Սովորողի կրթությունն իր նպատակին է հասնում այն ժամանակ, երբ անձն այնքան է հասունանում, որ ունենում է հետագա կյանքի ընթացքում ինքն իրեն կրթելու ուժ և կամք, սովորում է հնարներ՝ ինչպես դրանք կարող է իրականացնել իր հետագա գործունեության ընթացքում:

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման արդյունավետ միջոց է և կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի բաղկացուցիչ: Ցանկացած ճամփորդություն գործունեության ընթացք է՝ պայմանավորված որոշակի օրինաչափություններով՝ թեմա, նպատակ ու նպատակաուղղվածություն, գործնականություն: Ճամփորդությունը իր նշանակությամբ չի տարբերվում ուսուցման մյուս ձևերից. այն տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, մշակույթի մասին: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել քեզ շրջապատող աշխարհը: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների ցանկը:

  • Ճամփորդության նախագիծ մշակող և իրականացնող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ, այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից ձեռք բերած իրենց գիտելիքները:
  • Աշխատանքները կազմակերպվում են սովորողների նպատակային գործունեության միջոցով:
  • Կարևորվում է կապը սովորողների կյանքի և առօրյայի հետ:
  • Ուսումնասիրության հիմնախնդիրները բխում են իրական կյանքից:
  • Զարգանում է տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, քննադատական մտածողություն արտահայտելու կարողություն:
  • Ճամփորդությունը ուսումնական գործունեության այն տեսակն է, որի խելամիտ կազմակերպումը տալիս է կրթական մեծ արդյունք:

Ուսումնահայրենագիտական ճամփորդության իրականացման փուլերը՝

  • հիմնահարցի ձևակերպում
  • աշխատանքի բաժանում
  • խմբային, անհատական  աշխատանք
  • հետազոտական աշխատանք
  • ստացված արդյունքների ընթացիկ քննարկում
  • կատարված աշխատանքների ներկայացում
  • նախօրոք որոշվում է ներկայացման ձևը՝ հոդված, տեսանյութ, պատում լուսանկարների շարք
  • գնահատում
  • հետագա աշխատանքների նախանշում

Դիտարկում

  • երթուղին պետք նախագիծը համակարգողի, ճամփորդության պատասխանատուի «օգնականը» լինի,,
  • եթե երթուղին չունի ճանաչողական նշանակություն, պետք է լրացնել բացը,
  • ճամփորդության ամենակարևոր նպատակը պետք լինի ուսումնական արդյունքը,
  • երթուղին պետք է այնպես ընտրել, որ սովորողները լրացնեն կամ ամրապնդեն իրենց գիտելիքները։

Հայրենագիտությունը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն ու իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումն է:Կրթահամալիրի հեղինակային հայրենագիտությունը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու, քայլելու, բարձունքներ հաղթահարելու, բարձունքներից և հայրենագիտական դիտակետերից, կայաններից նայելու, ուսումնասիրելու, ճանաչելու համար: Ճամփորդության բովանդակության մեջ ներառված են՝

  • կրթական փոխանակումները` կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է,
  • փոխայցելությունները՝ Արուճի և Կոթիի դպրոցներիսովորողները կրթահամալիրում,
  • հայրենագիտական-բանահավաքչական աշխատանքը՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը,մշակույթին՝ բարբառին, երգերին, գործիքներին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, ծիսական երգ ու պարին և այլն,
  • աշխարհագիտական-բնագիտական աշխատանքը` քարտեզագրում. ճանապարհը դպրոցից մինչև ճամփորդության վայրը, Երևանից մինչև ճամփորդության վայրը և տեղում՝ բնության հուշարձան, այգի, պուրակ, առու, գետ, լիճ, սար, գագաթ, հանք, բուսական, կենդանական աշխարհ և այլն,
  • բնապահպանական խնդիրները՝
    Ճամփորդությունը ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների` որոնողական աշխատանք կատարելու, հետազոտելու, զննելու, աշխատանքը համակարգելու, փորձարկելու ձևավորում: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել հայրենիքդ: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների շրջանակը: Ճամփորդությունների օգնությամբ իրականանում է դիտողականության սկզբունքը, քանի որ սովորողներն անմիջապես ծանոթանում են առարկաներին, երևույթներին: Կարևոր են նաև ճամփորդության միջոցով ուսումնասիրվող նյութի հանդեպ հետաքրքրություններ առաջ բերելը, դրանց շրջանակը ընդլայնելը, տեսածն ու լսածը ճիշտ ըմբռնելն ու գնահատելը: Եվ, վերջապես, չի սահմանափակվում սովորողի կրթական տարածքը, ընդհակառակը, այդ սահմանները չեն ընդգծվում. կարելի է այցելել թանգարաններ, պատկերասրահներ,պատմամշակութային վայրեր,խոնարհված եկեղեցիներ, հաղթահարել բարձունքներ և այլն: Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը չի կարող սահմանափակվել միայն տվյալ վայր այցելությամբ և ուսումնասիրությամբ, այն պիտի հնարավորություն տա սովորողին` ճանաչելու, հետազոտելու, դիտարկելու, լուսաբանելու: Ճամփորդությունների ժամանակ սովորողը պետք է ճանաչի նաև բնապահպանական խնդիրները և փորձի հնարավորինս օգնի լուծել դրանք, ինչպես նաև լինի բնության, շրջակա միջավայրի (գետ, լիճ, անտառ, ճարտարապետական կառույց, վանք, հուշարձան, խոնարհված եկեղեցի և այլն) պաշտպան:
    Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը կարելի է բաժանել երեք փուլի`նախապատրաստում, ճամփորդություն, ամփոփում: Ճամփորդության հաջողությունը որոշում է նախապատրաստական փուլը: Ճամփորդության նախագիծը ճամփորդության պատասխանատուն ներկայացնում է կրթական ծրագրի ղեկավարին, քննարկվում է նախագիծը, և սկսվում է նախապատրաստական ուսումնական աշխատանքը, աշխատանքին մասնակցում են բոլոր սովորողները: Այս փուլն իրենից ներկայացնում է ճամփորդության նպատակը, ճամփորդության վայրն ընտրելը, ուսումնասիրությունը, հետազոտությունը, համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ քաղելը, երթուղու քարտեզագրումը,համապատասխան թվային միջոցներ`ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ ունենալը: Անպայման կարևորվում է տվյալ վայրերի անվանումների, պատմության հետ կապված առանձնահատկությունը, այն, որ նրանց ծագումը հաճախ կապվում է ավանդական հենքով հորինված, ստեղծված ժողովրդական ստուգաբանության հետ:
    Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա, լինում են ճամբարների տեսքով։ Իրականացնելուց առաջ կազմվում է նախագիծը, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինեն վայրը, նպատակը, պատասխանատուները, մասնակիցները, արդյունքը, հաշվետու ֆիլմեր, պատումներ, նկարաշարեր և առաջարկություններ՝ հաջորդ ճամփորդությունների համար։ Նաև ճամփորդական նախագծերի ուղեցույց։
    Ճամփորդությունից հետո մեկը մյուսի հետևից հրապարակվում են սովորողների նյութերն արդեն աչքով տեսածի, զգացածի մասին։ Տեսածն ու զգացածը դառնում են ֆիլմ, հաշվետվություն, ռադիոնյութ, ֆոտոշարք, ուսումնական փաթեթ, տեղադրվում են սովորողների բլոգներում, դպրոցի կայքերում:

Կրթությունը հասարակությանը ծառայելու միջոց է: Իմ կազմակերպած ճամփորդությունները, բազմաթիվ արշավները, ըստ իս, ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի աշխարհը, դեպի պատմական արժեքները, նրանց մեջ զարգացնում է հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Արտահայտվելու, խոսք կառուցելու, գրելու, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու փորձ է հաղորդում:
Բարձունքի հաղթահարում, փախուստ քաղաքակրթության բոլոր «բարիքներից», աղմկոտ քաղաքից, բնության հետ համընթաց շնչելու և նրա մի մասնիկը զգալու հնարավորություն, հետաքրքիր ու անվտանգ արկածներով լեցուն օր, տեղի բնակչության նիստուկացին, բարքերին ու սովորույթներին ծանոթանալու, էկոլոգիական խնդիրներ լուծելու հնարավորություն…Արտահայտվելու, գրելու, ինչո՞ւ չէ, նաև համեմատելու հնարավորություն:

Սովորողի մտավոր հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումի դեպքում: Հենց այս բուռն ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության:
Ու այդ դեպքում ուսումնական գործունեությունը դառնում է «իմացական ուրախության» աղբյուր:
Իսկ վերջում. անչափ ուրախ եմ, որ կարողանում եմ գեղեցիկի հանդեպ ունեցած իմ մեծ սերը հաղորդել իմ գործընկերներին, երիտասարդներին, սովորողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով