Կրթահամալիրում բնագիտական առարկաների ուսուցումը հիմնված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու, ստացած արդյունքը մեկնաբանելու վրա` փորձնականից անցում կատարելով տեսականին։
«Կենսաբանություն» դասընթացի ուսուցման պրոցեսն առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով համագործակցում ենք գիտական տարբեր հաստատությունների հետ։
Համագործակցելով կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցների հետ՝ ավագ դպրոց-վարժարանի կենսաբանության ընտրությամբ դասընթացի սովորողները ձեռք են բերել անհատական փորձեր կատարելու տարբեր հմտություններ, զինվել անհրաժեշտ գիտելիքներով և չցանկանալով կորցնել սովորեցնելու հնարավորությունը՝ կրթահամալիրում իրականացրել են կլոր սեղան-քննարկումներ, սովորող-սովորեցնող բազմաթիվ նախագծեր, որոնց մասնակիցներն էին միջին և կրտսեր դպրոցների սովորողները։ Այս համագործակցության կարևորությունը ոչ միայն նոր հմտություններ և գիտելիքներ ձեռքբերելն է , այլև սովորածը կրթահամալիր տեղափոխելը, ուսուցման գործընթացի բաղկացուցիչ մաս դարձնելը։
Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնում կատարված փորձերը ներկայացված են տեսանյութերում՝
Իրականացրած նախագծերը սովորողներն ամփոփում են պատումների ձևով՝ ներկայացնելով իրենց տեսածը, կատարած փորձը, ստացած արդյունքները։ Ներկայացնում եմ Մելինե Աբրահամյանի և Էրիկ Գևորգյանի պատումները։
Յուրաքանչյուր նախագծի իրականացման գործընթացին նախորդում են նախապատրաստական աշխատանքները։ Սովորողներն ուսումնասիրում են իրականացվող փորձերի տեսական բաղադրիչը, կատարում բազմաթիվ թարգմանություններ, պատրաստում ուսումնական նյութեր, պատրաստվում ներկայանալ իրենց կրտսեր ընկերներին, փորձում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Վերոնշյալ աշխատանքները նույնպես նպաստում են սովորողի գիտելիքների ընդլայմանը և ինքնակրթությանը, ինչպես նաև լսարանի առջև հանդես գալուն։
- Մեզ շրջապատող մանրէները— Միջին և Ավագ դպրոցի սովորողներ
- Մածնի մեջ ապրող բակտերիաները — Սոֆյա Շագոյան
- Մեզ շրջապատող մանրէները — Կրտսեր և Ավագ դպրոցի սովորողներ
Նշված նախագծերը երկարաժամկետ են, կատարվող փորձերի իրականացումը, մշակումը և սպասվող արդյունքների ստացումը ամիսների աշխատանք է։
Հաջորդ նախագիծը, որը նույնպես շատ կարևորում եմ, կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համագործակցությունն է։ Ինստիտուտում իրականացվում էր շաքարային դիաբետով հիվանդ առնետների բուժման նոր տեխոլոգիաներ, կիրառվում էր նոր դեղորայք, որոնք նպաստում էին ենթաստամոքսային գեղձի կողմից մեկ այլ հորմոնի արտադրությանը, որը կարող էր փոխարինել ինսուլինին, այսինքն փորձում էին գտնել շաքարախտի այլընտրանքային բուժում։ Այս տեսական հատվածին ծանոթացմանը զուգընթաց՝ սովորողները մասնագետների օգնությամբ չափել են առնետների շաքարը, մանրադիտակով նայել քաղցկեղով հիվանդ և առողջ առնետների ուղեղի բջիջները, համեմատել դրանք, փորձել հայտնաբերել քաղցկեղային բջիջները։ Նկարագրվածից դժվար է պատկերացնել սովորողների հետաքրքրությունն ու ոգևորությունը։
Նման համագործակցային նախագծեր կրթահամալիրում բազմաթիվ են և կրում են շարունական բնույթ։ Ներկայացված նախագծերի նորարարությունը գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։ Ծանոթանալով գիտական հաստատություններում իրականացվող աշխատանքներին, գիտական հայտնագործություններին, կատարվող ուսումնասիրություններին՝ սովորողները կկարողանան բացահայտել կենսաբանությունը գործնական տեսանկյունից, կզգան վերջինիս դերը տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման գործում։
Գիտական հաստատությունների հետ համագործակցելը կարող է արմատապես փոխել բնագիտական առարկաների ուսուցման մեթոդը՝ դարձնելով այն առավել մատչելի, կիրառելի, դրանց ինտեգրումը ուսումնական ծրագրերում կծնի առավել արդյունավետ, հետաքիքիր կրթական միջավայր, որը կնպաստի նաև սովորողի մասնագիտական կողմնորոշմանը։