Ճամփորդելն ու ճամփորդությամբ ուսուցումը կրթահամալիրի ուսումնական պլանով նախատեսած թերևս ամենասիրելի ու ամենահետաքրքիր բաղկացուցիչն է։ Կրթահամալիրում ճամփորդելը պարտադիր է ոչ թե սովորողների, այլ նաև դասավանդողների համար։ Սկզբում այն մի տեսակ պարտադրանքի է նմանվում, սակայն, ինչպես ասվում է հայտնի առածում՝ «ախորժակը ուտելիս է բացվում»։

Համոզված եմ, որ ճամփորդել շատերս ենք սիրում։ Այն նոր հորիզոնների բացահայտման, աշխարհճանաչողության, նորի հետ շփման հետաքրքիր ձև է։ Հաճելի է ճամփորդության նախապատրաստման աշխատանքը՝ ճամպրուկը հավաքելը և ճամփորդության օր ու ժամին սպասելը։ Սա այն դեպքում, երբ մենակ կամ քո ընտանիքի հետ ես ճամփորդում։ Այլ բան է, երբ ինքդ ես ճամփորդության պատասխանատուն և նախաձեռնողը։

Իրականում այդքան սովորողի հետ ճամփորդելը հեշտ չէ։ Մեծ է պատասխանատվությունը։ Դու պատասխանատու ես և՛ կենցաղավարության, և՛ ուսումնական-հայրենագիտական բաղադրիչի, և՛ անվտանգության, և՛ շատ ու շատ այլ բաների համար։ Թվում է՝ ճամփորդություն է, մի խումբ սովորող կհավաքես, կգնաս-կգաս։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ։

Ինչպես են ծնվում ճամփորդական նախագծերը։

Քանի որ ուսումնական տարվա ընթացքում եռօրյա ճամփորդության մեկնելը պարտադիր է, ուստի որոշում ես, թե ուր ես ուզում մեկնել։

Եթե ունես նախընտրած ուղղություն, կազմում ես նախագիծդ, առաջարկում սովորողներին, հավաքվում է խումբը, մեկնում ես։ Սակայն ես արդեն որերորդ տարին է այս ամենի իմ այլընտրանքն ունեմ։ «Իմ մանկավարժության» հիմքում դրել եմ աշակերտակենտրոն մոտեցումը․ հիմնականում նախագծեր կազմելիս հաշվի եմ առնում սովորողներիս նախասիրությունները։ Ճամփորդական նախագծերն էլ վերջին տարիներին ծնվում են սովորողներիս նախաձեռնությամբ։ Սովորողների հետ ենք որոշում՝ ուր գնալ, երբ գնալ։ Միասին ենք որոշում՝ ինչ անել, նրանք են կազմում սովորողների ցուցակը, ընտրում երկրորդ ուսուցչին։ Անգամ ճաշացանկն ենք միասին նայում, որոշում, թե ինչ պետք է պատրաստենք․ ճամփորդություններից մեկի ժամանակ Կատրինը թխվածք թխեց, Մարիան իր սիրած աղցանը պատրաստեց․․․

Ճամփորդական նախագիծը նաև քննարկվում է դպրոցի տնօրինության հետ։ Ասեմ, որ դպրոցի տնօրինությամ կողմից ճամփորդության հայտի «քննումը» ևս լարվածություն է առաջացնում։ Ուղարկում ես նախագիծը և լարված սպասում պատասխանի։ Լինում են դիտարկումներ, որոնց հետ միանշանակ համամիտ ես լինում, սակայն քիչ չի լինում, որ դիտարկման հետ համաձայն չես լինում։ Երբեմն լինում են առաջարկներ, որոնց իրականացումը չես պատկերացնում արդեն որոշված հայրենագիտական կանգառների, նախագծերի, կենցաղավարության առկայության դեպքում։ Չես մեղադրի մարդկանց․ երևի չեն պատկերացնում, թե կենցաղավարությունը ինչ ահռելի ժամանակ է քեզնից պահանջում։ Այստեղ պետք է արձագանքել իրականությունը․ երբեք չի ստացվում այնպես, որ ճամփորդական նախագծի բոլոր բաղադրիչները հասցնես անել։ Միշտ էլ չարված բաներ լինում են․․․

Ինձ ամենից շատ ուրախացրել են այն ճամփորդությունները, երբ սովորողներն են առաջարկել իրենց հետ ճամփորդել՝ ընտրել են ճամփորդության վայրը, ուսուցիչներին, հայրենագիտական կանգառները, ճամփորդական ընկերներին․․․

Նմանատիպ ճամփորդություններն ամենաստացվածն են։ Որպես կանոն՝ նման դեպքերում սովորողների մեջ չեն լինում խնդիրներ, բախումներ, հարցերը հեշտ են լուծվում, սովորողները ինքնաբավ, գոհ են լինում։

Այդպիսի ճամփորդությունների առավելություններն են․

  • չես կանգնում ճամփորդության համար «երեխա հավաքելու» խնդրի առջև
  • այս ճամփորդություններին սովորողներն ընկերախմբերով են մասնակցում, ինչի արդյունքում խուսափում ենք անծանոթ սովորողների միջև շատ հաճախ հանդիպող խնդիրներից
  • նվազում են հայրենագիտական կանգառների հետ կապված դժգոհությունները, քանի որ միասին ենք կազմած լինում երթուղին
  • չեն լինում դժգոհություններ սննդի հետ կապված
  • ընկերներով իրար հետ իրենց լավ են զգում, հեշտ են ինքնակազմակերպվում

Ինչ է ձեռք բերում սովորողը նմանատիպ աշխատանքների մասնակցելիս․

  • սովորում է նախագիծ կազմել
  • բացում է քարտեզը, նայում հայրենագիտական կանգառները
  • մտածում է, թե ճամփորդական ինչ բաղադրիչ կարող է առաջարկել, որպեսզի ճամփորդությունն ավելի հաճելի անցնի
  • սկսում է ավելի ռեալ պատկերացնել կենցաղավարությունը
  • լսում է ընկերների կարծիք-առաջարկները, հաշվի նստում դրանց հետ

Բայց շատ հաճախ ստիպված ես ճամփորդել դեռ անծանոթ երեխաների հետ։ Թվում է՝ ի՞նչ է որ, երեխան երեխա է, մանկավարժությունն էլ՝ մանկավարժություն, բայց, արի ու տես, որ գործդ շատ ավելի դժվարանում է, երբ ճամփորդ-ընկերներդ անծանոթ սովորողներ են։ Դու իրենց չես ճանաչում, իրենք՝ քեզ, և կարող է անգամ շատ անմեղ մի խոսքը քո դեմ պտտվել։ Բոլորս գիտենք անցումային տարիքում գտնվող երեխաների խնդիրների, բարդույթների մասին․ նրանք ո՛չ մեծ են, ո՛չ՝ փոքր։ Շատ հաճախ խնդիրներ, վեճեր են առաջանում սովորողների միջև, և դու սկսում ես «դատավոր» դառնալ, հարթել վեճը։ Երբեմն դեռ մի քանի ժամ քեզ ծանոթ սովորողը քեզ չի ընկալում որպես պատասխանատու։ Այդպիսի մի զավեշտալի դեպքի ականատես եղանք դեպի Արատես վերջին ճամփորդության ընթացքում, երբ երեխաների մեջ վեճ էր ծագել, և ես և ընկեր Տաթևը պետք է հարթեինք այն։ Մանկավարժական զրույցի ընթացքում, երբ ընկեր Տաթևը «մեղավոր» երեխային բացատրում էր, թե ինչ վտանգների ու խնդիրների առջև կարող էր կանգնել իր արարքի պատճառով, այդ սովորողն ընկեր Տաթևի յուրաքանչյուր խոսքից հետո թեքվում էր և ինձ հարցնում, թե արդյոք ճիշտ է ասում ընկեր Տաթևը․ եվ սա միայն այն պատճառով, որ ես իր դասավանդողն էի, ընկեր Տաթևը՝ ոչ։

Ճամփորդության ընթացքում մյուս խնդիրը կապվում է սննդի կազմակերպման հետ։ 18-20 հոգանոց խմբին օրը երեք անգամ սնունդ պատրաստելը մեծ ծանրաբեռնվածություն է դասավանդողների համար։ Ենթադրվում է, որ Միջին դպրոցի սովորողն արդեն այնքան մեծ է, որ պետք է մասնակցի սննդի կազմակերպմանը, ինքնասպասարկամը, սակայն փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ 5-6 սովորողից ավելի հնարավոր չէ ներառել այս աշխատանքում։  Այս հանգամանքը ավելորդ լարվածություն է առաջացնում, քանի որ ստիպված ես լինում ամեն անգամ խոհանոցից դուրս գալ, հետևել-հասկանալ, թե ինչ են անում մյուս սովորողները։ Այնուհետև պետք է հավաքես սեղանը, լվաս, մաքրես տարածքը։ Սա բավականին աշխատատար է։

Ինչպես նաև, նման ծանրաբեռնվածության դեպքում  դժվարանում է արդեն նախատեսած նախագծի իրականացումը։ Շատ քիչ ժամանակ է մնում այդ ամենի համար, ինչպես նաև, գերլարում և մեծ ճիգ է պահանջվում։

Բարդ են նաև միջանձնային հարաբերությունները։ Երեխաները տարբեր են, նրանց սպասելիքները ճամփորդությունից՝ բազմատեսակ։ Ոմանք առաջին անգամ են ընտանիքից, ծնողներից հեռու գտնվում, ամեն րոպե զանգում են, ամեն ինչ պատմում ծնողներին։ Իհարկե, դու՝ որպես ճամփորդության պատասխանատու, փորձում ես այնպես անել, որ ամեն ինչ հարթ լինի, բոլորը գոհ լինեն, բայց ոնց որ ցանկացած վայրում, այստեղ էլ երբեմն միջադեպեր են լինում, որոնք նաև կարող են սովորողի և ծնողի կողմից ճիշտ չհասկացվել։ Քիչ չեն այն դեպքերը, երբ քո «կանոնակարգված» օրակարգը դուր չի գալիս սովորողին, ինչպես այս վերջին անգամ, երբ սովորողներից մեկը հումորով արատեսյան ճամբարը համեմատեց համակենտրոնացման գաղութի հետ։ Սա էլ է նորմալ, միշտ էլ լինում են սովորողներ, որ չեն ուզում ենթարկվել կարգ ու կանոնին, ուզում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի, ըստ իրենց «օրակարգի», և կարգ ու կանոնը ճիշտ չեն ընկալում։ Իրականում շատ դժվար է այնպես անել, որ բոլորին ամեն ինչ դուր գա։ Այստեղ մնում է մարդկային գործոնը։ Եթե սովորողները քո դասարանից են, քեզ լավ են ճանաչում, ընդունում են քեզ, քո ասածները ճիշտ են ընկալում, նկատողությունը ընդունում են, իրավիճակը ճիշտ են գնահատում, վստահում են ուսուցչին։ Անծանոթ սովորողների դեպքում ամեն ինչ քիչ այլ է․ մարդը լավ չի ճանաչում քեզ և ասածիդ միշտ չէ ականջալուր։ Սակայն մեկ անգամ միասին ճանապարհ գնալուց հետո դու դառնում ես այս սովորողի համար ծանոթ։ Դպրոցում սիրով մուտենում է, զրուցում հետդ, հաջորդ ճամփորդության մասին հարցնում։

Չնայած նրան, որ եռօրյա ճամփորդության խութերը շատ են, բայց հավեսն էլ է շատ և ամեն անգամ, վերադարձից հետո, մտածում ես, թե հաջորդ անգամ ուր կարելի է մեկնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով