Մարիոնետների ֆաբրիկա; Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

«Մենք ապագա էինք կերտում»,- ասաց նա, և մեզանից ոչ մեկը չմտորեց այն մասին, թե հատկապես ինչ ապագա էինք կերտում:
Եվ ահա այն եկավ:
Հերբերտ Ուելս. «Երբ քնածն արթնանա»

1

Զարմանալի է, թե որքան շատ, ընդհանուր առմամբ, խելացի մարդիկ համարում են, թե ընտանիքի ինստիտուտի անկման պատճառով առաջացած հասարակական խնդիրները (այդ թվում` երեխաների և երիտասարդության խնդիրները) կարելի է լուծել` ուժեղացնելով պետական կրթական համարկարգի դերը:  Այդ խնդիրների լուծման ճանապարհին արդյունավետ քայլ են համարում երեխաների` դպրոցում մնալու ժամանակը երկարացնելը՝ ուսումնական օրը, շաբաթը կամ տարին երկարացնելու հաշվին: Իմ կարծիքով նրանց դիրքորոշումը հիմնականում կապված է այն բանի հետ, որ չեն հասկանում տարբերությունը` Համայնքի, Ընտանիքի (լայն իմաստով), որին պատկանելու կարիքը զգում է յուրաքանչյուրը, և Հասարակական կառույցի, որին պատկանել առաջարկում է պետությունը: 

Այս խառնաշփոթից նրանք հանգում են եզրակացության, որ եթե հասարակական վատ կառույցը լավով փոխարինեն, խնդիրը կլուծվի: Քանի որ կտրականապես համաձայն չեմ նախնական այն ենթադրության հետ, որ ինչ-որ կազմակերպություն կարող է փոխարինել իրական ընտանիքին, և քանի որ բոլորին ակնհայտ է, որ դպրոցում մնալու ժամանակի ավելացումն իր հետ ֆինանսական զգալի ծախսեր կբերի, թույլ տվեք բացատրել, թե ինչու եմ որպես ուսուցիչ, համարում, որ դպրոցին երեխաները ավելի քիչ ժամանակ պետք է հատկացնեն, ոչ թե ավելի շատ:

Մեր դպրոցական համակարգը հավանող մարդիկ, որպես կանոն, հասարակական տարբեր կառույցների կողմնակիցներ են, և բարձր գնահատելով այդ կառույցների դրական կողմերը` բոլորովին անտեսում են բացասական կողմերը: Իսկ ես համարում եմ, որ հասարակական կառույցները, նույնիսկ լավերը, քամում են ընտանիքը: Դրանք մարդկային խնդիրների միայն ձևական լուծումն են ապահովում, այնինչ իրականում միայն դանդաղ, օրգանական ինքնագիտակցման, ինքնաճանաչման և ուրիշների հետ համագործակցության ընթացքում մարդը կարող է իր խնդիրները լուծել սովորել:

Օրինակ` ավելորդ քաշի խնդիրը հիշեք: Կարելի է արագ արդյունք տվող վիրահատական միջոցների դիմել, բայց ասում են, որ այդպիսի մեթոդներից օգտվող դժբախտների իննսունհինգ տոկոսն ինքնախաբեությամբ է զբաղվում: Այս եղանակով կորցրած քաշն արագ վերականգնվում է: Արտաքին այլ լուծումները նույնպես երկարաժամկետ չեն: Սա վերաբերում է նաև կյանքի այլ բնագավառների. իրավունք ուսումնասիրող ուսանողների խումբը կարող է միավորվել քննությունը լավ հանձնելու համար, բայց հետագայում մասնավոր իրավաբանական պրակտիկայում ստիպված է լինելու փաստաթղթերը միայնակ կազմել:

Շատ տարիներ առաջ Արիստոտելը, ի տարբերություն Պլատոնի, հասկացավ, որ միայն սեփական կյանքը ինքնուրույն ապրելով կարելի է լիարժեք մարդ դառնալ:  Մասնագետների խորհրդատվությունից և նրանց խորհուրդները կատարելուց ստացած դրական արդյունքները հաճախ ջնջվում են սեփական կամքի լրիվ կորուստից: Հենց այս պատճառով փոխանակ առանց բողոքելու ընդունելու` ինչ իրենց տալիս են, մարդիկ վիճում են իրենց բժիշկների, փաստաբանների և հոգևորականների հետ` մասնագետներին բացատրելով, թե հատկապես ինչ են իրենք ցանկանում. հաճախ ռեստորանում սնվելու կամ պատրաստի կերակուր տաքացնելու փոխարեն իրենք են պատրաստում իրենց սնունդը, շատ այլ գործողություններ էլ են կատարում, որ վկայում են սեփական կյանքում նրանց ակտիվ մասնակցության մասին: Իսկական հասարակությունը կազմված է իսկական ընտանիքներից, որոնք իրենք են կազմակերպում իրենց սեփական կյանքը:

Սակայն կազմակերպություններին մարդը ոչ թե որպես ամբողջականություն է պետք, այլ նրա մի մասն է միայն պահանջվում: Եթե դուք որևէ կազմակերպության շրջանակում եք գործում, նա պահանջում է, որ ձեզ բնորոշ բոլոր գծերը ճնշեք, բացի նրանցից, որ անհրաժեշտ են այդ կազմակերպությանը. մարդու համար ծայրահեղ անբնական վիճակ, որին, սակայն, կարելի է վարժվել: Փոխարենը կազմակերպությունն առաջարկում է լուծել ձեր որևէ խնդիրը՝ որպես կանոն, բավականին սահմանափակ: Ըստ էության սա գործարք է սատանայի հետ, քանի որ ապագա հնարավոր հաջողության փոխարեն մարդն իր սեփական ամբողջականությունից պետք է հրաժարվի: Եթե չափից շատ այդպիսի գործարքներ եք կնքում, ձեզ շատ մասերի եք բաժանում, որոնցից ոչ մեկն ամբողջապես մարդկային չի լինում: Իսկ այդ մասերը վերամիավորելու ժամանակ այլևս չի լինի: Այդպիսի ճակատագիր, որքան էլ ցավալի է, հասնում է շատ հաջողակ գործիչների, ինչը, անկասկած, աշխատանքի դաշտ է ստեղծում դատարանների համար, որոնք զբաղվում են ամուսնալուծություններով, և ամեն տեսակի խորհրդատուների և հոգեթերապևտների համար:

Ամենատարբեր կազմակերպությունների մասնակցելու պատճառով առաջացած մասնատվածությունը խաթարում է մարդու ամբողջականությունը, առաջացնում է սեփական կյանքի նկատմամբ հսկողության կորստի զգացում, որ էականորեն համապատասխանում է իրականությանը: Եթե ազնվորեն վերլուծենք ժամանակակից դպրոցի և հասարկության ճգնաժամի ակունքները, ցանկանալով իսկական ելք գտնել ստեղծված վիճակից, պետք է ընդունենք, որ ժամանակակից կյանքի հոգեվարքին զգալիորեն նպաստում են դպրոցները` որպես կազմակերպություն: Պետք է ոչ թե ավելացնենք, այլ կրճատենք դպրոցում անցկացվող ժամանակը:

Կարծում եմ` որոշակի հիմնավորումներ են պետք, չնայած մոտ միլիոն մարդու տնային կրթությունն արդեն կասկածի ստվեր է սերմանել բոլորի հոգիներում. և երբ նրանց հաջողությունն ավելի մեծ ճանաչում ստանա, նրանց ավելի մեծ ուշադրություն կդարձնեն:  Ովքեր չեն լսել, որ լավ կրթություն ստանալու համար բոլորովին պարտադիր չէ պաշտոնապես լիցենզավորված ուսումնական հաստատություններում դիպլոմավոր ուսուցիչների դասերին հաճախել, թույլ տվեք բացատրել այդ լիցենզավորված ուսուցման այդքան վատը լինելու մեխանիզմը: Եվ իմացեք` եթե կարծում եք, որ «միշտ է այսպես եղել», ճիշտ չեք. իրականում միշտ չէ այսպես եղել:  

Ֆաբրիկա-դպրոցներում պարտադիր ուսուցումը ոչ վաղ անցյալի հայտնագործություն է: Մի երեսուն տարի առաջ դեռ կարելի էր դպրոցից հետո հանգստանալ մասսայական կրթությունից. հիմա դա շատ ավելի դժվար է, քանի որ մասսայական կրթության մյուս ձևը՝ հեռուստատեսությունը, տարածվել է ամենուր և գրավել մարդկային ուշադրության` դպրոցի կողմից դեռ չկլանված մասը: Արդյուքում այն, ինչ մինչև 1960թ. երիտասարդության ազգային դաստիարակության մեջ միայն գրոտեսկ էր, հիմա, երբ մասսայական կոմերցիոն զվարճանքն այնպիսի կախվածություն է ծնում, ինչպես թմրանյութերի առաջացրած հալյուցինացիաները, դարձել է ողբերգական:

Երբ քննարկվում է այնպիսի ինստիտուցիոն կառույցների համայնքային էությունը, ինչպիսիք են դպրոցները, քոլեջները, զինված ուժերը, մեծ կորպորացիաներն ու պետական գործակալությունները, որպես կանոն, անտեսվում է այն փաստը, որ դրանք Համայնքներ չեն, այլ Կազմակերպություններ: Ի տարբերություն Համայնքների, Կազմակերպությունները, ինչպես արդեն ասել եմ, մարդկանց թույլատրում է հարաբերվել միայն շատ սահմանափակ, մեկ կամ ամենաշատը մի քանի հատուկ, միավորող հատկանիշների նեղ շրջանակում:

Չնայած ծննդյան տոնի կորպորատիվ խնջույքի կամ սպորտային մրցումների նման ծեսերին, մարդիկ՝ կառուցվածքի այդ մարդկային բաղադրիչները, միայնակ են «տուն» գնում: Եվ չնայած արտակարգ դեպքերում գործընկերների ցուցաբերած մարդասիրական օգնությանը, կազմակերպության աշխատակիցները միայնակ են տառապում, եթե միայն իրենց հետ տառապող ընտանիք կամ համայնք չունեն: 

Սա վերաբերում է նաև ուսանողական հանրակացարաններին՝ համայնքին նմանակող առավել գրավիչ ձևին: Մեզանից ո՞վ ուսումը ավարտելուց հետո չի ապրել այն սարսափելի զգացումը, որ ինքը, իրոք, ի վիճակի չէ հիշելու իր մտերիմների ո´չ անունները, ո´չ դեմքերը: Եվ ո՞վ հանկարծ չի հասկացել, որ բոլորովին էլ չի վառվում նախկին կապերը վերականգնելու ցանկությունից:

Մեծ հաշվով կազմակերպություններում մարդկանց նկատմամբ հոգատարությունը կեղծ է, այս երևույթը դեռ քչերին է ակնհայտ, բայց այն մտահոգություն է առաջացնում: Որևէ հասարակական կառույցում մարդկանց վարքը, չնայած անկեղծ զգացմունքայնությանը, հաճախ պիես է հիշեցնում, որտեղ գրված սցենարը պետք է հարմարեցնել սյուժեին:    Ընդ որում դա առանց վատ մտքի է արվում: Ուղղակի կազմակերպության շրջանակում անձնային դրսևորումներն այն խորությունն ու երկարաժամկետությունը չունեն, որ բնորոշ են համայնքի կամ ընտանիքի շրջանակներում դրանց նմանակներին: Ով հիշում է սպորտային թիմերում զգացած զարմանալի մտերմությունը և միաժամանակ մոռացել է նրանց, ում հետ մի ժամանակ մոտ էր, կհասկանա, թե ինչը նկատի ունեմ: Մյուս կողմից, կարո՞ղ եք պատկերացնել, որ մոռանաք, թե ինչ տեսք ուներ ձեր մոտիկ բարեկամը:

Եթե մարդը ժամանակին չնկատի տարբեր տեսակի կազմակերպություններում ընդգրկված լինելու պատճառով իրական համայնքի անհետանալն իր կյանքից, նրա հոգում «կարմրախայտի սովի»  վիճակ կառաջանա, որին միայն գետի ձկով սնվող հետախույզներն են ենթակա: Չնայած կարմրախայտը համեղ է, օգտակար և հագեցնում է քաղցը, ժամանակ անց մարդը հիվանդանում է անհրաժեշտ սննդարար նյութերի պակասից:

Այնպիսի կառույցները, ինչպիսիք են դպրոցները, համայնք չեն, ճիշտ այնպես, ինչպես դպրոցական ուսուցումը կրթություն չէ: Երիտասարդներից խլելով նրանց ժամանակի հիսուն տոկոսը, փակելով նրանց նույն տարիքի երիտասարդների հետ, ստիպելով աշխատանքը սկսել և ավարտել զանգով, պահանջելով, որ մարդիկ մտածեն միաժամանակ նույն բանի մասին և նույն ձևով, գնահատելով մարդկանց այնպես, ինչպես բանջարեղենն ենք գնահատում, և տասնյակ այլ անպետք և հիմար միջոցներով դպրոցները համայնքի կենդանի կյանքը փոխարինում են այլանդակ մեխանիզմով: Ոչ մեկն այս փորձությունն առանց սեփական անձը վնասելու չի անցնում ՝ ո´չ երեխաները, ո´չ ուսուցիչները, ո´չ ադմինիստրացիան, ո´չ ծնողները:

Համայնքը տեղ է, որտեղ մարդիկ միմյանց հարաբերվում են իրենց անձնային ամբողջ բազմազանությամբ, իրենց դրական, բացասական և այլ հատկություններով: Համայնքը պայմաններ է ստեղծում ընդհանուր գործում յուրաքանչյուրի ընդգրկվածությամբ միավորված կյանքի ավելի բարձր մակարդակի համար: Սա բոլորի մոտ տարբեր ձևով է լինում, բայց դա հնարավոր չէ, երբ դպրոցի հայեցակարգի համաձայն տասից ավելի տարի ծախսվում է այն բանի համար, որպեսզի լսեն, թե ինչպես են ուրիշները խոսում, ձգտեն անել այն, ինչ նրանք պահանջում են, և համապատասխանեն նրանց սպասումներին: Նման վարժեցումը չի կարող հետք չթողնել ամբողջ կյանքի վրա:

Բացատրեմ օրինակով: Քաղաքային բարեփոխող կազմակերպությունները կհավաքվեն և կքննարկեն անտուն թափառաշրջիկների խնդիրը, իսկ համայնքի համար այդ թափառաշրջիկներն իրական մարդիկ են, ոչ թե վերացարկումներ: Համայնքը նրանց անուններով կկոչի՝ Ռոն, Դեյվ կամ Մարտի: Եվ սա հսկայական տարբերություն է:

Համայնքում մարդիկ հազարավոր անտեսանելի ձևերով են փոխազդում, և համապատասխան զգայական պատասխանը դրանից հարուստ է և բազմազան: Իսկ կազմակերպություններին հասանելի է միայն համայնքի ծաղրանկարային նմանակումը, դրա համար էլ զգայական պատասխանը շատ սահմանափակ է:

Իհարկե, ես էլ մի քանի կազմակերպության անդամ եմ, բայց, իմ կարծիքով, պակաս վտանգավոր է այն, որը չի հավակնում համայնք կոչվելուն, իր տեղը գիտե և բացառապես որոշակի անհրաժեշտ խնդիրների լուծմանը նպաստելու վրա է կենտրոնանում: Սակայն անհրաժեշտ է սիրտը ցից խրել և դագաղին մեխել այնպիսի արնախում կառույցը, ինչպիսին դպրոցն է, որը մարդկանցից հսկայական քանակի ժամանակ և էներգիա է խլում, որ անհրաժեշտ էր համայնք և ընտանիք կառուցելու համար, և անընդհատ էլի պահանջում է: Ձևական կրթության համակարգի անկշտությունը, արյան նման ծծում է ժամանակը, որը մեզ` մեր երեխաների հետ, իսկ մեր երեխաներին մեզ հետ անցկացնելու համար է անհրաժեշտ, արդեն լրջորեն վնասել է ընտանիք և համայնք կառուցելու մեր կարողությանը: Ահա, թե ինչու եմ պնդում, որ պետք է ավելի քիչ ժամանակ հատկացնենք դպրոցին, ոչ թե ավելի շատ:

Ո՞վ է ժխտում, որ կազմակերպությունն ի վիճակի է որոշ խնդիրներ լուծելու: Իհարկե, նրանք ի վիճակի են դա անելու: Բայց նրանք ամենևին ի վիճակի չեն մարդկանց զգացմունքները սնելու: Նրանց հատուկ ծայրահեղ ռացիոնալությունը հիմնված է մարդկային էության այն սխալ մեկնաբանության վրա, որը ֆրանսիական լուսավորչության մեղքն էր: Մարդիկ իրենց լավագույն դրսևորումներում շատ ավելի բազմաբնույթ են, քան ուղղակի ռացիոնալ: Հենց այդ պատճառով համակարգիչները մարդկանց երբեք չեն փոխարինի. նրանք դատապարտված են ռացիոնալության և այդ պատճառով՝ խիստ սահմանափակության:

Կազմակերպությունները բաժանում են մարդկանց այն պատճառաբանությամբ, որ դա նպաստում է դրված խնդիրները արդյունավետ լուծելուն. սկզբում նրանց իրենցից են հեռացնում, իսկ հետո՝ ուրիշներից:  Հնարավոր է, որ այդպես է, բայց դա կյանքի ուրախությունը չի ավելացնում: Կազմակերպությունները մենակություն են ծնում: Նրանք չեն կարող փոխել իրենց հակամարդկային էությունը, առանց վնասելու իրենց գործունեության հաջողությանը: Մասսայական կրթության մեծ գաղտնիքն այն է, որ դպրոցները համայնք են թվում, իսկ իրականում այդպիսիք չեն: Հենց այդ պատճառով համարում եմ, որ դպրոցի ազդեցության ոլորտի ընդլայնումը կխորացնի հասարակության մասնատման վտանգավոր միտումները, փոխանակ դրանք ուղղի: 

Ես սա կկրկնեմ այնքան ժամանակ, մինչև հոգնեք: Ամենատարբեր հասարակական կառույցները հսկայական վնաս են պատճառում նրանով, որ ունենալով համայնքի արտաքին հատկանիշներ` մարդկանց մոտ առաջացնում են մարդկային սոցիալական և հոգեբանական բավարարման ակնկալիքներ: Սակայն իրականում կազմակերպություններն ընդունակ չեն դրան: Նույնիսկ արտաքինից անվնաս միավորումները, եթե իսկական ընկերության պատկեր են ստեղծում, ինչպես բրիջ խաղի ակումբը, շախմատի ակումբը, գեղարվեստական ինքնագործության խմբակը կամ սոցիալական ակտիվիստների միավորումը, վերջին հաշվով միայնության զարմանալի զգացողություն են ծնում, որը ծանոթ է բոլոր քաղաքաբնակներին: Մեզանից  ո՞վ չի ապրել այդ զգացողությունը: Մի քանի կազմակերպության անդամ լինելու գումարը համայնքին պատկանելու զգացողություն չի տալիս. դա կախված չէ նրանից, թե քանի կազմակերպության անդամ եք, և որքան հաճախ է զնգում ձեր հեռախոսը:

Կազմակերպությունից դժվար է սպասել ավելին, քան ստանում ես այնտեղ ընդունվելիս: Կազմակերպությունները չեն լավանում կամ վատանում. նրանց նպատակների սահմանափակությունը ինչ-որ զգալի զարգացման տեղ չի թողնում. նրանք ամբողջ ժամանակ համեմատաբար անփոփոխ են:  Ժամանակի ընթացքում առաջացող հիվանդագին հագեցածությունը, որը ժամանակի ընթացքում առաջանում է մարդկային մակերեսային շփումների մշտական կրկնության արդյունքում, երևում է այն զգացողությունից, որ «ընկերներին» և «գործընկերներին» դուք հետաքրքիր եք միայն այնքանով, որքանով կարող եք իրենց օգտակար լինել, որ նրանց չի հետաքրքրում ձեր կյանքը, նրանց հետաքրքիր չեն ձեր հույսերը, սպասումները, հաղթանակները և պարտությունները: Իրականում «ընկերները», որ անարդարացիորեն մեղադրվում են անտարբերության համար, երբեք այդպիսին չեն եղել. նրանք ուղղակի կազմակերպության նույնպիսի անդամներ են, ումից իրականում, բացի ընդհանուր շահերի մասին հոգալուց, չէր էլ կարելի ոչինչ սպասել:

Բայց համայնքին պատկանելու մեր չհագեցող ծարավը և հասարակական տարբեր ինստիտուտների շրջանակներում դա բավարարելու անհնարինությունը մեզ հասցնում են հուսահատության: Արդյունքում թյուրիմացաբար ելք ենք փնտրում նորանոր կապերում` ինքներս մեզ խաբելով նրանց բնույթի վերաբերյալ: Ինչ էլ, որ մեզ համար նշանակի «հոգածություն» բառը, դա ավելին է, քան ուղղակի միավորումը կամ ընդհանուր հետաքրքրությունների վրա հիմնված ընկերությունը:

2

Մարդկային հասարակության զարգացման սկզբում առաջացել են ընտանիքները, հետո համայնքները և շատ ավելի ուշ փուլում՝ ինստիտուտները,  որոնք հասարակությունը ստեղծել էր իր կարիքները սպասարկելու համար: Այն բանի մեծ մասը, ինչ հասարակական ինստիտուտները հայտարարում են որպես իրենց գոյության նպատակ և բովանդակություն, ընդօրինակված են ընտանիքից:

Միացյալ Նահանգներում, հատկապես վերջին հարյուր հիսուն տարում, հասարակական կյանքի ջատագովները քարոզում են հասարակական ինստիտուտների դերի ընդարձակում և ընտանիքի և համայնքի վրա դրանց ազդեցության ավելացում:  Նրանք ձգտում են ղեկավարել և կարգադրել, ինչպես արել են թագավորները, չնայած այստեղ կարևոր տարբերություն կա: Հին թագավորների ժամանակ կարելի էր, որպես կանոն, ամեն ինչ անել նրանց ձայնի և փողի հասանելիության սահմաններից դուրս. մեր ժամանակներում տեխնոլոգիան թույլատրում է պետությանը թափանցել մարդու կյանք ամենուր. եթե ձեր բնակարանն ու ընտանիքն էլ չեն կարողանում ձեզ ապաստան ապահովել, փրկություն չկա:

Քաղաքական փիլիսոփաները և ինստիտուցիոնալ կյանքի ջատագովները պնդում են, որ հասարակական կառույցներն ընտանիքներից շատ ավելի լավ կարող են կարգ ստեղծել հասարակության մեջ և, հետևաբար, նրանք պետք է լինեն առաջնորդողը, ոչ թե վարվողը: Ինստիտուցիոնալ առաջնորդներն իրենց որպես սինթետիկ հայր են զգում միլիոնավոր սինթետիկ երեխաների, որոնց մեջ ենթադրվում ենք նաև ես և դուք: Այդպիսի մոտեցման դեպքում հայտնվում ենք ինչ-որ վերացական ընտանեկան կապերում, իսկ պետությունը մեզ համար դառնում է իրական մայր ու հայր և, հետևաբար, մեզանից առաջնահերթ և առաջնակարգ նվիրվածություն պահանջում:

Նախագահ Քենեդին ասում էր. «Մի հարցրեք, թե ինչ կարող է ձեզ համար ձեր երկիրն անել, ավելի լավ է հարցրեք, թե դուք ձեր երկրի համար ինչ կարող եք անել»:  Քանի որ դուք իրական եք և շոշափելի, իսկ պետությունը, որը իբր թե ձեզ է պատկանում, բառային վերացարկումներից մեկն է, ակնհայտ է, որ նախագահի դիմումը ոչ այլ ինչ է, քան սինթետիկ ընտանիքի փիլիսոփայության դրսևորում, որտեղ Հասարկությունը առավելություն ունի Ընտանիքի նկատմամբ: Եթե նման մոտեցումը ձեզ բավարարում է, ապա դուք, հավանաբար, նույնպես համարում եք, որ մեր դպրոցական համակարգը կարելի է կարգի բերել ոչ բարդ գործողությունների միջոցով: Բայց եթե ձեզ համար տարօրինակ է և ոչ հաճելի ձեզ ու ձեր ընտանիքը որպես պետության կցորդ պատկերացնելը, ապա մենք միասին նույն ալիքի վրա ենք: Այդ դեպքում դուք, հավանաբար, ինձ պես համոզված եք, որ պետք է ոչ թե ավելացնենք, այլ նվազեցնենք դպրոցական ծանրաբեռնվածությունը:

3

Ցանկանում եմ կանգ առնել ավերիչ ազդեցության վրա, որ անձնականի և ընտանիքի նկատմամբ հասարակական ինստիտուտների գերակայության մասին կեղծ պնդումն ունենում է մարդու կյանքի վրա: Այդ ազդեցությունը, անկախ նրանից` կառավարությունից է, առևտրական միավորումից թե որևէ այլ կազմակերպված կառույցից, նույնքան խորտակիչ է:

Ինչպես արդեն ասել եմ, ցանկացած կազմակերպություն զտում է մարդկանց՝ նրանց մյուսներից ընտրում որոշակի հատկանիշներով: Օրինակ, դպրոց ընդունում են նույն տարիքի երեխաների, չնայած հաճախ նաև ուրիշ հատկանիշներով:

Եվ եթե այդ չափազանց սահմանափակ ընկերակցությունում արդյունքը հաջողության չափն է համարվում, եթե երեխայի գլխավոր նպատակը դառնում է հինգը, որին հասնելու համար գործնականում պահանջվում է նրա ամբողջ ուշադրությունն ու ժամանակը, եթե մարդու մասին դատում են այդ վերացարկված մրցավազքում ունեցած հաջողություններով և անհաջողություններով, նշանակում է, որ ստեղծվել է հասարակական այնպիսի մեխանիզմ, որը կարևորելով էականորեն անիմաստ և երևակայական վարքը` անխուսափելիորեն հանգեցնում է սովորողի անմարդկայնացմանը, սեփական անձից հեռացմանը, ծնողների հետ բնական կապերի խզմանը, ումից նրանք այլ պայմաններում կսովորեին:  

Բարի գալուստ մասսայական դպրոցական կրթության աշխարհ, որն այս նպատակը համարում է իր հիմնական ձեռքբերումը: Վստա՞հ եք, որ նրա ընդարձակումն անհրաժեշտ է:

Քսանմեկերորդ դարի շեմին ստիպված ենք փաստել, որ Միացյալ Նահանգները, որոնք առաջ Համայնքների երկիր էին, դարձել են Ինստիտուտների երկիր: Մեծ քաղաքներում փաստորեն նորմալ պայմաններ չկան համայնքային առողջ հարաբերությունների համար: Մասամբ սա կապված է եկողների հոսքի հետ, մասամբ՝ սահմանափակ տարածության, մասամբ՝ միջավայրի աղտոտվածության, բայց ավելի շատ՝ երեխաների և ծերերի  նկատմամբ հոգածության, բոլորի ժամանակը վերահսկելու մենաշնորհի համար տարբեր ինստիտուտների և կազմակերպությունների մշտական պայքարի հետ:  Իրական կյանքից ծերերի և փոքրերի մեկուսացումը, երիտասարդների և ծերերի կյանքից աշխատող բնակչության մեկուսացումը հանգեցրել են սերունդների միջև հիմնարար կապի խզման: Այս խզման արդյունք հանդիսացող փորձանքները հնարավոր չէ վերացնել արհեստական միջոցներով: Որտեղ ծերերը և երիտասարդները փակի տակ են, կենդանի, իսկական համայնքներ չեն կարող առաջանալ:

Որոշ վայրերում, հիմնականում այնտեղ, որտեղ համառորեն պաշտպանվում է մշակութային համասեռությունը, ինչպես Բրուկլինի Բենսորհերստում կամ Փիթսբուրգի Լեհական բլուրներում, համայնքների հատված ձևերը դեռ պայքարում են գոյության համար, բայց քաղաքներում և արվարձաններում համայնքները հիմնականում խաբուսիկ պատրանք են: Եթե դուք մի շրջանից մյուսը կամ մի արվարձանից մյուսը տեղափոխվելիս արագ մոռացել եք ձեր նախկին ընկերներին, նշանակում է, ապրել եք այն երևույթը, որի մասին խոսում եմ: Հիմա Միացյալ Նահանգների բնակչության մոտ իննսուն տոկոսը կենտրոնացված է հիսուն քաղաքային ագլոմերացիաներում: Այդ կենտրոնացումը բնական պատմական պրոցեսների արդյունք է, բայց մարդիկ այդ ընթացքում զրկվել են որևէ վառ արտահայտված համայնքային գործունեության մասնակցելուց: Նրանք սեփական մարդկային հետաքրքրություններից օտարված են:  Ուրիշ ի՞նչ կարող է նշանակել այն փաստը, որ մեր չափահաս բնակչության միայն հիսուն տոկոսն է գրանցված որպես ընտրող: Եվ այդ հիսուն տոկոսից հազիվ կեսն է իրականում քվեարկում: Երկկուսակցական ընտրական շրջաններում բնակչության մեկ ութերորդ մասը բավական է պետական պաշտոնյաներ ընտրելու համար, պայմանով, որր ձայները մոտավորապես հավասարաչափ բաժանվեն: Այն, ինչ ժամանակին քաղաքացիական պարտք էր համարվում, կամավոր իրավունք է դարձել. ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը համայնքի օրենքներով կյանքից օտարվելու ուղղակի և արագ հետևանքն է:

Երբ համայնքի փոխարեն մարդկանց առաջարկվում է նրա ինստիտուցիոնալ նմանակը, որը ներկայացված է բազմաթիվ ցանցային կառույցներով (պարտադիր՝ դպրոցների նման, կամ «կամավոր»՝ աշխատատեղերի նման), որը հրաժավում է մարդկային բազմազանությունից, մարդկային հիմնական կարիքները ենթարկվում են լուրջ վտանգների, ինչը բազմակի սրվում է, երբ վերաբերում է երեխաներին:   Ինստիտուցիոնալ նպատակները, որքան էլ խելամիտ և ազնիվ լինեն, չեն կարող ներդաշնակորեն զուգակցվել մարդկային անհատի անձնական նպատակների յուրահատկությունների հետ: Անկախ նրանից, թե որքան լավն են կազմակերպության ղեկավարները, նա ինքը զուրկ է բարոյականությունից, քանի որ հաշվապահական մեթոդներով է գնահատվում:

Կազմակերպությունը կառույց է, որ գոյություն ունի սեփական նպատակներին հասնելու համար, ոչ մի մարդ նրա համար անհատակնություն չէ: Նա շարունակում է իր գոյությունը նույնիսկ աշխատողների ամբողջ կազմը փոխելու դեպքում: Կազմակերպությունը կյանքի կոչված գաղափար է, աշխատողները միայն նպատակին հասնելու միջոց են: Հասարակական կառույցների նպատակը Կազմակերպության խնդիրները լուծելու համար մարդկանց միավորելն է, այնինչ Ընտանիքի և Համայնքի գոյության հիմքում անհատների միավորումն է իրենց ընդհանուր գործի համար: Մեր կյանքը ընտանիքա-համայնքայինից վերուղղելով դեպի հասարակական-ինստիտուցիոնալը, իրականում մեքենային ենք գահ բարձրացնում:

Թարգմանություն ռուսերենից

Շարունակությունը

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով