Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

11-րդ գլուխ (շարունակություն)

Սկիզբը
Նախորդ հատվածը

Այս գրքի գլխավոր գաղափարը կոչն է առ այն, որ պետք է շուտափույթ սովորել բնական ներուժն առավել լիարժեք օգտագործելը: Սա չափազանց կարևոր է ներքին ներդաշնակության և մարդու հոգեկան հանգստության համար, ինչպես նաև մեր ողջ հասարակության առողջության համար: Կրթությունը պետք է լինի գործընթաց, որը զարգացնում է մարդու բոլոր ունակությունները: Այսօր դա այնքան էլ այդպես չէ թվարկածս պատճառներով: Շատերը, ում հետ ես հարցազրույց եմ ունեցել, պատմում են, որ ուսման ողջ ընթացքում այդպես էլ չեն բացահայտել իրենց իրական տաղանդը: Չափազանցություն չի լինի ասելը, որ նրանցից շատերը չեն գիտակցել իրենց իրական ընդունակությունները, քանի դեռ չեն ավարտել դպրոցը և չեն «վերականգնվել» ստացած կրթությունից հետո: Կրկնեմ միտքս, որն արտահայտել եմ գրքի սկզբում. ես չեմ հավատում, որ այդ խնդրի պատճառն ուսուցիչներն են: Դա համակարգային խնդիր է, որի արմատները մեր կրթական համակարգի կազմակերպման մեջ են:  Իրականում կրթական խնդիրները կարող են լուծվել միայն այն ուսուցիչների անմիջական օգնությամբ, որ նվիրված են իրենց աշխատանքին, ստեղծագործաբար են մոտենում գործին և իրենց աշխատանքով ջանում են արթնացնել սովորողների երևակայությունը և ներքին մոտիվացիան:

Տարերքի հայեցակարգի առանցքային գաղափարներն ու սկզբունքները կարող են օգտագործվել կրթության բոլոր հիմնական ոլորտներում: 21-րդ դարում կրթական համակարգի ուսումնական ծրագիրը պետք է արմատապես վերափոխվի: Ես ինտելեկտը նկարագրել եմ այնպիսի հասկացությունների օգնությամբ, ինչպիսիք են՝ բազմազանությունը, դինամիզմը և անհատականությունը: Կրթության առումով դա նշանակում է հետևյալը:

Առաջին հերթին՝ անհրաժեշտ է վերացնել առարկաների առկա հիերարխիկությունը: Որոշ առարկաների կարևորությունը մյուսների համեմատությամբ ամրապնդում է արդյունաբերական դարաշրջանի հնացած կարգավորումները և խախտում բազմազանության սկզբունքը: Չափից դուրս շատ մարդկանց բնական տաղանդները կրթություն ստանալու ընթացքում երկրորդ պլան են մղվում կամ անտեսվում: Արվեստը, բնական և հումանիտար գիտությունները, ֆիզիկական դաստիարակությունը, լեզուները և մաթեմատիկան հավասարարժեք և միանման կարևոր դեր ունեն մարդու կրթության մեջ:

Երկրորդ՝ անհրաժեշտ է կասկածի տակ դնել հենց «առարկաների» գաղափարը: Սերնդեսերունդ մենք այն մտքին ենք, որ արվեստը, բնական, հումանիտար և այլ առարկաները արմատապես տարբերվում են իրարից: Ճշմարտությունն այն է, որ նրանք շատ ընդհանրություն ունեն: Հմտությունը և օբյեկտիվությունը, կիրքն ու ինտուիցիան հավասարապես անհրաժեշտ են ինչպես արվեստի, այնպես էլ բնական գիտությունների յուրացման համար: Առարկաները սահմանագծելու գաղափարը կապ չունի դինամիզմի սկզբունքի հետ:
Դպրոցական համակարգերը պետք է ուսումնական ծրագիրը կառուցեն ոչ թե առարկաների բաժանելով, այլ առավել արդյունավետ հիմնվելով առարկաների էության (բովանդակության) վրա: Մաթեմատիկան, օրինակ, ոչ թե ուղղակի տեղեկությունների հավաքածու է, որը պետք է սովորել, այլ գաղափարների, հասկացությունների և գործնական հմտությունների բարդ համակարգ: Դա նույնիսկ առարկա չէ, այլ ավելի շուտ առարկաների կոմպլեքս: Նույնը կարելի է ասել նկարչության, տեխնոլոգիայի և այլ առարկաների մասին: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծելու ճկուն և դինամիկ միջառարկայական ուսումնական ծրագրեր:

Երրորդ՝ ուսումնական ծրագիրը պետք է անհատականացված լինի: Կրթությունը տեղի է ունենում մարդկանց սրտում և ուղեղում, ոչ թե բազմատարբերակ թեստերի տվյալների բազայում: Ես կասկածում եմ, որ  աշխարհում լինեն երեխաներ, որոնք առավոտյան անկողնուց ցատկում են այն մտքով, թե ինչ անեն, որ իրենց նահանգի միավորն ընթերցանությունից բարձրացնեն: Կրթությունը անձնական գործընթաց է, հատկապես եթե շահագրգռված ենք, որ օգնենք մարդկանց գտնելու իրենց տարերքը: Կրթական առկա մեթոդները հաշվի չեն առնում  կրթության անհատական ուղիները: Նման ձևով դրանք խախտում են անհատականության առանցքային սկզբունքը:

Շատ մարդիկ, որոնց պատմությունները օրինակ են բերված այս գրքում, կհամաձայնեն ինձ հետ: Նրանք հոգեկան բավարարվածություն գտան միայն այն ժամանակ, երբ գտան սիրած գործ և կարողացան զբաղվել դրանով: Ինչպես ասում էր Դոն Լիպսկին. «Գլխավորը երեխաներին ոգևորելն է զբաղվելու այն ամենով, ինչն իրենց հոգեհարազատ է: Մի ժամանակ, երբ հետաքրքրված էի մոգությամբ (մագիա), հանդիպեցի մեծ աջակցության և օգնության: Ես նույն հետաքրքրքությամբ էի յուրացնում մոգությունը, ինչպես այսօր զբաղվում եմ գեղարվեստական գործունեությամբ: Երեխային կարող է դուր գալ բեյսբոլը, ընդ որում՝ ոչ թե հենց խաղը, այլ նրա ստատիստիկայի ուսումնասիրումը կամ տեղեկության հայթայթումն այն մասին, թե որ խաղացողը որ թիմում կլինի: Դա կարող է անօգուտ թվալ, բայց հնարավոր է, որ նման երեխան ապագայում դառնա բեյսբոլի թիմի մենեջերը: Եթե երեխան դասարանում միակն է, որ սիրում է օպերա, պետք է դա գնահատել և աջակցել: Չափազանց կարևոր է ողջունել և աջակցել մանկական խանդավառությունը, ինչին էլ որ այն ուղղված լինի»:

Տարերքի հայցակարգը տարածվում է նաև մանկավարժական սկզբունքների վրա: Կրթական չափազանց շատ բարեփոխումներ ուղղված են նրան, որ կրթությունը անկախ դարձնեն դասավանդողներից: Համաշխարհային առավել հաջող կրթական համակարգերը հակառակ սկզբունքի հիման վրա են կառուցված: Նրանց ներդրումներն ուղղված են ուսուցչին: Պատճառն այն է, որ մարդիկ հասնում են տպավորիչ հաջողությունների, երբ իրենց կողքին այնպիսի մարդիկ են, որ հասկանում են իրենց տաղանդը, ընդունակությունները և դրանց ուղեկցող հնարավոր դժվարությունները: Ահա թե ինչու է խորհրդատվությունն օգնել այդքան մարդկանց: Նշանավոր մանկավարժները միշտ հասկացել են, որ իրենց գլխավոր նպատակը ոչ թե առարկան դասավանդելն է, այլ աշակերտին սովորեցնելը: Ուղղորդումն ու խորհրդատվությունը առողջ կրթական համակարգի շարժիչ ուժերն են:

Տարերքի կոնցեպցիան կարևոր է գնահատման խնդիրը լուծելիս: Կրթությունը մշտապես խեղդում են ստանդարտացված թեստերով: Ծիծաղելի է հնչում, բայց այս թեստերը չեն նպաստում կրթական ստանդարտների բարձրացմանը, բացառությամբ որոշ խիստ մասնագիտական ոլորտների, և արվում է կրթությունից խլած ժամանակի հաշվին, այդ բառի իսկական իմաստով: 

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար եկեք համեմատենք կրթության որակի գնահատման գործընթացը նման գործընթացով, բայց բոլորովին այլ ոլորտում՝ ռեստորանային բիզնես, որտեղ ընդունվում են որակի գնահատման երկու տարբեր մոդել:
Առաջին մոդելն օգտագործվում է արագ սննդի ձեռնարկությունում: Այստեղ սննդի որակը երաշխավորված է, քանի որ բոլոր ապրանքները ստանդարտացված են: Արագ սննդի ցանցերը մասնագիտացված են այն ամենում, ինչն ընդգրկված է իրենց կերակրացանկում: Նրանք հստակ կարգավորում են, թե ինչ պետք է մտնի բուրգերի կամ նագեթի բաղադրության մեջ, ինչ յուղով պետք է տապակվեն, ինչ բուլկիով մատուցվեն, ինչ պետք է ներառվի ըմպելիքների մեջ, և ինչպես պիտի մատուցվեն: Նրանք հստակ կարգավորում են սրահի և անձնակազմի հագուստների ձևավորումը: Ամեն ինչ թեստավորված է: Մեզնից շատերի համար դա սարսափելի տեսարան է: Արագ սննդի որոշ տեսակներ ամբողջ աշխարհում առաջացնում են տարածված ճարպակալում և շաքարախտ: Բայց և այնպես որակը երաշխավորված է:
Այս բիզնեսում որակի գնահատման մյուս մոդելը «Միշլենի ուղեցույց»1  ռեստորանային վարկանիշն է:  Այն նշում է որակի կոնկրետ չափանիշներ, բայց չի պարտադրում, թե ինչպես այդ ամենին համապատասխանեն առանձին ռեստորաններ: Կերակրացանկի բովանդակությունը, անձնակազմի արտահագուստը, ռեստորանային սրահի ձևավորումը որևէ կերպ չեն սահմանափակվում. ամեն ինչ կախված է այս կամ այն ռեստորանի սկզբունքներից: Վարկանիշն ուղղակի նախատեսում է որոշակի չափանիշներ, բայց ռեստորաններից յուրաքանչյուրը կարող է այն իրականացնել այն միջոցով, ինչն ինքն համարում է ավելի լավը: Այս ձևով, ռեստորանը գնահատվում է ոչ թե որոշ անդեմ ստանդարտների միջոցով, այլ այն փորձագետների չափանիշներով, որոնք գիտեն, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել, և ինչպիսին պիտի լինի լավ ռեստորանը: Արդյունքում ամեն ռեստորան, որ համապատասխանում է Միշլենի չափանիշներին, հրաշալի է: Նրանք բոլորն էլ յուրահատուկ են և բոլորովին նման չեն մեկը մյուսին:

Կրթական առանցքային խնդիրներից մեկն այն է, որ շատ երկրներ դպրոցի որակը գնահատելիս օգտագործում են «ֆասթֆուդի» մոդելը, այնինչ նպատակային է կիրառել «Միշլենի» մոդելը: Կրթության ապագան ստանդարտացման մեջ չէ, այլ անհատականացման, ոչ թե աջակցել խմբային մտածողությունը և «ապաանհատականացմանը», այլ մարդկային ամենատարբեր ընդունակությունների դինամիզմի և իրական խորության զարգացմանը: Համոզված եմ, որ ապագայում կրթությունը  պետք է իրականացվի միայն տարերքի կոնցեպցիային համապատասխան:

Օրինակները, որ հենց նոր բերեցի, կրթական մեթոդներ են, որոնք կենսականորեն անհրաժեշտ են մեզ 21-րդ դարում: Շատերը սկզբունքային են, որոնք կյանքի կոչելու համար սերնդեսերունդ առավել հեռատես իրականացնողներ են ի հայտ եկել: Այս սկզբունքներն առ այսօր համարվում են էքսցենտրիկ, նույնիսկ հերետիկոսական: Մի ժամանակ դրանք այդպիսին էին, քանի որ այդ մանկավարժների հայացքները էականորեն առաջ էին ժամանակից (հենց դրա համար էլ ես նրանց համարում եմ հեռատես): Բայց ժամանակը եկել է: Եթե մեր երազանքն է  իրական կրթություն ձևավորել, պետք է գիտակցենք  ժամանակի պահանջը և համահունչ լինենք: Մենք կարող ենք  առաջ գնալ կամ թաղվել անցյալում:
Դժվար թե տոկոսադրույքը  կարող է ավելի բարձր լինել թե′ կրթության, թե′ նրանց համար, ովքեր այն ստանում են:

Վերջաբան

Սեփական ես-ի խորքերում տարերքի փնտրտուքը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե ով է մարդն իրականում և ինչ կարող է անել այս աշխարհի համար: Մի կողմից՝ դա խիստ անձնական հարց է, որ վերաբերում է միայն այդ մարդուն և նրան մտերիմ մարդկանց: Սակայն կա ևս մեկ կարևոր ասպեկտ:
Տարերքի կոնցեպցիան կարող է լայնորեն կիրառվել բուհերի, ընկերությունների, դպրոցների, ընդհանուր առմամբ կրթության ղեկավարման մեջ:  Տարերքի կոնցեպցիայի առանցքային սկզբունքները մարդու աճի և զարգացման անսահման ներդաշնակության մեջ են:

Ավելի վաղ ես կոչ էի անում հրաժարվել աշխարհի գծային ընկալումից: Մենք շրջապատող աշխարհն ընկալում ենք՝ առաջնորդվելով ծանոթ գործիքներով՝ հնացած գաղափարների և համոզմունքների համակարգ, որոնք դառնում են ֆիլտրը այն բանի, ինչ և ինչպես ենք մենք տեսնում: Այդ գաղափարներից ոմանք այնքան խորն են արմատավորված մեր գիտակցության մեջ, որ մենք նույնիսկ չենք գիտակցում: Դրանք մեզ թվում են պարզ, ողջախոհ մտքեր, բայց հաճախ արտահայտվում են փոխաբերություններում և պատկերներում, որոնց օգնությամբ մենք ընկալում ենք մեզ և շրջապատող աշխարհը:

Մեծ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը մշակել է իր թեորեմները մեքենաշինության դարաշրջանում: Նրա համար Տիեզերքը հսկայական մեխանիկական ժամացույց էր՝ բոլորովին կատարյալ ցիկլերով ու ռիթմերով: Այդ ժամանակավանից Էյնշտեյնն ու մյուս գիտնականները ապացուցել են, որ Տիեզերքը բացարձակ նման չէ ժամացույցի. նրա հանելուկները բարդ են, մանրակրկիտ և դինամիկ ցանկացած մեխանիկական ժամացույցից: Ժամանակակից գիտությունը փոխել է փոխաբերությունները և այդկերպ ձևափոխել է մեր հասկացությունները Տիեզերքի գործունեության սկզբունքների վերաբերյալ:

Սակայն մենք դեռ իներցիայով շարունակում ենք առօրյայում կիրառել մեխանիկական և տեխնոլոգիական մետաֆորներ ընդհանուր առմամբ ինքներս մեզ և հասարակությանը նկարագրելու: Հաճախ եմ լսում, որ մարդիկ խոսում են մարդկային բանականությունից որպես համակարգչի: Նրանք վերաիմաստավորում են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են «մուտքային տվյալները» և արդյունքում ստացված արդյունքը, ինչ-որ մեկի «բեռնումը», «ներկառուցված» կամ «ծրագրավորված» վարքագիծը:

Մտածում եմ, որ բոլորս էլ տեսել ենք ստանդարտ կազմակերպության կառուցվածքային սխեման: Սովորաբար այն կազմված է ուղղանկյուններից, որոնց ներսում մարդկանց անուններն են կամ պաշտոնները և գիծը, որ ցույց է տալիս նրանց դիրքը առկա հիերարխիայում: Այդ դիագրամները կարծես իսկական ճարտարապետական գծագրեր լինեն կամ էլեկտրոսխեմաներ: Դրանք իրենց տեսքով հաստատում են այն պատկերացումը, որ կազմակերպությունները նման են մեխանիզմի, սկսած դետալներից, որոնք կարող են կապված լինել միայն որոշակի միջոցներով:

Մետաֆորների և անալոգիաների առավելությունն այն է, որ նրանք նրբորեն ընդգծում են նմանությունը, որը, անշուշտ, գոյություն ունի անհոգի համակարգչի և կենդանի մտքի աշխատանքի միջև: Այնուամենայնիվ, ուղեղը, անկասկած, կոշտ համակարգ չէ մետաղյա արկղում, որը դրված է մեր ուսերին: Եվ մարդկային կազմակերպությունները բոլորովին նման չեն մեխանիզմների: Նրանք բաղկացած են կենդանի մարդկանցից, որոնք իրենց գործողություններում առաջնորդվում են զգացմունքներով, տարբեր դրդապատճառներով և փոխհարաբերություններով: Կազմակերպչական գծապատկերները ցույց են տալիս ընդհանուր հիերարխիան, բայց չեն արտացոլում կազմակերպության զգացմունքները կամ նրա իրական աշխատանքը: Անվիճելի փաստն այն է, որ մարդկային կազմակերպությունները և հասարակությունները մեխանիզմներ չեն, նրանք ավելի շատ հիշեցնում են օրգանիզմներ:

Բնապահպանական ճգնաժամ

Ոչ այնքան վաղուց ես եղել եմ բնության թանգարանում: Այն յուրահատուկ վայր է. թանգարանի տարբեր սրահներ նվիրված են տարբեր կենսաբանական տեսակների: Նրանցից մեկում թիթեռներ են, որոնք գեղեցիկ տեղադրված են ապակե տուփերում, քորոցով ամրացված, մանրազնին պիտակավորված և մահացած: Թանգարանը խմբավորել է դրանք ըստ տեսակի և չափի՝ վերևում տեղադրելով մեծ թիթեռները, իսկ ներքևում՝ փոքրերը: Մեկ այլ սենյակում ներկայացված են բզեզներ, որոնք նույնպես դասակարգված են ըստ տեսակի և չափի, իսկ երրորդ սրահում սարդեր են: Այս միջատների դասակարգումը ըստ կատեգորիաների և տեղավորումը տարբեր սրահներում նրանց ուսումնասիրելու եղանակներից է և շատ արդյունավետ է: Սակայն, համապատասխանո՞ւմ է նման համակարգումն իրականում նրանց իրական կյանքին: Թանգարանից դուրս տեսնո՞ւմ եք թիթեռներ, որոնք թռչում են շարքերով, որտեղ խոշորները սկզբում են, իսկ փոքրերը՝ պոչից են գալիս: Դուք տեսնո՞ւմ եք սարդեր՝ հստակ շարքերով, իսկ ամենափոքրերը փակում են շարքը, և այդ նույն ժամանակ բզեզները «հարգալից» հեռավորություն են պահում: Խնդիրն այն է, որ իրենց բնական վիճակում բոլոր այս միջատները ապրում են փոխկապակցված, մեզ թվացող քաոսային կարգով՝ բարդ, փոխկապակցված, որտեղ նրանց կյանքը սերտորեն կապված է միմյանց հետ:
Վերոհիշյալ ամեն բան վերաբերում է նաև մարդկային համայնքներին, որոնք բախվում են շրջակա միջավայրի էկոհամակարգերին սպառնացող նույն խնդիրներին: Այստեղ նմանությունը շատ մեծ է:

Գրող Ռեյչլ Քարսոնը ունի շատ ծանր գրքույկ՝ «Լուռ գարուն», որը նվիրված է կենսոլորտի փոխկապակցվածություններին և դրանք հասկանալուն ուղղված մեր շատ անհաջող փորձերին: Այն հրատարակվել է 1962 թվին և զգացմունքների փոթորիկ առաջացրել: Ռեյչլ Քարսոնը պնդում էր, որ բերքատվությունը բարձրացնելու և վնասատուներին ոչնչացնելու համար ֆերմերների կողմից քիմիկատների և թունաքիմիկատների օգտագործումը մեզ համար անսպասելի և աղետալի հետևանքներ կունենա: Այս թունաքիմիկատները ներծծվելով՝ աղտոտում են ջրային համակարգերը և ոչնչացնում ծովի կենդանի օրգանիզմները: Անուղղակիորեն ոչնչացնելով միջատները՝ ֆերմերները ընթացքում խախտում են բարդ էկոհամակարգերը, որոնցից կախված են կյանքի այլ ձևերը, ներառյալ՝ բույսերը: Այս բույսերի սերմերը տարածվում են միջատների և անհամար թռչունների կողմից, որոնք սնվում են հենց այդ միջատներով: Ու եթե թռչունները մեռնում են, լռում են նրանց երգերն էլ:

Ռեյչլ Քարսոնն այն ռահվիրաներից մեկն էր, որ պայքարում էին բնապահպանության վերաբերյալ մեր պատկերացումները փոխելու համար: Արդյունաբերական դարաշրջանի հենց սկզբից մարդիկ բնությունն ընկալում էին որպես արդյունաբերական արտադրության և  նյութական բարեկեցության օգտակար ռեսուրսների անսպառ պահեստ: Մենք հանքեր էինք փորում ածուխ և հանքաքար ստանալու համար, հորատում էինք ժայռերը նավթի և գազի որոնման համար և կտրում անտառները արոտավայրեր դարձնելու համար: Այս բոլոր մեթոդներն արդյունավետ էին թվում: Սակայն մեդալի հակառակ կողմը սարսափեցրեց մարդկանց. երեք հարյուր տարի անց տեսանք, թե ինչպես է բնությունը խեղդվում և ծնկի իջնում: Օգտագործելով բնության ռեսուրսները՝ մենք բախվեցինք իսկական խիստ ճգնաժամի:

Այս ամենի ապացույցները շատ են, և որոշ երկրաբաններ պնդում են, որ մենք մտնում ենք նոր երկրաբանական դարաշրջան: Վերջին սառցե դարաշրջանն ավարտվել է տասը հազար տարի առաջ: Նրանից հետո սկսվող և մինչ այժմ շարունակվողը երկրաբանները դասակարգում են որպես հոլոցենի դարաշրջան: Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ժամանակակից երկրաբանական ժամանակաշրջանն անվանում են «անտրոպոգենյան դարաշրջան» հունարեն «anthropos» բառից, որը թարգմանվում է որպես մարդ: Նրանք պնդում են, որ մարդկության ազդեցությունը Երկրի բնաշխարհի և բնության ռեսուրսների վրա հանգեցրել է այս երկրաբանական դարաշրջանին, որի հետևանքն են օվկիանոսների օքսիդացումը, երկրաբանական նստվածքների նոր տեսակներ, երկրի մակերևույթի էռոզիան և մաշվածությունը, հազարավոր կենդանատեսակների և բուսատեսակների ոչնչացումը: Գիտնականները կարծում են, որ այս ճգնաժամը բավականին իրական է, և անհրաժեշտ է արմատական միջոցներ ձեռնարկել հաջորդ սերունդների կյանքում, եթե ցանկանում ենք խուսափել աղետներից:

Մտածում եմ, որ ուժեղ տպավորության համար մեկ էկոլոգիական ճգնաժամն էլ բավարար է: Սակայն հստակ տեսնում եմ, որ մեզ սպառնում է նաև երկրորդ վտանգը, ինչը պահանջում է ոչ պակաս շուտափույթ գործողություններ և պատշաճ արձագանք: Դրա հետևանքները կլինեն որքան լուրջ, նույնքան էլ անշրջելի: Այս վտանգի անունը մարդկային ռեսուրսների ճգնաժամ է: Ես այն համարում եմ երկրորդ էկոլոգիական ճգնաժամը:

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի


Առավել հայտնի և ազդեցիկ  համաշխարհային ռեստորանային վարկանիշ երեքաստղանի գնահատման համակարգով: Ներկայացվել է 1900 թվականին։

Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով