Մանկավարժության գլխավոր նպատակը անհատի ձևավորումն ու նրա կրթության կազմակերպումն է։ Որքանո՞վ են այսօր դպրոցներում իրականացվող կրթական ծրագրերը նպաստում անհատականության դրսևորմանը, խթանում անհատի զարգացումը։ Հանրակրթության համընդհանուր առարկայական ծրագրերի իրականացումը սպասարկո՞ւմ է սովորողի շահերը, թե՞ ծանրաբեռնված ու շատ հաճախ սովորողների կյանքի ու իրականության հետ չառնչվող պահանջները ճնշում, երկրորդ պլան են մղում անհատական կրթության պատվերը։

Որպես կրթահամալիրի կրտսեր դպրոցի դասավանդող՝ ցանկանում եմ անդրադառնալ այս խնդրին և ներկայացնել իմ ու գործընկերներիս փորձը։

Հանրակրթության մեջ համընդհանուր ներառումը հնարավոր չէ իրականացնել առանց անհատին ուղղված կրթության կազմակերպման։ Սկսած նախակրթարանից՝ բազմաթիվ նախագծեր ենք իրականացնում, որոնք նպաստում են սովորողների ինքնուրույության դրսևորմանը, մղում ինքնաճանաչման։ Ամենօրյա ինքնասպասարկումից,  օժտվածության դրսևորմանն ուղղված բազմազան գործունեության ձևերից բացի՝ ուսումնական ծրագրերում մեծ տեղ են գրավում ընտանեկան և անհատական նախագծերը։ Ճի՛շտ է, ընդհանուր դասերի, պարապմունքների ընթացքում սովորողը նույնպես ինքնադրսևորվելու հնարավորություններ ունի, սակայն նրա կողմից կոնկրետ իրականացվող անհատական կամ ընտանեկան նախագծերն օգնում են, որ անհատը կենտրոն գա, ներկայանա իր նախասիրություններով, հայտնի իր կարծիքը, ճանաչվի ընկերների և ուսուցիչների կողմից՝ իր կրթության մեջ ներառելով նաև ընտանիքի անդամներին։

Թե՛ որպես դասավանող, թե՛ որպես ծնող՝ բազմիցս արձանագրել եմ այն փաստը, որ տեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանը մի տեսակ պատնեշ է ստեղծել մարդկային շփման տիրույթում։ Ժամանակակից երեխաներն այսօր ավելի մեծ ժամանակ են հատկացնում անհատական պլանշետների, հեռախոսների առաջ։ Կարծես ապրում են իրենց մեդիաաշխարհում, և հաճախ, այն ամենն ինչ իրականացվում է դրանից դուրս, երկրորդական կամ խանգարող նշանակություն է ստանում։ Այսպիսի մեկուսացումը մի տեսակ օտարում է բերում ո՛չ միայն դպրոցական, այլև՛ ընտանեկան հարաբերություններում։ Չենք կարող անտեսել այն իրողությունը, որ ընտանեկան հոգսերով ու աշխատանքային պարտականություններով գերզբաղված ծնողներն օրվա ընթացքում քիչ ժամանակ են հատկացնում սեփական երեխաներին։ Փոխարենը սկսում են նոր պահանջներ ներկայացնել դպրոցին ու մանկավարժական աշխատողներին։ Ո՞րն է լուծումը։ Կրթահամալիրում իրականացվող ծրագրի տարիների փորձը ցույց է տալիս, որ լուծումը ընտանիքների ներգրավմամբ սովորողի հետաքրքրության, կարիքի բացահայտումն է, ընտանեկան նախագծերի կազմակերպումն ու իրականացումը։

Մեզ հաճախ թվում է, թե լավ ենք ճանաչում մեր բոլոր սովորողներին, մեր անձնական երեխաներին, սակայն դա երբեմն այդպես չէ։  Ներկայումս երեխաների մոտ դրսևորվող ագրեսիայի ու տարբեր խնդիրների պատճառը գուցե այս օրեցօր ամրապնդվող մեկուսացո՞ւմն է։ Դասերի ընթացքում էլ համակարգչի կամ պլանշետի հետևում ՝ ինչպես բարիկադի մյուս կողմում։

Կարծում եմ, որ այստեղ էլ մեծ է հանրակրթության դերը։ Ժամանակակից հանրակրթության գլխավոր խնդիրը դառնում է ուսումնական գործընթացում սովորողին առաջին պլան բերելն ու ընտանիքի անդամներին ներգրավելը։ Սրանք խնդրի լուծման լավագույն ճանապարհները կարող են դառնալ։
Տարիներ շարունակ կրթահամալիրում  համայնքային տարատեսակ ծեսեր ենք իրականացնում (հարիսայի, լավաշթխիկի, թթուդրիկի, խաղողաքաղի և այլ), որոնց թիվը գնալով ավելանում է, ընդգրկում մեծ թվով մասնակիցների։ Ընտանիքներն ուրախությամբ են մասնակցում իրականացվող նախագծերին, այսպես ներգրավվում իրենց երեխայի դպրոցական կյանքին, գործուն մասնակցություն են ունենում հանրակրթության գործում։

 Համայնքային ծեսերից բացի՝ իրականացվում են նաև ճամփորդական, ընթերցողական, հետազոտական տարբեր նախագծեր, ամենամսյա ֆլեշմոբներ, որոնց մասնակիցներն ու իրականացնողները նույնպես սովորողներն ու նրանց ընտանիքի անդամներն են։ Այսպիսի նախագծերը միավորում են բոլորին, օգնում ճանաչել ու բացահայտել միմյանց։ Պիտի նշեմ, որ ինքս՝ որպես դասավանդող, ընտանեկան նախագծերի միջոցով ավելի լավ եմ ճանաչում սովորղներիս ծնողներին, հասկանում, թե ինչպիսի միջավայրում են ապրում ու զարգանում իմ սովորողները։ Առանց նման մտերմության ու ճանաչողության դժվար կլինի սովորող-անհատի բացահայտումը։ Ծնողների մասնակցությունը ուսումնական նախագծերին անասելի ուրախություն ու ոգևորություն է հաղորդում յուրաքանչյուր սովորողի, այսպիսով նրանք իրենց ավելի կարևորված ու պաշտպանված են զգում։

Դպրոցական միջավայրում, որտեղ մեծ է ընտանիքի դերն ու մասնակցությունը, որտեղ չկան մարդկային շփման պատնեշներ, առավել հեշտ է անհատական նախագծերի իրականացումը։ Սովորողն այլևս չի կաշկանդվում իր նախասիրությունների մասին պատմելիս, փորձում է հնարավորինս հասկանալի ու ճանաչված լինել ոչ միայն ընտանիքի, այլև դասավանդողների ու ընկերների կողմից։ Հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում նմանատիպ նախագծերն ավելի հաճախակի էին դարձել։ Հիմա էլ կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված նախագծային աշխատանքներին զուգահեռ, իրականացնում ենք սովորողների օժտվածության և անհատականության զարգացմանը, ինքնադրսևորմանն ուղղված տարատեսակ «Սովորող-սովորեցնող» նախագծեր։

Ստորև կներկայացնեմ «Ուսումնական ձմեռ» նախագծի ընթացքում իրականացրած «Իմ հոբբին»  ենթանախագիծը, որն իրականացրել եմ իմ չորրորդ դասարանի սովորողների հետ։ Արդյունքը բավականին տպավորիչ է։ Նշեմ, որ բոլորի աշխատանքներն ինձ համար յուրահատուկ բացահայտությունների հնարավորություն էին։ Տեսնել էր պետք, թե սովորողներն իրենց անհատական աշխատանքներն ի՜նչ ոգևորությամբ էին ներկայացնում, և այս ամենում մեծ էր նաև ծնողների աջակցությունը։

Ավելորդ չէ փաստել, որ նմանատիպ նախագծերի իրականացումը հատկապե՛ս կարևոր է դասվարականից՝ առարկայական ուսուցման անցման դեպքում, երբ դասավանդողը ութ տասնյակի չափ նոր սովորողներ է ունենում։ Միաժամանակ բոլորին բազմակողմանիորեն դիտարկելու և ճանաչելու գործը բավականին լուրջ խնդիր է յուրաքանչյուր առարկայական դասավանդողի համար։ Ինքնարտահայտման հնարավորությունից բացի՝ նմանատիպ նախագծերը խթանում են նաև սովորողների և դասավանդողների միջև վստահության և մտերմության հաստատմանը։ Առանց մտերմություն ու վստահության մթնոլորտի ստեղծման ինչպե՞ս կարող ենք խոսել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով