Երեխաներին վնասից պաշտպանելը
Մարդկանց մեծ մասը դպրոցներից հանում է երեխաներին ոչ այնքան փիլիսոփայական կամ քաղաքական պատճառներից ելնելով, որքան այն ուղղակի ու անձնական պատճառներով, որ արտահայտում էր մահմեդական մայրիկը` անել այնպես, որ դպրոցը չվիրավորի իրենց երեխաներին կամ էլ ավելի չվիրավորի: Շատ ծնողներ գրում են, որ պատմեն այսպիսի մի պատմություն. նախքան դպրոց գնալը երեխան ինչ-որ կերպ կարդալ է սովորել: Հավանաբար նախակրթարանում կամ տարրական դպրոցի կրտսեր դասարաններում նա հայտնաբերում է, որ ընթերցանության մեջ երեք տարով առաջ է անցել իր դասընկերներից: Բնականաբար նա չի ուզում անել աշխատանքային տետրի այն ընթերցանության պատրաստության կամ այլ վարժությունները, որ անում են մյուս երեխաները: Նա ուզում է կարդալ այնպիսի գրքեր, որոնք ինքը կարող է կարդալ: Սակայն անախորժության մեջ է հայտնվում, երբ փորձում է դա անել: Ուսուցիչը նրան պատվիրում է անել այն, ինչ մյուս երեխաներն են անում, և երբ նա բնականաբար ու խելամիտ ասում է, որ չի ուզում անել կամ չի անի, ուսուցիչը պատժում է նրան: Նա կարող է գոռալ նրանց վրա, գոռալ մյուս երեխաների ներկայությամբ, ձեռքից վերցնել գրքերը, անկյուն կանգնեցնել, փակել զուգարանում, խփել, անբավարար նշանակել, «գերակտիվ» կոչել: Շատ հաճախ այս ուսուցիչներն ասում են այսպիսի երեխաների ծնողներին, որ մինչև երեխան չանի նույնը, ինչ որ մյուս երեխաներն են անում, չի ստանա բավարար գնահատականներ և կմնա նույն դասարանում, թեև ընթերցանությունից մեկ տարով առաջ է իր հասակակիցներից:
Բնականաբար զարմացած ծնողները մատնանշում են, որ քանի որ երեխան շատ ավելի լավ է կարդում իր դասարանցիներից, իմաստ չունի, որ կատարի նույն աշխատանքը, ինչ որ մյուս երեխաներն են անում, կամ անբավարար ստանա՝ դրանք չանելու համար: Սա հազվադեպ է օգնում: Ուսուցիչը համառորեն ասում է, որ երեխան պետք է անի այն, ինչ մյուսները: Եթե դրանից հետո ծնողները գնում են տնօրենի մոտ, տնօրենը սովորաբար ուսուցչին է պաշտպանում: Այս իրողությունը իրենց երեխաներին դպրոց ուղարկել ցանկացող շատ ծնողների դարձնում է երեխաներին տանը կրթող ծնող:
Ուրիշ ծնողներ հակառակ պատմությունն են պատմում: Այս դիպվածներում երեխաները ոչ թե առաջ են ընկնում, այլ ետ են մնում դասարանից: Ինչպես այն տղան, որին ես դասավանդում էի Կոլորադոյում, նրանք խնդիրներ ունեն ընթերցանությունից կամ թվաբանությունից, ինչ-որ բան չեն հասկանում աշխատանքային տետրերում, և այլն: Նրանք չեն կարողանում տնային աշխատանքը կատարել և հաճախ են պատժվում, նույնիսկ ծեծ են ուտում այդ պատճառով: Նրանք ասում են իրենց ծնողներին, որ չեն հասկանում և երբ ուսուցիչներին խնդրում են օգնել, ուսուցիչները չեն օգնում: Ծնողները, որոնցից շատերը, դատելով իրենց նամակներից, չեն ուզում գնալ ուսուցչի մոտ և խնդրել նրան հավելյալ օգնել երեխային: Այդ դեպքում ուսուցիչը սովորաբար ասում է. «Ես չեմ կարող հատուկ օգնություն ցուցաբերել ձեր երեխային, ես պետք է հասցնեմ հետևել մյուս երեխաներին»: Եվ այսպես, երեխան ավելի ու ավելի հետ է մնում:
Իհարկե, ծնողներն իրենք մեծ մասամբ միանգամայն ունակ են իրենց երեխաներին ցուցաբերելու հարկ եղած օգնությունը: Բայց դպրոցն այնքան հաճախ է արգելել՝ միջամտել երեխայի սովորելու գործընթացին, չփորձել երեխային որևիցե բան սովորեցնել, որ նրանք սկսել են անօգնական զգալ իրենց, ասես ինչ-որ հազվագյուտ հիվանդության են հանդիպել: Ուսուցիչը չի օգնում, ծնողները չեն կարծում, թե կարող են: Այն երեխաները, որոնք այլ խնդիրների հետ մեկտեղ ծաղրանքի և ծիծաղի առարկա են դառնում մյուս երեխաների աչքում՝ հետ մնալու պատճառով, ավելի ու ավելի են ընկճվում: Նրանցից շատերը դուրս են մնում դպրոցից: Շատ ծնողներ ինձ ասել են, որ երբ իրենք երեխա էին, նույն բանն իրենց հետ է կատարվել:
Ծնողների կողմից ուղարկված շատ նամակներում իրենց երեխաներին տանը կրթելու համար բերվում են նույն պատճառները:
Երբ անցյալ ամառ Լ-ն դարձավ հինգ տարեկան, համայնքում նրա հանդիպած բոլոր մեծահասակները, կարծես, ասում էին սրա որևէ տարբերակ.
— Օհ, դու արդեն հինգ տարեկան ես: Մի՞թե դու երջանիկ չես: Կարող ես աշնանը դպրոց գնալ:
Մենք, որ նրա ծնողներն ենք, չէինք ուզում, որ նա գնա դպրոց և ասում էինք այդ մասին: Բայց մենք ասացինք նրան, որ դա իր որոշումն է: Ասացինք նաև, որ երբեք չենք ստիպի նրան՝ դպրոց գնալ: Դպրոցական ավտոբուսով երթևեկելու մտքից ուրախացած՝ Լ-ն երջանիկ որոշեց գնալ դպրոց:
Առաջին անգամ նա հրաժարվեց դպրոցից երկրորդ օրը, որովհետև ուսուցիչը (1 ուսուցիչ 32 հոգու համար) խլել էր այն գիրքը, որը նա կարդում է, ենթադրաբար այն պատճառով, որպեսզի Լ-ն աներ կարդալ սովորելու համար նախատեսված վարժությունը կամ ուսուցչի ընտրած գործունեությունը: Հետո ես հայտնաբերեցի, որ Լ-ն չէր սիրում կարդալ սովորելու համար նախատեսված աշխատանքները: Կարծում եմ, որ 1 տարի կարդալուց հետո նա չափազանց լավ է հասկանում կարդալ սովորելու համար նախատեսված վարժություններ կատարելու անհեթեթությունը:
Մենք մեղմորեն համոզեցինք Լ-ին վերադառնալ դպրոց, քանզի նա ընդամենը մի նշույլ էր տեսել այն ամենից, ինչից ինքն ուզում էր հրաժարվել: Օրեր անց նա որոշեց դպրոցը երկրորդ անգամ լքել: Մենք խորհրդակցություն պահանջեցինք՝ ուսուցչի և տնօրենի մասնակցությամբ: Մինչ այդ ուսուցիչն արդեն ունեցել էր առիթ դիտարկելու, թե ինչպես է Լ-ն կարդում: Չնայած իր երկար տարիների մեծ փորձառությանը, որի ընթացքում անշուշտ հանդիպել էր կարդալ կարողացող հինգ տարեկանների, բերանից թռցրեց.
— Ի՞նչ եմ ես քեզ հետ անելու, դու պետք է առաջին դասարան գնաս:
— Մի մոռացեք, որ ես ընդամենը հինգ տարեկան եմ,- վրդովվել էր Լ-ն ի պատասխան:
Քանի որ Լ-ի հիմնական բողոքն այն էր, որ զրկված է կարդալու հնարավորությունից, դպրոցը նրան առաջարկեց հաճախել «ետ մնացող» առաջին դասարանցիների ընթերցանության դասին՝ տալով Լ-ին ավելի շատ կարդալու հնարավորություն, իսկ դասարանին՝ ոգեշնչվելու: Նա խայծը կերավ ու վերադարձավ դպրոց: Դպրոց հաճախելուց որոշ ժամանակ հետո (նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին) ես նկատեցի, որ նա ավելի քիչ է տանը կարդում, և ոչ միայն դա, կարդալու ժամանակ նա նյարդային էր իրեն պահում և ցուցադրում էր հուզմունքի այլ նշաններ: Արդյո՞ք սա այն նույն երեխան էր, որն անցյալ ամառ երկար ժամանակ նստած կարդում էր՝ ամբողջովին կլանված ու երջանիկ:
Մի օր Լ-ն դպրոցից տուն եկավ՝ ձեռքին գրադարանի մի գիրք: Նա անասելի հուզված էր երևում: Ես տեղյակ չէի, որ հինգշաբթին գրադարանային օր է, և գիրքը պետք է մյուս հինգշաբթի վերադարձնել: Օրը եկավ, իսկ գիրքը մնաց տանը: Լ-ն և մի քանի այլ երեխաներ պատժվեցին՝ զրկվելով գրադարանից օգտվելու հնարավորությունից: Նրանք նաև պետք է մեկ էջ «հինգ» գրեին:
Ծննդյան տոներից առաջ Լ-ն լքեց դպրոցն ընդմիշտ: Երեք ամիս անց նա ընթերցանության մի խաղ մտածեց, որը մենք, պարզապես ուրախանալու համար, ձայնագրեցինք: Երբ լսում էինք դրա կրկնությունը, ես զարմանքով լսում էի, որ նա, փաստացիորեն, կրկին հաճույք էր ստանում և բացարձակ չէր ցուցաբերում հուզմունքի նշաններ: Մենք անչափ երջանիկ էինք, որ այդ դեպքից հետո նա զգաց, որ հաղթահարել է հուզմունքը: Հիմա հաճախ է պատահում, որ միմնչև մեր արթնանալն առավոտյան նա մի քանի գիրք է կարդացած լինում: Նա նաև կլանված կարդում է ողջ օրը՝ «Սարդ-մարդուց» ու «Թինթինից» մինչև հիասքանչ նկարազարդ գրքերը, որ մենք վերցնում ենք գրադարանից:
Լ-ից մի քանի տարով մեծ մի հարևանի երեխա երբեմն դպրոցից հետո գալիս է խաղալու: Նա հաճելի է ու շփվող, բայց երբ «դպրոց-դպրոց» է խաղում մեր երեխաների հետ, որտեղ ինքն ուսուցիչ է, դառնում է ջղային, պահանջկոտ բռնակալ: Հասնում էր նրան, որ Լ-ն մերժում էր այդ խաղը խաղալ: Ի վերջո ես ստիպված եղա մատնացույց անել այդ երեխային, որ նա կրկնօրինակում է իր ուսուցչի վարքը, և որ Լ-ն դպրոցից դուրս է եկել այդպիսի մարդկային վերաբերմունքից խուսափելու նպատակով: Այս նույն երեխան երկու տարի առաջ, դպրոց ընդունվելիս կարդալ գիտեր: Հիմա նա «դժվարություններ» է ունենում կարդալիս: Մեկ օր այս նույն երեխան սկսեց խրատներ կարդալ Լ-ին՝ դպրոցի վերաբերյալ, որ նա վերադառնա: Իսկ եթե չվերադառնա, ոչինչ չի սովորի: Լ-ն բռնկվեց ի պատասխան՝ ասելով.
— Ահա թե ինչու ես դուրս եկա դպրոցից: Ես ոչինչ չէի սովորում:
Նա տակավին պնդում է, որ դա է իր դպրոցից դուրս գալու հիմնական պատճառը: Մյուս բանը, որի հետ նա չէր կարողանում հաշտվել, երեխաների միջև գոյություն ունեցող բռնությունն էր:
Ծնողները հաճախ են մեզ ասում, որ որոշ ժամանակ դպրոց հաճախելուց հետո իրենց երեխաներն այլևս չեն կարողանում անել այն, ինչ շատ լավ էին անում մինչ այդ: Մի մայրիկ, որը, ի միջի այլոց ամուսին չունի և նպաստառու է, գրում էր.
Իմ դուստրը, 6 տարեկան, ունեցել է դպրոց հաճախելու և չհաճախելու շրջաններ և միշտ ավելի շատ սովորել է չհաճախելու ժամանակ:
Հանրակրթական դպրոց հաճախելու մի քանի ամիսներից հետո նրա՝ մինչ այդ գերազանց գնահատականները հաճախ փոխվում են՝ դառնալով ցածր, հավանաբար այն պատճառով, որ, ինչպես ուսուցիչն էր նկատողություն արել պարտեզում.
-Եթե դու այդքան ուժեղ ես ընթերցանությունից, ինչո՞ւ ես թույլ մաթեմատիկայից:
Մաթեմատիկայի և բազում մանիպուլացիոն հաշվողական «խաղերի» բարդույթը հաղթահարելուց հետո նա կրկին վայելում է մաթեմատիկան, սակայն, դեռևս կարծում է, թե ինքը թույլ է մաթեմատիկայից:
Ես պարզորոշ տեսնում եմ նրա մեջ սողոսկող սոցիալիզացիան և ուզում եմ, որ նա դուրս գա դպրոցից:
Ամիսներ անց նա գրեց.
Մեկ օր ես որոշեցի Լ-ին հանել դպրոցից (այն բանից հետո, երբ ամենատարբեր պատճառներով՝ գլխացավ, փորացավ, նշաբորբ, նա օրեր շարունակ շաբաթական մեկ կամ երկու անգամ էր դպրոց հաճախում): Ես մտա «բաց» դասասենյակ՝ գիտական անկյունով, ընթերցասրահով, բնագիտական (կենդանիներ) տարածքներով և այլն, և տարակուսանքի մի ալիք զգացի. «Կարո՞ղ եմ ես նույնքան հարուստ ու բազմազան միջավայր ապահովել: Նրան չի՞ վրդովեցնի արդյոք իր հասակակիցներից բաժանվելը»: Հետո նկատեցի, որ չեմ տեսել ոչ մեկին՝ այդ գողտրիկ ուսումնական տարածքներում ինքնուրույն աշխատելիս: Հետո նկատեցի, որ հինգ փոքրիկ տղաները (խմբակային երգեցողությունից հեռացված) թղթի կտորների վրա տասն անգամ գրում էին՝ «Ես պետք է ինձ լավ պահեմ դասարանում»:
Սա վճռորոշ եղավ:
Շատ ծնողներ գրում են, որ երեխաների առողջությունը շեշտակիորեն բարելավվում է դպրոց չհաճախելու ժամանակահատվածում:
Նենսի Ոլըսը գրում էր Նյու Համփշիրից.
Անհավատալի են փոփոխությունները, որ կատարվել են Իսմայիլի հետ՝ նրան դպրոցից հանելուց հետո: Անցել են՝ ամեն օր ժամը 16.00-ի կողմերը սկսվող զայրույթի նոպաները, գլխացավերը, լարվածության նշանները՝ բերանի շուրջը, ինչպես նաև դեպրեսիան (ընկճախտ): Սովորաբար նա դառնացած բողոքում էր, որ կարդալու ժամանակ չունի (դպրոցները թույլ չեն տալիս կարդալ, քանի դեռ դու չես յուրացրել այս «ամենաբարդ առարկան» սովորելու համար անհրաժեշտ 1000 «հմտությունը»), հետևաբար նա կարդում էր յուրաքանչյուր ազատ վայրկյան, որ ուներ դպրոցից դուրս և հազվադեպ էր խաղում: Չէր ուտում իր նախաճաշը, որովհետև այն հնանում էր դպրոցում, դասամիջոցների ժամանակ ոտքերը թրջվում ու սառչում էին և նա հազիվ էր մեզ հետ խոսում տանը: Մենք կարծում էինք, թե Իսմայիլն ինչ-որ շրջան է անցնում, բոլոր երեխաներն էլ այդպիսին են, և այլն, սակայն մենք սխալվում էինք: Հիմա Իսմայիլը լավ է քնում, լավ է ուտում, ծիծաղում է, խաղում ու սովորում: Նա (ակնհայտորեն հոգեբանորեն անհրաժեշտ) ընթերցանությունն անում է առավոտյան, իր «դպրոցական աշխատանքն» ուրախությամբ է կատարում, որովհետև մենք անցնում ենք այն, ինչ ինքը ցանկանում է սովորել՝ հնդիկների, դինոզավրերի, երկնիշ թվերի մասին, բացի այդ նա ժամանակ ունի՝ զբաղվելու փայտամշակմամբ, դահուկասահքով, նկարչությամբ ու խաղերով: Դպրոցական բաժինն անհանգստանում էր, որ նա կձախողվի հասարակության մեջ, սակայն եղավ ճիշտ հակառակը:
Ինդիանայից մի մայր գրում է.
Թույլ տվեք պատմել, թե ինչ կատարվեց մեր որդու հետ, նրան անցյալ նոյեմբերին տեղի հանրակրթական դպրոցի առաջին դասարանից հանելուց հետո: Նա դադարեց թրջել անկողինը, նրա մոտ անցան ստամոքսի խախտումներն ու գլխացավերը, և վեց ամիս շարունակ չհիվանդացավ, թեև դպրոց հաճախելու ժամանակ ամիսը մեկ էր հիվանդանում: Նա հինգ ֆունտ չաղացավ և աճեց համարյա երկու մատնաչափ: Եվ նա երջանիկ է: Ամուսինս ու ես մեծապես մտահոգված ենք հանրակրթական դպրոցների հետզհետե ցածրացող ակադեմիական ստանդարտներով և թմրադեղերի մատչելիության աճով, նույնիսկ կրտսեր դասարաններում: Մենք նույնիսկ տեսել ենք, թե ինչպես են մեր երեխաները չորրորդ դասարանում արդեն կորցնում իրենց ներքին ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը` երբեմն այլևս երբեք չվերգտնելով այս անգնահատելի ոգևորությունը:
Մենք Իվենսվիլ ենք տեղափոխվել երեք տարի առաջ: Փ-ն 77-78 թթ-ին պարտեզ էր հաճախում՝ 42 հոգանոց մի խումբ: Նա բողոքում էր դրա դեմ, որովհետև ինքն ու հինգ պարտեզական մեկուկես ժամով գնում էին ընթերցանության դասի: Այս ժամանակ է, որ նա հանգստանում էր այն աղմուկից և խմբի ընդհանուր քաոսից, որն ինքն այդքան ատում էր: Այդ ժամանակ ես սկսեցի այլ դպրոցներ նայել:
ՄԱԴ կարդալն ավելացրեց Սամերհիլի (գիշերօթիկ դպրոց Անգլիայում և նույն դպրոցի տնօրենի գրած համանուն գիրքը, որը ԱՄՆ-ի հասարակությանն է ներկայացնում իր մտքերը դպրոցի մասին) շուրջ մեր 25-ամյա հետաքրքրությունը, համոզեց մեզ, որ ոչ միայն հնարավոր է երեխա մեծացնել առանց պաշտոնական դպրոցի, այլև այն ամենահարմար տարբերակն է՝ երեխային շրջապատող ամեն ինչի շուրջ պահպանելու նրա երկարատև հետաքրքրությունը: Ես որոշեցի Փ-ին չգրանցել առաջին դասարանում՝ պատճառաբանելով, որ հանրակրթական դպրոցում հավանաբար կկարծեն, թե նրան մասնավոր դպրոց ենք տեղավորել, և ընդհակառակը: Իմ ամուսինը, այնուամենայնիվ, անհանգիստ էր… դատարանում քարշ գալու միտքը նրան դուր չէր գալիս: (Հաջորդող շաբաթների ընթացքում նրա վերաբերմունքը փոխվեց): Մենք որոշեցինք թույլ տալ, որ Փ-ն գնա առաջին դասարան: Գուցե նրան դուր գար այդ և այլն, և այլն:
Դպրոց գնալու երկրորդ շաբաթը իմացանք, որ ստիպված կլինենք հանել նրան դպրոցից: Նրանց դասարանում 30 երեխա կար: Ամեն երկուշաբթի առավոտ փայտը, որը լայնորեն կիրառվում էր հարավային Ինդիանայի այս քաղաքում, վերցվում էր ուսուցչական գրադարակից և դրվում մի երևացող տեղ: Այս դպրոցի այլ մի քանի դասարանում փայտը կախում էին մեխից՝ գրատախտակի կողքին: Փ-ն այնքան սարսափած էր այն հավանականությունից, որ իրեն կարող են այդ փայտով ծեծել և խայտառակ անել իր ընկերների առաջ, որ հազիվ թե կարողանում էր մտածել այլ բաների մասին: Նա այնքան վախեցած էր, որ անհնարին է, որ աներ իր ուսուցիչների ցասումը շարժող որևէ բան, հետևաբար ոչ մի դեպքում ծեծ չէր ուտի: [1] Ինչևէ, նա հրաժարվեց ընդունելուց, որ ինքը վախենալու ոչինչ չունի և չորս շաբաթում ամենալավ ընթերցողների խմբից գլորվեց ամենավատ ընթերցողների խումբ
Այլ դեպքեր.
- Մի մարմնեղ առաջին դասարանցի նրան պատին էր դեմ արել և հարցնում էր մեկ այլ առաջին դասարանցու.
— Ուզո՞ւմ ես տեսնել, թե ոնց եմ ծեծում այս երեխային:
Փ-ն հարվածել է նրան ու փախել: - Նախաճաշիկի ժամանակ Փ-ն գրկում է մյուս առաջին դասարաանից մի տղայի, որի հետ ինքը ծանոթացել է մեկ տարի առաջ, պարտեզում, և որին ամբողջ ամառ չի տեսել: Չորրորդ դասարանցի երկու տղա տեսնում են զգացմունքային այս զեղումը և Փ-ին «համասեռամոլ» անվանում:
- Փ-ն ընկնում է խաղահրապարակում, խփում գլուխը և գնում ետ՝ դասարան, որպեսզի պատմի իր ուսուցչին, ով պատվիրել էր չվերադառնալ շենք, մինչև զանգը չտա: Երբ Փ-ն պատմում է նրան, որ խփել է գլուխը, ուսուցիչը պատվիրում է նրան զեկուցել այդ մասին խաղահրապարակի ղեկավարին: Փ-ն չէր էլ պատկերացնում, որ այդ բազմամարդ խճածածկ հրապարակում այդպիսի մեկը կա:
Երեխաներին թույլ չէր տրվում խոսել ճաշարանում, և տնտեսուհին, որն այդ անխուսափելի փայտի հետ վարվելու մեծ փորձ ուներ, հիշեցնում էր, թե ինչ կպատահի նրանց հետ, եթե խոսեն: Փ-ն տուն էր գալիս սպառված, դյուրագրգիռ, հաճախ լաց լինելով, ու նախաճաշին ձեռք չտված: (Ճաշարանային այս իրավիճակները չորս տարի անընդմեջ շարունակվում էին, չնայած տարբեր ծնողների բողոքների)»:
Մեկ այլ մայրիկ գրում է.
Ջ-ին ազատ ենք թողել: Նա գրանցված է Սանտա Ֆ-ի համայնքային դպրոցում, սակայն փաստացի սովորում է տնային պայմաններում: Հենց որ որոշումը կայացվեց, թվաց, թե նա ազատվել է մի ծանր բեռից, նա անմիջապես սկսեց պատասխանատվություն ցուցաբերել սեփական կյանքի և սովորելու հանդեպ և սկսեց ամեն ինչին մոտենալ այն ծարավով ու ոգևորությամբ, որ մինչ այդ պահում էր իր բնագիտության, սպորտի և շինարարական նախագծերի համար: Օրինակ, նա ատում էր մաթեմատիկան, և մաթեմատիկայի տնային հանձնարարությունը կատարելու ժամանակահատվածը մշտապես մեր ընտանիքի ամենատխուր ու ամենադժբախտ ժամերն էին: Հիմա նա ինքնուրույն է անում մաթեմատիկան և շարունակում է այդ անել առանց որևիցե նախկին էմոցիոնալ նշանների:
Աղքատ, բանվոր ընտանիքի համար այսպիսի փորձ անելը հեշտ բան չէ, իրականում փոքր-ինչ վախեցնող է: Այնուամենայնիվ, հաստատ հավատացած եմ, որ աշխատավոր դասակարգի երեխաները ամենախոցելին են հանրակրթական դպրոցներում և ամենաշատն են զգում դպրոցներից ազատվելու անհրաժեշտությունը:
Ֆորթ Լոդրդեյլի «Նյուզ ընդ Սան-Սենթինել» թերթի 1979թ.-ի համարի մի հոդվածում խոսվում է երեխայի մեջ կատարվող նույն փոփոխությունների մասին. մի պարզ բան, էր, որ տարրական դպրոցի դիպլոմավորված ուսուցիչ օրիորդ Օշիին ստիպեց կասկածի տակ առնել հանրակրթության արժեքը` ժպիտի բացակայությունը:
Երբ Քիմը փոքրիկ էր, այնքա՜ն երջանիկ, ծիծաղկոտ փոքրիկ մարդուկ էր: Երբ դպրոց գնաց, ամբողջովին փոխվեց: Նա դադարեց ժպտալուց: Դպրոց հաճախեց վեց ամիս և շատ դժբախտ էր: Շատ անհասկանալի էր: Երբ դպրոց գնացի, ուսուցիչն անընդհատ ներողություն էր խնդրում աղմուկի համար, ու ես մտածեցի. «Ոչ մի աղմուկ էլ չկա: Այս երեխաներն ասես փոքրիկ ռոբոտներ լինեն»: Դա այնքան էլ առողջ չէր: Այսպիսով, երբ օրն ավարտվեց, ես հարցրի Քիմին.
-Ի՞նչ է պատահել,- և նայեցի նրան, զգացի այն, ինչ ինքն էր զգում: Եվ ասացի.
— Արի փորձենք:
— Շատ մարդիկ (երբ մենք նրանց պատմում ենք մեր արածը), — ասում է օրիորդ Օշին, ասում են. «Դուք ուսուցիչ եք, այնպես որ դա նորմալ է»: Բայց նրանք չեն հասկանում: Սովորեցնել կարող է ցանկացած մեկը: Մենք թերագնահատում ենք մեզ, բավականաչափ վստահ չենք մեր ուժերին: Կարծում ենք, թե դպրոցը կարող է անել այն, ինչ մենք ինքներս չենք կարողանում:
Նա խոստովանում է, որ կրթության ասպարեզում ունեցած իր սեփական փորձն այնքան էլ չի օգնել, քանի որ աղջիկները հաճախ ուզում են սովորել այնպիսի բաներ, որնք ինքը չգիտի:
— Բայց կարծում եմ, որ երբ դու ուզում ես ինչ-որ բան սովորել, դու պետք է այն սովորելու ճանապարհը գտնես: Եթե կարիքը կա, պատասխանը նույնպես կողքին է հայտնվում միշտ [2]:
Դրանք կարող են լինել ոչ տարածված պատասխաններ, սակայն դրանք կան: Աղջիկները հաճախում են մեծահասակների համար նախատեսված ջրաներկի և բնագիտության դասընթացների. նրանք նոր են սովորել մուտքագրել և փորձ էին ձեռք բերում՝ մի քանի օր օգնելով ընկերոջ աշխատանքին: Նրանք գնացել են դայվինգի, ձյու-դոյի ու երաժշտության դասերի, մայրիկը նրանց արվեստի ու տեխնոլոգիայի դասեր էր տալիս տանը, և նրանք մաթեմատիկայի, ընթերցանության ու ուղղագրական աշխատանքային տետրեր, ամսագրեր ու գրադարանային գրքեր էին գործածում: Օրիորդ Օշին ասում է, որ դպրոցում նրանց ժամանակը կանցներ խաղաղ զբաղվածության մեջ:
-Այստեղ, եթե Լեյնը կարող է երկու կամ երեք բաժանման խնդիր լուծել, նա դա անում է: Ես չեմ նստում նրա կողքին և ստիպում, որ 70-ը լուծի: Ես գտնում եմ, որ մարդիկ պետք է ունենան կյանքն ուսումնասիրելու ազատություն: Եվ նրանք չեն կարող այդ անել այն դեպքում, երբ ինչ-որ մարդիկ անընդհատ նրանց ասում են, թե ինչ անեն: Եվ ո՞վ է որոշողը, թե նրանք ինչ պիտի սովորեն: Սա է, որ ուզում եմ հասկանալ: Երեխաներին դպրոցում ֆիքսված կամ վեցժամյա ծրագրում ընդգրկելն ուղղակի ջարդում է նրանց: Մանուկ հասակում ունեցած նրանց ուժն ու եռանդը պարզապես «ջնջվում են»:
Վերջապես, Լոնգ Այլենդի դպրոցական «լավ» շրջանից մի մայրիկ մեզ գրում է, թե ինչպես է իր բալիկը պարտեզում բախվել դպրոցի սոցիալականացման «ճարտարագիտությանը».
Մենք մեր դստերը հանրակրթական պարտեզ ուղարկեցինք… Երբ նա սկսեց հաճախել այնտեղ, արդեն գրքեր էր կարդում (գրքեր, որոնք ես 4-րդ, 5-րդ դասարանում էի կարդացել) և էջ առ էջ պատմվածքներ էր գրում, որոնցում ինքը նոր բառեր էր օգտագործում՝ դրանք առանց օգնության ճիշտ գրելով: Սկզբում նա ուրախ ու ոգևորված էր: Շատ սիրում էր ավտոբուսով դպրոց գնալ: Բայց ուսուցիչը մերժեց նրա հետ որևիցե ակադեմիական աշխատանք տանել՝ նրա մակարդակում:
Խնդիրները ծագեցին, երբ ուսուցիչը որոշեց, որ Ս-ն սոցիալապես թերզարգացած է և «բուժման» կարիք ունի: Սկզբում նա զգուշորեն դրդեց, որ Ս-ն ավելի շփվող ու ընկերական լինի իր հասակակիցների հետ: Բայց երբ «բուժումը» չօգնեց, ուսուցիչն անհամբեր դարձավ ու զայրացած հարցրեց, թե ինչու Ս-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են: Ս-ն ճնշված ու ջղային էր: Նա միանգամից չասաց, թե ինչ է պատահել, սակայն շատ նյարդային էր տանը: Միշտ ասում էր, որ ատում է մարդկանց, նույնիսկ նրանց, ում չի ճանաչում, ասենք, ռեստորանի մատուցողուհուն: Նա դպրոցից տուն էր գալիս հոգնած ու վատ տրամադրությամբ: Սկսեց ասել, որ վատ է զգում ու չի ուզում դպրոց գնալ: Մենք թույլ տվեցինք, որ մնա տանը:
Ես փորձեցի պարզել, թե ինչ է պատահել: Ուսուցչի գործադրած ճնշման մասին պատմելիս Ս-ն լալիս էր: Նա կարծես ամաչում էր նաև, և հենց այս է, որ ինձ ամենաշատը վիրավորեց: Ս-ի կարծիքով ինքը հիասթափեցրել էր ուսուցչին, և ուսուցիչն այլևս համբերություն չուներ իր հետ աշխատելու (իրեն սիրելուց դադարել էր):
Մոտավորապես այս ժամանակ էր, որ Ս-ն, ես ու իմ կրտսեր դուստրը գնացինք իրենց տատիկ-պապիկին, մորաքույրներին, մորեղբայրներին ու զարմիկներին այցելության: Նրանք ապշած էին Ս-ի փոփոխությամբ: Նա չափազանց թշնամաբար էր տրամադրված՝ գտնվելով այդ սիրառատ միջավայրում:
Վերադարձին ես Մոնթեսորիական մի պարտեզ գտա, որի ուսուցիչը շատ հմայիչ էր: Նա ասաց, որ կարծում է, որ Ս-ի ընթերցելու կարողությունն արժանիք կդիտվի դասարանում: Հանրակրթական դպրոցի նրա ուսուցիչն այն որոշակի արգելք էր համարում և գտնում էր, թե հավանաբար դա է Ս-ի «սոցիալական թերզարգացման» պատճառը: Մենք հետո հայտնաբերեցինք, որ նա ասել էր Ս-ին.
— Դու երբեք ոչ մի ընկեր չես ունենա, եթե կանգնես այդտեղ ու ոչինչ չանես: Դու պետք է մտերմանաս այլ երեխաների հետ:
Հուրախություն և ի զարմանս Ս-ի` նոր դպրոցում շատ երեխաներ մտերմացան նրա հետ և նա 3 թե 4 ընկեր ունեցավ: Մի քանի ամսից նա նորից այն հին աղջիկը դարձավ:
Թարգմանություն անգլերենից
Լուսանկարի աղբյուրը
[1] Այդպիսի դպրոցներում բոլորովին պարտադիր չէ, որ մանկահասակ երեխան անի ինչ-որ բան, որ ծեծ ուտի:
[2] «Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, Ուր վերջանում է ամե՜ն մի հնար» Պ. Սևակ (ծանոթ.` թարգմանչի):
Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան
Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան