Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Խնդրի պահանջը հասկանալուց հետո նախքան լուծումը կարդալը փորձիր պատասխանել այս հարցերին։
Հարցաշար․
1․ Քանի՞ խաղաքար են վերցրել սպիտակները։
2․ Քանի՞ խաղաքար են վերցրել սևերը։
3․ Ո՞ր վանդակի զինվորն է հասել h5 վանդակ։
4․ Ո՞ր վանդակի զինվորն է հասել a5 վանդակ։
5․ Սպիտակների ո՞ր խաղաքարերն են վերցրել սևերի բացակայող վեց խաղաքարերը։
6․ Սպիտակները վերջին քայլում խաղաքար վերցրե՞լ են։
7․ Եթե սևերը իրենց վերջին քայլը չեն արել ո՛չ նավակով, ո՛չ արքայով, ապա՝
- ո՞ր խաղաքարերով կարող են արած լինել,
- քանի՞ խաղաքար վերցրած կլինի a3 վանդակի զինվորը, եթե եկած լինի d7 վանդակից,
- քանի՞ խաղաքար վերցրած կլինի a3 վանդակի զինվորը, եթե եկած լինի e7 վանդակից,
- քանի՞ խաղաքար է վերցրել g6 վանդակի զինվորը և ո՞ր վանդակից է եկել,
- կարո՞ղ է սևերի վերջին քայլը արած լինի g6-ում կանգնած զինվորը։
Մեկ ամիս հետո սըր Ռեջինալդից կրկին հրավեր ստացանք, ինչը հաճույքով ընդունեցինք։ Այս հավաքույթը նախկինից շատ փոքր էր։ Սըր Ռեջինալդը մեզ ուղեկցեց գրադարան։ Ի հաճույս մեզ՝ նորից այնտեղ էին Պալմերստոն եղբայրները՝ շախմատի սեղանի շուրջը։
Երբ ներս մտանք, նկատեցի, որ Արթուր Պալմերստոնը սպիտակ արքայով քայլ արեց։ Հետո երկուսն էլ վեր կացան՝ մեզ ողջունելու։
Սովորական ձևականություններից հետ բոլորս նստեցինք, որպեսզի հաճելի երեկո անցկացնենք։
— Կներեք, որ անցած ամիս բաց եմ թողել Ձեր արտասովորոր ներկայացումը,- ասաց սըր Ռեջինալդը։—Սակայն Արթուրն ու Ռոբերտը ինձ մանրամասն բացատրել են։ Իսկապես հրաշալի է եղել։
—Փաստորեն,- ասաց Հոլմսը շատ լուրջ տոնով,-այդ երեկո հիմար, շատ հիմար եմ եղել։ Տուն հասնելով հանկարծ հասկացել եմ, որ գաղտնիքը կարող էի շատ ավելի տպավորիչ ձևով բացահայտել, քան արել էի։ Անկասկած, եթե կիրառեի էմպիրիկ մեթոդը, այլ ոչ թե մաքուր տրամաբանական մեթոդը, խնդիրը ավելի կարճ ժամանակում կլուծեի։
— Ինչպե՞ս,- գրեթե միաժամանակ հարցրին եղբայրները։
— Շախմատի խաղաքարերի տուփը բացելով,- իր հին բարի քմծիծաղով ասաց Հոլմսը,- որը այդպես վստահելով թողել էիք պատշգամբում։
Ընդհանուր բարձր ծիծաղ առաջացավ։
Խոսքը գնաց այն մասին, թե նման մեթոդ կիրառելու դեպքում արդյոք Հոլմսը կտաներ գրազը։ Սըր Ռեջինալդը պնդում էր, որ այդ դեպքում Հոլմսը չէր շահի գրազը, քանի որ գրազի պայմաններով նա ոչ միայն պետք է ճիշտ անվաներ պակասող խաղաքարը, այլև ապացուցեր, որ հենց այդ խաղաքարն է պակասում։ Արթուր Պալմերստոնը պնդում էր, որ միևնույն է, Հոլմսը կհաղթեր։
— Ամեն ինչ կախված է նրանից, — ասում էր նա,- թե ինչպես եք սահմանում «ապացույց» բառը։ Ամեն ինչ մի կողմ դրած` ապացույցները երկու տեսակի են լինում՝ դեդուկտիվ և մակածական։ «Դեդուկտիվ» բառը գրազի պայմաններում չի եղել։ .Եթե Հոլմսը բացեր տուփը և ցույց տար այնտեղ և շախմատի տախտակին գտնվող բոլոր երեսունմեկ խաղաքարերը, պակասող խաղաքարը կորոշվեր առանց խելամիտ կասկածների։ Հասկանալի է, որ ցանկացած նորմալ փիլիսոփա դա կգնահատեր որպես ապացույց։
Իսկապես շատ գրավիչ հանելուկ ստացվեց։ Զրույցը խորացավ մակածական ապացույցի նշանակության և փիլիսոփայության ուղղությամբ։ Այդ ընթացքում Հոլմսը աճող հետաքրքրությամբ դիտում էր Պալմերստոնների կիսատ թողած պարտիան։ Հետո գրպանից հանեց ծոցատետրը, մի թերթիկ պոկեց, մի կողմում ինչ-որ բան գրեց, ծալեց թերթիկը՝ գրածը թողնելով ներսի կողմում, թերթիկի կեսի վրա էլ ինչ-որ բան գրեց, հետո նորից ծալեց՝ գրածը ներսի կողմը, և ծալած թերթիկը դրեց շախմատի տախտակի եզրին, բայց ոչ վանդակների վրա։ Սեղանին այսպիսի դիրք էր՝

—Գիտեք,- ասաց Հոլմսը,- կուզենայի տեսնել այս պարտիայի ավարտը։ Պարտիան շատ հետաքրքիր մի քանի առանձնահատկություններ ունի։
— Հասկանալի է,-ասաց սըր Ռեջինալդը։-Ինչո՞ւ չշարունակեք որ։ Ինձ հաճելի կլինի հետևելը։
Եղբայրները վերադարձան շախմատի սեղանի մոտ իրենց տեղերը։ Մի րոպե անց Ռոբերտ Պալմերստոնը ձախ ձեռքը դրեց արքային, իսկ աջը մեկնեց դեպի նավակը՝ փոխատեղում անելու համար․ Արթուրը գլուխը բարձրացրեց և ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց Հոլմսը առաջ ընկավ․
— Ո՛չ, ո՛չ պարոն Պալմերստոն։ Նախքան քայլը անելը՝ բարի եղեք կիսով չափ բացել թուղթը և կարդալ, թե ինչ եմ գրել։
Ռոբերտը վերցրեց թուղթը և բարձրաձայն կարդաց․ «Չեք կարող փոխատեղում անել։ Գիտեք, որ իսկապես չեք կարող»։
Դժվար թե կյանքումս այնքան շատ զարմացած մարդու տեսած լինեմ։
—Լավ, լավ, Հոլմս, -բացականչես նա։-Սա իսկապես չափից դուրս է։ Սա կրկնակի գաղտնիք է։
—Դե,- ծիծաղելով ասաց Հոլմսը,-եթե ամբողջությամբ բացեք թուղթը և կարդաք մնացածը, կարծում եմ, որ գաղտնիքներից մեկը կպարզվի։
Ռոբերտ Պալմերստոնը բացեց թուղթը և կարդաց․ «Մինչ ուսումնասիրում էի այս հետաքրքիր դիրքը, Ռոբերտ Պալմերստոնն էլ ինձ էր ուսումնասիրում։ Կարծում եմ, նա գիտի, որ հետքի վրա եմ։ Կանխատեսում եմ, որ խաղին վերադառնալով, նա փոխատեղություն անելու փորձ կանի, ինձ ստուգելու համար»։
—Հիանալի կատակ էր,- ծիծաղեց սըր Ռեջինալդը։ -Իսկապես, հիանալի։ Սակայն,-ավելի լուրջ տոնով շարունակեց,-բարի եղեք մեզ բացատրել գաղտնիքի երկրորդ մասը։
Ինչպե՞ս իմացաք, որ չի կարող փոխատեղում անել։ Ձեր մեթոդը ինտուիտի՞վ էր, թե՞ դեդուկտիվ։
—Մաքուր դեդուկտիվ,- ծիծաղեց Հոլմսը,- բաց նրանից, որ սենյակ մտնելիս տեսա սպիտակների վերջին քայլը։ Սա Ձեզ հայտնի՞ էր, պարոն Պալմերստոն։
— Այո, իհարկե,- պատասխանեց եղբայրներից կրտսերը,- չիմանալով սպիտակների վերջին քայլը՝ չէիք կարող գլխի ընկնել, որ ես փոխատեղում չեմ կարող անել։
— Ճիշտ է․- ասաց Հոլմսը՝ դառնալով Ռոբերտ Պալմերսոնին,- բայց որտեղի՞ց էր ձեզ հայտնի։
—Օ,Հոլմս, — հետևեց պատասխանը,- անցած ամիս ես էլ ինչ-որ բան իմացել եմ ետվերլուծության մասին։
— Հոյակապ է,- ասաց Հոլմսը,- իսկապես, հոյակապ է։ Այդ դեպքում, հավանաբար, գիտեք այս դեպքի իմ վերլուծությունը։
—Կարծում եմ՝ այո ,- ասաց Ռոբերտը,- միայն թե կցանկանայի Ձեր շուրթերից լսել այն, որպեսզի տեսնեի, թե որքանով է համընկնում իմ վերլուծության հետ։
—Հրաշալի է,- կրկնեց Հոլմսը։ Սկզբում նկատենք, որ սպիտակ զինվորները վերցրել են սևերի բացակայող վեց խաղաքարերը՝ a5 վանդակում գտնվողը վերցրել է երկու խաղաքար, g3 վանդակում գտնվողը՝ մեկը և h5 վանդակում գտնվողը՝ երեքը։ Սպիտակների վերջին քայլը զիվորով չէր (քանի որ վերջին քայլը կատարել են արքայով), հետևաբար այդ քայլին խաղաքար չեն վերցրել։ Հետևաբար սպիտակների վերջին քայլից առաջ խաղատախտակին սևերի ուրիշ խաղաքար չի եղել։
— Բավականին պարզ է,-նկատեցի ես։
— Այդ դեպքում,-շարունակեց Հոլմսը,- ո՞րն է եղել սևերի վերջին քայլը։ Եթե քայլել են նավակով կամ արքայով, ապա փոխատեղել, իհարկե, չեն կարող։ Եթե ո՛չ արքան, ո՛չ նավակը չեն շարժվել, սևերը պետք է քայլած լինեին զինվորներից մեկով՝ a3, e5, g6: Սակայն е5 վանդակի զինվորը չէր կարող վերջինը քայլած լիներ։
—Ինչո՞ւ ոչ,- հարցրեց սըր Ռեջինալդը։
— Հետևյալ պատճառներով՝ a3 վանդակի զինվորը առնվազն երեք խաղաքար վերցրել է, եթե եկել է d7 վանդակից և չորս խաղաքար, եթե եկել է e7 վանդակից։ Իսկ g6 վանդակի զինվորը մեկ խաղաքար է վերցրել։ Այսպես վերցվել են սպիտակների առնվազն չորս խաղաքարեր։ Հետևաբար е5 վանդակի զինվորը չէր կարող երկու խաղաքար վերցրած լիներ։
—Մինչև հիմա համաձայն եմ,- ասաց սըր Ռեջինալդը։
— Սա կնշանակի, որ e5 վանդակի զինվորը չէր կարող վերջին քայլին տեղաշարժվել f6 վանդակից, հակառակ դեպքում պետք է սկզբում տեղափոխվեր e7 վանդակից և վերցրած կլիներ երկու անգամ։
— Ճիշտ է,- ասացի ես։
-Մյուս կողմից, նա վերջին քայլին չէր կարող տեղափոխվել d6 դաշտից․ հակառակ դեպքում սկզբում պետք է տեղափոխվեր e7 վանդակից, և նորից երկու խաղաքար վերցրած կլիներ, կամ տեղափոխված լիներ d7 վանդակից, բայց այդ դեպքում a3 վանդակի զինվորը պետք է սկսեր e7 վանդակից, ոչ թե՝ d7 և արդյունքում կունենայինք վերցված վեց խաղաքար, ինչը շատ է;
—Լավ է,-ասաց Ռոբերտ Պալմերստոնը։
-Հետևաբար, -շարունակեց Հոլմսը,- եթե վերջինը քայլել է e5 վանդակի զինվորը, նա պետք է տեղաշարժված լիներ կամ e6 կամ e7 վանդակից։ Չէր կարող տեղաշարժվել e6 վանդակից, քանի որ այդ վանդակից արքային շախ կլիներ, և չէր կարող e7 դաշտից եկած լիներ, քանի որ այդ դեպքում փիղը չէր կարող դուրս գալ f8 վանդակից, որպեսզի հետո վերցված լիներ սպիտակ զինվորի կողմից։
—Գերազանց է,-ասաց սըր Ռեջինալդը։
-Հիմա գիտենք, — շարունակեց Հոլմսը, որ վերջին քայլը e5 վանդակի զինվորինը չի եղել։ Կնշանակի, որ վերջին քայլը (նախկին ենթադրությամբ, որ ոչ սև նավակը, ոչ էլ սև արքան վերջինը չեն քայլել) արել է կամ g6 վանդակի զինվորը կամ a3 վանդակի զինվորը։ Հիմա կապացուցեմ, որ այս դեպքերից ցանկացածում սև արքան պետք է ավելի շուտ քայլած լիներ, չնայած յուրաքանչյուր դեպքում՝ տարբեր պատճառներով։ Ենթադրենք, որ g6 վանդակի զինվորը եկել է f7 վանդակից։ Այդ դեպքում սև արքան ինչ-որ պահի պետք է քայլ արած լիներ, որպեսզի ճանապարհ բացեր նավակին, որը վերցվել է սպիտակ զինվոր կողմից;
—Խելամիտ է,- նկատեցի ես։
— Սա պարզ դեպք է, Վաթսոն։ Հիմա ենթադրենք, որ վերջինը քայլել է a3 վանդակի զինվորը։ Նա պետք է քայլած լիներ a4 դաշտից։ Հիմա գալիս է վերլուծության կարևոր մասը։ Քանի որ a3 վանդակի զինվորը քայլել է a4 դաշտից, սկզբում պետք է եղած լիներ d7 վանդակում, հետո խաղաքարեր վերցրած լիներ c6, b5, a4 վանդակներում, որոնք սպիտակ վանդակներ են։ Բայց g6 վանդակի զինվորը նույնպես սպիտակ վանդակում է խաղաքար վերցրել։ Կնշանակի, որ հինգ վերցված խաղաքարերից չորսը վերցվել են սպիտակ վանդակներում։ Սպիտակների թագուհու թևի փիղը վերցվել է սև վանդակում, այդ պատճառով էլ նրան չէին կարող վերցրած լինել a3 և g6 վանդակների զինվորները։ Հետևաբար այդ զինվորի վերցրած չորս խաղաքարերից է d2 վանդակից եկած զինվորը։ Սա ոչ մեծ խնդիր է առաջացնում։ Չէ՞ որ a3 կամ g6 վանդակներում կանգնած զինվորների կողմից վերցվելու համար այն պետք է լքեր d ուղղաձիգը։ Դա ինչպե՞ս կարող էր լինել, եթե բոլոր վերցված վեց սև խաղաքարերը վերցրել են a5, g3, h5 վանդակներում կանգնած զինվորները։ Միակ հնարավորությունն է, որ d2 վանդակի զինվորը փոխակերպված լիներ ուրիշ խաղաքարի։ Նա պետք է d ուղղաձիգով ուղիղ գնար, և երբ հասներ d7 դաշտը, սև արքան պետք է հեռանար շախից, իհարկե, եթե նախօրոք չէր հեռացել։ Հետևաբար սևերը այս դեպքում էլ չեն կարող փոխատեղում անել։
Արդյունքում, պարոնայք, կամ վերջին քայլ կատարել է սև արքան կամ սև նավակը, և այդ դեպքում փոխատեղում հնարավոր չէ անել, կամ վերջինը քայլել ՝ g6 վանդակի զինվորը, և այս դեպքում սև արքան պետք է ավելի շուտ քայլ արած լիներ՝ ճանապարհ բացելով նավակի համար, կամ վերջին քայլը սևերը արել են a3 վանդակում կանգնած զինվորով, և այս դեպքում էլ սև արքան ավելի շուտ պետք է քայլած լիներ d2 վանդակի անցողիկ զինվորի պատճառով։ Թե այս երեք հնարավորություններից որն է իրականում եղել, գիտեն միայն խաղացողները։ Սակայն այս երեք հնարավոր դեպքերից ոչ մեկում սևերը չէին կարող փոխատեղում անել։
․Խմբագիր` Մարինե Ամիրջանյան
