Ողորմած տեր,

Դուք գրում եք ինձ, որ արտահայտվեմ Հյուսիսամերիկյան նահանգների և Անգլիայի առիթով՝  «ի շահ քրիստոնեական հետևողականության և իրական խաղաղության», և հույս եք հայտնում,  «որ ժողովուրդները շուտով կարթնանան և իրենց ձեռքերը կպարզեն դեպի միջազգային խաղաղության ապահովման միակ միջոցը»:  

Ես նույն հույսն եմ փայփայում: Նույն հույսն եմ փայփայում այն պատճառով, որ կուրացումը, որը մեր ժամանակներում պատել է հայրենասիրությունը գովերգող ու իրենց երիտասարդ սերունդները հայրենասիրության սնոտիապաշտությամբ դաստիարակող, միևնույն ժամանակ հայրենասիրություն-պատերազմի անխուսափելի հետևանքները չկամեցող ժողովուրդներին, իմ կարծիքով, հասել է վերին աստիճանին, երբ բավական է ամենապարզ, նախապաշարումից ազատ ցանկացած մարդու լեզվի ծայրից կախված մի դատողություն, որ մարդիկ տեսնեն այն աղաղակող հակասությունը, որում իրենք են:  

Հաճախ, երբ երեխաներին հարցնում ես, թե երկու անհամատեղելի իրենց համար ամենացանկալի բաներից ո՞րն են ընտրում, նրանք պատասխանում են՝ և՛ սա, և՛ մյուսը: Ի՞նչ ես ուզում՝ սահելո՞ւ գնալ, թե՞տանը խաղալ: Ե՛վ սահելու գնալ, և՛ տանը խաղալ:

Նույն կերպ քրիստոնյա ժողովուրդները պատասխանում են կյանքի առաջադրած հարցին՝ երկուսից ո՞րն են ընտրում՝ հայրենասիրությո՞ւնը, թե՞ խաղաղությունը: Պատասխանում են՝ հայրենասիրություն և խաղաղություն, թեև հայրենասիրությունն ու խաղաղությունը միավորելը նույնքան անհնար է, որքան միևնույն ժամանակ սահելու գնալն ու տանը մնալը:   

Օրերս Հյուսիսամերիկյան Նահանգների և Անգլիայի միջև բախում եղավ Վենեսուելայի սահմանների պատճառով: Ինչ-ինչ բանի Սոլսբերին չհամաձայնեց, Քլիվլենդն ուղերձ գրեց սենատ, հնչեցին երկկողմանի հայրենասիրական և ռազմատենչ կոչեր, բորսայում խուճապ սկսեց, մարդիկ միլիոնավոր ֆունտեր ու դոլարներ կորցրին, Էդիսոնը հայտարարեց, որ այնպիսի արկեր է ստեղծում, որոնցով ժամում կարելի կլինի ավելի շատ մարդ սպանել, քան Աթիլլան է սպանել իր բոլոր պատերազմների ընթացքում, և երկու ժողովուրդն էլ սկսեց եռանդով պատերազմի պատրաստվել:

Բայց արդյոք ա՞յն պատճառով, որ պատերազմի այս պատրաստությունների հետ, ինչպես Անգլիայում, այնպես էլ Ամերիկայում, տարբեր գրողներ, արքայազններ ու պետական այրեր սկսեցին երկու երկրի կառավարություններին էլ հորդորել, որ ձեռնպահ մնան պատերազմից, որ գժտության թեման այնքան կարևոր չէ, որ պատերազմ սկսեն, մանավանդ երկու ազգական, միալեզու, անգլո-սաքսոնական ժողովուրդների միջև, որոնք պետք է ոչ թե պատերազմեն իրար հետ, այլ հանգիստ իշխեն այլոց վրա, թե՞ այն, որ դրա համար իրենց եկեղեցիներում աղոթում ու քարոզ էին կարդում բոլոր տեսակի եպիսկոպոսները, սարկավագները, կանոնիկոսները, թե՞ այս և այն կողմերն իրենց դեռ պատրաստ չէին համարում, բայց պատահեց այնպես, որ այս անգամ պատերազմ չի լինի:  Եվ մարդիկ հանդարտվեցին:

Սակայն ինչքան քիչ պիտի լինի խորաթափանցությունը, որ չեն տեսնում՝ Անգլիային ու Ամերիկային հակամարտության հասցրած պատճառները նույնն են մնացել, և եթե նույնիսկ ներկայիս հակամարտությունը լուծվի առանց պատերազմի, միևնույն է, վաղը, վաղը չէ մյուս օրն անխուսափելիորեն այլ  հակամարտություններ կծագեն Անգլիայի և Ամերիկայի, Անգլիայի և Գերմանիայի, Անգլիայի և Ռուսասատանի և Անգլիայի ու Թուրքիայի միջև՝ բոլոր հնարավոր տեղաշարժներով, ինչպես դրանք ծագում են ամեն օր, և նրանցից որևիցէ մեկն անշուշտ պատերազմի կհասցնի:

Չէ՞ որ, եթե կողք կողքի ապրում են երկու զինված մարդիկ, որոնց փոքրուց ներշնչել են, թե հզորությունը, հարստությունն ու փառքն ամենաբարձր առաքինություններն են, և թե այդ իսկ պատճառով ի վնաս ուրիշ հարևան տիրակալների, զենքով հզորությունը, հարստություն ու փառք վաստակելն ամենագովելի արարքն է, ընդ որում, այդ պարագայում նրանց հանդեպ չկա ոչ մի բարոյական, կրոնական ու պետական սահմանափակում,-  մի՞թե ակնհայտ չէ, որ նման մարդիկ միշտ պատերազմելու են, որ նրանց նորմալ փոխհարաբերությունը պատերազմն է լինելու, և եթե այդպիսի մարդիկ, կռվի բռնվելով, ժամանակավորապես հանդարտվել են, ապա դա արել են ֆրանսիական poor mieux sauter առածի համաձայն, այսինքն՝ թափ են հավաքում, որպեսզի ավելի ուժգին թռչեն, ավելի կատաղի հարձակվեն իրար վրա:

Մասնավոր անձանց էգոիզմը սարսափելի է, բայց մասնավոր կյանքի էգոիստները զինված չեն, ո՛չ զենք պատրաստելը, ո՛չ այն իրենց մրցակիցների դեմ կիրառելը լավ բան չեն համարում. մասնավոր անձանց էգոիզմը և՛ պետական իշխանության, և՛ հասարակական կարծիքի հսկողության ներքո է:  

Մասնավոր անձին, որ զենքը ձեռքին հարևանի կովը կխլի կամ մի դեսյատին ցանքը, ոստիկաններն անմիջապես կբռնեն ու բանտ կնստեցնեն: Բացի դրանից, այդ մարդուն հասարակական կարծիքը կդատապարտի, նրան գող ու թալանչի կանվանեն:

Բացարձակ այլ է պետությունների դեպքում. բոլորը զինված են, նրանց վրա ոչ մի իշխանություն չկա, բացի պոչին աղ ցանելով թռչուն բռնելու` միջազգային կոնգրեսներ են հիմնելու մի քանի կոմիկական փորձերից, որոնք երբեք չեն ընդունվի հզոր (նենց դրա համար էլ զինված են, որ ոչ ոքի չլսեն) պետությունների կողմից, և որ ամենակարևորն է, հասարակական կարծիքը, որը դատապարտում է մասնավոր անձի կատարած ցանկացած բռնություն, գովաբանում է, ցանկացած բռնազավթում՝ հանուն իր հայրենիքի հզորության, հայրենասիրական առաքինություն է համարում:     

Ո՛ր ժամանակվա թերթերն ուզում եք բացեք, և միշտ, ցանկացած պահի կտեսնեք մի սև կետ՝ հնարավոր պատերազմի պատճառ` կա´մ Կորեան կլինի, կա´մ Պամիրը, կա´մ աֆրիկյան հողերը, կա´մ Հաբեշստանը, կա´մ Հայաստանը, կա´մ Թուրքիան, կա´մ Վենեսուելան, կա´մ Տրանսվալը:

Ելուզակային աշխատանքը ոչ մի րոպե չի վերջանում, և մեկ այստեղ, մեկ այնտեղ առանց դադարի փոքրիկ պատերազմ է, շղթայական փոխհրաձգության նման, և մեծ, իսկական պատերազմը ցանկացած պահի կարող է և պետք է սկսվի:

Եթե ամերիկացին ցանկանում է բոլոր մյուս ազգերի նկատմամբ Ամերիկայի գերադասելի հզորություն ու բարօրություն, և ճիշտ նույնը ցանկանում է անգլիացին, և նույնը՝ ռուսը, և´ թուրքը, և´ հոլանդացին, և´ հաբեշը, և Վենեսուելայի ու Տրանսվալի քաղաքացին, և´ հայը, և´ լեհը, և´ չեխը, և բոլորը համոզված են, որ այդ ցանկությունները ոչ միայն պետք չէ թաքցնել ու զսպել, այլև այդ ցանկություններով կարելի է հպարտանալ ու դրանք իրենց ու մյուսների մեջ պետք է զարգացնել, և եթե մեկ երկրի կամ ժողովրդի հզորությունն ու բարօրությունը չի կարելի այլ կերպ ձեռք բերել, քան ի վնաս մյուս կամ երբեմն մի քանի այլ երկրների ու ժողովուրդների, էլ ինչպե՞ս կարող է պատերազմ չլինել:

Այդ իսկ պատճառով, որպեսզի պատերազմ չլինի, պետք է ոչ թե քարոզներ կարդալ ու աղոթել Աստծուն, որ խաղաղություն լինի, ո՛չ թե English speaking nations (անգլերեն խոսող ազգերին) հորդորել բարեկամանալ, որպեսզի իշխեն այլ ժողովուրդներին, ո՛չ թե զույգով և եռյակ դաշնություններ կազմել իրար դեմ, ո՛չ թե արքայազններին այլազգի արքայադուստրերի հետ ամուսնացնել, այլ պետք է ոչնչացնել այն, ինչը պատերազմ է ծնում:

Իսկ պատերազմ ծնողը սեփական ժողովրդին բացարձակ բարօրություն ցանկանալն է, այն, ինչ կոչվում է հայրենասիրություն: Ահա, պատերազմը ոչնչացնելու համար հայրենասիրությունը պետք է ոչնչացնել: Իսկ հայրենասիրությունը ոչնչացնելու համար պետք է նախ և առաջ համոզվել, որ այն չարիք է, և հենց սա է, որ դժվար է անել:

Ասեք մարդկանց, որ պատերազմը չարիք է, կծիծաղեն՝ իսկ ո՞վ չգիտի: Ասացեք, որ հայրենասիրությունն է վատ բան, և մարդկանց մեծ մասը կհամաձայնի, բայց մի փոքր վերապահումով:
— Այո, վատ հայրենասիրությունը վատ է, բայց կա և այլ հայրենասիրություն, այն, որ մենք ենք զգում:
— Սակայն ո՞րն է այդ լավ հայրենասիրությունը` ոչ ոք չի բացատրում: Եթե լավ հայրենասիրությունն այն է, որ նվաճողական չէ, ինչպես շատերն ասում են, ապա չէ՞ որ ցանկացած հայրենասիրություն, եթե նվաճողական էլ չէ, ուրեմն անպայման պահպանող է, այսինքն` մարդիկ ուզում են պահպանել այն, ինչ արդեն նվաճված է, քանզի չկա մի երկիր, որ առանց նվաճելու հիմնված լինի, իսկ նվաճվածը պահպանել հնարավոր է միայն նույն այն միջոցներով, որոնցով ցանկացած բան նվաճում են, այսինքն՝ բռնությամբ, սպանությամբ: Իսկ եթե հայրենասիրությունը պահպանողական էլ չէ, ուրեմն վերականգնողական է` նվաճված, ճնշված ազգերի հայրենասիրությունը՝ հայերի, լեհերի, չեխերի, իռլանդացիների ևայլն: Եվ այս հայրենասիրությունը երևի ամենավատն է, որովհետև ամենաչարացածն է և ամենաշատն է բռնություն պահանջում:

Հայրենասիրությունը չի կարող լավը լինել: Ինչո՞ւ մարդիկ չեն ասում, թե եսասիրությունը կարող է լավը լինել, թեև դա գուցե և կարելի է հաստատել, քանի որ եսասիրությունը բնական զգացմունք է, որով մարդ ծնվում է, իսկ հայրենասիրությունը ոչ բնական, մարդուն արհեստականորեն պատվաստվող զգացմունք է:

Կասեն.  «Հայրենասիրությունը մարդկանց միավորել է պետության մեջ և պահպանում է պետությունների անքակտելությունը»: Բայց չէ՞որ մարդիկ պետության մեջ արդեն միավորվել են, էլ ինչի՞ է պետք պետության հանդեպ մարդկանց բացառիկ նվիրումը, երբ այդ նվիրումը սարսափելի աղետներ է բերում բոլոր ժողովուրդներին և պետություններին: Չէ՞որ հենց այն հայրենասիրությունը, որ մարդկանց միավորել է պետությունների մեջ, հիմա կործանում է այդ նույն պետությունները: Դեռ եթե ընդամենը մի հայրենասիրություն լիներ՝ միայն անգլիացիների հայրենասիրությունը, կարելի կլիներ այն միավորող կամ բարի համարել, բայց եթե, ինչպես հիմա է, կան ամերիկյան, անգլիական, գերմանական, ֆրանսիական, ռուսական հայրենասիրություններ, բոլորն էլ իրար հակառակ, հայրենասիրությունը ոչ թե միավորում, այլ բաժանում է: Ասել, որ եթե մարդկանց պետությունների մեջ միավորելով, ինչպես իր ծաղկունքի շրջանում Հունաստանում և Հռոմում, հայրենասիրությունը բարիք է եղել, ուրեմն այդ հայրենասիրությունը 1800 տարվա քրիստոնեական կյանքից հետո, հիմա էլ բարերար է, նույնն է, թե ասեն, որ ինչպես մինչև ցանքսն է վարը օգտակար ու բարերար արտի համար, այդպես էլ բարերար կլինի հիմա, երբ ցանքսն արդեն ծիլ է տվել:

Ախր լավ կլիներ` հայրենասիրությունը պահեինք իբրև մարդկանց երբեմնի բերած օգուտի հիշատակ, ինչպես որ մարդիկ որպես պատմական հուշարձան պահում-պահպանում են տաճարները, դամբարանները և այլն: Սակայն տաճարները կանգուն են՝ որևէ վնաս չհասցնելով մարդկանց, իսկ հայրենասիրությունն անթիվ աղետներ է գործում ամեն վայրկյան:

Ինչի՞ց են հիմա տառապում, իրար մորթում ու վայրենանում հայերն ու թուրքերը: Հայկական ջարդերը դադարեցնելու փոխարեն ինչո՞ւ են Անգլիան ու Ռուսաստանը, ամեն մեկը Թուրքիայից հետո ժառանգության իր բաժնով մտահոգ, սպասում: Ինչո՞ւ են հաբեշներն ու իտալացիք իրար մորթում: Ինչո՞ւ էր համարյա սարսափելի պատերազմ սկսվելու Վենեսուելայի պատճառով, հիմա էլ՝ Տրանսվալի: Իսկ չինա-ճապոնակա՞ն պատերազմը, իսկ թուրքակա՞նը, գերմանակա՞նը, ֆրանսիակա՞նը: Բա նվաճված ազգերի չարությո՞ւնը՝ հայերի, լեհերի, իռլանդացիների: Բա բոլոր ազգերի պատերազմական պատրաստություննե՞րը:
— Այս բոլորը հայրենասիրության պտուղներն են: Արյան ծովեր են թափվել այդ զգացմունքի պատճառով և դեռ կթափվեն, եթե մարդիկ չերբազատվեն իր դարն ապրած այդ մնացուկից: 

Արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու, որ հայրենասիրությունը ոչ միայն Քրիստոսի ուսմունքի (կատարյալ առումով) հետ է բացարձակ անհամատեղելի, այլև քրիստոնեական հասարակության բարոյականության ամենատարրական պահանջների հետ, և յուրաքանչյուր անգամ իմ փաստարկներին պատասխանել են կա´մ լռությամբ, կա´մ մեծամտորեն մատնանշելով, որ իմ արտահայտած մտքերը միստիցիզմի, անարխիզմի և կոսմոպոլիտիզմի ուտոպիստական արտացոլումն են: Հաճախ իմ մտքերը սեղմ կրկնել են, և առարկությունների փոխարեն ավելացրել միայն, որ դրանք ոչ այլ ինչ են, քան կոսմոպոլիտիզմ, կարծես թե այդ  «կոսմոպոլիտիզմ» բառն անդառնալիորեն հերքում էր իմ բոլոր փաստարկները:

Լուրջ, ծեր, խելացի, բարի և կարևորը` լեռան գագաթի քաղաքի պես մարդիկ, որ իրենց օրինակով ակամայից զանգվածներ են ղեկավարում, ձև են անում, թե հայրենասիրության օրինականությունն ու բարերարությունն այն աստիճանի ակնհայտ ու անկասկած է, որ այդ սրբազան զգացմունքի դեմ արված խելացնոր ու թեթևամիտ հարձակումներին չարժե պատասխանել, և մարդկանց մեծ մասը, մանկուց խաբված ու հայրենասիրությամբ վարակված, այդ մեծամիտ լռությունն ընդունում է իբրև ամենահամոզիչ փաստարկ և շարունակում քարանալ իր տգիտության մեջ:

Ահա թե ինչու այն մարդիկ, որ իրենց դիրքի բերումով կարող են զանգվածներին ազատել պատուհասներից և չեն անում դա, մեծ մեղք են գործում: 

Ամենամեծ չարիքն աշխարհում երեսպաշտությունն է: Պատահական չէ, որ Քրիստոսը միայն մեկ անգամ է զայրացել, և դա` փարիսեցիների երեսպաշտության պատճառով: Բայց փարիսեցիների երեսպաշտությունն ի՜նչ է մեր ժամանակների երեսպաշտության առաջ: Մերի հետ համեմատած՝ երեսպաշտ-փարիսեցիներն ամենաարդարամիտ մարդիկ էին, և երեսպաշտության նրանց արվեստը մերոնց արվեստի համեմատ մանկական խաղալիք է: Այլ կերպ չէր էլ  կարող լինել: Ողջ մեր կյանքը՝ քրիստոնեության դավանում, հնազանդության ու սիրո ուսմունք` միաձուլված զինված ավազակաորջի կյանքի հետ, ոչ այլ ինչ է, քան համատարած սարսափելի երեսպաշտություն: Շատ հարմար է դավանել այսպիսի մի ուսմունք, որի մի ծայրին քրիստոնեական սրբությունն է և ուստի` անսխալականությունը, մյուս ծայրին` հեթանոսական սուրն ու կախաղանը, այնպես որ, երբ կարելի է սրբությամբ տպավորություն գործել և խաբել, օգտագործվում է սրբությունը, իսկ երբ խաբելը չի ստացվում, գործի են դրվում սուրն ու կախաղանը: Այսպիսի ուսմունքը շատ հարմար է, բայց գալիս է ժամանակը, որ ստի այս սարդոստայնը քանդվում է, և այլևս անհնար է և՛ մեկ, և՛ մյուս տեսակետներին հարելը, պետք է մեկն ընտրել: Հենց սա է տեղի ունենում հայրենասիրության ուսմունքի հետ հիմա:

Մարդիկ ուզեն, թե չուզեն, հստակ մի հարց է կանգնած մարդկության առաջ` ինչպե՞ս կարող է այն հայրենասիրությունը, որը ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական անթիվ-անհամար տառապանք է պատճառում մարդկանց, պետքական և բարերար լինել: Եվ անհրաժեշտ է պատասխանել այս հարցին: Պետք է կա´մ ցույց տալ, որ հայրենասիրությունն այնպիսի մեծ բարիք է, որ մարդկությանը հասցրած իր ողջ չարիքը կարող է փոխհատուցել, կա´մ խոստովանել, որ հայրենասիրությունը մի չարիք է, որը ոչ միայն պետք չէ պատվաստել ու ներշնչել մարդկանց, այլև պետք է ամբողջ ուժով ջանալ ազատվել նրանից:     

C’ est a prendre ou a laisser (ուզում եք ազատվեք, ուզում եք՝ չէ), ինչպես ասում են ֆրանսիացիները: Եթե հայրենասիրությունը բարիք է, ապա խաղաղություն բերող քրիստոնեությունը սին երազանք է, և որքան շուտ այդ ուսմունքն արմատախիլ արվի, այնքան լավ: Իսկ եթե քրիստոնեությունն իրոք խաղաղություն է բերում, և մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, ապա հայրենասիրությունը բարբարոս ժամանակների մնացուկ է, որը ոչ միայն պետք չէ արթնացնել ու դաստիարակել, ինչպես անում ենք հիմա, այլև պետք է քարոզներով, հորդորելով, արհամարհանքով, քմծիծաղով՝ հնարավոր բոլոր միջոցներով արմատախիլ անել: Եթե քրիստոնեությունը ճշմարտություն է, և մենք ուզում ենք խաղաղ ապրել, ապա ոչ միայն չի կարելի սեփական հայրենիքի հզորությանը համակրել, այլև պետք է ուրախանալ թուլացմամբ ու աջակցել դրան: Պետք է ուրախանալ, որ Ռուսաստանից անջատվում են Լեհաստանը, Օստզեյսի երկրամասը[1], Ֆինլանդիան, Հայաստանը. անգլիացին էլ նույն կերպ պիտի ուրախանա Իռլանդիայի, Ավստրիայի, Հնդկաստանի և մյուս գաղութների վերաբերյալ, և օժանդակի դրան, քանի որ որքան մեծ է պետությունը, այնքան կատաղի ու դաժան է նրա հայրենասիրությունը, այնքան ավելի շատ տառապանք կլինի պետության հզորության հիմքում: Ուստի եթե մենք իսկապես ուզում ենք լինել այն, ինչ քարոզում ենք, ոչ միայն չպետք է ցանկանանք, ինչպես հիմա, մեր պետության ընդլայնումը, այլև պիտի ուզենք նրա փոքրանալը, թուլանալը, և ամբողջ ուժով օժանդակենք դրան: Այդպես էլ պետք է դաստիարակենք երիտասարդ սերունդներին: Պետք է երիտասարդ սերունդներին այնպես դաստիարակել, որ ինչպես որ հիմա իր կոպիտ էգոիզմը ցուցադրելուց է երիտասարդն ամաչում, օրինակ, դրվածը մինչև վերջ ուտելուց, չթողնելով ուրիշներին, թույլին ճանապարհից հրելով, որպեսզի ինքն անցնի, խլելով այն, ինչ ուրիշին է հարկավոր, այնպես էլ ամոթ լինի սեփական հայրենիքի էլ ավելի հզորացումը ցանկանալը, և ինչպես որ հիմա ինքնամեծարումն է համարվում հիմար ու ծիծաղելի, այնպես էլ տգիտություն համարվի սեփական ժողովրդին գովերգելը, ինչպես որ հիմա անում են հայրենական տարբեր ստահոդ  պատմության գրքերում, գեղանկարներում, հուշարձաններում, դասագրքերում, հոդվածներում, բանաստեղծություններում, քարոզներում ու հիմար ազգային հիմներում: Բայց պետք է հասկանալ, որ քանի դեռ գովաբանելու ենք հայրենասիրությունը և սերունդների մեջ դաստիարակելու այն, ունենալու ենք ազգերի թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր կյանքը կործանող զենքեր, լինելու են և պատերազմներ՝ ահավոր, սարսափելի պատերազմներ, նման նրանց, որոնց մենք հիմա նախապատրաստվում ենք, և որոնց շրջանը հիմա մտնում ենք՝ Հեռավոր Արևելքի նոր ահասարսուռ մարտիկներին այլասերելով մեր հայրենասիրությամբ: 

Վիլհելմը կայսրը` մեր ժամանակի ամենածիծաղելի դեմքերից մեկը՝ հռետոր, բանաստեղծ, երաժիշտ, դրամատուրգ ու գեղանկարիչ և կարևորը` հայրենասեր, վերջերս մի կտավ է նկարել, որում պատկերված են Եվրոպայի բոլոր ժողովուրդները՝ ծովի ափին սրերով կանգնած և Միքայել հրեշտակապետի ցուցումով հեռվում նստած Բուդդայի և Կոնֆուցիոսի կերպարներին նայելիս: Ըստ Վիլհելմի մտադրության դա պիտի նշանակի այն, որ Եվրոպայի ժողովուրդները պետք է միավորվեն, որ դիմակայեն այնտեղից եկող վտանգին: Եվ իր 1800 տարով հետ մնացած հեթանոսական, կոպիտ, հայրենասիրական տեսանկյունից նա միանգամայն իրավացի է:

Հանուն իրենց հայրենասիրության Քրիստոսին մոռացած` Եվրոպայի ժողովուրդներն ավելի ու ավելի էին զայրացնում ու այդ խաղաղասեր ժողովուրդներին հայրենասիրություն ու պատերազմ սովորեցնում և հիմա նրանց այնպես են գազազեցրել, որ իսկապես, եթե միայն Ճապոնիան ու Չինաստանն էլ իսպառ մոռացել են Բուդդայի և Կոնֆուցիոսի ուսմունքները, ինչպես որ մենք ենք Քրիստոսինն ենք մոռացել, շատ շուտ կտիրապետեն մարդ սպանելու արվեստին (ինչպես ցույց տվեց Ճապոնիան, դա արագ են սովորում) և, լինելով անվախ, ուժեղ, ճարպիկ ու մեծաթիվ ՝ անխուսափելիորեն եվրոպական երկրներում կանեն այն, ինչ եվրոպական երկրներն անում են Աֆրիկայում, եթե միայն Եվրոպան չկարողանա որևէ ավելի զորեղ բան հակադրել, քան զենքն ու Էդիսոնի հնարքները: «Ոչ է աշակերտ լաւ, քան զվարդապետ իւր. ամենայն կատարեալն եղիցի իբրեւ զվարդապետ իւր:» (Ղուկաս, VI, 40):

Մի արքայիկի հարցին, թե որքան և ինչպես ավելացնի զորքերը, որպեսզի հաղթի հարավային չենթարկվող մի ժողովրդի, Կոնֆուցիոսը պատասխանել է. «Ամբողջ քո զորքը ոչնչացրու, ինչ հիմա ծախսում ես զորքի վրա, օգտագործիր ժողովրդիդ լուսավորելու և հողագործությունը բարելավելու համար, և հարավային ժողովուրդը կվռնդի իր արքայիկին ու առանց պատերազմի կդառնա քո հպատակը»:

Այսպես էր սովորեցնում Կոնֆուցիոսը, որից մեզ խորհուրդ են տալիս վախենալ: Իսկ մենք, Քրիստոսի ուսմունքը մոռանալով, նրան ուրանալով, ուզում ենք բռնի հնազանդեցնել ժողովուրդների՝ դրանով պատրաստելով նոր ու ավելի հզոր թշնամիներ, քան մեր հարևաններն են:

Իմ մի բարեկամ, տեսնելով Վիլհելմի նկարը, ասաց.  «Հրաշալի նկար է: Միայն թե բացարձակ այն չի նշանակում, ինչ մակագրված է: Այն նշանակում է, որ զինված ավազակների տեսքով պատկերված եվրոպական տերություններին Միքայել հրեշտակապետը ցույց է տալիս, թե ինչը կկործանի ու կոչնչացնի նրանց, այն է Բուդդայի հեզությունն ու Կոնֆուցիոսի խելքը»:  Նա կարող էր ավելացնել. «Եվ Լաո-Ցզիի խոնարհությունը»: Եվ իսկապես, մեր երեսպաշտության շնորհիվ մենք այն աստիճանի մոռացել ենք Քրիստոսին, մեր կյանքից վանել ամբողջ քրիստոնեականը, որ Բուդդայի և Կոնֆուցիոսի ուսմունքներն անհամեմատ վեր են կանգնած այն վայրենի հայրենասիրությունից, որով առաջնորդվում են մեր թվացյալ քրիստոնյա ժողովուրդները:

Այդ իսկ պատճառով Եվրոպայի և ընդհանրապես ողջ քրիստոնյա աշխարհի փրկությունն այն չէ, որ Վիլհելմի պատկերածի պես, ավազակների նման թրերը կախած, գցվեն ծովից այն կողմ՝  իրենց եղբայրներին սպանելու, այլ այն, որ, ընդհակառակը, հրաժարվեն բարբարոսական մնացուկից՝ հայրենասիրությունից, և դրանից հրաժարվելով` զենքը հանեն և արևելյան ժողովուրդներին ոչ թե վայրենի հայրենասիրության և գազանության, այլ եղբայրական կյանքի օրինակ ցույց տան, որ Քրիստոսից ենք սովորում:

Մոսկվա: Հունվարի 5, 1896թ.:

Աղբյուրը՝ «Տոլստովյան թերթիկ/Արգելված Տոլստոյ» ամսագիր, երրորդ թողարկում,  «Ավիկո պրեսս» հրատարակչություն, Մոսկվա 1993: 

Թարգմանության աղբյուրը

Թարգմանիչ՝ Սուսաննա Հովհաննիսյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան


[1] Մերձբալթիկայի գերմանական անունը (ծանոթությունը` թարգմանչի): 

One thought on “Հայրենասիրությո՞ւն, թե՞ խաղաղություն”
  1. Հոդվածը կարդալու ժամանակ շատ հակասական զգացումներ ունեցա՝ այո, պետք է ոչնչացնել այն, ինչը պատերազմ է ծնում, բայց արդյոք հայրենասիրությունն է, որ պատերազմ է ծնում, թերևս համաձայն չեմ մնան մոտեցման հետ։ Այո, հայրենասեր մարդը ձգտում է, որ իր երկիրը հզոր լինի, բայց դա չի նշանակում, որ երկիրը կարող է հզորանալ մեկ այլ երկրի հաշվին։ Հնարավոր է, որ մեզ կերակրում են նմանատիպ թեզերով միմիայն նրա համար, որպեսզի հենց իրենց շահերը բավարարեն, նրանք, ում իսկապես պետք են պատերազմներ։
    Ըստ հոդվածի, եթե հայրենասեր ես, պետք է միշտ պատերազմների մեջ լինես, եթե ոչ նվաճելու, այլ գոնե նախկինում նվաճվածը պահելու համար։
    Եթե զուգահեռ տանենք մեր այսօրյա իրականության հետ, ապա ստացվում է ներկայիս կառավարությունը ընտրել է խաղաղության ճանապարհը՝ մի կողմ դնելով հայրենասիրությունը։
    Ի՞նչ է հայրենասիրությունը՝ սեր հայրենիքի նկատմամբ, եթե ըստ հոդվածի սա շատ վատ ու կործանարար է, նշանակում է, որ պետք է վերացվի մարդու արժեհամակարգից, բայց եթե հայրենքի հասկացողությունը վերացնում ենք մարդու ներսից, փոխարենը ի՞նչ ենք տալիս նրան՝ մեկ ազգ, մեկ մշակույթ մոդել, որտեղ չկան ազգություններ, կա մարդ, կա երկիր մոլորակ, որտեղ բոլորն են ապրում։ Չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է, որովհետև՝ հոդվածից մեջբերում․ «Ամբողջ քո զորքը ոչնչացրու, ինչ հիմա ծախսում ես զորքի վրա, օգտագործիր ժողովրդիդ լուսավորելու և հողագործությունը բարելավելու համար, և հարավային ժողովուրդը կվռնդի իր արքայիկին ու առանց պատերազմի կդառնա քո հպատակը»: Այս տարբերակը իսկապես գործող կլիներ, եթե համատարած լիներ, բայց ես համոզված եմ, որ կգտնվեր մեկը, ով զենքով կգար ու կտիրանար արդեն իսկ շենացված երկիրը, իսկ զենք չունեցողը չի կարող պահել այն ինչ ստեղծել է։
    Մեր երկիրն էլ այս ամենի վառ օրինակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով