Ուզում եմ շարունակել հոդվածս մեղվապահության մասին՝ հղում անելով նախորդին: Նախորդ հոդվածում պատմել եմ, թե ինչպես է մեղվաբուծությունը մտել կրթահամալիր, դարձել ուսումնական և կանգ եմ առել մեղրաքամի վրա: Հիմա կշարունակեմ գրառումս հենց մեղրաքամից:
Մեղրաքամը մեղվապահի համար ամենասիրելի և կարևոր գործն է, քանի որ վերջապես կհամտեսի այդ տարվա այնքան սպասված մեղրը, կհասկանա այդ տարվա եկամտի չափը: Ինձ համար մեղրաքամը սիրելի գործ չի և չի եղել այդպիսին երբևէ: Ինչո՞ւ: Պատճառները մի քանիսն են: Դրանցից մեկի՝ անցանկալի, այսպես ասած, « գողության» մասին, ես հանգամանորեն պատմում եմ այս տեսանյութում, որը պատրաստել է Արմինե Մովսիսյանը: Տեսանյութում պատմում եմ մեղվաբուծության կրթահամալիր մուտք գործելու մասին: Իսկ վերջում խոսում եմ մեղրաքամի մասին և հավելում, որ մեղրաքամը ըստ էության նման է մեղվի աշխատածը, արարածը գողանալուն: Իհարկե մի քիչ բարձրագոչ է հնչում, բայց երևույթն է այդպիսին. ամենաաշխատասեր արարածի վաստակը հանում ենք իր տնից՝ առանց նրան տեղյակ պահելու, հարցնելու, թույլտվություն խնդրելու: Մեղրաքամը կարելի է իրականացնել գոնե այնպես, որ չվնասվի մեղվաընտանիքը: Առաջին հերթին սա հիմք ընդունելով՝ պետք է անցնել գործի: Ի՞նչ է նշանակում չվնասել մեղվաընտանիքը: Ամենակարևոր պայմանը ՝ մեկ ընտանիքի համար բավարարար քանակի մեղր պետք է թողնել փեթակում: Պետք է թողնելու, ոչ թե միայն հանելու մասին մտածել: Երբեք չի կարելի մոռանալ, որ մեղուն աշխատել է քեզ համար, որ դու վերցնում ես նրա աշխատածը: Մեղվից պետք է միայն շնորհակալ լինել: Չէ՞ որ նա այնքան բարիք է գործում մարդու համար. պահպանում է բնության գոյատևման շղթան, տալիս է ամենահամեղ, ամենաօգտակար և բուժիչ հատկություններով օժտված բնամթերքը՝ մեղրը: Ինչո՞ւ այս մասին մի քիչ երկար խոսեցի: Որովհետև վերջերս ինքս ականատես եղա մեղրաքամի մի մեղվապահի մոտ, որը ինձ խոր ցավ պատճառեց: Բանն այն է, որ շրջանակները, որոնք հանում ենք փեթակից, պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ հարսնյակ կամ թրթուր չլինեն դրանց վրա, որոնք հետո դառնալու են ձմեռող մեղուներ, իսկ վերջիններս էլ պետք է ձմռան ընթացքում պահպանեն մեղվաընտանիքը, որովհետև ամռան ընթացքում աշխատած մեղուները գերհոգնած են լինում և ամռան վերջին մահանում են: Իսկ շրջանակները, որոնք այդ մեղվապահը քամում էր, ամբողջությամբ պատված էին հարսնյակներով և թրթուրներով: Իմ զարմացած հարցին, թե ինչո՞ւ է հանել այդ շրջանակները, նա պատասխանեց. « Մեղր է պետք»: Մեղվապահների լեզվով դա նշանակում է՝ փող է պետք: Ես հիասթափված շրջվեցի, որ հեռանամ, ասաց. « Համտեսի՛ր: Տես համե՞ղ է»: Ո՛չ, չէի համտեսի: Նա մեղուների հանդեպ անարդար է վարվում: Հեռացա՝ տխուր, մտահոգ: Ինչո՞ւ է մարդ արարածը իր տեսակով աչքածակ, անբավ: Մեղուն իր բաժին մեղրը, այսպես ասած, սահմանագծում է: Ինքը բնազդով ամենաառատ մեղրով շրջանակների վրա մորը թելադրում է, որ վերջինս ձվադրի՝ մոտ 5-7 շրջանակի վրա: Դա այն ժամանակ է արվում, երբ բերքի սեզոնը ավարտվում է, և մեղուն պատրաստվում է ձմեռելուն: Մեղուն բնազդով գիտի՝ իրեն որքան մեղր է անհրաժեշտ ձմռան համար: Եվ նրան դրանից զրկելը անազնիվ քայլ է պարզապես: Իսկ այն շրջանակները, որոնց վրա ձվադրություն չկա, կարող ես հանել: Եվ հենց դրանք պետք է հանել: Այդպես է խորհուրդ տալիս դասական մեղվաբուծությունը, և այդպես է քեզ ուղղորդում քո փորձը:
Ինձ համար առաջնայինը մեղվաընտանիքի պահպանումն է, հետո նոր միայն՝ մեղրը կամ նրա քանակը: Այս է հիմնական պատճառը, որ չեմ սիրում մեղրաքամը: Իսկ մյուս պատճառներից մեկն էլ գործի ծանրությունն է, լարվածությունը: Դու պետք է աշխատես ճիշտ, չվրիպես, որ մեղվաընտանիքների մեջ կռիվ չսկսվի, հարձակումներ չլինեն: Իրականում մեղրաքամը բավականին բարդ գործ է՝ բոլոր առումներով: Նախագիծը առաջարկելու պահից ի վեր, մտահոգված էի նաև մեղրաքամի հավանական խնդիրներով:
Մի օր, լրիվ պատահական, իմ մեջ միտք հղացավ՝ մեղրաքամի ծես: Կառչեցի այդ մտքից և որքան խորհեցի դրա մասին, այնքան հիմնավորվեց գաղափարը: Դասավանդողներին նամակով խնդրեցի՝ դրա մասին լրացուցիչ տեղեկություններ, երաժշտական լուծումներ գտնել: Հասմիկ Մաթևոսյանը գործի անցավ և մի հրաշալի փաթեթ ստեղծեց, որն էլ հենց օգտագործեցինք ծեսի ժամանակ: Պարզվում է՝ հին Հայաստանում ունեցել ենք այդպիսի ծես:Այդ փաստը ինձ շատ ուրախացրեց։ Նախ այն, որ մենք վերականգնում ենք մեր ծեսերից ևս մեկը և հետո՝ մեղրաքամը ծիսական դարձնելը։ Ծեսին նախապատրաստվելու և կազմակերպվելու համար շատ ժամանակ չունեինք, բայց ամեն ինչ, ըստ էության, ստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էի։ Կրթահամալիրի նախակրթարանները ակտիվ մասնակցեցին ծեսին։ Գրեթե 2 շաբաթ ամենակրտսեր մեղվիկները բզզացին, բզբզացին, թռվռացին, երգեցին ու մեղրահամտես արեցին։ Այստեղ մեղրաքամի ծեսին մասնակցած նախակրթարանների, ընտանեկան դպրոցների և կրտսեր դպրոցների նախագծային փաթեթներն են։ Նյութերին ծանոթանալու համար անցեք հղումով։ Մեղրաքամը բնականաբար պետք է իրականանար Արատեսում, որտեղ և մեղուներն էին։ Ծեսը օրացույցով որոշված էր օգոստոսի 26_ին։ Ես մեկնեցի Արատես մի քանի օր շուտ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Ամենակարևոր և բարդ աշխատանքը, անշուշտ, քամի ենթակա շրջանակները փեթակներից դուրս բերելն է։ Օգոստոսի 24_ի երեկոյան (ավելի ապահով է, երբ այդ գործը արվում է երեկոյան) մեղրահացերը հաջողությամբ հանեցինք, հարմար տեղավորեցինք, ծածկեցինք, որ խուսափենք հարձակումներից։ Այս հղումով անցնելով՝ կարող եք ծանոթանալ Նախամեղրաքամյան աշխատանքներ- ին: Արմինե Մովսիսյսնի բլոգում կարող եք գտնել հերթական տեսանյութը, որտեղ, ես՝ Սմբատ Պետրոսյանի օգնությամբ, փեթակից հանում եմ մեղրահացերով հերթական շրջանակները: Տեսանյութում նաև պատմում եմ այդ աշխատանքի մասին: Կարող եք դիտել նյութը՝ անցնելով այս հղումով:
Մեղրաքամի ծեսի կազմակերպական հարցերով սկսվեց զբաղվել Սոնա Փափազյանը: Ահա Սոնայի պատումը: Մեզ միացան Արևմտյան Դպրոց-պարտեզի սովորողների մի խումբ, կրթահամալիրի երաժիշտների խումբը, տեր Մակարը իր ընտանիքով, Ազատանի դպրոցի ուսուցիչներ: Հասմիկ Մաթևոսյանը ևՍեդա Թևանյանը կազմակերպում էին երգ- պար մասը, Մարինե Մկրտչյանը և Սոնան՝ ազգային խաղերով էին զբաղվում: Սեպտեմբերի 27-ին երեկոյան ժամը 17: 00-ից սկսվեց մեղրաքամի ծեսը: Մեղվագովք- մեղրագովքին հաջորդեց մեղվապահի տան նորամուտը: Մեղվապահի տուն- լաբորատորիան վերանորոգվել էր հենց այդ օրերին և ծառայելու է որպես ուսումնական, հետազոտական լաբորատորիա՝ մեղվաբուծական կենտրոն: Սմբատ Պետրոսյանի, Հասմիկ Մաթևոսյանի և Արտյոմ Խաչատրյանի ուղիղ եթերներին հետևում էր ողջ կրթահամալիրը: Ովքեր մեզ հետ չէին մասնակցում ծեսին, դիտում էին եթերները: Իսկ մասնակիցների համար ամենասպասված պահը դեռ առջևում էր՝ մեղրահամտեսը՝ ամենաանուշ, ամենահամեղ: Իրական տոն էր Արատեսի դպրական կենտրոնում՝ երգով, պարով, մեղրի օրհնությամբ, որը իրականացրեց տեր Մակարը: Այս տեսանյութը ուզում եմ առանձնացնել, որտեղ մեր չքնաղ աղջիկները՝ Սոնան և Սեդան, մեղր են քամում: Դիտե՛ք: Հավե՜ս: Մեր նոր մեղրաքամ մեքենան էլ իր գործը հրաշալի արեց: Դե իհարկե, տոնական մասին նախորդում և հաջորդում են աշխատանքային փուլերը, ինչում Սմբատը և Տարոնը՝ իմ հմուտ օգնականները, օգնեցին ինձ: Իմ հոգնության մասին չեմ ուզում խոսել, որովհետև եթե աշխատանքիս արդյունքը գոհացնում է ինձ, իսկ ես իմ հանդեպ խիստ պահանջկոտ եմ, ես մոռանում եմ հոգնության մասին: Մեղուները ինձ շատ բան են սովորեցրել: Դրանցից առաջինը և ամենակարևորը՝ չհոգնելն է: Հոգնած մարմինը վերականգնվում է շատ արագ, իսկ ժամանակը երբեք հետ չի գալիս: Ուստի չպետք է ժամանակը վատնել, երբ կարող ես աշխատել, արարել: Մեղուների հետ աշխատելուց ես չեմ հոգնում, ինչպեսև երբեք չեմ հոգնել սովորողների հետ աշխատելուց: Որովհետև նրանք ինձ սովորեցնում են լինել ազնիվ, արդար, անհոգնել և գոհ: Ահա այստեղ էլ իմ պատումն է մեղրաքամի մասին, որտեղ կարող եք դիտել մեղրաքամի ծեսի բոլոր ուղիղ եթերները: Այսպիսով մենք ունեցանք մեր նուբար- մեղրը, որը շուտով կհամտեսենք:
Որպես մեղրաքամի ամփոփում՝ ուզում եմ հավելել, որ այս հսկայական աշխատանքը, որ իրականացվեց, այն է՝ մեղվաբուծությունը կրթահամալիրում՝ իր բոլոր փուլերով, առանց կրթահամալիր- տիարի օժանդակության և պարզապես վստահության, անհնար էր իրագործել: Մեղվաընտանիքներ, փեթակներ ձեռք բերելուց, մինչև մեղվապահի տուն- լաբորատորիայի վերանորոգումը, նոր, հրաշալի մեղրաքամ մեքենան և այլ անթիվ ներդրումներ, որ կատարվել են իմ նախագծի շրջանակներում, ինձ ոգևորելուց բացի, պարտավորեցնում են ավելի ու ավելի: Պետք է խոստովանեմ, որ բարդ գործ եմ հանձն առել, ինչում միշտ ունեցել եմ տիարի, կրթահամալիրի աջակցությունը: Յուրաքանչյուր գոհունակ արտահայտություն, իսկ դրանք բազում են եղել, ինձ օգնել են, առաջ մղել: Չեմ կարող երախտիքս չհայտնել տիարին, որ հնարավորություն տվեց ինձ իմ սիրելի զբաղմունքները ՝ մանկավարժությունը և մեղվաբուծությունը, համատեղել: Կրթահամալիրը այն բացառիկ լայն, ազատ հարթակն է, որտեղ այնքա՛ն բարի, բայց անհնարին թվացղող գործունեություններ կարելի է համատեղել մանկավարժության հետ: Ամեն ինչ դեռ առջևում է:
Իսկ արդյունքում կարող եմ ասել՝ նախագիծը ստացված է: Պետք է մտածեմ այն զարգացնելու մասին: Առջևում անելիքներ շատ կան, որոնց մասին կպատմեմ հաջորդ հոդվածներում: