«Շարականների բովանդակությունը շատ հարուստ է. արտահայտում են կրոնական զգացմունք։ Բովանդակուկության գլխավոր մասերը՝ ա. հավատի էական մասը, բ. Քրիստոսի տնօրինությունները, գ. եկեղեցուս խորհուրդները, դ. ս. գրքից կտորներ, որոնք լուսաբանում են Քրիստոսի տնօրինությանց որևէ գաղափարը, և ե. սրբերը, որոնք նպաստեցին քրիստոնեական ճշմարիտ լուսո տարածման։ Այսպիսի բազմակողմանի բովանդակություն ունեցող բանաստեղծական մի ս. գիրք, անշուշտ, պետք է , որ ունենար և բազմապիսի եղանակ՝ համապատասխան կրոնական զգացմունքին»։ Կոմիտաս Վարդապետ

Մինչև գրերի գյուտը, հայոց եկեղեցիներում երգեցողությունը սաղմոսերգությունն էր։ Ժամանակի ընթացքում սաղմոսերգությանը կից զարգացան շարականի եղանակները։ Մեզ հայտնի չէ, թե սաղմոսերգությունն ինչպիսի եղանակով էր երգվում. հավանաբար ժողովրդական հին եղանակներով։

5-րդ դարում գրերի գյուտը, Աստվածշնչի թարգմանությունը հոգևոր երգեր առաջ բերեցին։ Հետզհետե զարգացավ եկեղեցական պաշտամունքն ու ժամերգությունը։ Հանդես եկան մի շարք երգիչներ, հորինեցին շարականներ, ճառեր։ Եվ այսպես սաղմոսերգությունը փոխվեց շարականի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես այլընտրանքային երաժշտական բաղադրիչ, շատ կարևոր են ամեն ուրբաթ իրականացվող «Ուսումնական ժամերգությունները» ։ Ուսումնական ժամերգությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագիծ է, որին մասնակցում են կրթահամալիրի բոլոր դպրոցների երգչախմբերը։ Յուրաքանչյուր ուրբաթ ուսումնական ժամերգության պատասխանատուն լինում է կրթահամալիրի դպրոցներից որևէ մեկը, բայց բոլոր դպրոցներից մեկական խումբ անպայման ներկա է գտնվում։ Ժամերգությունը տևում է15 րոպե՝ ուրբաթ օրերին, ժամը՝ 9:00- 9:15։ Բացի սովորողներից ներկա են լինում նաև դասավանդողներ, հոգևորականներ, սովորողների ծնողներ, կրթահամալիր հյուր եկած սովորողներ ,ուսուցիչներ և այլք։ Նշեմ, որ ուրբաթ օրերին ուսումնական ճամփորդության մեկնող խմբերը նույնպես պարտադիր կերպով մասնակցում են ժամերգությանը, այնուհետև ճանապարհվում։

Նախքան շարական սովորեցնելը, սովորողներին բացատրում ենք հոգևոր երաժշտության կարևորությունը, որ նրա մեջ կա վեհություն, ցնծություն, ուրախություն։ Այն դրական է, լուսավոր, ուղղորդում է դեպի Աստված, չունի ագրեսիա, վայրագություն։ Մեր եկեղեցական երաժշտությունն ունի հազարամյակների պատմություն, և այնտեղ կոդավորված է մեր ժողովրդական իմաստությունը։ Անկախ մեր գիտակցությունից՝ հոգևոր երաժշտությունը ներգործություն ունի մեզ վրա, սակայն մենք պետք է թույլ տանք, որ այն մտնի մեր գիտակցության մեջ։

Այնուհետև բացատրում ենք տեքստերի բովանդակությունը , հետո նոր անցնում երաժշտական մասին։

Ժամերգության ընթացքում երգվում են միասնական շարականներ, այսինքն՝ երգում են բոլոր ներկաները։ Այդ շարականներն են՝ «Առավոտ լուսո», «Քրիստոս ի մեջ», «Սուրբ Աստված», «Մանուկների Հայր մեր», «Հայրապետական մաղթերգ»։ Բացի շարականների միասնական ներկայացումից, պատասխանատու դպրոցը հանդես է գալիս նաև առանձին երգեցիկ խմբի կատարմամբ, որը հիմնականում կատարվում է եկեղեցու պատշգամբում՝ երգեհոնային երաժշտության նվագակցությամբ։ Ժամերգությունների ժամանակ լինում Է նաև ընթերցանություն Աստվածաշնչից։ Հետազոտական վարժարանի սովորողների երկսեռ երգեցիկ խումբը յուրաքանչյուր ժամերգության ժամանակ երգում է նոր ուսուցանած շարական՝ « Հայր մեր» Կոմիտաս, «Աշակերտք Քրիստոսի», «Առ ամենասուրբ Աստվածածինն», «Նայած սիրով», « Գովեա Երուսաղեմ»։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ հաճախ սովորողներն իրենք են ցանկություն հայտնում մասնակցել նոր շարականի ուսուցմանը և ներկայացմանը։

Երեխաներին սովորեցնում ենք նաև եկեղեցում գտնվելու կանոններ, դիմելաձևեր։

2024թ. հունիսի 7- ին կրթահամալիրում իրականացրեցինք ուսումնական պատարագ։ Դպրոցներից յուրաքանչյուրը կատարեց պատարագից մեկ հատված․ Հետազոտական վարժարանի երգեցիկ խումբը կատարեց Մ. Եկմալյանի պատարագից հատված՝ «Լցաք»-ը։

Ընդհանուր պարապմունքների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարում, ամրապնդում, տարածում ենք հոգևոր երգերը, շարականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով