Տարիներ առաջ Չիկագո գործուղման մեկնած գործընկերներս վերադարձան ու պատմեցին, որ այնտեղ սրճարաններ կային, ուր ամեն ինչ հարմարեցված էր «հատուկ ուշադրության կարիք ունեցող» աշխատակիցների գործը հնարավոր դարձնելուն։ Ես հուզվեցի։ Մինչև ո՞ւր էր պետք մտածել՝ այնպես կազմակերպելու համար, որ հաճախորդները խնդրի չբախվեին ու չխուսափեին այդ սրճարաններից, և աշխատակիցներն էլ իրենց օտարված չզգային հանրությունից։
Մի քանի տարի առաջ Գյումրիում բացված նմանատիպ սրճարանն ինձ ավելի քիչ հուզեց։ Թերևս տարիների փորձն ինձ համար բացահայտել էր, որ «հատուկ ուշադրությունը» երկու երես ունի։ Եվ հազիվ թե որևէ մեկը կարող է վստահաբար պնդել, թե հատուկ ուշադրությունը ոչ մի պարագայում չի վիրավորի ակնհայտորեն դրա կարիքն ունեցողին։ Բայց որ այս մարդկանց սոցիալականացումը հաճախ խնդրահարույց է, անվիճելի է։
Նարեն (պայմանականորեն Նարե անվանենք նրան), ինձ մոտեցավ հետազոտական աշխատանքը ղեկավարելու խնդրով։ Ընտրել էր իմ առաջարկած թեմաներից՝ «Ոչ բառային հաղորդակցման միջոցները»։ Կարճ զրույցից հասկացա, որ ներկայացված թեման Նարեն յուրովի է հասկացել․ «ոչ բառային»-ը մեկնաբանել էր որպես «ժեստերի լեզու»։ Ինձ հետաքրքիր թվաց նրա ընկալումը, պայմանավորվեցինք աշխատել։
Նարեի խնդիրը խոսքն է․ չի կարողանում արտաբերել բոլոր հնչյունները, բառերն աղավաղված են, խոսքը դժվար է հասկացվում։ Աղջիկը նեղսրտում է հասակակիցների հետ շփման դժվարություններից։ Մուտքի ճամբարից նրան ճանաչող գործընկերներս աղջկա մեծահոգությունն ընդգծելու համար պատմեցին, որ մի անգամ նկատել են նրան լաց լինելիս։ Փորձել են բացահայտել նեղացնողին, խոստացել են պատժել անբարեկիրթ սովորողին, բայց Նարեն հանդարտվել է, նույնիսկ ժպտացել է ու հայտարարել, որ ոչ ոք իրեն չի նեղացրել, ու ոչ ոքի պատժել պետք չէ։ Ունկնդրողներս արձանագրեցինք, որ դա վեհանձն արարք է, ու չանդրադարձանք (հատուկ կարիքով սովորողի նրա նկարագրում էլ նման մանրամասները չեն գրանցվում), որ կարող էր հուզմունքի պատճառը շփման դժվարությունը լինել, որ որոշակի բնավորությամբ մարդկանց հնարավոր է նույնիսկ ակամա նեղացնել՝ պարզապես չիմանալով, հետևաբար չարդարացնելով նրանց սպասելիքները։ Չանդրադարձանք նաև, որ Նարեն գուցե ուղղակի շատ էր ուզում ընկերներ ունենալ և դրա համար պատրաստ էր զիջումների։
Հետազոտական աշխատանքը դժվար էր առաջ գնում։ Հենց սկզբից հրաժարվեցինք օտարալեզու գրականությունից․ սովորողս միայն հայերեն գիտի։ Առաջին հանդիպման ժամանակ արագ-արագ գրի էր առնում այն, ինչ ասում էի։ Հետո դա ներկայացրեց որպես իր կատարած աշխատանք։
—Չէ,—ասում եմ,—սա իմ բացատրությունն է, թե ինչպես աշխատես։ Փորփրիր, գտիր՝ ինչ է իրենից ներկայացնում ժեստերի լեզուն, ինչ տեսակներ ունի, ինչպես է ծագել, ովքեր են օգտագործում….
Նարեն գլխով արեց ու գնաց։ Հետո երկար ժամանակ բլոգում չէինք կարողանում «կատարած» գրառումները գտնել․ ավանդականին հավակնող արդարացումն էր «Բլոգս խնդիր ունի, նյութերը չեն երևում»։
Տարեսկզբին ում ճանաչում էր, «ընկեր» էր կոչում։ Բայց դեռահասներն իրենց որոնելու ճանապարհին առանձնապես զգայուն չեն մյուսների զգացմունքների նկատմամբ։ Եվ Նարեի լաց լինելու առիթներն անպակաս էին։
—Պաշտպանելո՞ւ ես,- մի անգամ ուղղակի հարցրի։ Նարեն գլխով բացասական նշան արեց ու գլուխը կախեց։
—Լավ, գոնե կարո՞ղ ես հավաքածդ տեղեկությունները վերաշարադրել։ Միասին կխմբագրենք, ու կհրապարակես բլոգումդ։
Սանս, անորոշ մի կետի նայելով, գլխով դրական նշան արեց, որն ինձ ամենևին էլ հավատ չներշնչեց։ Եվ ես որոշեցի հանգիստ թողնել նրան։
Մեր կրթահամալիրում ներառական ուսուցումը տարիների փորձ ունի։ Մենք հատուկ կարիքով սովորողներ ենք ունեցել, որ դպրոցից հետո բարձրագույն կրթություն են ստացել, եղել են մարզական նշանակալից հաջողությունների հասածներ։ Նույնիսկ միջազգային դպրոցի սան դարձած շրջանավարտ ենք ունեցել։ Միշտ չէ, որ հատուկ կարիքը խոչընդոտում է նաև ուսմանը։ Բայց հանրության լիարժեք, անվերապահ անդամ դառնալ հաջողվել է բացառիկ դեպքերում։
Սոցիալականացումը բնական պահանջմունք է։ Մարդը սովորաբար հանրության անդամ լինելու, այդ հանրության մեջ ինքնահաստատվելու, իրեն գտնելու ու անձ դառնալու ձգտումն ունենում է։ Եվ ամեն մարդ էլ երազում է ուժեղ, հասուն, հոգատար ու կազմակերպված խմբի անդամ լինել։ Բայց հասարակության անսասան օրենքով, որքան էլ ձգտես քո երազած հանրության մասը կազմելուն, չես հաջողի, եթե այդ հանրությունն ինքը քեզ չի ընտրում։
Ո՞րն է ելքը։
Ընդհանուր վազքի, նպատակների ու ցանկությունների հետևից մղվող, ապրել շտապող մարդկանց մեջ ոմանք հետ են մնում, որովհետև նույն տեմպը չունեն։
Իմ աչքի առաջ կազմավորվում էր ուրիշ՝ սովորողների սուրացող հանրությունից տարբերվող, բայց և զարմանալիորեն նրան նման մի հանրություն։ Այստեղ յուրաքանչյուր անդամ ներողամիտ է մյուսի չվազող ոտքի, թույլ լսող ականջի, վատ ձևակերպված մտքի կամ անհաստատ հնչած բառի-խոսքի նկատմամբ։ Այստեղ հապաղում են՝ վատ քայլողին հետ չթողնելու համար, չեն նեղվում, կրկնում են՝ լսելի ու հասկանալի լինելու համար։ Իրար նկատմամբ հանդուրժողականությունը չեն համարում միմյանց արած բարեհաճություն, վայելում են միմյանց ներկայությունը և տխրում են բացակայությունից։ Մնացածը՝ ինչպես մյուս հանրություններում․ ձևավորում են շերտեր, ինքնահաստատվում երբեմն միմյանց հաշվին, դեռահասական չարաճճիություն անում, պաշտպանում իրենց հանրությունն ուրիշներից։
Իհարկե, հատուկ կարիքով սովորողների թերացումների նկատմամբ մանկավարժներս հանդուրժող ենք։ Սակայն ստանձնած, բայց չկատարած աշխատանքն աչքաթող անելը վատ նախադեպ կարող է դառնալ։ Դրա համար, գործի դնելով փորձս ու միտքս, Նարեին հետազոտական աշխատանքի մասին հիշեցնելու մեղմ միջոցներ էի փնտրում։ Ու մինչ ես ծանր ու թեթև կանեի հնարավոր տարբերակները, սովորողս ինքը մոտեցավ ինձ․
— Բա ես ե՞րբ եմ պաշտպանելու։
Մինչ այդ արած աշխատանքը տեքստային ֆայլով ուղարկեց ինձ։ Դժվար էր դա հետազոտություն համարել, բայց ինչպե՞ս կարող էինք ջանքը չգնահատել։ Խմբագրեցինք, իրար կցեցինք ու տեքստի բերեցինք այն, ինչ գրառել էր։ Ի դեպ, ընկերների օգնությամբ հայերեն վերաշարադրել էր նաև ռուսերեն աղբյուրներից հատվածներ։ Հետո միասին ընտրեցինք բանավոր ներկայացվելիք նյութը։ Ընկերների օգնությամբ Նարեն պատրաստեց նաև սահիկաշարը։
Եվ ահա, նշանակված օրը ամբիոնի մոտ կանգնած իմ սանուհին ներկայացնում էր ինքն իրեն։ Նրան լսում էին մյուս ուսուցիչները, այդ օրվա պաշտպանողների, նաև իր հարազատները և, ինչպես բոլոր պաշտպանությունների ժամանակ է լինում, ընկերների աշխույժ ու ոգևորող խումբը։
Երբ հետո՝ հաջորդ օրվա դասին հարցրի աղջկան, թե իր ընտրած ու ներկայացրած թեմայից ինչ սովորեց, նա թվեց որոշ բաներ։ Բայց իմ համոզմամբ, Նարեի գլխավոր ձեռքբերումը հենց ամբիոնի մոտ կանգնել ու խոսելն էր։ Իհարկե դրան մեծապես նպաստել էր խումբը, որի մի հատիկն էր նա։
Նարեի (և ոչ միայն նրա) սոցիալականացումը համարձակ ընթացքի փուլ էր մտել։