Պյոտր Կապիցա

Զեկուցում միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ պատրաստելու հարցերով միջազգային կոնգրեսում, 1970

Հայտնի է, որ գիտության նվաճումներն ազդում են մարդկանց կյանքի ընդհանուր մշակութային մակարդակի վրա, սակայն 20-րդ դարում այդ նվաճումներն այնքան նշանակալից են, որ դրանց կիրառումն սկսեց  լայնամաշտաբ ազդել հասարակության կառուցվածքի վրա: Գիտա-տեխնիկական հեղափոխություն կոչվող այս գործընթացը հանգեցնում է նրան, որ այսօր երիտասարդության ուսուցման խնդիրը չի կարելի դիտարկել այն սոցիալական փոփոխություններից դուրս, որոնք պայմանավորված են գիտա-տեխնիկական հեղաշրջմամբ:

Կանգ կառնեմ  ժամանակակից գիտա-տեխնիկական հեղափոխությունից  սերվող միայն երկու երևույթի վրա, որոնք, իմ կարծիքով,  բերում են երիտասարդության ուսուցման կազմակերպման առավել արմատական փոփոխությունների: Քաջ հայտնի է, որ արդյունաբերության ոլորտում գիտության և տեխնիկայի նվաճումների կիրառման ամենազգալի հետևանքը աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Գլխավորապես դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդու ֆիզիկական աշխատանքը փոխարինվում է շարժիչների աշխատանքով, ինչը առավելապես հնարավոր դարձավ էլեկտրաէներգիայի լայն կիրառման շնորհիվ։ Ընդ որում ավելի շատ է կիրառվում ավտոմատիկան, իսկ բանվորի աշխատանքը սահմանափակվում է շարժիչների, հաստոցների, վերամբարձ կռունկների և այլնի զուտ կոճակային ղեկավարմամբ։ Զարգացած երկրներում դրա շնորհիվ անցած դարի համեմատ մարդու աշխատանքի արտադրողականությունն ավելացել է մի քանի անգամ և ներկայումս հասել է բարձր ցուցանիշների ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում:

Եթե անցած դարում բնակչության 80-90%-ն ապրում էր գյուղերում և այնքան մթերք էր արտադրում, որը բավարար էր միայն այդ երկրի բնակչության ապահովման համար, ապա այսօր մի շարք երկրներում բնակչության միայն 10%-ն է ապրում գյուղերում և լիարժեք բավարարում է երկրի մթերային պահանջարկը: Ներկայումս արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության բացառիկ բարձր մակարդակը կարելի է տեսնել հետևյալ օրինակով: Եթե բաժանենք ժամանակակից խոշոր ձեռնարկությունում արտադրվող մեքենաների քանակը այդ ձեռնարկությունում աշխատող մարդկանց թվին, ապա կստացվի, որ նրանցից յուրաքանչյուրը մեկ ամսում արտադրում է ավելի քան մեկ մեքենա:

Տնտեսագետները համարում են, որ աշխատանքի արտադրողականության  ներկայիս պայմաններում արդյունաբերական զարգացած երկրի աշխատող կազմի գրեթե երրորդ կամ քառորդ մասը  բավարար է, որ բն լիովին ապահովի կյանքի համար անհրաժեշտով՝ սննդով, հագուստով, բնակարանով, փոխադրամիջոցներով և այլն: Եթե հիմա արտադրության ոլորտում ավելի շատ մարդ է ներգրավված, դա հիմնականում պայմանավորված է պաշտպանական արդյունաբերությամբ, պակաս զարգացած երկրներին տնտեսական օգնությամբ. գիտական հետազոտություններով, բնակչության սպասարկմամբ, զբոսաշրջությամբ, ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոյով, սպորտով, լրատվությամբ և այլն: Այս ոլորտներում զբաղված մարդկանց քանակն այսօր ոչնչով չի սահմանափակվում, և ըստ էության, որոշվում է ազատ ձեռքերի թվով:

Անցած դարի համեմատ` աշխատանքի ներկայիս այսպիսի բարձր արտադրողականությունը և դրանով պայմանավորված` աշխատող բնակչության համեմատաբար քիչ ծանրաբեռնվածությունը մեր ժամանակներում  հնարավոր են դարձնում զգալիորեն երկարաձգել երիտասարդների կրթության տևողությունը:

Օրինակ, անցած դարի Անգլիայում, այն ժամանակ ամենազարգացած արդյունաբերական երկրում, միայն բնակչության առավել ունևոր մարդկանց շատ չնչին մասը պատանուն կարող էր թույլ տալ իր երիտասարդությունը մինչև 20-23 տարեկանը նվիրել ուսմանը: Մեծ մասն արդեն 14 տարեկանից աշխատում էր արդյունաբերության մեջ կամ գյուղատնտեսությունում: Այդպիսին կարող էր լինել նաև Ֆարադեյի ճակատագիրը, որը արդեն տասնչորս տարեկանում որպես ենթավարպետ աշխատում էր կազմարարական արհեստանոցում: Այն ժամանակներում աշխատանքային օրը հաճախ տևել է մինչև 12-14 ժամ:

Այսօր արդյունաբերական զարգացած երկրում ոչ մի տնտեսական պատճառ չկա, որ խանգարի երիտասարդներին ոչ միայն միջնակարգ կրթություն տալու մինչև 16-18 տարեկանը, այլև բարձրագույն կրթություն՝ մինչև 20-23 տարեկանը: Այսօր զարգացած երկրներում դիտվող ուսանողության թվաքանակի բարձր աճը, իհարկե, հնարավոր է դարձել հատկապես աշխատանքի բարձր արտադրողականության շնորհիվ: Վերջին 10 տարիներում այդ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների քանակը կրկնապատկվել է: Արտածելով այս աճը, հանգում ենք եզրակացության, որ չի բացառվում մի քանի տասնամյակ հետո այդ երկրներում բարձրագույն կրթության համատարած դառնալու հնարավորությունը: Դա, իհարկե, կազդի ամբողջ կրթության կազմակերպման և առաջին հերթին` միջնակարգ դպրոցների վրա։
Բարձր արտադրողականությամբ պայմանավորված` հասարակական հարստության աճը և մասսայական օգտագործման համար արտադրության զարգացումը բերում են բնակչության եկամտի անհավանական աճի:

Բնակչության բարեկեցությունը նկատելի լավանում է:  Եթե որոշ երկրներում էլ գործազրկություն և աղքատություն են դիտվում, ապա հարկ է վերագրել դա սոցիալական կառուցվածքի անկատարությանը և երկրի տնտեսական հնարավորության հետ չկապել:  

Բնակչության բարեկեցության աճը հանգեցնում է նոր սոցիալական խնդրի: Դա ազատ ժամանակի խնդիրն է: Հիմա այն լայնորեն քննարկվում է, սակայն համընդհանուր լուծում դեռ չի գտել, չնայած անկասկած, այս խնդիրը սերտ կապված է կրթության և երիտասարդների դաստիարակության հարցերի հետ:

Սխեմատիկորեն այն խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. այսօր աշխատավայրում մարդու զբաղվածությունը օրվա մեջ կազմում է 7-8 ժամ: Եթե համարենք, որ քնելու վրա մարդը 7-8 ժամ է ծախսում,  մի երկու ժամ՝ ուտելու, տրանսպորտի և այլնի համար, հետևաբար նրան մնում է մոտ 7 ժամ ազատ ժամանակ: Հանգստի համար, ինչպես և նախկինում, մնում է կիրակին: Բայց ազատ ժամանակը գնալով կավելանա, քանի որ աշխատանքի արտադրողականությունն անշեղորեն աճում է: Օրինակ, հիմա աճը կատարվում է էլեկտրոնային հաշվիչ սարքերի օգտագործման հաշվին: Մի շարք տնտեսագետ- սոցիոլոգներ կանխատեսում են աշխատանքի արտադրողականության նոր հեղափոխական աճ ինչպես արդյունաբերության մեջ, այնպես էլ սպասարկման ոլորտում:

Քանի որ մարդկանց զվաղվածությունը շարունակելու է նվազել, շուտով մարդկանց ազատ ժամանակը կդառնա ավելի երկար, քան աշխատաժամանակը:

Սոցիալական խնդիրը, որը արդեն առկա է, մարդու ազատ ժամանակը ռացիոնալ օգտագործելու համար պայմաններ ստեղծելն է:

Այս խնդրի նշանակությանը վառ կերպով ուշադրություն է դարձրել Օլդոս Հաքսլին[1]: Ով կարդացել է «Այս նոր հոյակապ աշխարհը» գիրքը, հիշում է, որ «Հոյակապ աշխարհի» բնակիչների ազատ ժամանակի խնդիրը լուծվում էր սպորտով զբաղվելով, տարբեր պարզագույն զվաճալի հանդիսություններով, սեքսով, ընդ որում համարվում էր, որ պետք է լայնորեն կիրառվեն թմրանյութերը:  Գլխավոր խնդիրը, որ «Հոյակապ աշխարհի» ղեկավարներն իրենց առջև դնում էին, ըստ Հաքսլիի գրքի, այն էր, որ աշխատավորները հետաքրքրություն չցուցաբերեին սոցիալական հարցերի նկատմամբ:  Դրա համար ամենավաղ մանկությունից նրանց ետ էին սովորեցնում ինքնուրույն և քննադատական մտածողությունից:  

Առավել զարգացած կապիտալիստական երկրներում ազատ ժամանակն օգտագործելու մասին Հաքսլիի կանխատեսումը հիմա սկսում է իրականանալ: 

Այնտեղ արագորեն աճում է բնակչության եկամուտը, բայց մարդկանց զանգվածի մոտ հոգևոր և հասարակական պահանջների անկում կա, և ավելի ու ավելի է աճում տարբեր տեսակի թմրանյութերի օգտագործումը: Բարօրությունն ու ազատ ժամանակը հատկապես անշնորհք է օգտագործում այն երիտասարդությունը, ում մոտ բացակայում են մշակութային արժեքները:  Պատանիները և աղջիկները հասնելով հասուն տարիքի, արագորեն հագենում են սպորտային և էստրադային զվարճանքներից: Սեքսի ճանապարհին է արգելք չկա: Մեծ եկամուտների դեպքում հայտնվում են տարբեր տեսակի «խցիկների»՝ ռադիո, ֆոտո, կինո, ավտոմեքենաների և այլնի առատություն, բայց դրանց պարզագույն օգտագործումից ստացած բավարարվածությունը նույնպես արագորեն բթանում է: Ընդ որում, զգալով ծնողների ապահովվածությունը, երիտասարդները վաղվա հանդեպ վախ չունեն, բացակայում է գոյության համար պայքարի անհրաժեշտությունը, և այս ամենը հանգեցնում է նրան, որ այդ պայմաններում երիտասարդությունն իր առջև դրված խնդիր չի ունենում, որը լուծելով կկարողանար զարգացնել իր կամքը և ուժերը:  Այս ամենը միասին երիտասարդության կյանքը դարձնում է ներքին մշտական բովանդակությունից զուրկ:  Միևնույն ժամանակ, կապիտալիստական հասարակության ավանդական սկզբունքների համաձայն ընտանիքում և դպրոցում մարդու դաստիարակությունը նրանում զարգացնում են անհատապաշտություն, ինչը հանգեցնում է երիտասարդության` հասարակական մեծ գաղափարների բացակայությանը, ինչպես՝ մարդկանց, գիտությանը, մշակույթին ծառայելը, և այս ամենը նույնպես սահմանափակում է  մարդկանց հետաքարքրությունները և կյանքը զրկում ներքին բովանդակությունից: Տարատեսակ թմրանյութերը, որոնք գնալով ավելի են տարածվում երիտասարդների շրջանում, որպես իրականությունից կտրող միջոց, միայն կարճաժամկետ ազդեցություն են ունենում, բայց, ինչպես հայտնի է, այդ ժամանակ տեղի է ունենում մարդու նյարդային համակարգի քայքայում, ու ավելի է խորանում հոգեկան ընկճվածությունը: Երիտասարդության շրջանում շարունակ աճում է հանցագործությունը:

Լրիվ հասկանալի է, թե ինչու է երիտասարդությունը սկսում բողոքել նման իրականության դեմ: Գոյություն ունեցող հասարակական կարգի դեմ երիտասարդ սերնդի բողոքի առաջին նշաններն վաղուց են երևացել, և դրանք քաջ հայտնի են՝ բիտնիկները, հիպիները և այլն: Չնայած այդ երևույթը զանգվածային բնույթ չունի, համենայն դեպս այն հնարավոր է միայն հասարակությունում, որտեղ միջոցների և ազատ ժամանակի ավելցուկ կա: Անկասկած, այս երևույթները խորհրդանշում են երիտասարդության բացասական վերաբերմունքը ժամանակակից քաղաքակրթության   ներքին բովանդակությունից զուրկ քաղքենական դրվածքի նկատմամբ:

Շատ ավելի ցուցադրական և լուրջ են դառնում ուսանողական հուզումները, այսօր դրանք պետք է դիտարկել որպես կարևոր հասարակական երևույթ, որը պետք է հաշվի առնի պետությունը:  Վիճակագիրների տվյալներով ԱՄՆ-ում արդեն 1968-1969 թվականներին միջնակարգ դպրոցն ավարտողների 55%-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Ներկայումս ԱՄՆ  տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում 7,5 միլիոն մարդ է սովորում: Այդ պատճառով էլ ուսանողները իրենց թվաքանակով զգալի հասարակական քաղաքական ուժ են:

Կապիտալիստական զարգացած բոլոր երկրներում բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդգրկած ուսանողական հուզումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ շարժման մեջ մեծ մասնակցություն ունի առավել ունևոր մասը:  

Սա ցույց է տալիս, որ դժգոհությունը ոչ թե տնտեսական պատճառներով է, այլ, ըստ էության, դժգոհության արտահայտում է հասարակական կառույցի` գոյություն ունեցող գաղափարախոսությունից: Հասարակական պատգամները, որոնց համաձայն պետք է ապրի երիտասարդությունը, անհրաժեշտ նպատակներ չի տալիս, քանի որ կապիտալիստական հասարակությանը բնորոշ անհատապաշտությունը դաստիարակում է հարստանալու ձգտում և չի զարգացնում հասարակական լայն նպատակներ:

Ինչ-որ ժամանակ կրոնը գաղափարական ուղղվածություն էր տալիս մարդու հասարակական գործունեությանը, բայց հիմա, հիմնականում գիտական նվաճումերի շնորհիվ, մարդկանց մեծ մասին պարզ դարձավ հավատքի հիմքում ընկած ուսմունքի սահմանափակությունը, այդ պատճառով էլ հիմա դրանք կարող են բավարարել հասարակության ոչ մեծ մասին:  

Այսօր ուսանողական շարժումը խռովության բնույթ ունի, քանի որ երիտասարդությունն իր համար դեռ չի գտել այն նպատակները և հասարակության այն կառույցը, որի համար պետք է պայքարի:  Դժգոհության իմաստավորման ընթացքը միայն սկսել է և կշարունակվի մի քանի տարի:

Այսպիսով, պարզվեց, որ ժամանակակից հասարակությունը դեռ պատրաստ չէ իր համար օգուտով օգտագործելու այն նյութական բարեկեցությունն ու ազատ ժամանակը, որը նրան տվել է գիտա-տեխնիկական հեղափոխությունը: Բուժուական որոշ սոցիոլոգներ նշում են, որ առավել զարգացած կապիտալիստական երկրներում արդեն նկատվում են հասարակության այլասերման հատկանիշներ: Վերջերս ավելացող քանակներով սկսել են հայտնվել լայն զանգվածների բարեկեցության հարցերին վերաբերող հետազոտություններ: Քանի որ անհնար է կասեցնել մարդկության նյութական բարեկեցության հետագա աճը և դրա հետ` ազատ ժամանակի ավելացումը, բոլոր հետազոտողները մեծ վտանգ են տեսնում հասարակական այդ պրոցեսում, եթե այն թողնվի ինքնահոսի: Որոշ հետազոտողներ դրությունից ելք չեն տեսնում և եզրակացնում են, որ այդ պրոցեսում կարող է դրված լինել ժամանակակից քաղաքակրթության վերջին փուլը և նրա վախճանը: Կարծիքներ կան, որ մարդկանց` իրենց ունեցվածքը և ազատ ժամանակը օգտագործել չկարողանալը կարող է մարդկության համար պակաս վտանգավոր չլինել, քան ընդհանուր ատոմային պատերազմում կործանվելը:

Աղբյուրը։

[1] AldousHuxley. Brave New World, Bantam Books, New York, 1932 (См. перевод: Хаксли О. Прекрасный новый мир, Интернациональная литература, 1935, № 8)

Շարունակությունը։

Թարգմանիչ՝ Լուսինե Պետրոսյան

Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով