Սովորաբար ֆրանսիական կայքերը, էլեկտրոնային ամսագրերը հարուստ են տարբեր տիպի մանկավարժական, հետազոտական, գիտական հոդվածներով, և որևէ հոդված թարգմանելիս միշտ դժվարացել եմ ընտրություն կատարել, այնքան շատ են հեղել տվյալ թեմայով գրված հոդվածները: Այս անգամվա մեզ հետաքրքրող թեման պատիժն էր: Սկսեցի փնտրել ֆրանսիալեզու կայքերում, թե պատժի դերը դպրոցական կրթության մեջ ներկայացնող ի՞նչ հոդվածներ կան , և, զարմանալիորեն, դպրոցում կիրառվող պատժի կիրառման հետ կապված որևէ հոդված չգտա: Փոխարենը շատ էին հոդվածները, որոնցում ներկայացվում էր պատժի դերը երեխայի ընդհանուր կրթության մեջ:
Իմ կարծիքով, դպրոցական պատժի վերաբերյալ հոդվածների բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ ֆրանսիական կրթական հաստատություններում պատժը վաղուց քննարկված և անցյալում մնացած թեմա է:
Այս թարգմանության մեջ ներկայացնում եմ պատժի դերը երեխայի ընդհանուր կրթության մեջ:
Պատժամիջոցները անկարողության նշան են:
«Պատիժը չի հաստատում մեր իշխանությունը. մենք պատժում ենք մեր իշխանության բացակայության պատճառով»: Իզաբել Ֆիլիոզատ, հոգեբան
Պատիժները աստիճանաբար հեղինակազրկում են ծնողին:
Երեխաներն սկսում են տհաճ զգացումներ ունենալ, օրինակ՝ «ես պետք է պաշտպանվեմ», «ես չեմ ուզում» կամ «ես վատն եմ»:
Մեկ անգամ պատժելով՝ ստիպված ես լինելու պարբերաբար այն կրկնել, և դա պատժվողի համար դառնում է սովորական երևույթ:
Այլ է, երբ խոսքը թեթև պատժի մասին է, որը սթափեցնում է երեխային՝ առանց նրան վնասելու: Սակայն նույնիսկ թեթև պատիժները պատանեկության շրջանում կորցնում են իրենց ուժը, երբ երեխան հետզհետե դառնում է ավելի ինքնուրույն:
Մեծահասակները պետք է օգնեն երեխաներին սոցիալականացվել, որի ընթացքում ենթադրվում է, որ երեխան կսովորի այն վրդովմունքին, հուսահատությանը, որ զգում է պատժվելիս: Ինչո՞ւ է անհրաժեշտ մեծահասակներին երեխային ասել՝ ոչ և սահմաններ գծել:
Ներկայացնեմ հոգեբան –սոցիոլոգ Ժան Էպշտեյնի վերլուծությունը:
«Կարծում եմ, բոլոր ծնողներն էլ հայտնվել են հետևյալ երկընտրանքի առջև՝ պատի՞ժ, թե՞ երկխոսություն»:
Ըստ Ժան Էպշտեյնի՝ այս երկու հասկացություններն այնքան էլ հակասական չեն… ընդհակառակը…
Երեխան իրեն հարմար հուզական աշխարհը ստեղծում է հետևյալ չորս զգացմունքների վրա՝ «Ես իրավունք ունեմ անելու ամեն ինչ», «Ես աշխարհի կենտրոնն եմ», «Ես կարող եմ ունենալ այն, ինչ ուզում եմ» և «Ես ամեն ինչ ուզում եմ հենց հիմա»: Հետևապես, մեծահասակները պետք է օգնեն երեխային սոցիալականացվել: Դա ենթադրում է, որ նրան պետք է սովորեցնել հիասթափություն-վրդովմունք հասկացությունը, որն անբաժանելի է սոցիալական կյանքի ինտեգրման համար:
Որպեսզի պատիժը լինի օգտակար և դրական ազդեցություն թողնի, պետք է իրագործվի հենց տվյալ պահին, հակառակ դեպքում՝ այն իմաստազրկվում է: Պետք է նաև հասկանալ, որ պատիժը երեխայի տեսանկյունից անիմաստ երևույթ է: Պատիժը պետք է լինի պարզ, չվնասի երեխային ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես: Առաջին հերթին, պատժամիջոցը երկխոսության միջոցով պետք է բացատրվի երեխային: Սակայն երկխոսությունը միշտ չէ, որ արդյունավետ է: Մյուս կողմից էլ`նա պատժամիջոցների անխուսափելի գործընկերն է, որը թույլ է տալիս երեխային հասկանալ փոխզիջում հասկացությունը:
Փոխադրության աղբյուրները՝
Թարգմանիչ՝ Աննա Մարության
Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան