Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Նշանակետը հուշում է դաստիարակության ուղին: Հենց նա էլ կօգնի մեզ այնպիսի բովանդակալից կերպարների հոսք մատնանշելու Երեխայի դստիարակության համար, որ կհամապատասխանի նրան:
Եվ ընդհանրապես, առանց նշանակետի դաստիարակությունն անկայուն դաստիարակություն է:
Առանց այն էլ դաստիարակությունը անպաշտպան գործընթաց է, իսկ առանց որոշակի նշանակետի կարող է ներսից ինքն իրեն հակասել: Նշանակետը ուժ կտա նրան՝ հակազդելու արտաքին հարձակումներին:
Մեզ դաստիարակությանն արժանի նշանակետ է հարկավոր:
Այն անդառնալի գործընթաց է, երկրորդ անգամ մեր երեխային չենք դաստիարակելու, մենք հնարավորություն չենք ունենալու նշանակետի ընտրության սխալն ուղղելու:
Նշանակետը բարձր պիտի լինի, անգամ այնպիսին, որ գերազանցի մեր հնարավորությունները: Հռոմեացի մեծ մանկավարժ Մարկուս Ֆաբիուս Քվինտիլիանուսը կոչ էր անում ծնողներին. «Հա՛յր, հենց որ որդիդ ծնվի, նրա հետ կապիր քո ամենամեծ հույսերը»:
Ինչո՞ւ՝ ամենամեծ հույսերը:
Որովհետև ամենամեծ հույսերը կօգնեն մեզ փնտրելու ու գտնելու «մեծ մանկավարժություն», իսկ փոքր հույսերը կստիպեն սահմանափակվել «փոքր մանկավարժությամբ»:
Եվ ո՞ր մանակվարժությամբ Երեխան լիովին կդրսևորի իրեն:
Իհարկե, մեծ հույսերի մանկավարժությամբ:
Նշանակետը լույս չէ թունելի վերջում: Այն պիտի ձուլվի մեր ամենօրյա կյանքին, մենք դրանով պիտի թաթախված լինի Երեխայի հետ մեր ամեն հանդիպումը, նրա միջոցով մեզ հարկ կլինի իմաստավորել դաստիարակության մեր միջոցներն ու մեթոդները, նրա ամբողջ բովանդակությունը: Նշանակետը պետք է ուղղորդի մեր ամբողջ դաստիարակչական պահվածքը:
Պարզ է, որ մենք մեր Երեխային չենք դաստիարակելու որպես կապիտալիզմի հավատարիմ կառուցող կամ ինչ-որ քաղաքական կուսակցության նվիրված ծառա, կամ որևէ առաջնորդի հավատարիմ զինվոր: Այդպիսի նշանակետերի համար մենք թանկ ենք վճարում:
Մեզ հարկավոր է այնպիսի նշանակետ, որ իր մեջ հավերժական սկիզբ կրի ու առաջնորդի Երեխային (գուցե նաև մեզ)՝ իր մեջ փնտրելու այն բարձրագույն կերպարը, որն էլ մարդկության համար բարիք է հանդիսանում։
Դաստիարակության այդպիսի նշանակետ գոյություն ունի, դասական մանկավարժությունը վաղուց այն պահպանել է մեզ համար:
Դա հենց Արժանավոր Մարդու դաստիարակությունն է:
Այս նշանակետն իր մեջ ներառում է ամենայն լավագույնն ու վսեմը, որ կարող է միայն գեղեցկացնել մարդուն:
Արժանավորը՝
բարեհոգին է,
հոգևորը,
սիրողը,
բարին,
ազնիվը,
անշահախնդիրը,
արդարամիտը,
սեփականատիրական զգացմունքից զերծը,
վրեժխնդրությունից զերծը,
շռայլ հոգու տերը,
համբերատարը,
ինքնուրույնը,
գեղեցիկ մտածողը,
աշխատասերը…
Արժանավորությունը կմղի մարդուն իր հետագա կատարելագործմանը։
Արժանավորությունը կխրախուսի մարդու ձգտումը ընդհանուր բարօրության։
Արժանավորությունը կառաջնորդի մարդուն դեպի իր ընդունակություններին արժանի բոլոր հաջողություները:
Աշխարհն արժանավոր մարդկանց պակաս ունի և դրանից էլ տառապում է: Իսկ Երեխան հենց նրա համար է աշխարհ եկել, որ արժանավոր դառնա, որ աշխարհի բարեգործը դառնա:
Բայց այդպիսին կդառնա միայն մեր դաստիարակչական ջանքերի շնորհիվ:
Մեկը կասի. «Դա չափազանց բարձր նշանակետ է, չենք հասնի»:
Բայց կփորձենք մեր երեխաների համար ոգու հերոսներ դառնալ, կփորձենք հրաշք գործել: Երեխայի մեջ արժանավորություն դաստիարակելու մինչև որ աստիճանին էլ հասնենք, մեկ է, դա մեր նվաճումը կլինի:
Մեկը կասի. «Մենք ինքներս արժանավորության պակաս ունենք, ինչպե՞ս կարող ենք դաստիարակել այն Երեխայի մեջ»:
Իսկապես, մանկավարժական աքսիոման ասում է. «Արժանավորությունը արժանավորությամբ է դաստիարակվում»:
Իսկ եթե այն մեր մեջ էլ է պակասում, ուրեմն՝ զինվենք արիությամբ մեր իսկ կատարելագործման համար: Աքսիոման այդպես էլ է ասում. «Նպատակաուղղվածությունը նպատակաուղղվածությամբ է դաստիարակվում»: Նպատակաուղղվածությունը դեպի Արժանավորությունը արդեն արժանավորություն է: Եթե մենք ձգտում ենք արժանավոր դառնալ, ուրեմն Երեխային էլ կկարողանանք նույնին ուղղորդել:
Դաստիարակելով՝ կդաստիարակվենք ինքներս:
Չէ՞ որ դա հիասքանչ է:
Հիմն. մարդասիրական մանկավարժության մասին
Եթե մենք որոշել ենք հետևել Երեխայի մեջ Արժանավոր Մարդ դաստիարակելու նման վեհ նշանակետի, ապա մեր դաստիարակչական գործընթացը նույնպես արժանավոր պիտի լինի:
Այսպիսի դաստիարակությունը կոչվում է մարդասիրական-անհատական մոտեցում, ավելի լայն իմաստով՝ մարդասիրական Մանկավարժություն:
«Մարդասիրական» բառը, ինչպես մեզ ներկայանում է, ունի հետևյալ իմաստը՝ մահկանացու մարդ, որ փնտրում է իր մեջ իր անմահ էությունը, փնտրում է կապն Արարչի հետ:
Գոյություն ունի հակառակ բառը՝ « հիմար» («дура»՝ սանսկրիտից): Այն նշանակում է՝ մարդ, որ խզել է կապը Արարչի հետ:
Մանկավարժության դասական Կոստանդին Դմիտրևիչ Ուշինսկին գրում է, որ մարդասիրական դաստիարակության ողջ իմաստը ոգու դաստիարակությունն է:
Հաշվենք, թե դաստիարակված ոգին հենց մարդ արժանավորությունն է:
Մեր դաստիարակչական գործընթացը մարդասիրական կլինի, եթե.
- երեխային սուզենք մեր իսկ ստեղծած բարության, սիրո, գեղեցկության, ճշմարտության, հավատարմության, խիզախության, արդարամտության, հարգանքի, գթառատության կերպարների մեջ.
- նրա հայացքն իր ներքին հոգևոր աշխարհին ուղղենք ու օգնենք՝ այնտեղ գտնելու և հասնելու իր ճանապարհին, իր Առաքելությանը, իր Կոչմանը, իր ոգու հարստությանը, որ հետո պիտի երևան հանի.
- արթնացնենք նրա մեջ զգացմունքներ, որոնց միջոցով դրսևորվում և հաստատվում են արժանավոր ապրումներն ու արարքները.
- զարգացնենք բարեմտություն և գեղեցկամտություն, լավախոսություն, պատասխանատվություն սեփական մտքերի ու խոսքի հանդեպ.
- սովորեցնենք իր ներքին աշխարհում հոգևոր կյանքով ապրել՝ մտածել, ձգտել, իրեն հերոս պատկերացնել և արժանավոր արարքներ իրականացնել՝ երազել, արարել, աղոթել և շփվել.
- զարգացնենք կամք, խիզախություն, ինքնուրույնություն, նրա մեջ հաստատենք ազնվություն, ճշմարտությունն ասելու ցանկություն, ուրիշների մտքերի հանդեպ ուշադրություն.
- օգնենք խորամուխ լինելու «խիղճ» հասկացության իմաստի մեջ ու խղճով ապրելու.
- արթնացնենք ու զարգացնենք ճանաչողական կիրք, սեր դժվարությունների և իմացության հանդեպ, հետաքրքրություն գիտելիքի հանդեպ և հետաքրքրասիրություն…
Սա հենց այն բովանդակալից դաստիարակչական գործունեության նախնական ծրագիրն է, որ մենք կարող էինք մտածել մեր Երեխայի համար: Այս ամբողջ բովանդակությունը կարող է տեղավորվել երկու հասկացության մեջ՝ սիրտ ու բանականություն:
Արժանավորություն դաստիարակելը ազնվացնելն է Երեխայի սիրտը և բանականությունը:
Լև Նիկոլաևիչ Տոլստոյի միտքը կօգնի մեզ ավելի խորը հասկանալու մարդասիրական դաստիարակության բովանդակային էությունը: Նա գրում է.
«Ես ենթադրում եմ, որ առաջին ու գլխավոր գիտելիքը, որը սովորաբար ամեն ինչից առաջ են փոխանցում երեխաներին ու սովորող մեծերին, պատասխանն է հավերժական ու անխուսափելի հարցերի, որ սկզբնավորվում են գիտակցականության եկող ամեն մարդու հոգում: Առաջին՝
- Ի՞նչ եմ ես, և ի՞նչ վերաբերմունք ունեմ հավերժական աշխարհի հանդեպ:
Եվ երկրորդ, որ բխում է առաջինից՝
— Ինչպե՞ս ապրեմ, ի՞նչը միշտ՝բոլոր հնարավոր պայմաններում, համարեմ լավ և ի՞նչը միշտ՝բոլոր հնարավոր պայմաններում, համարեմ վատ»:
Մենք ամենայն հավանականությամբ ջանում ենք առաջացնել այս հարցերը մեր Երեխայի գիտակցության մեջ: Բայց մեզ համար էլ գուցե լավ կլիներ փնտրել այս հարցերի պատասխանները: Իսկ որտե՞ղ փնտրել. այդ մասին Լև Նիկոլաևիչն ասում է. «Այս հարցերի պատասխանները միշտ եղել են և կան ամեն մարդու հոգում»: Պատասխանների բացատրությունները, ասում է Լև Նիկոլաևիչը, գտնվում են կրոնական և բարոյական այն ուսմունքներում, որ ձևակերպվել են աշխարհի լավագույն մտածողների կողմից՝ Մովսեսից, Սոկրատեսից, Կրիշնայից, Բուդդայից, Կոնֆուցիուսից, Քրիստոսից, Մոհամմեդից մինչև Ռուսսո, Կանտ, պարսկական Բաբ, հնդիկ Վիվեկանանդա, Էմերսոն, Սկովոռոդա և ուրիշներ:
Մեր դաստիարակչական գործընթացը կդառնա մարդասիրական և անհատական, եթե մենք՝
- կառուցենք Երեխայի հետ հարաբերությունները նրա բնույթին ու էությանը համապատասխան,
- ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա,
- փնտրենք նրա հետ բարեկամության ու համագործակցության ուղիներ, հոգևոր միասնության ուղիներ,
- տոգորված լինենք ըմբռնողականությամբ ու ստեղծագործական համբերատարությամբ,
- Երեխայի՝ պահվածքի նորմերի և համաձայնեցված պայմանականությունների խախտելու դեպքում սովորենք ստեղծել այնպիսի հոգևոր-բարոյական իրավիճականեր, որոնք կծնեն զղջման, ապաշխարանքի, խոստովանանքի, ներման, ինքնապատժի զգացումներն ու ապրումները:
Ամեն դեպքում ասենք. բղավոցները, գրգռվածությունը, զայրույթը, նվաստացումը, ծաղր ու ծանակը, բռնությունը, ստորացումները և նմանատիպ գործողությունները, ավիրում են մարդասիրական մանկավարժության գործընթացը, դրանք մեզ վայել չեն, և դրա համար էլ մենք այրում ենք դրանք, իսկ մոխիրը հանձնում հողին:
Մեր դաստիարակչական գործընթացը մարդասիրական կդառնա, եթե հասկանանք, որ՝
- Երեխայի հանդեպ մեր սիրո իմաստը ոչ միայն այն է, որ մենք այլ կերպ չենք կարող, այլև այն, որ նա էլ հոգատար սիրով արձագանքի մեզ և դա դրսևորի նաև ուրիշների հանդեպ.
- Երեխայի հանդեպ հոգատարության իմաստն այն է, որ ոչ միայն պաշտպանենք նրան միջավարի ավերիչ ազդեցությունից, այլև այն, որ մեր հոգատարությունը նրա հոգում վերափոխվի մեր ու շրջապատողների հանդեպ հոգատարության.
- Երեխայի հանդեպ մեր բարության իմաստը ոչ միայն այն է, որ մենք նրա համար ոչինչ չխնայենք, այլև այն, որ նրա հոգում ծնունդ առնի պատասխան բարություն մեր և բոլորի հանդեպ.
- մեր բոլոր արարքների իմաստը ոչ միայն այն է, որ մենք ապրում ենք ու կատարելագործվում, այլև այն, որ Երեխան էլ ընդունի դրանք որպես կանոն իր կենսագործունեության համար:
Ծնողական կույր սերը Երեխային արժանավորության չի տանում:
Ծնողական՝ ինքնամոռացման աստիճանի հոգատարությունը նույնպես մարդասիրական դաստիարակության օգտին չէ:
Անձնական նվաստացման աստիճանի ծնողական բարությունը հակառակ է մարդասիրական դաստիարակությանը:
Այսպիսի անխոհեմ հաճկատարությունը տխուր իրականություն է ծնում, երբ ծնողները սրտի ցավով հայտնաբերում են, թե ինչքան անշնորհակալ մարդ է դարձել արդեն մեծացած իրենց Երեխան, այնինչ որքա՛ն բաներից ենք մենք մեզ զրկել, որ նրա համար լավ լինի:
Մարդասիրական դաստիարակության գործընթացում, որի նշանակետը Արժանավոր Մարդու դաստիարակումն է, մենք մեզ արժանավոր պիտի պահենք:
Մեր սերը, մեր բարությունը, հոգատարությունն ու նվիրվածությունը և մնացած ամեն ինչը, որ մենք ի սրտե նվիրում ենք Երեխային, նախ և առաջ դաստիարակչական պետք է լինեն, այլ ոչ թե հաճկատարություն: Քիչ է, որ Երեխան այդ բոլորի համար ամեն անգամ մեզ շնորհակալություն է հայտնում: Մի՞թե մենք «շնորհակալության» համար ենք ջանում:
Հարկավոր է մանկավարժորեն այնպես գեղեցիկ ու հույսի այնպիսի զգացումով Երեխային փոխանցել մեր հոգու բոլոր արժանիքները, որ նա ոչ թե դրանք՝ այդ արժանիքները, ընդունի, այլ մեզ՝ այդ բոլորով հանդերձ, և որ նա զմայլվի ոչ այնքան դրանցով, որքան մեզանով:
Դաստիարակության գործընթացում չի կարելի այդքան հեշտ ցրիվ տալ սերը, հոգատարությունը, բարությունը, ինքնազոհողությունը, այլ դա պետք է անել պտղատու ծառը հոգատարորեն ջրելու պես:
Վերջապես մեր դաստիարակչական գործընթացը մարդասիրական և Երեխայի անհատականությանն ուղղված կլինի, եթե մենք ինքներս էլ ձգտենք հոգևոր մարդասիրության, քանզի մենք ենք այդ գործընթացի ոգեշնչողներն ու արարողները: Այն կլինի այնպիսին, ինչպիսին մենք ենք:
Թող որ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի ստորև մեջբերված միտքը մեզ չի վերաբերում, բայց համենայն դեպս մեջբերենք: Նա գրում է. «Երեխաները բարոյապես ավելի խորաթափանց են մեծերի համեմատությամբ, և նրանք, հաճախ առանց ցուցադրելու ու գիտակցելու, տեսնում են իրենց ծնողների ոչ միայն բոլոր թերությունները, այլև այդ թերություններից ամենավատթարը՝ ծնողների կեղծավորությունը, և կորցնում են հետաքրքրությունն ու հարգանքը նրանց սովորեցրածի հանդեպ… Երեխաները զգայուն են և նկատում են դա անմիջապես, և՛ երես են թեքում, և՛ երես են առնում»:
Նախերգ. հոգևոր աշխարհի մասին
Առանց հոգևոր աշխարհի մարդը գոյություն չունի:
Չկա մարդ՝ առանց իր սեփական, մյուսներից թաքուն ներքին աշխարհի, որտեղ նա ապրում է հոգևոր կյանքով:
Ոմանց համար այդ աշխարհը լուսավոր է ու հարուստ:
Ոմանց համար՝ խղճուկ ու աղքատ:
Որոշների համար էլ չար է ու ատելությամբ լի:
Եվ ամեն ոք իր աշխարհում յուրովի է ապրում:
Մարդը մշտապես է ապրում իր հոգևոր աշխարհում՝ ոչ մի րոպե չլքելով այն:
Բայց ոմանք սիրում են իրենց հոգևոր աշխարհը. դա նրանց համար տաճար է, ապրում են այնտեղ գիտակցորեն, ստեղծագործաբար, աճում են ու զարգանում:
Մյուսներն այնտեղ ապրում են կիսագիտակից, ծուլորեն, առանց որոշակի ցանկության՝ չիմանալով ինչ անել:
Մարդն ապրում է հոգևոր աշխարհում արտաքին աշխարհի կյանքին զուգահեռ: Հոգևոր կյանքն ու նյութական կյանքը անբաժան են իրարից՝ չնայած կեցության լիովին տարբեր ասպարեզներ են. հոգևոր կյանքը կեցության բարձրագույն ասպարեզ է, և նրանից է սկիզբ առնում արտաքին կյանքը:
Երկու կյանքերն էլ՝ թե՛ ներքինը, թե՛ արտաքինը, ռեալ են ու իսկական: Բայց առաջինը ոչ նյութական է ու քողարկված: Իսկ արտաքին կյանքը բաց է ու նյութականացված:
Այն կենսակերպը, որ գոյություն ունի հոգևոր աշխարհում, որքան էլ խղճուկ լինի, շատ ավելի լայն է ու բազմակողմանի, քան կյանքն արտաքին աշխարհում: Դա նրանից է, որ ներքին կյանքում պայմանականություններ ու սահմանափակումներ չկան, կյանքն այնտեղ ազատ է: Արտաքին աշխարհը լի է պայմանականություններով, և կյանքն այնտեղ հոսում է բազում սահմանափակումների շրջանակում:
Հոգևոր կյանքը արտաքին կյանքի մայրն է, արտաքին կյանքը՝ հոգևոր կյանքի ստվերը:
Առաջին մարդը՝ Ադամը, օժտված է եղել մտածելու ունակությամբ, այսինքն՝ հոգևոր աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հոգևոր կյանքով ապրելու ունակությամբ: Ամբողջ արտաքին աշխարհը նա ընկղմել է իր նախաստեղծ հոգևոր աշխարհի մեջ: Այնտեղ՝ իր հոգևոր աշխարհում, նա պատկերացնում էր արտաքին աշխարհը՝ ձևափոխված վիճակով, իսկ հետո փորձում էր փոխել այն: Ինչ-որ բան ստացվեց, բայց շատ բան փոփոխության ենթակա չէր:
Այդպես է նաև այսօր. մենք մշտապես ընկղմում ենք մեր արտաքին աշխարհը մեր ներքին աշխարհի մեջ, այնտեղ երևակայորեն փոփոխում ենք այն, իսկ հետո ջանում ենք վերակառուցել արտաքին աշխարհն այնպես, ինչպես մեր մեջ պատկերացնում էինք: Եվ տեսնում ենք, որ ամեն ինչ չէ, որ ստացվում է: Գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ ուժեր, որոնք մեր ազատությունը չեն հանդուրժում արտաքին աշխարհում այնպես, ինչպես այն կարող է իրականանալ ներքին աշխարհում:
Երկրի վրա մարդկանց կյանքն ընդհանրապես կարելի է պատկերացնել որպես նրանց ներքին աշխարհների արտաքին երկխոսություն: Ժամանակ առ ժամանակ (և շատ հաճախ) ընդհարումներ են տեղի ունենում այդ ներքին աշխարհների միջև, իսկ արտաքին աշխարհում այդ ժամանակ առաջանում են բախումներ, հակամարտություններ, ագրեսիաներ, պատերազմներ, իշխանափոխություններ, հեղափոխություններ:
Արտաքին աշխարհում ամբողջ կյանքը, որքան էլ այն գեղեցիկ կամ այլանդակ լինի, նախորդ և ներկա սերունդների մարդկանց հոգևոր աշխարհի հաստատված կամքն է: Մեզանից, մեր գիտակցությունից, այսինքն՝ մեր հոգևոր կամքից է կախված իրավիճակները և արտաքին կյանքի պատկերը փոխելը այնպես, որ արագանա մեր բարեշրջության առաջընթացը:
Պարզ է, որ եթե հոգևոր աշխարհում թագավորում են պայծառ կերպարներ ու մտքեր, ազնվացնող զգացմունքներ ու ձգտումներ, եթե նրանում իշխում է մշակույթը, և եթե կյանքն այնտեղ հերոսական է, ապա այդպիսի հոգևոր աշխարհով մենք կարող ենք մեր արտաքին աշխարհում հաստատել վսեմ, ոգեշունչ արժեքներ:
Եթե այդ աշխարհը լի է խավարով, չարությամբ, նախանձով ու ատելությամբ, եթե այնտեղ բոլորի համար իշխում է սեփականատիրության, գոռոզամտության, եսամոլության զգացումը, և կյանքը ենթարկվում է այս ձգտումներին, ապա այսպիսի ներքին աշխարհով մենք չարիք ու կործանում կբերենք շատերին, և ոչ միայն ներկայում, այլև ապագայում:
Ռապսոդիա. «պապիկը, տատիկը և ես»
Սինտիի հարցը.
— Պատմեք, խնդրում եմ, ձեր մանկության հոգևոր աշխարհի մասին:
Հոգևոր աշխարհը տարիք չունի. այն կարող է հարուստ կամ աղքատ լինել, բայց ոչ երիտասարդ կամ ծեր, մանկական կամ մեծահասակի: Այն կերպարները, որոնցով մանկության ժամանակ լցվում է հոգևոր աշխարհը, բոլորովին էլ մանկական չեն: Նրանք նման են սերմերի, որոնք ժամանակի ընթացքում աճում են ու բացվում՝ ազնվազարմ պտուղներ պարգևելով: Իսկ քանի որ սերմերը տարբեր են լինում, ապա դրանք կարելի է ցանել և՛վաղ գարնանը, և՛ ուշ աշնանը: Տարիքը չի սահմանափակում մարդու կողմից նոր կերպարների ընդունումը:
Մենք՝ Երեխայի դաստիարակության հետ գործ ունեցող բոլոր մեծերս, սերմնացաններ ենք և ոչ թե հնձվորներ: Մենք ցանում ենք խնամքով ընտրված ու մաքրված սերմերը. դրանք մեր սիրո ու բարության, ստեղծականության ու արարումի, հոգատարության ու հուզումների, իմաստնության ու լավախոսության կերպարներն են: Հետագայում սերմերը սկսում են ապրել հոգևոր աշխարհում՝ մարդուն իմաստնություն ու փորձառություն պարգևելով, նրա մեջ ազնվացնելով զգացմունքները: Այլ կերպ ասած՝ մանկության ժամանակ և կյանքի հաջորդող տարիներին ձեռք բերած կերպարները կարող են կրթել՝ սնուցել մարդու հոգևոր հենարանը ցանկացած տարիքում՝ ներառյալ ծերությունը:
Ուստի, կարող եմ պատմել ոչ թե իմ մանկության հոգևոր աշխարհի, այլ այն կերպարների մասին, որոնք համակում էին ինձ պատանեկության ու երիտասարդության տարիներին, և որոնք հետագայում դարձան իմ հոգևոր աշխարհի հենարանն ու բովանդակության էությունը:
Մանկությանս տարբեր ժամանակահատվածներում իմ մեջ կերպարներ են սերմանել ինձ սիրող ու իմ մասին հոգ տանող մարդիկ՝ մայրս, պապս, տատս: Հայրս նույնպես հասցրել է իմ մեջ գեղեցիկ կերպարներ թողնել: Հետո նա զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Ես 12 տարեկան էի այդ ժամանակ:
Իմ հոգևոր աշխարհում մինչև հիմա ապրում և բացահայտվում են կերպարներ, որոնք սերմանվել են իմ մեջ այդ ժամանակվանից:
Դա իմ՝ գյուղացի, խաղողագործ, քարակերտ տներ կառուցող և կրաքար վառող վարպետ պապի կերպարն է: Սիրում էի նրա հետ լինել, օգնել նրան, հարցեր տալ:
Ես վեց տարեկան էի: Նա երկար, իրար հավասար փայտեր էր ամրացնում խաղողի տնկիների կողքին, և վազերը կապում դրանց: Հարցրի.
— Պապի՛կ, ինչո՞ւ ես այդպես անում:
Ասաց.
— Խաղողի վազը՝ ինքն է ուզում, որ ես ամրացնեմ իրեն հավասար փայտերին:
— Ինչո՞ւ:
— Առանց հենարանի նա կփռվի հողի վրա և չի աճի, նշանակում է, երեխաներն էլ լավը չեն ծնվի:
— Ի՞նչ երեխաներ, պապի՛կ:
— Ինչպե՞ս թե՝ ինչ: Խաղողի ողկույզները:
— Իսկ եթե կապես փայտի՞ն:
— Այդ դեպքում նա կաճի ուղիղ ու հավասար, ու հարուստ բերք կտա:
Ապա մի փոքր դադարից հետո ավելացրեց.
— Ես էլ քեզ համար եմ փայտ, իսկ դու տնկին ես:
— Բայց մենք կապված չենք իրար:
— Ինչպե՞ս թե՝ կապված չենք: Ես քեզ եմ սիրում, դու՝ ինձ: Ուրիշ ի՞նչ է պետք, որ մենք կապված լինենք:
Այս կերպարը վառվում էր իմ մեջ և հաճախ էր ինձ հիշեցնում իմ մասին, պապիկիս մասին: Տասնամյակներ էին անցել: Մի անգամ ես մի մանկավարժական գիրք տեսա՝ կազմի վրա նկար. խաղողի որթի մոտ մի ծնկի վրա հենված է ծերունին և կապում է ընձյուղը ուղիղ փայտին, որ ամրացված է կողքին: Նորից իմ մեջ արթնացավ պապիկի կերպարը, ու ես մտածեցի. խաղողի ընձյուղը ես եմ, ուղիղ փայտը՝ պապիկս: Իսկ ո՞վ է այն ծերունին, որ կապում է մեզ իրար հետ: Գուցե Աստվա՞ծ: Գուցե Բնությո՞ւնը: Եվ ես սկսեցի մանկավարժության մեջ զարգացնել կապվածության մասին օրենքի գաղափարը:
Իսկ հիմա՝ տատիկի կերպարի մասին:
Ողջ ամառը ես անցկացնում էի գյուղում՝ տատիկի ու պապիկի մոտ: Քնելուց առաջ տատիկը նստում էր իմ գլխավերևում ու սկսում էր աղոթք շշնջալ:
Ես ծիծաղում էի ու ասում.
— Ո՞ւր է քո Աստվածը, տատիկ: Աստված չկա:
Նա անմիջապես փակում էր իմ բերանը ձեռքի ափով:
— Այդպես մի՛ ասա, տղաս, Աստված կա, Նա քեզ սիրում է,- ու շարունակում էր աղոթք շշնջալ:
Նա այնպես քնքշորեն, հավատով, ինքնամոռացությամբ, այնպիսի մեղմ շշուկով էր աղոթք կարդում, որ հոգիս սկսում էր վայելքից հալչել, ու ես ընկղմվում էի քաղցր քնի մեջ:
Ժամանակ անցավ: Տատիկի աղոթքների կերպարը ավելի հաճախ էր հայտնվում իմ գիտակցության մեջ ու ինչ-որ տեղ ձգում։ Ծնվեցին երեխաներս, և ինչպես տատիկս, ես էլ քնից առաջ սկսեցի նրանց նույն աղոթքը կարդալ: Իսկ տասնամյակներ անց, երբ տարվեցի դասական մանկավարժությամբ, ինքս ինձ համար զարմանքով բացահայտեցի, որ մակավարժական մտքի գագաթների ստեղծած ամբողջ դասական գրականությունը հիմնված է ոչ այնքան, այսպես կոչված, գիտական հիմքի, որքան Քրիստոնեական ուսմունքի վրա: Եվ ես կանխադրույթ առաջադրեցի, որ ամեն սկզբի սկիզբն Արարիչն է: Դա օգնեց ինձ կրթական համակարգը այլ կերպ՝ հոգևոր հայացքով տեսնելու:
Վերադառնանք պապիկիս:
Տոթակեզ ամառ էր:
Նա աշխատում էր խաղողի այգում, իսկ ես կեսօրին տատիկի ուղարկած հացն էի տարել նրան: Մենք տեղավորվեցինք քողտիկում: Պապիկը ձեռքի ափով ճակատից սրբեց առատ քրտինքը ու սափորից մի կում ջուր խմեց:
— Տոթ է,- ասաց։
— Այո՛, պապիկ, այսօր շատ տոթ է,- համաձայնեցի:
— Տղա՛ս, ես աշխատում էի այս տոթին ու այս ամբողջ ընթացքում մտածում, թե պե՞տք է վրդովվել, որ Արեգակը այսպես ուժեղ այրում է: Իսկ եթե մի օր նա ընդհանրապես մարի, ի՞նչ կլինի: Չէ՞ որ այս երկնային կրակը, վերջիվերջո, մի օր պիտի մարի: Ի՞նչ կլինի հետո: Դու բանիմաց ես: Բացատրի՛ր ինձ, խնդրեմ, ի՞նչ է ասում այդ մասին գիտությունը:
Ես այն ժամանակ յոթերորդ դասարանում էի: Այդպիսի խնդրի մասին դեռ չէի մտածել:
— Չգիտեմ, պապիկ, ինձ դա չեն սովորեցրել:
— Լավ, մեզ գիտություն պետք չէ, դու ինքդ գիտություն ես: Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչ կլինի մեզ հետ, եթե Արեգակը սկսի մարել: Ես հազիվ կարողանում եմ կրաքար վառել, խաղողի այգի խնամել: Իսկ դու գիտնական ես, մտածի՛ր ու ասա՛ ինձ:
Ես շփոթված էի: Սկսեցի մտածել, երևակայել: Արեգակն ու ամբողջ Տիեզերքը մտան իմ մեջ որպես իմ ոգու մի մասնիկը:
Արեգակը կարող է խավարել, ասում էր պապիկը: Ես նստեցի ու սկսեցի տրակտատ գրել՝ «Աշխարհի վերջի սկիզբը»: Դա իմ տիեզերական մտածողության փորձն էր: Այդ ժամանակ ես ես չէի, այլ մի տիեզերական էություն, որ զննում էր Երկրի ու երկրացիների կյանքը Արեգակի խավարման դարաշրջանում: Ես հուզվում էի, տառապում, վախենում Երկրի վրա կատարվող այդ իրադարձություններից, որ քննում էի, ու ելք էի փնտրում:
Տրակտատը երկար ստացվեց: Ես այն կարդացի պապիկին: Նա ուշադիր լսեց, ապա երկար լռեց: Իսկ մի քանի օր անց ասաց ինձ.
— Դու պիտի ելք գտնես, որ Երկիրը փրկվի: Արեգակը կարող է մարել, բայց տես՝ կյանքը չմարի…
Պապիկի այս հարցերն իմ գիտակցությունն ուղղորդեցին կրթական խնդիրների բացահայտման փնտրտուքին հոգևոր և տիեզերական աշխարհահայեցողության միջոցով:
Ուզում եմ մի վերապահություն անել. իմ հոգևոր աշխարհում այս և մյուս կերպարների բացահայտումն ու զարգացումը ուղղագիծ չեն եղել: Կերպարների կյանքը հոգևոր աշխարհում ավելի բարդ երևույթ է, քան ես նկարագրեցի: Ես միայն փորձեցի ցույց տալ, որ կերպարները հոգևոր աշխարհի կենդանի գոյությունների պես են և նույնպես աճում են ու բացահայտվում մեզ հետ միասին:
Ռապսոդիա. «Ասա աստվածամորը»
Նինցայի հարցը.
Ինչպե՞ս վերաբերվել Երեխայի կրոնական կողմնորոշմանը:
Դիտավորությամբ, պահանջելու և սպառնալիքի ուժով Երեխային հավատացյալ դարձնել չի լինի: Ընդհանրապես հավատի զգացումը ի սկզբանե կա նրա մեջ, բայց այն ազատ է կրոնից: Դրա զարգանալուն զուգընթաց՝ հարազատների, մարդկանց, իր ընդունակությունների, սիրո, բարեկամության և այլնի հանդեպ հավատ, Երեխան մոտենում է կրոնի ազատ ու գիտակից ընկալմանը: Դրան նպաստում է նաև այն, որ Երեխան ուշադրություն է դարձնում իր հոգևոր աշխարհին ու բնության մեջ եղած գեղեցկության աշխարհին: Հարկավոր է օգնել Երեխային՝ փիլիսոփայելու կյանքի, տիեզերքի, անսահմանության, հոգու, անմահության մասին: Այս ամենի շարքում թող նա տեսնի նաև մեզ՝ հավատացյալ ծնողներիս, թող հետևի, թե մենք ինչպես ենք պաշտում մեր հավատը, ինչպես ենք ապրում հավատի օրենքներով: Թող ուղեկցի մեզ եկեղեցի (սինագոգ, մզկիթ), կարող է մոմ վառել, նույնպես աղոթել: Կարելի է խորհուրդ տալ նրան քնից առաջ աղեթել Աստծուն, Նրա հետ առանձին խոսել հոգում, պատմել ապրած օրվա մասին:
Բայց այս բոլորը մենք պետք է անենք առանց Երեխային խորամանկորեն գայթակղելու, անկեղծորեն: Աղոթելու, նստելու ու մեր կրոնական զրույցներն ու քարոզները լսելու պարտադրանք չի կարելի: Ցանկացած պարտադրանք, անգամ բարի նպատակներով արվածը, Երեխայի մեջ ժխտում է առաջացնում:
Ահա թե ինչ է գրում այդ առիթով Կոնստանդին Դմիտրևիչ Ուշինսկին. «Երեխայի կրոնական զարգացումը պետք է նրա ինքնուրույնության, յուրօրինակ ստեղծագործության պտուղը լինի, որի արդյունքում նրան պետք է հնարավորություն տրվի՝ հանգելու իր սեփական՝ հոգուց ազատորեն ու բնականորեն բխած, ոչ թե դրսից ուղղակի կամ անուղղակի բռնությամբ պարտադրված կրոնին: Տվյալ դեպքում ճշմարիտ դաստիարակի խնդիրը սահմանափակվում է միայն երեխաներին իրենց ազատ կրոնական գործունեության համար ավելի ընդարձակ նյութեր հասցնելով»:
Իսկ ահա թե ինչ են ասում մեզ իմաստուններ Եպիֆանը և Պորփյուրը: Եպիֆան իմաստունն ասում է.
«Ավելի շատ Աստծուն ձեր երեխաներից պատմեք, քան երեխաներին՝ Աստծուց:
Պատանու հոգին ազատություն է տենչում:
Դրա համար էլ նա դժվարությամբ է ընդունում տարատեսակ խորհուրդներ:
Փոխանակ նրան մշտապես խորհուրդներ տալու և ցանկակած մանրուքի համար նախատելու՝ թողեք դա Քրիստոսին, Աստվածամորը, սրբերին և խնդրեք Նրանց խելքի բերել նրան»:
Իմաստուն Պորփյուրն ասում է.
«Մի՛ ճնշիր քո երեխաներին։
Ինչ որ ուզում ես նրանց ասել, ասա՛ աղոթքով:
Երեխաները ականջով չեն լսում:
Միայն այն ժամանակ, երբ գալիս է նրանց աստվածային երանությունն ու լուսավորումը, լսում են, թե մենք ինչ ենք ուզում ասել իրենց:
Եթե ուզում ես ինչ-որ բան ասել երեխաներիդ, ասա դա Աստվածամորը, և Նա ամեն ինչ կանի»:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան