2024թ․ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է «հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մեքենայական ուսուցում՝ օգտագործելով արհեստական նեյրոնային ցանցեր» («for foundational discoveries and inventions that enable machine learning with artificial neural networks»)։
Այս որոշումը ֆիզիկոսների համար անսպասելի էր։ Չէ՞ որ «մեքենայական ուսուցում», «արհեստական նեյրոնային ցանցեր» եզրույթները, որպես «արհեստական բանականության» առանձին կողմեր, պատկանում են ոչ թե ֆիզիկային, այլ ինֆորմատիկային։ Բայց ինֆորմատիկայից Նոբելյան մրցանակի անվանակարգ չկա։ Չնայած Նոբելյան մրցանակ շնորհվել է և՛ կոսմոլոգիայի բնագավառում աշխատանքների, և՛ լազերային գործիքների, և՛ մանրաթելային օպտիկայի համար, բայց սրանք ամեն դեպքում մոտ են «Ֆիզիկա» բնագավառին։ Իսկ, ա՛յ ինֆորմատիկան․․․
Հատկապես, որ կիբեռնետիկական հետազոտությունների և ձեռբերումների համար ինֆորմատիկայի բնագավառում կան սեփական մրցանակները։ Դրանցից ամենահեղինակավորը Ալան Թյուրինգի մրցանակն է։ Մրցանակը շնորհում է Հաշվողական տեխնիկայի միջազգային միությունը, որը հիմնադրվել է 1966 թվականին մի քանի ընկերությունների հովանու ներքո, այդ թվում Google-ի, և 2014թ․ սկսած Google-ը ամբողջությամբ հովանավորում է միության գործունեությունը։ Միությունը, որում ընդգրկված են բազմաթիվ երկրների գիտնականներ, բաղկացած է 35 բաժիններից։ Արհեստական բանականության և մարդ-մեքենա հաղորդակցության վերաբերյալ կան առանձին բաժիններ։ Թյուրինգի մրցանակը գումարային առումով հավասար է Նոբելյանին, և այն իր հեղինակությամբ չի զիջում նրան։ Հիսունութ տարվա ընթացքում այս մրցանակը շնորհվել է 81 գիտնականի։ Միության գլխավոր քարտուղարը 2022 թվականից Աթենքի համալսարանի պրոֆեսոր Յանս Իոանիդիսն է։
Եվ ահա, 2024թ․ Ֆիզիկայի Նոբելյան հանձնաժողովը չկարողացավ ֆիզիկական հետազոտություններից ընտրել Նոբելյան մրցանակի արժանի աշխատանք։ Եվ որոշեց մրցանակը հանձնել կիբեռնետիկ գիտնականների, նրանց, ովքեր իրենց հետազոտություններում օգտագործել են ֆիզիկական գաղափարներ։ Այդպիսին ճանաչվեցին երկու գիտնականներ, որոնք իրենց հիմնարար աշխատանքները հրապարկել էին 1982 և 1986 թվականներին։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հանձնաժողվի անդամ, շվեդական արքայական ակադեմիայի պրոֆեսոր Էլեն Մունսը, ով այս տարի նախագահում էր մրցանակներ շնորհելու տարվա նիստը, հոկտեմբերի 8-ի իր ելույթում ընդգծել է, որ հանձնաժողովի կողմից ընտրված նոր մրցանակակիրների ձեռքբերումները վկայում են ժամանակակից գիտության մեջ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և կենսաբանության միահյուսվելու մասին։ Նա նաև նշեց, որ ընտրված աշխատանքները ժամանակակից արհեստական բանականության հիմքն են հանդիսանում։
Մրցանակը շնորհելուց հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում, Google-ը ներկայացուցչական հարցում անցկացրեց տարբեր մասնագիտություններ ունեցող գիտնականների շրջանում։ Հարցմանը մասնակցողների 30%-ը ողջունել է Նոբելյան հանձնաժողովի որոշումը, 50%-ը դեմ է եղել, իսկ 20%-ը չի կարողացել գնահատական տալ։ Կարելի է ենթադրել, որ ոչ միայն այդ 20%-ը, այլև «դեմ» եղածների մեծ մասը հստակ պատկերացում չունի անցած դարի վերջի և այս դարի սկզբի կիբեռնետիկական հետազոտությունների մասին ։ Վերջին 15 տարիների ընթացքում երկրագնդի բոլոր մայրցամաքներում ահռելի թվով մարդիկ արդեն սովորել են օգտվել արհեստական բանականության բարիքներից՝ առանց խորամուխ լինելու մարդկության այդ հրաշալի նվաճման էությանը։ Եվ էլի։ Ալֆրեդ Նոբելի կտակը հստակ սահմանել է, որ մրցանակները պետք է շնորհվեն մարդկությանը օգուտ բերող նվաճումների համար, և, ըստ կտակի տեքստի, ոչ թե ինչ-որ ապագայում, այլ հենց մրցանակը շնորհելու տարում։ Իսկ ինֆորմատիկայից արված աշխատանքները մեծ առավելություն ունեն ֆիզիկական հետազոտությունների համեմատ։ Օրինակ՝ ատտավայրկյանային լուսային իմպուլսներ ստեղծելու փորձարարական լազերային գործիքների աշխատանքների համար, որոնք անցած տարի արժանացել են Նոբելյան մրցանակի, դժվար է նույնիսկ մոտավոր պատկերացնել մադկանց կենսական պայմանները լավացնելու ժամկետներ։ Իսկ արհեստական բանականության վերաբերյալ աշխատանքների արդյունքները, ահա՛, դրանք բոլորի ձեռքին են, սեղանին կամ գրպանում։
Վերջին տասնամյակներում արհեստական բանականության և նրա կիրառության վերաբերյալ աշխատանքներն այնքան շատ են, որ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հանձնաժողովը, որոշելով դիմել գիտության այս ճյուղին, դժվար դրության մեջ էր հայտնվել․ շատ էին լավ և արդեն ներդրված աշխատանքները։ Եվ մրցանակակիրներին ընտրելիս հանձնաժողովը չափանիշ համարեց ինֆորմատիկայից աշխատանքների կապը ֆիզիկայի հետ։ Ըստ այդմ՝ մեծ թվով հավակնորդներից ընտրեց նրանց, ովքեր օգտագործել էին կոնկրետ ֆիզիկական գաղափարներ։ Երկու մրցանակակիրներն էլ իրենց առաջին աշխատանքներով բանականության ֆիզիկոսներ են՝ առանց խորանալու մարդկության այդ հրաշալի նվաճման բնույթի մեջ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Շարունակությունը՝ այստեղ։