Գլուխ 1
Երկիր

Վերջին տարիներին աստղագետները տիեզերքի անհավատալի խորքերում կատարեցին ոչ քիչ հայտնագործություններ, որոնք զարմացրեցին ոչ միայն լայն հասարակությանը, այլև հենց իրենց՝ աստղագետներին:

Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «քվազարներ» (quasi-stellar objects, այսինքն՝ աստղանման օբյեկտներ) կամ ԵԱՕ (երկնագույն աստղանման օբյեկտներ), հայտնվում են որպես թերթերի հոդվածների վերնագրեր: Լուսավորող կետերը, որոնք միլիարդավոր կիլոմետրեր մեզանից հեռու են, գիտնականների մոտ առաջացնում են մտորումներ Տիեզերքի հեռավոր անցյալի և հեռավոր ապագայի մասին:

Անվե՞րջ է Տիեզերքը, թե՞ ինչ-որ տեղ վերջ ունի: Գուցե՞ այն ակորդեոնի նման մե՛կ ընդարձակվում է, մե՛կ սեղմվում, ընդ որում՝ յուրաքանչյուր շարժում տևում է միլիարդավոր տարիներ: Կամ այն ինչ-որ ժամանակ մեկ անգամ պայթել է, և նրա բեկորները թռչում են իրարից ավելի ու ավելի հեռու, մինչև Տիեզերքում մեկ բեկորը կդառնա կատարյալ: Կամ էլ Տիեզերքը անընդհատ նորացնո՞ւմ է ինքն իրեն՝ մնալով հավերժական, անծնունդ և անմահ:

Մեր սերնդի բախտը բերել է. մենք ապրում ենք աստղագիտության զարգացման այն շրջանում, երբ այս բոլոր և այսքան հուզող շատ ուրիշ հարցերի պատասխանները, թվում է, ուր որ է՝ կգտնվեն:

Այսպիսի վիճակ առաջացել է բոլորովին հանկարծակի: Այն երկնային մարմինները և աստղագիտական երևույթները, որոնք աստղագետների համար աներևակայելի հեռանկարներ բացեցին, մինչև 20-րդ դարի 60-ական թվերը անհայտ էին:

Հրթիռները և արհեստական արբանյակները, որոնց շնորհիվ այժմ աստղագետները ստանում են այսքան նոր տեղեկություններ երկնքի մասին, հայտնվեցին միայն 50-ական թվականներին: Ամենաանսպասելի հրաշքներ հայտնաբերող ռադիոհեռադիտակները հայտնվեցին միայն 40-ական թվականներին:

Ճիշտն ասած, եթե մենք վերադառնայինք մի 2500 տարի հետ, մոտավորապես 600թ. Ք.ա., ապա կբացահայտեինք, որ մարդու՝ տիեզերքի մասին ամբողջ տեղեկությունը ընդամենը մի երկտող էր հարթ Երկրի մասին, ընդ որում՝ չափազանց փոքր երկտող:

Եվ մեր օրերում էլ մարդուն անմիջականորեն հասու ընկալումը նույնն է՝ փոքրիկ երկտող հարթ Երկրի և իհարկե, գլխավերևում փոքրիկ փայլուն կետերով ու շրջանակներով երկնակամարի մասին: Եվ այդ երկնակամարը չափազանց մոտ է թվում:

Տրամաբանական ինչպիսի՞ դատողությունների ընթացքը ստիպեց մեր կողմից տեսանելի մոտ սահմանները ավելի ու ավելի հեռացնել՝ կորչելով անչափելի հեռուներում, այնպես որ հիմա մարդկային գիտակցությունն ի զորու չէ ո՛չ ընդգրկել Տիեզերքը, ինչի մասին մենք խոսում ենք, ո՛չ էլ պատկերացնել, թե Տիեզերքի համեմատությամբ որքան չնչին է այն ամենը, ինչը շրջապատում է մեզ:

Այս գրքում ուզում եմ հետևել, թե ինչպես աստիճանաբար ընդարձակվեցին և խորացան մարդու պատկերացումները Տիեզերքի մասին որպես միասնական ամբողջություն (տիեզերագիտություն) և դրա ծագումն ու զարգացումը (տիեզերածնություն):

Հարթ Երկիր

600թ. մոտ Ք. ա. կործանվեց ասորական կայսրությունը: Իր ծաղկման ամենաբարձր ժամանակաշրջանում այն տարածվում էր 2200 կմ՝ Եգիպտոսից մինչև Բաբելոն: Նրան փոխարինեց պարսկական կայսրությունը՝ տարածվելով արդեն 5000 կմ՝ Միջերկրական ծովի Կիրենաիկայից մինչև Հնդկաստանի Քաշմիր քաղաքը:

Անկասկած, հասարակ մարդիկ, որ ապրում էին այդ թագավորությունների սահմաններում, շատ աղոտ պատկերացում ունեին դրանց սահմանների մասին և ամբողջ կյանքում՝ ծննդյան օրվանից մինչ մահ, իրենց ամբողջ կյանքն անց էին կացնում իրենց հայրենի գյուղում՝ հազվադեպ այցելելով հարևան գյուղերը: Սակայն վաճառականները և զինվորները, հավանաբար շատ ավելի լավ էին պատկերացնում իրենց երկրների և դրանց սահմաններից դուրս եղած տարածությունների հսկայական չափերը: Եվ այդ հնագույն պետություններում ինչ-որ մեկը, իհարկե զբաղվել է առաջին տիեզերագիտական խնդրով՝ Երկիրը վերջ ունի՞:

Ենթադրվում է, այդ հնագույն ժամանակներում ոչ մի մարդու, որքան էլ նա հեռու հասներ, չի հաջողվել տեսնել Երկրի ոչ մի իրական վերջը: Լավագույն դեպքում նա հասել է դեպի հորիզոն ձգվող օվկիանոսի ափերին: Եվ անգամ նավ նստելով և հորիզոնով ծածկված հեռուներ ուղևորվելով՝  չի գտել Երկրի վերջը:

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդպիսի վերջ չկա:
Այս հարցի պատասխանը կախված էր նրանից, թե ինչպիսի ձև էր վերագրվում Երկրին:

Մինչ հույները Երկիրը համարել են հարթ՝ այնպիսին, ինչպիսին երևում է մարդկային աչքին, եթե չհաշվենք դրա մակերևույթի որոշ անհարթությունները՝ այսինքն՝ սարերը և հարթավայրերը: Եթե անգամ մինչհունական մտածողներից ինչ-որ մեկը այլ կերպ է մտածել, նրա ո՛չ անունը, ո՛չ էլ ենթադրությունները մեզ չեն հասել:

Սակայն եթե Երկիրն իրականում հարթ լիներ, ապա դրանից անպայմանորեն կհերևեր, որ նա պետք է վերջ ունենա: Հակառակ դեպքում կստացվեր, որ այդ հարթ մակերևույթը ձգվում է ավելի ու անելի հեռու՝ ձգտելով անվերջության: Իսկ անվերջությունը չափազանց անհարմար հասկացություն է: Իրենց պատմության ամբողջ ընթացքում մարդիկ աշխատել են խուսափել ժամանակի և տարածության անվերջության ենթադրությունից, քանի որ դա մի բան է, որը չի ենթարկվում տրամաբանական իմաստավորման, չի տեղավորվում գիտակցության շրջանակի մեջ:

Բայց ենթադրությունն էլ, թե Երկիրը վերջ ունի, վերջավոր է, ծնում էր իր դժվարությունները: Երկրից արդյո՞ք չի ընկնի անզգույշ մարդը, եթե շատ մոտենա դրա եզրին:

Ակնհայտ է, եթե ցամաքը բոլոր կողմերից շրջապատված է օվկիանոսով, ապա մինչև Երկրի վերջը կարելի է հասնել՝ միայն նավ նստելով, և ինքնակամ ուղևորվել այնտեղ, որտեղից ափերը բոլորովին չեն երևում: Անգամ Կոլոմբոսի ժամանակներում շատ նավաստիներ հատկապես ափերն աչքից կորցնելուց էին վախենում:

Սակայն ցամաքը գոտևորող ջրային օղակը նոր վտանգներ էր ծնում: Ի՞նչը կկարողանար խանգարել օվկիանոսին թափվել անդունդ՝ Երկիրը թողնելով առանց ջրի: Ելքերից մեկն այն ենթադրությունն էր, թե երկինքը հզոր վահան է, ինչպիսին և թվում է տեսքից, որը ամուր սեղմում է Երկիրը բոլոր կողմերից, ինչպես մեր աչքին երևում է: Այսպիսով, ամբողջ Տիեզերքը ձեռք էր բերել արկղի նմանություն. երկինքը կոր կափարիչն էր և կողքի պատերը, իսկ հարթ հատակը կազմված էր ծովերից և ցամաքից, որտեղ ապրում էին մարդիկ և բոլոր կենդանի արարածները:

Ինչպիսի՞ն էին այդ «արկղային Տիեզերքի» ձևը և չափերը:
Շատերը դա պատկեցացնում էին ուղղանկյուն սալի տեսքով: Շնորհիվ որոշ աշխարհագրական և պատմական դիպվածների Նեղոսի, Միջագետքի քաղաքակրթություններն ունեին մյուս երկրների հետ ավելի հստակ սահմաններ արևելքում և արևմուտքում, քան հյուսիսում և հարավում: Բացի դրանից Միջերկրական ծովը ձգված է արևմուտքից արևելք: Ահա թե ինչու հին քաղաքակրթությունների մարդկանց աղոտ աշխարհագրական գիտելիքները ավելի հեշտ տարածվեցին արևմուտքից արևելք ուղղությամբ, քան հյուսիսից հարավ: Ահա թե ինչու լրիվ տրամաբանական է ենթադրել, որ «արկղային Տիեզերքը» ավելի շատ ձգված է արևմուտքից արևելք, քան հյուսիսից հարավ:

Ամեն դեպքում, երկրաչափական չափերի և համաչափությունների զգացումը, ըստ էության, հույների մոտ ավելի լավ է զարգացած: Նրանք Երկիրը պատկերացնում էին կլոր սալի տեսքով, բնականաբար՝ Հունաստանը կենտրոնում: Սալի մեծ մասը կազմում էր ցամաքը, շրջապատված ջրային օղակով՝ «Օվկիանոս գետով», որից դեպի կենտրոն ճյուղավորվում էր Միջերկրական ծովը:

Մոտավորապես մ.թ.ա 500թ. հույն առաջին աշխարհագրագետ Հեկտոր Միլեթացին (նրա կյանքի տարիները անհայտ են) ենթադրեց, որ այդ շրջան-սալի տրամագիծը կարող է հասնել ամենաշատը 8000կմ-ի: Այսպիսով հարթ Երկրի մակերեսը, նրա կարծիքով, կազմում էր 50 000 000 քառ. կմ: Նման թվերը, անկասկած, Հեկտորի դարաշրջանի մարդկանց թվում էր բավականին, անգամ չափազանց, չնայած իրականում Երկրի մակերևույթը տասնապատիկ անգամ ավելի է:

Բայց ինչպիսի ձև և չափեր ունենար «արկղային տիեզերքը», մնում էր էլի մի հարց. ի՞նչն է դրան տեղում պահում: Հարթ Երկրի մասին պատկերացումը, որը մենք հիմա դիտարկում ենք, ենթադրում է, որ «ներքևը» նշանակում է միայն-միակ ուղղությունը ամբողջ աշխարհի համար և բոլոր ծանր առարկաները անպայման ընկնում են «ներքև»: Այդ դեպքում ինչո՞ւ հենց Երկիրը չի ընկնում:

Կարելի է ենթադրել, որ այն նյութը, որից առաջացել է Երկիրը, այն հողն է, որի վրա մենք կանգնած ենք, անըհդհատ իջնում է ներքև ու մեր տակ երբեք այն չի վերջանում: Բայց դա նորից կբերեր անվերջության գաղափարին: Որպեսզի խուսափեն դրանից, մարդիկ ենթադրեցին, որ Երկիրը ինչ-որ բանի վրա կանգնած է: Օրինակ, հնդիկները Երկիրը դրեցին չորս սյան վրա:

Սակայն դա էլ չլուծեց խնդիրը, այլ հետաձգեց լուծումը. իսկ ինչի՞ վրա են այդ չորս սյուները: Փղերի՞: Իսկ փղերը՞: Հսկա կրիայի վրա: Իսկ կրիա՞ն: Կրիան լողում է հսկայական օվկիանոսի վրա: Իսկ օվկիանո՞սը…

Կարճ ասած, հարթ Երկրի մասին ենթադրությունը, չնայած արտաքին ճշմարտանմանությանը, մտածողին անխուսափելիորեն տանում է փակուղի:

Գնդաձև Երկիր

Սակայն, եթե մարդը կարողացել է ոչ միայն նայել, այլ նաև տեսնել, ապա հարթ Երկրի մասին միտքը սկսել է նրան թվալ ոչ ճշմարտանման: Որովհետև եթե Երկիրն իրականում հարթ լիներ, ապա ցանկացած վայրից կարելի կլիներ գլխավերևում տեսնել միևնույն աստղային երկինքը (չհաշված, գուցե, աննշան շեղումները ): Սակայն բոլոր ճանապարհորդներն իրենց սեփական փորձից գիտեին, որ դեպի հյուսիս գնալու դեպքում աստղերի մի մասը թաքնվում է հարավային հորիզոնում, իսկ հյուսիսային հորիզոնում հայտնվում են նոր աստղեր: Հարավ գնալու դեպքում դիտվում է հակառակ պատկերը: Ավելի հեշտ կլիներ դա բացատրել` ենթադրելով, որ Երկիրը թեքվում է հյուսիսից հարավ ուղղությամբ (դեպի արևելք կամ արևմուտք շարժման դեպքում նույն երևույթը հայտնաբերելը շատ դժվար էր ընդհանուր երկնակամարի`արևելքից արևմուտք քսանչորս ժամվա ընթացքում մեկ պտույտ արագությամբ պտտվելու պատճառով):

Հույն փիլիսոփա Անաքսիմանդոր Միլեթացին (611-546 թթ. Ք.ա.) ենթադրեց, որ մարդիկ ապրում են գլանի մակերևույթին, որը շրջափակված է հյուսիսից հարավ: Ինչպես մեզ հայտնի է, նա պատմության մեջ առաջին մարդն է, որ պնդել է, որ Երկրի մակերևույթը հարթ չէ, և այդ ենթադրությունը հավանաբար արվել է մ.թ.ա. 550թ.:

Բայց Երկրի գլանային ձևի մասին պատկերացումը, պարզվեց, նույնպես բավարար չէ: Մարդիկ, ովքեր ապրում էին ծովի ափին և գործ ունեին նավերի հետ, գիտեին, որ նավերը, որոնք գնում էին նավարկության, ոչ թե ուղղակի փոքրանում ու փոքրանում էին`ձուլվելով հեռուներում, ինչպես դա կլիներ, եթե Երկիրը հարթ լիներ, այլ տեսադաշտից անհետանում են շատ ավելի շուտ, քան կվերածվեն կետի, ավելին`առաջին հերթին անհետանում է նավի իրանը, կարծես թե նավը իջնում է բլրի կատարից: Դա կարող էր հատկապես լինել, եթե Երկրի մակերևույթը ուռուցիկ էր: Բացի դրանից, ինչ ուղղությամբ էլ նավերն լողային, տեսադաշտից անհետանում էին հենց նույն ձևով: Այստեղից էլ հետևում էր, որ Երկիրը կլորանում է ոչ միայն հյուսիսից հարավ, այլ բոլոր ուղղություններով միանման, իսկ միակ մակերևույթը, որը բոլոր ուղղություններով միանման է կորանում, գնդի մակերևույթն է:

Բացի դրանից, հույն աստղագետները ենթադրում էին, որ Լուսնի խավարման ամենաբնական բացատրությունն այն է, որ այդ պահին Երկիրը հայտնվում է հենց Լուսնի և Արեգակի միջև, և Արևի կողմից լուսավորված Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա` խավարեցնելով նրան: Այդ ստվերի լայնական կտրվածքը միշտ կլոր է` անկախ նրանից, թե Լուսինն ու Արևը Երկրի նկատմամբ ինչ դիրք են զբաղեցնում: Իսկ միակ մարմինը, որի ստվերը, ինչ ուղղությամբ էլ որ ընկնի, միշտ կունենա կլոր լայնական կտրվածք, դա գունդն է:

Որքան մեզ հայտնի է, առաջինը, որ ենթադրեց, թե Երկիրը գունդ է, հույն փիլիսոփա Փիլոլայոս  Կրոտոնցին է (480-? Ք.ա.)1, ով առաջ քաշեց այդ միտքը Ք.ա. մոտ 450թ.: Երկրի մասին պատկերացումը` որպես գունդ, մեկընդմիշտ լուծեց Երկրի սահմանի խնդիրը, և այդ դեպքում կարիք չկար դիմելու անվերջության գաղափարին: Գնդի մակերեսն ունի վերջավոր չափեր, բայց չունի վերջ, այն վերջավոր է, բայց սահման չունի: Փիլոլայոսից մոտ 100 տարի անց հույն փիլիսոփա Արիստոտել Ստագիրացին (384-322 թթ. Ք.ա.) ընդհանրացրեց Երկրի գնդաձև լինելու պատկերացումները: «Ներքև» հասկացությունը դառնում է ոչ թե բացարձակ, այլ հարաբերական: Եթե «ներքև» բառը նշանակեր միայն այն ուղղությունը, որի մասին մենք մտածում ենք`ցույց տալով մեր ոտքերի տակ, ապա Երկիր — գունդը պետք է հավերժ ընկներ ներքև, համենայնդեպս այնքան ժամանակ, մինչև որ չհենվեր մեկ այլ անվերջ ներքև իջնող մարմնի վրա:

Բայց փորձենք «ներքևը» հասկանալ միայն դեպի Երկրի կենտրոն ուղղությունը: Երբ մենք ասում ենք, որ առարկաները բնականորեն «ընկնում են ներքև», ապա մենք ենթադրում ենք, որ նրանք բնականորեն ընկնում են դեպի Երկրի կենտրոն եղած ուղղությամբ: Այդ դեպքում ոչինչ չի կարող ընկնել Երկրի վրայից, և մարդիկ, որ գտնվում են գնդի հակառակ կողմում, գլխիվայր կանգնած լինելու զգացողություն չեն ունենում:

Ինքը Երկիրը ևս չի կարող ընկնել, քանի որ այն կազմող յուրաքանչյուր մաս արդեն այնքան է ընկել, որքան կարողացել է, և մոտեցել է Երկրի կենտրոնին այնքան, որքան հնարավոր է: Ընդհանրապես, Երկիրը չէր կարող գունդ չլինել, քանի որ գունդն ունի այն հատկությունը, որ նրա բոլոր մասերի հեռավորությունը կենտրոնից ավելի փոքր է, քան ցանկացած այլ մարմնի, որն ունի նույն չափերը, բայց ունի այլ ձև, մասերի հեռավորությունը կենտրոնից:

Այսպիսով, կարող ենք ասել, որ արդեն 350թ. Ք.ա. վերջնականապես հաստատվեց, որ Երկիրը գունդ է: Այդ ժամանակից այն ընդունվեց ամենուր, արևմտյան զարգացած քաղաքակրթության կրթված մարդկանց մոտ:

Երկրի գնդաձևությունը այնքան էր համապատասխանում տրամաբանության պահանջներին և այնքան ազատ էր ներքին հակասություններից, որ  չնայած ուղղակի ապացույցների բացակայությանը, մարդիկ դա ընդունեցին: Չէ՞ որ միայն մեր թվարկության 1522 թ.՝ Արիստոտելից 1800 տարի հետո, երբ պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանի ղեկավարած արշավախմբի միակ փրկված նավը վերադարձավ հարազատ նավահանգիստ, ավարտվեց մարդկության պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը, միայն այդ ժամանակ գործնականում ապացուցվեց, որ Երկիրը չի կարող հարթ լինել:

Մեր օրերում Երկրի գնդաձևությունն ապացուցված է ակնհայտորեն: 20-րդ դարի 40-ական թվականների վերջին հրթիռների օգնությամբ արվեցին Երկրի մակերևույթի մեծ տարածքների նկարահանումներ այնպիսի բարձրությունից, որից պարզորեն երևում էր Երկրի կորությունը:

Երկրի չափերը

Երբ ապացուցվեց, որ Երկիրը գունդ է, կարևոր նշանակություն ստացավ նրա մեծության հարցը: Հարթ, վերջավոր Երկրի չափերը հաշվելը շատ դժվար կլիներ. դրա համար կպահանջվեր անմիջականորեն չափել դրա երկարությունն ու լայնությունը: Բայց գնդաձև Երկրի վրա հնարավոր է դիտարկել երևույթներ, որոնց մասշտաբները ուղակիորեն կախված են նրա մեծությունից:

Օրինակ, եթե երկրագնդի չափերը հսկայական լինեին, ապա նրա գնդաձևության նշանները կլինեին չնչին: Աստղային երկնքի տեսքը դեպի հյուսիս կամ հարավ մի քանի հարյուր կիլոմետր շարժվելիս գործնականում բոլորովին չէր փոխվի. նավերը կհասցնեին անհետանալ ավելի շուտ, քան նրանց իրանները կծածկվեին հորիզոնի ետևում, երկրային ստվերի սահմանը Լուսնի վրա կերևար ուղիղ գծի տեսքով, այնքան որ փոքր կլիներ նրա կորությունը:

Հետևաբար, քանի որ Երկրի գնդաձևության նշանները հեշտ է նկատել, դա նշանակում է ոչ միայն, որ Երկիրը գունդ է, այլ նաև այն, որ նրա չափերը շատ մեծ չեն: Այն կարելի է համարել մեծ, բայց ոչ հսկայական:

Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս ճշգրտորեն չափել այդ մեծությունը: Հույն աշխարհագրագետները կարողացան որոշել ներքին սահմանը: 250թ. Ք.ա. նրանք հաստատապես գիտեին, որ Ջիբրալթարի նեղուցից արևմուտք գոյություն ունի ինչ-որ երկիր, և որ արևելքում էլ ցամաքը հասնում է մինչև Հնդկաստան. դա տալիս էր 10000 կմ ձգվածություն (այն բավականին գերազանցում էր այն թիվը, որը Հեկտոսը երկուսուկես դար դրանից առաջ համարում էր սահմանային): Բայց և այս հեռավորությյան դեպքում Երկրի մակերևույթն ամբողջությամբ չէր ընդգրկվում, այստեղից հետևում էր, որ Երկրի շրջագիծը գերազանցում է 10000 կմ-ը, բայց որքա՞ն՝ ոչ ոք ասել չէր կարող:

Առաջինը, ով դիտարկումների հիման վրա առաջարկեց պատասխան, հույն գիտնական Էրատոսթենես Կիրենացին էր (276-196թ. Ք.ա.): Նա գիտեր, որ Եգիպտոսի Սիենա քաղաքում (ներկայիս Ասուան քաղաքն է) ամառային արևադարձի ժամանակ կեսօրին Արեգակը հորիզոնից ամենաբարձր դիրքն է գրավում և կագնում ուղիղ զենիթում: Սա ապացուցվում էր նրանով, որ ուղղահայաց գետնի մեջ խրված փայտիկը այդ օրը ստվեր չէր առաջացնում: Բայց Սիենայից 800 կմ հյուսիս գտնվող Ալեքսանդրիայում ուղղահայաց գետնի մեջ խրված փայտիկն այդ օրը առաջացնում էր կարճլիկ ստվեր, ինչը ցույց էր տալիս, որ կեսօրյա Արեգակը յոթից ավելի աստիճանով զենիթից հարավ է գտնվում:

Երկրի հարթ լինելու դեպքում և՛ Ալեքսանդրիայում, և՛ Սիենայում Արեգակը միաժամանակ կանգնած կլիներ զենիթում: Միայն այն, որ դա այդպես չէ, արդեն ապացուցում էր, որ այս երկու քաղաքների միջև Երկրի մակերևույթը կորացած է: Ուղղահայաց գետնի մեջ խրված փայտիկը այդ քաղաքներից մեկում ուղղված է անկյան տակ` մյուս քաղաքում ուղղահայաց՝ գետնի մեջ խրված փայտիկի նկատմամբ: Դրանցից մեկը ուղիղ ցույց էր տալիս Արեգակի դիրքը, իսկ մյուսը` ոչ:

Որքան մեծ է Երկրի մակերևույթի կորությունը, այնքան մեծ պետք է լինեին փայտիկների միջև եղած անկյունը և ստվերների տարբերությունը: Էրատոսթենեսը մանրակրկիտ հաստատում է իր հաշվարկները երկրաչափական կառուցումներով, սակայն մենք միայն կարող ենք ասել, քանի որ 70-ը մոտավորապես համապատասխանում է 800կմ-ին, ապա 3600-ի դեպքում (կամ շրջանագծով մեկ լրիվ պտույտի դեպքում) համապատասխանող տարբերությունը համեմատաբար կլինի 40 000 կմ:

Եթե գնդի շրջանագիծը հայտնի է, ապա հայտնի է նաև դրա տրամագիծը, քանի որ յուրաքանչյուր շրջանագծի տրամագիծը հավասար է նրա երկարությունը բաժանած «պի» թվի վրա: Էրատոսթենեսը եկավ այն եզրակացության, որ Երկրի շրջագիծը կազմում է մոտավորապես 40000կմ, իսկ տրամագիծը հավասար է 12800կմ:

Այսպիսի գնդի մակերևույթի մակերեսը մոտավորապես հավասար է 500000000 քառ. կմ, այսինքն վեց անգամ ավելին այն աշխարհից, որ հայտնի էր հին ժամանակներում:

Էրատոսթենեսի գունդը, ըստ էության, հույներին չափազանց մեծ էր թվում, և երբ հետագայում այլ աստղագետներ կրկնեցին նրա հետազոտությունները և ստացան փոքր թվեր (շրջագիծը 29000 կմ, տրամագիծը 9200 կմ, մակերեսը 250000000 քառ. կմ), հենց այդ թվերն էլ պատրաստակամորեն ընդունվեցին: Հենց այս արժեքների վրա էլ հիմնվում էին նաև միջնադարում, և Կոլումբոսն էլ, ապացուցելով, որ Իսպանիայից Ասիա տանող արևմտյան ուղղությունը պետք լրիվ հասանելի լինի իր ժամանակների նավերի համար, հիմնվում էր դրանց վրա: Սակայն իրականում դա ամենևին էլ այդպես չէր, և նրա նավարկությունը հաջողությամբ պսակվեց միայն այն պատճառով, որ այն վայրում, որտեղ նա սպասում էր գտնել Ասիան, գտավ Ամերիկան:

Միայն 1522 թվականին, երբ Մագելանի նավատորմի միակ փրկված նավը վերադարձավ հայրենիք, Երկրի չափերը վերջնականապես որոշվեցին, և Էրատոսթենի համբավը վերականգնվեց:

Ավելի ուշ Երկրի շրջագծի համար հասարակածով չափումները տվեցին հետևյալ թիվը՝ 40075,7 կմ: Երկրի տրամագծի մեծությունը տարբեր ուղղություններով փոքր ինչ տարբերվում է, քանի որ Երկիրը ոչ լիարժեք գունդ է, բայց նրա միջին երկարությունը կազմում է 12742,44 կմ: Երկրի մակերևույթի մակերեսը հավասար է 510 083 000 քառ. կմ: 

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ azimov.net.ru կայքից

1 Այլ աղբյուրներում Փիլոլայոսի ծննդյան և մահվան տարեթվերը՝ մ.թ.ա 470 – 385

Հեղինակ՝ Այզեկ Ազիմով

Թարգմանիչ՝ Հասմիկ Նալբանդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով