«Պարը և ֆիզիկական ակտիվ գործունեությունը դպրոցներում պետք է մաթեմատիկայի, բնագիտության և լեզվի նման կարգավիճակ ունենան: Պարը նույնիսկ կարող է բարձրացնել ստուգողական աշխատանքների գնահատականները նշված ուսումնական առարկաներից»,- ասում է Քեն Ռոբինսոնը։
Մի քանի տարի ես Լոնդոնի ժամանակակից պարերի դպրոցի հովանավոր եմ եղել: 2016-ին ինձ հրավիրեցին դպրոցի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կոհանի պատվին դասախոսություն կարդալ, և ես որոշեցի խոսել դպրոցներում պարի դերի մասին:
Նախքան դասախոսությունը սոցցանցում հարցում արեցի հետևյալ վերնագրով. «Ինչու է պարը դպրոցում նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան»: Ես շատ դրական և մի քանի հատ էլ թերահավատ արձագանք ստացա: Արձագանքներից մեկն այսպիսին էր. «Սա ձեր երբևէ կարդացած ամենակարճ դասախոսությու՞նն է»: Մեկ ուրիշն էլ ուղղակի գրեց. «Քեն, պարն այնքան կարևոր չէ, որքան մաթեմատիկան»: Մի մարդ էլ այսպես մեկնաբանեց. «Եվ ի՞նչ: Հեռախոսն ավելի կարևո՞ր է, քան բանա՞նը: Մրջյունն այնքան կարևոր չէ, որքան զուգարանակոնք մաքրող բադիկը: Թղթի ամրակն ավելի կարևոր է, քան արմունկը»: (Այդ մեկը, գոնե, ստեղծական էր:) Եղան նաև ավելի գործին վերաբերող գրառումներ. «Դա այդպե՞ս է: Կարևոր է ինչի՞ կամ ու՞մ համար: Իմիջայլոց, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ»:
Ես մաթեմատիկայի դեմ չեմ վիճում: Դա մարդկային մտքի արկածախնդիր ստեղծականության անփոխարինելի մասն է: Ստեղծական միտքը սերտորեն կապված է նաև պարի դինամիկայի հետ: Երեխայի կրթության գործում այդ գործոնները պետք է հավասար լինեն: Եվ ամեն մի երեխայի ընդհանուր կրթության գործում պարը նույնչափ կարևորություն ունի, որքան նկարչությունը, լեզուները, մաթեմատիկան, հումանիտար և բնագիտական ուսումնական առարկաները:
Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:
Ի՞նչ է պարը: Դա մարդկային հարաբերությունների, զգացմունքների, գաղափարների ֆիզիկական արտահայտումն է շարժումների և ռիթմի միջոցով: Պարը ոչ մեկի հայտնագործությունը չէ: Այն գալիս է պատմական վաղընջական ժամանակներից և խորը նստած է յուրաքանչյուր մշակույթի սրտի խորքում: Մարդկության զգացմունքային զարկերակի մի մասն է պարը: Այն ընդգրկում է բազմաթիվ ժանրեր, ոճեր և ավանդույթներ և անընդհատ զարգանում է: Նրա դերը վերականգնողականից հասնում է մինչև սրբազան զգացմունքներին և տարածվում է սոցիալական ուղղվածության բոլոր ձևերի վրա:
Որոշ մարդիկ վաղուց են հասկացել, որ պարը կյանքի և կրթության էական մասն է կազմում: «Dance Education around the World: Perspectives on Dance, Young People and Change» աշխատության մեջ հետազոտողներ Շարլոտ Սվենդլեր Նիլսենը և Ստեֆանի Բարիջը ի մի են բերում պարի արժեքի դրսևորումների իրենց վերջերս արված ուսումնասիրությունները աշխարհի տարբեր երկրներում. Ֆինլանդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Գանայից մինչև Տայվան, Նոր Զելանդիայից մինչև Ամերիկա: Պարի ցածր կարգավիճակը դպրոցներում սերում է ավանդական ակադեմիական աշխատանքի բարձր կարգավիճակից, որը մտավոր կարողությունը հիմնականում կապում է խոսքային և մաթեմամատիկական տրամաբանության հետ: Նիլսենի և Բարիջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես է պարի էության ավելի խորը հասկանալը մարտահրավեր նետում մտավոր կարողության և ձեռքբերումների մասին ստանդարտ հասկացություններին, ինչպես նաև նշում են տարբեր տարիքի և ծագման մարդկանց համար պարի փոխակերպող ուժը: Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:
Մի քանի պարային արհեստավարժ ընկերություններ ծրագրեր են առաջարկում դպրոցներին: Նրանցից մեկը շահույթ չհետապնդող Dancing Classrooms-ն է, որը Նյու Յորք Սիթիում է և պարահանդեսային պարեր է առաջարկում տարրական և միջին դպրոցների համար կրթական առումով երկրի ամենադժվար համբավ ունեցող շրջաններում: Օգտագործելով պարը՝ կազմակերպությունը նպատակ ունի բարելավելու գենդերային սոցիալական հարաբերությունները և հարստացնելու դպրոցների կենցաղային մշակույթը՝ սերմանելով համագործակցություն, հարգանք և կարեկցություն: 1994-ին պարող Պիեռ Դուլեյնն է հիմնել ծրագիրը, որն այժմ 20 դաս է առաջարկում 10 շաբաթվա ընթացքում, իսկ դասընթացն ավարտվում է պարային ցուցադրական համերգով:
Dancing Classrooms-ի հետ աշխատանքային փորձի մասին այս պատմությունը տրամադրել է Լիհայի տարրական դպրոցի նախկին տնօրեն Թոնի Ուոքերը: «Երբ այս երիտասարդ օրիորդը առաջին անգամ եկավ Լիհայ, նրա անձնական գործը երկու դյույմ հաստություն ուներ (մոտ 5 սմ)», հիշում է Ուքերը: «Նա զգում էր, որ կարիք ունի ապացուցելու ինքն իրեն և համոզվելու, որ բոլորը գիտեն, որ ինքը ուժեղ է և կպայքարի»: Աղջիկը չէր ուզում միանալ պարահանդեսային պարերի ծրագրին, բայց մասնակցությունը պարտադիր էր: Շուտով նա պարզեց, որ բնական կարողություններ ունի: «Հաջորդ դասին նրա վերաբերմունքը մի փոքր փոխվեց և մենք ստիպված չեղանք ստիպել նրան պարել», հիշում է Ուոքերը: «Նա պարզապես հունի մեջ ընկավ»:
Մինչև երրորդ և չորրորդ դասերը, Ուոքերը ասում է, որ սովորողը վերափոխվեց. «Նրա պահվածքն այլ է դարձել, այլ ձևով է խոսում, նա բարի է, հարգարժան: Նա ոչ մի կարգապահական տույժ չի ունեցել, ո՚՚չ մի: Նրա մայրը իր աչքերին չի հավատում: Զարմանալի է, զարմանալի է: Ծրագիրը շատ ավելի մեծ ուժ ունի, քանի մարդիկ հասկանում են»:
Մի գնահատման մեջ ուսուցիչների 95%-ը ասաց, որ միասին պարելու արդյունքում բարելավվում է սովորողների համագործակցելու կարողությունը:
Պարային կրթությամբ սովորողները կարևոր ձեռքբերումներ են ունենում սոցիալական հարաբերություններում, մասնավորապես տարբեր սեռերի և տարիքային խմբերի միջև: Պարերի շատ ձևեր, ներառյալ պարահանդեսայինները, իրենց բնույթով սոցիալական են: Նրանց մեջ ներառվում է միմյանց զգալով համաժամանակ շարժվելը՝ ուղղակի ֆիզիկական շփումով: Լոս Անջելոսում մի հարցման ժամանակ դպրոցների տնօրենների 66%-ը ասաց, որ ծրագիրն անցնելուց հետո իրենց սովորողների 81%-ը ավելի մեծ հարգանքով էր վերաբերվում ուրիշների նկատմամբ: Պարը ունի նաև տնտեսական օգուտներ: Շատ գործատուներ անձի պարային ունակությունները էական են համարում, որպես համագործակցային, այլոց հետ հարմարվող աշխատուժ:
Մի տնօրեն հատկապես տպավորվել էր իր հինգերորդ դասարանցիների ընթերցանության և մաթեմատիկայի գնահատականների բարելավմամբ: «Որևէ վերապահում «եթե»-ով, «և»-ով կամ «բայց»-ով չկա մեր երեխաների ակադեմիական կյանքի վրա այս ծրագրի ազդեցության հարցում», ասում է Լուիս Հաբթեսը՝ Էմանուել Բենջամեն Օլիվերի անվան տարրական դպրոցից: «Երբ ես առաջին անգամ այստեղ եկա, նրանք ցածր գնահատականներ ունեին: Անցյալ տարի, մեր պարային ծրագրի երկրորդ տարին, 83 % առաջադիմություն ունեցանք: Այս տարի մեր հինգերորդցիները ունեցան 85% ընթերցանությունից, որն ամենաբարձրն էր դպրոցում»:
Դա, իհարկե, սոսկ պար չէ: «Պարող դասարանների»-ի հաջողությունը լավ փաստարկված օրինակ եղավ ֆիզիկական ակտիվ գործունեության և ակադեմիական առաջադիմության կապի մասին: Միացյալ նահանգների դպրոցների մեծ մասի միտումն է կրճատել ֆիզիկական կրթության դասաժամերը ի օգուտ մաթեմատիկայի, բնագիտական առարկաների և անգլերենի անընդհատ ավելացող դասաժաների: Այս ձեռնարկումները պարզապես չեն լավացրել սովորողների առաջադիմությունը, ինչպես սպասում էին նման կրթական քաղաքականության հեղինակները:
Կինեզիոլոգիայի (մկանային շարժումներն ուսումնասիրող գիտություն) և մանկաբուժության հետազոտողների մի խումբ դպրոցահասակ երեխաների վրա ֆիզիկական ակտիվության ազդեցության մոտ 850 ուսումնասիրություն ամփոփեցին: Ուսումնասիրությունների մեծ մասը ներկայացնում էր չափումներ, որոնք արվել էին 30-ից 45 րոպե տևողությամբ չափավորից մինչև բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մի շարք գործոնների վրա. գիրություն, սրտանոթային համակարգ, արյան ճնշում, ինչպես նաև, ընկճախտ և ոսկրային խտություն, դեպրեսիա, հոգեկան անհանգստություն, ներամփոփվածություն և ակադեմիական առաջադիմություն: Հիմնվելով ուսումնասիրությունների ակնհայտ վկայությունների վրա, հետազոտողների խումբը հաստատապես վճռականորեն խորհորդ տվեց, որ սովորողները ամեն օր մեկ ժամ պետք է զբաղվեն չափավորից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվ գործունեությամբ: Դիտարկելով հատկապես ակադեմիական առաջադիմությունը, հետազոտողների խումբը ուժեղ ապացույցներով հիմնավորեց այն եզրակացությունը, որ «ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենումհիշողության, ուշադրության կենտրոնացման և դասարանական վարքի վրա»:
Միացյալ նահանգների շատ դպրոցներում սովորողները երաժշտության և դիտարվեստի որոշ կրթություն ստանում են, ինչը հաճախ շատ կցկտուր է: Բայց պարին ու թատրոնին նայում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների, և ընդհանրապես, սովորողներին արվեստի հետ շփվելու ամենափոքր հնարավորությունն է տրվում աղքատության բարձր մակարդակ ունեցող վայրերում: «Դեռ միլիոնավոր սովորողներ կան, որոնք արվեստի որվևէ տեսակին վերաբերող ուսուցում չեն ստանում: Նրանցից շատերը մեր աղքատ համայնքներում են, որտեղ այս ծրագրերի կարիքն ամենաշատն է զգացվում», ասում է Quadrant Research-ի հիմնադիր տնօրեն Բօբ Մօրիսոնը:
«Լավ կլինե՞ր, եթե միլիոնավոր սովորողների համար անհասանելի լինեին մաթեմատիկան և լեզուները», հարցնում է նա: «Իհարկե, ոչ, և նույնը չի կարելի հանդուրժել արվեստի նկատմամբ: Համառորեն իր ճանապարհը հարթող աեասպել կա, որ արվեստը միայն օժտված և տաղանդավոր երեխաների համար է, բայց մենք գիտենք, որ արվեստից օգուտ են ստանում բոլորը`անկախ նրանց ընտրած մասնագիտական նեղ արահետից», ասում է նա: «Մենք մաթեմատիկան չենք սովորեցնում, որպեսզի բացառապես բոլորին մաթեմատիկոսներ դարձնենք, և մենք գրել չենք սովորեցնում, որպեսզի վիպասանների մի նոր սերունդ ստեղծենք: Նույն ճշմարտությունն էլ արվեստի դեպքում է: Մենք մեր սովորողներին արվեստ ենք սովորեցնում, որպեսզի նրանք դառնան բազմակողմանի զարգացած քաղաքացիներ, ովքեր կկարողանան արվեստի ոգեղենությամբ կիրառել իրենց ունակությունները, գիտելիքը և փորձը իրենց ընտրած մասնագիտական աշխատանքում և կենցաղում»:
Աղբյուրը՝ Ken Robinson IDEAS.TED.COM, March 21, 2018
Why dance is just as important as math in school
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան