«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից
Մորթոնսոնն իր համար, առանց որևէ մեկին խանգարելու զբոսնում էր Անդերի ստորոտում, երբ հանկարծ նրան ապշեցրեց ամպրոպակերպ մի ձայն, որ ելնում էր, թվում է, ամեն տեղից և միաժամանակ ոչ մի տեղից։
— Հե՛յ, դու, պատասխան տուր, կյանքում գլխավորն ի՞նչն է։
Մորթոնսոնը տեղում անշարժացավ, տառացիորեն քարացավ, լրիվ քրտինքով պատվեց. եզակի հաջողություն է՝ շփվել տիեզերքից հյուր եկածների հետ։ Հիմա շատ բան կախված էր նրանից, թե որքանով հաջող կպատասխանի այս հարցին։
Նստելով առաջին պատահած քարին՝ Մորթոնսոնը վերլուծեց իրադրությունը։ Հարց տվողը, ով էլ որ լինի այդ տիեզերական հյուրը, երևի գլխի է ընկնում, որ ինքը՝ մի հասարակ ամերիկացի, գաղափար չունի կյանքի գլխավոր բանի մասին։ Դրա համար պատասխանի մեջ հարկավոր է ավելի շուտ արտահայտել երկրային հնարավորությունների սահմանափակության ընկալումը, բայց հարկավոր է արտահայտել նաև այն գիտակցումը, որ միանգամայն բնական է, որ հյուրը նման հարց է տալիս գիտակից արարածին՝ տվյալ դեպքում՝ մարդկությանը, որի ներկայացուցիչը պատահաբար Մորթոնսոնն է, չնայած ուսերը կորացած են, քիթը արևից թեփոտել է, ուսապարկը նարնջագույն է, ծխախոտի տուփն էլ ճմռթված։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հարցի ենթատեքստը լրիվ ուրիշ է։ Հանկարծ ու Եկվորի կարծիքով հենց Մորթոնսոնն իսկապես մի բան գիտի կյանքի կարևոր բանի մասին, և ինքը Մորթոնսոնն էլ ընդունակ է իր այդ պայծառատեսությունն էքսպրոմտ շարադրելու լակոնիկ հղկված մի արտահայտությամբ։ Չնայած՝ էքսպրոմտի համար արդեն ժամանակ չմնաց։ Պատասխանի մեջ հումորային նոտա չմտցնի՞։
Հայտարարի ձայնին՝ «Կյանքում գլխավորն այն է, որ քեզ երկնքից մի ձայն հարցաքննում է կյանքում գլխավորի մասին»։ Ու բռնկվել կոսմիկական ծիծաղով։ Բա որ նա էլ ասի. «Այո, այսպիսին է այս պահի իրականությունը, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է կյանքում գլխավորը»։ Էդպես էլ կմնաս բերանդ բաց, ու երեսիդ հոտած էկտոպլազմային ձու կշպրտեն։ Հարցնողը ծիծաղի առարկա կդարձնի քո ինքնագնահատականը, կարծիքն իր մասին, ինքնաբավությունը, գլուխգովանությունը։
— Հը, ի՞նչ կա հարցից,- հետաքրքրվեց Ձայնը։
— Աշխատում եմ Ձեր խնդրի վրա,- զեկուցեց Մորթոնսոնը,- դժվար հարց է, չէ՞։
— Հաստատ դժվար է,- պաշտպանեց Ձայնը։
Լավ, էս կեղտոտ կյանքում ի՞նչն է կարևոր։ Մորթոնսոնն ինչ-ինչ տարբերակներ մտածեց։ Կյանքում գլխավորը Նորին գերազանցություն պատահականությունն է։ Կարևորը կյանքում քաոսն է՝ ճակատագրի հետ խառնած (վատ չի հորինված. հարկավոր է հիշել)։ Կարևորը կյանքում թռչունների երգն է ու քամու սուլոցը (շատ քիչ է)։ Կյանքում գլխավորը, երբ մատերիան հետաքրքրասիրություն է ցուցաբերում (ո՞ւմ խոսքն է. Վիկտոր Հյուգոյինը չէ՞)։ Կարևորը կյանքում այն է, ինչ մտքովդ անցել է՝ գլխավոր համարես։
— Համարյա ջարդեցի,- հուսադրեց Մորթոնսոնը։
Ամենացավալին գիտակցելն էր, որ կարող ես սխալ պատասխան տալ։ Ոչ մի վարժարան որևէ բան չի սովորեցնում. գլուխդ մենակ տեսակ-տեսակ փիլիսոփայական ասույթներ են լցնում։ Վատն այն է, որ հենց գիրքդ փակեցիր, գլխիցդ թռնում են։ Հա՛ քիթդ քչփորիր ու չգիտեմ ինչի մասին երազիր։
Բա թերթե՞րն ինչ կգրեն։ «Դեղնակտուց ամերիկացին անհատակ անդունդից դուրս բերեց իմաստնությունները, և այդքանից հետո ամոթալի անվճռականություն դրսևորեց»։
Ախմա՛խ։ Ոչ ոքի հաճելի չէ նման պատմության մեջ ընկնելը։ Բայց կյանքում ի՞նչն է գլխավորը։ Մորթոնսոնը հանգցրեց ծխախոտն ու հիշեց, որ վերջինն էր։ Թո՛ւ։ Մենակ չշեղվի։ Կյանքում ամենակարևորը՝ կասկա՞ծն է։ Ցանկությո՞ւնը։ Նպատակին ձգտո՞ւմը։ Վայելե՞լքը։ Ճակատը տրորելով՝ Մորթոնսոնը, ճիշտ է, մի քիչ դողացող ձայնով, բայց ասաց.
— Կյանքում ամենակարևորը հիշողություններն են։
Չարագուշակ լռություն տիրեց։ Իր պատկերացմամբ մի ահագին ժամանակ սպասելուց հետո Մորթոնսոնը հարցրեց.
— Հե՛յ, գուշակեցի՞, թե՞ չէ։
— Հիշողություններ,- աղաղակեց վերամբարձ ու հզոր Ձայնը։ – Չափից ավելի երկար է։ Այրվե՞լը։ Էլի երկար է։ Կրա՞կը։ Կյանքում կարևորը կրակն է։ Ստացվե՜ց։
— Ես հենց կրակն էլ նկատի ունեի,- տակից դուրս եկավ Մորթոնսոնը։
— Դու ինձ իսկապես շատ օգնեցիր,- հավատացրեց Ձայնը,- ախր լռվել էի էդ բառի վրա։ Դե, հիմա էլ օգնիր գլուխ հանել հորիզոնական 78-ից։ Աստղաթիռների անշփում տեղափոխման գյուտարարի հայրանունը. չորրորդ տառը՝ Դ։ Լեզվիս ծայրին է…
Մորթոնսոնի պատմելով՝ էստեղ ինքը կրնկի վրա շրջվել ու գնացել է հնարավորինս հեռու վերերկրային Ձայնից ու բարձր մատերիայից։
Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան