փորձել եմ, բայց՝ ապարդյուն, մի՛ ջանացեք, իմ անցյալն ապագա չունի…

Կարճ ասած՝ նրանք իրենց չեն սիրում։ Եվ այդ մասին բղավում են մի համոզմունքով, որ դեռ մանկական է։

Մենք  երկու աշխարհի միջակայքում ենք, ըստ էության։ Եվ երկուսի  հետ էլ կապը կորցրել ենք։

Մենք «մոդայիկ ենք», իհարկե, «քուլ» (օ՜, որքան), բայց դպրոցը մեզ «նյարդայնացնում է», նրա պահանջները՝ «գլուխներս տանում են», մենք էլ  մանուկներ չենք, բայց ամբողջ էությունն այն է, որ մնում ենք կախված՝ անվերջ սպասումից, թե երբ պիտի մեծանանք…

Ցանկանում ենք լինել ազատ, իսկ զգում ենք՝ լքված։

-43-

Եվ, իհարկե, հասկանալի է, նրանք չեն սիրում կարդալ։ Գրքերում չափազանց շատ բառեր կան, էջեր՝ նույնպես։ Կարճ ասած ՝ չափազանց շատ գրքեր կան։

Ո՛չ, կարդալ  միանշանակ չեն սիրում։ Ամեն դեպքում, հենց դա է վկայում հարյուրավոր վեր  բարձրացած ձեռքերի անտառը, երբ ուսուցիչը հարց է տալիս․

– Ձեզնից  ո՞վ չի սիրում կարդալ։

Այդ կիսամիաձայնության մեջ նույնիսկ մի տեսակ մարտահրավեր է զգացվում։ Որոշ ձեռքեր, սակայն, չբարձրացան (այդ թվում՝ Սիցիլիական  այրուհունը), բայց դա էլ հարցի նկատմամբ ընդգծված անտարբերության նշան էր։

– Լա՛վ, – ասում է ուսուցիչը, – քանի որ դուք չեք սիրում կարդալ… Ինքս  ձեզ համար գրքեր կկարդամ։

Եվ անմիջապես գործի անցնելով՝  բացում է պայուսակն  ու դուրս է  հանում մի գիրք ՝ ահա այսքան մեծ, հաստ, խորանարդաձև, հսկայական, փայլուն կազմով, այն ամենաազդեցիկ տեսքն ունեցող գրքերից մեկը, որ կարելի է պատկերացնել։

— Պատրա՞ստ եք։

Նրանք ոչ իրենց աչքերին են հավատում, ոչ էլ՝ ականջներին։ Էս խենթը իրո՞ք պատրաստվում է ամբողջը կարդալ իրենց համար։ Դրա համար տարիներ կպահանջվեն։

Շփոթմունք… Նույնիսկ որոշ լարվածություն…

Այնպես չի լինում, որ ուսուցիչը որոշի ամբողջ տարին ընթերցանությանը նվիրել։ Կամ լրիվ ծույլ է, կամ էլ ինչ-որ բան է թաքցնում։ Չարամիտ հնարք է, ուզում է թակարդի մեջ գցել։ Հետո էլ նոր բառերի ցուցակ կպահանջի ու ընթերցածի  հաշվետվություն…

Նրանք նայում են միմյանց։ Նրանցից ոմանք, ամեն պատահականության համար, իրենց առաջ թուղթ են դնում և գրիչը ձեռքին պատրաստվում։

— Ո՛չ-ո՛չ, ոչինչ գրի առնելու կարիք չկա։ Պարզապես լսե՛ք։

Այդ պահին առաջանում է խնդիր՝  ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ է դառնում  մարմինը դասարանի չորս պատերի մեջ, եթե նրանից վերցնես գրիչի  ու մաքուր թղթի «ալիբին»։ Ի՞նչ անել նման իրավիճակում։

– Հարմար տեղավորվե՛ք, թուլացե՛ք…

Բանան սանրվածքովը և կովբոյական կոշիկներովը, հետաքրքրությանը չդիմանալով, վերջապես հարցնում են․

— Դուք պատրաստվո՞ւմ  եք ամբողջ գիրքը կարդալ։ Բարձրաձա՞յն։

— Հազիվ թե ինչ-որ բան լսեք, եթե ես լուռ, ինքս ինձ համար կարդամ…

Թույլ  ծիծաղ է բարձրանում։ Բայց երիտասարդ սիցիլուհին նման խաղերի մեջ չի մտնում։ Կիսաձայն, բայց այնպես, որ  բոլորը լսեն, շշնջում է․

— Մենք արդեն էդ տարիքից դուրս ենք։

Տարածված  կանխակալ կարծիք… Հիմնականում այն մարդկանց մեջ, ովքեր երբեք ընթերցանությունը որպես նվեր չեն ստացել։ Իսկ նրանք, ովքեր ստացել են, գիտեն՝ նման վայելքի համար տարիք գոյություն չունի։

– Եթե տասը րոպե անց էլ համոզված լինես, որ տարիքդ անցել է, պարզապես բարձրացրու ձեռքդ, և ես քեզ այլ բան կհանձնարարեմ։ Համաձա՞յն ես։

— Իսկ ի՞նչ գիրք է, – հարցնում է «Բերլինգտոնը»՝ փորձառու և աշխարհ տեսած մարդու տեսքով։

— Վեպ։

— Իսկ ինչի՞ մասին է։

— Դժվար է ասել, մինչև չկարդաս։ Լա՛վ, բոլորը լսու՞մ են։ Զրույցները դադարեցրե՛ք։ Սկսում ենք։

Նրանք լսում են… Թերահավատորեն, բայց լսում են։

— Գլուխ առաջին․ «Տասնութերորդ դարում Ֆրանսիայում ապրում էր մի մարդ, ով համարվում  էր այդ դարի ամենահանճարեղ և ամենազզվելի  կերպարներից մեկը։ Դար, որ այնքան հարուստ էր հանճարեղ և զզվելի կերպարներով…»

«Դարաշրջանում, որի մասին խոսում ենք, տիրում էր մի գարշահոտություն, որը մերօրյա մարդկանց համար գրեթե աներևակայելի է։ Փողոցներից  գոմաղբի հոտ էր գալիս, բակերից ՝ մեզի, սանդուղքներից՝ փտած փայտի ու առնետների կղանքի, խոհանոցներից՝ փչացած կաղամբի ու ոչխարի ճարպի։ Չօդափոխված սենյակներում ծանրացած էր փոշու հոտը, ննջարաններում՝ կեղտոտ սպիտակեղենի, խոնավ բարձերի ու գիշերանոթի տհաճ գոլորշին։ Բուխարիներից ծծումբի հոտ էր գալիս, կաշվի մշակման թրջարաններից՝ քայքայիչ նյութերի, սպանդարաններից՝ լերդացած արյան,մարդկանց վրայից քրտինքի ու չլվացած հագուստի։ Նրանց բերաններից  փչում էր փչացած ատամների հոտ, ստամոքսներից՝ սոխի հյութի,իսկ  մարմինները, երբ նրանք ծերանում էին, սկսում էին բուրել  հին պանրի, թթված  կաթի և հիվանդագին ուռուցքների պես։ Գարշահոտ էին գետերը, հրապարակները, եկեղեցիները, կամուրջների տակը, նույնիսկ պալատները։ Գյուղացին նույնքան գարշահոտ էր, որքան քահանան, աշակերտը՝ վարպետի կնոջ պես։ Գարշահոտ էր ողջ ազնվական խավը, նույնիսկ հե՛նց թագավորն էր տհաճ բուրում՝ որսորդ գազանի նման, իսկ թագուհին թե՛ ձմռանը, թե՛ ամռանը՝ հին այծի նման»։

-45-

Սիրելի՛ պարոն Զյուսկինդ, շնորհակալություն, Ձեր էջերը տարածում են մի այնպիսի բույր, որը շոյում է թե՛ քթանցքները, թե՛ զգայարանները։ Ձեր «Օծանելիքը» երբեք չի ունեցել ավելի հետաքրքրված ու խորունկ ընթերցողներ, քան այս երեսունհինգ պատանիները, որոնք սկզբում այնքան էլ ցանկություն չունեին կարդալու։ Բայց հավատացեք՝ ընդամենը տասը րոպե անց Սիցիլիական այրին արդեն մտածում էր, որ տարիքով Դուք նրան լիովին  համապատասխանում եք։ Հուզիչ էր տեսնել, թե ինչպես էր նա, շուրթերը  կծելով, զսպում  ծիծաղը, որպեսզի  չխանգարի Ձեր պատմությանը։ Իսկ «Բերլինգթոնը» լայն բացել էր աչքերը, կարծես դրանք ականջներ լինեին, ու երբ ընկերներից մեկն այլևս չէր կարողանում զսպել ծիծաղը,  գոռում էր.

«Հանգի՛ստ մնացեք դուք այդտեղ։ Լռե՛ք, էլի»։

Մոտավորապես երեսուներկուերորդ էջում՝ այն հատվածում, որտեղ դուք համեմատում եք տիկին Գայարի տանն ապրող Ժան-Բատիստ Գրենուին մշտապես թաքստոցում գտնվող տիզի հետ (հիշո՞ւմ եք․ «Միայնակ տիզը՝ ծառի մեջ ծպտված՝ կույր, խուլ ու համր, տարիներ շարունակ լարված՝ որսում է մի քանի մղոն հեռավորությունից անցնող կենդանիների արյան հոտը…»)։Եվ ահա հենց այդ էջերի մոտ, երբ առաջին անգամ թափանցում  ենք Ժան-Բատիստ Գրենուիի խոնավ ներաշխարհը,     Բանան սանրվածքով և Կովբոյական կոշիկներովը, քնեց՝ գլուխը   դրած ծալապատիկ ձեռքերի վրա։ Իրական, խաղաղ քուն էր դա՝ հանգիստ ու հավասար շնչառությամբ։

Ո՛չ, մի արթնացրեք նրան․ չկա ավելի քաղցր բան, քան ընթերցանության օրորոցայինի  տակ քնելը։Չէ որ դա ընթերցանության առաջին բերկրանքն է։ Նա դարձավ վստահող փոքրիկ  … և նույնքան փոքրիկ էլ մնաց, երբ, զանգի ղողանջից արթնանալով, բացականչեց․

– Վայ, քնեցի՜։ Ի՞նչ եղավ մայրիկ Գայարի տանը։

46

Եվ շնորհակալություն նաև ձեզ, պարոնայք Մարկես, Կալվինո, Սթիվենսոն, Դոստոևսկի, Սակի, Ամադու, Գարի, Ֆանտե, Դալ, Ռոշե, լինեք ողջ,  թե մեռած։ Այդ ընթերցանությունը չսիրող երեսունհինգ երեխաներից և ոչ մեկը  չսպասեց, որ ուսուցիչը ավարտի ձեր գիրքից որևէ մեկը. նրանք հասցրին ավարտել այն ավելի շուտ։ Ի՞նչ իմաստ ունի հետաձգել մեկ շաբաթով այն հաճույքը, որը կարելի է վայելել հենց այս երեկո։

– Իսկ ով է այդ Զյուսկի՞նդը։

–Ո՞ղջ է։

– Իսկ էլ  ի՞նչ է գրել ։

– «Օծանելիքը» ֆրանսերենո՞վ է գրված։

Թվում է՝ ֆրանսերեն։ (Շնորհակալություն, շնորհակալություն, պարոն Լորտոլարի, շնորհակալություն ձեզ, թարգմանիչներ ու թարգմանչուհիներ, Պենտեկոստեի լույսեր, շնորհակալություն)։

Եվ ահա, շաբաթներն անցնում են…

– Հրաշալի է «Կանխագուշակված մահվան քրոնիկոն»-ը։ Իսկ «Հարյուր տարվա մենություն»-ը, պարոն, ինչի՞ մասին է։

– Վայ, Ֆանտենը, պարոն, Ֆանտենը։ Նրա «Իմ հիմար շուն»-ը իսկապես, չափազանց զվարճալի է։

Գարիի «Ամբողջ կյանքն առջևում է»-ն իսկական գլուխգործոց է։

– Իսկ Ռոալդ Դալը ուղղակի անզուգական է։ Պասկերացրեք՝ կինն իր ամուսնուն սպանում է  սառեցրած բդի մի հարվածով, հետո էլ ոստիկաններին հենց այդ ապացույցն է տալիս, որ ուտեն. ես ուղղակի ծիծաղից թուլացել էի։

Լավ, լավ… Քննադատական դատողությունը դեռևս ձևավորված  և հղկված չէ, բայց կլինի, թող կարդան, ամեն ինչ իր ժամանակին կլինի…

— Պարո՛ն, նայե՛ք «Երկատված  վիկոնտը», «Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմություն»-ը, «Դորիան Գրեյի դիմանկար»-ը։  Այս բոլոր գրքերն էլ գրեթե նույն բանի մասին են, չէ՞՝ չարի ու բարու, խղճի, գայթակղության, հասարակական բարոյականության․․․ Այսպիսի բաների մասին են, այդպես չէ՞։

– Այո՛։

– Իսկ Ռասկոլնիկովին կարելի՞ է «ռոմանտիկ» կերպար համարել։

Տեսնում եք… արդեն ստացվում է։

47

Այնուամենայնիվ, որևէ հրաշք տեղի չունեցավ։ Ուսուցչի վաստակը  այս գործում գրեթե զրոյական էր։ Ընթերցանության հաճույքը շատ մոտ էր, միայն թաքնվել էր երեխաների ներսում բույն դրած վախի պատճառով. չհասկանալու վախի (շատ, շատ հին)։

Պարզապես մոռացել էին, թե ինչ է գիրքը  և ինչ կարող է տալ։ Մոռացել  էին, որ յուրաքանչյուր վեպ նախ և առաջ պատմված մի պատմություն է։ Չգիտեին, որ վեպը պետք է կարդալ հենց որպես վեպ՝ առաջին հերթին մեր հետաքրքիր պատմությունների ծարավը հագեցնելու համար։

Այս քաղցը հագեցնելու համար մարդիկ վաղուց սկսել են  ապավինել հեռուստացույցի փոքր էկրանին, որն աշխատում է անդադար՝ մուլտֆիլմերի, սերիալների  ու թրիլլերների անվերջ մի շղթա ՝ կազմված միմյանց նմանվող պատմություններից։ Դա դառնում էր մեր ամենօրյա «ֆանտազիայի բաժինը»։ Այդ ամենը լցնում է մարդու գլուխը, ճիշտ այնպես, ինչպես որովայնը լցնում են անորակ ուտելիքով․ կուշտ ես, բայց սննդարար ոչինչ չես ստանում։

Ամեն ինչ շատ արագ մարսվում է։ Իսկ հետո նույնքան դատարկ ու մենակ ես մնում, որքան մինչ այդ։

«Պարֆյումերի» բարձրաձայն  ընթերցանությամբ մենք ծանոթացանք Զյուսկինդի հետ։ Պատմությունն, իսկապես, հետաքրքիր, զվարճալի ու տարօրինակ էր, բայց  կար նաև ձայն ՝ հենց Զյուսկինդի ձայնը (հետագայում այն կանվանեն «շարադրանքի ոճ»)։ Այո՛, մի պատմություն, բայց կա նաև ինչ-որ մեկը, ով պատմում է այն։

— Սկիզբը տպավորիչ է, պարո՛ն։

«Սենյակներից տհաճ հոտ էր գալիս… Մարդկանցից  տհաճ հոտ էր գալիս… Գետերից տհաճ հոտ էր գալիս… Հրապարակներից տհաճ հոտ էր գալիս… Եկեղեցիներից տհաճ հոտ էր գալիս… Թագավորից տհաճ հոտ էր գալիս…»։ Իսկ մեզ սովորեցնում  էին  խուսափել կրկնություններից։ Բայց գեղեցիկ է ստացվել, գեղեցիկ ու անսովոր, այնպես չէ՞։

Այո՛, պատմության վայելքն ամբողջանում է շարադրանքի ոճի հմայքով։ Վերջին էջը կարդալուց հետո մենք չենք մնում միայնակ, մեզ հետ է ձայնի արձագանքը։ Զյուսկինդի ձայնն, անգամ թարգմանության կրկնակի ֆիլտրով  և ուսուցչի ընթերցմամբ, տարբերվում է Մարկեսի (դա անմիջապես նկատելի է) կամ Կալվինոյի ձայնից։ Եվ մի  անսովոր զգացողություն է առաջանում․ ըստ կարծրատիպի՝ պետք է բոլորի հետ նույն լեզվով խոսեն, բայց ահա Զյուսկինդը, Մարկեսը և Կալվինոն, յուրաքանչյուրն  իր լեզվով,  դիմում են հենց ինձ և իրենց պատմությունը պատմում են միայն ինձ ՝ երիտասարդ սիցիլացի այրուն, առանց մոտոյի Պերֆեկտոյին, Սանտիագսին, Բերլինգթոնին․ ես այլևս չեմ շփոթում նրանց ձայները և կարող եմ ընտրել ինձ ամենաշատը դուր եկածը։

«Տարիներ  անց՝ մահապատժից անմիջապես առաջ, գնդապետ Աուրելիանո Բուենդիան հիշեց մանկության այն օրը, երբ հայրը նրան տարավ սառույցին նայելու։ Այդ ժամանակ Մակոնդոն փոքրիկ գյուղ էր՝ մոտ քսան տնակ՝ կավից ու կաղնուց  կառուցված,  հենց գետի ափին, որի թափանցիկ ջրերը նախապատմական ձվերի նման գլորում էին կլոր հսկայական քարերը։

Գաբրիել Գարսիա Մարկես, «Հարյուր տարվա  մենություն» (Editions du Seuil). Թարգմանությունը՝ Կլոդ և Կարմեն Դյուրանների։

— Ես անգիր հիշում եմ «Հարյուր տարվա  մենություն» գրքի առաջին նախադասությունը  ինչպես նաև այդ  կլոր քարերը, որոնք ասես  նախապատմական ձվեր լինեին…

(Շնորհակալություն, պարո՛ն Մարկես, Դուք սկիզբ դրեցիք մի խաղի, որը կտևի ողջ տարին՝ որսալ ու մտապահել մեզ դուր եկած վեպերից առաջին նախադասությունները կամ սիրելի հատվածները):

– Ես «Ադոլֆի» սկիզբն եմ հիշում, գիտե՞ս  որ այն ամաչկոտության մասին է. «Ես չգիտեի, որ հայրս անգամ  սեփական որդուց էր ամաչում, որ հաճախ երկար ժամանակ ինձնից սիրո դրսևորումներ սպասելով, դրսևորումներ, որոնց   խանգարում էր նրա թվացյալ սառնությունը, նա հեռանում էր ինձնից՝ արցունքներն  աչքերին և գանգատվում մյուսներին,  թե ես նրան չեմ սիրում»։ 

— Հայրս հե՛նց այդպիսին էր ինձ հետ։

Նրանք փակ էին՝ փակված գրքի առաջ։ Իսկ այժմ ազատորեն լողում են գրքի բացված էջերում։

Անշուշտ, ուսուցչի ձայնն օգնեց այդ հաշտեցմանը․ ազատեց նրանց տեքստը վերծանելու ջանքից, հստակ ուրվագծեց իրավիճակները, դասավորեց դեկորները, մարմնավորեց հերոսներին, առանձնացրեց թեմաները, ցույց տվեց նրբերանգները՝ հնարավորինս հստակ կատարելով լուսանկարիչ–բացահայտողի իր դերը։

Բայց շուտով ուսուցչի ձայնն սկսում է խանգարել․ մի հաճույքը խաթարում է մյուսին՝ շատ ավելի «նուրբին»։

— Երբ դուք մեզ համար կարդում եք, պարո՛ն , իհարկե, օգնում է, բայց ինձ դուր է գալիս մենակ մնալ գրքի հետ…

Որովհետև ուսուցչի ձայնը՝  պատմությունը, որը  մեզ էր նվիրում, հաշտեցրեց ինձ գրի հետ և  վերադարձրեց իմ գաղտնի ու լուռ ալքիմիկոսի ձայնի համը, այն նույն ձայնի, որը մոտ տասը տարի առաջ հիանում էր այն բանով , որ թղթի վրա գրված «մամա»-ն հենց իսկական կյանքում էլ «մաման» էր։ Կարդալու իրական  հաճույքը  հենց այս անսովոր անձնական կապի բացահայտման մեջ է. հեղինակը և ես՝ միայնակ… Գրված տեքստը սպասում է, որ իմ լուռ ձայնը նրան կյանք տա։

Ուսուցիչն այստեղ ընդամենը միջնորդի  դեր է կատարում։ Ժամանակն է, որ նա աննկատ, մատների ծայրերին հեռանա։

48

Բացի չհասկանալու վախից, կա նաև մեկ այլ վախ, որը պետք է հաղթահարել, որպեսզի երեխաները սիրեն միայնակ կարդալը․ դա այն վախն է, որ գիրք  կարդալը շատ երկար է թվում։

Ընթերցանության ժամանակը․ գիրքը ներկայացվում է որպես հավերժության սպառնալիք։

Երբ ուսուցիչը պայուսակից դուրս բերեց «Օծանելիքը», նրանք ապշեցին՝ կարծելով, թե իրենց առաջ մի ամբողջ սառցալեռ է հայտնվել։ (Պետք է նշել, որ ուսուցիչը դիտմամբ էր ընտրել Fayard-ի այդ հրատարակությունը՝ խոշոր տառերով, լայն լուսանցքներով, ազատ էջերով։ Ընթերցանությունից խուսափողների աչքին այն թվում էր ահռելի գիրք, որը տևական ու անվերջ տառապանք էր խոստանում)։

Եվ ահա նա սկսում է կարդալ, ու նրանք տեսնում են, թե ինչպես է այդ սառցալեռը բառացիորեն իրենց աչքի առաջ հալչում։ Ժամանակն այլևս ժամանակ չի թվում․ րոպեները թռչում են վայրկյանների պես, և ահա արդեն քառասուն էջ կարդացված է, մեկ ժամ էլ անցել է այնպես, ասես չի եղել։

Ուսուցիչը մեկ ժամում կարդում է  քառասուն էջ, այսինքն՝ տասը ժամում՝ 400 էջ։ Եթե շաբաթը հինգ ժամ հատկացվում է լեզվին ու գրականությանը, ապա մեկ եռամսյակում կարելի է կարդալ 2400 էջ։ Իսկ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ 7200 էջ։ Դա նշանակում է՝ յոթ հատ հազարէջանոց վեպ՝ ընդամենը շաբաթական հինգ ժամում։

Հիանալի հայտնագործություն, որն ամեն ինչ փոխում է։ Գիրքը, եթե մանրամասն հաշվենք, շատ արագ է կարդացվում․ եթե օրական ընդամենը մեկ ժամ կարդամ, մեկ շաբաթում կավարտեմ 280 էջանոց վեպը։ Իսկ եթե երեք օր շարունակ օրական երկու ժամից մի փոքր ավել ժամանակ տրամադրեմ, նույն վեպը կավարտեմ ընդամենը երեք օրում։ 280 էջ՝ երեք օրում, այսինքն՝ վեց աշխատանքային օրում՝ 560 էջ։

Երբ  գիրքն իսկապես շատ հետաքրքիր է․ ««Քամուց քշվածները», պարո՛ն, սա, իսկապես, հիանալի է», կիրակի օրն էլ հավելյալ չորս ժամ կարելի է տրամադրել կարդալուն (ինչու ոչ, քանի որ կիրակի օրերին Բանանե և Սանտիագների թաղամասը քնած է, իսկ Բերլինգթոնի երեխաներին ծնողները տանում են գյուղ, որտեղ մահացու ձանձրալի էր), ապա ստացվում է լրացուցիչ 160 էջ՝ ընդհանուր՝ 720 էջ։

Եթե կարդամ մեկ ժամում 30 էջ, ընդհանուր արդյունքը կլինի 540 էջ, ինչը լավ միջին ցուցանիշ է։

Կամ էլ՝ 360, եթե ճեմելով մոտավորապես 20 էջ  կարդամ։

– Ես 360 էջ՝ մեկ շաբաթում, իսկ դու՞։

Հաշվե՛ք ձեր էջերը, երեխանե՛ր, հաշվե՛ք… Վիպասաններն էլ նույնն են անում։ Օ՜, պետք է  նրանց տեսնել, երբ հասնում են հարյուրերորդ էջին։ Հարյուրերորդ էջը գրողի համար Հոռն հրվանդանն է։ Կարծես անտեղ բացում է իր մեջ գտնվող փոքրիկ շիշը՝ արձակելով մի զուսպ ջիգ, սասանվում է, աշխատասեր ձիու պես, ու  հե՛յ հա՜յ  նորից գլխիվայր խրվում է թանաքամանի մեջ, որպեսզի հարձակվի հարյուրմեկերորդ էջի վրա։ (Աշխատսեր ձի, որ սուզվում է թանաքամանի մեջ… Տպավորիչ պատկեր է)․․․

Հաշվե՛ք, հաշվե՛ք  ձեր էջերը… Սկզբում զարմանում ու ուրախանում ես  կարդացած էջերի թվից, իսկ հետո… Հետո գալիս է պահը, երբ սարսափում ես, թե ինչքան քիչ է մնացել։ Ավարտին ընդամենը հիսուն էջ է մնացել։ Կտեսնեք… Ավելի քաղցր տխրություն չկա․ «Պատերազմն ու խաղաղությունը», երկու հսկա հատոր… Ու մնացել է կարդալու ընդամենը հիսուն էջ։

Դանդաղում ես, դանդաղում, բայց անօգուտ է…

Նատաշան ի վերջո ամուսնանում է Պյոտր Բեզուխովի հետ և վերջ։

Այո՛, բայց ես ունեմ գերզբաղված գրաֆիկ։ Որտե՞ղից պոկեմ այդ մեկ  ժամը  կարդալու համար։ Բարեկամնե՞րից։ Հեռուստացույցի՞ց։ Ճամփորդությունների՞ց։ Ընտանեկան երեկոների՞ց։ Տնային առաջադրանքնե՞րից։

Որտե՞ղից գտնել ժամանակ ընթերցելու համար։

Լուրջ  խնդիր։

Որը, սակայն, խնդիր էլ չէ։

Քանի դեռ հարց է ծագում՝ արդյո՞ք ժամանակ կա կարդալու, նշանակում է՝ չկա ցանկություն։ Որովհետև, եթե լավ մտածես, կարդալու ժամանակ ոչ մեկի մոտ էլ երբեք չկա՝ ո՛չ փոքրերի, ո՛չ դեռահասների, ո՛չ մեծերի։ Կյանքը մշտական խոչընդոտ է ընթերցանության համար։

— Կարդա՞լ։ Ես մեծ սիրով կկարդայի, բայց աշխատանքը, երեխաները, տունը… Ժամանակ պարզապես չկա։

— Ինչպե՜ս եմ նախանձում ձեզ, որ դուք ժամանակ եք գտնում կարդալու։ Բայց ինչո՞ւ այն մեկը, որը աշխատում է, վազում է խանութներով, երեխաներ է մեծացնում, մեքենա է վարում, երեք տղամարդու հետ սիրաբանում, այցելում է ատամնաբույժին, մեկ շաբաթից տեղափոխվում է նոր տուն. ինչո՞ւ նա ժամանակ գտնում է կարդալու համար, իսկ այս բարեվարք  իր եկամուտով ապրող մարդը՝ ոչ։

Կարդալու ժամանակը միշտ էլ գողացված ժամանակ է։ (Ինչպես, ի դեպ, գրելու կամ սիրելու ժամանակը)։

Գողացված՝ ինչի՞ց։

Ասենք այն պատճառով, որ պիտի ապրենք։

Անկակած պատահական չէ, որ մետրոն՝ այդ նույն պարտքի սիմվոլը, հանդիսանում է աշխարհի ամենամեծ ընթերցասրահը։ Կարդալու ժամանակը, ինչպես սիրելու ժամանակը, ընդլայնում է ապրելու ժամանակը։ Եթե սիրո մասին մտածենք մեր գերզբաղված գրաֆիկի տեսանկյունից, ո՞վ կհամարձակվի սիրել։ Ո՞վ ունի ժամանակ սիրահարված լինելու։ Սակայն, երբևէ տեսե՞լ եք սիրահարվածի, որ չգտնի ժամանակ սիրելու համար։ Ես երբեք ժամանակ չեմ ունեցել կարդալու համար, բայց ոչինչ, երբևէ, ինձ չի կարողացել խանգարել ավարտել այն վեպը, որը սիրում էի։

Կարդալը ոչ մի կապ չունի հասարակական ժամանակի կազմակերպման հետ․ այն, ինչպես և սերը, պարզապես կենսակերպ է։

Հարցը նրանում չէ, թե ես ունե՞մ կարդալու ժամանակ, թե՞ ոչ (ժամանակ, որը, ի դեպ, ոչ ոք չի տա ինձ), այլ՝ ես արդյո՞ք  ինքս ինձ կպարգևեմ ընթերցող լինելու երջանկությունը, թե՞ ոչ։

Քննարկում, որը «Բանան և Սանտյագս»-ը ավարտում են այսպիսի  կարճ կարգախոսով.

– Կարդալու ժամանա՞կը։ Ահա, իմ գրպանում է։

Երբ նա հանում է գիրքը (Ջիմ Հարիսոնի «Աշնան լեգենդներ», 10/18), «Բերլինգթոնը» խորիմաստորեն  հաստատում է.

– Այո՜… երբ բաճկոն ես գնում, կարևոր է, որ գրպանները ճիշտ չափս ունենան։

50

Ժարգոնում  «կարդալ»-ը ասում են «շղթայել »։ Մեծ, հաստ գիրքը, պատկերավոր լեզվով, «սալահատակ » են անվանում։ Ազատեք այդ կապերից, և սալահատակը  ամպ կդառնա։

51

Ընթերցանության հետ հաշտության միակ պայմանն այն է, որ պետք չէ ոչինչ պահանջել դրա դիմաց։ Բոլորովին ոչինչ։ Գրքի շուրջը նախնական գիտելիքների ոչ մի պատ չպետք է կառուցել։

Ոչ մի հարց չտալ։

Ոչ մի առաջադրանք չհանձնարարել։

Կարդացած էջերի բառերին ոչ մի բառ չավելացնել։

Ոչ մի գնահատական, ոչ մի բառարանային բացատրություն, ոչ մի վերլուծություն, ոչ մի կենսագրական տվյալ…

Հարկավոր է խստիվ արգելել քեզ՝ «չխոսել  գրքի մասին»։

Ընթերցանությունը նվեր է։

Կարդալ ու սպասել։

Հնարավոր չէ հետաքրքրասիրություն պարտադրել, այլ  միայն կարելի է այն արթնացնել։

Կարդալ, կարդալ և վստահել բացվող աչքերին, ուրախացող և բացվող դեմքերին, այն հարցին, որը շուտով կծնվի  և կհանգեցնի հաջորդ հարցին։

Եթե իմ մեջ գտնվող մանկավարժը շոկի մեջ է այն փաստից, որ գործը «ներկայացված է համատեքստից դուրս», համոզել այդ մանկավարժին, որ միակ համատեքստը, որի հետ այս պահին պետք է հաշվի նստել, հենց այս դասարանն է։ Գիտելիքի ճանապարհներն այս դասարանում չեն ավարտվում․ դրանք այստեղից պետք է սկսվեն։ Այս պահին ես վեպեր եմ կարդում մի լսարանի համար, որը կարծում է, թե չի սիրում կարդալ։ 

Ոչ մի լուրջ բան չեմ  կարող դասավանդել, մինչև չցրեմ այս պատրանքը և չկատարեմ իմ միջնորդի գործը։ Միայն այն պահից, երբ այս պատանիները հաշտվեն գրքերի հետ, նրանք առանց հարկադրանքի կանցնեն այն ուղին, որը տանում է վեպից դեպի հեղինակը, հեղինակից՝ նրա դարաշրջանը և կարդացած պատմությունից դեպի նրա բազմաշերտ իմաստները։

Գլխավորը, որ պատրաստ լինեն։

Լրիվ պատրաստ սպասելու հարցերի տարափին։

— Սթիվենսոնը անգլիացի՞ է։

— Շոտլանդացի։

— Ո՞ր դարաշրջանում է ապրել։

— XIX դար, թագուհի Վիկտորիայի կառավարման ժամանակ։

— Կարծես թե նա  շատ երկար է կառավարել …

— 64 տարի՝ 1837–1901թթ։

— 64 տարի։

— Երբ Սթիվենսոնը ծնվել էր, թագուհին արդեն 13 տարի էր, ինչ իշխանության էր, իսկ Սթիվենսոնը մահացել է նրանից 7 տարի առաջ, այսինքն՝ դու այսօր 15 տարեկան ես, նա բարձրանում է գահին, իսկ նրա կառավարման ավարտին դու կլինես 79 տարեկան։ (Այդ ժամանակ կյանքի միջին տևողությունը մոտ 30 տարի էր)։ Ի դեպ, նա այդքան էլ կենսուրախ թագուհի չէր։

— Դրա համար է, որ Հայդը ծնվեց քաոսից։ Այս նկատառումը հնչեցնում է Սիցիլիական այրին։

«Բերլինգթոնը» ապշած է.

— Դու դա որտեղի՞ց  գիտես։

Այրին առեղծվածային պատասխանում է.

— Որոշ աղբյուրներից…

Այնուհետև համեստ ժպիտով լրացնում.

— Կարող եմ քեզ ավելին ասել՝ դա ուրախ քաոս էր։ Երբ Սթիվենսոնը արթնացավ, նա փակվեց իր գրասենյակում և երկու օրում գրեց գրքի առաջին տարբերակը։ Նրա կինն ստիպեց անմիջապես այրել այն, քանի որ նա այնքան հմայված էր Հայդի կերպարով՝ թալանել, բռնաբարել, սպանել ցանկացածի, ով կպատահի։ Գեր թագուհու հավանությանը դա չէր արժենա։ Այդ ժամանակ նա ստեղծեց Ջեքիլին։

52

Բայց բարձրաձայն կարդալը բավարար չէ, պետք է նաև պատմել, նվիրել մեր գանձերը, տարածել դրանք անտեղյակ  լսարանում։ Լսեք, լսեք և տեսեք, թե որքան գեղեցիկ է պատմությունը։ Չկա ավելի լավ միջոց ընթերցողի ախորժակը գրգռելու համար, քան նրան ընթերցանության «հոտը» զգալ տալը։ Ջորժ Պերրոյով  հիացած ուսանողուհին պատմում էր նաև հետևյալը․

— Նա չէր  սահմանափակվում  միայն կարդալով։ Նա մեզ պատմում էր։ Նա մեզ պատմում էր «Դոն Կիխոտ», «Մադամ Բովարի»։

Տպավորիչ վերլուծական հատվածներ, որոնք նա մեզ մատուցում էր նախ՝ պարզ պատմությունների տեսքով։

Սանչոն նրա շուրթերից դառնում էր կյանքով լի կաշվե պարկ, իսկ Տխուր կերպարի ասպետը՝ երկարավիզ ոսկրակույտ՝ զինված սրտաճմլիկ համոզմունքներով։ Էմման, ինչպես նա էր մեզ պատմում, միայն մի անմիտ աղջնակ չէր, որին կրծում էր «հին ընթերցասրահների  փոշին», այլև ֆենոմենալ  էներգիայով լեցուն մի պայուսակ  էր, Պեռոսի ձայնում մենք լսում էինք Ֆլոբերին, որ քրքջում էր այս ահռելի կործանման վրա։

Սիրելի գրադարանավարուհիներ, տաճարի պահապաններ, երջանկություն է, որ աշխարհի բոլոր գրքերի վերնագրերը  գտել են իրենց տեղը ձեր կատարյալ համակարգված   հիշողության մեջ։ (Ինչպե՞ս կգտնեի ես իմ ճանապարհը առանց ձեզ, երբ իմ հիշողությունը նման է լքված տարածքի), ինչ հրաշք է, որ դուք կողմնորոշվում եք ձեզ շրջապատող դարակաշարերի բոլոր թեմատիկ բաժիններում… 

Բայց ինչ լավ կլիներ, եթե դուք նաև ձեր սիրելի գրքերի մասին պատմեիք այն այցելուներին, ովքեր մոլորվում են հնարավոր ընթերցումների անտառում… 

Ինչ գեղեցիկ կլիներ, եթե նրանց համար բացեիք ձեր լավագույն ընթերցողական հիշողությունները։ Դարձե՛ք հեքիաթասացներ, մոգուհիներ, և գրքերն իրենք կցատկեն դարակներից ուղիղ ընթերցողի ձեռքը։

Վեպ պատմելն այդքան էլ բարդ չէ։ Երեք բառը երբեմն բավարար է։

Մանկության ու ամառվա հուշ։ Կեսօրվա քուն։

Ավագ եղբայրը փռված է մահճակալի վրա, կզակը՝ ափերի մեջ, խորասուզված հաստափոր գրքի մեջ։ Կրտսերը ճանճի պես կպել, պոկ չէր գալիս։

— Ի՞նչ ես կարդում։

Ավագը․

 — «Մուսսոնը»։

Կրտսերը․

 — Լա՞վ գիրք է։

Ավագը․

— Հրաշալի։

Կրտսերը․

-Ի՞նչի մասին է։

Ավագը․

 — Մի տղայի մասին․ սկզբում նա շատ վիսկի է խմում, վերջում՝ շատ ջուր։

Այլ բան ինձ պետք չեկավ, որպեսզի ամռան ավարտին  մինչև ոսկորներս թաթախվեմ պարոն Լուիս Բրոմֆիլդի «Մուսսոն»-ի մեջ՝ խլելով գիրքը  եղբորիցս, որն այդպես էլ այն չավարտեց։

-53-

Ամեն ինչ շատ գեղեցիկ է՝ Զյուսկինդ, Սթիվենսոն, Մարկես, Դոստոևսկի, Ֆանտե, Չեսթեր Հայմս, Լագերլյոֆ, Կալվինո․․․Այս բոլոր վեպերը, առանց հերթականության ու առանց որևէ փոխհատուցման, բոլոր այս կարդացված պատմությունները  ընթերցանության անարխիկ խնջույքը են հանուն ընթերցանության… Բայց ծրագիրը, Աստվա՛ծ իմ, ԾՐԱԳԻՐԸ։ Շաբաթներն անցնում են, իսկ ծրագիրը դեռ չի էլ սկսվել։ Անցնող տարվա սարսափը, չավարտված ծրագրի ուրվականը… Խուճապի պետք չէ մատնվել. ծրագիրը կիրագործվի «համապատասխան ձևով», ինչպես ասում են այն ծառերի մասին, որոնք տալիս են ստանդարտին համապատասխան պտուղներ։

Ի հեճուկս այն բանի, ինչ պատկերացրել էին Բանան ու Սանտիագները, ուսուցիչը ողջ  տարին  միայն կարդալով չի անցկացնի։ Վայ, ափսոս, ինչո՞ւ այդքան շուտ պիտի արթնանար լուռ ու մենավոր ընթերցանության բերկրանքը։ Հենց ուսուցիչն սկսում է բարձրաձայն կարդալ հերթական վեպը, բոլորը շտապում են գրախանութ՝ իրենց նվիրելու  «շարունակությունը» կարդալու հնարավորությունը՝ առանց սպասելու հաջորդ դասին։ Երկու-երեք պատմություն է հասցնում պատմել ու մեկ էլ՝  «միայն թե վերջը չպատմեք, պարո՛ն, վերջը մի՛ պատմեք» , և նրանք արդեն կուլ են տալիս այն գիրքը, որից այդ պատմություններն են հանված։

Միասնականություն, որը, սակայն, ուսուցիչը չպետք է չարաշահի։ Ո՛չ, ո՛չ, չպետք է կարծել, թե նա մի կախարդական գավազանի հարվածով կարդացողի է վերածել գրքից փախչողների 100 տոկոսին։ 

Այո՛, հիմա՝ ուսումնական տարվա սկզբին, բոլորը կարդում են, վախը հաղթահարված է, և բոլորը կարդում են խանդավառությամբ, մրցակցության ոգով։ Գուցե նույնիսկ, ուզեն թե չուզեն, կարդում են ուսուցչին հաճոյանալու համար… Բայց նա, այնուամենայնիվ, չպետք է հանգստանա բոցավառ ածուխների վրա… Ոչինչ այդքան արագ չի սառչում, որքան եռանդի կրակը, նա բազմիցս է զգացել սեփական  փորձով։ Բայց քանի դեռ բոլորը միաձայն կարդում են, դա «կոկտեյլի էֆեկտն» է․ յուրաքանչյուրը յուրովի է գործում, և դրա շնորհիվ վստահություն ձեռք բերած դասարանը իրեն պահում է որպես մեկ միասնական ամբողջություն՝ միաժամանակ պահպանելով իր բոլոր երեսունհինգ տարբեր անհատականությունները՝ իրենց բազմազանությամբ։

Սա դեռ չի նշանակում, թե մեծանալով այս երեխաներից  յուրաքանչյուրը «կսիրի կարդալ»։ Գուցե այլ ուրախություն քաղեն  ընթերցանության հաճույքից։ Մի բան անվիճելի է․ ուսումնական տարվա առաջին շաբաթներին, այն օրվանից, երբ ընթերցանության գործընթացը ՝ այդ չարաբաստիկ «ընթերցանության գործընթացը»  այլևս ոչ մեկին չի վախեցնում, բոլորը կարդում են, և շատերն էլ՝ շատ արագ։

Ի՞նչն է այդ գրքերի մեջ այդքան առանձնահատուկ, որ այդքան արագ են կարդացվում։ Դյուրին ընթերցվո՞ղ են։ Իսկ ի՞նչ է նշանակում «դյուրին ընթերցվող»։ Դյուրին ընթերցվո՞ղ է «Գյոստա Բերլինգի առասպել»-ը։ Դյուրին ընթերցվո՞ղ է «Ոճիր և պատիժը»։ Ավելի դյուրին, քան «Օտարը» կամ  «Կարմիրն ու Սևը»։ Ո՛չ, դրանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք ծրագրում չկան։ Իսկ դա անգին առավելություն է Սիցիլիացի այրիի ընկերների համար, որոնք տեղում «ձանձրալի» են անվանում ցանկացած գիրք, որ վերադասները ընտրել են նրանց մշակութային զարգացման համար։ Խե՛ղճ ծրագիր։ Չէ՞ որ ինքը՝ ծրագիրը, իրականում ոչ մի մեղք չունի։

(Ռաբլե՞, Մոնտե՞ն, Լաբրյուե՞ր, Մոնտեսկյո՞, Վեռլե՞ն, Ֆլոբե՞ր, Կամյո՞ւ — «ձանձրալի»՞։ Գիտե՞ք ինչ…) «Ձանձրալի» ծրագրային տեքստերը դարձնում է միայն մեկ բան՝ վախը։ Վախը՝ չհասկանալու, վախը՝ սխալ պատասխանելու, վախը՝ տեքստը հսկողից, վախը՝ լեզվի հանդեպ, երբ այն ընկալվում է որպես մի նյութ, որի հետ չգիտես՝ ինչպես վարվել։ Այդ վախն է խառնում տողերը, խեղդում իմաստը նախադասության մեջ։

«Բերլինգտոնն» ու Բայքերը առաջինն  են զարմանում, երբ լսում են ուսուցչից, որ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»  գիրքը, որով նրանք հիմա հիանում են, իրենց ամերիկացի հասակակիցների համար իսկական պատիժ է, միայն և միայն այն պատճառով, որ մտնում է նրանց դպրոցական  ծրագրի մեջ։ Այսպիսով, գուցե հենց այս պահին Տեխասում ինչ-որ տեղական Բայքեր դասի ժամանակ գաղտնի «Տիկին Բովարի» է կարդում, մինչ  ուսուցիչը փորձում  է նրա գլուխը  մցնել Սելինջերին։

Այստեղ (փոքրիկ փակագիծ) միջամտում է Սիցիլացի այրին․

— Տեխասցի, որ կարդա, պարո՛ն, նման բան չի լինում։

—Դե՛,դե՛, իսկ ինչպե՞ս եկար այդ եզրահանգման։

— «Դալլասից»։ Դուք երբևէ տեսե՞լ եք «Դալլասի» որևէ կերպար գիրքը ձեռքին։

(Փակենք փակագիծը)։

Կարճ ասած՝ ազատ սավառնելով ընթերցման տարերքի մեջ,առանց անձնագրի ճամփորդելով օտար գործերի աշխարհում (հատկապես օտարազգի.  այդ անգլիացիները, իտալացիները, ռուսները, ամերիկացիները հատուկ մի հնարք ունեն՝ հեռու մնալ «ծրագրից»), աշակերտները, հաշտվելով այն գրքերի հետ, որոնք կարելի է կարդալ, համակենտրոն շրջանակներով մոտենում են այն գրքերին, որոնք պետք է կարդալ, և շուտով էլ սուզվում են դրանց մեջ՝ ասես արտասովոր ոչինչ էլ  չկար, միայն այն պարզ պատճառով, որ «Կլևի իշխանի դուստրը» հիմա իրենց համար «պարզապես վեպ է, ինչպես բոլոր վեպերը»… (Ավելին՝ գուցե ավելի գեղեցիկ․ այդ սիրո պատմությունը, որ պաշտպանված է սիրով, տարօրինակ կերպով մտերիմ է իրենց՝ ժամանակակից դեռահասներին, որոնց մենք շտապեցինք անվերադարձ ապականված համարել սպառող հասարակության կողմից։)

Սիրելի՛ տիկին դը Լաֆայետ,

եթե դա ձեզ հետաքրքում է, ես գիտեմ մի դասարան, որը  համարվում է «ոչ  ընթերցասեր » և ինչպես նաև «թույլ», բայց այդ դասարանում ձեր «Կլևի իշխանի դուստրը» գլխավորել է այս ուսումնական տարում կարդացված գրքերի  «հիթ-շթերթը»։

Ուրեմն ծրագիրը կիրականացվի , և ողջ տեխնիկան կմշակվի ՝ շարադրություն, տեքստի վերլուծություն (վերլուծական աղյուսակներ օ՜, որքան մեթոդական) ծավալուն մեկնաբանություն, համառոտ պատում, քննարկում․ այս ամբողջ մեխանիզմը հնարավորինս լավ կհղկվի, որպեսզի քննության օրը պատկան մարմինները լավ հասկանան, որ մենք չենք բավարարվել միայն մեզ զվարճացնելու համար կարդալով, այլև կարդացածը  հասկանալու ջանք ենք գործադրել ։

Հարցը (հիմնական հարցը)՝ ի՞նչ ենք, վերջիվերջո, «հասկացել», անկասկած հետաքրքիր է։ Հասկացե՞լ ենք տեքստը։ Այո-այո, իհարկե բայց հատկապես  հասկացանք   այն,որ  երբ հաշտվեցինք ընթերցման հետ, երբ տեքստը դադարեց կաթված առաջացնող  գաղտնիք լինել, իմաստը հասկանալու մեր ջանքերը  վերածվում են հաճույքի։ ․ որ հենց այն պահից, երբ հաղթահարվեց չհասկանալու վախը, ջանքի և հաճույքի գաղափարները սկսում են զորեղ կերպով մեկը մյուսի օգտին գործել՝ իմ ջանքն այստեղ երաշխավորում է հաճույքիս աճը, իսկ ահա  հասկանալու հաճույքը ինձ շատ խորը նետում  է ջանքի բոցեղեն մենության մեջ։

Եվ մենք,մենք  ևս մեկ բան ենք հասկացել։ Մի փոքր զվարճանալով մեր ներսում՝  հասկացանք՝ «ինչպես է դա աշխատում», հասկացանք  «շրջանցելու » արվեստի հնարքները ու նրբությունները, և թե  ինչպես բարձրացնել սեփական արժեքը քննությունների և մրցույթների շուկայում։ Ինչու՞թաքցնել, սա հենց ամբողջ գործողության նպատակներից մեկն է։ Քննությունների և աշխատանքի տեղավորման տեսանկյունից՝ «հասկանալը» նշանակում է հասկանալ, թե ինչ են մեզանից սպասում։  

«Լավ հասկացված տեքստը» այն տեքստն է,որը խելամիտ ձևով  է ներկայացված ։ Եվ հենց այդ «բաժնետոմսերի » վաճառքի շահույթն է փորձում որսալ երիտասարդ թեկնածուն գաղտնի  զննելով քննողի  դեմքը,երբ  մեկնաբանում էր նուրբ, բայց ոչ չափից դուրս, խստիվ պահելով համեստությունը  ալեքսանդրյան այն տողի, որը վաղուց համարվում է «բարդ»։ («Ահա նա կարծես գոհ է, շարունակենք նույն ոգով, սա ճիշտ  ճանապարհն է ստուգարքը ստանալու համար»։)

Այս տեսանկյունից, գրականություն առարկայի լավ կազմակերպված ուսուցումը նույնքան ուղղված է  է ռազմավարությանը, որքան՝ տեքստի ճիշտ ըմբռնմանը։Իսկ «վատ սովորող  աշակերտը» շատ ավելի հաճախ, քան մենք կարծում ենք, պարզապես ի դժբախտություն իրեն  զուրկ է տակտիկական կարողություններից։Սակայն, խուճապի մեջ է լինելովոր հանկարծ չտա այն պատասխանը, որը սպասում ենք նրանից, նա շուտով սկսում է շփոթել դպրոցական կրթությունը մշակույթի հետ։ Դպրոցից դուրս մղված՝ նա չի հապաղում  իրեն համարել նաև ընթերցանության պարիա։ Նրան թվում է, թե «կարդալը» ինքնին էլիտար գործողություն է, և նա զրկում է իրեն գրքերից ողջ կյանքի ընթացքում միայն այն պատճառով, որ չէր կարողանում խոսել դրանց մասին, երբ իրեն հարցնում էին։

Այսպիսով, դեռևս կա ինչ-որ այլ բան, որ պետք է «հասկանալ»։

54

Պետք է դեռ «հասկանալ», որ գրքերը գրված չեն, որպեսզի իմ որդին, դուստրը,մ երիտասարդությունը մեկնաբանեն դրանք, այլ որպեսզի, եթե սիրտը թելադրի, պարզապես կարդան։ Մեր գիտելիքը, մեր դպրոցական կրթությունը, մեր մասնագիտական կարիերան, մեր հասարակական կյանքը՝ մեկ բան են, մեր ընթերցողի ներաշխարհը, մեր մշակույթը՝ բոլորովին այլ։ 

Իհարկե չենք կարող առարկել, որ բակալավրների, լիցենզավորված  և դիպլոմավորված մասնագետների թվի աճը լավ բան է․ հասարակությանը, իսկապես անհրաժեշտ են. բայց շատ ավելի կարևոր է, որ բոլորի համար հասանելի լինեն բոլոր գրքերի էջերը։

Ողջ ուսումնառության ընթացքում դպրոցականներից ու լիցեյի աշակերտներից պահանջում են վերլուծել ու մեկնաբանել, և այդ պարտքը նրանց այնքան է վախեցնում, որ մեծ մասը հրաժարվում է գրքերի ընկերակցությունից։ Բացի այդ, այժմ՝ քսաներորդ դարի վերջում, մեկնաբանությունը թագավորում  է այն աստիճան, որ հաճախ հենց քննարկման առարկան է կորչում աչքից։ Այդ կուրացնող բզզոցը ստացել է մի աղավաղված անուն՝ «հաղորդակցություն»…Պատանիների հետ որևէ ստեղծագործության մասին խոսելն ու նրանց ստիպելը, որ իրենք էլ խոսեն դրա մասին, գուցե շատ օգտակար լինի, բայց դա ինքնանպատակ չէ։ Նպատակը հենց ստեղծագործությունն է, ստեղծագործությունը՝ նրանց ձեռքերում։ Եվ նրանց առաջին իրավունքը ընթերցանության գործում լռելու իրավունքն է։

Ֆրանսերենից թարգմանեց Կարինե Թևոսյանը
Աղբյուրը՝ այստեղ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով