Ընտանեկան դաստիարակության արվեստը

Մանկավարժական էսսե

Ծանոթություն 

Երեխան ամորֆ մարմին չէ, այլ իր մեջ այնպիսի ուժեր պահող էակ, որոնց հավասարը չես գտնի մեր ողջ երկրագնդի վրա: Երեխայի մեջ պահված ոգու, մտքի ու սրտի այդ ուժը, եթե հասցվի կատարելության, կվերածվի և՛ Երկիր մոլորակի վրա, և՛ Տիեզերքում, և՛ հենց իր ներսում, ամեն ինչ վերափոխվելու, հարստացնելու, ամեն ինչ զարդարելու ընդունակ գերուժի: 

Բայց խնդիրն այն է, որ ինչպիսի ուժեր էլ պահված լինեն երեխայի ներսում, ինքն իր մեջ ոչինչ չի կարող զարգացնել, անգամ ոտքի կանգնել չի կարող, ուր մնաց, թե մարդ դառնա: Հրաշք գործելը՝ կատարելը, դաստիարակելը, նրանից մարդ ստեղծելը լուրջ խնդիր է իմաստուն, սիրող մեծահասակների և առաջին հերթին մայրերի ու հայրերի համար: 

«…Գուցե հազար ընտանիքի մեջ կգտնվի մեկը, որտեղ ուշադրություն կդարձնեն երեխաների բնույթին»:
Կենդանի Էթիկա 

Սիրելի ընթերցող
Մինչ Դուք կսկսեք կարդալ այս գիրքը, մի քանի բան կուզենայի Ձեզ ասել: 

Ես լուրջ գիտություն կամ մեթոդական ձեռնարկ չեմ առաջարկում Ձեզ ընտանիքում երեխայի դաստիարակության մասին: Այդպիսի գիտություն, անկեղծ ասած, գոյություն էլ չունի: Ձեր առջև իմ անձնական նկատառումներն ու հայացքներն են այն մասին, թե որքան ռոմանտիկ կարելի է անցկացնել սեփական Երեխայի հետ դաստիարակության երկար, բայց արագորեն սլացող գործընթացը: Ընդ որում, այն այլևս երբեք չի կրկնվելու: 

Իհարկե, շարադրելով իմ մտքերը՝ ես ամեն անգամ առաջնորդվել եմ զանազան գիտական իմացություններով, բայց օգտվել եմ դրանցից իմ սեփական նկատառումների համար: 

Ինչպես նկարիչը, ինչպես երգահանը, բանաստեղծն ու փիլիսոփան, ես էլ ջանացել եմ մատուցել ձեզ ինքս ինձ՝ «իմ» Մարդասիրական Մանկավարժությունը։ Մատուցել այնպես, որ այն դուր գա: 

Այն երգը, որ հուզում է մեզ, գոնե մտքում միշտ երգում ենք: Բանաստեղծությունը, որին սիրահարվում ենք, վերընթերցում ենք նորից ու նորից: Իսկ եթե ընտանիքում երեխա է մեծանում, մի՞թե նրա մասին հոգ տանելու համար մեր ուշադրությունը չենք բևեռի մանկավարժական ամենատարբեր գաղափարների, ու եթե դրանցից որևէ մեկը գրավի, չե՞նք գործածի մեր պրակտիկայում: 

Ես շատ կուզեի, որ Մարդասիրական Մանկավարժության գաղափարները (այս մանկավարժությունը «իմն» եմ համարում, ոչ թե որովհետև ես եմ բացահայտել, այլ նրա համար, որ դասականներից եմ յուրացրել) դուր գան Ձեզ, և Դուք օգտվեք դրանից Ձեր Երեխայի, երեխաների դաստիարակության ընթացքում: 

Ես ազնիվ եմ Ձեր առջև. անկեղծորեն հավատում եմ Մարդասիրական Մանկավարժության ճշմարտացիությանը, ուստի և առաջարկում եմ, որ Դուք նույնպես հավատաք ու սիրեք այն և, իհարկե, հրաժարվեք Ձեր Երեխային՝ Ձեր երեխաներին ուժային, ավտորիտար դաստիարակություն տալուց: Իմ խնդիրը հենց սա է: 

Ինձ համար Մարդասիրական Մանկավարժությունը երաժշտության, պոեզիայի, փիլիսոփայության, ռոմանտիկայի, արվեստի նման է: Դրա համար էլ գրքին վերնագիր փնտրելիս ես միանգամից հրաժարվեցի «Ծնողական զգացմունք», «Դաստիարակությունը՝ որպես կյանք» տաղտկալի ձևակերպումներից, համաձայնեցի Վալերիա Գիվիևնայի հետ (նա իմ կինն է, նա է մուտքագրել և խմբագրել տեքստը), որ բացականչեց. «Սա բալլադ է, որ կա: Գիրքը կոչիր «Բալլադ դաստիարակության մասին»: 

Այսպես էլ ստեղծվեց նոր մանկավարժական այս ժանրը: 

Ես գրում էի գիրքը՝ իմ մեջ երաժշտություն ու պոեզիա լսելով, ազատություն էի տալիս երևակայությանս, երբեմն անցնում վիպասանության։ Առաջարկում եմ ընտանիքում մանկավարժական կյանքի սյուժետային զարգացում՝ իմաստավորելով այն որպես զարգացման՝ Երեխայի հետ մեր համատեղ ուղի: «Բալլադի» յուրաքանչյուր սյուժետային մասի համար ընտրվել է երաժշտական անվանում: 

Մնում է ավելացնել մի բան. եթե ես չկարողանամ Ձեզ գրավել Մարդասիրական Մանկավարժության գաղափարներով, ապա խնդրում եմ ՝ մի մտածեք, թե դա ինքն է այդպես անհետաքրքիր ու անկենդան: Այն հրաշալի է: Հնարավոր է՝ ես չեմ կարողացել Ձեզ հասցնել նրա գեղեցկությունը: 

Ձեր առջև Երեխայի դաստիարակության տարիքային մանկավարժություն չէ, մեթոդական ձեռնարկ չէ, այլ հենց մանկավարժական կյանք, որում դաստիարակվում են նրա բոլոր մասնակիցները: 

Ակորդներ: Կանչ և հայտնություն 

Ես չծնվածի ոգին եմ:
Ո՞վ է ինձ կանչում:
Ընտրե՛ք լավագույն բառերը:
Դրե՛ք դրանց մեջ Ձեր լավագույն զգացմունքները:
Ընտրե՛ք ամենալավ երաժշտականությունը կանչի համար:
Եվ այդ բոլորը ուղարկե՛ք ինձ:
Ձեր ձայնը Երկիր մոլորակից սկսում է դաստիարակել ինձ Տիեզերքում ու ձգել դեպի ձեզ:

Դե, ինչպե՞ս է:
Կանչե՛ք, կանչե՛ք, կանչե՛ք:
Կանչե՛ք ամբողջ սրտով ու մաքրությամբ, որ կա ձեզանում:
Ձեր կանչը միայն այդպես կհասնի այն բարձր տարածությունները, որտեղ ես բնակվում եմ:
Դուք կանչե՞լ եք ինձ:
Ես լսել եմ:
Ես իջնում եմ: Տեղի ունեցավ ամենամեծ խորհուրդը. ես հայտնվեցի երկրային կյանքում:
Ձեզ բոլորիդ ողջույն Արարչից:
Ես Հավերժության Ճամփորդն եմ:
Բայց ես ձեր երեխան եմ:
Ես երկրային գավազան չունեմ:
Ինձ դաստիարակություն տվեք, և այն կլինի իմ գավազանը: Միայն ընդունեք իմ պայմանը:

— Ես իմ Ուղին ունեմ, իմ վզին մի՛ փաթաթեք ձերը:
— Ես իմ բնավորությունն ունեմ, մի՛ կոտրեք այն:
— Ինձ հարստացրեք շռայլությամբ պայծառացած խորհուրդներով:
— Իմ մեջ իմաստնությամբ շրջանակված ազատությո՛ւն դաստիարակեք:
— Կյանքի հանդեպ սիրով զինեք գիտելիքներով:
— Դաստիարակե՛ք զգացմունքներ՝ խելամտության ղեկավարությամբ:
— Դաստիարակե՛ք խելամտություն՝ սրտի ղեկավարությամբ:
— Թող իմ գալուստը հիշեցնի ձեզ, որ դուք նույնպես Հավերժության Ճամփորդ եք: Մեր Ուղիները խաչվում են, բայց կանգ չեն առնում:

Նախերգանք. նա լույսից է 

Սիրո սերմը երջանկացրեց մեզ, և մեզ մոտ եկավ երկար սպասված հյուրը՝ Հավերժության ճամփորդը: Աստվա՜ծ իմ, որքան փխրուն ու անպաշտպան է նա:

Բայց մեր սիրտը վկայում է՝ նրա մեջ հզոր ուժ կա: Նա դատարկ ձեռքերով է եկել, մերկ է եկել: Բայց դարձյալ զգում ենք. Նա բարիք է բերում, որ շռայլորեն բաշխի: Նա դեռ խորշոմներով պատված, մի տեսակ նորածին ծերուկ է: Բայց այդ խորշոմները, մենք գիտենք, իմաստնությունից են, որ նրա մեջ անցյալից է մնացել:
Խորշոմները նա դեն կնետի, իսկ իմաստնությունը կպահի, և ամեն ինչ նորից կսկսի:

Նրա աչքերը մեզ չեն նայում, այլ ինչ-որ Անտեսանելիի: Ե՛վ նրա առաջին ձայնը, և՛ լացը, և՛ թոթովանքը, և՛ առաջին ժպիտը նույնպես մեզ չեն ուղղված, այլ նույն Անտեսանելիին:
Մենք դեռ նրա համար գոյություն չունենք, այլ գոյություն ունի մի Ուրիշը, ով նրա համար ավելի կարևոր է, քան մենք:
Նա Լույսից է, դրա համար էլ անընդհատ լույս է ճառագում ու շողշողում:
Նա ասես կրակի բոց լինի, փոքրիկ հրաբուխ, նա ամբողջովին անհամբերություն է:
Օ՜, Աստված իմ, ինչքա՜ն վստահություն կա նրա մեջ, անհոգ վստահություն մեր բոլորի հանդեպ: Դե բռնիր ու նրան ինչ ուզում ես, արա:

Իսկ ի՞նչ ենք ուզում անել նրան:
Բայց մի՞թե կընտրենք մի այլ բան, եթե գիտենք, որ մեր Երկնավոր Հոր կամքը չէ, որ զոհ գնա փոքրերից մեկը։
Նա մեր երեխան է:
Իսկ մենք նրա ծնողներն ենք՝ Հայրը և Մայրը:
Կարելի է ասել նաև՝ Հայրիկն ու Մայրիկը:

«Մեր»՝ չի նշանակում, որ նա մեր սեփականությունն է: Նշանակում է, որ Արարիչը նրան մեզ է վստահել, որ օգնենք Հավերժության Ճամփորդին՝ գտնելու իր Ուղին: Այսպես է սկսվում մեր սպասավորությունը, որը սուրբ բառով է կոչվում՝ դաստիարակություն

Մենք՝ ծնողներս, Արարչի աշխատակիցներն ենք՝ կրկին Երկիր եկած Մարդու դաստիարակության գործում:
Ինչի՞ն ենք մենք նրան ուղղորդելու:
Մենք պետք է զգույշ լինենք, քանզի գիտենք, որ նա արդեն ուղղորդված է:
Ինչի՞ն. նա այդ գաղտնիքը իր մեջ է պահում:
Բայց մենք կօգնենք, որ նրա նպատակաուղղվածությունը չշեղվի ճանապարհից: 

Եվ կուղղորդենք նրան կյանքում Գեղեցիկի հաստատմանը, Բարօրության մեծարմանը, Մեծահոգության դրսևորմանը, Սիրո հաղթանակին:

Մենք երազում ենք նրան Արժանապատիվ Մարդ դաստիարակել:
Աշխարհը նրան է սպասում այդպիսին՝ Արժանապատիվ: Դրա համար էլ ծնողական սիրտը մեզ զգուշացնում է, որ մեր երեխային պաշտպանենք՝

  • վատ տեսարաններից
  • զազրախոսությունից
  • կոպտությունից
  • վատ երաժշտությունից
  • ամեն տեսակի կեղծիքից, որ քայքայում է մարմինը և ավիրում հոգին:

Պահպանելու ենք նրան՝

  • սեփականատիրական զգացումից
  • անձնականությունից
  • ոխակալությունից
  • պարապությունից: 

Նա հիմա նորածին է:
Բայց տարիները կթռչեն:
Մեր առօրյա հոգսերի մեջ նրանք արագորեն կթռչեն:
Նորածինը կմեծանա և հասուն մարդ կդառնա:
Իսկ մենք կծերանանք և կասենք մեր սրտին. «Տեսնում ես՝ մենք այլևս նրան հարկավոր չենք, նա ինքնուրույն է մագլցում դեպի իր Ուղին: Գուցե կհանգստանա՞ս»:
Բայց սիրտը չի զիջի: Նա կասի. « Մեկ որ մայր կամ հայր ես դարձել, ողջ կյանքումդ՝ մինչև օրերիդ վերջը, այդպես էլ մնալու ես»:

Տեր Աստված, հավանաբար ծնողները երեխաների համար նույնն են, ինչ Դու՝ մեզ համար. Դու ե՞րբ կհանգստանաս ու կասես, որ Քո զավակներին այլևս հարկավոր չէ Քո խնամքը, նրանք արդեն հասուն են:

Կանտատ նոր ռասայի մասին

Անցյալ դարի 60-70-ական թվականներին աշխարհը խոսում էր ակսելերատ երեխաների մասին, այն մասին, որ ծնվում են երեխաներ, որոնց հասակն ու քաշը գերազանցում է բոլոր նորմերը, նրանց սեռական հասունացման ժամկետները կրճատվում են, նրանք ֆիզիկապես արագ են զարգանում:

Հոգեբանությունը նույնպես հաստատում էր, որ նկատվում է երեխաների ավելի արագացված մտավոր զարգացում. 6-7 տարեկան ակսելերատ երեխաները իրենց մտավոր զարգացմամբ մի քանի անգամ գերազանցում են անցյալ ժամանակների իրենց հասակակիցներին: 

Գիտությունը չէր կարողանում բացատրել ակսելերացիայի փաստը և վերագրում էր այն կենսաբանական և սոցիալական գործոնին: Այդ ժամանակ խոսք չկար այն մասին, որ այդ սերնդի երեխաներին էր վիճակված հզոր խթան հաղորդելու մարդկության քաղաքակրթության զարգացմանն ու աշխարհի դեմքը փոխելուն: Նյութապաշտական հայացքն աշխարհին ընդհանրապես և մանկության աշխարհին՝ մասնավորապես, հնարավորություն չէր տալիս՝ մտածելու նոր սերնդի երեխաների առաքելության մասին, այն մասին, որ երեխաները կրում են իրենց Առաքելությունը, իրենց Ուղին: 

Ակսելերատ երեխաները մեծացել են, դարձել են քսան, երեսուն, քառասուն տարեկան: Շատերը իրենց ձեռքն են վերցրել կառավարման ղեկը և իրենց ծնողների, այսինքն՝ «հին» սերնդի աչքի առաջ սկսել են հաստատել իրենց կամքը: 

Եվ ի՞նչ տեսանք:
Մենք տեսանք, որ շատ հիմքեր փոխվեցին մարդկանց համաշխարհային ընկերությունների, պետությունների կյանքում: Միատարր պետության ապամոնտաժումը, աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությունը, մարդկանց կյանք թափանցած համակարգիչները, համացանցը, էլեկտրոնային և արբանյակային կապերը և շատ այլ բաներ ակսելերատ երեխաների սերնդի ձեռքբերումն են:

Նրանք ծնունդ առան հիսուն-վաթսունական թվականներին՝ բերելով իրենց առաքելությունը՝ փոխել յոթանասնական, ութսունական, իննսունական թվականների երկրագնդի քաղաքակրթական դեմքը:
Նրանք դա արեցին:

Նրանք իրենց մեջ կրում էին հոգևոր-բարոյական արժեքների զարգացման խթանը: Բայց հավանաբար այդ խթանն ավելի թույլ էր, քան նյութական կեցության փոփոխության խթանը: Եվ հասարակությունն էլ պատրաստ չէր վսեմ հոգևոր արժեքների ընկալմանը: Ավելի ճիշտ՝ հակառակը եղավ, ինչի հետևանքով գոյացան մինչ այդ անհայտ հիվանդություններ, աշխարհը ներքաշվեց պատերազմների, ազգամիջյան և միջտարածքային ընդհարումների մեջ, աճեցին սեփականատիրական մղումները, սկսվեց մշակույթի արժեզրկում:

«Հին» սերունդը դժվարությամբ է հասնում նպատակամետ ընթացքին նախկին ակսելերատ երեխաների, որոնց հենց ինքն է դաստիարակել: Իսկ նրանց կոչումը չհասկանալը մեծահասակներին մղում է «երիտասարդների» հետ ընդհարումների ու վեճերի:

Մեր ակսելերատ երեխաների ապագայական լինելը չհասկանալը (մենք պարզապես զարմանում էինք ու հիանում նրանց բարձր հասակով ու մկանուտ կազմվածքով) խանգարում էր մեզ՝ նրանց տալու այն զարգացումն ու դաստիարակությունը, որը կօգներ ամբողջ ծավալով իրացնելու իրենց: Նրանք դա միայն մասամբ արեցին: Երեխաներն իրենց ձգտումներով նոր էին, իսկ մանկավարժությունը թե՛ընտանիքում, թե՛ դպրոցում մնում էր հինը: Մենք մեզ համար չուզեցինք ճշգրտել դաստիարակության համար վտանգավոր այդ հակասությունը: Դրա համար էլ ակսելերատ երեխաների միջավայրում հասակ առան ոչ միայն այնպիսի մարդիկ, ովքեր զարգացնում էին հասարակական կյանքը, այլև մարդիկ, ովքեր, օգտվելով իրենց շնորհներից ու ընդունակություններից, վնասեցին հասարակությանը: 

Իսկ հիմա գալիս է երեխաների նոր սերունդ: Նրանց ուսումնասիրողները հաստատում են, որ ժամանակակից երեխաները առանձնահատուկ մարդկային ռասա են կազմում: Նրանց առաքելությունն ավելի բարձր է և երկարատև, քան մյուս բոլոր սերունդներինն էր:

Ծնունդ առնող նոր ռասան կտրուկ տարբերվելու է ժամանակակից ռասայից, բոլոր այն սերունդներից, որոնք այսօր բնակվում են Երկիր մոլորակի վրա, և իրենց համար ամրապնդել են նախորդ սերունդների կենսակերպն ու արժեքները: 

Իմաստունները բացատրում են մեզ այդ տարբերությունը:
Ժամանակակից Ռասայի համար գլխավորը ունենալն է, իսկ Նոր Ռասայի համար՝ տալը:
Մեզ ասում են.«Հիմա դուք ջանում եք ձեռք բերել իրը, տիրել նրան, ինչը ձեզ ցանկալի է թվում: Այնինչ պետք է ջանալ քո մեջ ստեղծել հավերժական որակներ, որոնք իրական են և չեն կարող կորչել»:

Ժամանակակից Ռասան գրավելու բան է փնտրում: Նոր Ռասան ապրելու է , որ նվիրաբերի:

Մեզ բացատրում են. «Ավելի շատ եկամուտ, բարձր պաշտոններ, մասնավոր սեփականության կուտակում, անձնական բավարարվածություն՝ ահա ինչի է ձգտում այս օրերին ամբողջ աշխարհը»: Նվիրաբերելն ընկալում են որպես զոհաբերություն, և դա էլ արվում է ի պատասխան մի բան ստանալու հույսով: Նոր Ռասայի համար նվիրաբերումը նորմ կլինի, ոչ եսասեր ժողովրդի ընդհանուր արտահայտչաձևը, այն կլինի մարդկանց լավագույն ուրախությունը:

Ժամանակակից Ռասայի կարգախոսը մրցակցումն է, Նոր Ռասայինը՝ համատեղումն ու համագործակցությունը:

Մեզ մեկնաբանում են. «Այժմ դեռ սովորեցնում են երեխաներին, որ պետք է գերազանցել մյուսներին, ավելի լավը լինել, քան մյուսները թե՛ ուսման մեջ, թե՛ սպորտում, հարկավոր է մյուսներին հետևում թողնել (ստվերում): Նոր ռասայի հետ կգա գիտակցությունը՝ ջանալ շատ և լավ անել այն, ինչ յուրաքանչյուրն ընդունակ է անելու հանուն  բոլորի բարօրության: 

Ժամանակակից Ռասան ավիրող է, Նոր Ռասան կլինի արարող:

Մեզ բացատրում են. «Իր վնասակար ճառագայթումով մարդը հեռացրել է իրենից եթերային արարածներից շատերին, ովքեր ապրում ու զարգանում են մեզ հետ հավասար: Դրա համար էլ մեր մոլորակը ոչնչացնող բոլոր աղետները՝ ցիկլոնները, երկրաշարժերը, ջրհեղեղները, հրդեհները, ջերմության ու ցրտի արտասովոր անցումները հենց մարդու առաջացրածն են, քանզի դա բնության կյանքի հանդեպ նրա ավերիչ վերաբերմունքի, ցածրորակ մտքերի արդյունքն է: Նոր ռասան հոգատարություն ու խնամք կցուցաբերի իր շրջապատի հանդեպ ու կհամագործակցի բնության ուժերի հետ: Նա կհորինի այն, ինչ շարժման մեջ կդնի բնության ու մարդու մեջ եղած ահռելի ուժերը: Այդ ուժերը դեռ փակ են, անհայտ, քանի որ վտանգավոր են ավերիչ ռասայի գոյության ընթացքում:

Գիտական իմացություններին տիրելը Ժամանակակից Ռասայի փառքն է:

Իսկ Նոր Ռասայի մեջ Իմաստնությունն ավելի կկարևորվի: 

Բացատրենք. գիտությունը արտաքին կողմի հետ է գործ ունենում, իսկ դա դեպի իրերի սիրտը տանող դանդաղ գործընթաց է: Ոչ թե արտաքինից դեպի ներքին, այլ ներքինից դեպի դուրս՝ ահա Իմաստնության ճանապարհը: Ներսում Միասնական Կյանքն է: Հենց այդ նույն Կյանքն է դրսևորվում նաև մյուսների մեջ ու բնության բոլոր երևույթների համար շարժառիթային ուժ հանդիսանում: Կատարյալ մաքրության շնորհիվ հասնելով դրա գիտակցմանը՝ մենք կարող ենք ճանաչել ամեն ինչի պատճառը, իմանալ բոլոր «ինչպես» և «ինչու» հարցերի պատասխանները: Լիարժեք Իմաստնությունը ներառում է իր մեջ բոլոր գիտելիքները:

Ներկա Ռասան առաջնորդվում է ինտելեկտով: Գալիք Ռասան կառաջնորդվի կռահողականությամբ:

Մեզ բացատրում են. «Ինտելեկտուալությունը հիմնվում է բացառապես տպավորությունների վրա, որ ուղեղ է թափանցում դրսից»: Դուք ձեր շուրջը եղած աշխարհը ընկալում եք ճանաչողության օրգանների անկատար գործիքներով: Կռահողականությունը գործում է ներսից: Այն քո անձի անսահման, իսկական ճանաչողություն է բերում: Եվ երբ ամբողջությամբ բացահայտես քեզ, դու կիմանաս նաև այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ ամբողջ Տիեզերքի մասին:

Ժամանակակից Ռասան շրջապատված է տգեղ կաղապարներով: Գեղեցկությամբ շրջապատված կլինի Նոր Ռասան:

Մեզ ասում են. «Հիմա գեղեցկության ձեր գնահատականը կախված է նրա հազվագյուտությունից ու գնից: Բայց այդ առարկաներից շատերը, որոնք դուք գնահատում եք իրենց գեղեցկության համար, ուշադրության անգամ չէիք արժանացնի, եթե էժան լինեին, եթե ամենքը կարողանային ձեռք բերել: Դուք նախընտրում եք անձնական բավարարվածության փնտրտուքը, դրա համար էլ այն կոպիտ է ու եսասիրական: Նոր Ռասայի մեջ արվեստն ու գեղեցկությունը ներքին մաքրության արդյունք կլինեն: Նրանում կիշխի ոգու, ոչ թե զգացմունքների գեղեցկությունը, ինչպես հիմա: Հոգեկան գեղեցկությունն իր արտահայտումը կգտնի ձև ու կերպարանքում, գեղանի ռիթմիկ շարժումներում, հաճելի մեղեդային ձայներում և բարեկիրթ վերաբերմունքում: Ներքին գեղեցկությունը պատճառ կդառնա, որ նրա արտաքին արտահայտչաձև էլ դառնա գեղեցիկ: 

Ժամանակակից Ռասան կքում է տառապանքների ծանրության տակ: 

Նոր Ռասան գլուխը բարձր պահած կարտացոլի Լույսը, որը ամենամաքուր ուրախությունն է: 

Մեզ կոչ են անում. «Բավական է՝ լինեք պատճառը ձեր սեփական դժբախտության, որին աջակցում է ձեր անձի ինքնահաստատումը, մի կողմ նետեք ձեր անձնական «ես»-ը, որ խաթարում է ուրախությունը, խանգարում բարձրագույն, լուսավոր Ես-ի արտահայտվելուն: Այն արևի լուսից շողշողուն է: Թող այն ձեր մեջ շողա, լուսավորի ձեզ, իր ահռելի, աներեր ուրախությամբ լցնի ձեր էության բոլոր անկյունները: 

Ներկա Ռասան բնութագրվում է անջատողականությամբ:

Նոր Ռասան կառանձնանա միասնականությամբ, միահամուռությամբ: 

Մեզ բացատրում են. «Հիմա ամեն մարդ հպարտանում է իր այն ունեցածով, ինչ մյուսները չունեն՝ ընդունակություններ, քաղաքական համոզմունքներ, կրոնական հայացքներ, հագուստներ»: Նոր Ռասան միավորողն է փնտրում: Ամեն մեկը հասնում է իր էությանը, իր սեփական ներքին Ես-ին և Իր կյանքին (որ Աստված է): Հասկանում է, որ իր շահերը չեն կարող առանձին լինել մյուսների շահերից: 

Ժամանակակից Ռասան կաշկանդված է: Նոր Ռասան ազատ կլինի: 

Բացատրություն. ժամանակակից մարդկությունը ֆիզիկական, նյութական ձևերի մեջ կաշկանդված է: Անգամ սիրո ու բարեկամության հարցերում նա հակված է նյութական կողմին: Նոր Ռասան կճանաչի բոլոր երևույթների հոգևոր կողմը, նա հաշվի կնստի հավերժականի հետ: Դրա համար էլ նա ազատ կլինի բոլոր տեսակի խաբուսիկ կապերից ու ինչ-որ բան վատնելու, կորցնելու հիվանդագին վախերից: 

Մեզ ասում են. «Դուք պետք է հասկանաք, որ ամբողջ աշխարհը ձեր մեջ է, և դուք մի ամբողջություն եք ամեն մի կենդանի արարածի հետ, այն ամենի հետ, ինչ որ կա՝ երկնքի, օվկիանոսի, տարրերի, միջատների, թռչունների ու կենդանիների, մարդկանց ու աստվածների՝ Աստծո հետ: Դուք պետք է հասկանաք, որ անմահ եք, որ միշտ եղել եք և երբեք չեք դադարի լինելուց: 

Մեզ վստահեցնում են. «Նոր Ռասայի երեխաները պատրաստ են երկրային կյանք գալու»: Բայց նրանք կգան, երբ դուք պատրաստեք նրանց Ուղին: Նրանք մաքուր մարմինների, մաքուր ծնողների, մաքուր իրավիճակների և մաքուր Սիրո սպասման մեջ են: Նրանք մարմին կստանան հենց այն պահին, երբ դուք մաքուր դառնաք: Դուք ինքներդ էլ կարող եք մտնել Նոր Ռասայի մեջ, երբ համառորեն պայքարելով՝ ձեռք կբերեք Կատարյալ Մաքրություն: 

Սա հին համառոտագիրն է իմ գեղեցիկ, փոքրիկ գրքի, որը ես սիրում եմ: Այն կոչվում է «Լույսի երեխաները»:
Լույսի երեխաներն արդեն ծնվում են:
Նրանք գալիս են այս կամ այն ընտանիք:
Նրանք չեն ասում, որ իրենք Լույսի Երեխաներն են:

Բայց լավ կլինի, որ մեր երեխային ընդունենք որպես Լույսի ներկայացուցիչ և միանգամից հիմնավոր յուրացնենք. Լույսի Երեխան կարիք ունի այնպիսի ծնողների, ովքեր նույնպես ձգտում են դեպի Լույսը: 

Ներկա սերնդի երեխաներին ուսումնասիրողները հաստատում են, որ ժամանակակից երեխաներն իսկապես տարբերվում են մեզանից, երբ մենք երեխա էինք, ու նաև նախորդ բոլոր սերունդներից: «Լույսի երեխաներին» նաև ասում են «Ոչ սովորական երեխաներ», «Նոր Մտածողության Երեխաներ», «Ինդիգո երեխաներ» (Ինդիգո-ն մանուշակագույնի անվանումն է, որով, ինչպես հավաստում են մարդկային ճառագայթումը տեսնելու ընդունակ մարդիկ, պարուրված է Երեխան: Այստեղից էլ Երեխա — ինդիգոները):

Ասում են, որ այդպիսի երեխաները հիմա ավելի ու ավելի են շատանում, որ նրանց քանակը գերազանցում է 90 %-ը:

Ասում են, որ նրանք առաքյալներ են ապագայից մեր անլիարժեք իրականություն: Մեր ճակատագիրը՝ մարդկության ճակատագիրը, նրանց ձեռքում է: Նրանք իմաստուն են, նրանք զգում են իրենց իմաստուն հին հոգին:

Նրանք նոր հասրակության մրրկահավերն են և մարտահրավեր են անում այն ամենին, ինչ կա շրջապատում: 

Նրանք բերում են ընդլայնված, տիեզերական գիտակցություն և նոր գիտելիքներ: 

Նրանք բաց են ու վստահ իրենց վրա: 

Բայց նրանք խոցելի են կոպտության ու բռնության առաջ: 

Նրանց հանդեպ մեծերի աննրբանկատությունը նրանց անօգնական է դարձնում: 

Նրանք ձանձրանում են այն միջավայրում, որտեղ մարդկանց ինտելեկտուալ մակարդակը ցածր է իրենց մակարդակից, մասնավորապես՝ նրանք շատ ձանձրանում են դպրոցում: 

Նրանցից շատերը չեն դիմանում ընտանիքում, դպրոցում, հասրակության մեջ տիրող աններդաշնակությանը, որտեղ իրենց չեն կարող հասկանալ, չեն փորձում հասկանալ:

Ավտորիտար միջավայրում, անտարբեր ու չհասկացված միջավարում նրանք կոտրվում են, սկսում են հոգեպես հիվանդանալ, քաշվում են իրենք իրենց մեջ, հիասթափության գիրկն ընկնում, խախտում են կարգուկանոնը կամ ավարտում իրենց կյանքն ինքնասպանությամբ: 

Երեխաները նոր են, իսկ կրթությունը, դաստիարակությունը ուսումը՝ հնացած, ավտորիտար: Մենք մի անգամ արդեն վրիպել ենք ՝ ընդունելով ակսելերատ երեխաներին, մեր ավտորիտար մանկավարժությունը նրանցից շատերին հնարավորություն չտվեց ամբողջությամբ բացվելու: Մի՞թե մի վրիպում էլ թույլ կտանք, կթուլացնենք էվոլյուցիայի խթանումը, որ տրվում է մեզ Վերևից: 

Մարդկության նոր սերնդին՝ Նոր Ռասային, հարկավոր է սիրո, բարության, ըմբռնողականության, աջակցության, համատեղ ուրախության, կարեկցության, պաշտպանվածության մանկավարժություն: Երեխաներին Իմաստնության մանկավարժություն է հարկավոր, որը աճեցնում է հոգևորն և հոգևոր ընդհանրությունը: 

Այս մանկավարժությունը, որի արմատները ձգվում են մինչև դասական արժեքները, կոչվում է Մարդասիրական Մանկավարժություն:

Վարիացիա. Երեխան

Սովորական բառարանները բացատրում են մեզ. Երեխան տղան է կամ աղջիկը վաղ հասակում, մինչև պատանեկություն:

Ի՜նչ ձանձրալի է:
Եվ ոչ միայն ձանձրալի է, այլև վտանգավոր, քանզի մեզ գցում է մոլորության մեջ:
Այն, ինչ ձանձրալի է, ուրեմն՝ սխալ է, ամեն ձանձրալիի մեջ սուտ կա…

Հոգեբանները կսկսեն նույնքան ձանձրալի ու սուտ բացատրություն տալ, թե ինչպիսին է վաղ տարիքի երեխայի մտածողությունը, ինչպիսին է նրանց հիշողությունը, կամքը: Ինչպես են նրանք արտահայտում իրենց զգացմունքները, ինչպիսին է նրանց պահանջմունքների ու շահերի շրջանակը: Այս բոլորը Երեխայի առիթով է, բայց ոչ հենց նրա մասին: 

Իսկ մենք՝ ծնողներս էլ, ելնելով այսպիսի գիտելիքներից, մեր կողմից կկառուցենք ձանձրալի, ուստի և սխալ պատկերացումներ Երեխայի մասին, մեր Երեխայի մասին: Մենք ավելի շատ կխոսենք այն մասին, թե նա ինչպես է իրեն պահում, լավն է, թե վատը, լսող է, թե չլսող, ջանասեր է, թե ծույլ, խելացի է, թե հիմար, տաղանդավոր է, թե ծանրամիտ, ուրախացնում է մեզ, թե նյարդայնացնում: 

Բայց դա կլինի մեր մոլորությունը, որը մեզ ավելի հեռուն կտանի: Հարկավոր է, չէ՞, հասնել նրան, որ նա՝ մեր Երեխան, դառնա լավը, լսող, ջանասեր, տաղանդավոր, ձեր երեխային գերազանցող, և որ նա դառնա վստահելի մեզ համար մեր ապահովված ծերության ժամանակ: 

Այսպես մեր խնամքը Երեխայի հանդեպ հեշտությամբ վերածվում է մեր հանդեպ խնամքի: 

Եթե նա չի ենթարկվում, մենք կփնտրենք մեթոդներ, որ նա ենթարկվող դառնա, փոխանակ փնտրենք այն բնույթը խրախուսող ուղիներ, որի շնորհիվ նա չի կարող և չպետք է լինի այդպիսին: Երեխայի հետ խիստ կլինենք, կխրախուսենք լավ պահվածքի համար, բայց և կպատժենք վատ արարքների, չենթակվելու համար: Կպնդենք ու խստիվ կրկնենք միևնույն բանը, կպահանջենք, որ մեր կամքը կատարի: 

Ահա թե ինչպես կվարվենք նրա հետ: Եվ արդարացում կունենանք: «Բա ո՞նց,- կասենք մենք,- նա Երեխա է, նա վաղ տարիքում է, դեռ պատանի չէ»:

Բայց մենք կարիք կունենանք նաև հպարտանալու՝ ինչ տաղանդավոր է նա:
Եթե նա տաղանդավոր է, ուրեմն՝ մենք՝ ծնողներս էլ ենք տաղանդավոր, եթե նա գեղեցիկ է, այդ դեպքում մենք ծնողների հասարակություն մեջ լավագույնն ենք: 

Մեր երեխան, տեսեք-տեսեք, ոտանավորներ գիտի, մինչև տասը հաշվում է, բառեր է կարդում, գրում, խաղում է համակարգչով: Իսկ ձե՞րը: 

Մեր որդին լավ է սովորում, լեզուներ գիտի, ծրագրավորողների մրցույթներում հաղթող է, կարատե է պարապում, գեղասահքով է զբաղվում… Իսկ ձե՞րը…

Ի՜նչ մոլորություն։
Իսկ մոլորությունը վշտերի ցանց է: 

Ադաջիո. հավերժի ճամփորդը

Իսկ մենք աչքի կանցկացնենք այլ բառարաններ կամ կհարցնենք իմաստուններին, թե ինչ է նշանակում երեխա։

Իմաստունները կասեն մեզ. երեխան այսօրվա հոգատարությունն է և վաղվա իմաստը:
Իսկ բառերի ստուգաբանողները կուրախացնեն մեզ, քանզի մենք մի նվիրական բան կիմանանք. Երեխան վերածնված մի նոր Գոյություն է:
Երեխաները վերածնված նոր գոյության խորհուրդը կրողներն են:

Երեխան Ճշմատության կրողն է:
Երեխաները Ճշմարտության մեջ գործող ժողովուրդ են:
Մարդու մասին էլ ասենք՝ նա դարերով անցնող Հոգի է:

Ահա թե ով է Երեխան. նա Հավերժի ճամփորդն է, որ մեզ հյուր է եկել: 

Մենք պետք է նրա մասին նոր կերպար հեղինակենք, որ այլևս չմոլորվենք և չվնասենք Ճամփորդին.
- Երեխան Նոր Կյանքի կրողն է. 
— Ոգում Ճշմարտության կրողն է.
- նրա մեջ Երկնքի և Երկրի, Ոգու և Բնության հզորությունն է.
—  նա Ճանապարհի Մարդ է և Հավերժի Ճամփորդ.
- նրա մեջ ամփոփված է իր երկրային Առաքելությունը, նրա Նախասահմանումը. 
- նա Ազատության ու Կամքի էությունն է.
- նա Ոգու ապագա հերոսն է.
— նա ներկայի հոգատարությունն է և ապագայի իմաստը.
—  նա միակ այդպիսինն է Երկիր մոլորակի վրա և ամբողջ Տիեզերքում: 

Բայց մեզ՝ ծնողներիս համար, բոլոր մեծերիս համար Երեխան մարմնավորում է նաև այլ բան.
— նա Աստծո՝ մեզ վստահելու նշան է.
— նա հյուր է մեր տանը.
— նա մեր մարդկայնության փորձաքարն է.
— նա մեր հոգևոր — բարոյական ձգտումներին հավատարմության ու կայունության փորձությունն է.
— նա մեր կատարելագործման Ուղին է, մեր մեղքերի ապաշխարության պայմանը, ավելի լավը դառնալու, մեր միջի արատավորը արմատախիլ անելու հնարավորությունը: 

Բայց ավելի լավ, քան ասել է Յան Ամոս Կոմենսկին՝ Համաշխարհային Մանկավարժության դասականը, չես ասի.

Եթե որևէ մեկը ուզում է հիմնովին քննարկել, թե ինչու է Աստված այդպես սիրում փոքր երեխաներին և պատվիրում մեզ հոգալ նրանց մասին, դրա համար շատ պատճառներ կգտնի: 
Նախ և առաջ՝ եթե հիմա երեխաները քեզ ներկայանում են ուշադրության ոչ արժանի արարածներ, ապա մի՛ նայիր, թե ինչպիսին են հիմա, այլ թե ինչպիսին պետք է լինեն Աստծո նախասահմանմամբ:
Դու կտեսնես նրանց մեջ ոչ միայն աշխարհի՝ մեզանից սկիզբ առնող բնակիչների և Տիեզերքի բարերարների, այլև մեզ հավասար՝
Քրիստոսի գործընկերների,
արքայական քրմերի,
ընտրյալ ժողովրդի,
հրեշտակների ուղեկիցների,
դևերի դատավորների,
երկնքի մխիթարության,
դժոխքի սարսափի, բոլոր դարերի երկնային ժառանգների:
Ուրիշ ավելի վսեմ ի՞նչ կարելի է հորինել»: 

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով