«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989թ.՝ որպես կառուցվածքային միավորների, այդ թվում՝ նաև ուսումնական հաստատությունների միավորում։ Ավագ դպրոցը ստեղծվել է հենց այդ թվականից և գործում է մինչև օրս։

Ավագ դպրոցը տարբեր տարիներին տարբեր անվանումներ և ղեկավարներ է ունեցել՝

  • 1989-1993՝ Դաբաղյան Աշոտ/ Գիմնազիա
  • 1993-2007՝ Մայիս Նիկողոսյան/ Գիմնազիա
  • 2008-2015՝ Գևորգ Հակոբյան/ Վարժարան
  • 2015-առ այսօր՝ Մարթա Ասատրյան/ Ավագ դպրոց-հետազոտական վարժարան։

ՀՀ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխություններով 2005 թվականից սահմանվեց եռաստիճան համակարգը՝
տարրական (1–4), հիմնական (5–9), ավագ (10–12), իսկ 2008 թվականից Հանրապետությունում սկսվեց ավագ դպրոցների առանձնացումը որպես առանձին հաստատություններ։ Այդ ժամանակ կրթահամալիրի կառուցվածքում սկսեցին գործել արդեն երեք առանձին ավագ դպրոցներ՝ Վարժարան, Արհեստագործական և Գեղարվեստի։

2015 թվականի սեպտեմբերից նշված երեք ավագ դպրոցները վերակազմավորման արդյունքում ձևավորեցին մեկ միասնական ուսումնական հաստատություն՝ Ավագ դպրոց-հետազոտական վարժարանը։

2015 թվականից ստանձնելով կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարումը՝ ես՝ Մարթա Ասատրյանս, ներգրավվել եմ մի գործընթացի մեջ, որն ինձ համար իր բնույթով ոչ միայն վարչական աշխատանք է, այլև խորապես կրթական վերափոխման ուղի։ Այս հոդվածով կփորձեմ ներկայացնել Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի գործունեությունն ու զարգացումը, առանձնահատկությունները։

Վերակազմավորված Ավագ դպրոցն սկսեց իր աշխատանքը նոր թափով՝ ստեղծելով բազմաբովանդակ և ճկուն միջավայր, որտեղ սովորողը կարող է ձևավորել իր անհատական կրթական ուղին։ Ավագ դպրոցի կազմին միացան նաև 9-րդ դասարանները՝ որպես մեկամյա մասնագիտական կողմնորոշման ծրագիր, որի նպատակն էր սովորողի նախասիրությունների բացահայտումն ու մասնագիտական կողմնորոշումը։Դա տևեց շուրջ 10 տարի՝ 2015-2025։ Կրթահամալիրի շարունակ զարգացող միջավայրում փոփոխություններ հաճախակի են լինում, որոնք բերում են արդյունավետ լուծումներ։

Ավագ դպրոցն ունի իր կանոնադրությունըզարգացման ծրագիրը և պաշտոնական կայքը, որոնք ապահովում են գործունեության թափանցիկությունն ու համակարգվածությունը։

Գործում է վարժարանի ընդունելության կարգը, որը մշակված է որպես հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ։ Կարգի համաձայն՝ Սովորողի հետ կնքվում է եռակողմ պայմանագիր՝ սովորող, ծնող և դպրոց։

Կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կրթական աստիճանի ավարտին ստանում է վկայական և ատեստատ ՀՀ ԿԳՄՍ սահմանած կարգով, որը տրվում է Ավագ դպրոցի տնօրենի ստորագրությամբ։

2021 թվականից Ավագ դպրոցը, ինչպես կրթահամալիրի մյուս դպրոցները, գրանցված է ԿՏԱԿ-ի միասնական ռեգիստրում՝ ընդգրկվելով Հայաստանի Հանրապետության շուրջ 1400 ուսումնական հաստատությունների շարքում։ ԿՏԱԿ-ի կայքում բաց և հասանելի ներկայացված են Ավագ դպրոցի աշխատակազմը, հաստիքացուցակը, տնօրենի տվյալները, ուսումնական պլանը և այլ անհրաժեշտ տեղեկություններ դպրոցի մասին։

2015 թվականից սկսած Ավագ դպրոցը շարունակական աճ է արձանագրել․ սովորողների թվի տարեցտարի ավելացումը վկայում է ծնողական համայնքի վստահության և դպրոցի նկատմամբ հետաքրքրության բարձր մակարդակի մասին։ Այդպիսի աճ է գրանցվել նաև կրթահամալիրի մյուս դպրոցներում։

Բերեմ մի փաստական օրինակ՝ 2015 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանում սովորողների թիվը եղել է 233, իսկ 2025 թվականի սեպտեմբեի 1-ի դրությամբ՝ 421։ Անզեն աչքով էլ կարող եք տեսնել սովորողների թվի կրկնակի աճը, իսկ կից աղյուսակում կարող եք տեսնել 2016-2024 թվականների ցուցանիշները։

Աղյուսակ 1

Տարեթիվ9-12-րդ դասարանների սովորողների թիվ
2016276
2017281
2018381
2019476
2020569
2021583
2022595
2023572
2024644

Կրթական գործընթացի առանցքային առանձնահատկություններից է սովորողի անհատական ուսումնական պլանի կազմումը։ Պայմանագիր կնքելու փուլում յուրաքանչյուր սովորող ձևավորում է իր եռամյա կրթական ուղին՝ ընտրելով ուսուցիչ, դասընթացներ առաջարկվող ցանկից, մարզական ակումբ, ինչպես նաև հետազոտական աշխատանքի թեմա և ղեկավար։ Հնարավորություն է ստանում իրականացնելու կամավորական աշխատանք։

Ավագ դպրոցի զարգացմումը պայմանավորված է հետազոտական վարժարանի զարգացման ծրագրի դրույթներով, որը համակարգում և խորացնում է արդեն ձևավորված կրթական մոդելը՝ այն դարձնելով առավել նպատակային, ժամանակակից և մրցունակ։ Շարունակելով հոդվածն Ավագ դպրոցի մասին՝ անդրադառնամ Վարժարանի զագացման ծրագրի առանձին ուղղությունների։

Վարժարանի Զարգացման ծրագրում առանձնացված ուղղությունները միտված են ստեղծելու այնպիսի կրթական միջավայր, որտեղ սովորողը դառնում է ոչ միայն գիտելիք յուրացնող, այլև այդ գիտելիքը կիրառող, ստեղծող և հանրայնացնող անհատ։ Այս համատեքստում կարևոր տեղ ունի հետազոտական գործունեությունը, որը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի բաղադրիչ։ Սովորողը ձևավորում է իր հետազոտական հետաքրքրությունները, ընտրում թեմա, աշխատում ղեկավարի հետ և վերջում ներկայացնում իր աշխատանքը հանրային հարթակում։ Այս գործընթացը ձևավորում է վերլուծական մտածողություն, ինքնուրույնություն, պատասխանատվություն և հանրային խոսքի մշակույթ։

Վարժարանի կարևոր ուղղություններից է նաև կամավորական գործունեության ներդրումը ուսումնական գործընթացում։ Սովորողները ներգրավվում են կրթահամալիրի տարբեր ոլորտներում՝ սկսած պարտեզապուրակային աշխատանքներից մինչև ուսումնաարտադրական լաբորատորիաներ և կրթական նախագծեր։ Կամավորությունը դառնում է սոցիալական փորձի, ինքնաճանաչման և քաղաքացիական պատասխանատվության ձևավորման կարևոր հարթակ։

Ռազմամարզական ճամբարների բովանդակության զարգացումը ևս ծրագրի առանցքային ուղղություններից է։ Դրանք դառնում են ոչ միայն առանձին միջոցառում, այլ ամբողջ տարվա ընթացքում շարունակվող կրթական գործընթաց, որը ներառում է քայլարշավներ, դաշտային պարապմունքներ, բարձունքների հաղթահարում և կրակային պատրաստություն։ Այս համակարգը նպաստում է սովորողների ֆիզիկական, կամային և թիմային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ձևավորում է պատասխանատու և կազմակերպված անհատ։

Միջազգային համագործակցությունները վարժարանի զարգացման կարևոր բաղադրիչներից են, որոնք ստեղծում են իրական հաղորդակցման և փորձի փոխանակման միջավայր։ Սովորողները մասնակցում են միջազգային ծրագրերի, համաժողովների, կրթական փոխանակումների, համագործակցում տարբեր կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների հետ։ Այս գործընթացը զարգացնում է նրանց լեզվական կարողությունները, միջմշակութային հաղորդակցությունը և աշխարհայացքը։

Ժամանակակից կրթության պահանջներին համահունչ՝ վարժարանում զարգանում է նաև հեռավար ուսուցումը, որն ապահովում է կրթության հասանելիությունն անկախ ժամանակից և տարածությունից։ Հեռավար կրթությունը նպաստում է սովորողի ինքնուրույնության, ինքնակազմակերպման և թվային հմտությունների զարգացմանը՝ դառնալով ուսուցման լրացուցիչ, բայց լիարժեք ձև։ Եթե վերադառնանք հեռավոր 2015 թվականը, ապա այդ ժամանակ 1 սովորող էր, որ ընդգրկված էր հեռավար ծրագրում, իսկ այսօր՝ 2026-ին, շուրջ 40 սովորող աշխարհի տարբեր ծայրերից։

12-րդ դասարանի ուսուցման կազմակերպումը նույնպես հեղինակային ծրագրի կարևոր ձեռքբերումներից, որը մշակվել է, հանարայնացվել և արտացոլված է Հանրակրթական պետական չափորոշչի 2025 թվականի փոփոխություններում։ 12-րդ դասարանում իրականացվող «Ցտեսություն» նախագիծը յուրահատուկ հարթակ է, որտեղ սովորողը ամփոփում է իր կրթական ճանապարհը՝ ներկայացնելով ձեռքբերումները, նախագծերը և անձնական աճը։ Այն ոչ միայն ավարտական փուլ է, այլ նաև ինքնադրսևորման և ինքնագիտակցության ձևավորման կարևոր փորձառություն։

Վարժարանի սովորողների անհատական և շատ կարևոր նախագիծ է նաև «Սովորող-սովորեցնող» նախագիծը, որի շրջանակում 11-12-րդ դասարանի սովորողներն իրենց գիտելիքն ու փորձը փոխանցում են կրտսերներին։ Այս մոդելը զարգացնում է հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության և պատասխանատվության հմտություններ՝ ստեղծելով միասնական ուսումնական համայնք։

Այսպիսով, հետազոտական վարժարանի զարգացման ծրագիրը համակարգում է կրթական գործընթացի բոլոր բաղադրիչները՝ ապահովելով սովորողի համակողմանի զարգացումը։ Ձևավորվում է այնպիսի կրթական միջավայր, որտեղ սովորողը ձեռք է բերում ոչ միայն գիտելիքներ, այլև կյանքի համար անհրաժեշտ հմտություններ՝ ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, համագործակցություն և պատասխանատվություն։ Այս արժեքների համադրությունն է, որ վարժարանը դարձնում է գրավիչ, վստահելի և մրցունակ կրթական հաստատություն։

Կրթական միջավայրը

Ավագ դպրոցի կրթական միջավայրի ձևավորումն ու զարգացումն ունի իր շարունակական պատմությունը, որը սկսվում է դեռևս 1989 թվականից։ Մայր դպրոցի շենքը, որտեղ այսօր տեղակայված է Ավագ դպրոց-հետազոտական վարժարանը, տարիների ընթացքում ենթարկվել է բազմաբնույթ փոփոխությունների և բարելավումների, որոնք իրականացվել են ոչ թե պետական հիմնանորոգումների, այլ հենց կրթահամալիրի ստեղծած միջոցների և ներքին ռեսուրսների հաշվին։

Այս առումով կրթահամալիրը ձևավորել է յուրահատուկ մշակույթ, որտեղ միջավայրը ոչ միայն տրված է, այլև ստեղծվում և շարունակաբար զարգացվում է համայնքի կողմից։ Կարևոր է ընդգծել, որ շենքում երբևէ չի իրականացվել պետական միջոցներով հիմնանորոգում, սակայն, այնուամենայնիվ, միջավայրը մշտապես բարելավվել և հարստացվել է՝ դառնալով կրթական գործընթացի կենդանի և զարգացող հարթակ։

Մայր դպրոցի շենքում է տեղակայված նաև կրթահամալիրի մարզադպրոցը, որը եզակի է Հայաստանի հանրակրթական համակարգում՝ որպես հանրակրթական դպրոցի կազմում գործող ամբողջական մարզական մոդել։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրելու մարզաձև (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, սուսերամարտ,նետաձգություն, հրաձգություն, ձյուդո, մարմնամարզություն, լող)՝ օգտվելով մասնագիտացված մարզական միջավայրից գրանցել հաջողություններ։

Շենքի վերափոխման կարևոր ուղղություններից է եղել նկուղային տարածքների յուրացումը, որոնք ամբողջությամբ վերածվել են ուսումնական լաբորատորիաների։ Այստեղ գործում է ինժեներատեխնիկական լաբորատորիան, փայտամշակման արհեստանոցը, երաժշտական ակումբերը, որոնք ապահովում են գործնական ուսուցման իրական միջավայր։ Այս տարածքները ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացման վայրեր են, այլև ստեղծարարության, փորձարկումների և նախագծային աշխատանքի հարթակներ։

Կրթական միջավայրի ձևավորման և բարելավման գործընթացում մշտապես ակտիվ դեր են ունեցել սովորողները և դասավանդողները։ Նրանց մասնակցությամբ իրականացվել են թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ նոր կրթական օբյեկտների ստեղծման աշխատանքներ։ Այս մասնակցային մշակույթը ձևավորում է սեփականության զգացում, պատասխանատվություն և հոգատար վերաբերմունք միջավայրի նկատմամբ։

Արդյունքում ձևավորվել է պարզ, թափանցիկ, բաց և գրավիչ կրթական միջավայր, որը նպաստում է ազատ մտածողության, համագործակցության և ստեղծագործական աշխատանքի զարգացմանը։ Այս միջավայրը ոչ միայն ֆիզիկական տարածք է, այլև արժեքային համակարգ, որտեղ սովորողը իրեն զգում է ակտիվ մասնակից և ստեղծող։

Կից կարող եք կարդալ հոդվածներ, որոնք վերաբերվում են Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով